ՆՈՒՅՆԱՍԵՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ ՌՈՒՍԱՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ. Մաս I – շարունակություն

Նույն 18-րդ դարի արևելահայկական իրավական մտքի արտահայտությունն էին նաև Հնդկաստանի Մադրաս քաղաքում մի խումբ արևելահայերի (Նոր Ջուղայից, Ղարաբաղից)՝ Մադրասի խմբակի կողմից մշակված իրավական նախագծերը։ Դրանցից «Որոգայթ փառաց»[1]-ը, որ ըստ շապիկի նշումի գրվել է 1773-ին, սակայն հրապարակվել է 1780-ականների վերջին[2], ապագա անկախ Հայաստանի սահմանադրության տեսլականն էր։ Այն արտահայտում էր արևելահայ վաճառականների և լուսավորական մտավորական-քաղաքական գործիչների կողմից՝ հայերի եվրոպականացման և արդիացման ձգտումները, որոնց անկյունաքարում էր ազգային հանրապետության (հայ-վրացական դաշնակցությամբ կամ ռուսական հովանավորությամբ) հիմնադրումը։ Սակայն միևնույն արդիացման միտումը եվրոպական՝ դեռևս միջնադարյան իրավունքի փոխառումով հայկական աշխարհիկ իրավական միտք էր ներմուծում տղամարդկանց նույնասեռական վարքի խստիվ պատիժները։ «Որոգայթ փառաց»-ի առաջին մասում հեղինակները մանրամասն փաստարկում են, թե ինչու է հայերի հանրակեցության և հայկական պետության համար անհրաժեշտ «օրենքը» կամ սահմանադրական կարգը և ոչ թե միապետությունը՝ հիմնվելով մարդու «բանական և բնական էության», աստվածաբանության սեփական պատկերացումների, ինչպես նաև Հռոմի հանրապետական և միապետական շրջանների համեմատության վրա։ Հեղինակները հռոմեական և եվրոպական (հատկապես մեծբրիտանական) իրավունքին[3] մեծ նշանակություն են տալիս և օրինակելի համարում, ուրեմն և ակներևաբար դրանցից օրինակ են վերցնում։ Այսպես, «Որոգայթ փառաց»-ում հայտնվում է տղամարդկանց կենակցության համար նախատեսված մահապատիժը, որն իր բովանդակությամբ հիշեցնում է հռոմեական պատիժները և 1706-ին ռուսաստանյան իրավական կյանք ներմուծված «Համառոտ հոդվածի» նորմը։ Վերջինիս պես այն առանց կոնկրետ ֆենոմենի անվանման նկարագրում է «մարդկային բնությամբ արուի» կենակցությունը՝ «խառնակցությունը» արուի հետ, որի համար նախատեսվում է ողջակիզում։

«Գլուխ 475

Ամենայն ոք արու ի բնութիւնս մարդոյ խառնակցեալ ընդ արուի, եւ ընդ գազանի եւ անասնոյ խառնակողն եւ խառնակցեալն ի միջի հրոյ այրեսցի:»[4]

Հրով այրելու արխայիկ պատժամիջոցը հուշում է, որ նորմը, ըստ ամենայնի, փոխառված է հեթանոսության դեմ պայքարող վաղ քրիստոնեական հռոմեական իրավունքից (այն առկա էր նաև միջնդարյան գերմանական իրավունքում), քանի որ նոր ժամանակում այսպիսի մահապատժից հրաժարվելու միտումը ամրագրված է նույն Մադրասի խմբի իրավական մյուս փաստաթղթում՝ «Տետրակ, որ կոչի նշավակ»-ում[5] (1783)։ Դրանում Ռուսաց կայսրի հետ դաշինքի տիպային օրինակում հայերի հանրակեցության համար նախատեսված կետերի շարքում տեսնում ենք գլխատման՝ որպես հայերի մահապատժի կիրառման միակ ձևի պահանջը։

«16։ .. Մահապարտն Հայոց ոչ այլիմ կերպիւ մեռցի բայց սրով հատանելով գլուխն ’ի մարմնէ»։

«Նշավակ»-ը նախատեսված էր Մադրասի հայերի ինքնավար գաղութի կյանքը կանոնակարգելու համար։ Այստեղ, սակայն, սեռականության բարոյական հարցերին` մասնավորապես նույնասեռական վարքին, անդրադարձի չենք հանդիպում։ Սրանով ավելի ենք համոզվում, որ «Որոգայթ փառաց»-ում վերը նշված կանոնը մաքուր փոխառություն է։

Ըստ հայաստանյան հետազոտողների, «Որոգայթ փառաց»-ը առաջին սահմանդրությունն է աշխարհում[6] (հավանաբար նկատի ունենալով տեքստի մասնակի ձեռագիրը)։ Այն մշակվում էր արևմտյան աշխարհում լուսավորականության և ազատագրական պայքարների՝ սահմանդրական պետությունների հիմնադրման գործընթացներին զուգահեռ։ Այս նույն շրջանում էր, երբ ընդունվեց Միացյալ Նահանգների սահմանդրությունը (1787), իսկ 1789-ի Ֆրանսիական հեղափոխությամբ Եվրոպայում սկիզբ դրվեց ոչ միայն սահմանադրական հանրապետականությանը, այլև տղամարդկանց նույնասեռականության ապաքրեականացման գործընթացին (1791-ից)։

Ի տարբերություն «Որոգայթ փառաց»-ի, որ գործնականում չի ունեցել իրավական ուժ, այլ մնացել է հայ եկեղեցականների և մտավորական-քաղաքական շրջանակի քննարկման առարկա՝ Աստրախանի դատաստանգիրքը գործնականում կարգավորել է ոչ միայն Աստրախանի ու Ղզլարի, այլև հետագա հոսքերով Ռուսական կայսրության հարավային խոպան վայրեր վերաբնակեցված հայկական գաղութների կյանքը (1778-ին Սուվորովի կողմից Ղրիմից տեղահանվածներ, ռուս-թուրքական և ռուս-պարսկական պատերազմների գաղթականներ և այլք, որ հիմնադրեցին գաղութներ Նոր Նախիջևանում, Մոզդոկում և այլն)։ Հեղինակները նշում են, որ աստվածանարգության, քրեական հանցանքների և այլ նման հանցանքների մասով դատաստանագիրքը տարածվում է բոլոր հայերի վրա՝ անկախ երկրից ու քաղաքից։ Այդուհանդերձ, հայտնի չէ, թե որքանով են դատաստանագրքով նույնասեռական վարքի համար նախատեսված մահապատիժները կիրառություն գտել գործնականում, քանի որ Ելիզավետա I–ի կողմից դեռևս 1744-ին կասեցվել էր կայսրության մարզերում մահապատժի կիրառումը՝ դրանց համար ներմուծելով Սենատի կողմից գործի վերանայման և նոր հրահանգի պահանջը (այս քաղաքականությունը շարունակում էր նաև Եկատերինա II-ը՝ մահապատիժը թողնելով միայն որպես քաղաքական ապստամբներին պատժելու ծայրահեղ միջոց)[7]:

«Աստրախանի հայոց դատաստանագիրքը» փոփոխությունների ենթարկվելով գործել է մինչև հայկական դատարանի կասեցման մասին Նիկոլայ I-ի օրոք (1825-1855) հրապարակված հրամանագիրը (1840), որով հայկական գաղութները զրկվեցին իրավական ինքնավարությունից և ամբողջովին անցան ռուսական կայսրության աշխարհիկ օրենքի իրավասության ներքո (մինչ այդ 1836-ի «Կարգադրությամբ» («Положение») արդեն իսկ թուլացվել էր Հայոց եկեղեցու ինքնավարությունը)։

Այս քաղաքականություններն ընթանում էին Նիկոլայ I-ի խոշոր՝ կենտրոնացնող իրավական փոփոխությունների շրջանակում։ Նա շարունակում էր Նապոլեոնի արշավանքից հետո Ալեքսանդր I-ի (1801-1825) կողմից սկսված միապետության «ամրապնդման» քաղաքականությունը։ Նիկոլայ I-ի ռեֆորմներն ունեցան հետադիմական բնույթ, որոնք ի հայտ եկան որպես հակազդեցություն լուսավորականության շարժման և Ֆրանսիական հեղափոխության (1789) հետևանքով առաջ եկած ազատական գաղափարներին և հատկապես Ռուսաստանում տեղի ունեցող ըմբոստություններին, մասնավորապես՝ դեկաբրիստների ապստամբությանը (1825)։ 1828-ից Նիկոլայ I-ի նախաձեռնած օրենսդրական փոփոխություններով Ռուսաստանը հետանցում կատարեց դեպի պետության կրոնականացում և պահպանողականության ուժգնացում՝ հակառակ դեկաբրիստների կողմից ինքնակալության և ճորտատիրական իրավունքի վերացման, իրավահավասարության, դեմոկրատիայի և սահմանադրական հանրապետություն հիմնելու քաղաքական նախագծերին։

Այսպես, այն ժամանակ, երբ Ֆրանսիայում՝ հեղափոխությունից երկու տարի անց՝ 1791-ին ընդունված քրեական օրենսգրքով բացառվում էր նույն սեռի չափահաս մարդկանց միջև կամավոր սեռական հարաբերության համար պատասխանատվությունը, Ռուսաստանում Նիկոլայ I-ի օրոք պահպանողական գերմանական (վյուրթեմբերգյան) մոդելի նմանությամբ ընդլայնվում է տղամարդկանց նույնասեռական կապի արգելքը։ Այս անգամ այն տարածվում էր կայսրության բոլոր հպատակների և միավորների, այդ թվում՝ արդեն ամբողջությամբ կայսրության մաս կազմող արևելյան Հայաստանի՝ Ռուսահայաստանի վրա։ 1832-ի օգոստոսի 10-ին հրապարակված և 1835-ից ուժի մեջ մտած «Պատիժների մասին օրենք»-ում («Свод законов Российской империи») առաջին անգամ քրեականացվում է տղամարդկանց միջև կամավոր կենակցությունը Ռուսաստանի հասարակության բոլոր խմբերի և խավերի համար՝ «արվագիտության հանցանքի» համար նախատեսելով ունեցվածքից զրկում, ճիպոտահարություն և բնակության աքսոր։ Բռնությամբ ուղեկցվելու դեպքում բնակության աքսորը փոխարինվում էր տաժանակիր աշխատանքով (այս շրջանում հանցանքների մեծամասնության համար մահապատիժն արտամղվել էր պատիժների ցանկից)։

«Раздел IX. Глава IV. О мужеложествѣ и скотоложествѣ

  1. Уличенные въ преступленiи мужеложства, подлежатъ лишенiю всѣхъ правъ состоянiя, наказанiю плетьми и ссылкѣ на поселенiе. Когда же преступленiе мужеложства сопряжено с насилiем, то виновный подвергается лишенiю всѣхъ правъ состоянiя, наказанiю кнутомъ и ссылкѣ на каторжную работу.»[8]

1845-ի, 1866-ի քրեական օրենսգրքերում («Уложение о наказаниях уголовных и исправительных») և 1885-ի լրացումներում («Уложение о наказаниях уголовных и исправительных с дополнениями») որոշ փոփոխություններ են ներառվում։ Ամենից նշանակալին այն էր, որ 1845-ին առաջին անգամ տղամարդկանց միջև կենակցության վերնագրում «բարոյականության դեմ հանցանքին» «հանրային» նշանակություն էր տրվում՝ այն կոչելով «հանրային բարոյականության դեմ հանցանք»։ Սրանով, ըստ էության, հանցանքին տրվում էր էլ ավելի կարևոր նշանակություն՝ մասնավոր բարոյական մեղք-հանցանքից այն վերածելով հանրային նշանակության սպառնալիքի, որով էլ հնարավոր էր դառնում խիստ պատիժների նշանակումը[9]։ Բացի այդ, հոդվածում ներկայացված «հակաբնական արատ արվագիտության համար» քրիստոնյաների համար գումարվում էր նաև սեփական հոգևոր ղեկավարության կարգադրությամբ ապաշխարելու պահանջը։ Սրանով առաջին անգամ աշխարհիկ օրենքում ամրագրվում էր քրիստոնյա եկեղեցու կրոնական պատիժը։

«Раздел VIII. Глава IV. О преступленiяхъ противъ общественной нравственности
1293.
Изобличенный въ противоестественномъ порокѣ мужеложства, подвергается за сiе: лишенiю всѣхъ правъ состоянiя и ссылкѣ въ Сибирь на поселенiе, а буде онъ по закону не изъятъ отъ наказанiй тѣлесныхъ, и наказанiю плетьми черезъ палачей въ мѣрѣ, опредѣленной статьею 22 сего Уложенiя для второй степени наказанiй сего рода.
Сверхъ того, если онъ Христiанинъ, то предается церковному покоянiю по распоряженiю своего духовного начальства.
»[10]

«Раздел IIX. Глава IV. О преступленiяхъ противъ общественной нравственности
995.
Изобличенный въ противоестественномъ порокѣ мужеложства, подвергается за сiе: лишенiю всѣхъ правъ состоянiя и ссылкѣ въ Сибирь на поселенiе.
Сверхъ того, если онъ Христiанинъ, то предается церковному покоянiю по распоряженiю своего духовного начальства.
»[11]

«Раздел IIX. Глава IV. О пресупленiяхъ противъ общественной нравственности
995.
Изобличенный въ противоестественномъ порокѣ мужеложства подвергается за сіе: лишенію всѣхъ особенныхъ, лично и по состоянію присвоенныхъ правъ и преимуществъ и отдачѣ въ исправительныя арестантскія отдѣленія на время отъ четырехъ до пяти лѣтъ.
Сверхъ того, если онъ христіанинъ, то предается церковному покаянію по распоряженію своего духовнаго начальства.
»[12]

Կրոնականացումը, որ բխում էր Նիկոլայ I-ի պահպանողական քաղաքականությունից, օգտվում էր դեռևս 1813-ի նախագծից, որը «հակաբնական անպարկեշտության» համար («противоестественное студодеяние»)[13] նախատեսում էր ոչ միայն 3 ամսից 2 տարի ազատազրկում, այլև «հանրային եկեղեցական ապաշխարություն»։ Հետազոտող Դան Հիլին 1813-ի նախագծում անորոշ «հակաբնական անպարկեշտություն» արտահայտության օգտագործման հիմքում տեսնում է իշխանության մորալիստական վախը, թե երևույթը կոնկրետ բառերով նկարագրելով նույնասեռականությունն էլ ավելի կտարածվի[14]։ Նախագծի մյուս առանձնահատկությունն այն էր, որ քրեականացնող հոդվածը անթաքույց դասակարգային խտրական էր. հասարակ խավի ռամիկներին շատ ավելի դաժան՝ մարմնական պատիժ և աշխատանքային ու ուղղիչ տներում ազատազրկում էր սահմանում («Простолюдимы, по преступлению своему под сей род наказания подходящие, наказываются телесно и заключаются в рабочие и смирительные домы…»)։ Այսպիսով, հոդվածը անտեսում էր դեռևս 1716-ից կամավոր սեռական կապը բռնությամբ իրականացվածից առանձնացնելու անհրաժեշտությունը, ինչպես նաև բոլոր քաղաքացիների՝ նույն օրենքին ենթակայության և մարմնական պատիժների գործադրումից խուսափելու իրավական սկզբունքների մասին՝ դեռևս 1767-ին Եկատերինա II-ի (1762-1796) հրապարակած «Հրամանը» («Наказ»[15])։

Սրա փոխարեն հաստատված օրենսգրքերում պատիժները նախատեսված էին բոլոր խավերի և հպատակների համար, ինչպես նաև պահպանվում էր կամավոր կենակցության առանձնացումը բռնությամբ գործադրվածից՝ վերջինիս դեպքում առանձին հոդվածներով ավելի ծանր պատժաձևեր սահմանելով։ Մեծ հաշվով, 1800-ականների օրենքները, շահարկելով կրոնական պատկերացումները, ձգտում էին կայսրությունում խափանել դեմոկրատացման և ազատականացման միտումները։

Ռուսաստանում սեռականության խնդրի ուսումնասիրողները նշում են, որ Նիկոլայ I-ի կողմից նույնասեռականության քրեականացումով նույնասեռական մարդիկ, սակայն, չէին անհետանում՝ բերելով նույն Նիկոլայ I-ի պահպանողական ձեռնարկների և գաղափարաբանության հենասյուններից մեկի՝ Սերգեյ Ուվառովի (1786-1855) օրինակը։ Նա, լինելով Կայսերական գիտությունների ակադեմիայի նախագահը (1818—1855) և Ժողովրդական լուսավորության մինիստրը (1833—1849), ժամանակակիցներին հայտնի էր նաև իր երկսեռականությամբ[16]։ Ուվառովը հեղինակել է Ֆրանսիական հեղափոխության «ազատություն, հավասարություն, եղբայրություն» արժեքներին հակընդդեմ ծառայող «ուղղափառություն, ինքնակալություն, ժողովրդականություն» կարգախոսը, որով ընդգծվում էին կայսեր ինքնակալության սրբազանությունը, ճորտատիրությունը դիտարկվում էր իբրև ժողովրդական բարիք, հետևաբար փաստարկվում էին ցարի իշխանության և ճորտատիրական կարգի անփոփոխությունը։

Այսպիսով տեսնում ենք, որ նույնասեռականության քրեականացման նորմը կայսեր մենիշխանության ամրապնդման գաղափարաբանության մասն էր և գործնականում միևնույն է չէր վերաբերում վերնախավի նույնասեռականներին կամ երկսեռականներին, ինչպես նաև չէր սահմանադրում իրական հետերոնորմատիվություն, բայց պոտենցիալ թիրախ էր դարձնում սոցիալական տարբեր (առավելապես անպաշտպան կամ իշխանական համակարգից դուրս) խավերի նույնասեռական տղամարդկանց։

Ցարական Ռուսաստանի պատմության մասնագետները համարում են, որ նույնասեռականությունը քրեականացնող հոդվածները 19-րդ դարի վերջին քառորդում հազվադեպ են գործադրվել։ Այսպես, պետական գործիչ Միխայիլ Օստրովսկիի (1827—1901) անձնական արխվում հետազոտողները գտել են «արվագիտության» մեջ կասկածվողների ցուցակագրման և ոստիկանական դիտարկումների ենթարկելու մասին վկայող 1890-ականներին կազմված փաստաթուղթ[17]։ Ըստ արխիվային նյութն ուսումնասիրողների, ոստիկանական վերահսկողության ցուցակում տեղ գտած նույնասեռական հայտնի գործիչները, սակայն, չեն պատժվել, այլ հետագայում նաև ունեցել են պաշտոնական առաջխաղացումներ։ Սակայն առկա են փաստագրված  դեպքեր, երբ ոստիկանական վերահսկողությամբ ձեռք բերված տեղեկատվությունը օգտագործվում էին նույնասեռականներին շանտաժի ենթարկելու և իշխանության հետ համագործակցության մղելու համար։ Հետևաբար, եթե նույնիսկ նույնասեռականների հանդեպ չէին իրականացնում քրեական հետապնդում, միևնույն է պատժիչ օրենքը այդ անձանց գործունեության վրա ոստիկանների և պաշտոնական անձանց կողմից ազդեցություն ունենալու լծակ էր դառնում (այս մեխանիզմի գործադրմանը կրկին հանդիպում ենք շատ ավելի ուշ՝ ստալինյան ժամանակներում):

19-րդ դարի վերջին՝ հատկապես 1890-ականներից Ռուսաստանում սկիզբ են առնում նույնասեռականության բնույթի շուրջ բուռն բանավեճեր՝ տեղի դատաբժիշկների և հոգեբույժների ուսումնասիրությունների, ինչպես նաև դեռևս 1850-1860-ականներին Գերմանիայում և եվրոպական մյուս երկրներում թափ առած քննարկումների և ապաքրեականացման պայքարի հիման վրա։ 1897-ին Պետերբուրգում լույս տեսած բազմահատոր «Հանրագիտական բառարանի» XX հատորում «мужеложство» բառի բացատրության ներքո հանդիպում ենք խնդրի արդեն որոշակի պատմական և աշխարհագրական դիտարկման։ Այստեղ նշվում է, որ կան «արվագիտությունը» նորմատիվային վարք համարող տարածաշրջաններ, թվարկվում են այն եվրոպական երկրները, որտեղ նույնասեռական վարքը արդեն ապաքրեականացված է: Բացի այդ ցույց է տրվում, որ «արվագիտության» համար պատժի մշակութային արմատները մովսեսական օրենքում են, և որ քրեական պատիժը ժամանակի ընթացքում մեղմացել է: Որպես մեղմացմանը նպաստող գործոն նշվում է ոչ միայն քրեական պատիժների մեղմացման ընդհանուր միտումը, այլև հոգեբուժության ազդեցությունը, որը պարզել էր, որ «որոշ դեպքերում նույն սեռի նկատմամբ սեռական հակումը բխում է սեռական զգացումի այլասեռումից»[18] (այլասեռում բառը գործածվում է աղճատման՝ կլինիկական և ոչ բարոյական իմաստով)։

Հոգեբուժության մեջ նույնասեռականության՝ որպես հոգեկան հիվանդության մասին ժամանակի առաջադիմական համարվող պատկերացումների ի հայտ գալու հետ ծագում էր նույնասեռականության քրեական հետապնդումը վերացնելու անհրաժեշտության հարցը։ Այսպես, վերջինս քրեականացնող օրենքը դառնում է իրավաբանների ու հոգեբույժների, քաղաքական գործիչների քննադատության առարկա։

Այս ժամանակաշրջանը՝ 19-րդ դարավերջից մինչև 20-րդ դարասկիզբ, ռուսական կայսրության մեջ ըմբոստությունների, զանգվածային գործադուլների, մարդու իրավունքների և ճնշումներից ազատագրման պայքարների վերելքի շրջան էր, որի ներքո էր ընթանում նաև նույնասեռականության ապաքրեականացման պայքարը։

Ռուսաստանում նույնասեռականության ապաքրեականացման և առհասարակ սեռական կյանքի վերահսկողության դեմ պայքարին մասնակից էին նաև միջազգային անարխիստական շարժման անդամներ, ձախական գործիչներ. գործնականում առավել ակտիվ էին լիբերալ դեմոկրատները։ Նրանք սեռականության և սեռի խնդիրը դնում էին ավելի լայն՝ մարդու կողմից մարդու շահագործման, ճնշման և մարդու ազատագրման ու իրավունքների նվաճման համատեքստում։

1880-ականների վերջին առաջացած հայկական կուսակցությունները ևս հիմնականում սոցիալիստական ուղղվածություն ունեին[19]: Այդուհանդերձ, հայկական հարցի առկախվածության պայմաններում, նրանք հիմնականում լուծումներ էին որոնում Թուրքահայաստանի հայության և երկու կայսրությունների միջև բաժանված հայ գյուղացիության խնդիրների շուրջ։ 1890-ականներից սկսված համիդյան ջարդերի ժամանակ ավելի է ծանրանում Օսմանյան կայսրության հայերի դրությունը, ավելանում են դեպի Ռուսաստան գաղթականների շարասյունները, թեժանում է Թուրքահայաստանի հայերի ազատագրման հարցը։ Հետևաբար Ռուսաստանի կենտրոնում 1890-ականներին ընթացող այնպիսի պայքարի դաշտերում, ինչպիսիք էին մարդու մասնավոր կյանքի ազատության համար պայքարը և նույնասեռականության ապաքրեականացման պայքարը, հայ գործիչներին փնտրել չենք կարող։

Այս շրջանում նույնասեռականության ապաքրեականացման գաղափարի ջատագովներից էր իրավաբան, քաղաքական գործիչ, ավելի ուշ Սահամանդրական-դեմոկրատական կուսակցության հիմնադիրներից Վլադիմիր Դ. Նաբոկովը (գրող Վլադիմիր Նաբոկովի հայրը), ով նույնասեռականների հետապնդումը համարում էր անհիմն և չտրամաբանված։ Նա կտրականապես հերքում էր «հասարակական բարքերի» պաշտպանների փաստարկը, թե օրենքն անհրաժեշտ է առողջության պահպանման, դաստիարակչական կամ էլ վերարտադրական նպատակներով, քանի որ բոլոր այս նպատակներով քրեական օրենքներ կարող էին սահմանվել այլ վարքային ձևերի վրա նույնպես (ինչպես օրինակ չամուսնացողների նկատմամբ, կամ հարբեցողության համար)։ Նա ընդգծում էր, որ «ննջարանի փակ դռների» հետևում տեղի ունեցածը բացահայտվում է առանց մասնակիցների ցանկության և նրանց կամքից անկախ, հետևաբար, չի կարող պատժվել[20]. Նաբոկովը մասնավոր կյանքի և խղճի ազատության ջատագով էր։ Թեև ապաքրեականացման պահանջը չի իրականացվում, սակայն 1903 թվականի քրեական օրենսգրքում «Պարբերություն 995» անունով հայտնի օրենքը (սկսած 1866-ից) փոփոխության է ենթարկվում։ Ըստ դրա 27-րդ՝ «Անբարոյականության մասին» («О Непотребстве») գլխի 516 հոդվածի, «արվագիտության մեջ մեղավորը» բանտարկվում է «առնվազն 3 ամիս» ժամկետով, իսկ տարբեր խստացուցիչ հանգամանքների դեպքում դատապարտվում է առնվազն 3 տարի ազատազրկման ուղղիչ տանը կամ ամենաշատը 8 տարի տաժանակրության՝ կախված բռնությամբ կամ ըստ տարիքային խմբերի անչափահասների հանդեպ գործադրման։

«Глава двадцать седьмая.

О Непотребствѣ.

  1. Виновный вѣ мужеложствѣ, наказывается: заключенiем вѣ тюрьмѣ на срокъ не ниже трехъ мѣсяцевъ. …»[21]

1903-ի օրենսգրիքը, որը չափահաս տղամարդկանց միջև կամավոր սեռական հարաբերության համար թեթևացված պատժաձև էր սահմանում, սակայն մասնակի է ուժի մեջ մտնում: Այն ամբողջովին գործադրվում է միայն Մերձբալթյան երկրներում (Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում), իսկ Ռուսաստանի մյուս շրջաններում տղամարդկանց կամավոր կենակցության նախատեսված մեղմացումը իրավական ուժ չի ստանում։

Այսպիսով, չնայած նախահեղափոխական՝ 1890-ականներից սկիզբ առած թեժ քննարկումներին, իրավական առումով տղամարդկանց միջև կամավոր կենակցությունը շարունակում է քրեականացված մնալ անգամ 1917 Փետրվարյան հեղափոխությունից հետո, քանի որ ցարական քրեական օրենսդրությունը թողնվել էր ուժի մեջ մինչև դրա վերանայումը։ Իսկ արդեն 1917 Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո կասեցվում է ցարական իրավական համակարգը և սկիզբ դրվում նոր իրավաքաղաքական՝ սոցիալիստական հասարակարգի կառուցմանը։ Չնայած կոմունիստների վերաբերմունքը միանշանակ չէր սեռական ազատագրման և նույնասեռականության հարցերին (կային նաև ասկետիկության կողմնակիցներ)՝ իրավական համակարգի նրանց պատկերացումները աշխարհիկ և գիտականահենք էին, հետևաբար կրոնաբարոյական կամ բուրժուական մորալիստական ասպեկտները չէին կարող տեղ ունենալ դրանում։

Նախահեղափոխական և հեղափոխական գործընթացները Կովկասում իրենց առանձնահատկությունն ունեին. այստեղ տեղական քաղաքական ուժերը ոչ միայն ցարական իշխանության, այլև թուրքական կուսակացությունների հետ պայքարի կամ դաշնության հարաբերությունների մեջ էին, միմյանց հետ գաղափարական կռիվներ ունեին, առկա էին միջէթնիկ կոնֆլիկտներ, ընթանում էր առաջին աշխարհամարտը։ Այս պայմաններում կենտրոնի որոշումները միշտ չէ, որ բավարարում էր կովկասյան ուժերին: Արդյունքում 1918-ի ապրիլին (Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագրի հետ անհամաձայնության պատճառով) Խորհրդային Ռուսաստանից անջատվում է Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետությունը, որի գոյությունը մեկ ամիս անց դադարում է։ Դրանից վրացական և ադրբեջանական անկախ հանրապետությունների անջատումին հետևում է նաև Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումը։ Այս կարճակյաց 1918-1920 թթ. Հայաստանի Հանրապետությունում որոշ փոփոխություններով պահպանվում են ռուսական կայսրության օրենքները մինչև ՀՀ-ի և Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության միջև 1920 դեկտեմբեր 2-ին կնքված պայմանագիրը։ Այդուհետ ձևավորվում է Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը, որտեղ սկսում են գործել ՌԽՖՍՀ օրենքները, այսինքն՝ Հայաստանում նույնասեռականությունը քրեականացումը համարվում է կասեցված ցարական իրավական համակարգի հետ միասին։

Սրանով Հայաստանում բացվում է նույնասեռականության և առհասարակ սեռականության խնդրի նոր՝ խորհրդային շրջանը։

 

Հետազոտողներ՝ Էդուարդ Դանիելյան, Աննա Ժամակոչյան

Շնորհակալություն Լուսինե Չերգեշտյանին բովանդակային խորհրդատվության և պատկերի պատրաստման համար։

 

Պատկերը՝ կադր «Մի սիրո երգ» ֆիլմից (Ժան Ժենե, 1950)

 

 

[1] «Որոգայթ փառաց»-ի ստորագրյալ հեղինակն է Հակոբ Շահամիրյանը, սակայն հետազոտողները գտնում են, որ տեքստի ավարտուն տարբերակի վրա աշխատել և այն ամբողջացրել է նաև Հակոբի հայրը՝ Շահամիր Շահամիրյանը, ինչպես նաև ազդեցություն են ունեցել Մադրասի խմբակի մյուս անդամներ՝ Մովսես Բաղրամյանը և Հովսեփ Էմինը։

[2] «Որոգայթ Փառաց»-ի հրատարակության ճշգրիտ տարեթիվը ևս հետազոտողների բանավեճի առարկա է, նշվում է 1787-1789 միջակայքը:

[3] Որոգայթ Փառաց. Երևան։ Հայաստան. 2002. 42

[4] Շահամիրյան Հ. (1773) Գիրք անուանեալ Որոգայթ փառաց վասն կալանաւորելոյ ամենայն գործ անկարգութեան. Մադրաս (2017.12.12-ին  հասանելի է այստեղ՝ digilib.am)

[5] Շահամիրյան Շ. (1783) Տետրակ, որ կոչի նշաւակ. վասն կառվարելոյ ինչս որբոց և առանց կտակ ննջեցելոց. Մադրաս

[6] Որոգայթ Փառաց. Երևան։ Հայաստան. 2002. 2

[7] Очерк истории смертной казни в России. Речь, читанная на годичном акте Императорского Казанского университета ордин. проф. Н. П. Загоскиным (1892 ) // Известия и ученые записки Казанского Университета. №1. (2017.12.12-ին հասանելի է այստեղ՝ Allpravo.ru)

[8] Свод законов уголовных. Книга первая. // Свод законов Российской империи, издание 1832 года (1832) СПб.: Тип. II отделения Собственной Е. И. В. канцелярии,. Հ. XV. 213.

[9] Դեռևս Եկատերինա II-ը (1762-1796) իր 1767-ի «Հրաման»-ում («Наказ») Ռուսաստանի իրավական համակարգի նոր հիմնական սկզբունքներում կարևորում էր պատիժների համարժեքությունը և մարմնական պատիժներից խուսափելը։ Նա աքսոր և ուղղիչ պատիժներ է առաջարկում քաղաքացիական կարգի՝ «անդորրի և հանգստության» դեմ հանցանքների դեպքում։ Իսկ «օրենքի և հավատքի դեմ», ինչպես և «բարքերի դեմ» հանցանքների համար առաջարկում էր շատ ավելի մեղմ և բարոյական բնույթի տույժեր ու դրամական տուգանքներ։

[10] Уложение о наказаниях уголовных и исправительных (1845) СПб.: Тип. II отделения Собственной Е. И. В. канцелярии. 524-525.

[11] Уложение о наказаниях уголовных и исправительных (1866) СПб.: Тип. II отделения Собственной Е. И. В. канцелярии. Հ. 15. 254-255.

[12] Уложение о наказаниях уголовных и исправительных с дополнениями (1885) СПб.: Тип. II отделения Собственной Е. И. В. канцелярии. Հ. 15. 102.

[13] Безверхов А.Г., Коростелёв В.С. (2013) Проект Уголовного уложения Российской империи 1813 года. Самара: Издательство «Самарский университет». 192. (2017.12.12 հասանելի է այստեղ՝ lex63.ru/wp-content/uploads/2013/09/bezverhov_uu.pdf)

[14] Хили Д. (2008) Гомосексуальное влечение в революционной России. Москва: Научно-издательский центр Ладомир. 100-101

[15] Наказ Екатерины II Комиссии о составлении проекта нового Уложения. 1767 г. (2017.12.12 հասանելի է այստեղ՝ dslov.ru/na/na30.htm)

[16] Պուշկինը ծաղրական էպիգրամ է նվիրել Ուվառովի կողմից իր սիրեկան Միխայիլ Դոնդուկով-Կորսակովին անարժանորեն Կայսերական գիտության ակադեմիայի փոխնախագահ նշանակելու առիթով։ Տե՛ս Кон И. С. (2003) Лики и маски однополой любви. Лунный свет на заре.  Москва: АСТ, Олимп. -574

[17] Берсеньев В.В., Марков А.Р. (1998) Полиция и геи:эпизод из эпохи александра III // Риск: Альманах. #3. М.: Арго-Риск. (2017.12.12 հասանելի է այստեղ՝ vavilon.ru/metatext/risk3/repressions.html)

[18] Энциклопедическiй словарь (в 86 томах). (1897). Томъ XX (39): Московскiй Университетъ — Наказанiя исправительныя. / Подъ редакцiею К.К. Арсеньева и заслуженнаго профессора Ф. Ф. Петрушевскаго. Издатели: Ф. А. Брокгаузъ (Лейпцигъ), И. А. Ефронъ (С.-Петербургъ). – С.-Петербургъ: Семеновская Типо-Литографiя (И.А. Ефрона). 110-111

[19] Դեռևս 19-րդ դարի կեսերից իրենց ձայնն էին հնչեցնում Ռուսաստանի կամ Կովկասի քաղաքներում գործող հայ լուսավորական գործիչները, որոնց հիմնական օրակարգը ազգային հարցերն էին. դրանց ներքո հայ լուսավորական գործիչները սեռականության և սեռի խնդիրը նախ և առաջ դիտում էին հայ կնոջ (մոր, դաստիարակի) վիճակի բարելավման կամ կնոջ սեռի «թուլությունների» վերացման պայմանների՝ կրթության (այդ թվում՝ հայոց լեզվի իմացության) և աշխատանքի իրավունքի ու դրա իրացման համար պայքարի տեսանկյունից։

[20] Хили Д. (2008) Гомосексуальное влечение в революционной России. Москва: Научно-издательский центр Ладомир. 135

[21] Новое уголовное уложение, Высочайше утвержденное 22 марта 1903 года. (1903)

СПб.: Изд. В.П.Анисимова. – 250. (2017.12.12 հասանելի է այստեղ՝ http://library6.com/books/553030.pdf)

Leave A Comment

Մենք այստեղ ենք

Click to open a larger map

Կապ

Հասցե` ՀՀ, ք. Երևան 0002,
Սարյան փ. 20, բն. 25

Հեռ: +374 (10) 500-499
Էլ. հասցե: info@socioscope.am

Facebook
YouTube

Արխիվ