Ոգևորության ստվերում

Վերջին շրջանում անընդհատ մի բանի մասին եմ մտածում. ինչու՞ ենք մենք շարունակաբար ոգևորություն կամ դրա աղբյուրը փնտրում ամենուր՝ որևէ բան անելու կամ արարքի իմաստալիությունը հիմնավորելու համար։

Մտահոգությունս ինքնին ոգևորության գաղափարը չէ կամ թե դրա մոտիվացնող գործառույթը, երբ որևէ կարևոր ու նախկինում բոլորովին անճանաչելի գիտելիքի կամ երևույթի ես հաղորդակից լինում ու պայծառացման նման մի բան է ծնվում, որ ուժ ունի փոխելու քեզ ու աշխարհին նայելու քո անկյունը։

Մտորումներս այլ դաշտում են. ի՞նչ անել, երբ աներևակայելի անդունդ ես զգում մի որևէ իրադարձության և դրանում ոգևորության ծիլեր փնտրել–գտնելու մարդկային ջանքերի միջև, երբ ոգևորություն է առաջանում այնտեղ, որտեղ կարծես ընկած պիտի լինեն զայրույթը, տխրությունն ու ցասումը։ Նրան փնտրում ենք անգամ պատերազմներում. պատերազմներից կամ դրանց հնարավորությունից ոգևորվում ենք ու մեզ նույնիսկ Բաքվում ենք պատկերացնում՝ գեղեցիկ ու վինտաժային սրճարանում (անունն, օրինակ, Մեծ Հայք)՝ մի բաժակ սուրճի կամ թեյի շուրջ՝ ընկերների հետ։ Այս իրավիճակում ոգևորությունը կանգնեցնելը դժվար է, բայց մեկ–մեկ ստացվում է, երբ պատկերացնում ես, որ Բաքվի սրճարանին հասնելու համար լիքը մարդ պիտի սպանես, դե ընթացքում ինքնդ էլ կարող ես մեռնել ու ճանապարհին՝ կես մեռած, կես կենդանի ոգևորությանդ հետ մենակ՝ մտածես։

Բայց որքա՞ն երկար ենք մենք՝ անվերջանալի իրադարձություններին հընթացս ու հպանցիկ ապրող, ուղնուծուծով ժամանակակից մարդիկս՝ կարող մնալ այս գրգռված–ոգևորված վիճակում, ե՞րբ կլղոզվի մեր հիշողությունը ու կմոռանանք, թե որտեղից ենք սկսել և ուր էինք ուզում գնալ։

«Գիտես, նենց ոգևորված եմ…», «Քեզ էս միտքը չի ոգևորու՞մ…», «Ձայնիցդ չի երևում, որ ասածս քեզ ոգևորեց…», «Էս իրադարձություններից նենց ոգևորված եմ, որ հեղափոխություն էլ կանեմ…»։

Որոշ հոգեբանական հետազոտություններ նույնիսկ առաջարկում են մեխանիզմներ, որոնց միջոցով զայրույթը կարելի է փոխարինել ոգևորությամբ։ Ոգևորությունն ավելի պրոդուկտիվ և դրական է գնահատվում։ Զայրույթովդ հեռուն չես գնա. կարծես հուշեն նմանօրինակ հետազոտությունները, մյուս կողմից էլ՝ համոզեն, որ լավ տրամադրություն ունենալը գործի կեսն է։ Լավատեսությունն էլ իբրև ժամանակակից մարդու ու կապիտալիստական աշխարհի նշանակալի մի հատկություն կգա ի օգնություն՝ միավորելու ու իմաստավորելու ոգևորությունը, արարքն ու նպատակը։

Սոցիոլոգ Նորբերտ Էլիասն ասում է, որ քաղաքակիրթ հասարակություններում մարդիկ անընդհատ ոգևորության կարիք ունեն, և միևնույն ժամանակ այնպիսի սոցիալական միջավայրի, որտեղ ոգևորությունից կարելի է հաճույք ստանալ առանց սոցիումի և անհատի համար դրա վտանգավոր դրսևորումների։

Երբ այլևս սահմանափակված ու սահմանված են սոցիալական ու քաղաքական գործողությունների դաշտն ու հնարավորությունները, երբ հարաբերական հանգստում մենք այս մտքի հետ մերթ հաշտ ենք, մերթ կռիվ ենք տալիս՝ փորձելով ընդլայնել այդ տարածքները, քննադատությունն ու ռեֆլեքսիան տեղ ունեն։ Բայց ծանր բան է, երբ մի սարսափելի փոփոխություն խախտում է անշտապ ու ժամանակի մեջ այդքան ձգված ռեֆլեքսիայի կանոնավոր ընթացքը։ Այդժամ արարելու կամ գոնե արարքի պատրանք ունենալու համար դիմում ենք ոգևորության մշտնջենական պահանջին. դառնում ենք մի մեծ գործողության մասնիկ, ինչ–որ բաներ ենք անում, դեռ մյուսներին էլ համոզում ենք, որ իրենք էլ անեն, կոչեր ու հորդորներ ենք հղում համայն մարդկությանը։ Այս գործողությունների տեսանելիությունն էլ ավելի է մեզ ոգեշնչում և ոգևորվում, և մի պահ սկսում ենք ուրիշների (հաճախ նրանց, ովքեր մեր ոգևորությունից գուցե անտեղյակ, բայց այդ ոգևորության արդյունքների անմիջական կրողն են լինելու) և երբեմն էլ ամբողջ հասարակության անունից խոսել ու պահանջներ դնել, որովհետև չենք էլ կարող պատկերացնել, որ մեր ոգևորությունը կարող են չկիսել մյուսները։

Բայց այստեղ է, որ պիտի հուսանք ու փորձենք իբրև ոգևորված ու էյֆորիկ մի խաղացող ավելի փոքր չլինել, քան բուն խաղն է, ինչպես կասեր Բոդրիյարը։

Հեղինակ՝ Արփի Մանուսյան

Պիտակներ

Հանգանակություն

Գումարը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարներին` նպատակի դաշտում նշելով «նվիրատվություն»:

Ինեկոբանկ
2052822181271008 (AMD)
2052822181271022 (USD)
2052822181271042 (EUR)
SWIFT code INJSAM22