ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ ԱՌՕՐՅԱՅՈՒՄ

Զրույցներ սահմանին մերձ

Ի՞նչպես են Հայաստանում և հատկապես սահմանամերձ համայնքներում ապրող մարդիկ մտածում և խոսում պատերազմի, խաղաղության, հարևանների հետ հարաբերությունների մասին։ Որքանով են այդ գաղափարները փոխկապված իրենց կյանքի և իրավունքների, համայնքի ապագայի հետ։ Աշխարհի և Հայաստանի, մենք-ի և նրանք-ի մտապատկերները, որ առկա են այսօր, հանրային կյանքը շարունակելու և փոփոխելու ի՞նչ հնարավոր հուներ են բացում։

 

Պատերազմի գաղափարը, կրակոցները նախ և առաջ խաղ են պատանի տղաների համար: Նրանք ոգևորվում են կռիվ-կռիվ խաղալու հեռանկարով, տարիքակից աղջիկների մոտ ցուցադրում իրենց քաջությունը, նրանց պաշտպանելու ձգտումը:

Այս խաղը, սակայն, մեծահասակների միջամտությամբ և խրախուսանքով լրջանում է, դառնում դիրքորոշում, կերտում է ցանկություններ, մղում գործողությունների: Ռազմականացման պաթոսն ու էթիկան ոչ միայն արդեն եղած սոցիալական հաստատություններ՝ դպրոցներ, մանկապարտեզներ, ընտանիքներ է ներխուժել, այլ առանձին՝ մասնագիտացված կառույցների գործունեությամբ և աշխատանքով ինստիտուցիոնալ արմատներ է գցել։

Սահմանամերձ որոշ համայնքներում, որոնք 1990-ականների թեժ ռազմական գործողություններում ներգրավվածություն են ունեցել, այսօր հանդիպում ենք ռազմականացված գիտակցության սովորականությանը։ Հատկապես տղաների «փոքրուց սահմանապահ» լինելու պարտադիր մտայնությանը նպաստում է այս համայնքներում ռազմականացման ջատագով այնպիսի կառույցի գործունեությունը, ինչպիսին «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ն է։ Այն ոչ միայն անարգել և առանց հարցադրումների հանդիպելու, այլև պետական հովանավորչությամբ տարիներ շարունակ, երեխաներից զինվորականներ պատրաստելու գործունեություն է ծավալել։[1]

Տղաներն ավելի շատ են ոգևորվում կրակոցներից։ [Հակառակորդին] ասում են ՝ կրակեք, ինչ ուզում եք արեք

(մինչև 18 տ. աղջիկ, Նախիջևանին սահմանամերձ համայնք)

 

Այստեղ տղաները փոքրուց էլ սահմանապահ են։ Իմ երկու երեխաներն էլ «պատանի երկրապահ» են, արդեն ամեն ինչին՝ զենքին և այլն, տիրապետում են։  «Պատանի երկրապահի» խումբ կա, երկուսն էլ զինվորական շորեր են տրամադրում, կրակային են տանում, զենքի հետ ծանոթացնում, շարային քայլեր են անում։

(35-50 տ. կին,  Նախիջևանին սահմանամերձ համայնք)

 

 

Իրենց  մեքենաները, որ անցնում են, տեսնում ենք. ամեն ինչ պարզ տեսնում ենք։ Մեր դպրոցում այդ ՆԶՊի  դասարանում երեխաները ոգևորված գնում են ամեն հերթափոխի օրերին, մեծ հեռադիտակը դնում, նայում են։

(մինչև 18 տ. աղջիկ, Նախիջևանին սահմանամերձ համայնք)

 

Եթե պատերազմ լինի, գյուղից փախնելու հնարավորություն չկա, քանի որ բոլոր ճանապարհները հսկում են հակառակորդները (չնայած ինչի՞ փախնենք, եթե կարղանանք առաջ գնանք, իրենց տարածքները վերցնենք…), oրինակ՝ կանանց տեղափոխելու համար դա խնդիր է դառնալու, չենք կարողանա տեղափոխել, ճանապարհը հսկվում է։

(մինչև 18 տ. տղա, Նախիջևանին սահմանամերձ համայնք)

 

Նկատելի է, որ ռազմականացնող ինստիտուցիոնալ կառույցները աշխատանքներ են տանում նաև պատանի աղջիկներին ընդգրկելու ուղղությամբ: Դրանց անդամակցությունը դպրոցահասակ աղջիկների համար նախապայման է դառնում կռվի, պատերազմի, զենք կրելու խոսակցություններում և մտածողական դաշտում ներգրավվելու, պատերազմական գործողություններում մասնակցության պատրաստակամության աճի համար։

Ես գյուղում հիմա գրանցված եմ որպես «պատանի երկրապահ», ու եթե ինչոր բան լինի, (երբ  շուտով չափահաս դառնամ) ես իրավունք ունեմ կամավոր կերպով մասնակցել այդ ամեն ինչին։ Թուղթն էլ ունեմ, ինձ խանգարող բան չկա։ Այդ դեպքում ես էլ իմ ներդրումը կարող եմ ունենալ իմ ներկայությամբ։  

(մինչև 18 տ., կին, Նախիջևանին սահմանամերձ համայնք)

 

1990-ականներին ծավալված Ղարաբաղյան պատերազմը այսօրվա պատանի աղջիկների և տղաների համար առավելապես մեծերից փոխանցված գիտելիք է և հիշողություն, հեռավոր պատմություն։ Նրանց համար «իրական» պատերազմը 2016 թվականի ապրիլյան էսկալացիան է՝ «քառօրյա պատերազմ» կամ «ապրիլյան պատերազմ» կոփված անունով։

 

Ինձ համար ամենատպավորիչը վերջին դեպքերն էին՝ քառօրյա պատերազմը։ Ես, ճիշտ է, կարդում եմ պատերազմում տեղի ունեցող դեպքերի մասին, զգում եմ դրանց սարսափելի լինելը, բայց չեմ կարողանում ըմբռնել, իսկ վերջին դեպքերն ավելի կապ ունեին ինձ հետ, թարմ են իմ հիշողություններում և պատերազմը կապվում է դրա հետ։

(մինչև 18 տ. աղջիկ, Նախիջևանին սահմանամերձ համայնք)

 

2016 ապրիլ-մայիսյան թեժացումները պատանիների համար առիթ դարձան պատերազմում կամավոր մասնակցելու, «հողն ու ջուրը» պահելու (գուցե հերոսանալու, ի վերջո մեծանալու) պատրաստակամության ցուցադրման համար: Դպրոցական տղաներից շատերն այդ օրերին մտադրություն են ունեցել ընտանիքից թաքուն գնալ առաջնագիծ։

 

 ոսում էինք] տարբեր բաներից, որ մենք էլ կամավոր գրվեինք, գնայինք, կամ ասում էին՝ մեզ չեն տանի, ասում էինք՝ իջնենք մայրուղի, ավտոբուսներին սպասենք, հետները գնանք, այդպես խառը խոսում էինք էլի

(մինչև 18 տ. տղա, Նախիջևանին սահմանամերձ համայնք)

 

 Ապրիլյան պատերազմին հենց ինքս ուզեցել եմ մասնակցեմ։  Ուզում էի գնայի, նույնիսկ ծնողներիս չասեի, որ, օրինակ, ես այսինչ տեղն եմ գնում, բարձրանայի, դիրքեր պահեի, մեր հողն ու ջուրը…. բայց ընդհանրապես չեմ ուզեցել տեղյակ պահեմ դրա մասին։ Ես ինքս, իմ կամքովմենակ ես չէ, ընկերներիցս շատերը ուզեցել են միասին գնանք, հետո չգիտեմ

(մինչև 18 տ. տղա, Նախիջևանին սահմանամերձ համայնք)

 

Պատանի տղաների մեծ մասի շրջանում պատերազմի շուրջ պատկերացումները ռոմանտիկացված են. դրանք կապված են հերոսության, իրենց սիրելիների և հայրենիքի պաշտպանության պարտքի հետ, որտեղ գրեթե բացակայում են պատերազմի մութ երեսի մասին պատկերացումները։ Համատարած ռազմականացված մտայնության այս ստվերի ներքո երբեմն առկայծում են պատերազմը խնդրականացնող պատանի տղաներ, ում բառապաշարից բացակայում է կռվի գովերգումը, նոր հողեր գրավելու պահանջը, ում համար հարազատ մարդկանց և հայրենիքի հանդեպ սերը կարևոր է դարձնում խաղաղ պայմաններում հանգիստ ապրելու երազանքը։

 

Եթե բոլորը ինձ նման մտածեին, բոլոր զենքերը կթաղեին հողի տակ և կնստեին իրենց համար հանգիստ կապրեին։ (…) Ես ուղղակի, այսպես ասած, ատում եմ այդ պատերազմը և չեմ էլ ուզում հետաքրքրվեմ, ուղղակի իմանում եմ զուտ իմանալու համար։

(մինչև 18 տ. տղա, Նախիջևանին սահմանամերձ համայնք)[2]

 

Նկատելի է, որ պատերազմի մասին խոսելիս պատանի աղջիկները ավելի հեշտությամբ են խաղաղասիրական, փոխըմբռնմանը միտված վերաբերմունք դրսևորում «թշնամու» հանդեպ։ Պատերազմի իրական երեսի և դրա բերած խնդիրների մասին աղջիկներն իրենց ավելի ազատ են զգում մտածել և  արտահայտվել:

 

Ես այդպես թշնամական չեմ ուզում տրամադրվել ինչոր մեկի նկատմամբ, ուղղակի, բնականաբար, կուզեի, որ ամեն ինչ խաղաղ լիներ։

(մինչև 18 տ. աղջիկ, Նախիջևանին սահմանամերձ համայնք)

Այդ տարի մեր գյուղից 6-8 տղա կար ծառայող։ Ու ինչքան գիտեմ, ամեն մեկը եկել են մի խնդրով. մեկի մոտ վախից հոգեկան խնդիրներ են առաջացել, չեմ ասում լրիվ հոգեկան է դարձել, բայց հոգեկան շեղումներ են նկատվում, և ինքն  էլ զգում է, որ այդ ամեն ինչից է։ Մարդ կա ասում է՝ դրանից չի, բայց կողքից տեսնողն էլ տեսնում է, որ նորմալ գնացել է և հիմա հետ է եկել այդպիսին։ Եղբայրս, որ ասեցի եկել է, կրակոցից մի ականջը չի լսում հիմա, քանի որ երկար ժամանակ այդ գետնափոր նկուղներում են մնացել, բոլորը երիկամների խնդիր են ունեցել։ Խոնավությունից ամեն մեկի մոտ մի խնդիր առաջացել է։ Բայց միևնույն է, բոլորս փառք ենք տալիս Աստծուն, որ գոնե այդքանով են պրծել։

(մինչև 18 տ. աղջիկ, Նախիջևանին սահմանամերձ համայնք)

 

Եթե տղամարդկանց վրա պատերազմի ազդեցությունն ակնհայտ է՝ նրանց ֆիզիկական և հոգեկան առողջության, կյանքի կորստի փաստերի և ռիսկերի հանգամանքով, ապա կանանց վրա ազդեցությունը պատանիների շրջանում մտածված թեմա չէ։

  • Իսկ կանայք ո՞նց են տուժում պատերազմից։
  • Եսիմ։
  • Իսկ տղամարդի՞կ։
  • Տղամարդիկ էլ՝ իրենց կյանքը զոհաբերելով հայրենիքին։

(մինչև 18 տ. տղա, Նախիջևանին սահմանամերձ համայնք)

 

Մեծահասակներն իրենց հերթին, հատկապես պատերազմի փորձառությունը վերապրած անձիք պատերազմի ազդեցության մասին խոսում են առավելապես ընդհանուր բառերով, կարծես ավելի հստակ ձևակերպումներ և բառապաշար չգտնելով խնդրի ողջ խորությունը նկարագրելու համար։

Մի գյուղացի ունեինք Վետերան մականունով (1945թ.-ին պատերազմին էր մասնակցել դրա համար Վետերան էին ասում): Մեզ ասում էր. «Դուք դեռ չեք պատկերացնում պատերազմի հետևանքները.  հա՛մ հացից է գցելու, հա՛մ ուրիշ բաներից։ Մենք էլ այն ժամանակ երիտասարդ էինք, չէինք հասկանում։ Հետո իրոք հասկացանք, թե ինչ  հետևանքներ կարող են լինել։ Շատ վատ վիճակ է։

(50+ տ. տղամարդ,  Նախիջևանին սահմանամերձ համայնք)

 

Տղամարդկանց և կանանց կրած վնասների առանձնահատկությունները հստակ ձևակերպված ներկայացվում են խիստ սահմանափակ հարցերի մասով։ Համարվում է, որ տղամարդիկ առավելապես տուժում են ֆիզիկապես, կանայք՝ հիմնականում հոգեբանորեն՝ որդիներին կորցնելու մտավախության և վերագրվող բարձր հուզականության ուժով։

Իհարկե ազդում է։ Եթե, ասենք, 40 տարեկան  վայեննին և նույն տարիքի այլ մարդ իրար կողք կանգնած լինեն, վայեննին ավելի ծեր է երևում, մազերը ավելի սպիտակած են։

(18-35 տ. տղամարդ,  Նախիջևանին սահմանամերձ համայնք)

 

Կանանց, մայրերի կյանքի վրա է ազդում։ Յոթ տարեկան երեխայի մայրն էլ է արդեն մտածում է, որ իր երեխան գնա բանակ, որ իր երեխան գնա սահման

(18-35 տ. տղամարդ,  Նախիջևանին սահմանամերձ համայնք)

 

Կանայք հուզվում են իրենց որդիների բանակ գնալու հետ կապված։ Ամեն րոպե կանանց մոտ այդ հուզումնային վիճակը կա և ավելի շատ է։ Չեն ուզում, որ իրենց որդիները գնան բանակ։ Ամեն քայլի դիմում են, որ չգնան բանակ, չգնան սահման։

(18-35 տ. տղամարդ,  Նախիջևանին սահմանամերձ համայնք)

 

Դե ասում են՝ կինը, «կին կոչեցյալը» թույլ է, վատ է զգում միշտ էլ։ Ասում են՝ տղամարդը ուրիշ է, կինը ուրիշ է, միշտ էլ զգայուն է կինը։

(50+ տ. կին, Նախիջևանին սահմանամերձ համայնք)

 

Կանանց վրա ռազմականացման բացասական ազդեցությունները որոշ դեպքերում բացում են նաև առավել խորքային հասարակական խնդիրների շերտերը՝ սոցիալ-տնտեսական, մշակութային քաղաքականությունների անբավարար դրությունը։ Որոշ դեպքերում կարելի է հանդիպել ռազմական ծախսերի աճի և դրա՝ սոցիալ-տնտեսական բացասական ազդեցությունների կապի մասին ավելի հստակ պատկերացումների։ Նույնիսկ այն դեպքերում, երբ համայնքներն ունեն սոցիալական-կրթական հաստատությունների, ինչպես օրինակ, մանկապարտեզի կարիք, դրանց շենքերը կարող են զավթված լինել բանակի կողմից, ինչը մտածումի առարկա է դառնում։

Գյուղի կանայք շատ մեղկ ենօրինակ հենց մշակույթից այնքան հեռու են մարդիկ։ «Կյանքը սահմանից է սկսվում», ուրեմն պետք է ուշադրություն դարձնել այդ կանանց համար մի օր կազմակերպեն ձրի համերգ։

(50+ տ. կին,  Նախիջևանին սահմանամերձ համայնք)

 

Եթե իշխանությունները այն ժամանակ ցանկանային, պայմանագիր կկապեին, այս վիճակը չէր լինի։ Պետք է խաղաղություն լինի, որ գումարը դնեն տնտեսություն զարգացնեն, իսկ այսպես ամբողջ գումարը գնում է ռազմական տեխնիկայի, բանակի վրա։

(36-50 տ. տղամարդ,  Նախիջևանին սահմանամերձ համայնք)

 

Մանկապարտեզում էլ զորամասն են սարքել։  Սովետի ժամանակ կառուցված մեծ, սիրուն մանկապարտեզ էր, հիմա սարքել են զորմաս։ 1992-93 թթ.-ից զորամաս է։ 

(50+ տ. տղամարդ,  Նախիջևանին սահմանամերձ համայնք)

 

Ռազմականացման հետևանքով հաճախ ամբողջ համայնքի սոցիալական կյանքը և տնտեսությունը կախյալության մեջ է ընկնում բանակից՝ որպես աշխատատեղ տրամադրող հիմնական ինստիտուտից։ Ոչ միայն պետության բյուջեի մի առյուծի բաժին, համայնքի մանկապարտեզի շենք, այլև մարդկանց կյանքի գործունեությունն է զբաղեցվում ռազմական գործով՝ անգամ ոչ թեժ պատերազմական շրջանում։ Սահմանամերձ համայնքն այլևս կորցնում է սովորական համայնքային կյանք և սոցիալական կյանքի բազմազանություն ունենալու հնարավորությունը. միակ գոյության ձևը, որ մտածվում է, «սահմանապահ» համայնք լինելն է։

Գյուղում ընտանիքների մի 50%-ն ունի պայմանագրային զինծառայողներ, որ ամեն ամիս փող է տուն մտնում, էլի նորմալ վիճակ է։

(36-50 տ., կին,  Նախիջևանին սահմանամերձ համայնք)

 

Հիմնականում գյուղի բոլոր տղամարդիկ՝ մի ընտանիքից  մի հոգի, նույնիսկ երկու հոգի կարող է պայմանագրային զինծառայողներ լինեն։ Նաև կանացից կան աշխատող զինվորականներ։

(մինչև 18 տ. աղջիկ, Նախիջևանին սահմանամերձ համայնք)

 

Պատերազմի վտանգի և ռազմականացման խնդիրը տղամարդկանց, կանանց և երեխաների կյանքում սոցիալական կյանքի  կառուցվածքային հետևանքների (իշխանական անհավասար հարաբերությունների), ինչպես նաև զբաղվածության կանխորոշվածության տեսանկյունից, թեև փորձառվում են, սակայն խնդրականացված ձևակերպում չեն ստանում։

Ուրվագծված խնդիրները դիտարկվում են որպես անհատի հոգեբանական խնդիրներ և չեն նկատվում դրանց սոցիալական-քաղաքական խորքերը։ Ռազմականացված համայնքներում գրեթե բոլորը՝ տղամարդիկ և կանայք, հայտվնում են միակ և անքննելի հայր-իշխանին՝ բանակին հավատարիմ ու նվիրյալ ծառայելու դրության մեջ, որի հետ, պատկերավոր ասած, ամուսնացած լինելն ունի իր վտանգները, սակայն որից բաժանվելը ևս դժվար տանելի ողբերգական դրամա է։

Մեր դեպքում ամուսինս 50 տարեկան է, այդ տարիքում դժվար է ծառայությունը, բացի այդ առողջական խնդիր ունի՝ թոքի վիրահատություն  է տարել…։

Իր համար մեծ հոգեբանական սթրես էր. երբ ավտոմեքենաները հերթափոխվում էին, այնքան էր սիրում իր աշխատանքը, որ տղամարդ տեղով ուրալների հետևից լացում էր։

Ինքը ութ տարվա զինվորական ստաժ ուներ, չհաշված այն, որ այստեղի կռիվներին ինքը մասնակցել է, երկրապահի  անդամ է։ Էպրիկիզում գրած է պիտանի է ծառայության՝ սահմանափակումներով։ Այդ «սահմանափակումները» աշխատելուն խանգարեց. «պիտանի  է ծառայությանը»-ը թոշակին խանգարեց։

(36-50 տ., կին,  Նախիջևանին սահմանամերձ համայնք)

 

Ռազմականացված համայնքներում բանակը գաղութացնում է սոցիալական կյանքի հիմնական ոլորտները, մարդկային նպատակները, երազանքները, գործունեության ձևերը։ Արդյունքում ռազմականացումը ամրապնդում է հայրիշխանական սոցիալական կառուցվածքները թե՛ հասարակական կյանքում, թե՛ ընտանիքների ներսում։ Թվում է՝ հենց իրենց կանանց չի մնում որևէ այլընտրանք, քան «ընտանիք պահող» և «սահման պահող» տղամարդկանց աջակցողի՝ իրենց տրված դերակատարումն ընդունել որպես բնական և սովորական մի բան։ Ընտանիքը գործնականում պահելու՝ երեխաների և ծերերի խնամքի, կենցաղային հոգսերի, տնային տնտեսությունը վարելու կանանց կատարած աշխատանքն անգամ արժևորում չի ստանում հենց իրենց՝ կանանց կողմից։ Իսկ կանանց անհատական նախասիրությունների և հանրային գործունեության մասին խոսելը դժվար պատկերացնելի է։

 

Տղամարդիկ են պահում և՛ ընտանիքը, և՛ սահմանը, կանայք էլ՝ իրենց խորհուրդներով, ինձ թվում է, ինչքան կարողանում են, օգնում են

(18-35 տ. կին, Նախիջևանին սահմանամերձ համայնք)

 

Հայաստանի սահմանամերձ ռազմականացված համայնքներում ապրող մարդկանց արտահայտած այս մտքերը որքան էլ տեղային են և ներհատուկ հայաստանյան իրականությանը, միաժամանակ դրանք գիտակցվում են որպես ունիվերսալ խնդիրներ, վերաբերում են բոլոր ժամանակներում և տեղերում ապրող  ռազմականացված հասարակություններին՝ անգամ հենց այսօր, հենց մեր սահմանի հակառակ կողմում գտնվողների կյանքին[3]։

 

Հաստատ իրենք էլ են ձգտում խաղաղության։ Իրենք էլ կուզենան, որ հանգիստ ապրենք։ Մի կյանք ենք ապրում՝ միջին տվյալներով 60-65 տարի, ավել չկա ու չգիտես, թե վաղը ինչ կլինի։ Կարելի  է այդ տարիներն ուղղակի վայելել, ոչ թե կռվել։

(18-35 տ., կին, Նախիջևանին սահմանամերձ համայնք)

 

Բոլորն էլ կուզենան, որ խաղաղություն լինի։ Թեկուզ ոչ հայերը. մնացած երկրներն էլ, որտեղ որ անընդհատ կռիվներ են լինում ։

(18-35 տ., կին, Նախիջևանին սահմանամերձ համայնք)

 

Սահմանի երկու կողմերում նույն խնդիրները կիսելու գիտակցումը, որ առկա է Հայաստանի սահամանամերձ բնակիչների շրջանում, արդյո՞ք այդ խնդիրները համատեղ լուծելու քայլին տանելու նախապայման կդառնա…

 

 

 

[1] Հայաստանի բոլոր դպրոցներում կստեղծվեն «Պատանի երկրապահ» ակումբներ (2014.11.01) վերցված այստեղից՝ https://armenpress.am/arm/news/782349։

[2] Այս պատանու հետ հարցազրույցն ամբողջությամբ հասանելի է «Եթե փամփուշտը զենքի մեջ է» (2018) վերնագրով հրապարակման մեջ այստեղ՝ https://socioscope.am/archives/1442

[3] Սահմանից հակառակ կողմում բնակվողների մասին պատկերացումների շուրջ առավել մանրամասն ծանոթացեք այստեղ՝ «Նրանք. սահմանից այն կողմ ապրողները» (2018) https://socioscope.am/archives/1451։

 

Հեղինակներ՝ Շահանե Խաչատրյան, Աննա Ժամակոչյան

 

Պիտակներ

Հանգանակություն

Գումարը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարներին` նպատակի դաշտում նշելով «նվիրատվություն»:

Ինեկոբանկ
2052822181271008 (AMD)
2052822181271022 (USD)
2052822181271042 (EUR)
SWIFT code INJSAM22