ազգայնականություն Archives - Socioscope

Ընտանիքից կառչած ինքնիշխանությունը. բացվող հարցեր
Ինչո՞ւ չհարցնենք ինքներս մեզ. գուցե ճի՞շտ են պահպանողականների այն մտահոգությունները, որ ընտանիքն այլևս միակ ինստիտուտն է, որտեղ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխանություն ունի։

Սա միակ հարցը չէ, որ առաջ է գալիս, երբ լսում ես ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի դեմ ելույթները։ Հոկտեմբերի 9-ի թվացյալ հանրային բանավեճը, որ ավելի շուտ կոծկում էր բռնության զոհերին համարժեք օգնության օրինագծի բացերը, թերևս որոշ օգտակար հարցադրումների կարող է մեզ բերել, եթե իրերի դրությունը դիտենք հստակեցված շրջանակով։

«Հայ ընտանիքի ավանդույթի» պահպանման դիրքից օրենքի դեմ արտահայտվողների անունից բեմից խոսեց պահեստազորի գնդապետը, ով պատրաստ գտնվեց 4 հոգու փոխարեն խոսքի իրավասություն վերցնել: Գուցե իր մասնագիտական կենսափորձի բերումով նա խնդիր չուներ բռնության, անհավասար աստիճանակագրված հարաբերությունների և իշխողի իշխանության հետ։ Նա կարողացավ այդ միջոցառման ժամանակ իրեն ելույթ չնախատեսած նախարարությանը ստիպել բարձրախոս և ամբիոն տրամադրել (հաճելի է, երբ «լռեցվածի» ձայնը հնչեցնելու իրավունքը գործնականում կարևոր արժեք է դառնում պահպանողականների համար՝ անկախ, թե իրականում որքանով են իրենք զրկված հարթակներից)։ Դահլիճում ներկա մի երիտասարդ կնոջ նա դիմեց «աղջնակ»-ով, բղավոցով սաստեց իր թիմակիցներից մեկին՝ քահանայի խոսքին հակադարձելու համար։ Սա էլ գուցե իր մասնագիտական «ավանդույթների» պահպանության ձգտումն է՝ չգիտեմ։

Այո՛, պահեստազորի գնդապետ տղամարդը կարող է իրեն թույլ տալ շարունակել իր հանրային կյանքը՝ համակարգելով «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնություն, ձգտելով Հայաստանում իրացնել Պուտինի օրենսդրական նախաձեռնությունները, երիտասարդների խմբերին մանիպուլյացիայի և հակամանիպուլյացիայի վարպետաց դասեր տալով Հայաստանում գործող «Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում» (վստահաբար քննադատելով արևմուտքը՝ հղելով արևմտյան իսկ տեսությունների և հեղինակների, սակայն նրանց խոսքը ռուսալեզու հեղինակների գրքերից վերցնելով) և, իհարկե, պայքարելով ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի դեմ։ Պահեստազորի գնդապետի սեփական հանրային գործի նշանակությունն իրեն թույլ չի տա նկատել այն կանանց անտեսանելի կյանքը, ովքեր երբևէ հանրային կյանք մտնելու հնար չեն ունենա, ասենք՝ ամուսնացվելով վաղ տարիքում, չստանալով պատշաճ կրթություն, թույլատրված չլինելով զբաղմունք և անգամ հանրային կյանքի ցանկություն ունենալ։

Հանուն Հայաստանի ինքնիշխանության վերականգնման պայքարի որոնումները արժեքային-ավանդույթային ոլորտներին են հղում, սակայն իրականում դեմ են արտահայտվում Հայաստանի ինտեգրմանը եվրոպական կառույցներին ու քաղաքականություններին։ Արդյո՞ք Հայաստանի էներգետիկ և տնտեսական կամ նույնիսկ ռազմական ինքնիշխանության հարցերը հուզում են այս պայքարի մարտիկներին։ Կամ մինչև ո՞ւր կարող են հասնել ինքնիշխանության ձգտման նրանց քայլերը. կհասնե՞ն, արդյոք, Հայաստանից ռուսական զորքերի հեռացման պահանջին և ռուսական գազից կախյալության խնդրականացմանը, իսկ դրանց դեմ առնելով կհասնե՞ն ինքնիշխանության իրենց ընկալումների հարցադրմանը։

Բայց գնդապետը միակ մարտիկը չէ օրենքի նախագծի դեմ։ Հոկտեմբերի 9-ի հանրային քննարկմանը մասնակից ընդդիմադիրներից շատերը հասուն և միջին տարիքի երևանաբնակ կանայք էին, որոնց ձայնը, սակայն, դուք չլսեցիք ամբիոնից և հազիվ թե լսեք հետագայում հրավիրված «հեռուստաբանավեճերում». պատահականություն չէ, այլ՝ «ավանդույթ»։

Այնինչ, հավաքված կանանցից շատերն իրոք վախեցած էին օրենքի հնարավոր ընդունումից։ Մեկը նշում էր, որ դա հնարավորություն կտա ընտանիքից խլել երեխաներին, տանել ապաստարան և վաճառել նրանց օրգանները։ Կառավարության կողմից այս պնդումների հերքումները վստահելի չեն թվում օրենքին ընդդիմացողներին։ Չարժե՞ նրանց այս թերահավատությանը լուրջ վերաբերել։ Արդյոք, դա իրոք չի՞ արտահայտում հանրային խմբերի անվստահությունը դեպի կառավարությունն ու ոստիկանությունը։ Միթե՞ օրենքին կողմնակից իրավապաշտպանները ևս չեն կասկածում, որ փողոցում ցուցարարներին, քննչականներում և նույնիսկ դատարանի շենքում ամբաստանյալներին ծեծող ոստիկանության համակարգը կարող է Հայաստանի ընտանիքներում պաշտպանել բռնության ենթարկվողներին։ Ինչպես Արմեն Մելիքբեկյանը մեր զրույցում նկատեց, Դավիթ Հարությունյանը այն նախարարն է, ում պաշտոնավարման ժամանակ շարունակվում են Հայաստանի բանտերում առկա բռնությունները, ով տարիներ շարունակ աջակցել է ԵԽԽՎ-ում քաղբանտարկյալների գործերի և մարտի 1-ի հանցանքի և բռնությունների կոծկմանը։ Կարելի է էլի շարունակել պաշտոնյաների անունների, չիրացված պատասխանատվությունների և երկրի չլուծված խնդիրների ցանկը….

Ներկայացված նախագծին դեմ ելած քննարկման ներկաներից շատերը հայախոս էին, մի առանձին կանանց խումբ՝ ռուսախոս։ Արդյոք նրանց հասանելի՞ են իրենց կյանքում «արևմտյան գլոբալացման» վնասակար հետևանքները հասկանալու միջոցները, արդյոք նրանք կարո՞ղ են ընթերցել հենց արևմտյան հեղինակների կողմից արևմուտքի երկրների նեոլիբերալ քաղաքականությունների հիմնավորված և արժանահավատ քննադատությունները: Ներկա կանանցից ոմանք վստահաբար չէին կարդում նույնիսկ հայերեն։ Այս մարդկանց է ուղղված յուվենալ արդարադատության, գենդերային զգայունության հարցերի, ոչ հետերոսեքսուալ մարդկանց իրավունքների դեմ կռիվը մատչելի հարթակ սարքած պուտինյան ռուսալեզու պրոպագանդան՝ մշակութային վախերով պրոռուսական և գլխավորը՝ հակաեվրոպական տրամադրություններ ձևավորելու նպատակով։ Արդյունքում մի ռուսախոս կին ներկաներին էր բաժանում «արևմտյան ընտանիքի» դեմ և Ռուսաստանի ընտանեկան դրական արժեքներին կողմ քարոզող ռուսերեն թերթիկներ….

Ռուսաստանը տիրում է Հայաստանի տնտեսության խոշոր լծակների, խոչընդոտում է Ղարաբաղի խնդրի և հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանը, բայց հռչակում է, թե «ավանդույթի» տարածք չի ներխուժում։ Հակառակը՝ այն ջատագովում է ապամոդերնացումը, ծայրահեղ ազգայնականությունը և կրոնականությունը ինչպես իր, այնպես էլ հետխորհրդային մյուս երկրներում։ Հետադեմ պահպանողական մշակույթից և ցածր որակավորում պահանջող աշխատաշուկա տրամադրելուց բացի իր նախկին «քույր-եղբայրներին» ուրիշ էլ ի՞նչ կարող է առաջարկել մեծ ամբիցիաներով, սակայն չզարգացած կապիտալիզմով բռնատիրական Ռուսաստանը։

Քննարկմանը ներկա կանանցից շատերը Խորհրդային Հայաստանի անկումով իրենց մասնագիտական աշխատանքը կորցրած մարդիկ էին, որ իրենց անձնային արժանապատվության միակ տեղը գտել են ընտանիքում՝ «հայ ընտանիքում»։ Եվ մի՞թե հասկանալի չէ այդ տարածքը «դրսից» և անգամ հայկական պետության «ներխուժումից» ազատ ու «սրբազան» պահելու իրենց ձգտումը։ Նրանցից ոմանք էլ իրենց անձնային արժանապատվությունը շոյելու մխիթարությունը գտնում են իրենց «հայ» կամ «բնիկ երևանցի» ծնված լինելու մեջ։ Մի՞թե ուշ խորհրդային ազգայնական-քաղքենի այս հայացքի ներքո հասկանալի չէ Գավառի գյուղերից մեկում դաժան բռնությունների ենթարկված կնոջ դեպքի պես օրինակների վրա հենվող օրենքի դեմ իրենց զայրույթը։ Այդպես, օրենքին հակառակվողներից մեկը երիտասարդ մի ֆեմինիստի շփոթել էր Գավառի (10 տարվա բռնություններից ազատված) նախկին բնակչուհու հետ, ում «խորհուրդ էր տալիս» խոսելու փոխարեն Գավառ վերադառնալ։

Մի ավագ սերնդի տղամարդ էլ համոզված էր, որ ես տեղացի չեմ և պնդում էր հարցը, թե որտեղից եմ եկել։ Եթե հաշվեք ողջ կյանքումս Հայաստանից բացակայություններիս գումարային օրերը, վախենամ տարին չբոլորվի։ Հայերենը միակ լեզուն է, որով այս հոդվածի պես հոդվածը կարող եմ գրել մեկ օրում, իսկ ռուսերենով և անգլերենով վստահ չեմ, թե նույնիսկ կնախաձեռնեի։ Բայց մի՞թե այս տղամարդու հարցը տեղին չէ. որտեղ եմ ես կամ ինձ նմաններն ապրել մինչ այժմ, որ տեսանելի և լսելի չենք եղել իրեն։ Այո՛, ապրել եմ Հայաստանում, որտեղ տեսանելիություն և լսելիություն տրամադրող հիմնական հարթակները ամբողջովին զավթված են նույն քաղտնտեսական էլիտայի կողմից, որն այդ օրը դահլիճ էր տրամադրել ինձ ու տարիքով այդ տղամարդուն։ Ուրեմն մի՞թե օրենքի նախագծի քննարկումն իբրև շոու պիտակավորող, դրանում զուտ ֆինանսական ակնկալիք տեսնող պահպանողականների քննադատությունը չի արտահայտում նաև մեր կասկածները, թե կառավարությունը ընտանեկան բռնության դեմ պայքարի գաղափարական առաջամարտիկ է։

Ներկաներից մեկ ուրիշ կին պնդում էր, որ հետազոտել է օրենքի պատմություններն արևմուտքում (վստահաբար ռուսալեզու աղբյուրներից) և պարզել, որ դա բերել է «պղծվածների» աճին, իսկ Հայաստանում դրանք չպետք է տեղ ունենան։ Իմ հարցին, թե ո՞վ՝ արդյո՞ք ինքն է որոշում մարդկանց պղծվածությունը, նա պատասխանեց՝ «Ո՛չ, Աստված»։ Խոստովանում եմ՝ այս կնոջ դեմքի վստահ արտահայտությունը կասեցրեց իմ հարցը, թե ո՞ւմ աստվածը և ինչպե՞ս է որոշում։ Այն, որ գիտական կոմունիզմ սերտած սերունդը կարող է այսքան անկասկածորեն մարդկանց պիղծ դատել, նրանցից ազատվելու կոչեր անել՝ հենվելով աստծո և բարոյականության իր պատկերացման վրա, ինձ թևաթափ արեց։ Գուցե նաև այն պատճառով, որ կուզեի այդպիսի հավատավոր գաղափարականությամբ, բայց ոչ բնավ այդպիսի գաղափարների հավատացող մարդիկ ավելի շատ տեսնել Հայաստանի պետական հաստատություններում կամ Առաքելական եկեղեցում, այլ ոչ՝ կոնֆորմիստների, որ կարող են չընդունել կամ ընդունել օրենքներ՝ ըստ իրենց բյուրոկրատական շահի և քաղտնտեսական վերնախավի թելադրանքի։

Դավադրական տեսությունների, աստծո, անպղծության, հայկական գենի, ավանդական ընտանիքի այսպիսի մտայնություններ հնչեցնող ձայներում մի՞թե տեսանելի չեն մեր խորքային՝ առնվազն ոչ վաղ անցյալից եկած խնդիրները, խորհրդային անավարտ մոդերնացման, ՀՀՇ-ականների ազգային անկախ պետության պարտված իդեալի, Ղարաբաղի խնդրի և հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ձախողման և արտաքին աշխարհի հետ կասկածելի «կոմպլեմենտար» շփումների արձագանքները։

Ուրեմն արդարացվա՞ծ են գերխնդիրներով ծանրաբեռնված Հայաստանի ինքնիշխանության այսպիսի որոնումները։ Իմ պատասխանը սթափ է. եթե Հայաստանի ինքնիշխանության միակ հենասյունը անհավասարությամբ, բռնությամբ ու թույլերի տառապանքով լի «ավանդական» ընտանիքի պահպանման մեջ է, ապա ես կցանկանայի այն կորսված տեսնել։

Աննա Ժամակոչյան

The post Ընտանիքից կառչած ինքնիշխանությունը. բացվող հարցեր appeared first on Socioscope.

ԾԱՅՐԱՀԵՂ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԱՏԱՎՈՐ ՇՐՋԱՆԸ
Իգոր Բլաժեվիչը (Igor Blaževič) բոսնիական ծագումով իրավապաշտպան է, ով բազմաթիվ մարդասիրական և այլ առաքելություններ է իրականացրել աշխարհի այնպիսի թեժ կետերում, ինչպիսիք են Սարաևոն, Չեչնյան, Կամբոջան, Բիրման (կամ Մյանման) և Արևելյան Թիմորը: Նա 1999 թ.-ին «People in Need» ՀԿ շրջանակում հիմնադրել է «One World» («Մեկ աշխարհ») մարդու իրավունքներին նվիրված փաստագրական ֆիլմերի ամենամյա փառատոնը, մասնակցել ֆիլմերի արտադրության գործում, ղեկավարել կրթական ծրագրեր։ Իր իրավապաշտպան գործունեության համար բազմիցս արժանացել է մրցնակաների։ Այժմ հաստատված է Պրահայում և աշխատում է Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնում։

Այս տեքստը գրվել է 2013 թ.-ին Իգոր Բլաժեվիչի կողմից, ով այդ տարիներին աշխատում էր Բիրմայում։ Այդ երկրում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները և ազգայնականության աճը նրան մղեցին Բիրմայի քաղաքացիական հանրության հետ կիսել սեփական դրամատիկ փորձը Հարավսլավիայի ոչ վաղ անցյալի դիպվածներից։ Այս հոդվածը զգուշացում էր Բիրմայում ժողովրդավարական ուժերին՝ չտրվել ազգայնականության ծայրահեղացումներին և միշտ հետևողական լինել իշխող հակադեմոկրատ վերնախավի շահը չսպասարկելու հարցում։ Այս հոդվածը փլուզված, պատերազմներ և կոտորածներ վերապրած երկրի քաղաքացու մտահոգությունն է։ Այն արժանի է դիտարկել առավել լայն համատեքստում՝ որպես ցանկացած իշխանության և հասարակություն հարաբերության օրինակ։ Այս հոդվածը ահազանգ է բոլոր հասարակություններին՝ ծայրահեղ ազգայնականությամբ քաղաքացիներին վերահսկելու ու մանիպուլացնելու իշխանության ձգտումի մասին։

Նախորդ ամսվա վերջին կենտրոնական Բիրման ծածկած հակամուսուլմանական բռնությունների ալիքից հետո «88 Սերունդ» շարժման առաջնորդները հանդես եկան կարևոր հայտարարությամբ[1]: Մարտի 29-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Մին Կո Նաինգն ասաց, որ «շատ հստակ էր», որ զանգվածային խռովությունները ոչ թե ներկայացնում էին բուդդիստների և մուսուլմանների միջև եղած համայնքային բախումը, այլ հրահրվել են «լավ պատրաստված ահաբեկիչների» կողմից:

Ես միևնույն ցավոտ դասը քաղեցի իմ հայրենի Բոսնիայում 90-ականների սկզբին: Էթնիկ զտումները երբեք չեն իրականացվում «ամբոխի» կամ ենթադրաբար իրար ատող հասարակ համայնքների ինքնաբուխ բռնությամբ: Դրանք սովորաբար լավ պատրաստված կիսառազմականացված խմբերի աշխատանք են` անվտանգության օրգանների կողմից կազմակերպված: Նրանց խնդիրն է կեղտոտ գործն անելը` առանց ցույց տալու իրենց կապը կանոնավոր զինված ուժերի, պաշտոնյաների և իրենց քաղաքական հովանավորների հետ:

Այն, ինչ կատարվեց նախկին Հարավսլավիայում, չի կարող մեխանիկորեն օգտագործվել բացատրելու համար այն, ինչ տեղի է ունենում Բիրմայում: Սակայն այն դերը, որ խաղացին կիսառազմականացված խմբերը («լավ պատրաստված ահաբեկիչները») նախկին Հարավսլավիայում, և այն, թե ինչպես էին նրանք փոխհարաբերվում կանոնավոր բանակի հետ, զգաստացնող նախազգուշացում է Բիրմայում բոլոր պատասխանատուների համար` անկախ նրանից, թե որտեղ են նրանք` կառավարությունում, պառլամենտում, ընդդիմությունում, մեդիայում, թե քաղաքացիական հասարակության ոլորտում:

Էթնիկ զտումները նյութատեխնիկական ապահովման և կազմակերպչական տեսանկյունից բարդ գործողություններ են, որոնք չեն կարող տեղի ունենալ առանց պետական օրգանների գոնե թե մի քանի տարրերի լուռ ներգրավվածության: Ազգայնական մտավորականները, մոլեռանդ կրոնական առաջնորդները և «հայրենասեր» մեդիան նույնպես իրենց դերն են խաղում, սակայն հետավտորիտար պետության տեսանելի և անտեսանելի ուժային մարմինն է անբաժանելի համադերակատարը:

Ես չգիտեմ, թե ո՞վ է պատասխանատու Բիրմայում տեղի ունեցած սարսափելի դեպքերի համար, և չեմ կարող որևէ մեկին մատնանշել` հիմնվելով նախկին Հարավսլավիայի հետ տարված զուգահեռների վրա: Սակայն կան քաղված դասեր, որոնք որպես նախազգուշացումներ տեղին են։

Ազգայնականությունը՝ որպես ավտորիտարիզմի պաշտպանության վերջին հանգրվան

Ժողովրդավարացման պայմաններում լարված էթնիկ հարաբերությունները սովորաբար առաջինն են ջրի երես դուրս գալիս: Քաղաքական բացի պայմաններում ճնշված և խտրականությունների ենթարկված խմբերի բողոքները և պահանջները մակերևույթ են բարձրանում՝ դեպի մի բաց տարածք, որ բնորոշվում է բազմակուսակցական համակարգով, ազատ լրատվական դաշտով և հավաքների ազատությամբ: Այս պահանջներից և բողոքներից շատերը բորբոքում են կրակոտ ազգայնականությունը, ինչը կարող է մեծ ճնշում ստեղծել կազմավորվող ժողովրդավարական կառույցների վրա:

Սակայն կա մեկ այլ տիպի ազգայնականություն, որը շատ ավելի վտանգավոր է կազմավորվող ժողովրդավարությունների համար: Շատ տեղերում ազգայնականությունը երբեմն իր ծայրահեղ ձևով դարձավ նախկին ավտորիտար կառույցների վերջին հանգրվանը: Թույլ տվեք պատմել այն մասին, թե ինչպես Սլոբոդան Միլոշևիչն օգտագործեց ազգայնականությունը` երկարաձգելու համար կոմունիստական կուսակցության իշխանությունը, և թե որն էր գինը, որ վճարեցին նախկին Հարավսլավիայի ազգությունները:

Հարավսլավիան սովետական բլոկի մասը չէր, սակայն կոմունիստական երկիր էր: 1989-ին Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում կոմունիզմի անկման պայմաններում, նույնիսկ Հարավսլավիայի համեմատաբար մեղմ կոմունիստական իշխանությունը այլևս չկարողացավ դիմակայել:

Կոմունիստական կուսակցություններն, ըստ էության, բախվեցին երկընտրանքի: Մեկը իրենց իշխանական դերից հրաժարվելն էր և սոցիալիստական կուսակցությունների փոխակերպվելը: Նրանք կարող էին ընդունել ժողովրդավարական մրցակցության կանոնները և  կրել մեծ հավանականություն ունեցող պարտություն առաջին ազատ ընտրություններում: Սակայն դառնալով ընդդիմության մաս` նախկին բռնաճնշող կոմունիստական կուսակցությունները կարող էին մաքրել իրենց շարքերը և առաջ քաշել ավելի կոմպետենտ տեխնոկրատների և կառավարիչների: Իսկ այդ ընթացքում նոր կուսակցությունները, որ ընտրվել էին առաջին ազատ և արդար ընտրություններում, շուտով կհիասթափեցնեին իրենց ընտրողներին: Նախկին այլախոհները կապացուցեին, որ ավելի քան անկարող են, և առօրյա քաղաքականությունը կվարկաբեկեր նրանց ժողովրդականությունը: Այդ ժամանակ նախկին կոմունիստ, այժմ արդեն սոցիալիստական, ձախ կենտրոնամետ կուսակցությունները մեծ հնարավորություն կունենային հաղթելու ժողովրդավարական փոփոխությանը հաջորդած երկրորդ կամ երրորդ ընտրություններում: Եթե հետևենք նախկին կոմունիստական եվրոպական շատ երկրների անցումային հետագծերին, ապա սա հենց այն է, ինչ տեղի ունեցավ:

Մյուս տարբերակը, որ ուներ կոմունիստական կուսակցությունը, իշխանությանը կառչելն էր ամեն գնով: Դա հենց այն ուղին էր, որ ընտրեցին Սլոբոդան Միլոշևիչը և նրա սերբական կոմունիստական կուսակցությունը: Կոմունիզմը հօդս էր ցնդել և հեռացել, սակայն լավ կազմակերպված կուսակցական մեխանիզմը դեռ կար և վերահսկում էր տնտեսությունը և մեդիան, ինչպես նաև բանակը, ոստիկանությունը և գաղտնի ծառայությունները:

Գործարանների և գյուղացիական տնտեսությունների ղեկավարները, բանկերի կառավարիչները, առևտրային կազմակերպությունների ղեկավարները, հեռուստատեսության և ազգային ռադիոալիքների գլխավոր խմբագիրները և  գործադիր տնօրենները, բանակի գեներալները, ոստիկանության պետերը, լրտեսները և գաղտնի ոստիկանության պաշտոնյաները, որոնք տասնամյակներ շարունակ հալածել էին ընդդիմության անդամներին, վախենում էին այն ամենից, ինչ փոփոխություն կբերեր իրենց համար: Միլոշևիչը առաջարկեց նրանց բոլորին գոյատևում և պաշտոնավարման շարունակություն իշխանությունում, ինչպես նաև «յուղոտ կտորներ» մասնավորեցման գործընթացից: Նրանք պատրաստ էին հետևել:

Նախկինում արտոնյալ միջին և բարձր դասակարգի կուսակցականների և տեխնոկրատների միայն ինքնապահպանման շահը, սակայն, բավարար չէր այնքան քվեներ հավաքելու համար, որ նրանք հաղթեին ազատ բազմակուսակցական ընտրություններում: «Օրգանը» դեռևս վերահսկում էր պետական իշխանության բոլոր կարևոր գործիքները, սակայն այն չուներ գաղափարախոսություն կամ որևիցե դրական կերպար ընտրողներին առաջարկելու համար: Եվ ահա ամենահեշտ և ամենաարդյունավետ նոր գաղափարախոսությունը ազգայնականությունն էր:

Ազգայնական մտավորականների դերը «հայրենասեր» մեդիայում

Նախագահի և իշխող կուսակցության ներքո մարդկանց միավորելու համար անհրաժեշտ էր ստեղծել վախի և զայրույթի մթնոլորտ: Մեդիան և հանրային տարածքը դեռևս վերահսկող նախկին ռեժիմի առաջին քայլը ազգայնական մտավորականներին և կրոնական առաջնորդներին դուրս թողնելն էր ստվերից, որտեղ նրանց պահում էին տասնամյակներ շարունակ: Անսպասելիորեն մարդիկ, որոնք նախկինում հալածվում էին իրենց ազգայնական և կրոնական հայացքների համար, սկսեցին հայտնվել հեռուստատեսությամբ, հանդես գալ հրապարակային ելույթներով, մասնակցել բանավեճերի և տպագրվել: Նրանք հիմնականում խոսում էին հին պատմական բողոքների մասին՝ ներառյալ այն բոլոր անարդարությունները և ոճիրները, որ «ուրիշները» գործել են «մեր» նկատմամբ:

Մթնոլորտը հասարակության մեջ սկսեց թեժանալ: Վերածնված ազգայնականության «մի կողմին» ի պատասխան` դրսևորվեց մյուս կողմի պատրաստակամությունը` արձագանքել ազգայնականության իր զգացումով: «Ուրիշները» նույնպես ունեին իրենց պատմություն(ներ)ը և սեփական բողոքները: Նրանք ունեին իրենց սեփական գրողներն և մտավորականները, որոնք հավաքական հիշողություններ և ինքնություն էին խթանում: Նրանք ունեին նաև իրենց ձգտումներով լի քաղաքական գործիչները, որոնք նախապատրաստվում էին առաջին հետավտորիտար, «ժողովրդավարական» ընտրություններին: Նրանցից շատերը նախկին կոմունիստներ էին:

Հին անարդարություններն ու ոճիրները, որ գործել են «ուրիշները» «մեր» հանդեպ, և անցյալի փառքի մասին պատմությունները հաջողությամբ ոգևորեցին հանրությանը, քանի որ դրանք մեծ չափաքանակներով էին ներկայացվում նոր ու դինամիկ մասնավոր «ազատ» մեդիայի կողմից: Հանրությունը բացարձակապես անպատրաստ էր այսպիսի գրոհի: Նրանք միայն սովոր էին հին տեսակի ձանձրալի սոցիալիստական պետական քարոզչությանը: Նոր մասնավոր մեդիան նրանց առաջարկում էր  զվարճանքի, շոուբիզնեսի, բամբասանքների, դեղին էջերի մանիպուլատիվ հնարքների և «հայրենասիրության» թղթով փաթեթավորված ճիշտ չափաբաժնով քաղաքական ուղերձների մի գրավիչ խառնուրդ:

Ծայրահեղ ազգայնական կուսակցություններին նույնպես թույլ էր տրվում հայտնվել, իսկ դրանցից գոնե մի քանիսը ղեկավարում էին նախկին գաղտնի գործակալներ: Նրանց բորբոքված ելույթները ուղղակիորեն բարձրացրին մակարդակը նրա, ինչը թույլատրելի էր ասել: Ազգայնական դարձած կոմունիստները թույլ տվեցին, որ սկզբից հաչեն ավելի փոքր շները և թույլ տվեցին, որ նրանք հաչեն այնքան բարձր, ինչքան կարող էին: Տարբեր էթնիկ խմբերի միջև անվստահությունը սկսեց էլ ավելի աճել:

Բռնաբարության մութ դեպքը` որպես խթան

Ինչևիցե, այս ամենն էլ բավարար չէր լինի ընտրություններում հաղթելու համար: Անհրաժեշտ էր հին վերքերը տրորել նոր աղով: Հիմա պետք էր խթան հանդիսացող մի իրադարձություն, մի տգեղ միջադեպ: Հետո պետք էր բազմիցս հեռարձակել այդ տգեղ, զարհուրելի միջադեպի պատկերները մեդիայի միջոցով: Նույնիսկ սովորաբար զգուշավոր և ողջամիտ, զուսպ մարդիկ կուրացել էին` անտեսելով իրականությունը և պատրաստ էին կամավոր դառնալ ինքնապաշտպանության կամ բանակի ստորաբաժանումներում: Նրանք պատրաստ էին գնալ և սպանել ուրիշներին և կրակի տալ նրանց տները:

Սերբ գյուղաբնակ Ջորջե Մարտինովիչի ենթադրյալ բռնաբարության դեպքը մի այսպիսի խթան հանդիսացող միջադեպ էր, որ օգտագործվեց Միլոշևիչի ժողովրդականությունը ամրապնդելու և գրեթե ամողջ սերբ ազգն իր շուրջ մոբիլիզացնելու համար: Ենթադրվում էր, որ սերբ գյուղացուն առևանգել էին Կոսովոյի ալբանական արմատականները, որոնք էլ բռնաբարել էին նրան գարեջրի շշով: Ամբողջ պատմությունը բավականին մութ էր և առ այսօր ոչ ոք չգիտի, թե ինչ է իրականում կատարվել: Սակայն սերբ ազգայնականների և «հայրենասեր» մեդիայի համար կասկած չկար, որ հանցագործները ալբանացի էին, և որ սերբերը վտանգված էին:

Կոսովոյում Միլոշևիչի խտրականության քաղաքականության միջազգային քննադատությունը միայն օգնեց սերբերի մեծամասնության մեջ խորացնել այն զգացումը, որ իրենք սպառնալիքի տակ են` ներսից և դրսից թշնամիներով շրջապատված: Ցանկացած ոք, ով փորձում էր քննադատել Միլոշևիչի քաղաքականությունը կամ մրցակցել նրա հետ քաղաքական ասպարեզում, պարզապես որակվում էր «ազգի դավաճան»: Տարբեր կարծիքների միջև ժողովրդավարական մրցակցությունը կամ ժողովրդավարական երկխոսությունը տեղ չուներ: Մնացել էին միայն «նրանք» և «մենք»: «Մենք»-ը նշանակում էր բոլոր մարդիկ` անքննադատորեն միավորված երկրի առաջնորդների ետևում:

Բանակի և կիսառազմականացված խմբերի փոխլրացնող դերերը

Կանոնավոր բանակի և կիսառազմականացված խմբերի միջև փոխհարաբերությունը առանցքային դեր խաղաց էթնիկ զտումները իրականացնելու հարցում: Շատ օտարերկրյա դիտորդների համար ամենահեշտն էր եզրակացնել, որ այն ահասարսուռ գործողությունները, որ բնորոշեցին եվրոպական պատմության այս դրվագը 20-րդ դարի վերջին, հնագույն ատելության արդյունք էին Բալկանյան «ցեղերի» միջև, որոնք միշտ կռվել և կոտորել են իրար: Սակայն էթնիկ զտումները, որ սկզբից փորձարկվեցին Խորվաթիայում, իսկ հետո զանգվածայնորեն կիրառվեցին Բոսնիայում և Կոսովոյում, բոլորովին էլ իռացիոնալ չէին: Ընդհակառակը, էթնիկ զտումները խիստ ռացիոնալ, պլանավորված և լավ կազմակերպված ջանքեր էին: Որպես թիրախ էին ընտրվել մյուս համայնքի նշանավոր անդամները, և ահարկու ոճրագործությունները իրականացվում էին հրապարակայնորեն, որպեսզի մնացած բոլորը զանգվածային կերպով փախուստի դիմեն: Տները այրում էին կամ գետնին հավասարեցնում, որպեսզի չմնար ոչ մի սեփականություն, որը հետագայում հնարավոր կլիներ ետ պահանջել: Կրոնական, մշակութային և պատմական բոլոր հուշարձանները պետք է փոշիացվեին` չթողնելով ոչ մի հետք, որ «ուրիշները» երբևէ ներկա են եղել մի տեղ, որը պետք է լինի մեր և միայն մեր տարածքը:

Կիսառազմականացված խմբերը լավ զինված և խիստ շարժունակ ստորաբաժանումներ էին, որ բաղկացած էին նախկին հետախուզության գործակալների, օտար վարձու բանակի նախկին զինվորների, բանտից ազատ արձակված հանցագործների, ֆուտբոլային երկրպագուների և գործազուրկ երիտասարդների տարրերից: Կիսառազմականացված խմբերին հաճախ միանում էր տեղացի խաժամուժը, որ պատրաստ էր մասնակցել սպանություններին, բռնաբարություններին և թալանին:

Բանակը նույնպես տեղաբաշխված էր, սակայն գոնե սկզբում այն չէր մասնակցում սպանություններին և հրկիզումներին։ Այն տեղաբաշխված էր «անվտանգություն և պաշտպանություն ապահովելու», «իրավիճակը հանդարտեցնելու» համար, ինչպես նշվում էր: Իրականում, բանակի դերն էր վերահսկել ռազմավարական կարևորության կետերը, ապահով պահել ճանապարհները և այլ կարևոր ենթակառուցվածքները, փակել անկոչ հյուրերի մուտքը, ինչպիսիք էին լրագրողները, ակտիվիստները կամ դիտորդները (կիսառազմականացված խմբերը ազատ էին տեղաշարժվել  այնպես, ինչպես կցանկանային), չեզոքացնել թիրախային փոքրամասնություն հանդիսացող բնակչությանը զինելու կամ համակարգելու ցանկացած փորձ, կառավարել մարդկանց զանգվածային հոսքը և վերջապես ապահով պահել տարածքը, երբ արդեն այն «մաքրվել» էր «ուրիշներից»:

Քանի որ կիսառազմականացված խմբերը կատարում էին կեղտոտ գործը, ռազմական ուժերը, կառավարությունը և Միլոշևիչը միշտ կարող էին ասել միջազգային հանրությանը և տեղական լսարանին, որ իրենք պատասխանատու չէին, որ իրենք անում էին ամենը, ինչ կարող էին անել իրավիճակը հանդարտեցնելու համար: «Խնդիրները», նշում էին նրանք, առաջացրել էին տեղական ինքնապաշտպանության խմբերը, որոնք էլ հրահրվել էին ուրիշների հարձակումներից։

Մի որոշակի պահի այլևս անհրաժեշտ չէր հորինել պատմություններ բռնաբարությունների և սպանությունների մասին: Այսպիսի դեպքերը դարձան իրական և տեղի էին ունենում զանգվածայնորեն: «Մեր» ուժերը կատարում էին ահարկու ոճրագործություններ «ուրիշների» հանդեպ, սակայն «ուրիշները» չէին մնում պասիվ զոհեր: Նրանք նույնպես համակարգվում էին և հակահարված հասցնում «մեր» անպաշտպան քաղաքացիներին միևնույն ուժգնությամբ: Հայրենական «հայրենասեր» մեդիան երբեք չէր հաղորդում մեր սեփական կիսառազմականացված խմբերի և մեր սեփական հարբեցողների խաժամուժի կողմից իրականացված վայրագությունները: Սակայն «մեր» մեդիան միանգամից հաղորդում էր ուրիշների կողմից իրականացված հանցագործությունները: Սա ստեղծեց էլ ավելի շատ վախ և զայրույթ, ինչը նշանակում էր էլ ավելի շատ պատրաստակամություն՝ «պաշտպանելու» մեր վտանգված ազգը` սպանելով և վտարելով ուրիշներին:

Ահա թե ինչպես էր ազգայնականության արատավոր շրջանը պտտվում նախկին Հարավսլավիայում մեկ տասնամյակ շարունակ: Միևնույն ժամանակ Միլոշևիչը և իր նոր «սոցիալիստական» կուսակցությունը առանց որևէ խնդրի հաղթեցին 1990-ի, 1992-ի և 1997-ի նախագահական և պառլամենտական ընտրություններում: Համարյա մեկ տասնամյակ շարունակ Միլոշևիչը ժողովրդականորեն ընտրված նախագահ էր: Նախկին կոմունիստների` Սերբիայում ևս 10 տարի իշխանության մնալու գինը երկրի բաժանումն էր և չորս  ագրեսիվ պատերազմները: Երկու հարյուր հազար մարդ կորցրեց կյանքը, հազարավոր գյուղեր հրդեհվեցին, քաղաքներ ռմբակոծվեցին ծանր հրետանիով, միլիոնավոր մարդիկ ենթարկվեցին էթնիկ զտումների` թողնելով իրենց հողը և տները, իսկ տնտեսությունը ամբողջովին քանդվեց:

Ի վերջո Միլոշևիչը տապալվեց ժողովրդական ապստամբության կողմից, որը առաջնորդում էր սերբ երիտասարդական շարժումը` «Օտպոր»-ը («Հակահարված»), և միացյալ ընդդիմությունը, որը խիստ արձագանքեց, երբ նա փորձեց կեղծել 2000-ի ընտրությունները: Նրան հանձնեցին Հաագայի միջազգային դատարան` պատերազմական հանցագործությունների և մարդկության հանդեպ գործած հանցանքների մեղադրանքվ: Նա մահացավ իր բանտախցում սրտի կաթվածից՝ նախքան նրա դեմ հարուցված դատական գործը կհասներ եզրակացության:

Թյուրըմբռնումներից խուսափելու համար թույլ տվեք եզրակացնել, որ ես չեմ ցանկանում զուգահեռներ տանել Միլոշևիչի` Բալկանների մսագործի և նախագահ Թեյն Սեյնի միջև: Ինչ ցանկանում էի ասել այն է, որ էթնիկ զտումները երկնքից չեն ընկնում և տեղի չեն ունենում որպես համայնքային բռնության ինքնաբուխ ժայթքում: Էթնիկ զտումները (իսկ այն, ինչ կատարվում է Բիրմայում մուսուլման բնակչության հետ, ունի բոլոր բնութագրերը էթնիկ զտում կոչվելու համար) սովորաբար նախապես են պատրաստվում «պատերազմելու հոգեբանական ձևերի» միջոցով և չեն կարող տեղի ունենալ առանց առնվազն մի քանի պետական մարմնի տարրերի ներգրավվածության:

Ծայրահեղ ազգայնականության արատավոր շրջանը կոտրելու և վատթարը կանխելու համար (քանի դեռ ուշ չէ) Մին Քո Նաինգի և նրա «88 Սերունդ» շարժման գործընկերների պես քաղաքացիական հասարակության առաջնորդների համարձակ և պատասխանատու նախաձեռնությունները բավարար չեն: Քաղաքացիական հասարակությունը, հարգարժան անձիք, զուսպ կրոնական առաջնորդները, պատասխանատու մեդիան և ընդդիմությունը կարող են և պետք է օգնեն մերժել բռնությունը և հանդարտության կոչ անեն: Սակայն, վերջին հաշվով կառավարության և պետության պարտականությունն է թույլ չտալ, որ էթնիկ զտումներ տեղի ունենան իր տարածքում, և արագ ու որոշիչ գործողություններով կանգնեցնել բոլոր այն պետական և ոչ պետական ուժերին, որոնք այն հրահրում են:

[1] Թարգմանությունն առցանց հրատարակվում է ըստ Պայքարի փորձ[եր] գրքի (Ժամակոչյան Ա․, Անդրեասյան Ժ․, Մանուսյան Ս․, Մանուսյան Ա․, 2016, Սոցիոսկոպ ՀԿ): Հոդվածի թարգմանությունն իրականացրել է Արաքսյա Հակոբյանը՝ ըստ բնագրի (տե՛ս Blaževič, I. (2003 April 8) The Vicious Cycle of Extreme Nationalism. 2016.09.21 դրությամբ հասանելի է այստեղ՝ http://www.irrawaddy.com/contributor/the-vicious-cycle-of-extreme-nationalism.html)։ Թարգմանության իրավունքը սիրով տրամադրել է հեղինակը:

The post ԾԱՅՐԱՀԵՂ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԱՏԱՎՈՐ ՇՐՋԱՆԸ appeared first on Socioscope.

ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ» ԹԱԿԱՐԴՈՒՄ
2016 թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշեց անկախացման կամ երրորդ հանրապետության 25 տարին։ Այդ անկախության հաստատումը ուղեկցվել է բազմաթիվ դրամատիկ իրադարձություններով։ Դրանցից ամենախոշորներն էին 1988 թ. սկսված Ղարաբաղյան շարժումը, Խորհրդային Ադրբեջանում և Հայաստանում միջէթնիկ բռնությունների ու սպանությունների դեպքերը, որոնք հաջորդող տարիներին ԽՍՀՄ փլուզմամբ վերաճեցին պատերազմի։ Թեև Հայաստանը իր անկախության առաջին տարիներից ընկղմվեց Ղարաբաղյան շարժումով և ԽՍՀՄ փլուզումով հարուցված պատերազմի մեջ, նաև շնորհիվ հենց այդ գործոնների այստեղ դեմոկրատական գործընթացներ առաջ եկան։

Առաջին տարիների ընտրություններից (1990 թ. Գերագույն խորհըրդի ընտրություն, 1991 թ. Անկախության հանրաքվե, 1991 թ. ՀՀ առաջին նախագահի ընտրություն) հետո մյուս բոլոր խոշոր ընտրությունները իրենց դեմոկրատականության, հաջորդիվ նաև սահմանադրականության առումներով վիճարկված են քաղաքական ընդդիմության, իսկ վերջին շրջանում՝ նաև նոր ձևավորված քաղաքացիական հասարակության նեղ շրջանակի կողմից։ Իշխող վերնախավից դուրս գտնվող քաղաքացիական հանրությունը անհավասար պայքարում տարիներ շարունակ բախվում է օրինական ճանապարհով Հայաստանում փոփոխությունների գրանցման անհնարինությանը։

Հոդվածն առցանց հրատարակվում է ըստ Փոփոխության որոնումներ գրքի (Ժամակոչյան Ա․, Անդրեասյան Ժ․, Մանուսյան Ս․, Մանուսյան Ա․, 2016, Սոցիոսկոպ ՀԿ):

Հեղինակ՝ Աննա Ժամակոչյան

The post ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ» ԹԱԿԱՐԴՈՒՄ appeared first on Socioscope.

Պայքարի փորձ[եր]
Գրքի նպատակն է խոսել Հայաստանի արդիական հարցերի մասին գիտակարգային տեսանկյուններից և աշխարհում ընթացող գործընթացների հետ առնչությունների մեջ։ Այն հոդվածների ժողովածու է, որում ներառված են հանրային բանախոսությունների շարքի հիման վրա ձևավորված հոդվածներ և երկու թարգմանություններ։ Բանախոսությունները կազմակերպվել են Սոցիոսկոպ ՀԿ ջանքերով 2015 թ. մարտ-մայիս ամիսներին «Հասարակագիտական տեսություն և պրակտիկա՝ հանուն քաղաքացիական հասարակության զորացման» ծրագրի շրջանակներում։ Դրանք Հայաստանի արդիական խնդիրներին նվիրված հետազոտությունների ներկայացումներ էին, որոնց նպատակը հետազոտողների և քաղաքացիական-քաղաքական գործընթացներում ներգրավված մարդկանց՝ ակտիվիստների միջև քննարկումների դաշտ բացելն էր։

Ելնելով հոդվածների նախնական նյութից՝ մենք խմբագրելիս պահպանել ենք բանախոսությունների կենդանի խոսքի անմիջականությունը և պարզությունը՝ միաժամանակ պահպանելով տեսաբանական և գործնական հարցերի լուրջ քննարկումը։ Բանախոսները ներկայացնում են իրենց ասելիքի գիտակարգային կամ փորձառական շրջանակը, տալիս գործածած հասկացությունների սահմանումները և անդրադառնում խնդիրների մասին մտածելու իրենց ուղիներին։ Մասնավորապես ներկայացված են քաղաքացիական նախաձեռնությունների ակտիվ մասնակից Վահրամ Սողոմոնյանի, հետազոտողներ Արփի Մանուսյանի, Նարինե Խաչատրյանի և Սոնա Մանուսյանի հոդվածները։ Թարգմանաբար ներկայացված հոդվածները երկուսն են, որոնք արտաքին հայացք են աշխարհում տարածված գործընթացների հանդեպ՝ Արմինե Իշխանյանի դեպքում անմիջական առնչվելով Հայաստանի ակտիվիստական ալիքների հետազոտմանը, իսկ Իգոր Բլաժևիչի դեպքում նախկին Հարավսլավիայի և Բիրմայի օրինակով արժեքավոր փորձ ներկայացնելով համընդհանուր, ինչպես և Հայաստանում խիստ արդիական խնդրի՝ իշխանական հարաբերություններում ազգայնականության չարաշահման մասին։ Հոդվածները բնագրով՝ անգլերենով, հասանելի են համացանցում, սակայն հայերեն թարգմանությամբ ներկայացվում են առաջին անգամ։

Ժողովածուի հոդվածները տարբերվող՝ ակադեմիական և ակտիվիստական (կամ դրանք համադրող) փորձառությամբ հեղինակների առանձին աշխատանքներ են, սակայն կապվում են թեմատիկ հաջորդականությամբ և գրքի ասելիքի ընդհանուր նպատակով՝ Հայաստանի հիմնախնդիրներին գիտական և գործնական մոտեցումներ ցույց տալու ցանկությամբ։

Ժողովածուն կարող է հետաքրքրել Հայաստանի հանրային կյանքի արդիական հարցերով հետաքրքրված, դրանք լայն համատեքստում և բազմակողմանի դիտարկելու ցանկություն ունեցող, հանրային և քաղաքական կյանքում ակտիվ մարդկանց, սոցիալական և հումանիտար գիտնականներին, ինչպես նաև ընթերցողների լայն շրջանակի։

Ժողովածուն հասանելի է այստեղ։

The post Պայքարի փորձ[եր] appeared first on Socioscope.

Ոգևորության ստվերում
Վերջին շրջանում անընդհատ մի բանի մասին եմ մտածում. ինչու՞ ենք մենք շարունակաբար ոգևորություն կամ դրա աղբյուրը փնտրում ամենուր՝ որևէ բան անելու կամ արարքի իմաստալիությունը հիմնավորելու համար։

Մտահոգությունս ինքնին ոգևորության գաղափարը չէ կամ թե դրա մոտիվացնող գործառույթը, երբ որևէ կարևոր ու նախկինում բոլորովին անճանաչելի գիտելիքի կամ երևույթի ես հաղորդակից լինում ու պայծառացման նման մի բան է ծնվում, որ ուժ ունի փոխելու քեզ ու աշխարհին նայելու քո անկյունը։

Մտորումներս այլ դաշտում են. ի՞նչ անել, երբ աներևակայելի անդունդ ես զգում մի որևէ իրադարձության և դրանում ոգևորության ծիլեր փնտրել–գտնելու մարդկային ջանքերի միջև, երբ ոգևորություն է առաջանում այնտեղ, որտեղ կարծես ընկած պիտի լինեն զայրույթը, տխրությունն ու ցասումը։ Նրան փնտրում ենք անգամ պատերազմներում. պատերազմներից կամ դրանց հնարավորությունից ոգևորվում ենք ու մեզ նույնիսկ Բաքվում ենք պատկերացնում՝ գեղեցիկ ու վինտաժային սրճարանում (անունն, օրինակ, Մեծ Հայք)՝ մի բաժակ սուրճի կամ թեյի շուրջ՝ ընկերների հետ։ Այս իրավիճակում ոգևորությունը կանգնեցնելը դժվար է, բայց մեկ–մեկ ստացվում է, երբ պատկերացնում ես, որ Բաքվի սրճարանին հասնելու համար լիքը մարդ պիտի սպանես, դե ընթացքում ինքնդ էլ կարող ես մեռնել ու ճանապարհին՝ կես մեռած, կես կենդանի ոգևորությանդ հետ մենակ՝ մտածես։

Բայց որքա՞ն երկար ենք մենք՝ անվերջանալի իրադարձություններին հընթացս ու հպանցիկ ապրող, ուղնուծուծով ժամանակակից մարդիկս՝ կարող մնալ այս գրգռված–ոգևորված վիճակում, ե՞րբ կլղոզվի մեր հիշողությունը ու կմոռանանք, թե որտեղից ենք սկսել և ուր էինք ուզում գնալ։

«Գիտես, նենց ոգևորված եմ…», «Քեզ էս միտքը չի ոգևորու՞մ…», «Ձայնիցդ չի երևում, որ ասածս քեզ ոգևորեց…», «Էս իրադարձություններից նենց ոգևորված եմ, որ հեղափոխություն էլ կանեմ…»։

Որոշ հոգեբանական հետազոտություններ նույնիսկ առաջարկում են մեխանիզմներ, որոնց միջոցով զայրույթը կարելի է փոխարինել ոգևորությամբ։ Ոգևորությունն ավելի պրոդուկտիվ և դրական է գնահատվում։ Զայրույթովդ հեռուն չես գնա. կարծես հուշեն նմանօրինակ հետազոտությունները, մյուս կողմից էլ՝ համոզեն, որ լավ տրամադրություն ունենալը գործի կեսն է։ Լավատեսությունն էլ իբրև ժամանակակից մարդու ու կապիտալիստական աշխարհի նշանակալի մի հատկություն կգա ի օգնություն՝ միավորելու ու իմաստավորելու ոգևորությունը, արարքն ու նպատակը։

Սոցիոլոգ Նորբերտ Էլիասն ասում է, որ քաղաքակիրթ հասարակություններում մարդիկ անընդհատ ոգևորության կարիք ունեն, և միևնույն ժամանակ այնպիսի սոցիալական միջավայրի, որտեղ ոգևորությունից կարելի է հաճույք ստանալ առանց սոցիումի և անհատի համար դրա վտանգավոր դրսևորումների։

Երբ այլևս սահմանափակված ու սահմանված են սոցիալական ու քաղաքական գործողությունների դաշտն ու հնարավորությունները, երբ հարաբերական հանգստում մենք այս մտքի հետ մերթ հաշտ ենք, մերթ կռիվ ենք տալիս՝ փորձելով ընդլայնել այդ տարածքները, քննադատությունն ու ռեֆլեքսիան տեղ ունեն։ Բայց ծանր բան է, երբ մի սարսափելի փոփոխություն խախտում է անշտապ ու ժամանակի մեջ այդքան ձգված ռեֆլեքսիայի կանոնավոր ընթացքը։ Այդժամ արարելու կամ գոնե արարքի պատրանք ունենալու համար դիմում ենք ոգևորության մշտնջենական պահանջին. դառնում ենք մի մեծ գործողության մասնիկ, ինչ–որ բաներ ենք անում, դեռ մյուսներին էլ համոզում ենք, որ իրենք էլ անեն, կոչեր ու հորդորներ ենք հղում համայն մարդկությանը։ Այս գործողությունների տեսանելիությունն էլ ավելի է մեզ ոգեշնչում և ոգևորվում, և մի պահ սկսում ենք ուրիշների (հաճախ նրանց, ովքեր մեր ոգևորությունից գուցե անտեղյակ, բայց այդ ոգևորության արդյունքների անմիջական կրողն են լինելու) և երբեմն էլ ամբողջ հասարակության անունից խոսել ու պահանջներ դնել, որովհետև չենք էլ կարող պատկերացնել, որ մեր ոգևորությունը կարող են չկիսել մյուսները։

Բայց այստեղ է, որ պիտի հուսանք ու փորձենք իբրև ոգևորված ու էյֆորիկ մի խաղացող ավելի փոքր չլինել, քան բուն խաղն է, ինչպես կասեր Բոդրիյարը։

Հեղինակ՝ Արփի Մանուսյան

The post Ոգևորության ստվերում appeared first on Socioscope.