«Տենչայր Սաթենիկ»-ը մինչքրիստոնեական գրականության վերաներկայման քաղաքականության ներքո

1893 թ. մտածեցի մի բան հյուսել մեր աշխարհաշեն Արտաշես 1-ի մեծ վշտերից և նրա մեծ որդու՝ նախանձոտ Արտավազդ 1-ի կրքերից, – գրում է Հովհաննես Թումանյանը[1]:

Այս նպատակի համար ուսումնասիրելով Արտաշեսի ընտանեկան կյանքի առասպելախառն և փոթորկալի պատմությունը՝ Թումանյանը մի շարք, իր խոսքով, պատմության հանելուկների է հանդիպում, որոնցից ամենադժվարն ու խորհրդավորը համարում է Տենչայր տիկին Սաթենիկ հատվածը:

Խոսքը Խորենացու կողմից մեջբերվող՝ Տենչայր տիկին Սաթենիկ տենչանս զարտախուր խավարտ և զտից խաւարծի ՛ի բարձիցն Արգաւանա հատվածի մասին է[2], որ մինչ Թումանյանն էլ մեկնաբանությունների պակաս չի զգում:

Հատվածը Արտաշես 1-ի և ալանների արքայադստեր՝ նոր ժամանակներում ռոմանտիզացված (դրանով իսկ՝ ապաքաղաքականացված և «վնասազերծված») պատմության մի կտոր է, որի համաձայն Արտաշեսը հմայվում է Սաթենիկի խելքով և գեղեցկությամբ, ալանների հետ պատերազմելու փոխարեն կնության առնում նրան (գուցե առևանգելով, գուցե՝ վճարելով գլխագինը), ունենում զավակներ Սաթենիկից, որոնցից առաջնեկը Արտավազդն էր։ Իդեալական ներդաշնակությունն այստեղ խախտվում է, Սաթենիկի մասին Խորենացու ևս մեկ անդրադարձում կարդում ենք. «Արտաշես 1-ի  վերջին գործերից շատ բան հայտնի են քեզ այն վիպասաններից, որ պատմվում են Գողթնում, ինչպես քաղաքը շինելը, խնամությունը Ալանների հետ և Սաթենիկի իբր թե սիրահարությունը առասպելական վիշապազուններին, այսինքն Աժդահակի սերունդներին»[3]: Իբր թե բառերի գործածմամբ հանդերձ Խորենացին հարկ է համարում նշել Սաթենիկի կարծեցյալ տենչանքի մասին առ վիշապազունների տոհմից Արգավան-Արգամը՝ սկիզբ դնելով մի անվերջանալի բանավեճի, թե ինչ էր տենչում Սաթենիկը և ինչ կարող էր ընդհանրապես տենչալ հայոց թագուհին[4]։

Փորձենք հետևել Սաթենիկի տենչանքի մեկնաբանությունների զարգացմանը՝ դիտարկելով, թե ինչպես են այդ մեկնաբանությունները փոփոխվում՝ կախված ժամանակի սոցիալ-քաղաքական համատեքստից։

Այս առումով առաջինն, ինչ արժե նշել, հենց մեզ հասած սկզբնաղբյուրի, այս դեպքում՝ Խորենացու պատմության դիտարկումն է, թե ինչ չափով և ինչ պատմություն է այն մեզ բացում։ Մեզ հասել են Խորենացու Պատմության 48 ձեռագրեր, որոնցից ամենահինը Մխիթարյան միաբանության ձեռքի տակ եղածն է՝ տասնչորսերորդ դար։ Ձեռագրերի մեծ մասը տասնյոթերորդ դարով է թվագրված։

Այս ձեռագրերը չեն պարունակում Պատմության սկզբնական բնագիրը, այլ արտագրություններ են հետագա խմբագրության կամ խմբագրություններից մեկիԱյս պատճառով դատողությունները և եզրակացությունները, որ հիմնված են մեր այժմ ունեցած՝ խմբագրված տարբերակների վրա, որոշ չափով տարակուսական են և թույլ չեն տալիս անսխալ վճիռ կայացնել Խորենացու պատմության իսկական բովանդակության և հայացքների մասին։[5]

Վերոբերյալ հատվածի առնչությամբ հենց այս հավանական խմբագրությունների խնդիրն է քննում հ. Միաբանը[6], որ ուսումնասիրելով Խորենացու տասնյոթ ձեռագրերը, Սաթենիկի տենչանքին վերաբերող հատվածի համեմատ ձեռագրերի երկու մեծ խումբ է առանձնացնում։

Առաջին դասի ձեռագրերը թվով տասնմեկն են և հատվածը ձևակերպում են հետևյալ կերպ.

Այլ և տենչայ ասեն Սարթենիկ տիկին տենչանս զարտախուր խաւարտ և զտից խաւարծի ի բարձիցն Արգաւանայ։[7]

Ձեռագրերի երկրորդ խմբում նույն հատվածը հնչում է հետևյալ կերպ.

Այլ և տենչայ սաթենիկ տենչանս զարտախուր հաւասար խաւարտ և զտից հաւարծի ի բարձիցն Արգաւանայ[8]։

Ակնհայտ տարբերությունը երկու խմբի ձեռագրերի միջև մասնավորաբար նշանակալի է համարվում տիկին և ասին բառերի բացակայությամբ և հաւասար բառի ներառմամբ։  Բացի այդ Սաթենիկի փոքրատառ գրությունը՝ ի համեմատ Արգաւանի՝ մեծատառի, թույլ է տալիս ենթադրել, որ այս պարագայում Սաթենիկին վերագրվող տենչանքը ոչ թե իբրև բամբասանք, այլ իրողություն է ընդունվել ու ըստ այդմ առանց տիկնոջ դիմելաձևի և փոքրատառերով՝ արհամարհական վերաբերմունք դրսևորվել։ Այդուհանդերձ, հեղինակն առավել ուշագրավ է համարում հաւասար բառը՝ այն մեկնելով հետևյալ կերպ.

Ձեռագրերով զբաղւողներին յայտնի է թէ ինչպէս են գրւում՝ լուսանցքի մեկնութիւնները։ Դրւում է մի հաւասարութեան նշան բնագրի բառի վրայ և մի ուրիշը լուսանցքում, որին կից կամ որի տակը գրւում է մեկնութիւնը քամ թարգմանութիւոնը։ Դժբաղտաբար միևնոյն նշանը գործ է ածւում՝ երբ բառը սխալ է և պէտքէ այդ փոխարինենք լուսանցքի ուղիղ բառով և կամ երբ մի բառ պակաս է և պէտքէ լրացնել լուսանցքում դրւածով։ Այստեղից և ահագին շփոթութիւններ ձեռագրերի մէջ։ Մեր այս դեպքում իմ կարծիքով լուսանգքագրութիւնը մտել է բնագրի մէջ, մեկնուած բառի կողքին։[9]

Իրականացնելով հատվածում գործածված մյուս բառերի նշանակությունների ուսումնասիրությունը, որի համաձայն բարձերը մեկնվում են իբրև սրունքների վերին հատվածը, արտախուրը՝ իբրև վարտիքի վրայից հագնվող հանդերձ, խաւարծին որձի նմանությամբ կիրառվող բանջար, որ չէ՞ արդէօք ակնարկութիւն առնանդամի՝ հեղինակը հատվածի ամբողջական հետևյալ ընթերցումն է առաջարկում.

Այլ և տենչայ (ասեն) Սաթենիկ (տիկին) տենչանս՝ զարտախուր [հաւասար խաւարտ] զստից [խաւարծի] ի բարձիցն Արգաւանայ։

Տիկին Սաթենիկը ցանկանալով ցանկանում է Արգաւանի բարձերից՝ զիստերի արտախուրին[10]։

Սա հատվածի ուղիղ սեռական ցանկության մեկնաբանության նմուշն է, որ հստակ ընդգծում է Սաթենիկի սեռականությունն ու իր ունեցած մարմնական ցանկություններով որպես գործորդ հանդես գալու հնարավորությունը։ Ուշագրավ է, որ այս մոտեցումը ձևակերպվում էր Մայր Աթոռի դպիրի կողմից՝ չգտնելով լայն աջակցություն հատվածի մեկնաբանությամբ զբաղված այլ հետազոտողների շրջանում։ Իհարկե, հոգևորականի կողմից Սաթենիկի մարմնականության ընդգծումը, թեկուզ ոչ բացահայտ, կարող էր դիտվել քրիստոնեության դիրքից մինչքրիստոնեական շրջանի պախարակելի վարքուբարքի բացահայտման քաղաքականության համատեքստում, չնայած և ժամանակային հեռավորությունը նման քաղաքականության հրատապությունը դարձնում էր ոչ միանշանակ։ Այդուհանդերձ, հաշվի առնելով հեղինակի առնչվածությունը եվրոպական անցուդարձին, որտեղ տասնիններորդ դարի կեսերից ձևակերպվում էին կանանց իրավունքների և ազատությունների հարցերը, այն կարող էր մտահոգել նրան՝ այդ ազատությունները տեղում իրացնելու տեսանկյունից, որտեղ նման կերպ ըմբռնված անցյալը կարող էր վերաներկայման միջոցով հանդես գալ հնարավոր ազատության զսպման համար։

Նույն միջոցում Թումանյանը, գրելով սեփական ուսումնասիրությունը և ծանոթանալով այս մեկնաբանությանը, ասում է.

Այս բացատրությունն էլ ինձ թվաց ոչ իսկականը, չնայելով մեր բերած օրինակներին ու ապացույցներին, որոնցով հ. Միաբանը գտել է այդ խրթին բառերի գուցե առաջին նշանակությունը։ Առաջին ասացի, որովհետև արտախուր զրահ նշանակելով հանդերձ, կարող է ունենալ և երկրորդ՝ և այն բուսական նշանակություն։…Պրոֆեսոր Պատկանյանն առաջ է բերում (Мат. для Арм. слов., вып. II, եր. 44) Գ. Խալաթյանի (Լազարյան Ճեմարանի հայկաբանության ուսուցչապետի) մինչև այժմ մթին մնացած այս հատվածի հետևյալ բացատրությունը, որ շատ հավանական է թվում մեզ։ Զարտախուր, խավարտ, տից և խավարծիլ հոտավետ ծաղիկների անուններ են։ Սորա հետ ի բարձիցն ևս սովորական բարձի նշանակությամբ առնելով, հատվածի իմաստն այս կլիներ. «Սաթենիկ տիկինը փափագում էր հոտավետ ծաղիկներին և խոտերին Արգավանի բարձերից»։ Այս ի՞նչ է նշանակում։ Ոմանք հայեր մինչև այժմ ևս սովորություն կամ ավելի լավ ասեմ, հնար ունեն դյութելու. այսինքն սիրելի անձի սերը ստանալ ցանկացող կինը (երբեմն և տղամարդը) ծածուկ, առանց նորա գիտությանդ դնում է նորա բարձի մեք հոտավետ խոտեր և ծաղիկներ (կարծեմ առավելապես ռեհան)։ Քանի մի ժամանակ անցնելուց հետո, այն խոտերը գաղտագողի բերում են, դնում են սիրվել ցանկացող անձի բարձերի մեջ, որով իբր թե բերվում են նորա բարձի տերի սերն ևս»։[11]

Սեռական տենչանքի վերափոխելով իբրև սիրահարի վերացական մի ձգտումի՝ Թումանյանը ապակրոնականացնում և միևնույն ժամանակ բարոյականացնում է խնդիրը՝ առավել պասիվ հասկացված, բայց այդուհանդերձ դեռևս մարմնական գործորդությունից Սաթենիկին զրկելու հերթական այս քայլով.

Վրա է հասնում ժողովրդի մի սովորությունը, նույնպիսի մի տենչանք, որ ունի այսօր սիրահարված հայ գյուղացին։ Ում սիրտն ու սերն ուզում է ձեռք բերել, նրա բարձի մեջ, ի թիվս այլ միջոցների, կախարդական զորություն ունեցող ծաղիկներ ու խոտեր է դնում և որոշյալ ժամանակից հետո բարձից հանում, ետ գողանում տանում, իբրև թե նրա հետ և յուր անձկալիի սերը։ Այս այդ ժողովրդի նույն տենչանքն է, որ մի ժամանակ առասպելաբանելով Սաթենիկ թագուհուն հատկացրել է նրան։[12]

 

Այսպիսով, Թումանյանի տրամաբանությամբ, Սաթենիկն ընդհանրապես կարող է առնչված չլինել իրեն վերագրվող սիրահարական անմեղ զգացումներում, այլ ընդամենը, լինելով ժամանակի հայտնի կանացի կերպարներից մեկը, կրել ժողովրդական հույզերի՝ իրեն վերագրելու հետևանքը։ Թումանյանի «փաստաբանությունն» առ Սաթենիկ տիկինը, որ իրականում մերժում է նրա գոյության հնարավորությունն ու իմաստը, այդուհանդերձ իր գագաթնակետին է հասնում տարիքային բնութագրից բխեցվող դատողությամբ, թե.

Մի հանգամանք էլ գալիս է ապացուցանելու, որ Սաթենկինը՝ անհատինը, չի այդ տենչանքը։ Պատմությունից երևում է, որ Սաթենիկ թագուհին (50 տարեկան) տռփական սեր չի ցույց տվել դեպի վիշապազունների նախարարը (80 տ. անց)…[13]

Հարկ է նշել, որ Սաթենիկի և Արգավանի տարիքի մասին դատողություններն այնուհետ շրջանառության մեջ են մտնում հանրամատչելի տեքստերում, սակայն դրանց պատմական հիմնավորումը բացակայում է։

Հատվածի մեկնաբանության խնդիրն էապես բարդանում է նաև այն հանգամանքով, որ գործածված որոշ բառեր, ինչպես զարտախուր, խաւարտ, զտից և խաւարծի, խիստ հազվադեպ են գործածվել, ոմանք պնդում են դրանցից որոշների գործածությունը միայն նշված հատվածում։ Այսպիսով, համադրական վերլուծության հնարավորությունները զգալի կերպով կրճատվում են։ Միաժամանակ այս հանգամանքը առաջ է բերել միմյանցից էականորեն տարբերվող թե հայալեզու, թե օտարագիր մեկնաբանություններ.

Սաթենիկ տիկինը փափագում էր Արգավանի արտախուրը (թագը) և նորա (իշխանական) բարձերը։

 

Ռուսերեն թարգմանում է.

«Царица Сатеник сильно горела желанием носить диадему Аргавана и возлежать на подушках его»:

 

Ֆլոռիվալը ֆրանսերեն թարգմանության մեջ մեկնել է այսպես. Սաթենիկ տիկինը ցանկանում էր ջերմագին խոտերնԱրգավանի։

Արտախուր խավարտ և տից խավարծի այստեղ ընդհանուր անունով խոտ են կոչված։

 

Մխիթարյանների աջակցությամբ կատարված իտալական թարգմանությունն այսպես է.

Տիկին Սաթենիկը տենչում էր ունենալ Արգավանի սեղանից արտախուր խոտը և տից խոտիկը։

 

Անգլիացի Ուիստոնները՝ լատիներեն այսպես.

Սաթենիկ տիկինը սաստիկ ցանկանում էր հավասար մութ ծածկոցը Արգավանի բարձերից։

 

Լանգլուան՝ այսպես.

Սաթենիկ տիկինը սաստիկ ցանկանում էր Արգավանի սեղանից արտախուր խոտը և տից խոտիկը։

 

Լաուեր՝ գերմաներեն այսպես.

Տիկին Սաթենիկը տենչանք ուներ ունենալու Արգավանի սեղանի վրայի արտախուր խոտը և տից բողբոջը։[14]

 

Այստեղ առանձնանում են երկու մեկնաբանություններ, որոնք հարկ կա մանրամասնել.

  • Պայմանական-բուսական մեկնաբանությունը, որ բարձրակետային դրսևորում է ստանում Հացունու մոտ[15], ում մեկնաբանմամբ Սաթենիկը ցանկանում էր մասնակցել Արգավանի խնջույքին և այնտեղ ճաշակել խաւարտն ու խաւարծի բույսերը։ Եթե Հացունու նման մեկնաբանությունը կարելի է համարել մասնագիտական դիրքավորմամբ նյութի համապատասխանեցում սեփական ուսումնասիրության համատեքստին, ապա մյուս նման մեկնաբանությունները սեռական ցանկությունը փոխարինելով որոշ առումով որկրամոլ ցանկությամբ՝ անհասկանալի են դարձնում դրա ամրագրման անհրաժեշտությունը և իմաստը։
  • Իշխանական մեկնաբանություն, որի ձևակերպումը, ի թիվս այլոց, տալիս է Մկրտիչ Էմինը. Սաթենիկ տիկինը փափագում էր Արգավանի արտախուրը (թագը) և նորա (իշխանական) բարձերը։ Սա խոսակցությունը ուղղում է այլ հուն, որում Սաթենիկի գործորդայնությունը պետք է որ իմաստավորվի ներիշխանական պայքարի, ուրեմն և կնոջ՝ իշխանություն ունենալու հնարավորության համատեքստում, որին հարկ ենք համարում անդրադառնալ հոդվածի հաջորդ մասում՝ այլ գործորդների հետ հարաբերությունների բացահայտման միջոցով։

Այդուհանդերձ, սեռական ցանկության մեկնաբանությունն առավել վերջերս նոր աջակիցներ է գտնում, որոնք սակայն համանման իմաստավորումը իրականացնում են բոլորովին այլ՝ բարոյախրատական քարոզի դիրքավորմամբ։ Այսպես, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի Հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի ներկայիս վարիչ Վ. Համբարձումյանն իր Մովսես Խորենացու Տենչայ Սաթենիկ տիկին հատվածը հրապարակման մեջ, ընդհանուր առմամբ ամփոփելով մինչ այս եղած ուսումնասիրությունները և հանգելով Սաթենիկի տռփական ցանկության հանգամանքին՝ նշում է.

Արտաշես I-ինի աներջանիկ լինելը հավաստվում է նաև այն բանում, որ հիշյալ հատվածներից մեկում ծանակվում է Արտաշես I-ինի կնոջ՝ Սաթենիկ տիկնոջ անխոհեմությունը։ Այդ հատվածում, ինչպես գիտենք, խոսվում է այն մասին, որ Սաթենիկը դուստրն է ալանների թագավորի, ում որդուն գերեվարել էր Արտաշես I-ը դեպի հյուսիս ձեռնարկած իր մի արշավանքի ժամանակ։ Այդ ժամանակ էլ իր հանդուգն քաջությամբ և համարձակությամբ աչքի է ընկնում ալանների արքայադուստրը՝ Սաթենիկը։ Նա վեհանձն դիմումով պահանջում է հետ վերադարձնել իր եղբորը, ավելին՝ հանդիմանում է, թե հերոսական ժողովուրդներին վայել չէ գերեվարությունը միմյանց հանդեպ, ոչ էլ պատվաբեր՝ ստրկացումը։ Այդ հանդգնությունը դառնում է այն դրդապատճառը, որպեսզի Արտաշեսն ուզենա, ինչ գնով էլ լինի, փախցնել Սաթենիկին։ Այնուհետև տեղի է ունենում նրանց հարսանյաց տոնախմբությունն ու հանդեսը։ Բայց արդյունքը լինում է այն, որ ալանների արքայադուստր Սաթենիկն անհավատարմություն է հանդես բերում իր ամուսնու նկատմամբ. նա սեր, ավելին՝ տռփանք է տածում մեկ այլ քաջի նկատմամբ։ Այստեղ ուշադրության է արժանի հետևյալը. հայոց գուսանները ցանակում են այդ սերն ու տռփանքը, որ նշանակում է, թե նախաքրիստոնեական շրջանի հայ ժողովրդի սովորություններում ևս ամուր նստած է եղել ընտանեսիրությունը, ամուսնասիրությունը։ Հակառակ պարագան դառնում էր պախարակելի, այպանելի ու ծաղրի արժանի։[16]

Ընդ որում, չնայած հեղինակի վկայակոչած ընտանեսիրության անփոփոխությանը, նրա կարծիքով քրիստոնյա հայերին հեթանոսությունից տարբերող հանգամանքներ կան, որոնք բարդացնում են տեքստի հասկացումը.

 

«Այն լիարժեք ձևով ըմբռնելու համար անհրաժեշտ է դուրս գալ, ազատվել նոր ժամանակներին յուրահատուկ, առհասարակ քրիստոնեությանը բնորոշ մտածողությունից, թափանցել նախաքրիստոնեական գաղափարաբանության ոլորտները, կռահել հեթանոսական շրջանի հայկական լեզվամտածողության նրբությունները»[17]… որոնք հուշում են, որ…«Այս տողերով քերթողը, որ Սաթենիկի տռփանքը կամեցավ արտահայտել, ոչ թե Հոմերոսի պես բացարձակախոսությամբ անցնում է համեստության սահմանը, այլ հայոց բնատուր պարկեշտությամբ այն աստիճան քողածածկում է յուր միտքը, որ թերևս յուր ժամանակին էլ դժվար հասկանալի լիներ»[18]։

 

Այսպիսով, ըստ հեղինակի, հեթանոսությունը հնարավոր էր դարձնում անհավատարմության և տռփանքի մասին ուղիղ խոսքը, որ «բնատուր քրիստոնեական պարկեշտությամբ» միայն այլաբանորեն կարելի է արտահայտել։ Հետևաբար, նորից վերծանելով գործածված բառերի իմաստը[19], եզրակացնում է.

 

Այստեղ հարկ չենք համարում թարգմանել վիպասանքի այդ հատվածը, իմաստը միանգամայն հասկանալի է, թարգմանությունը՝ ոչ պատշաճ[20]։

 

Իհարկե, գիտական տեսանկյունից և գիտական հավակնությամբ տեքստի ամոթխածությունը սեփական վերլուծության արդյունքը ձևակերպելու իմաստով ախտորոշիչ է՝ ի ցույց դնելով տեքստի իրականում քարոզչական և ոչ թե գիտական բնույթը։ Բացի այդ, մարմնականության մասին խոսքի անպատշաճության ընկալումը ցույց է տալիս, թե ինչ խնդրական է այս կերպ ըմբռնված բարոյականության գրաքննիչ գործառույթի շրջանակներում հեղինակի հետազոտմամբ նյութից բխող եզրակացության ձևակերպումը: Կարծում ենք, որ հեղինակն իր խոսքը ոչ պատշաճ, բայց հնարավոր է գտնում նաև այն պատճառով, որ Սաթենիկը այլազգի է։ Այսինքն՝ այն վարքագիծը, որ պատշաճ չի դիտվում հայ կնոջ համար, այստեղ հեղինակի համար ընկալելի է միայն իբրև ոչ հայի վարք։ Սրան է հղում նաև Սաթենիկի հանդգնության մասին խոսքն ընդհանրապես, ինչն էլ բերվում է իբրև Արտաշեսի (թաքնված) գրգռվելու պատճառ։ Հետաքրքիր է, որ այդ ձևակերպմամբ հեղինակը մերժում է նույնիսկ Արտաշեսի սիրահարությունը Սաթենիկին, որ ընդհանուր մոտիվ է այս երկուսի հարաբերությունների նկարագրության համար և Արտաշեսի վերաբերմունքն առ Սաթենիկ հեղինակի մեկնաբանության մեջ առավել հառնում է իբրև բարկություն այդ հանդգնությունից՝ խնդրահարույց դարձնելով հետագա հարսանյաց հանդեսի տեղի ունենալը՝ նույն տրամաբանության շրջանակներում։

Սաթենիկի այլազգությունը, բոլորովին այլ՝ լեզվաբանական մեկնաբանման անհրաժեշտությամբ բարձրացնում է Հ. Մարտիրոսյանը[21]։ Այստեղ նա բացատրության տարաբնույթ մոտեցումներ առաջ բերած բառերից երկուսի՝ տից խաւարծի բառերի մեկնությունից ընդունում է մատղաշ շիվերի փունջ տարբերակը, իսկ արտախուր խաւարտ բառերի համար առաջարկում է, հիշելով Սաթենիկի ալանուհի լինելը, դիմել օսերենին։ Այս մոտեցմամբ Մարտիրոսյանը երկու բառերը մեկնաբանում է ծիսական կրակի իմաստով, որը կարող է հասկացվել իբրև արեգակնային կրակ՝ աստվածություն, ում դիմում են բարօրության, երջանկության խնդրանքով։ Ճյուղերի կապոցն այս տրամաբանության մեջ աղոթքի համար օգտագործվող ծիսական բաղադրիչ է։ Խոսքն ուրեմն աղոթք-ծեսի մասին է։ Պատկերն ամբողջանում է, այսպիսով, հետևյալ մեկնաբանությամբ.

Սաթենիկ տիկինը տենչալով տենչում է արտախուր խաւարտ (resp. բարօրություն, բախտ, երջանկություն, ֆառն) և Արգավանի ծիսական բարձերից՝ ճյուղերի կապոց (որը ծիսական տվյալ դեպքում գուցե և սիրահարույց հմայական արժեք ունի)[22] ։

Կտորը դիտելով բանաստեղծական շղթայի մեջ՝ հեղինակը նույն կերպ իմաստավորում է առանձին բառերի ընտրությունը, այսպես. խաւարծի բառի ընտրությունը արված է խ-ու/ւ-ր հնչյունների կուտակման միջոցով՝ արտախուր, խաւարտ, խաւարծի՝ հնչյունական ներդաշնակության հասնելու միտումով։ Մարտիրոսյանի մեկնաբանությունը, կարծես անդրադառնալով նույն խնդրին, այն ներկայացնում է ֆորմալության մի դիրքից, որն ի սկզբանե բնութագրական չի Սաթենիկի վերաբերմամբ տեղեկությունների շրջանառման հարաբերութենական և սոցիալ-քաղաքական համատեքստերին։ Այս իմաստով գաղափարաբանական խոսակցությունները դառնում են անհենք։ Մարտիրոսյանի ֆորմալությունը՝ գիտականության ձգտումը, այնուամենայնիվ, կարող է դիրքային թվալ ընդգծված քարոզչական (բարոյախրատական) դիրքավորմամբ ներկայիս հրապարակումների նկատմամբ, որոնցից մեկն արդեն իսկ ներկայացվեց վերևում՝ ի դեմս Համբարձումյանի հոդվածի։

Մյուս, գաղափարական՝ առերևույթ այլ դիրքից գրված հրապարակումը Անդին մշակութային ամսագրում Ռոմանոս Սահակյանի կողմից «Արտաշես և Սաթենիկ» ավանդազրույցի պատմական հավաստիությունը վերտառությամբ հոդվածն է[23], որում հեղինակը խոսքը սկսում է հետևյալ նախաբանով.

Սաթենիկ թագուհին չի դավաճանել Արտաշես արքային[24]։

Արտաշեսի և Սաթենիկի նախընթաց պատմությունը դիտարկելով՝ Սահակյանը գտնում է, որ մինչ այդ տենչանքը ամեն ինչ եղել է այնքան դիպուկ ու գեղեցիկ, որ չէր կարող վկայել հետագա իրադարձությունները.

  1. Նախ՝ հայոց արքա Արտաշեսի ասպետական վարքը, որը գնահատել է ոչ միայն ալանների արքայադստեր՝ Սաթենիկի գեղեցկությունը, այլև խելքն ու շրջահայացությունը:
  2. Արտաշեսը, նրա ձեռքը խնդրելով և մերժում ստանալով, ասպետական օրենքների համաձայն, փախցնում է Սաթենիկին:
  3. Այն, որ ալանաց արքայի արհամարհական խոսքերը, թե հայոց արքան այնքան հարո՞ւստ է, որ վճարի աղջկա համար:

Վերջապես, Պատմահոր դիտողականությունը, որ հայոց արքան և նրա երկիրը ոչ միայն հարուստ են, այլև այնպիսի ավանդական ու ճոխ հարսանիք են անում, որ որպես առատության նշան ոսկի ու մարգարիտ են շաղ տալիս ժողովրդի վրա[25]:

 

Այսպիսով, հեղինակի մտածողության շրջանակում հնարավոր չէ հետագայում Արգավանի ի հայտ գալը։ Կամ հնարավոր է միայն մեկ դեպքում, եթե Արգավանը մարդ չէ։ Սահակյանը անտրամաբանական է համարում վերոբերյալ հատվածում բազմաթիվ խոտերի անունների շարքում մարդու անվան ի հայտ գալը և համապատասխան հիմնավորումներ փնտրում՝ գտնելով դրանք.

Հնդկաստանը նվաճող, բայց նաև ծաղկեցնող Բաբուրի «Բաբուրնամե» աշխատությունը, հանդիպեցինք մի շարք ուշագրավ բառերի, որոնք էլ հիմք դարձան մի նոր վարկածի: Բաբուրն իր աշխատությունում գրում է, որ տեսել է արգավան կոչվող ծառ, որն աճում է, այսօրվա տվյալներով, Պարսկաստանի Ջուղա գավառում, ինչպես նաև Հայաստանի Մեղրի քաղաքի շրջակայքում: Այն ունի դեղնավարդագույն ծաղիկներ (նման նռան ծաղիկներին)[26]:

Հեղինակը եզրակացնում է.

արգավան ծաղկի անվան իմաստի ճշտումը Սաթենիկին ազատում է դարերով նրան վերագրված դավաճանությունից և անխաթար պահում նրա բարոյական կերպարը:[27]

 

Սրանով թե՛ Համբարձումյանը, թե՛ Սահակյանը մնում են նույն գաղափարական դիրքում՝ անթույլատրելի համարելով սեռական տենչանքի արտահայտությունը և «բարոյական կերպարի» անխաթար լինելը դիտելով իբրև կարևորագույն խնդիր։ Համբարձումյանն այդ խնդիրը լուծում է՝ Սաթենիկին այդպես էլ չներառելով հայոց մեջ, Սահակյանը՝ բացառելով տարփածու գործորդի ներկայությունը։ Սաթենիկի տենչանքները, ժամանակի բարոյական և քաղաքական պատկերացումների համեմատ ընդլայնում են վերաներկայման տարբերակները։ Հարցը բարդանում է առավել, երբ սկսում ենք քննել դրվագում հայտնվող այլ գործող անձանց հարաբերութենական համատեքստերը, որը հետազոտության առանձին թեմա է։

 

Պատկերը՝ հատված Տիգրան Թոքմաջյանի «Արտաշես-Սաթենիկ» նկարից

 

 

 

Հեղինակ՝ Ժաննա Անդրեասյան

 

 

 

[1] Թումանյան Հ., Խորենացու Տենչայր Սաթենիկ հատվածի առթիվ, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 6, (2018.07.06-ին հասանելի է այստեղ՝ https://hy.wikisource.org/wiki/%D4%BD%D5%B8%D6%80%D5%A5%D5%B6%D5%A1%D6%81%D5%B8%D6%82_%C2%AB%D5%8F%D5%A5%D5%B6%D5%B9%D5%A1%D5%B5%D6%80_%D5%8D%D5%A1%D5%A9%D5%A5%D5%B6%D5%AB%D5%AF%C2%BB_%D5%B0%D5%A1%D5%BF%D5%BE%D5%A1%D5%AE%D5%AB_%D5%A1%D5%BC%D5%A9%D5%AB%D5%BE)

[2] Խորենացի Մ. (1940) , Հայոց պատմություն, Հայպետհրատ Ե., էջ 54

[3] Նույն տեղում, էջ 117

[4] Կարևոր է նշել, որ Սաթենիկի տենչանքի մասին առաջին վկայությունը Խորենացին բերում է բոլորովին այլ՝ վիշապազուններին ԱԺդահակի սերունդներին նույնացնելու փաստը հիմնավորելու համար։

[5] Մալխասյանց Ս. (1940), Ներածություն, Խորենացի Մ., Հայոց պատմություն, Հայպետհրատ Ե., էջ LXXXVIII

[6] հ. Միաբան, Հայկականք Ը, Արարատ, 1894 թ. № 3, էջ 89-94: Հոդվածը հեղինակել է Գալուստ Տեր-Մկրտչյանը, որ 1892-1894 թվականներին և 1902 թվականին եղել է Սուրբ Էջմիածնի կողմից տպագրվող կրոնական, պատմական, բանասիրական եւ գիտելյաց «Արարատ» ամսագրի խմբագիրը, որտեղ «Միաբան» ստորագրությամբ տպագրել է բազմաթիվ հայագիտական ուսումնասիրություններ։ Տեր-Մկրտչյանը եղել է Մայր աթոռ Ս. Էջմիածնի միաբանության անդամ (դպիրի աստիճանով), սակայն մինչև 1887-ին այս պաշտոնը զբաղեցնելը, 1884 թվականին ավարտել է Փարիզի Քաղաքական գիտությունների ազատ դպրոցի հասարակագիտության բաժանմունքը։ Դասախոսություններ է ունկնդրել Մյունխենի համալսարանում։ Ուսանողական տարիներին Փարիզից տարբեր բնույթի հոդվածներով աշխատակցել է սկզբնապես կղերապահպանողական, այնուհետ հայ ազգային-պահպանողական հոսանքի «Մեղու Հայաստանի» լրագրին, 1885 թվականին վերադառնալով՝ պաշտոնավարել է Ախալցխայի երկսեռ դպրոցում։

[7] Նույն տեղում, էջ 89

[8] Նույն տեղում, էջ 90

[9] Նույն տեղում, էջ 93

[10] Նույն տեղում, էջ 94

[11] Թումանյան Հ., Խորենացու Տենչայր Սաթենիկ հատվածի առթիվ, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 6, էջ 18, (2018.07.06-ին հասանելի է այստեղ՝ https://hy.wikisource.org/wiki/%D4%BD%D5%B8%D6%80%D5%A5%D5%B6%D5%A1%D6%81%D5%B8%D6%82_%C2%AB%D5%8F%D5%A5%D5%B6%D5%B9%D5%A1%D5%B5%D6%80_%D5%8D%D5%A1%D5%A9%D5%A5%D5%B6%D5%AB%D5%AF%C2%BB_%D5%B0%D5%A1%D5%BF%D5%BE%D5%A1%D5%AE%D5%AB_%D5%A1%D5%BC%D5%A9%D5%AB%D5%BE):

[12] Նույն տեղում

[13] Նույն տեղում

[14] Տես Թումանյան Հ., Խորենացու Տենչայր Սաթենիկ հատվածի առթիվ, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 6, էջ 18, (2018.07.06-ին հասանելի է այստեղ՝ https://hy.wikisource.org/wiki/%D4%BD%D5%B8%D6%80%D5%A5%D5%B6%D5%A1%D6%81%D5%B8%D6%82_%C2%AB%D5%8F%D5%A5%D5%B6%D5%B9%D5%A1%D5%B5%D6%80_%D5%8D%D5%A1%D5%A9%D5%A5%D5%B6%D5%AB%D5%AF%C2%BB_%D5%B0%D5%A1%D5%BF%D5%BE%D5%A1%D5%AE%D5%AB_%D5%A1%D5%BC%D5%A9%D5%AB%D5%BE), նաև Աճառեան Հ (1926), Հայերէն արմատական բառարան, էջ 345-347, արտախոյր բառի բացատրությունը, նաև Էմին Մ (1850), Վեպք հնոյն Հայաստանի։

[15] Հացունի Վ., Ճաշեր եւ խնճոյք Հին Հայաստանի մէջ. (2018.07.06-ին հասանելի է այստեղ՝ http://www.digilib.am/book/1384/1679/Ճաշեր%20եւ%20խնճոյք%20հին%20Հայաստանի%20մէջ)

[16] Համբարձումյան, Վ. Գ. (1995) Մովսես Խորենացու Պատմության «Տենչայ Սաթենիկ տիկին» հատվածը. Պատմա-բանասիրական հանդես, № 2 . pp. 227-236. ISSN 0135-0536, (2018.07.06-ին հասանելի է այստեղ՝ http://hpj.asj-oa.am/5367/1/1995-2(227).pdf)

[17] Նույն տեղում

[18] Նույն տեղում

[19] Հարկ է նշել, որ բառերի վերծանությունը հեղինակի կողմից իրականացված է շատ ավելի ուղիղ իմաստով և մարմնական մանրամասներով՝ արտահայտելով ոչ միայն տարփալից ցանկությունը, այլև այդ ցանկության դրսևորման ձևը, ինչպես օրինակ Գ. Տեր-Մկրտչյանի կողմից արտախոյրի մեկնաբանության մեջ անդրավարտիքի փողի մեկնաբանությունը դիտելով իբրև փոխաբերացում, իսկ ուղիղ իմաստը՝ բուն տարփական, արտահայտող Սաթենիկի տարփանքն առ այլ տղամարդ։ Խաւարտ բառը մեկնված է իբրև աղվամազի, մազաշերտի միջից երևացող, մերկացած ևն։ Ֆիզիոլոգիական մանրամասնությունը՝ մարտնչող մերժողականության համադրությամբ ոչ միանշանակ տպավորություն է թողնում։

[20] Նույն տեղում

[21]Մարտիրոսյան, Հ. Կ. (1996) «Արտախուր խաւարտ»-ի մեկնության նոր փորձ. Պատմա-բանասիրական հանդես, № 1-2 . pp. 311-316. ISSN 0135-0536, (2018.07.06-ին հասանելի է այստեղ՝  http://hpj.asj-oa.am/5205/1/1996%2D1%2D2(311).pdf)

[22] Նույն տեղում

[23]Սահակյան Ռ., «Արտաշես և Սաթենիկ» ավանդազրույցի պատմական հավաստիությունը, (2018.07.06-ին հասանելի է այստեղ՝ http://andin.am/2015/12/24/արտաշես-և-սաթենիկ-ավանդազրույցի-պա/)

[24] Նույն տեղում

[25] Նույն տեղում

[26] Նույն տեղում

[27] Նույն տեղում

Comments are closed.

Մենք այստեղ ենք

Click to open a larger map

Կապ

Հասցե` ՀՀ, ք. Երևան 0002,
Սարյան փ. 20, բն. 25

Հեռ: +374 (10) 500-499
Էլ. հասցե: info@socioscope.am

Facebook
YouTube

Արխիվ