Երբ 2010 թվականին Ալեն Բադյուն հարգանքի տուրք էր մատուցում Դանիել Բենսաիդին

Խորհրդային Միության հատկապես վերջին տարիներին բառերը սկսել էին կորցնել իրենց իմաստը։ Դրանք հաճախ լավագույն դեպքում հնչում էին իբրև դատարկ զրնգոց, երբեմն նաև պարզապես նույնանում էին կեղծիքի հետ։ Ամենահայտնին, թերևս, «ընկեր» բառն էր։ Մարդիկ (քաղաքացիները) միմյանց դիմելիս պարտավոր էին օգտվել այդ բառից։ Խորհրդային լեզվի բառարանում ստանալով դիմելաձևի կարգավիճակ՝ այն ձեռք էր բերել սուբստանցիոնալ նշանակություն։ «Ընկերը» ոչ միայն կոչված էր կրելու սոցիալական ու քաղաքական բովանդակություն, այլև դարձել էր ընդհանրապես խորհրդային հասարակարգի ցուցիչը։ Խորհրդային Միությունը ընկերավարական (այս բառը արևմտահայերենն էր ստեղծել, բայց այն ասես հենց խորհրդային մարդկանց համար էր) երկիր էր։ Ահա, ուրեմն, այս «ընկեր» բառը ևս դադարել էր բովանդակալից լինելուց։ Հիշում եմ, երբ առաջին անգամ՝ ավելի քան երեք տասնամյակ առաջ, Թերլեմեզյանի անվան ուսումնարանում մտա լսարան, և ուսանողներն ինձ հարցրին, թե ինչպես կարող են ինձ դիմել, ես նրանց հպարտության նրբորեն թաքցրած զգացումով առաջարկեցի ընտրել «պարոն» դիմելաձևը։ «Պարոն», «տիկին», «տիկնայք և պարոնայք»․ այս բառերն ու արտահայտություններն այդ տարիներին փայլում էին իրենց պերճությամբ ու միաժամանակ «իսկականությամբ»։ Դրանց հետնախորքում «ընկեր» բառը՝ իբրև դիմելաձև, հատկապես քաղաքական ու քաղաքավարական առումով, արդեն թվում էր տափակ ու փուչ։

Այս անցյալը հիշեցի, երբ պատահաբար ձեռքս ընկավ Բադյուի տեքստը, որի թարգմանությունը ներկայացվում է ստորև։ Այն թարգմանելու գաղափարը, սակայն, առաջ եկավ ոչ թե հիշողությունից, այլ սրա բերած հետհարվածից։ Հիշողությունն ինձ բերեց դեպի ներկա օրերը, երբ գնալով ավելի ու ավելի շատ եմ մտածում, թե որքան զգացմունքներ ու խոհեր են իրենց մեջ պարունակում այդ բառերը՝ «ընկեր», «ընկերություն»։ Ոչ թե այն ընկերը, որի հետ զուտ մարմնական կապով ես կապված, ոչ թե ընկերությունը, որը կորպորատիվ է ու հիմնված է տնտեսական շահի վրա, այլ այն ընկերը, որը հաշվարկով չէ, որ առաջնորդվում է, շահը չէ, որ հետապնդում է։ Հակառակը, միշտ ձգտում է ընկերության մեջ դնելու ավելին, անելու ավելին, որպեսզի հանկարծ մերձավորի վրա չընկնի ավելի մեծ ծանրություն։ Իսկական ընկերը, որի առջև բաց ենք, անկեղծ, որից ոչինչ չենք թաքցնում, երբեմն նույնիսկ սրտի այն գաղտնիքները, որոնք միայն մերն են։ Չենք թաքցնում, քանի որ չենք վախենում նրանից, չենք վախենում ոչ միայն դավաճանությունից, թիկունքից եկող հարվածից, այլև ուրացումից և անհրաժեշտ պահին օգնության մեր դիմումի՝ անարձագանք մնալու վտանգից։ Չենք թաքցնում, քանի որ վստահում ենք նրան, և դա փոխադարձ է։

Ինչն էր նոր ինձ համար Բադյուի այս տեքստում, կամ այն, ինչի շուրջ չէի մտածել մինչ այդ։ Ավելի շուտ մտածել էի, բայց ոչ թե ներսից, այլ դրսից։ Կարծում էի, թե ընկերային այս տարածությունը զուտ քանակական հարաբերությունների, հանդիպումների հաճախականության հետևանք է (այսինքն՝ առարկայական հանգամանքներով է պայմանավորված)։ Բադյուն սրա մասին մտածում է ներսից, որ այդ ընկերային տարածությունը հույզի ու զգացմունքի, մտածմունքի ու հոգատարության ծավալման հետևանք է։ Ուստիև ունի չափ, խստորեն չափելի ու հստակ մի բացվածք, որն առաջանում է նրբորեն ու պահանջում է տևական ժամանակ։ Ահա թե ինչու այն միշտ չէ, որ տեսանելի է, ու երևան է գալիս, շոշափելի է դառնում միայն արտակարգ պայմաններում։ Այս հարցը, մանավանդ Քովիդի համավարակի այս օրերին, երբ դրա դեմ պայքարի կանոններից մեկը հենց ընկերային (սոցիալական) հեռավորությունը պահելն է, ցույց է տալիս նաև, թե մեզնից յուրաքանչյուրի համար, իբրև մարդու, որքան կարևոր է այդ տարածության բովանդակությունը ճիշտ հասկանալը։

Բադյուն խոսում ու արտահայտվում է չորս և ավելի տասնյակ տարիների իր մի ծանոթի՝ համերկրացու մասին, որի հետ նույն գործով էին զբաղված, երկուսն էլ միաժամանակ և՛ փիլիսոփա էին, և՛ քաղաքական գործիչ, բայց և՛ մեկի, և՛ մյուսի դեպքում կային տարբերություններ։ 68–ի Փարիզի երիտասարդներն էին եղել՝ ստալինիզմն ու մեծ հաշվով նաև Խորհրդային Միությունը մերժած։ Բադյուն մաոիստ էր (և է), Բենսաիդը՝ տրոցկիստ՝ սրանից բխող և՛ տեսաբանական, և՛ պրակտիկ քաղաքական հետևանքներով։ Որպեսզի հասկանանք, թե ինչ է մաոիզմը կամ տրոցկիզմը, դրանք պետք է պատկերացնել բուռն 60–ականների ընդհանուր ֆրանսիական համատեքստում և բուն 68–ի Փարիզի համատեքստում։ Անարխիստների, սիտուացիոնիստների և այլ արմատական ձախ խմբակների կողքին մաոիստներն ու տրոցկիստներն առանձնանում էին նրանով, որ դասական իմաստով էին ներկայացնում գաղափարաքաղաքական պայքարի դաշտը, քանի որ համոզված էին ֆորմալ–կազմակերպական ձևերի հարցում և ստեղծել ու քաղաքական պայքարը տանում էին փոքր, սակայն կուսակցության հայտ ներկայացնող կազմակերպությունների միջոցով (մաոիստների դեպքում UCF–ML–ն էր (Ֆրանսիայի Մարքս–լենինյան կոմունիստների միություն), տրոցկիստները միավորված էին LC (LCR)–ում (Կոմունիստների, այնուհետև՝ Հեղափոխական կոմունիստների լիգա))։ Դրանց միջև տարբերությունններից ամենակարևորը, թերևս, քաղաքական պայքարի առաջնորդության տարբեր տիպերին տրվող նախապատվություններն էին։ Սրանք երևում են արդեն իսկ կուսակցությունների անվանումների մակարդակում։ Մաոիստները նախապատվությունը տալիս էին անհատին, կուսակցության առաջնորդին, այնինչ տրոցկիստների համար կարևոր էր կոլեկտիվ–կուսակցական առաջնորդությունը։ Այս նմանություններն ու տարբերությունները, ծագող վեճերը (այդ թվում՝ նաև փիլիսոփայական բնույթի) բերել էին նրան, որ Բադյուն Բենսաիդին համարում է ընկեր, բայց հեռավոր։ Մեկը, որի հետ ամեն օր չէ, որ հանդիպում է, այլ երբ դրա անհրաժեշտությունը կա։ Բայց հեռավորը Բադյուի համար նույնքան կարևոր է, որքան մերձավորը, և այդ կարևորությունը նրա կարծիքով հատկապես շոշափելի է, երբ այն վերանում է։ Մերձավորը, մոտիկը մեր կյանքի տարածքն է, բայց այդ տարածքը պայմանավորված է իր հեռավորով. երբ այդ հեռավորը վերանում է, մեր կյանքի տարածքն է, որ սեղմվում ու կրճատվում է «շագրենի կաշվի» պես։ Բադյուն դժվարությամբ է զսպում իր հույզերը, որոնք ալեկոծում են Բենսաիդի մահվան հաջորդ օրն իսկ հնչող իր խոսքը։ Այնուամենայնիվ, Պլատոնին նվիրված սեմինարի շրջանակում արվող հիշատակի այդ տուրքն այնքան ճշգրիտ ու նրբերանգ շերտերից է բաղկացած, որ չի կորցնում ընկերության սոցիալ–պատմական ու մտավոր այդ տարածքից և ոչ մի կառուցվածքային մակերես կամ ծալք։ Իրականության հանդեպ նրա խոսքի մեջ դրսևորվող այս հոգատարության արդյունքն այն է, որ Ալեն Բադյուն պահպանում է չուրանալու ու շարունակելու՝ Դանիել Բենսաիդի հետ կիսած իր համոզմունքը։ Անգամ այն ժամանակ, երբ իր ընկեր Դանիելն արդեն իսկ ֆիզիկապես հեռացել է։

Ն․ Կ․

26 հունիսի, 2020

 

Երբ 2010 թվականին Ալեն Բադյուն հարգանքի տուրք էր մատուցում Դանիել Բենսաիդին[1]

 

Կուզենայի այս սեմինարը սկսել՝ ձեզ հետ խոսելով Դանիել Բենսաիդի մահվան մասին։ Սա մի բան է, որը խորապես խոցում է ինձ ու մեծ կորուստ է ինձ համար։ Մեծ կորուստ, որը, կարող եմ ասել, ինչ–որ իմաստով պարադոքսալ է, քանի որ Դանիել Բենսաիդը, այն պատճառներով, որոնք պիտի բացատրեմ, մոտիկ ընկեր չէր, ինչպես սովորաբար ասում են։ Ճիշտ է նաև, որ մոտիկ ընկերները, գիտեք… Չինաստանում Լի Պիաոյի փառքի ամենամեծ տիտղոսներից մեկը «Մաո Ցզե Դունի ամենամերձավոր զինակից» լինելն էր մշակութային հեղափոխության տարիներին. սա նրան մի քանի տարի անց տարավ մահվան դուռը։ Ուրեմն կարելի է կասկածել «մերձավոր զինակիցների» կամ փառքի այդ տիտղոսի վերաբերյալ։ Դանիել Բենսաիդը «մերձավոր զինակից» չէր, բայց այնուամենայնիվ մեկն էր, որի հետ բացարձակապես ապրում էի որպես ընկեր։ Պատճառներով, որոնք պիտի բացատրեմ, նա մեկն էր, որին անվանում ենք հեռու ընկեր։

 

«Չուրանալ, շարունակել»

Նա հեռու ընկեր էր երեք կարևոր պատճառներով, որոնց միասնությունը հազվադեպ է։ Նախ հիմնարար ընտրությունների մակարդակում, կասեի նույնիսկ հիմնարար մի ընտրության՝ կատարված մեկի կողմից, ով, ի դեպ, անկասկած մեծ մտավորական էր, մտածող, փիլիսոփա։ Չուրանալու ընտրությունն էր դա, հանուն տեսանելի հանգամանքների՝ ուրացման տրամաբանության մեջ չմտնելը։ Սա նշանակում էր անզիջում մի տարր պահպանել քաղաքական սուբյեկտիվության մեջ։ Ճիշտն ասած՝ խոսքը շատ ավելի ընդհանուր բանի մասին է։ Երբ դուք մերժում եք դարձը, ուրացումը, երբ հրաժարվում եք սահելուց, սատկած շան նման, հաջորդական հանգամանքների վրայով, դա ակնհայտորեն ենթադրում է այլ բան, քան պարզապես քաղաքական կոնկրետ որոշում։ Այդ կամքը, այդ հրամայականը, այն, որը Էթիկայի մեջ անվանել էի միակ, իրական էթիկական հրամայական, սա է, որ դժվար հանգամանքներում ասում է՝ «շարունակի՛ր»։ Դանիել Բենսաիդը մարդ էր, որն, ի դեպ, անվրդով կերպով ուներ այն համոզմունքը, որ հանգամանքները կարող են փոփոխվել, հակահեղափոխական ուժերը կարող են դառնալ շատ ավելի ամուր, բայց այդ ամենը ոչ մի կերպ պատճառ չէ չշարունակելու համար։

Երկրորդ պահն այն էր նրա համար, ինչպես ինձ համար, որ այս ընտրության իրականացման առանձնաշնորհյալ տեղը փիլիսոփայության և քաղաքականության միջև սահմանն էր, երկուսի հոդավորումը. փիլիսոփայությունը՝ որպես մտքի կարգապահություն, որում մենք երկար ժամանակ ներգրավվել ենք, և քաղաքականությունը՝ որպես գործնական, կազմակերպված ու մարտնչող կերպարանք (ֆիգուր): Ինքնին ակնհայտ չէր համաձայնությունը երկու բաների շուրջ, քանի որ, գիտեք, դա բանավեճ էր, որը վարում էինք Պլատոնի և, կարելի է ասել, ընդհանուր առմամբ, փիլիսոփայության պատմության շուրջ: Ո՞րն է փիլիսոփայության և քաղաքականության ճշգրիտ կապը: Սա երկուսի համար ներքին հարց է, որը հետևաբար աշխատում է երկու կողմերից: Երկու կողմերի հետ արդյունավետ աշխատելու համար ունեինք նաև ընդհանուր ընտրություն՝ գտնել փիլիսոփայական այն գործավարներին (օպերատորներին), որոնք օրինականացնում և առաջ էին մղում շարունակության կերպարանքը (ֆիգուրը):

Երրորդ պահը սուբյեկտիվությունն էր: Ակնհայտ սուբյեկտիվությունն այնպես, ինչպես տեսնում էինք, ինձ համար բաղկացած է երեք բանից: Նախ՝ ծայրահեղ ամրությունը՝ կապված, բնականաբար, մյուս երկու պահերի հետ: Երբ հանդիպում էի Դանիել Բենսաիդին, երբ խոսում էի նրա հետ, երբ կարդում էի նրան, շատ լավ գիտեի, որ հեշտ չէ նրան հանել իր դիրքերից: Հետո՝ հանգստությունը, այսինքն՝ ձախական քաղաքական հիստերիայի որոշակի կերպին հակոտնյա ինչ–որ բան, որը, իհարկե, երբեմն օգտակար է, բայց նաև ունի իր նյարդայնացնող կողմերը: Նա չափազանց հանգիստ էր, ինքնին իր վճռականության մեջ: Եվ վերջին բանը՝ մեծ հումորի տեր լինելը: Այդ ամրությունը, այդ հանգստությունը, այդ հումորը, այդ ամենը մի բան էր, որն իրապես ճանաչում էի, մի բան, որի հետ զգում էի եղբայրաբար կապված, և այդ ամենը ստեղծում էր ընկեր:

 

Փարիզյան ցույց ընդդեմ Ռուդի Դուչկեի Բեռլինում կատարված սպանության. 13 ապրիլի, 1968 թ.։ Դանիել Բենսաիդը՝ կենտրոնում (RaDAR–ի հավաքածուից` http://www.association-radar.org)

 

«Մաոիստներ կային և տրոցկիստներ, և սա շարունակվում է»

Հիմա այն մասին, թե ինչու «հեռու»։ Կասեի անեկդոտային ձևով. մաոիստներ կային և տրոցկիստներ, և սա շարունակվում է։ Սա շարունակվում է մի հին պատմության միջից, 68-ի հին պատմության միջից։ Եթե ​​մի փոքր վերծանենք այս պատմությունը, կասեի՝ վեճը, տարբերությունը, մեր միջև եղած հակասությունը, այն ամենը, որ ակնհայտորեն գոյություն ունի, և որը գրվել, անվանվել է, վերաբերում էր երկու բանի։ Քանի որ ոչինչ չուրանալու հարցում համաձայն էինք, շարունակելու հարցում համաձայն էինք, խնդրահարույց էր այն, թե ինչ է սա ինքնին նշանակում: Ըստ էության, այս հարցում տարաձայնություն կար: Դա կապված էր նաև քաղաքական անցյալի վերլուծության հետ, որի շուրջ բնականաբար առաջացավ շարունակության հարցը և այն տեսակավորումը, որը կատարվում էր դրանում: Ի՞նչ էր պետք պահել: Ի՞նչը չէինք կարող պահել: Ի՞նչն էր իրականում օգնում շարունակությանը, և ի՞նչն էր այնուամենայնիվ փոխվում: Այլ կերպ ասած, դա անընդհատության և ընդհատունության միջև փոխհարաբերության հարցն էր շարունակության իսկ ներսում. այսինքն՝ մենք համաձայն ենք շարունակել, բայց անմիջապես, շարունակելու մեջ իսկ, դա բացում է մի պահ, որը իրականում այսօրվա հեղափոխական քաղաքականության տարածքում առկա գրեթե բոլոր քննարկումների հետնախորքում է: Լավ, չենք պատրաստվում զիջելու, չենք պատրաստվում միանալու կոնսենսուսին, բայց շարունակությունն ինքնին աշխատում է շարունակության և ոչ շարունակության ներհատուկ դիալեկտիկայով: Կարծում եմ՝ սա տարակարծության առաջին կետն էր. մենք անընդհատության մեջ իսկ չունեինք անընդհատության և ընդհատունության նույն դիալեկտիկան: Այս առաջին կետը, ի դեպ՝ շատ բարդ, եթե ուշադիր նայենք, լի է անակնկալներով ու պարադոքսներով:

Երկրորդ կետը, որը փիլիսոփայական էր, այն դեպքում, երբ առաջինը պատմական ու քաղաքական էր, կբացատրեմ միանգամայն պարզ. ի՞նչ է մատերիալիստ լինելը փիլիսոփայության մեջ: Նկատի ունենալով այն, որ գիտենք, որ հեղափոխականն այսօր անպայման մատերիալիստ է, ի՞նչ է դա ստույգ նշանակում: Հավանաբար չունեինք մատերիալիզմի նույն հայեցակարգը: Դանիել Բենսաիդն ինձ քանիցս մեղադրել է քողարկված կրոնականության մեջ, ինչը նշանակում էր, որ ես նրա աչքերում դեռ այնքան էլ մատերիալիստ չեմ: Անձամբ ես նրան հավանաբար պետք է մեղադրեի արխաիկ դետերմինիստ լինելու մեջ: Այսպիսով, մի կողմից համարյա մեխանիցիստական ​​դետերմինիստի և մյուս կողմից կրոնականի միջև առկա էր այլաբանական, բավականին նշանակալից մի լարում, որի ծանրության կենտրոնը դրա հետնախորքն էր. ո՞րն է ժամանակակից մատերիալիզմը։ Ըստ Ալթյուսերի մի կռահման՝ դա ի վերջո պատահականության տեղի, հետևաբար դիպվածի (ինձ մոտ՝ իրադարձության անվան ներքո) գործառույթի հետ էր կապված՝ դաշտի, գործողության կամ գոյության մատերիալիստական բնույթի ճանաչման շրջանակում: Իրականում Դանիելը ընդունում էր պատահականությանը տեղ թողնելու անհրաժեշտությունը, դրա վերաբերյալ կան հստակ տեքստեր, բայց նա կարծում էր, որ ես դրան մի փոքր շատ եմ տեղ տալիս, որ բավարար չափով չեմ հենվում իրադրության կամ իրավիճակի մանրամասն, մատերիալիստական վերլուծության վրա: Բոլոր այս պատճառներով Դանիել Բենսաիդն ինձ համար հեռու ընկեր էր:

 

«Հեռու ընկերոջ բարեկամական, առանց հետին մտքերի օգնությունը»

Այնուամենայնիվ, ուզում եմ ասել, որ երբ դրսևորվում է հեռու ընկերոջ բարեկամական օգնությունը, սա շատ ուժեղ, շատ հուզիչ բան է: Ըստ էության, մոտիկ ընկերոջ օգնությունն ինքնին հասկանալի է, կան, իհարկե, որոշ արկածներ, բայց դրանք պայմանավորված են մոտիկության բնույթով: Չէ՞ որ հեռու ընկերոջ բարեկամական, առանց հետին մտքերի օգնությունն ի վերջո բավականին հազվադեպ բան է: Եվ երբ իմ դեմ արշավ ծավալվեց՝ հակասեմիթական լինելու թեմայով, մի արշավ, որն, այդուհանդերձ, սուբյեկտիվորեն խիստ տհաճ է, միշտ կհիշեմ, որ առաջիններից մեկը նա էր, որ մտավ ասպարեզ խստորեն փաստարկված, իրեն բնորոշ տաղանդով՝ ինձ հրապարակայնորեն պաշտպանելու, ինչպես փաստերով հիմնավորված, այնպես էլ բացարձակապես վճռական, հանգիստ ու վրիժառու հումորով լեցուն։ Եվ դա իսկապես ամենաանմիջական ու ամենաբարեկամական հեռու ընկեր էր։ Իհարկե, երբ հեռու ընկերը կանգնում է կողքիդ, ապրածդ հույզի հակառակ կողմն այն է, որ նրա անհետացումը սարսափելի է։ Չէի ասի, և դա անհեթեթություն կլիներ, որ հեռու ընկերոջ անհետացումը ավելի դժվար է տանել, քան մոտիկ ընկերոջ անհետացումը, բայց կա առանձնապես խոցող մի բան, քանի որ դու անձամբ, որպես հեռու ընկեր, մոտիկից և ամենօրյա ռեժիմով չես հետևել նրա անհետացման երկար ընթացքին։ Այդ անհետացումը գալիս է հենց այնպես։ Եվ հեռավոր այդ ընկերոջ անհետացումը, որն այս երեկո ապրում եմ, այդ թվում ձեր առջև, փորձություն է։

Ես կարծում եմ, որ պատճառներից մեկն այն է, որ հեռավորությունն ի վերջո մեր սեփական տեղի չափն է, հատուկ մի չափ: Որոշակի իմաստով մերձավորը ինքնին տեղն է: Մոտիկ ընկերը նա է, ով ուղեկցում է ձեզ և զբաղեցնում է այն նույն տեղը, որտեղ դուք եք մտածում, և որտեղ դուք եք գործում: Բայց հեռու ընկերը նույն տեղում չէ, և քանի որ տեղից դուրս մի ընկեր է, նաև տեղի չափ է: Յուրաքանչյուր տեղ համախմբվելու, գոյություն ունենալու համար որոշակի իմաստով պետք է ունենա իր հեռավորությունը: Քաղաքականության մեջ, խիստ բարդ և կարևոր հարցն է դա, դաշինքներն այն մարդկանց հետ, որոնք գտնվում են հեռվում։ Եվ ամենատարբեր կետերի շուրջ անհերքելի դաշինքը, որը գոյություն ուներ Դանիելի հետ, բերում է նրան, որ իր անհետացումը նաև մի բան է, որը տեղի վրա ազդում է իր բուն չափով, այն, որը տրված է իր հեռավորով։

 

Խոսում էի տեղի մասին և, օգտվելով առիթից, ուզում եմ դրա մասին ասել ևս մի բան։ Գիտեք, որ կարող ենք «տեղ» կոչել քաղաքական ընթացակարգի տեղայնացված նյութականությունը։ Եվ այդ նյութականության բաղադրությունն այնպիսին է, որ հերքում է տարածված միտքը, թե մարմինների ժողովը կարող ենք փոխարինել աննյութական կապով, օրինակ՝ համացանցով։ Չեմ ասում, թե այս նոր գործողությունն անօգուտ է, բայց այն չի կարող փոխարինել տեղի՝ որպես միակցված մարմինների ներկայության կոլեկտիվ կառուցմանը։ Վստահեցնում եմ, հատկապես քաղաքական ընթացակարգի մեջ, ոչինչ չի կարող փոխարինել մարմինների համակեցության այդ կոլեկտիվ ազդեցությանը։ Հենց բացակայում են մարմինները, աննյութականությունն է հաստատվում, հաղորդակցությունը կամ կապը լինում է արագ և անհերքելի է, բայց որոշումն է փխրուն։

 

«Ժողովը քաղաքականության գործուն միջուկն է»

Բերեմ մի օրինակ, որից տեղյակ են այստեղ գտնվողներից ոմանք։ Վերջին արձակուրդի օրերին միջազգային մի քանի պատվիրակություններ որոշել էին հանդիպել Գազայում՝ վկայելու համար, խորհրդանշանակորեն, միջազգային մի աջակցություն Գազայի ժողովրդին, որը շրջափակման զոհ է, մի քաղաքականության, որը, ինչ բառերով էլ այն փոխանցենք, ինչ էլ այդ մասին ասենք, ոչնչացման քաղաքականություն է։ Այնուամենայնիվ, հիմնարար տարբերությունը արտերկրի պատվիրակությունների և ֆրանսիական պատվիրակության միջև այն էր, որ ֆրանսիական պատվիրակությունը նախապես ունեցել էր ֆիզիկական ժողովի փորձը, այնինչ ամերիկացիները, օրինակ, Եգիպտոս գնալու և Կահիրեում հանդիպելու համար համացանցով էին միմյանց հետ կապվել ու ժամադրվել։ Ուստիև Կահիրե ժամանեցին ցրված ձևով։ Եվ Կահիրեում հանկարծ հասկացան, որ Գազա գնալու հարցը բացառվում է։ Եվ միանգամից հայտնվեցին ամբողջովին տրոհված վիճակում։ Փոխարենը, ֆրանսիացիք, որոնք կամեցել էին գնալ Գազա և նախապես էին հավաքվել, կայացրել էին այնպիսի մի որոշում, որը ինչ–որ իմաստով միայն իրական ժողովը թույլ կտար, մասնավորապես, ինչ էլ որ տեղի ունենար Կահիրեում, նրանք ամեն դեպքում մինչև վերջ՝ այս այցի համար նախատեսված ողջ ժամանակահատվածում, կմնային միասնական։ Սրա հետևանքը եղավ այն, որ նրանք ստեղծեցին տեղ։ Կահիրե եկան խմբով, զբաղեցրին քաղաքի մեծ բուլվարներից մեկը։ Եգիպտական ոստիկանությունը սկսեց ակնհայտորեն ատամներ ցույց տալ, տեղի ունեցան բանակցություններ, ձեզ խնայեմ միջադեպերից, բայց ի վերջո հինգ օր շարունակ նրանք դրոշներով զբաղեցրին Կահիրեի մայթերից մեկը՝ հանդիպելով ազգաբնակչության մեծ աջակցությանը։

 

«Մեծ կորուստ բոլորի համար»

Հիմա վերադառնամ Դանիելին։ Մինչև երեկ, երեկ չէ առաջին օրը Դանիել Բենսաիդը ներկա էր, նրա մարմինը ներկա էր, տևական ժամանակ հյուծված, բարձրահասակ այն մարմինը, որից հարավցու ձայնն էր դուրս գալիս, տուլուզյան այն շեշտը, որը նրա հետ ստեղծում էր հավելյալ եղբայրություն, քանի որ երկուսս էլ նույն քաղաքից էինք։ Այս իմաստով կեզրակացնեմ, որ Դանիելի մարմինը՝ տուլուզյան իր շեշտով, միայն դա ինքնին մի տեղ էր։ Փոքր մի տեղ, որտեղ փիլիսոփայությունն ու քաղաքականությունը միացած էին մեկ մարմնի և մեկ ձայնի մեջ։ Եվ ահա, երբ տեսնում էի նրան՝ իր այդ առանձնահատուկ մարմնով, հումորի իր այդ սրությամբ և իր ձայնով, մոտիկն ու հեռուն նրանում իսկապես խառնվում էին։ Սրա համար է, որ ուզում էի ձեզ ասել, որ Դանիել Բենսաիդի անհետացումը, որ վաթսուներեք տարեկան էր, մեծ կորուստ է բոլորի համար։ Եվ սա վաղաժամ անհետացում է այսօրվա պայմաններում։ Առնվազն քսան տարի Դանիել Բենսաիդին կարոտելու եմ, ահա։ Բայց ամեն դեպքում դա, անշուշտ, հավելյալ պատճառ է՝ պնդելու, թե ինչու էր նա ընկեր։ Սա ի վերջո միակ բանն էր, որ նա կարող էր մեզ հարցնել և հարցրել է։

 

[1]Թարգմանությունը՝ Նազարեթ Կարոյանի, ըստ՝ Badiou, A. (2020, janvier 10). Quand Alain Badiou rendait hommage à Daniel Bensaïd. Տեքստի թարգմանության համար սկզբնաղբյուր է ծառայել https://www.lesinrocks.com/2020/01/10/idees/idees/quand-alain-badiou-rendait-hommage-a-daniel-bensaid-en-2010/ կայքը։ Թարգմանվել է անցյալ դարի 80–ականներին հիմնադրված «Les Inrocks» մշակութային հանդեսի այս տարվա հունվարյան համարներից մեկի հրապարակումից: Նախապես «Les Inrockuptibles» նորաբանության ներքո ստեղծված և ռոքին նվիրված ամսագիրը տարիների ընթացքում ոչ միայն հարստացրել է իր թեմաներն ու խորագրերը, այլև փոխելով հաճախականությունը ու դառնալով շաբաթաթերթ, սկսած 2000–ականներից, իր ծանրակշիռ ու վառվռուն բովանդակությամբ ըստ էության դարձել է փարիզյան ու ֆրանսիական մտավորական ու ստեղծագործական գործիչների շրջանում մեծ հեղինակություն վայելող մշակութային գլխավոր պարբերականներից մեկը։

 

Պիտակներ

Հանգանակություն

Գումարը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարներին` նպատակի դաշտում նշելով «նվիրատվություն»:

Ինեկոբանկ
2052822181271008 (AMD)
2052822181271022 (USD)
2052822181271042 (EUR)
SWIFT code INJSAM22