ՆՈՒՅՆԱՍԵՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ ՌՈՒՍԱՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ. մաս I-սկիզբ

Արդեն հաստատված իրավական և բարոյական նորմերը հաճախ այնքան սովորական են, որ ժամանակակիցներին թվում են բնական և մշտական։ Այնինչ մարդկության պատմականացված ժամանակաշրջանում դրանք տեսանելի ճանապարհ են անցնում և մեծապես ազդվում են քաղաքական որոշումներով և թրծվում իշխանության համար պայքարով։ Եվ եթե մենք ցանկանում ենք ոչ թե պարզապես հետևել այս կամ այն հիմնահոս քաղաքականությանը կամ տիրապետող գաղափարներին, այլ հասկանալ մեր կյանքը և մտքերը ձևավորող մեխանիզմները, ապա պետք է փորփրենք և շարունակ հետևենք այդ քաղաքականությունների անցած ուղին։

Արևմտյան և արևմտականացված ժամանակակից մարդու համար սեռականությունը առաջին հերթին անհատի մասնավոր կյանքի հարց է ընկալվում։ Սակայն դա այն ոլորտներից է, որն այս կամ այն չափով հանրային կարգավորման է ենթարկվել մարդկությանը հայտնի բոլոր ժամանակներում և հասարակություններում։ Այն կարգավորվել է ինչպես վաղ կրոնական, այնպես էլ հատկապես միաստված կրոնական բարոյականություններով` անտիկ իրավունքից հասնելով մինչև արդի իրավական կարգավորման ժամանակներ։

Այս հարցում կարևոր է այն, որ տարբեր ժամանակներում և տարբեր հասարակություններում կարգավորող մարմին(ներ)ը, կարգավորման եղանակները և դրանց օբյեկտները տարբերվում են։ Հայկական մշակույթում ևս սեռականության կարգավորումներ են գործում և գործել՝ ձևավորվելով ժամանակի ու տեղի տիրապետող իրավական-քաղաքական համակարգերի և աստվածաբանական մեկնաբանությունների շրջանակում և կախված լինելով հայերի/հայկական համայնքների գրաված սոցիալ-քաղաքական դիրքից և ձգտումներից։

Եվ ուրեմն կարևոր ենք համարում տեսնել, թե ինչպիսի քաղաքական փոխհարաբերությունների ներքո, որ ատյանների որոշման հետևանքով և ինչ համատեքստերում են ձևավորվել ժամանակակից Հայաստանի իրավա-բարոյական մշակույթը այսօր մեծ նրբանկատություն պահանջող մի այնպիսի հարցում, ինչպիսին նույնասեռական մարդկանց սեռականությունն է (կամ ավելի ճշգրիտ նույնասեռական կապի «օրինական» ճանաչումն է)։

Ժամանակակից Հայաստանի տարածքը ուշ միջնադարի և վաղ արդիության ընթացքում մե՛րթ օսմանական, մե՛րթ պարսկական կռվապայքարի հարթակ լինելուց հետո 1828–ին ամբողջովին անցնում է ռուսական կայսրության տիրապետության ներքո։ Դրան հաջորդում են ռուսական միապետության անկումը և Խորհրդային Ռուսաստանի հաստատումը, դրանից անջատված Անդրկովկասի Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետության չկայացած փորձը, որի փլուզմամբ էլ՝ Հայաստանի առաջին հանրապետության կարճատև անկախությունը, երկրի խորհրդայնացումն ու ԽՍՀՄ-ի մաս կազմելու պատմությունը և, ի վերջո, ժամանակակից Հայաստանի հիմնադրումը։ Հետևաբար մեր ներկա իրավա-բարոյական մտածողությունը, ըստ էության, սերտորեն կապված է Ռուսաստանի նոր շրջանի և ԽՍՀՄ-ի իրավունքի պատմության հետ և մեծապես կրում է այս ժառանգության հետքերը։

 

Ռուսահպատակության շրջանը

Ռուսաստանի հայկական գաղթօջախների (Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում, Կովկասում), իսկ հետագայում նաև Ռուսահայաստանի հայերի համար ռուսական կայսրության մաս կազմելը նշանակում էր, որ բացի Հայոց եկեղեցու կրոնական նորմատիվներից հայերը[1] հայտնվում էին ցարական Ռուսաստանի աշխարհիկ (որ բովանդակային իմաստով կարող էր լինել կիսաշխարհիկ) իրավունքի ազդեցության ներքո։

Ի տարբերություն եվրոպական որոշ երկրների[2], որոնցում նույնասեռականությունը մերժող միջնադարյան եկեղեցու էթիկան թափանցել էր իրավական համակարգ դեռևս 13-րդ դարի կեսից՝ Ռուսաստանում նույնասեռական վարքի քրեականացումը առաջին անգամ մտնում է աշխարհիկ իրավունքի շրջանակ միայն 1706-ին՝ Պետրոս I-ի օրոք (1682-1725)։ Այդ թվականին է ընդունվում հիմնականում գերմանական (սաքսոնական) խստաշունչ նախօրինակի վրա հենված ռազմական կանոնադրությունը՝ «Համառոտ հոդվածը» («Краткий артикул»), որը ռազմական կարգավորումների շարքում ներառում էր նաև զինվորական տղամարդկանց միջև սեռական կապի հարցը։ Մինչ այս պահը քրեական իրավունքը կարգավորող ցարական ոչ մի աշխարհիկ օրենսգիրք դրան չէր անդրադարձել. ի տարբերություն եվրոպական երկրների՝ Ռուսաստանում նույնասեռականությունը կրոնաբարոյական մեղք էր համարվում և ոչ աշխարհիկ հանցանք։ Ըստ Ռուսաստանում սեռականության հարցի հետազոտող Դան Հիլի  (2008), Ռուս ուղղափառ եկեղեցու կողմից նույնասեռական վարքը մեղսական էր համարվում, սակայն դրան արժանի համարվող խիստ պատժամիջոցները համարժեք էին ամուսնական տարասեռականների անհավատարմությանը[3]։ Բացի այդ Ուղղափառ եկեղեցին գործնականում ավելի շատ մտահոգ էր վանքերում հոգևորականների շրջանում նույնասեռական վարքի տարածումով, քան եկեղեցուց դուրս մարդկանց սեռական վարքի վերահսկմամբ։

Պետրոս I-ը, տարված լինելով ռուսական թագավորության արդիացմամբ, ձգտում էր եվրոպականացնել երկիրը։ Ռուսաստանի պատմության արդիականացման շրջադարձային փուլերից մեկն արտահայտող նրա ռեֆորմները չէին սահմանափակվում ուժային ոլորտով, սակայն մեծ կարևորություն էին տալիս եվրոպական մոդելի կանոնավոր բանակի և նավատորմի հիմնադրմանը։ Դրանով Պետրոս I-ը ձգտում էր ուժգնացնել իր իշխանությունը և կենտրոնացնել կառավարումը։ Այս նպատակով նա կարիք էր զգում բարձրացնել բանակային կարգուկանոնը, համապատասխանեցնել դա եվրոպականին, որով էլ պետք է ապահովվեր եվրոպացիների՝ իրենց երկրի իրավակարգով երաշխավորված զինվորագրումը ցարական բանակում։ Դրանով իսկ մեծանում էր թագավորության կողմից տեղացիների, մասնավորապես՝ զինվորականների սեռական կյանքի (հետևաբար՝ կյանքի) խիստ վերահսկողությունը։ 1706-ի ռազմական համառոտ կանոնադրությամբ խարույկի վրա մահապատիժ էր սահմանվում հավասարաչափ հանցավոր հայտարարված հետևյալ երեք «շնացման» դեպքերում՝ «կենդանիների հետ անբնական շնացման», «տղամարդը տղամարդու հետ» «անպատիվ» կապի, ինչպես նաև պատանիների հետ «անառակության»։

«Глава III. О прелюбодiѣянiи или что къ кому надлежитъ

  1. Кто ненатуральное прелюбодiѣянiе съ скотиною ученитъ или мужъ с мужемъ стыдъ сочинятъ, оный казненъ и созженъ быти имѣетъ, такожъ наказанiе имѣютъ ожидатъ, которые блудъ чинятъ съ ребятами.»[4]

Ըստ ռուս պատմաբանների, վերոնշյալ նորմը երբևէ չի գործադրվել Ռուսաստանում՝ այն երկրում, որտեղ մինչ այս կանոնադրությունը նույնասեռական կապի հանդեպ բարոյական հանդուրժողություն կար[5]։ Այսպիսով, նման նորմատիվը ի հայտ է գալիս Ռուսաստանի ռազմական ոլորտի եվրոպականացման քաղաքականության ներքո։ Եվրոպական ռազմական կանոններին համապատասխանելու ձգտումից բացի, այն, կարծում ենք, բխում էր նաև նոր ներդրված ռեկրուտային պարտավորությամբ («рекрутская повинность») բանակային կարգի առանձնահատկությունից և բանակի հանդեպ իշխանության բարձր պահանջներից։ Ֆեոդալաճորտատիրական երկրի բոլոր սոցիալական խավերից ցմահ ծառայությամբ զինվորագրվողների բանակում ցարի իշխանության համար կարևոր էին դառնում նաև ցածր խավից սերող զինվորները։ Նույնասեռական կապի արգելքը կարող էր հետապնդել նրանց հանդեպ բարձր խավի և չինի զինվորականների սեռական պատիժներից ու ոտնձգությունից պաշտպանելու նպատակ՝ ճորտատիրական մշակույթում ենթակայական հիերարխիաների ներքո գտնվող զինվորականների միջև խիստ կարգուկանոնի պահպանման կարիքի պայմաններում։ Այդուհանդերձ, այսպիսի խստիվ պատժամիջոց սահմանող նորմատիվի նախադեպով հիմք է դրվում տղամարդկանց միջև կենակցության քրեականացմանը (միայն զինվորականների շրջանում) և դրա՝ որպես «վառելուն արժանի» աշխարհիկ հանցանքի սահմանադրմանը ռուսական թագավորությունում։ Այստեղ կարող ենք նկատել հատկապես տղամարդկանց նույնասեռականության հանդեպ ժամանակակից՝ աշխարհիկ անհանդուրժողականության արմատները՝ ի տարբերություն կանանց նույնասեռականության հանդեպ անլուրջ ընկալումների, քանի որ և՛ ուղիղ, և՛ փոխաբերական իմաստներով տղամարդիկ են, որ պոտենցիալ զինվորներ են, իսկ կանայք, հանրային կյանքի մուտք չունենալով, առավելապես կրոնական համայնքների և ընտանիքի վերահկողության ներքո էին ենթարկվում նույնասեռական վարքի արգելքներին (ռուսական կայսրությունում լեսբիականությունը երբևէ քրեական հանցանք չի համարվել)[6]։

«Համառոտ հոդվածից» տասը տարի անց՝ 1716-ին, նորացված ռազմական կանոնադրության մեջ այս նորմն անցավ բարեփոխած տեսքով, որտեղ տղամարդկանց միջև կամավոր սեռական կապը առանձնացվում էր բռնությամբ գործադրվածից։ Սակայն մյուս կողմից ամրապնդվում էր եկեղեցական կանոնիկ բառապաշարը՝ տղամարդկանց միջև կենակցությունը, որ մինչ այդ միայն նկարագրվում էր և մեղսական հատկանիշներով էր բնութագրվում, այժմ ավելի կոնկրետ կրոնական մեղքի՝ «արվագիտության[7]» («мужеложство») անվանումն էր ստանում։ Այսպես, կամավոր «արվագիտության» համար նախատեսվում էր անհամեմատ մեղմ՝ «դաժան մարմնական պատիժ» (ծեծ), իսկ բռնության դեպքում՝ մահ կամ ցմահ թիապարտության (թիանավի վրա տաժանակիր աշխատանքի) աքսոր։

«Глава XX. О содомскомъ грiѣхъiѣ, о насилiи и блудiѣ.

Арт. 166. Ежели кто отрока осквернитъ, или мужъ съ мужемъ мужеложствуетъ, оные, яко въ прежнемъ артикулѣ помянуто (прим. онаго жестоко на тѣлѣ наказатъ), имѣютъ быть наказаны. Ежели же насильствомъ то учинено, тогда смертiю или вѣчно на галеру ссылкою наказатъ.»[8]

1720-ին նույն կարգն էր սահմանվում ծովային կանոնադրությամբ («Морской устав»)՝ արդեն նաև ծովային զինվորականների համար։ Ավելի ուշ՝ Ելիզավետա I-ի օրոք (1741-1761), ձևավորվում է նոր օրենսգրքի կազմման հանձնաժողով, որը 1754-1766 թվականների քրեական օրենսգրքի նախագծերում նախատեսում է «Սոդոմական մեղքի մասին» («О содомском грехе») 47-րդ գլուխը՝ դրանով փորձելով զինվորականների համար քրեականացված սեռական վարքը տարածել ընդհանուր հասարակության վրա։ Այս նախագծերով «արվագիտության» համար նախատեսվում էր նույն պատիժը, ինչ «անասունների հետ խառնակցության» համար՝ ճիպոտահարություն («сѣчь кнутомъ нещадно»[9]), իսկ բռնությամբ իրականացվածի դեպքում կոնկրետացվում էր մահապատժի ձևը՝ գլխատում (միջնադարից եկած ողջակիզման և մահապատժի այլ ձևերի փոխարինումը գլխատումով նոր ժամանակին բնորոշ միտում էր, քանի որ վերջինս ավելի ազնվական և հումանիստական էր համարվում)։ Այս օրինագծերը կյանքի չեն կոչվում. համարվում է, որ Ելիզավետա I–ի կողմից նախագծի անհավանության պատճառներից մեկը դրանում մահապատժի առկայությունն էր, որին կայսրուհին դեմ էր։

Այսպիսին էին նույնասեռականության վերահսկման իրավական միտումները, երբ 1765-ին հրապարակվեց «Աստրախանի հայոց դատաստանագիրքը»[10]։ Այն նախատեսված էր ծառայելու Աստրախանում և Ղզլարում ձևավորված հայկական գաղութի (հիմնականում արևելահայ վաճառականներ, կային մանր արտադրողներ, արհեստագործներ, հողագործներ) հանրակեցության իրավական կարգավորմանը, որ 1746-ից հայկական դատարան ունենալու իրավասություն և այդպիսով իրավական ինքնավարություն էր ստացել։ Դատարանը բաղկացած էր և՛ առաքելական, և՛ կաթոլիկ դատավորներից և նախատեսված էր այդ համայնքների աշխարհիկ գործերի քննության համար։

«Աստրախանի հայոց դատաստանագիրքը» նոր ժամանակի առաջին հայկական աշխարհիկ օրենսգիրքն էր և այն պետք է որ հիմնվեր ոչ միայն հայ միջնադարյան իրավական ավանդույթի, այլև տեղի՝ ռուսական ժամանակակից օրենսդրական նախօրինակների վրա։ Ինչպես հայոց իրավունքի պատմագետ Սիրական Տիգրանյանն (1875-1937) է նշում. «Ի զուր կլիներ սպասել հանդիպելու հայոց իրավունքի մեջ բոլորովին ինքնատիպար և ուրիշ ազգերու իրավունքներին կատարելապես աննման և անծանոթ նորմաներ, կարգություններ /ինստիտուտներ/… Շատ բան հայոց իրավունքում փոխառված ե հայ ժողովրդի կողմից իրեն հարևան այլ ժողովուրդների իրավունքից /փոխառություն, նմանողություն/։ Նույն իսկ այն իրավական կարգադրությունները, վորոնք հայերի սեփական կյանքի ու ներքին գործոնների արդյունք ու ծնունդ են յեղել, նման են լինելու այն ուրիշ ազգերի իրավունքին, վորոնք ապրել ու գործել են նման պայմաններում և պատմակուլտուրական զարգացման նման աստիճանում։»[11]:

«Աստրախանի հայոց դատաստանագիրքի»հեղինակներն իրենք նշում են, որ այն գրել են ոչ թե ըստ քմահաճույքի, այլ «ի դատաստանական մատենիս նախնի կայսերաց եւ թագաւորաց ընդ նոսին եւ ի վաղնջական սովորութեանց ազգին հայոց»։ Նրանք որպես հիմնական նախատիպ շեշտում են բյուզանդական կայսեր Հուստինիանոսի օրոք (527-565) համակարգված օրենսգիրքը (օգտվել են հայերեն կիսատ օրինակներից և լատիներեն ամբողջականից թարգմանելով), ինչպես և նշում են սեփական միջամտությունների, այդ թվում՝ վաճառական գործի շուրջ հայրերից ու պապերից լսած ու տեսած սովորությունների ներմուծման մասին[12]։ Դատաստանագրքի հետազոտող Ռուբեն Ավագյանի կարծիքով, դրա համար աղբյուր են ծառայել Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը», 1649-ի ռուսական օրենքների ժողովածուն և Պետրոս I-ի օրենքները[13]։

Ինչ վերաբերում է դատաստանագրքի բուն բովանդակությանը, ապա դրանում հանդիպում ենք նույնասեռական տղամարդկանց վերաբերող հոդվածների։ Այսպես, առաջին մասի՝ նշանադրությանը վերաբերող 20-րդ («Վասն նշանի») գլխի 6-րդ հոդվածում նշվում են բոլոր այն դեպքերը, երբ օրինական է համարվում նշանի խափանումը և արգելքը։ Այս ցանկի մեջ «Է» կետով հանդիպում ենք նույնասեռական տղամարդու դեպքին։

«Գլուխ քսաներորդ

Վասն նշանի

  1. Արգելմունք քաղաքական օրինաց, որք խափանիլ կարեն զնշանն` են այսոքիկք.

է) եթէ մինն ի նոցանէ իցէ արուամոյ.»[14]

Նույնն առնչվում է ամուսնության խափանմանը և արգելքին՝ այս անգամ կիրառվում է «սոդոմական մեղքով մեղանչելու» բնութագիրը։

«Գլուխ քսանմիներորդ

վասն բաժանման ի մէջ ամուսնացելոց

  1. Պատճառք բաժանման ամուսնացելոց են այսոքիկք.

ժէ) եթէ մինն ի նոցանէ մեղանչիցէ սոդոմական մեղօք.» [15]

Նշանի խափանումը կամ արգելքը հաստատող նորմը, մեզ հանդիպած միակ աշխարհիկ նորմն է, որով կարգավորվում է նույնասեռական լինելը։ Ի տարբերություն դրա, ամուսնության դեպքում նորմատիվը կարգավորում է նույնասեռական կապի մեջ մտնելը՝ այսինքն՝ վարքը, ոչ թե լինելը։ Թե որքանով են իրականում դատաստանագրքի հեղինակները կարևորել այս նրբությունը, գոյություն ունեցող տվյալներով հնարավոր չէ գնահատել։ Նշված կանոններից բացի, այս դատաստանագրքով առաջին անգամ հայերի շրջանում մահապատիժ է սահմանվում տղամարդկանց կենակցության համար. մի բան, որ մինչ այս չէր հանդիպում արևելահայերի դատաստանագրքերում և եկեղեցական կանոնում, սակայն առկա էր Հուստինիանոսի օրենքում և Պետրոս I-ի ռազմական կանոնադրության 1706-ի տարբերակում։ Այսպես, առաջին մասի 12-րդ գլխի («Վասն պատժոյ») վերջում՝ «Մեկնութիւն» գլխագրի ներքո 91-րդ և 92-րդ հոդվածներում «սոդոմական մեղքի» համար, որը բացատրվում է իբրև «արվամոլություն», նախատեսվում է կամավոր մասնակիցների գլխատում կամ էլ  բռնաբարողին՝ մահապատիժ։

«Գլուխ երկոտասաներորդ

Վասն պատժոյ 

  1. Եթէ ոք աստուածային երկիւղն յինքենէ ի բաց բարձեալ ընդդէմ քարոզութեան սրբազան հաւատոյ քրիստոնէականի համարձակեսցի առնել զմեղս սոդոմականս, այսինքն` արուամոլութիւն, յորժամ յայտնեսցի եւ քննեալ ստուգեսցի` երկոքեանն իսկ` ներգործողն եւ կրողն, հատմամբ գլխոցն մահու մեռուսցեն, առա’նց ամենայն զանցառութեան եւ թարց ողորմութեան:
  2. Եթէ ոք առանց կամեցողութեան ումեք` զօրեղութեամբ իւրով բռնաբարիցէ ոք եւ արասցէ ընդ նմա գործ աղտեղի արուամոլութեան, յորժամ յայտնեսցի եւ ստուգեսցի` բռնութեամբ մեղանչօղն մահու մեռցի, իսկ այն, որ ոչ կամէր մեղանչելն` ազատ լիցի ի պատժոց:»[16]

Քանի որ ո՛չ Գոշի «Դատաստանագիրքը», ո՛չ էլ եկեղեցու կողմից գործածվող «Կանոնագիրք հայոց»-ը[17] մահապատիժ չեն նախատեսել տղամարդկանց կենակցության համար (հակառակ մովսեսական օրենքի՝ Հին կտակարանի), ապա Աստրախանի դատաստանագրքում տղամարդկանց կամավոր կենակցության քրեականացումը հետևանք կարող ենք համարել Ռուսաստանում եվրոպականացվող իրավունքի միտումի և այդ միտման համատեքստում վաղ արմատական քրիստոնեական բյուզանդական (հռոմեական) իրավունքի ազդեցության[18]։

 

Շարունակելի

Պատկերը՝ կադր «Մի սիրո երգ» ֆիլմից

Ժան Ժենե, 1950

 

Շնորհակալ ենք Գայանե Այվազյանին գրաբար տեքստերի թարգմանության օգնության և Լուսինե Չերգեշտյանին պատկերի պատրաստման համար: 

 

 

Հետազոտողներ՝ Էդուարդ Դանիելյան, Աննա Ժամակոչյան

 

[1] Արևելյան Հայաստանում առաքելական հայերի հանրակեցությունը կազմակերպվում էր Հայոց եկեղեցու կանոնիկ նորմերի ներքո, երբեմն կիրառվում էր նաև Մխիթար Գոշի դատաստանագիրքը (ըստ Լեոյի)։ Ռուսահպատակ հայերի մեջ, սակայն, կային նաև այլ դավանանքի՝ հատկապես կաթոլիկ հայեր։

[2] Ֆրանսիայում և Իսպանիայում տղամարդկանց կենակցությունը օրենքով պատժվում էր 1255-ից, Գերմանական Ազգի Սրբազան Հռոմեական Կայսրությունում՝ 1532-ից (շվաբական օրենքով՝ 1275-ից), Մեծ Բրիտանիայում՝ 1533-ից։ Քրիստոնյա Եվրոպայի երկրներում նույնասեռականության քրեականացումը տարբեր քաղաքականությունների հետևանք էր, սակայն դրանց բոլորի գաղափարախոսական հիմքում տղամարդկանց միջև կենակցության մովսեսական օրենքի (Հին կտակարանի) արգելքն էր և հռոմեական իրավունքում վաղ քրիստոնյա կայսրերի օրոք սահմանված խարույկով այրելու մահապատիժը, որով պայքար էր մղվում հեթանոսության դեմ։

[3] Хили Д. (2008) Гомосексуальное влечение в революционной России, Москва։ Научно-издательский центр Ладомир. 99

[4] Розенгейм, М. (1878) Краткий артикул // Очерк истории военно-судебных учреждений в России до кончины Петра Великого. СПб.: Тип. М. Эттингера. 299

[5] Որպես հանդուրժողական մշակույթի վկայություն հետազոտողները նշում են հենց Պետրոս I-ի բազմազան սեռական կյանքը և նույնասեռական փորձի մասին վկայությունը (տե՛ս, օրինակ, Դան Հիլի (2008: 99))։

[6] Միակ բացառությունը Ֆինլանդիայի մեծ իշխանության շատ ավելի ուշ վերափոխված (1891-ից գործող) քրեական օրենսգրում է, որտեղ «շնացման և այլ անառակությունների» մասին 20-րդ գլխի, 12-րդ հոդվածով 2 տարվա բանտարկություն է սահմանվում նույնասեռ կապի համար՝ առանց առանձնացնելու անձի սեռը. հետաքրքրիր է, որ դրա պատճառն է դիտվում ֆիննական մշակույթում ավանդաբար սեռերի միջև փոքր գենդերային տարբերությունները։ Մինչ 1891-ի օրենսգիրքը ֆինլանդական իշխանությունը առաջնորդվում էր 1734-ին մշակված շվեդական օրենսգրքով, որում նույնասեռականությունը քրեականացված չէր։

[7] «Мужеложство»-ն այժմ բառացիորեն կարելի էր թարգմանել «արվակցություն», քանի որ նշանակում է տղամարդկանց միջև կենակցություն։ Կրոնական համատեքստում մեղք համարվող սոդոմության (առաջնային իմաստով՝ անալ սեքս, բայց նաև որդեծնություն չնախատեսող ցանկացած այլ սեռական պրակտիկա) հետ է կապվում, որին բացասական իմաստավորում էր տրվում։ Հայոց եկեղեցու միջնադարյան կրոնական կանոնագրքերում «мужеложство»-ի գրաբարյան համարժեքն է «արուագիտութիւնը», ժամանակակից հայերենով՝ «արվագիտությունը» (ունի բազմաթիվ հոմանիշներ, այդ թվում ստալինյան ժամանակաշրջանի քրեական օրենսգրքի բառապաշարում հաստատված և դրանով իսկ առավել հայտնի «արվամոլություն» ձևը)։

[8] Устав воинский // Полное собрание законов Российской империи, с 1649 года (1830) СПб.: Тип. II отделения Собственная Его Императорского Величества канцелярия. Հ.V. 1713—1719, № 3006. 370.

[9] Проекты уголовнаго уложенiя 1754-1766 годовъ. (1882) խմբ. Востоков А.А. СПб.: Тип. М.М. Стасюлквича. 209

[10] Դատաստանագրքի առաջաբանը ստորագրել են երեք համահեղինակներ՝ Սարգիս դի Յոհաննին, Գրիգոր դի Սաֆար Կամպանեանը, Եղիազար Գրիգորեանը։

[11] Տիգրանյան Ս. (1924) Հայոց իրավունքի պատմության ներածություն. Պետական Հրատարակչություն։ Երևան

[12] Ավագյան Ռ. (2002) Հայ իրավական մտքի գանձարան. Հ2 Երևան. 208

[13] Ավագյան Ռ. (2002) Հայ իրավական մտքի գանձարան. Հ2 Երևան. 208

[14] Պօղոսեան Ֆ. (1967) Դատաստանագիրք Աստրախանի հայոց. Երևան (2017.12.12-ին  հասանելի է այստեղ՝ digilib.am)

[15] Պօղոսեան Ֆ. (1967) Դատաստանագիրք Աստրախանի հայոց. Երևան (2017.12.12-ին  հասանելի է այստեղ՝ digilib.am)

[16] Պօղոսեան Ֆ. (1967) Դատաստանագիրք Աստրախանի հայոց. Երևան (2017.12.12-ին  հասանելի է այստեղ՝ digilib.am)

[17] Հայոց եկեղեցու «Կանոնագիրք հայոց»-ում շոշափվում է «առաջին օրենքով», այսինքն՝ Հին կտակարանի կողմից նույնասեռական վարքի համար հրով այրելու պատիժը, սակայն ի հակադրություն դրա՝ նշվում է ապաշխարությամբ մեղքը քավելու նպատակահարմարությունը։ Նախատեսվում են տարբեր տիպի ապաշխարության ձևեր կամ տղամարդկանց իրարից բաժանելուն ուղղված հրահանգներ։ «Կանոնագիրք հայոց»-ը վաղ քրիստոնությունից մինչև ուշ միջնադար մշակված եկեղեցական կանոնների հավաքածու է, որով այսօր էլ առաջնորդվում է Հայ առաքելական եկեղեցին։

[18] Հայ իրավունքի պատմահամեմատական ուսումնասիրությունները դեռևս զարգանալու տեղ ունեն, ինչի շնորհիվ միայն ապագայում ավելի կոնկրետ հղումները հնարավոր կդառնան։

 

Պիտակներ

Հանգանակություն

Գումարը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարներին` նպատակի դաշտում նշելով «նվիրատվություն»:

Ինեկոբանկ
2052822181271008 (AMD)
2052822181271022 (USD)
2052822181271042 (EUR)
SWIFT code INJSAM22