Կորչի պատերազմը

Ե. Չարենցի առաջին խմբագրած ժողովածուն կոչվում էր «Կորչի՛ պատերազմը»` նվիրված Առաջին համաշխարհային պատերազմի 10-ամյակին։ Գրքում ներկայացվել են Գ. Վանանդեցու, Մ. Ջանանի, Ն. Զարյանի, Ստ. Զորյանի, Ալազանի և այլոց հոդվածներն ու բանաստեղծությունները, ինչպես նաև Գ. Քոչարի, Կ. Հալաբյանի, Մ. Մազմանյանի ծաղրանկարները: Գրքի կոչ-առաջաբանի հեղինակն է համարվում խմբագիր Չարենցը, որն էլ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։

Ընկ. բանվորնե՛ր, ընկ. գյուղացինե՛ր.

Սրանից ուղիղ տաս տարի առաջ էր, որ սկսվեց համաշխարհային իմպերիալիստական պատերազմը:

Ամբողջ աշխարհի բոլոր երկրներն էին մասնակցում այդ կռվին: Մի կողմից Ռուսաստանն էր՝ Անգլիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Ամերիկայի, Ռումինիայի հետ միասին, մյուս կողմից՝ Գերմանիան, Ավստրիան, Տաճկաստանը և Բուլղարիան:

Մի կողմից էստեղ, Ռուսաստանում, ցարական կառավարությունը ասում էր իր «հպատակ» ժողովրդին, թե ինքը և իր դաշնակիցները կռվում են «ազատության», մանր ազգերին փրկելու համար. մյուս կողմից՝ Գերմանիայում, Տաճկաստանում պետությունները հայտարարում էին, որ իրենք են ազատության համար կռվողները:

Էստեղ պատերազմի պատճառ համարում էին Գերմանիային ու նրա թագավոր Վիլհելմին, էնտեղ կռիվ սկսելու ամբողջ մեղքը գցում էին Ռուսաստանի և նրա դաշնակիցների վրա:

Էսպես խաբելով, ժողովրդի աչքին թոզ փչելով, խարդախ ճանապարհով էր, որ ավազակային պետությունները սկսեցին 14 թվականի համաշխարհային մեծ պատերազմը:

Բանվորնե՛ր և գյուղացինե՛ր.

Անցել է տաս տարի, յոթ տարի է ինչ բանվորներն ու գյուղացիները Ռուսաստանում ծածանում են Հոկտեմբերի ալ-կարմիր դրոշը, հիմա ամեն մի բանվոր, ամեն մի գյուղացի լավ պետք է հասկանա, թե ով է մեղավորը, ինչն է այդ պատերազմի իսկական պատճառը:

Աշխարհի տերերը, հաստավիզ, հաստափոր կապիտալիստները, որոնց շահերը պաշտպանող կառավարությունները ուզում են էլ ավելի հարստանալ: Ամեն մեկը դրանցից ցանկանում է ունենալ ամբողջ աշխարհի հողերը, ամբողջ աշխարհի շուկաները՝ բոլոր ազգերին շահագործելու համար:

Անգլիան ուզում է ինքը տեր դառնալ շատ երկրների, Գերմանիան ցանկանում է իր ապրանքները ծախել առևտրական շուկաներում: Ռուսական միահեծանությունը ձգտում էր վերցնել Պոլիսը, Տաճկաստանը, վերցնել Անդրկովկասը: Բայց խաղաղ ճանապարհով երկիր չես վերցնի, շուկա ձեռք չես բերի: Պետք էր կռվել: Բոլոր երկրների կապիտալիստները, իմպերիալիստներն են մեղավոր պատերազմի, դրանց մեջ եղած մրցումն է պատճառը կռվի: Ու սկսեցին պատերազմը:

Ինչ դիրք բռնեց 2-րդ ինտերնացիոնալը, համայն աշխատավորության շահերի պաշտպան համարվող սոցիալիստական շտաբը:

Պատերազմի առաջին օրերին 2-րդ ինտերնացիոնալը քայքայվեց: Անգլիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատները, մենշևիկները միացան իրենց հարուստներին և շովինիզմով տարված կոչ արին իրենց աշխատավորներին զենք վերցնել կռվելու «թշնամու» դեմ: 2-րդ ինտերնացիոնալը զինեց աշխատավորներին իրար դեմ կռվելու բուրժուազիայի շահերի համար:

Մեզանում նույն դերը կատարեց իրենց 2-րդ ինտերնացիոնալի հայկական հատվածը համարող հակահեղափոխական դաշնակցությունը…

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո հայտնաբերված գաղտնի դաշնագրերը ցույց տվին ամբողջ աշխարհին, թե որքան դաշնակցականների սիրած Անգլիան, Ֆրանսիան, ցարական կառավարությունը մտածում էին մանր ազգերի փրկության մասին: Դաշնագրերից երևաց, որ Անգլիան, Ֆրանսիան և ցարը Տաճկաստանը իրար մեջ բաժանել, փայ-փայ են արել:

Էսպես, թե 2-րդ ինտերնացիոնալի սոցիալ-դեմոկրատները, թե նրա հայկական հատվածը՝ դաշնակցությունը օժանդակեցին, օգնեցին բուրժուաներին խաբելու աշխատավորությանը՝ կռվեցնելու նրանց միմյանց դեմ: Հիմա բոլոր երկրների բանվորները, բոլոր երկրների գյուղացիները լավ են ճանաչում 2-րդ ինտերնացիոնալի խաբեբաներին:

Ընկերնե՛ր.

Միմիայն բոլշևիկներն էին, միմիայն կոմունիստական կուսակցությունն էր, որ վճռական կերպով դուրս եկավ պատերազմի դեմ, նրանք էին, որ Լենինի, Լիբկնեխի և ուրիշների ղեկավարությամբ մերկացրին իմպերիալիստական պատերազմի ճիշտ պատճառները ու իսկական նպատակները: Բոլշևիկներն էին, որ դավաճան հայտարարելով 2-րդ ինտերնացիոնալի սոցիալիստներին, կոչ արին բանվորներին ու գյուղացիներին կռվել պատերազմի դեմ, խլել զենքի ուժով իշխանությունը կապիտալիստներից՝ վերջ տալու պատերազմի ամեն մի հնարավորության:

Միմիայն կոմունիստական կուսակցությունն էր բանվորների ու գյուղացիների շահերի պաշտպանության դրոշը բարձրացրել, միմիայն նա էր ցույց տալիս աշխատավորության ճիշտ ուղին:

Սակայն դեռ գիտակից չէին բանվորները, գիտակից չէին գյուղացիները, դեռ մեծ էր սոցիալ դավաճանների հմայքը: Այդ պատճառով էլ պատերազմը շարունակվեց 4 տարուց ավելի: Կոտորվեցին միլիոնավոր մարդիկ, տասնյակ միլիոն երիտասարդներ հաշմանդամ դարձան, հազարավոր գյուղեր ու քաղաքներ հողին հավասարվեցին: Ժողովրդական խոշոր հարստություններ՝ մի քանի հարյուր միլիարդների՝ հօդս ցնդեցին:

Ի՞նչ տվեց մեզ պատերազմը… Կոտորվեցին Հայաստանի գյուղացու երիտասարդ զավակները, քանդվեցին տներ, քայքայվեց գյուղացու տնտեսությունը, քարուքանդ եղավ աշխատավորների բարեկեցությունը:

Այսպես շարունակել չի կարելի, – ասացին բանվորներն ու գյուղացիները, – պատերազմ պատերազմի դեմ – հայտարարում էին բոլշևիկները, իշխանությունը պետք է վերցնել բուրժուաների ձեռքից, – կոչ էին անում նրանք:

Եվ 1917 թ. փետրվարին բանվորների ու գյուղացիների մի գրոհով տապալվեց ցարական կառավարությունը: Ռուսաստանի բուրժուազիան սոցիալ-դեմոկրատների և էսէռների ձեռքով ուզում էր իր գործը շարունակել, իր սև գործը մինչև վերջ տանել: Բայց կոմկուսակցությունը քնած չէր. Հոկտեմբերին Ռուսաստանի պրոլետարիատը վերջնականապես ջախջախեց բուրժուազիային ու հաստատեց բանվորագյուղացիական խորհրդային իշխանությունը:

Բանվորագյուղացիական իշխանությունը վերջ տվեց պատերազմին:

Բայց վերջ տվեց Ռուսաստանը: Մյուս երկրներում դեռ իմպերիալիստներն են տերն ու տնօրենը, նրանք են իշխանության գլուխ կանգնածները: Թե՛ Անգլիայում, թե՛ Ֆրանսիայում, թե՛ Ամերիկայում և թե՛ մյուս երկրներում բոլոր պետությունները արագ կերպով նոր պատերազմի պատրաստություններ են տեսնում: Հնարում են ավելի լավ թնդանոթներ, հնարում են ավելի լավ ինքնաթիռներ, հնարում են նոր տեսակի գազեր՝ ավելի շատ կոտորելու, ավելի շատ քանդելու: Նոր պատերազմի վտանգն է կախված ամբողջ մարդկության գլխին: Նոր պատերազմը ավելի աղետաբեր, ավելի սոսկալի պետք է լինի, քան անցյալ պատերազմները:

Ընկեր բանվորնե՛ր և գյուղացինե՛ր.

Մեզանից ամեն մեկը համաշխարհային պատերազմի ահեղ փորձից հետո իրեն պարզ հաշիվ պետք է տա, թե ինչ դիրք է ունենալու ինքը դեպի գալիք նոր պատերազմը, ամեն մեկը մեզանից լավ պետք է գիտակցի, որ պատերազմներին վերջ կտրվի ամբողջ երկրագնդում իմպերիալիստներին խորտակելուց հետո: Միայն համաշխարհային հեղափոխության հաղթանակը վերջ կտա ամեն տեսակի պատերազմներին:

Կորչե՛ն իմպերիալիստական պատերազմները և նրա հեղինակները:

Կորչե՛ն պատերազմի պաշտպան 2-րդ ինտերնացիոնալի շովեն սոցիալ-դեմոկրատները:

Կորչի՛ համաշխարհային իմպերիալիզմը:

Կեցցե~ այդ կռվի ղեկավար 3-րդ Կոմունիստական ինտերնացիոնալը:

Կեցցե~ համաշխարհային հեղափոխությունը:

1924, հուլիս 27

Եղիշե Չարենց

Հոդվածն առցանց հրատարակվում է ըստ՝ Չարենց, Ե. (1983). Անտիպ և Չհավաքված երկեր. Երևան։ ՀՍՍՀ ԳԱ: 

Հոդվածը թվայնացրեց Սոցիոսկոպը:

 Հոդվածն ամբողջությամբ կարդացեք այստեղ:

Պիտակներ

Հանգանակություն

Գումարը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարներին` նպատակի դաշտում նշելով «նվիրատվություն»:

Ինեկոբանկ
2052822181271008 (AMD)
2052822181271022 (USD)
2052822181271042 (EUR)
SWIFT code INJSAM22