Շուկայական տնտեսության հաստատումը Հայաստանում․ ոչ տեսական ակնարկ

Հայաստանում շուկայական տնտեսության հաստատման մասին մտածելիս, անշուշտ, առաջին բանը, որ մտքիս գալիս է, Խորհրդային Միության փլուզումն է, աշխարհակարգի տոտալ փոխակերպումը, նորանկախ պետության «բարեփոխիչ» քաղաքականությունները, որոնց ականատեսն եմ եղել ես 6 տարեկանից։ Բայց շուկայական տնտեսության հաստատման մասին կուզեի խոսել ոչ թե տեսական ու ընդհանրացված դրույթներով ու վերլուծություններով, այլ իմ կյանքում տեղի ունեցած իրադարձությունների ու կենսափորձի դրվագներով։

Առաջինը հիշեցի ամերիկյան կրթական «փոխանակման» ծրագրերը, երբ մասնակիցները ԱՄՆ դպրոցում, համալսարանների բակալավրիատում կամ մագիստրատուրայում ուսանելու հնարավորություն էին ստանում։ Այս «փոխանակմանը» նույնիսկ մենք՝ մասնակիցներս, «միակողմանի փոխանակում» էինք անվանում։ Դրանք ամերիկյան պետական ծրագրեր էին՝ ի կատարում «Freedom Support Act» կամ «Ազատության աջակցության մասին» օրենքի կամ, որը ներկայացվում էր և նաև իմ հիշողության մեջ տպավորվել էր որպես «ետխորհրդային երկրներում ժողովրդավարության խթանմանն» ուղղված օրենք։ Օրենքի լիարժեք անվանումն է «Ռուսաստանի և նորաստեղծ եվրասիական ժողովրդավարությունների ազատության և բաց շուկաների աջակցության» մասին օրենք (Freedom for Russia and Emerging Eurasian Democracies and Open Markets Support Act), որում կրթական ծրագրերը օրենքը կիրարկող գործողությունների ընդամենը փոքր մասին էին կազմում։ Ըստ էության, այս օրենքը «շուկայական տնտեսության տրանզիցիայի» աջակցությունը լեգիտիմացնող, ինչպես նաև ամերիկյան պետական օգնությունը ետխորհրդային երկրներին հստակ սահմանող ամենավաղ ամերիկյան քաղաքական փաստաթղթերից է ։

Բայց քանի որ հարցը դիտարկում եմ իմ անձնական փորձառությունների տեսանկյունից, պետք է սահմանափակվեմ կրթական «փոխանակման» ծրագրերից ստացած տպավորությամբ։ Ինձ ծանոթ շատ մասնակիցներ Հայաստան վերադառնալուց հետո դարձան կապիտալիստական համակարգի ակտիվ ջատագովներ՝ պաշտոններ ստացան կառավարությունում (հաճախ ստանալով այս ծրագրերից հավելավճարներ, որպեսզի պետական ցածր վարձատրվող աշխատատեղը «գրավիչ» լինի), ղեկավար պաշտոններ ստացան մասնավոր հատվածում, իսկ շատերը չմնացին Հայաստանում՝ նախընտրելով կյանքը ուսյալ միգրանտների ներգաղթը խրախուսող երկրներում։ Այս ծանոթներիս հետ զրույցներումհիշում եմ՝ ամեն ոլորտ բնութագրվում էր շուկային բնորոշ հատկանիշներով․ եթե կրթություն, ապա «կրթական շուկայի» մրցունակության մասին էր խոսքը, եթե պետական հատված, ապա՝ օպտիմալացված և նվազագույն կարգավորիչ ֆունկցիայով կառավարության, եթե հանրային բարիքի, ապա՝ մասնավորեցված ջրամատակարարման և շշալցված ջրերի։ Ցուցադրական օրինակներ էին բերվում, այսպես կոչված՝ success story–֊ներ, ասենք՝ Միացյալ Նահանգներում ստացած կրթության շնորհիվ Հայաստանում շշալցված ջուր վաճառող նոր ընկերության հիմնադրման ու ղեկավարման մասին օրինակը։

Թարգմանիչ աշխատելու ընթացքում կատարեցի տնտեսության, բնակչության կարծիքի և վերաբերմունքի վերլուծությունների թարգմանություններ՝ պատվիրված խորհրդատվական ընկերություններին՝ միջազգային ֆինանսական կորպորացիաների, վարկատու կազմակերպությունների և միջազգային օգնություն տրամադրող պետական գործակալությունների կողմից։ Արդեն այդ պահին հասկացա, որ Հայաստանում գիտելիքը կուտակվում է բացառապես «խորհրդատուների» ու վարկատու կամ գրանտատու «դոնորների» մոտ, հետևաբար՝ նաև մեկնաբանվում ու տնօրինվում է նրանց կողմից։

 

Ներքին հակասությունների ու մեծագույն հիասթափության ապրումներ ունեցա այն ժամանակ, երբ «Սոցիալական պաշտպանության համակարգերի հզորացման» ծրագրի արդյունքում, որը ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջկառավարական ծրագիր էր, Հայաստանում կենսաթոշակային համակարգը մասնավորեցվեց՝ առաջացնելով ոչ միայն բնակչության խոցելիության ավելի բարձր մակարդակ, այլև՝ հզոր սոցիալական դիմադրություն։ Այս ծրագրի ընթացքում իբր խորհրդատվություն էր տրվում Աշխատանքի պետական տեսչության գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու, կոռուպցիան նվազեցնելու, միջազգային կառույցներին ինտեգրելու (Աշխատանքի տեսչությունների միջազգային ասոցիացիային միանալու) ուղղությամբ, բայց ծրագրի ավարտից մի քանի տարի անց կառույցն ընդհանրապես փակվեց,եթե ոչ այս ծրագրի ուղղակի գործունեության արդյունքում, ապա առնվազն ծրագրի գումարների վատնման հետևանքով։ Զբաղվածության ոլորտում ծրագրի շրջանակներում կատարվում էին Զբաղվածության պետական գործակալության կարողությունների հզորացման գործողություններ։ Միգուցե որոշ օգտակար փոփոխություններ արդյունքում տեղի են ունեցել, բայց ծրագրի ավարտից մի քանի տարի անց Հայաստանում վերացվեց գործազրկության նպաստը՝ «Ինչո՞ւ պորտաբույծներին փող տանք։ Ավելի լավ է, նրանցից ավելի աշխույժներին թրեյնինգ անենք, թող աշխատանք գտնեն»։ Հիշում եմ՝ այդ օրերին Գերմանիայից հյուր ունեի, ով իմացավ, որ Հայաստանում վերացվել է գործազրկության նպաստն։ Նա ասաց. «Եթե նման բան Գերմանիայում լիներ, ժողովուրդը այնպիսի բունտ կբարձրացներ, որ նույնիսկ կառավարության հրաժարականը չէր փրկի կառավարության անդամներին»։

Ամենաշատը տպավորվել էր այս ծրագրի ամերիկացի խորհրդատուներից մեկը, ով աշխատանքի և զբաղվածության հարցերով պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյային կարող էր հեգնել, թե «ի՜նչ նվազագույն աշխատանքի շեմ, ի՜նչ բան, շուկան է որոշում ամեն գին, այդ թվում՝ աշխատուժի, ոչ ոք իրավունք չունի միջամտելու այդ ոլորտ», իսկ պաշտոնյայի վրդովմունքին, թե Մարքսի «Կապիտալ»֊ում գրված է այսպես կամ այնպես, ծաղրում էր Մարքսին էլ, «Կապիտալ»֊ն էլ, ու պարտք համարում հիշեցնել, որ այդ ամեն ինչը վերացավ Սովետի փլուզմամբ, էլ հիշելու կարիք չկա։ Հետո իմացա, որ այս անձը Մոսկվայում հիմնադրված ՍԿՈԼԿՈՎՈ կառավարման համալսարանի դասախոսներից է դարձել՝ ետխորհրդային տարածքում նեո֊լիբերալ քաղաքականությունը կրթությամբ լեգիտիմացնող նորաստեղծ հաստատություններից մեկի ջատագովը։ Ի դեպ, այս հաստատության ակտիվ աջակից ու խորհրդի անդամ էր նաև Ռուբեն Վարդանյանը։ Կարծես պատահականություն է, բայց Ռուբեն Վարդանյանը արևմտյան վարկատու գաղութարար քաղաքականության աջակից համարվող հայաստանյան պաշտոնյաների սիրելիներից է ու ոչ զարմանալիորեն հայտնվել է նաև Հայաստանի կրթական համակարգում։

Վերադառնալով իմ ծանոթ խորհրդատուին՝ նա այժմ «Սոցիալական և տնտեսական հետազոտությունների կենտրոն, Հայեկի հիմնադրամ» նորաստեղծ հաստատությունում է, ու զարմանալի չէ, որ հենց Հայեկի պաշտպանն էր դեմ, որ սոցիալական պաշտպանության համակարգերը ոչ միայն գոյատևեն, այլև զարգանան Հայաստանում․ պատճառաբանությունն այն էր, որ այդ ամենը վնասում է բիզնեսին։
Բիզնեսի առաջխաղացման նպատակով թեև ոչ առաջին, բայց հերթական ծրագրերից մեկն արդեն երրորդ տարին է՝ Հայաստանում իրականացվում է սարսափազդու մի անվամբ՝ «Կարգավորիչ գիլյոտին»։ Առանց չափազանցության, գիլյոտին բառը ոչ միայն պաշտոնապես մեկնաբանվում, այլև՝ գրաֆիկ (լոգոտիպ) ու անիմացիոն պատկերմամբ արդարացվում է որպես պետական բյուրոկրատիան «կտրելու» արդյունավետ գործիք։ «Պետական բյուրոկրատիա» ասածի տակ շատ բաներ կարելի է հասկանալ, բայց որ իրենց մեկնաբանմամբ այն ներառում է պետական վերահսկողական գործառույթներն ու տեսչությունը, հատկապես սոցիալական պաշտպանության համակարգերը, փաստ է, իսկ մեր պետական կառավարման համակարգը այս տարատեսակ«գիլյոտինների» արդյունքում դարձել է հանրային շահ սպասարկելու գաղափարից զրկված, ներկա և ապագա բազմաթիվ սերունդների ապրելու իրավունքի հաշվին ուռճացած, բայց վարկի տակ կքած շուկա, որտեղ նույնիսկ կենացներ են խմվում՝ «Խմենք Համաշխարհային բանկի կենացը․ Հ․ Աբրահամյան»։

Շուկայական տնտեսության հաստատմանը զուգահեռ ես էլ եմ քայլել, ու եթե նախկինում ինքնաբերական դիմադրություն էի զգում, հիմա՝ հստակ գիտակցական անհամաձայնություն ու անհնազանդություն, բայց ուր էր, թե դեռ այն ժամանակ գիտակցեինք, թե ինչ է նշանակում «շուկայական տնտեսության հաստատումը»։

Հեղինակ՝ Աննա Շահնազարյան

Պիտակներ

Հանգանակություն

Գումարը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարներին` նպատակի դաշտում նշելով «նվիրատվություն»:

Ինեկոբանկ
2052822181271008 (AMD)
2052822181271022 (USD)
2052822181271042 (EUR)
SWIFT code INJSAM22