Նեղացող տարածքից դեպի փոփոխվող տարածք. Հայաստանյան քաղաքացիական հասարակությունը հեղափոխությունից հետո

2010 թվականին՝ 2008թ-ի համաշխարհային տնտեսական ճգնաժամից երկու տարի անց, ականատես եղանք աշխարհով մեկ տեղի ունեցող դիմադրական շարժումների բուռն աճի[1]։ Խստամբերության (austerity) դեմ (ինչպես օրինակ՝ «Օքյուփայ Ուոլ Սթրիթը», «Ինդիգնատոսն» Իսպանիայում և այլն) և ժողովրդավարությանը միտված  (Արաբական գարունը) գլոբալ շարժումներին զուգընթաց՝ քաղաքացիական ակտիվիզմի բարձրացման ալիք կար նաև որոշ նախկին ԽՍՀՄ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում և Ուկրաինայում (Lutsevych 2013, Ishkanian 2015)։

Հայաստանում կոռուպցիայի, ժողովրդավարության և օրենքի գերակայության բացակայության դեմ բողոքի փոքրածավալ, ինչպես նաև լայնամասշտաբ գործողություններն արդեն սովորական էին դարձել հեղափոխությանը նախորդող վերջին տարիներին։ 2018-ի գարնանը տեղի ունեցած հեղափոխությունը հանգեցրեց երկիրը երկու տասնամյակ կառավարած Հայաստանի Հանրապետական կուսակցության անկմանը։ Թեև շատերն ընդունում են, որ վարչապետի ներկայիս պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խարիզմատիկ առաջնորդ է, որ կարողացավ մոբիլիզացնել ու մոտիվացնել մարդկանց՝ բերելով հեղափոխությունն իր հաջող ավարտին, սակայն հազիվ թե հեղափոխությունը հաջողեր, եթե արդեն գոյություն չունենար քաղաքականապես ակտիվ զանգված, որ պատրաստ էր դուրս գալ փողոցներ հեղափոխական գործընթացի սկզբնական օրերին։ Եվ չնայած մենք այս հեղափոխությունը կարող ենք դիտարկել որպես Հայաստանի ժողովրդավարացման հուսադրող նշան, կարևոր է նաև չմոռանալ, որ դեռ շատ անելիքներ կան այդ ճանապարհին։

Երբ սկսում էինք այս հետազոտական ձեռնարկը հեղափոխությանը նախորդող՝ փետրվար-մարտ ամիսներին, կենտրոնացած էինք Հայաստանում քաղաքացիական հասարակության գործունեության նեղացող տարածքի պատճառներն ու հետևանքները հասկանալու և վերլուծելու վրա։ Նեղացող տարածքի ֆենոմենը, ինչպես այն հիմա անվանում են, ողջ աշխարհում աճի միտում ունի և առանձնապես ինտենսիվացել է վերջին տարիներին։ Համաձայն ԵՄ վերջին զեկույցներից մեկի (2017)՝ աշխարհի ավելի քան հարյուր կառավարություններ՝ ըստ որում և՛ ժողովրդավարական, և՛ ոչ ժողովրդավարական, ներմուծել են «քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) գործունեությունը սահմանափակող օրենքներ» (Youngs և Echague 2017: 5)։ Մի մասը համարում են, որ քաղաքացիական հասարակության նեղացող տարածքի երևույթը պարտական է ժողովրդավարության ընդհանուր նվազմանն աշխարհով մեկ (Keane 2009, Flinders 2016), սակայն սա հազիվ թե միակ բացատրությունը լինի՝ հաշվի առնելով, որ երևույթը տեղ է գտնում նաև ժողովրդավար երկրներում։

Մինչդեռ հեղափոխությունից հետո քաղաքացիական հասարակության գործողության տարածքն այլևս չի նեղանում, ինչպես ՀՀԿ ռեժիմի օրոք, այն, անշուշտ, նշանակալի փոխակերպումներ է ապրում։ Ստորև կքննարկենք Հայաստանի քաղաքացիական հասարակության հետագա զարգացման հեռանկարները։

 

Հայկական հեղափոխությունից հետո. քաղաքացիական հասարակության փոփոխվող տարածքը

Հարկ է վերհիշել, որ 2010-ականների շարժումները հոդավորում էին ինչպես քաղաքական պահանջներ հանուն ավելի շատ ժողովրդավարության, արժանապատվության և սոցիալական արդարության, այնպես էլ ներառում էին բողոքի գործողություններ ընդդեմ խստամբերության և անհավասարության (Ishkanian and Glasius 2018)։ Աշխարհի տարբեր հատվածներում տեղի ունեցող այս շարժումները վերլուծող հեղինակներից շատերը պնդում են, որ այս ընդվզումները զայրույթի արտահայտություն էին և արտացոլում էին ժողովրդավարության, սոցիալական արդարության և արժանապատվության պակասի շուրջ աճող մտահոգություններ (Kaldor և Selchow 2012, Glasius և Pleyers 2013, Tejerina և այլք 2013, Della Porta 2015)` հանդիսանալով բեկումնային պահ (representing a tipping point) դժգոհության (Biekart և Fowler 2013) ու վրդովմունքի (Calhoun 2013) գլոբալացման մեջ։

Այդուհանդերձ, այժմ արդեն ակնհայտ է, որ ակտիվիստների պահանջներն, ինչպես նաև ժողովրդավարության, սոցիալական արդարության և մասնակցության՝ նրանց ըմբռնումներն ու պրակտիկաները, դժվարությամբ են «հոսելու» դեպի դուրս ու վեր՝  փոխակերպելու հասարակությունը և կամ քաղաքական որոշումների կայացումը:   Փոխարենը, շատ երկրներում, ինչպես Բրազիլիայում, Հնդկաստանում, Ֆիլիպիններում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում տեղացիական և աջ թևի պոպուլիստական շարժումները վերելքի գծի վրա են, և մենք ավելի ու ավելի հաճախ ենք լսում ժողովրդավարության ճգնաժամի, մահվան, անկումի կամ դրանից հոգնածության մասին (Keane 2009, Flinders 2016, Plattner 2015, Appadurai 2017), լսում ենք մասնագետների ու ուսյալների պնդումներն առ այն, որ այժմ ապրում ենք «մեծ ռեգրեսիայի» ժամանակներում (Geiselberger 2017) կամ «զայրույթի ժամանակաշրջանում» (Mishra 2017)։

Հայաստանում Թավշյա հեղափոխությունը ի հայտ եկավ այս համաշխարհային իրադարձությունների արանքում։ Հայաստանում գործընթացներն, անշուշտ, ձևավորվում են երկրի ուրույն պատմությամբ, սոցիալ-մշակութային գործոններով ու քաղաքական դինամիկայով, սակայն ոչ մի երկիր վակուումում չի գտնվում։ Այդ իմաստով, օգտակար ենք համարում դիտարկել այլ հետհեղափոխական համատեքստների փորձը՝ վերլուծելու պետություն-քաղաքացիական հասարակություն հարաբերությունների փոփոխվող դինամիկան ու ժողովրդավարացման, քաղաքացիական ակտիվիզմի և մասնակցության հեռանկարները՝ հեղափոխություններին հաջորդիվ։ Այդպիսի համեմատական դիտարկումը մեզ հնարավորություն կընձեռի հաշվի առնել հայաստանյան քաղաքացիական հասարակությանը սպասող ռիսկերը և ապագային ուղղված որոշ առաջարկներ անել։

 

Բազմակարծության հեռանկարներ

Տարբեր հետազոտողներ համարում են, որ հետհեղափոխական համատեքստերում քաղաքացիական հասարակությունը միտում ունի թուլանալու։ Այսպես, թե՛ 1994թ. Հարավային Աֆրիկայում ապարտեիդի[2] ռեժիմի անկումը, թե՛ 2000թ. սերբական հեղափոխությունը, թե՛ Վրաստանում 2003-ի Վարդերի հեղափոխությունը (Broers 2005, Muskhelishvili and Jorjoliani 2009, Grodsky 2012) և կամ Ուկրաինայում 2004թ. Նարնջագույն հեղափոխությունը (Laverty 2008, Lutsevych 2013) դիտարկելու դեպքում գտնելու ենք զարգացման համանման նմուշներ (Broers 2005, Danković և Pickering 2017, Grodsky 2012, Laverty 2008, Leonard 2014, Lutsevych 2013, Muskhelishvili և Jorjoliani 2009): Մի կողմից հետհեղափոխական համատեքստերում քաղաքացիական հասարակությունը թուլանում է «կրճատված բազմակարծության» բերումով (Laverty 2008), որոնցում ընդդիմադիր գործիչների շարքն ավելի փոքր է։ Մյուս կողմից՝ հետազոտողները մատնանշում են պետության կողմից քաղաքացիական հասարակության «գրավումը» (կամ մեկ այլ  ձևակերպմամբ՝ քաղաքացիական հասարակության կողմից պետության «գրավումը»), որի դեպքում «քաղաքացիական և քաղաքական հասարակությունների» միջև դաշնակցության ավելացումը կարող է բերել «այն [քաղաքացիական] ինստիտուտների թուլացմանը, որոնք ունակ են կառավարությանը հաշվետու պահել» (Broers 2005: 347)։

Չնայած կառավարությունում ավելի մեծ ընդգրկվածությունը և վերջինիս հասանելի դառնալը պոտենցիալ օգուտներ է պարունակում քաղաքացիական հասարակության ակտորների համար, մյուս կողմից կա նաև վտանգ՝ դառնալու չափազանց մոտ հարմարավետ լինելու համար։ Այսպես, Վարդերի հեղափոխությունից հետո Վրաստանի կառավարություն անցած նախկին քաղաքացիական հասարակության գործիչները հայտնվեցին իրավիճակում, որում ստիպված էին «գործ ունենալ նոր (ընտրա)զանգվածների հետ ու նոր նպատակներ ընդունել» և «առաջնահերթություն տալ ինստիտուցիոնալ նպատակներին», ինչն իր հերթին լարվածություն էր ստեղծում նոր կառավարության այդ ներկայացուցիչների և նրանց նախկին կազմակերպությունների միջև։ Կառավարությունում հայտնված նախկին քաղաքացիական ակտիվիստների մի մասը պնդում էին, որ իրենց «դավաճանված» էին զգում նախկին գործընկերների կողմից (Grodsky 2012: 1702)։

2018-ի մայիսից ի վեր քաղաքացիական հասարակության շատ ակտիվիստներ պաշտոններ են ստանձնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոր կառավարությունում։ Շատ ուրիշներն էլ այժմ միացել են քաղաքական կուսակցությունների՝ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կամ «Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ին, իսկ 2018թ. դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում նրանցից շատերն էլ ընտրվել են՝ ծառայելու Ազգային Ժողովում։ Որոշ տեսակետների համաձայն՝ քաղաքական գործիչներ դարձած այս քաղաքացիական ակտիվիստներն այդպիսով կարող են ներսից ազդել կառավարության քաղաքականության վրա։ Ավելի զգուշավոր տեսակետների համաձայն՝ մտավախություն կա, որ քաղաքացիական գործիչների ներհոսքը դեպի պետական հաստատություններ ու կառավարություն կարող է (վերը քննարկված այլ հետհեղափոխական համատեքստերի փորձի համանմանությամբ) իրականում հանգեցնել պետության կողմից քաղաքացիական հասարակության կոոպտացիայի և նվազեցնել վերջինիս շահապաշտպանական և կառավարություն հաշվետու պահելու կարողությունները։

Դեռևս շատ վաղ է ասել, թե ինչպես կզարգանան պետություն-քաղաքացիական հասարակություն հարաբերությունները Հայաստանում, սակայն երկրում ժողովրդավարության առաջխաղացման համար կարևոր է, որ նոր կառավարությունը պաշտպանի և պահպանի քաղաքացիական հասարակության գործունեության տարածքը։ Ավելին, քաղաքականությունների գործընթացում (և՛ դրանց ձևակերպման, և՛ իրականացման փուլերում) քաղաքացիական հասարակության մասնակցության առումով  կառավարությունը պետք է ունկնդիր լինի և ներգրավի ՔՀ բոլոր հատվածներին՝ ներառյալ արմատական և քննադատական դիրք ունեցող ակտիվիստներին՝ միայն հոժար, «համատեղելի» և զիջող դիրքավորում ունեցողների հետ գործ ունենալու փոխարեն։ Արդեն իսկ գրանցվել է միջադեպ, երբ Ամուլսարի հանքի մոտ շուրջօրյա հերթապահություն իրականացնող բնապահպան ցուցարարներին ֆիզիկապես թույլ չեն տվել ներկա գտնվել Բնապահպանության նախարարության կազմակերպած մամուլի ասուլիսին:

 

Արմատական ընդդիմությունից դեպի բարեփոխական կոնսենսուս

Երկրորդ գործոնն այն է, որ հետհեղափոխական համատեքստերն առաջ են բերում ավելի մեծ սպասելիքներ նոր ղեկավարությունից, որոնք հեշտ չէ իրագործել կարճ ժամանակահատվածում, իսկ երբեմն անգամ երկարաժամկետ կտրվածքով։ Հայաստանի դեպքում նոր կառավարությունը 2018-ի մայիսին իշխանությունը ստանձնելուց շատ չանցած սկսեց մեղադրանքներ առաջադրել բարձրաստիճան անձանց, այդ թվում՝ քաղաքական գործիչների և այլոց (օրինակ՝ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր և եղբորորդիների) նկատմամբ՝ կոռուպցիայի և իշխանության չարաշահման հատկանիշներով։ Սա զարմանալի չէ՝ հաշվի առնելով, թե ինչպես էր ներկայիս վարչապետ Փաշինյանը դեռ ԱԺ-ում իր պատգամավորության օրոք հաճախ պախարակում աճող կոռուպցիան և ՀՀԿ-ամերձ օլիգարխների իշխանությունը, որոնք ի հայտ էին եկել ԽՍՀՄ փլուզումից հետո սկսված սեփականաշնորհման գործընթացում։

Հեղափոխության ընթացքում Փաշինյանի՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի և օլիգարխիկ իշխանությունը, կոռուպցիան ու անպատժելիությունը վերացնելու վերաբերյալ պահանջները լայնորեն արձագանքվեցին ստատուս քվոյից հոգնած շատ ՀՀ քաղաքացիների շրջանում։ Այնուհանդերձ, մի բան է կոռուպցիայի դեմ արտահայտվելը, մեկ այլ բան է՝ դրա դեմ պայքարը գլուխ բերելը։ Համանմանորեն, թեև Փաշինյանը բազմիցս խոսել է Հայաստանում աղքատությունը հաղթահարելու անհրաժեշտության մասին, սակայն հստակ է, որ հեշտ չի լինելու աղքատությունը նվազեցնել կամ հասցեագրել աճող անհավասարության խնդիրները՝ առանց երկրի տնտեսական և սոցիալական քաղաքականությունների ներկայիս մոդելները վերանայելու։ Ներկայումս նշաններ չկան, որ Փաշինյանը կամ Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունը պատրաստվում են հրաժարվել 1991-ից հետո ներթափանցած նորազատական քաղաքականություններից և ընդունել սոցիալ-դեմոկրատական քաղաքականություններ, որոնք կներառեն սոցիալական ապահովությանն ուղղված ծախսերի մեծացում և վերաբաշխական ու պրոգրեսիվ հարկային մոտեցումներ։

Կրկին դիմելով պատմական ու համեմատական գրականությանը՝ հստակ է, որ բացի այն վտանգներից, որ առաջ է քաշում քաղաքացիական հասարակության պետական «գրավումը», հետհեղափոխական համատեքստերում դժգոհության կարող է հանգեցնել նաև նորազատական քաղաքականությունների դիմադրողականությունը։ Այսպես, համաձայն Մուսխելիշվիլիի և Ջորջոլիանիի՝ Վրաստանում «ժողովրդավարության անկումը հետհեղափոխական կառավարման մեջ» պայմանավորված չէր հենց միայն պետության կողմից քաղաքացիական հասարակության զավթումով կամ Սահակաշվիլիի կենտրոնացված, պոպուլիստական և կամայական ղեկավարմամբ (այսինքն՝ նվազած բազմակարծությամբ)։ Փոխարենը նրանք Սահակաշվիլիի տապալմանը հանգեցրած առանցքային գործոն են համարում նրա կառավարության «գաղափարաբանական՝ նորազատական և անգամ լիբերտար դիրքավորումները, որ հենք եղան նոր բարեփոխական ռազմավարություններին» (Muskhelishvili և Jorjoliani 2009: 694)։

Նույն կերպ, Հարավային Աֆրիկայում ապարտեիդի անկումից և Նելսոն Մանդելայի ընտրությունից հետո Աֆրիկյան Ազգային Կոնգրեսը (ԱԱԿ) սուղ հնարավորություններ ուներ՝ երես թեքելու նորազատական քաղաքականություններից, որոնց նպաստում էին ապարտեիդի ավարտից հետո երկիրն առատորեն մուտք գործած երկկողմանի և բազմակողմ օժանդակության զորեղ կառույցները։  Մինչդեռ դոնորային օգնության պակաս չկար, «դժվար էր ձևակերպել նոր արմատական տեսլական» և «վիճարկել նորազատական համակարգը» (Leonard 2014: 381)։ Այս համատեքստում որոշ ՔՀԿ-ներ, որոնք մտերիմ հարաբերություններ ունեին դոնորների և ԱԱԿ կառավարության հետ, բայց որոնք չէին համարվում ներքևի, տեղային քաղաքացիական ուժերին հաշվետու, անկարող (կամ դժկամ) գտնվեցին «մարգինալացվածների մտահոգությունները առաջ տանելու համար քաղաքական հանրության վրա ազդեցություն գործադրել» (Leonard 2014: 385)։ Սա բերեց Հարավային Աֆրիկայում քաղաքացիական հասարակության ճեղքմանը երկու տիպի՝ առավել հոժար և առավել արմատական կազմակերպությունների։ Քաղաքացիական հասարակության այսպիսի տարաբաժանումն ամենևին բնորոշ չէ միայն Հարավային Աֆրիկային։ Իսկապես, շատ երկրներում և նաև Հայաստանում (Ishkanian 2015) տեղի է ունեցել ու շարունակում է ունենալ քաղաքացիական հասարակության խմբերի մասնատում և հետզհետե ավելացող քննադատություն այն ՔՀԿ-ների հասցեին, որոնք «չափազանց մոտ» են դառնում դոնորներին և կառավարություններին՝ այդպիսով տանուլ տալով առավել արմատական դիրքեր և քննադատություն առաջ տանելու իրենց ունակությունը (Banks, Hulme և Edwards 2015, Glasius և Ishkanian 2015, Lutsevych 2013, Eikenberry 2009). Իհարկե, կարելի է նաև պնդել, որ կազմակերպությունների բազմազանությունը առողջ քաղաքացիական հասարակության առանցքային բնութագրիչ է։

Մինչև վերջերս Հայաստանի ձախական կողմնորոշման քաղաքացիական հասարակության ակտիվիստները տեսադաշտում են պահել և առաջ մղել երկրում նորազատական քաղաքականությունների քննադատությունը՝ ցուցանելով դրանց ազդեցությունն աճող աղքատության ու անհավասարության վրա։ Այս ակտիվիստները, սակայն, մեծ զանգված չեն կազմում ու մեծ հաշվով շարունակում են մարգինալացված մնալ։ Սրա վկայությունն են նաև այն փոքրաթիվ քվեները, որ հավաքեց նոր ձևավորված սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ Քաղաքացու Որոշումը, Դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններին։ Ամուլսարի ոսկու հանքի դեպքը հաճախ շրջանակվում է որպես առանցքային օրինակը նրա, թե ինչպես են նորազատական քաղաքականությունները և տրամաբանությունը, որոնցում օտարերկրյա ներդրողների և կորպորացիաների շահերը վեր են դասված շրջակա միջավայրի, ինչպես նաև Հայաստանի քաղաքացիների առողջության ու բարեկեցության համեմատ, շարունակում գերիշխել քաղաքական մտածողության մեջ։ Որոշները Ամուլսարի ապագայի համար մղվող պայքարը բնութագրում են որպես հետհեղափոխական կառավարության «առաջին խոշոր ճգնաժամը» (Liakhov և Khudoyan 2018)։ Այս վերլուծությունը գրելու դրությամբ (դեկտեմբեր 2018) հանքի շուրջ իրավիճակը մնում է չհանգուցալուծված։ Առաջիկա ամիսներին կարևոր կլինի դիտարկել՝ արդյոք հանքարդյունաբերական ընկերության պահանջներն ու շահերն իրենց կարևորությամբ կգերազանցեն հանքին մոտ ապրող տեղի բնակիչների, ինչպես նաև Հայաստանի և սփյուռքի այլ հատվածների բնապահպանական ակտիվիստների  մտահոգություններին, ովքեր բարձրաձայնել են Ամուլսարի հանքով առաջ բերվող ռիսկերը բնական միջավայրի և ազդակիր համայնքների առողջության, անվտանգության և բարեկեցության համար։ Եթե, այդուհանդերձ, ակտիվիստների ձայներն անտեսվեն, ինչպես վերը նկարագրված՝ նոյեմբերին տեղի ունեցած միջադեպում, ապա դա լավ բան չի գուշակում քաղաքացիական հասարակություն-պետություն հարաբերությունների ապագայի համար։

Նորազատականության` ողջ աշխարհում կայունության կամ դիմադրողականության (resilience) մասին գրող մասնագետները պնդում են, որ քաղաքացիական հասարակության ակտորները և հատկապես սոցիալական շարժումները կարևոր դեր ունեն կատարելու՝ նորազատական գաղափարների և քաղաքականությունների մարտահրավերները հոդավորելու առումով։ Քրաուչը (Crouch) հղում է քաղաքացիական հասարակությանը՝ որպես «չորրորդ ուժի», որը «պետության, շուկայի և կորպորացիայի փոխառճակատման եռանկյունուց» անդին է և որը կարող է «քննադատել, գրոհել, և մերկացնել այս հարմարավետ եռանկյունու սխալներն ու չարաշահումները» (Crouch 2011: x). Քրաուչն, իհարկե, այնքան հեռուն չի գնում, որպեսզի պնդի, թե «քաղաքացիական հասարակության զբաղված, բայց ցածր ձայները» կկարողանան ստեղծել «կորպորացիաների գերիշխման վրա հիմնված կապիտալիզմից տարբերվող սոցիալական կարգ», բայց տեսնում է քաղաքացիական հասարակության հնարավորությունը՝ «կյանքը դարձնելու շատ ավելի բարվոք, քան այն կլիներ պետությունների ու կորպորացիաների հույսին թողնվելու դեպքում» (Crouch, 2011: x)։ Փեկը (Peck) և այլք նույնպես տեսնում են հնարավորություններ սոցիալական շարժումների համար, սակայն ընդունում են, որ դժվար է վերցնել «տեղական և օրգանական նախաձեռնությունները, «ներքևից» սկիզբ առած նորարարությունն ու սոցիալականում ներկառուցված ռազմավարությունները» և տեղափոխել դրանք «այլ տեղեր»՝ նորազատականության դեմ գլոբալացված դիմադրություն ձևավորելու համար (Peck, Theodore, and Brenner 2012: 27)։ Թետչերն ու Շմիդտը նշում են, որ դեռևս նորազատականության վերելքին դիմագրավող համապարփակ հակա-շարժում չի եղել, սակայն  հուսադրում են, որ թերևս «նոր գաղափարներ» ու «շահերի կոալիցիաներ» ի հայտ կգան (Thatcher and Schmidt 2013: 421) և «սոցիալական շարժումները» բնորոշում են որպես «նորազատական գաղափարներից հեռանալու ցուցիչ՝ երբևէ արված ամենախոշոր քայլի՝ առնվազն քաղաքական դիսկուրսի մակարդակում» (Thatcher and Schmidt 2013: 426)։

Այսպիսով, սոցիալական արդարությանն առաջնահերթություն տվող քաղաքականությունները առաջ մղելու  հեռանկարի տեսանկյունից կարևոր է լինելու ապահովել Հայաստանում քաղաքացիական հասարակության տարածքը։ Շատ քաղաքացիական ակտիվիստներ հարցազրույցներում մեզ հայտնում էին, որ այդ պահին ձեռնպահ են մնում չափազանց քննադատական լինելուց՝ սպասելով, մինչև նոր կառավարությունն ավելի կոնսոլիդացված կդառնա։ Այդուհանդերձ, նրանք նաև մատնանշում են, որ այսպիսի «լարվածության թուլացումը» հավերժ չէ, և որ նոր կառավարությունը պետք է բաց լինի՝ քաղաքացիական հասարակության կողմից քննադատություն ստանալու և նրա առջև հաշվետու լինելու համար։ Սա նշանակելու է, որ կառավարությունն ապահովում է տեղ ու տարածք իրական մասնակցության և խորհրդակցության համար՝ տուրք չտալով ընդամենը ձևական համապատասխանության, որի  դեպքում կներգրավվեն  միայն չբողոքող, կոնֆորմիստ քաղաքացիական հասարակության խմբեր։ Կառավարությունը պետք է նաև երաշխավորի Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների մասնակցության ու խոսքի ազատությունը՝ արժևորելով, հարգելով ու առաջ մղելով անհատների իրավունքներն ու արժանապատվությունն՝ անկախ սեռից, սեռական կողմնորոշումից, հաշմանդամությունից, ազգային կամ կրոնական պատկանելությունից։ Եվ վերջապես, կարևոր կլինի ազատ ու անկախ մամուլ ունենալը, որն ապացուցել է իր առանցքային դերը ժողովրդավարության և օրենքի գերակայության գործում (Themudo 2013)։ Բոլոր նշված գործոնները վճռական դեր կունենան նրանում, թե ինչպես հեղափոխությունից հետո Հայաստանում կզարգանան քաղաքացիական հասարակություն-պետություն հարաբերությունները։ Քաղաքացիական հասարակությունը կարող է հույսով լի լինել, բայց հարկավոր կլինի նաև զգոն մնալ:

 

Հեղինակ՝ դր․Արմինե Իշխանյան

Սոցիալական քաղաքականության ամբիոն, Լոնդոնի տնտեսագիտական համալսարան

Անգլերենից հայերեն թարգմանեց Սոնա Մանուսյանը:

English version 

Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի

 

[1]Հոդվածը Սոցիոսկոպի «Նեղացող տարածքից դեպի հետհեղափոխական տարածք. վերապատկերացնելով հայաստանյան քաղաքացիական հասարակության դերն ու հարաբերությունները» հետազոտության մասն է կազմում: Հետազոտությունն իրականացվել է Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակի ֆինանսական աջակցությամբ: Սոցիոսկոպի կողմից իրականացվող հետազոտության բովանդակությունը անպայմանորեն չի արտացոլում Հիմնադրամի կարծիքը:

[2] Այս հոդվածում հետ-ապարտեիդյան Հարավային Աֆրիկան դիտարկում ենք իբրև հետհեղափոխական համատեքստ փոփոխությունների հեղափոխական աստիճանի և առաջ բերած սոցիալական փոխակերպումների համար:

 

Գրականության ցանկ

  1. Appadurai, Arjun. 2017. ‘Democracy fatigue.’ In The Great Regression edited by Heinrich Geiselberger, 1-12. Cambridge: Polity.
  2. Banks, Nicola, David Hulme, an/d Edwards Edwards. 2015. ‘NGOs, States, and Donors Revisited: Still Too Close for Comfort.’  World Development 66:717-718.
  3. Biekart, Kees, and Alan Fowler. 2013. ‘Transforming Activisms 2010+: Exploring Ways and Waves.’  Development and Change 44 (3):527-546.
  4. Broers, Laurence. 2005. ‘After the ‘revolution’: civil society and the challenges of consolidating democracy in Georgia.’  Central Asian Survey 24 (3):333-350.
  5. Calhoun, Craig. 2013. ‘Occupy Wall Street in perspective.’  British Journal of Sociology 64 (1):26-38.
  6. Crouch, Colin. 2011. The Strange Non-Death of Neoliberalism Cambridge: Polity Press.
  7. Danković, Sladjana, and Paula M Pickering. 2017. ‘Public scepticism of internationally supported civil society organisations: norms, citizen priorities, and local groups in post-socialist Serbia.’  East European Politics, 33 (2):210-232.
  8. Della Porta, Donatella. 2015. Social Movements in Times of Austerity. Cambridge: Polity Press.
  9. Eikenberry, Angela. 2009. ‘Refusing the Market: A Democratic Discourse for Voluntary and Nonprofit Organizations.’  Nonprofit and Voluntary Sector Quarterly 38 (4):582-596.
  10. Flinders, Matthew. 2016. ‘The Problem with Democracy.’  Parliamentary Affairs 69 (2):181-203.
  11. Geiselberger, Heinrich, ed. 2017. The Great Regression. Cambridge: Polity.
  12. Glasius, Marlies, and Armine Ishkanian. 2015. ‘Surreptitious Symbiosis: Engagement between activists and NGOs.’  Voluntas  26 (6):2620-2644.
  13. Glasius, Marlies, and Geoffrey Pleyers. 2013. ‘The Global Moment of 2011: Democracy, Social Justice and Dignity.’  Development and Change 44 (3):547-567.
  14. Grodsky, Brian. 2012. ‘Co-optation or Empowerment? The Fate of Pro-Democracy NGOs after the Rose Revolution.’  Europe-Asia Studies 64 (9):1684-1708.
  15. Ishkanian, Armine. 2015. ‘Self-Determined Citizens? New Forms of Civic Activism and Citizenship in Armenia ‘  Europe-Asia Studies 67 (8):1203-1227.
  16. Ishkanian, Armine, and Marlies Glasius. 2018. ‘Resisting neoliberalism? Movements against austerity and for democracy in Cairo, Athens and London.’  Critical Social Policy online first 1-20.
  17. Kaldor, Mary, and Sabine Selchow. 2012. The ‘Bubbling Up’ of Subterranean Politics in Europe. Civil Society and Human Security Research Unit, London School of Econoimcs.
  18. Keane, John. 2009. The Life and Death of Democracy. . New York: Simon & Schuster.
  19. Laverty, Nicklaus. 2008. ‘The Problem of Lasting Change: Civil Society and the Colored Revolutions in Georgia and Ukraine.’  Demokratizatsiya 16 (2):143-161.
  20. Leonard, Llewellyn. 2014. ‘Characterising civil society and the challenges in post-apartheid South Africa.’  Social Dynamics: A journal of African studies 40 (2):371-391.
  21. Liakhov, Peter, and Knar Khudoyan. 2018. ‘How citizens battling a controversial gold mining project are testing Armenia’s new democracy.’ Last Modified 7 August 2018. https://www.opendemocracy.net/od-russia/peter-liakhov-knar-khudoyan/citizens-battling-a-controversial-gold-mining-project-amulsar-armenia.
  22. Lutsevych, Olga. 2013. How to Finish a Revolution:  Civil Society and Democracy in Georgia, Moldova and Ukraine. London: Chatham House.
  23. Mishra, Pankaj. 2017. The Age of Anger: A History of the Present. London: Penguin.
  24. Muskhelishvili, Marina, and Gia Jorjoliani. 2009. ‘Georgia’s ongoing struggle for a better future continued: democracy promotion through civil society development.’  Democratization 16 (4):682-708.
  25. Peck, Jamie, Nik Theodore, and Neil Brenner. 2012. ‘Neoliberalism, interrupted.’ In Neoliberalism: Beyond the Free Market, edited by Damien Cahill, Lindy Edwards and Frank Stillwell, 15-30. Cheltenham: Edward Elgar.
  26. Plattner, Marc F. 2015. ‘Is Democracy in Decline.’  Journal of Democracy 26 (1):5-10.
  27. Tejerina, Benjamin, Ignacia Perugorria, Tova Benski, and Lauren Langman. 2013. ‘From indignation to occupation: A new wave of global mobilization.’  Current Sociology 61 (4):377-392.
  28. Thatcher, Mark, and Vivien A. Schmidt. 2013. ‘Conclusion: Explaining the resilience of neo-liberalism and possible pathways out.’ In Resilient Liberalism in Europe’s Political Economy, edited by Vivien A. Schmidt and Mark Thatcher, 403-431. Cheltenham: Edward Elgar.
  29. Themudo, Nuno. 2013. ‘Reassessing the impact of civil society: nonprofit sector, press freedom, and corruption.’  Governance 26 (1):63-81.
  30. Youngs, Richard, and Ana Echague. 2017. ‘Shrinking space for civil society: the EU response ‘. Directorate General for External Policy Department Accessed 20 November 2018. http://www.europarl.europa.eu/RegData/etudes/STUD/2017/578039/EXPO_STU(2017)578039_EN.pdf.

 

 

 

Comments are closed.

Մենք այստեղ ենք

Click to open a larger map

Կապ

Հասցե` ՀՀ, ք. Երևան 0002,
Սարյան փ. 20, բն. 25

Հեռ: +374 (10) 500-499
Էլ. հասցե: info@socioscope.am

Facebook
YouTube

Արխիվ