Ես, ընտրությունները և իմ ուիք-էնդը

Օրինակ, մենք չունենք սոցիալական գովազդ այն մասին, որ եթե անհատը տեսնում է երեխայի շահագործում կամ բռնություն, ինչ-որ բան անի կամ ինչ-որ տեղ զանգի, որովհետև դա նրա քաղաքացիական պարտքն է: Կամ, ասենք, այն մասին, որ ավտոբուսներում նստատեղերը հատկացված են հաշմանդամություն ունեցող, ձեռքներին մանր երեխա ունեցող կամ որևէ այլ պատճառով կանգնել դժվարացող մարդկանց, ու որ նրանց տեղը զիջելը քո քաղաքացիական պարտքն է: Առնվազն վերջին օրինակում նստատեղը ուղիղ իմաստով պարտք է, որ պիտի վերադարձնես: Բայց այդ մասին չկան սոցիալական գովազդներ: Սրանք առօրյա, մանր բաներ են, սրանք չորս կամ հինգ տարին մեկ տեղի ունեցող վճռորոշ ընտրությունների հատ կապ չունե(՞)ն, բոլոր ջանքերը պիտի ուղղվեն այդ վճռորոշին, իսկ հետո մնացած մանր բաները կլինեն: Ուստի կան սոցիալական գովազդի հոլովակներ` ինքնըստինքյան հասկանալի, որոնցում քաղաքացին, թեկնածուների ծրագրերին ծանոթանալուց և քվեարկելուց բացի/փոխարեն, պետք է մի շարք բաներ կարողանա անել և մի շարք այլ բաներ թույլ չտա անել, տիրապետի տեխնիկայի և տեխնիկաների` կատարելու ընտրակեղծիքների արձանագրման, հակազդման, պայքարի, ֆիզիկական պաշտպանության, լուսաբանման և մի շարք այլ գործողություններ: Որովհետև ընտրությունները, հատկապես` այս մեկը, իր մասնակցությամբ փրկելը նրա քաղաքացիական պարտքն է:
Ընտրությունը, սակայն, ակտիվիզմ չէ. այս երկուսը քաղաքական վարքի տարբեր տեսակներ են, որոնցից յուրաքանչյուրը քաղաքացի-պետություն հարաբերության խնդիրները տարբեր կերպերով ու գործիքներով է կարգավորում: Ընտրության պրոցեսի և դրա մասին խոսակցության չափազանց նմանվելը ակտիվիզմի էթոսին արդեն նշան է` ընդամենը մեկը արդեն բազումներից, որ ընտրության ինստիտուտը` հիմնված քաղաքացու` իր շահերի ներկայացման հնարավոր տարբերակների միջև արվող նախընտրության և կամարտահայտման վրա, ոչ միայն չձևավորվեց, այլև դուրս եկավ քննարկումից: Ընտրությանն ակտիվ մասնակցելու ողջ հրահանգավորումը հանգեցված է քաղաքացու դեմ հենց ընտրությունը կազմակերպողի դրած թակարդները ճանաչելուն: Ասենք, որ չմոռանանք. այդ թակարդները դրված են, և քաղաքացիներն այսուհետ կամ թակարդն ընկածներն են, կամ դրանք հմտորեն վնասազերծողները` “բռնվեցիր-դու բռնվեցիր” խաղի մեջ: Այլևս ընտրության արդյունքը կախված է ոչ թե բոլոր մասնակցողների քվեներից, ոչ թե, օրինակ` “ինչ-որ բան կախված է քո ձայնից”, այլ “ամեն ինչ կախված է ձեզանից”, “ամեն ինչ կանխորոշում եք դուք”: Տարբեր հոլովակներից ու հորդորներից հնչած այս բառերը ենթադրում են անհատից գերջանք, շատ ավելին, քան ուղղակի տեսակետ ունենալը և ընտրություններին դրանով առաջնորդվելը: Անշուշտ, սոցիալական գովազդները այդ հարցում փորձում են մենակ չթողնել քաղաքացուն և գործնականորեն կողմնորոշել: Հավաստիացնում են, օրինակ, որ ավելորդ է իրենց վերահսկողի կողմից իրենց քվեարկության պահը նկարահանելու վախը, որ դա տեխնիկապես անհնար է, ինչպես նաև իռացիոնալ կամ ռացիոնալ վախերից ազատվելու համար սովորեցնում են քվեաթերթիկի հետ ճարպկորեն վարվել ու իրեն վերահսկող “ընտրակեղծարարի” համար մեկ տարբերակ նկարելու, հետո իր ուզած տարբերակը ծրարի մեջ դնելու հնարներ: Այսպիսով, քաղաքացիներ, դուք ազատ եք ընտրելու, որովհետև գրչի ծայրին տեսախցիկ չկա: Չափազանց շատ խոսք ու պատկեր, որը կապ չունի քաղաքացիական սուբյեկտության հետ: Քաղաքացիապես մտահոգ խմբերի ու կազմակերպությունների դիսկուրսում և գործողություններում, այսպիսով, աղոտանում ու սայթաքում է քաղաքացու` ակտիվ լինելու և քաղաքականի ու հանրայինի հետ իր առնչությունը մտածելու հնարավորությունը: Ընտրական ինստիտուտը սկզբում զարգացնելու, իսկ հետո արդեն` պահպանելու անկեղծ ջանքերում գուցե աննկատ, բայց անշեղորեն ընտրության իրավունքի դիսկուրսը փոխարինվեց պարտավորության դիսկուրսով: Համոզման ցանկացած ձև այլևս ընդունելի է կիրառել` ամեն անգամ “այս անգամ վճռական” քաղաքական ապոկալիպսիսը կանխելու համար: Այս համատեքստում հավանաբար “գնում եմ ընտրելու, որ իմ քվեն չգողանան” դատողությունը ձեզ տրամաբանական է թվում, իսկ, ասենք, “ես չեմ գնում ընտրելու, որովհետև իմ քվեն գողանում են” դատողությունը` ոչ:
Ընտրությունների և դրա վերաբերյալ խոսակցության այդպիսին լինելը միայն ընտրությունների բնութագիր չէ: Սա քաղաքացու և քաղաքականի փոխհարաբերությունների մաս է, որ պարզապես ավելի տեսանելի դրսևորվում է ընտրության նախաշեմին և դառնում տեսագրված ծավալուն նյութ` ընտրության օրը: Այդ տեսագրությունները` ծեծկռտուք, թե հայհոյախառը լցոնում, որևէ բան փոխելու իմպուլս չեն կրում, որովհետև այն, ինչ տեսագրվում է, սպասելի ու ծանոթ է բոլորին և վերահաստատում է այդ սպասելին ու ծանոթը` առկա նաև մինչ- ու հետընտրական սոցիալական հարաբերություններում: Ընտրության աղճատումն ու կեղծումն անդեմ ու անտեղ բան չեն, դրանք տեղի են ունենում մարդկանց մասնակցությամբ և տեղավորված են մարդկային փոխհարաբերություններում: Այդ փոխհարաբերությունները այնպիսին, ինչպիսին Հայաստանում են, կարծես բավարար մտածված չեն ոչ այս օրերին, ոչ առհասարակ:
Հիմա ես իշխող կուսակցությունից առաջադրված մի երկու թեկնածուի հակիրճ կենսագրություն սարքեմ, հետո վերադառնամ ասելիքիս: Կենսագրական բոլոր փաստերը չգիտեմ, ամեն մեկի մասին ընտրովի կասեմ երեք-չորս նախադասություն: Միհրան Պողոսյան. Երկար տարիներ ղեկավարել է քաղաքացու հարկադրման և ճնշման վրա հիմնված հաստատություն` ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը: 2016-ի ինչ-որ ամսին մի պահ հայտնվեց մեդիայի ու հանրության ուշադրության ներքո` Պանամայի հայտնի փաստաթղթերում երևակված ֆինանսական շահարկումներով և գերշահույթներով, որին նրա միակ անդրադարձը, հրաժարականին զուգահեռ, ցավելն էր, որ իր անունն “արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին”: Նրա բանանի մենաշնորհը մինչ այժմ արտահայտվում է` բերելով դրա գնի բարձրացման ոչ միայն ամանորերին, այլև այս ընտրարշավի օրերին: Չնայած այս հիմնապատկերին կամ շնորհիվ դրա` նա կարողացել է առաջադրվել և իր ընտրարշավին ունենալ զոհված զինվորի մայր: Առաքել Մովսիսյան, առաջադրված ռեյտինգային ցուցակներով. ոչ վաղ անցյալում սպառնացել է “գլուխները պոկել ու բռնաբարել” այդ ժամանակ ՊՆ ղեկավար Ս. Օհանյանի հասցեին վատ արտահայտվողներին, որի համար բազմիցս խրոխտ ծաղրվել է ֆեյսբուքահայության կողմից, բայց իրավական պատասխանատվության չի ենթարկվել: Արդարադատության նախարարի հետ նույն կուսակցությունից է: Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ է եղել 2004-ից մինչ 2012: Չնայած համաժողովրդական հակակրանքին` կարողացել է առաջադրվել և իր ընտրարշավի հանդիպումներից մեկին` Արմավիրում, կարևոր չէ քանի հոգու առաջ և ինչպիսի հոգեմտավոր ստատուս ունեցող մարդու կողմից` գովաբանվել որպես ընտանիքապաշտ, հայրենիքապաշտ մարդ, ով նպաստել է ու կնպաստի երկրի անվտանգությանը:
Այն բանից հետո, երբ վերապրեցինք նողկանք, բարկություն, նկատեցի՞նք արդյոք ընտրող անհատի հետ նրանց առնչությունը: Բանն այն է, որ “բոլորն էլ ամեն ինչ գիտեն”, “բոլորն էլ զզվում են” և այլն, բայց այստեղ, վախենամ, մի չնկատված շերտ կա: Զզվելը, ատելը, վախենալը դիսֆունկցիոնալ, անառողջ հարաբերության, բայց հարաբերության մաս են: Իշխող կուսակցությունը սովոր է ու արհամարհական է իր հանդեպ զզվանքին, ժողովուրդը սովոր է զզվելուն, բայց դիմանալուն: Այս երկու սովորությունները կարևոր են և որ ավելի կարևոր է` դրանք տեղակայված են հարաբերությունների դաշտում: Մնում է անտեսված, որ ընտրակաշառքը ոչ միայն բաժանվում է, այլև վերցվում, որ Կարեն կարապետյանը ոչ միայն ծիծաղելի, այլև հաճելի բաներ է ասում, որ Շմայսից ոչ միայն “վատանում են”, այլև փորձում հետը լավ լինել: Այս հարաբերությունները ներառում են տարբեր նեգատիվ հույզեր, արատավոր պրակտիկաներ, լարումներ, դրանք պարզեցված, նեղացված և հանգեցված են առևտրային հարաբերությունների[1], բայց կան: Ամեն ինչ փոխադարձ է ու հասկանալի: Ընտրակաշառք վերցրած ընտրողն, օրինակ, վերցնում է դա, որովհետև չի վստահում, ոչ թե` որովհետև վստահում է: Ստացվում է, որ մեծ հաշվով կուսակցությունն իր տոկոսը հավաքում է վստահություն չունենալու, ոչ թե` ունենալու շնորհիվ: Ընտրողը վերցնում է փող, պահպանում է աշխատատեղ, պոկում է համերգ, պոկում է, շատ համառ լինելու դեպքում, բուժխնամքի գումար: Նա գիտի, որ իրենից այդ ընթացքում ավելին են գողացել, նրան կարիք չկա դա բացատրել հոլովակում: Նա հենց այդ պատճառով էլ վերցնում է: Նա ընդունել է գողի հետ ապրելու կանոնը: Այն, որ մարդն ասում է “մեկա բան չի փոխվելու”, սոցիալական փոփոխության նրա հոռետեսական մտորումների հետ կապ չունի, կապ ունի կանխիկ առևտրի տրամաբանության հետ: Կարո՞ղ է արդյոք, այդ դեպքում, կուսակցության անվստահելիությունը, երկրի տնտեսական անկումը, սեփական աղքատացման սպառնալիքը ակնհայտ դարձնող, ամենամերկացնող ինֆորմացիան օգնել այս հասարակությանը` վերամտածելու իր անելիքը: Օրինակ, “Իրազեկ քաղաքացի” ՀԿ-ի կողմից դպրոցի տնօրեններին մերկացնելը աննման ձեռնարկ էր: Մտավախությունս է, որ այն իր ողջ պոտենցիալով չօգտագործվեց, և մարդիկ խույս տվեցին այն մտքից, թե ինչպես են նաև այլք, ընդհուպ մինչև աշակերտների ծնողները, մասնակցում այդ շղթային, ամենաներելի վախի ռացիոնալ բացատրության քողի տակ, և միակ հաստ կապող գիծը տարվեց ՀՀԿ-ի ու տնօրենների միջև` չիջնելով ուսուցիչներից ու ծնողկոմիտեից մինչև ծնողներ: Այսինքն` քննադատությունը վերացական է հենց այն ժամանակ, երբ թիրախավորում է կարծես թե կոնկրետ կառույցի, որովհետև դրանից հանված են այն մարդիկ ու գործողությունները, այն վարքաձևերն ու հարաբերությունները, որոնց հետ կապ ունենք նաև մենք: Տնօրենները վատ չեն զգացել իրենց սխալ բան անելիս բռնվելու համար, անգամ հակառակը, վրդովվել են, մի քիչ էլ` վախվորել վերադասների հետ տհաճ խոսակցություններից: Ուրեմն, դա չէ այն օգուտը, որ կարող էր տալ այս ծավալուն գործը: Հանրային փոփոխության տեսակետից օգտակար կարող էր լինել այդ շղթայի մասին մտածելը` սեփական երեխաների ուսուցիչների, հետևաբար` սեփական երեխաների ու ինքն իր հետ առնչության մեջ:
Այնպես է ստացվել, որ ցանկացած փոխհարաբերություն, նույնիսկ անառողջ, ավելի տանելի է, քան հարաբերության բացակայությունը: Այլ վառ օրինակներ կարող եք վերցնել դիսֆունկցիոնալ ընտանիքներից, կախվածություններից և այլն, կամ այն իրավիճակներից, երբ մենակ մնալիս սկսում եք խոսել ինքներդ ձեր հետ: Ընտրությամբ չի հաստատվում նոր հարաբերություն քաղաքական դաշտի հետ, բայց և չի քանդվում արդեն հաստատվածը, քանի դեռ զուգահեռաբար այլ ուժերի կողմից այլ տիպի հարաբերություն կառուցելու փորձ չի արվում: Մեծ հաշվով, քաղաքացիական ուժերը ինչպես ու ինչքանով են փորձում փոխել քաղաքացու հարաբերությունը հանրայինին (այդ թվում` քաղաքականին) ընտրությունների շառավղում և դրանից դուրս: Ես այս պահին ունեմ իմ պատասխանը` քաղելով դրանք բազում իրավիճակներից, որոնցից մի քանիսը կարող եմ օրինակ բերել:
Որպես այլընտրանք ներկայացող կուսակցությունների հարաբերությունները ընտրողի հետ մնում են անհասկանալի կամ չձևավորված: Դրանք, թե կուզեք, չկան: Օրինակ, այս տարի ինձ համար աննախադեպ էր քարոզչական թերթիկները բաժանելու ձևը: Այն ոչ թե հարաբերություն հաստատելու, այլ դրանից խուսափելու մեծ լարումով էր արված: Առանց կուսակցության անունների նշեմ, որ դրանցից մի քանիսի թերթիկ բաժանողները անգամ դուռը չեն թակել և լուռ թողել են շեմին, իսկ եթե թակել են (հիմնականում դեռահաս կամ պատանի տղաներ) և հանդիպել են մի քանի հարցերի, ապա սրտնեղել են, չեն կարողացել պատասխանել, կմկմալով ու սխալ ասել են կուսակցության կամ դաշինքի ներկայացուցիչների անունները, արդարացել են, որ իրենք պարզապես բաժանում են, ու կուսակցության հետ կապ չունեն, չեն ճանաչում, և փորձել են արագ հեռանալ շեմից: Խորթ ու անհարմար իրավիճակից արագորեն ազատվելու վարքագիծ: “Մեզ ուղղակի տվել են, որ բաժանենք, մենք էդ կուսակցությունից չենք”: Ենթադրում եմ, դրա հետևում հենց այդ կուսակցության ջանքի բացակայությունն է` նրանց հրահանգավորել կապ հաստատել բնակչի հետ, բանավոր տեղեկատվություն տալ և այլն:
Հենց ընտրությունների շեմին տեղի ունեցավ մի դրամա, որ իր բովանդակությամբ ավելի մեծ էր, քան իշխանության կողմից հերթական հարվածը, բայց ըստ էության դուրս չեկավ այդ իմաստավորման շրջանակից: Այսպես, Հաց Բերողի մահն, անխոս, տեղի ունեցավ իշխանությունների լուռ դիտավորությամբ ու պատասխանատվությամբ` կալանավորումից մինչև հացադուլով վատթարացած առողջություն: Իսկ բացի դրանի՞ց: Ի՞նչ առնչություն ուներ Հաց բերողը հանրությանը, մեզ, քննադատող կուսակցություններին և ապակուսակցականներին: Մեղքը բաշխված է, իսկ միակ առնչությունը` հերոսացումը, որով անհատը նրան կապեց իրեն ու “հային”, արդեն գործ ունի ոչ թե այդ իրական մարդու, այլ նրա սիմվոլիզացման հետ: Ավելին, մեռնելուց առաջ էլ ամբողջ խիղճը քաղաքացին դրեց այդ մարդու վրա ու հետը թաղեց` ասելով, որ “սպանեցին հայի խիղճը”, թեև այդ մարդը դա արթնացնել ու թողնել էր ուզում, հավանաբար: Հերթական անգամ վերահաստատվեց ակնհայտը` մարդու և կյանքի չնչին արժեքը իշխանության համար, որը ճիշտ է իրավական ու քաղաքական մասով, բայց բավարար չէ` հաց բերողի սոցիալական ֆենոմենը և ամեն ակտիվ քաղաքացու հետ նրա արածի կապը հասկանալու առումով:
Այս անգամ ընտրակեղծիքները կանխելուն ուղղված ուսուցողական հոլովակները գերազանցեցին նախորդ տարիներին պատրաստածներին` ասելիքը տեխնիկական խնդիրներին հանգեցնելու առումով: Այսպես, դրանցում ընտրակեղծարար անվանվում է նա, ով առաջարկել, կաշառել, ստիպել է ու սպառնացել է վերահսկել, բայց ոչ նա` ով վերցրել է, խոստացել է ընտրել: Նրան ուղղված խոսքը մի կողմից նրանից հանում է ընտրակեղծիքին մասնակցության քննադատությունը, մյուս կողմից` նմանվում վախը հաղթահարելու թրենինգի: Կարծես ընտրակեղծարարությունը միայն գումարը բաժանողի գործողության մեջ է, և ոչ թե` այն հարաբերություններում, որում ներքաշված է այդ քաղաքացին: Բայց ընտրակեղծիքը հենց այդ հարաբերություններում է: Իր սուր քաղաքացիական քննադատությամբ աչքի ընկնող կայքերից մեկը երեկ կամ այսօր թողարկեց հոլովակ, որտեղ արդեն սովորեցնում է ընտրողին, թե ինչպես մոլորեցնել “ընտրակեղծարարին”` ի վերջո չանելով խոստացածը/պարտադրածը: Այդ խորհուրդները ըստ էության կեղծելը կեղծելու մասին էին, այսինքն` նորից կեղծելու: Կարճ ասած, աղերս է արվում ոչ թե ընտրողին, որոշողին, իր ձայնը կարևորողին, շիտակին, այլ` խաբողին, ճարպիկին, շրջանցողին, մի բան ասող այլ բան անողին, երկու երեսանուն` մարդու մեջ: Ճիշտ նույն որակները և մոտիվները, որոնք գործարկվել են ընտրական ինստիտուտը փչացնելու գործում, այս դեպքում փորձում են ակտիվացնել ընտրության ինստիտուտը փրկելու համար: Նույն հարաբերվելու ձևն է, պարզապես հիմա` իր հետ մյուսի դեմ գործարքում: Այս դեպքում գիտակցության և վարքի ինչպիսի փոփոխություն է ակնկալվում, եթե օգտագործվում է նույն գիտակցություն և վարքը: Մարդու սուբյեկտությունը, կամքը շրջանցող խոսքի ու գործի այս ֆոնին է, որ “ամեն ինչ կախված է ձեզանից”, “ամեն ինչ կանխորոշում է ձեր քվեն” հնչում է ոչ թե նույնիսկ միստիկ, այլ` շինծու:
Ստացվում է, որ քաղաքացին գնում է քվեարկելու ոչ թե որովհետև կարող է կամ ուզում է կամ հավատում է կամ ունի նախընտրություն, այլ որովհետև չի կարող չգնալ, պիտի գնա, հուսահատ է, այլ տարբերակ չունի, կամ ունի դրանով մի քանի բան ստանալու տարբերակ: Կրելով քվեարկելու պարտավորության զգացում` մի կողմից, և չկրելով ազդեցիկ լինելու հավատը` մյուս կողմից, քաղաքացին քվեարկում է որպես ծիսական մի գործողություն, որով ազատագրվում է ուր որ է իր վրա դրվող մեղքից, ինչպես նաև ձեռք բերում մի քանի տարի ոչինչ չանելու խղճի հանգստություն: Այսպիսով, ընտրությունը` որպես կամարտահայտում, ճնշվել է նաև մասնակցելը բարոյականացնելու մտահոգ ջանքերով: Պարտավորության զգացումը ոչ միայն իրավունքի հասկացությունն է փոխարինում, այլ ստեղծում է քաղաքացի-պետություն հարաբերության պատրանք` իրականում չեղարկելով այն, որովհետև մարդը պարտքից փաստորեն ազատվում է, այսինքն` նրա քվեարկելը այդ հարաբերությունից ազատվելու ակտ է, ոչ թե` այն կառուցելու: Հենց պարտքդ տվեցիր, էլ ի՞նչ հարաբերություն:
Ապրիլի երկուսին ես գնալու եմ ընտրության, եթե կամենամ:
Ես չեմ գնալու ընտրության, եթե չկամենամ:
Ինձ ընտրությանն անպայման գնալու ցանկացած հորդոր` փողի դիմաց, թե իրավիճակ փրկելու, կամքս և ակտիվությունս ճնշելու փորձ է: Ցանկացած փորձ` համոզելու այս ընտրության կարևոր իմաստը կամ հուշելու դրա անիմաստությունը, ևս կասկած է ինձ` որպես ակտիվ քաղաքացու: Ցանկացած փորձ` ինձ ասելու, թե ինչ զանազան քայլեր կատարեմ ես` բացի քվեարկելուց (նկարեմ խոստացածս թեկնածուի օգտին քվեարկելը, թե կեղծ նկարեմ իբր խոստացածս թեկնածուի օգտին քվեարկելը), ինձ շահագործելու փորձ է: Ես, ընտրությունները ու իմ ուիք-էնդը:

[1] Առևտրի սկզբունքն է գործել նաև իշխող կուսակցության գովազդներում այս տարի նկատելի աննախադեպ էսթետիկացման մեջ. բարետես (համարվող) կուսակից նախարարներն ու վարչապետը` մի պաստառում իրար կողք-կողքի, որ կարծես միահամուռ ավելի լավ ապրանքային տեսք կարող են ստանալ` առնելով փող չվերցնող, բայց արտաքինին տուրք տվող լսարանին: Այդ նույն էսթետիկացման կիզակետը առցանց պրո-իշխանական տարբեր վիզուալ նյութերում երեխաների պատկերների աննախադեպ ներգրավումն էր այս փուլում:

Հեղինակ՝ Սոնա Մանուսյան

Սկզբնաղբյուրը՝ Սոնա Մանուսյանի Ֆեյսբուքի անձնական էջ –  https://web.facebook.com/notes/sona-manusyan/%D5%A5%D5%BD-%D5%A8%D5%B6%D5%BF%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D6%87-%D5%AB%D5%B4-%D5%B8%D6%82%D5%AB%D6%84-%D5%A7%D5%B6%D5%A4%D5%A8/10154552679337099

Comments are closed.

Մենք այստեղ ենք

Click to open a larger map

Կապ

Հասցե` ՀՀ, ք. Երևան 0002,
Սարյան փ. 20, բն. 25

Հեռ: +374 (10) 500-499
Էլ. հասցե: info@socioscope.am

Facebook
YouTube

Արխիվ