Գաղափար և քննադատություն Archives - Socioscope

Հեռու, բայց ոչ անտարբեր․ երիտասարդների քաղաքական օտարումը
Հեղինակներ՝ Մարիամ Խալաթյան
Արփի Մանուսյան
Անի Ջիլոզյան

Հայաստանի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ երիտասարդները դարձել են ամենաքննարկվող և ամենաշատ թիրախավորվող հանրային խմբերից մեկը։ Թեև երիտասարդները մշտապես եղել են քաղաքական և հասարակական դերակատարների ուշադրության կենտրոնում, նախընտրական գործընթացն առանձնահատուկ կերպով ընդգծեց նրանց նշանակությունը՝ ինչպես քաղաքական հռետորաբանության, այնպես էլ տարբեր ծրագրերի ու նախաձեռնությունների շրջանակներում։ Սա պայմանավորված է նաև նրանով, որ երիտասարդները կազմում են ընտրողների զգալի հատվածը՝ ավելի քան քսան տոկոսը, և նրանց քաղաքական նախընտրությունները կարող են ազդեցություն ունենալ ընտրական գործընթացների և դրանց արդյունքների վրա։
Այսպես, նախընտրական շրջանում երիտասարդները հայտնվեցին տարբեր քաղաքական առաջարկների, խոստումների և նախաձեռնությունների կենտրոնում՝ սկսած դրամական և նյութական խրախուսումներով մրցույթներից[1] ու ուսման վարձավճարների փոխհատուցման ծրագրերից[2] մինչև քաղաքական գործիչների և քաղաքական հայտ ներկայացրած թեկնածուների հետ հանդիպումներ, քննարկումներ և մասնակցային այլ ձևաչափեր[3]։
Սակայն երիտասարդների նկատմամբ քաղաքական ուժերի հետաքրքրությունը դեռևս չի նշանակում, որ երիտասարդներն իրենք իրենց տեսնում են քաղաքական գործընթացների ակտիվ մասնակիցներ կամ վստահում են քաղաքական դերակատարներին և ինստիտուտներին։ Ավելին՝ նախընտրական շրջանում երիտասարդների շուրջ ձևավորվող հանրային և քաղաքական դիսկուրսը հաճախ չի արտացոլում նրանց իրական մտահոգությունները, ակնկալիքներն ու մասնակցության փորձառությունները։
Այս հոդվածը հիմնված է 2026 թվականի փետրվար–ապրիլ ամիսներին իրականացված ֆոկուսխմբային հետազոտության արդյունքների մի հատվածի վրա և նպատակ ունի վերլուծելու երիտասարդների քաղաքական ընկալումները, մասնակցության պատկերացումները և հանրային ու պետական ինստիտուտների հետ նրանց հարաբերությունների առանձնահատկությունները։
Մինչ քաղաքական դերակատարները փորձում են գրավել երիտասարդների ուշադրությունն ու աջակցությունը, կարևոր է հասկանալ, թե ինչպես են երիտասարդներն իրենք ընկալում քաղաքական գործընթացները և ինչ տեղ են վերապահում իրենց այդ գործընթացներում։
Հետազոտության ամբողջական տարբերակը, որը քաղաքական մասնակցության և ինստիտուտների նկատմամբ վերաբերմունքի հարցերին զուգահեռ անդրադառնում է նաև երիտասարդներին հուզող սոցիալական, տնտեսական և հանրային խնդիրներին, Հայաստանի ապագայի, անվտանգության և խաղաղության վերաբերյալ նրանց պատկերացումներին, ինչպես նաև երիտասարդների կարիքներին, ակնկալիքներին ու առաջնահերթություններին, առաջիկայում հասանելի կլինի Սոցիոսկոպի կայքէջում։

Մեթոդաբանական ակնարկ

Հետազոտությունն իրականացվել է որակական մեթոդաբանությամբ՝ նպատակ ունենալով բացահայտելու Հայաստանի տարբեր համայնքներում բնակվող երիտասարդներիկենսափորձը, ընկալումները և քաղաքական ու հասարակական գործընթացների նկատմամբ վերաբերմունքը։ Տվյալների հավաքագրման հիմնական մեթոդը եղել են ֆոկուս խմբային քննարկումները (ՖԽՔ), որոնք անցկացվել են 18–30 տարեկան երիտասարդների հետ՝ Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում։
Ընդհանուր առմամբ իրականացվել է 12 ՖԽՔ՝ երկու քննարկում Երևանում և մեկական՝ Մասիսում, Արմավիրում, Իջևանում, Գյումրիում, Թալինում, Գավառում, Հրազդանում, Վանաձորում, Եղեգնաձորում և Կապանում։ Յուրաքանչյուր քննարկում տևել է մոտավորապես մեկուկեսից երկու ժամ և անդրադարձել է քաղաքական մասնակցության, քաղաքացիական ներգրավվածության, ինստիտուցիոնալ վստահության, քաղաքական գործընթացների, խաղաղության ու ապագայի ընկալման հարցերին։ Հետազոտության նախապատրաստական փուլում իրականացվել է տեսական, ինչպես նաև համատեքստային վերլուծություն՝ քննելու թեմայի առնչությամբ կուտակված հասարակագիտական գիտելիքը, ինչպես նաև մշակելու ՖԽՔ հարցաշարը։
ՖԽՔ ընթացքում մասնակիցներին առաջարկվել է նաև գնահատել իրենց հարաբերությունները մի շարք առանցքային ինստիտուտների հետ՝ ներառյալ կրթական համակարգը, մեդիան, բանակը, եկեղեցին, քաղաքացիական հասարակությունը, քաղաքական կուսակցությունները և ընտրական ինստիտուտը։ Գնահատումն իրականացվել է չորս հիմնական կատեգորիաներով՝ օտարում, ոչ ռելևանտություն, սիմվոլիկ մոտիկություն և ուղիղ շփում։

Այս մոտեցումը հնարավորություն է տվել խորությամբ հասկանալու երիտասարդների ինստիտուցիոնալ փորձառությունները և տարբեր ինստիտուտների նկատմամբ նրանց զգայական ու քաղաքական դիրքավորումները։
Հետազոտությունը նպատակ ունի նաև արձագանքելու Հայաստանում երիտասարդների քաղաքացիական և քաղաքական ներգրավվածության նվազման շուրջ աճող մտահոգություններին՝ հարցադրելով վերջին շրջանում հանրային դիսկուրսում տարածված  այն պնդումը, որ երիտասարդները քաղաքականապես անտարբեր են քաղաքական գործընթացների հանդեպ՝  հատկապես հետպատերազմական համատեքստում, որտեղ սոցիալական և քաղաքական դինամիկաները շարունակում են արագ փոփոխվել։
Երիտասարդների մասնակցությանը վերաբերող առկա մոտեցումները հաճախ չեն կարողանում ամբողջական կերպով հաշվի առնել այնպիսի փոխկապակցված գործոններ, ինչպիսիք են ինստիտուցիոնալ անվստահությունը, ապատեղեկատվությունը, սոցիալ-տնտեսական և ռեգիոնալ  անհավասարությունները։
Հետազոտական նախագիծը նպատակ ունի լրացնելու այս բացը՝ որակական և համատեքստային գիտելիք ստեղծելով երիտասարդների քաղաքական մասնակցության, քաղաքացիական ներգրավվածության և հանրային կյանքի նկատմամբ ընկալումների վերաբերյալ։ Երիտասարդների կենսափորձի վրա հիմնված այս մոտեցումը հնարավորություն է տալիս ավելի նրբերանգային կերպով հասկանալու քաղաքական օտարման դրսևորումները և նպաստելու երիտասարդների քաղաքացիական ու քաղաքական ներգրավվածության առավել խորքային մոտեցումների ձևավորմանը։

Ի՞նչ է ասում տեսությունը

Տարբեր վերլուծություններ ցույց են տալիս, որ թեև ժողովրդավարական կառավարման մոդելը գլոբալ մակարդակում շարունակում է պահպանել իր նորմատիվ գերակայությունը, արևմտյան լիբերալ ժողովրդավարություններում ապրող հանրությունները գնալով ավելի են օտարվում քաղաքական գործընթացներից։ Այս օտարումը դրսևորվում է ընտրություններին մասնակցության նվազմամբ, կուսակցական անդամակցության անկմամբ, ինչպես նաև քաղաքական գործիչների և ինստիտուտների նկատմամբ խորացող անվստահությամբ ու հիասթափությամբ (Barnes et al., 1979; Rose, 1980; Pharr and Putnam, 2000; Torcal, 2006)։
Պատմականորեն այս երևույթը հաճախ մեկնաբանվել է որպես քաղաքական ապատիա կամ անտարբերություն։ Սակայն սոցիոլոգիական, քաղաքագիտական և հոգեբանական մոտեցումների համադրությունը բացահայտում է շատ ավելի բարդ պատկեր։ Քաղաքական պասիվությունը պարզապես հետաքրքրության կամ ներգրավվածության պակաս չէ։ Այն շերտավորված, ադապտիվ և քաղաքական ու հասարակական կառուցվածքներով պայմանավորված երևույթ է։ Օտարման հոգեբանական և կառուցվածքային չափումների (Seeman, 1959), ժողովրդավարության ժամանակակից ճգնաժամի դինամիկայի (Hay, 2007; Crouch, 2016) և քաղաքական պասիվության տարբեր ձևերի (Amnå and Ekman, 2014) համադրումը հնարավորություն է տալիս տեսնելու, թե ինչպես են ժամանակակից ժողովրդավարական համակարգերը վերարտադրում սեփական օտարումը։
Հասկանալու համար, թե ինչու են քաղաքացիները հեռանում քաղաքական դաշտից, նախ անհրաժեշտ է անդրադառնալ օտարման հոգեբանական մեխանիզմներին։ Մելվին Սիմանի «Օտարման նշանակության մասին» (On the Meaning of Alienation, 1959) հիմնարար աշխատության մեջ օտարումը ներկայացվում է որպես մի քանի փոխկապակցված, բայց վերլուծականորեն տարանջատելի բաղադրիչների ամբողջություն։ Քաղաքական դաշտում հատկապես կարևոր են նրա առանձնացրած երեք չափումները՝ անզորությունը, անիմաստությունը և նորմերի քայքայումը, որոնք օգտակար շրջանակ են առաջարկում ժամանակակից քաղաքական դժգոհությունն ու օտարումը հասկանալու համար։
Սիմանը անզորությունը սահմանում է որպես «անհատի սպասումը կամ համոզմունքը, որ իր վարքը չի կարող ազդել ցանկալի արդյունքների կամ հետևանքների վրա»։ Քաղաքական կյանքում սա արտահայտվում է ինչպես ներքին արդյունավետության (քաղաքական գործընթացները հասկանալու և դրանցում կողմնորոշվելու սեփական կարողության նկատմամբ վստահություն), այնպես էլ արտաքին արդյունավետության (համոզմունք, որ իշխանությունները կարձագանքեն քաղաքացիների պահանջներին) թուլացմամբ։ Քաղաքացին սկսում է քաղաքական իշխանությունը ընկալել որպես իրենից օտարված և իր վերահսկողությունից դուրս գտնվող երևույթ։
Եթե անզորությունը վերաբերում է քաղաքական արդյունքների վրա ազդելու անկարողությանը, ապա անիմաստությունը կապված է այդ արդյունքները հասկանալու և կանխատեսելու դժվարության հետ։ Այն առաջանում է, երբ որոշումների կայացման գործընթացները դառնում են անթափանց, իսկ քաղաքական ընտրությունները՝ դժվար տարբերակելի։ Նման պայմաններում քաղաքացին կորցնում է տեղեկացված և գիտակցված ընտրություն կատարելու վստահությունը։
Նորմերի քայքայումը, իր հերթին, արտահայտում է այն իրավիճակը, երբ հանրային կյանքը կարգավորող ընդունված կանոններն ու ընթացակարգերը ընկալվում են որպես խաթարված կամ անարդյունավետ։ Այս պայմաններում քաղաքացիները սկսում են կասկածել, որ ավանդական ժողովրդավարական մեխանիզմները՝ օրինակ ընտրություններին մասնակցությունը, կարող են իրական ազդեցություն ունենալ, մինչդեռ ոչ ֆորմալ, ստվերային կամ կոռուպցիոն ուղիները դիտարկվում են որպես նպատակներին հասնելու առավել արդյունավետ միջոցներ։
Եթե Սիմանը նկարագրում է օտարման հոգեբանական կառուցվածքը, ապա Քոլին Հեյը (2007) և Քոլին Քրաուչը (2016) բացահայտում են դրա կառուցվածքային հիմքերը։ Հեյի կարծիքով ժամանակակից ժողովրդավարություններում տեղի է ունենում ապաքաղաքականացման գործընթաց, որի ընթացքում կարևոր հանրային հարցերը աստիճանաբար դուրս են բերվում հանրային քննարկման և քաղաքական որոշումների կայացման տիրույթից։ Արդյունքում ձևավորվում է մի շրջանաձև գործընթաց, որտեղ պետության կողմից որոշումների կայացման լիազորությունների փոխանցումը գլոբալ շուկաներին և վերազգային դերակատարներին զուգակցվում է քաղաքական ցինիզմի լեգիտիմացմամբ։ Քաղաքացիները սկսում են զգալ, որ քաղաքականությունը կորցրել է իրական ազդեցության հնարավորությունը, ինչն էլ խորացնում է անզորության և անօգնականության զգացումը։
Ներգրավվածության իմաստի կորստի և անզորության զգացման համադրությունը հաճախ հանգեցնում է քաղաքական հոգնածության։ Դրա դրսևորումներից մեկն ինֆորմացիոն մեկուսացումն է, երբ մարդիկ գիտակցաբար սահմանափակում կամ դադարեցնում են քաղաքական նորություններին հետևելը՝ սեփական հոգեկան բարեկեցությունը մշտական լարվածությունից պաշտպանելու նպատակով։ Մյուս դրսևորումը սկեպտիցիզմից դեպի ցինիզմ անցումն է։ Եթե ժողովրդավարական սկեպտիկը շարունակում է կասկածի տակ դնել իշխանությունը՝ միաժամանակ պահպանելով ներգրավվածությունը, ապա արմատացած ցինիկը քաղաքական համակարգը համարում է անուղղելիորեն կոռումպացված և հրաժարվում է մասնակցությունից։
Այս համատեքստում ի հայտ է գալիս նաև այն, ինչ կարելի է անվանել «փախուստ դեպի հավատ»։ Ռոբերտ Մերտոնի դիտարկմամբ՝ խորքային օտարումը ձևավորում է որոշակիության և վերահաստատման սուր պահանջ։ Արդյունքում մարդիկ ավելի հակված են դառնում ընդունելու պարզ և ամբողջական բացատրություններ առաջարկող գաղափարական համակարգերը։ Այդպիսի համակարգեր կարող են լինել պոպուլիստական նարատիվները, դավադրության տեսությունները, մարգինալացված խմբերի թիրախավորումը կամ կրոնական ֆունդամենտալիստական մեկնաբանությունները, որոնք բարդ և անկանխատեսելի իրականությունը ներկայացնում են որպես հասկանալի և վերահսկելի։
Սակայն քաղաքական պասիվությունը միշտ չէ, որ օտարման կամ հուսահատության հետևանք է։ Ամնոն և Էկմանը (2014) կարևոր նրբերանգ են ավելացնում քաղաքական չմասնակցության մեկնաբանությանը՝ ներկայացնելով «սպասող քաղաքացու» (standby citizen) գաղափարը։ Նրանք պնդում են, որ քաղաքական գործընթացներին չմասնակցող բոլոր քաղաքացիներին չի կարելի դասել «ապատիկ» կամ «հուսախաբված» խմբերի շարքը։
Սպասող քաղաքացիները պասիվ են միայն արտաքուստ։ Ի տարբերություն քաղաքականությունից լիովին օտարված անհատների՝ նրանք ունեն սոցիալական ռեսուրսներ, քաղաքական գիտելիք և քաղաքացիական կարողություններ, որոնց կարող են դիմել անհրաժեշտության դեպքում։ Նրանք շարունակում են հետևել հանրային իրադարձություններին, քննարկել քաղաքական հարցեր ընտանիքի անդամների և ընկերների հետ և պատրաստ են ներգրավվել հանրային գործողություններում, եթե որևէ կարևոր խնդիր կամ ճգնաժամային իրավիճակ պահանջի դա։
Այս տեսանկյունից քաղաքական պասիվությունը երբեմն կարող է հանդես գալ ոչ թե որպես անտարբերություն, այլ որպես դիտարկման և սպասման շրջան։ Քաղաքացիները գիտակցաբար պահպանում են իրենց քաղաքացիական ռեսուրսները՝ նախընտրելով ակտիվ ներգրավվածությունը միայն այն ժամանակ, երբ այն ընկալվում է որպես իմաստալից և ազդեցիկ։
Այդուհանդերձ, քաղաքական պասիվությունը հազվադեպ է միայն անհատական ընտրության արդյունք։ Ավելի հաճախ այն ադապտիվ արձագանք է քաղաքական և տնտեսական այն պայմաններին, որոնք սահմանափակում են քաղաքացիների ազդեցության զգացումը հանրային գործընթացների նկատմամբ։ Այս իմաստով քաղաքական պասիվությունը ոչ միայն քաղաքացիների վարքագծի, այլև ժամանակակից ժողովրդավարությունների կառուցվածքային վիճակի կարևոր ցուցիչ է։

Մասնակցել, թե՞ հեռու մնալ․ քաղաքական կողմնորոշման մարտահրավերները

Չնայած հետազոտությանը մասնակցած երիտասարդները ներքին քաղաքական գործընթացների հանդեպ խորքային և բազմաշերտ մեկնաբանություն են ցուցաբերում, ավելի լայն քաղաքական, աշխարհաքաղաքական և տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ քննարկումները հաճախ արտացոլում են մեդիայում շրջանառվող և վերարտադրվող նարատիվները, այլ ոչ թե ինքնուրույն վերլուծություններ։ Սա վկայում է տեղեկատվության հասանելիության և բարդ քաղաքական նարատիվների նկատմամբ քննադատական դիրքորոշման միջև առկա խզումների մասին՝ ակներև դարձնելով տեղեկատվական միջավայրի նշանակալի ազդեցությունը երիտասարդների ընկալումների և մասնակցության ձևավորման վրա։
Երիտասարդների հետ քննարկումները ցույց են տալիս, որ նրանց քաղաքական օտարման պատճառները բազմաշերտ են, սակայն քաղաքական ինստիտուտների, ընտրական գործընթացների, ինչպես նաև մեդիայի նկատմամբ խորը անվստահությունը երիտասարդների քաղաքական մասնակցությունը պայմանավորող առանցքային գործոններից է։ Կարևոր է ընդգծել, որ քաղաքական և քաղաքացիական գործընթացներից օտարումը երիտասարդների համար ամենևին պայմանավորված չէ այդ գործընթացների հանդեպ անտարբերությամբ։ Թերևս անվստահությունն է այն կատեգորիան, որը բյուրեղացնում է երիտասարդների դիրքորոշումը այս գործընթացների ու նախընտրական իրավիճակի առնչությամբ։ Երիտասարդների այս դիրքորոշումը հաճախ արտացոլում է ժողովրդավարական գործընթացների նկատմամբ աճող թերահավատությունը, քաղաքական դերակատարների և ինստիտուտների հաշվետվողականության ընկալվող պակասը, պետական քաղաքականությունների ոչ բավարար արդյունավետությունն ու հասցեականությունը, ինչպես նաև քաղաքացիական մասնակցության սահմանափակ ազդեցության մասին պատկերացումները։ Երիտասարդները հաճախ ընտրում են հեռավորություն պահպանել քաղաքական գործընթացներից՝ չցանկանալով նույնականացվել այն արդյունքների հետ, որոնց նկատմամբ չունեն վստահություն կամ հավատ։

Եթե մենք չենք ուզում կոնկրետ մեկին ընտրել ու ընտրում ենք պատահական մեկին, եթե ինչ-որ բան լինի ապագայում, կիմանանք, որ մեր ձայնը չենք տվել էդ մարդուն ու չենք մտածի՝ վա՜յ, մեր մեղքով եղավ։

21 տարեկան կին, Երևան

Երիտասարդների ընկալմամբ՝ ներկա քաղաքական դիսկուրսը չափազանց բևեռացված և ագրեսիվ է, իսկ դրա օրակարգը հաճախ չի արձագանքում իրենց՝ Հայաստանում ապրող երիտասարդների առօրյա խնդիրներին և մտահոգություններին։ Ֆոկուս խմբային բոլոր քննարկումներում կրկնվող առանցքային թեմաներից մեկն այն էր, որ քաղաքականության շուրջ խոսակցությունները գրեթե անխուսափելիորեն վերածվում են բևեռացման, հակասությունների և վեճերի՝ ընտանիքներում, բարեկամական շրջանակներում և ընկերների միջև։ Այս փորձառության արդյունքում շատ երիտասարդներ գիտակցաբար խուսափում են քաղաքական թեմաների քննարկումներից իրենց անմիջական սոցիալական միջավայրում՝ նախընտրելով զերծ մնալ հնարավոր լարվածություններից, կոնֆլիկտներից և հարաբերությունների սրումից։ Սա հաճախ վերածվում է ինքնալռեցման, երբ երիտասարդները նախընտրում են չարտահայտել իրենց քաղաքական կարծիքներն ու դիրքորոշումները՝ կանխատեսելով բացասական արձագանքներ, թյուրըմբռնումներ կամ հարաբերությունների վատթարացում։ Արդյունքում քաղաքական քննարկումներից հեռանալու միտումը դառնում է ոչ միայն կոնֆլիկտներից խուսափելու ռազմավարություն, այլև հանրային և քաղաքական հարցերի շուրջ սեփական ձայնի սահմանափակման ձև։

Նաև թշնամանք կա դրա մեջ։ Շուրջ վեց տարի է, որ էս պառակտումը սկսել է գնալ հայ ժողովրդի մեջ ու շատ լուրջ պառակտում է։ Եթե նախկինում տարբեր քաղաքական հայացքների տեր մարդիկ կարող էին շատ հանգիստ իրար կողք ապրել, 2020 թվականից հետո այս ամեն ինչը շատ սրվեց։ Մի սովորական քաղաքական հայացք ունենալու համար քեզ կարող են կողքից էնպե՜ս քննադատել։

21 տարեկան տղամարդ, Վանաձոր, Լոռու մարզ

Քաղաքական թեմաների քննարկումը երիտասարդները բնութագրում են իբրև «խոցելի» և կոնֆլիկտային, ինչը նպաստում է ինքնագրաքննության և շատ դեպքերում անտարբերություն թվացող լռությանը, նույնիսկ երբ կա հստակ դիրքորոշում։
Քաղաքական մասնակցության տեսանկյունից նկատելի տարբերություններ կան ընտրական գործընթացում առաջին անգամ ներգրավվող երիտասարդների և արդեն ընտրություններին մասնակցության փորձ ունեցող երիտասարդների միջև։ Առաջին անգամ ընտրելու իրավունք ստացած երիտասարդների համար հատկապես կարևոր են կողմնորոշման, տեղեկացված որոշում կայացնելու և քաղաքական գործընթացները հասկանալու հարցերը։ Նրանք հաճախ արտահայտում են փաստարկված և հավաստի տեղեկատվության, ինչպես նաև մեծահասակների, ուսուցիչների, ծնողների կամ այլ նշանակալի անձանց կողմից աջակցություն և առաջնորդում ստանալու կարիք։
Միաժամանակ, երիտասարդները կարևորում են կրթական հաստատություններում ընտրական գործընթացների, ժողովրդավարական ինստիտուտների և քաղաքական մասնակցության վերաբերյալ բաց, բազմակարծիք և ոչ ուղղորդող քննարկումների առկայությունը։ Հատկապես 18–23 տարեկանների շրջանում նկատվում է քաղաքական առաջնորդության վերաբերյալ պատկերացումներ ձևավորելու և քաղաքական դերակատարներին գնահատելու չափանիշներ ձեռք բերելու պահանջ։ Նրանք հաճախ փորձում են հասկանալ, թե ինչ հատկանիշներով պետք է օժտված լինի քաղաքական առաջնորդը, ինչ արժեքներ պետք է ներկայացնի և ինչով կարելի է պայմանավորել նրա նկատմամբ վստահությունը։

Դպրոցում, դրսում դրա մասին չենք խոսում, եթե ընտանիքումս խոսեն, կլսեմ, իսկ անհատական կարծիք չի ձևավորվում։ Ինձ շատ հաճելի կլիներ, որ դպրոցում ոչ թե քննարկեինք ինչ-որ քաղաքական գործչի, ղեկավարի, այլ՝ ընդհանուր առմամբ ղեկավարի կերպարը, որ ես պատկերացում ունենամ՝ ինչպիսին պետք է լինի ղեկավարը, որ հետո, երբ մասնակցեմ ընտրություններին, ես ոչ թե կոնկրետ անհատի ընտրեմ, այլ առաջնորդվեմ իմ ունեցած պատկերացմամբ։

19 տարեկան կին, Եղեգնաձոր, Վայոց ձորի մարզ

Ես էլ շատ խուսափում եմ ընտրություններից, որովհետև հասկանում եմ, որ դա պատասխանատվություն է, ուզում ես մաքսիմալ ճիշտ որոշում կայացնել, բայց ես չգիտեմ՝ ոնց ճիշտ ընտրել։

23 տարեկան կին, Վանաձոր, Լոռու մարզ

Նախորդ ընտրություններում արդեն մասնակցության փորձ ունեցող երիտասարդների համար, որքան էլ անվստահության և հիասթափության պայմաններում կողմնորոշվելը հաճախ բարդ է, այնուամենայնիվ, առկա է քաղաքական ուժերի, գործիչների և նախորդ ընտրական փորձի վերաբերյալ որոշակի գիտելիք և պատկերացում։ Այս խմբի երիտասարդները սովորաբար իրենց ընտրական որոշումները կայացնում են ոչ միայն ընթացիկ նախընտրական քարոզչության, այլև նախկին փորձի, քաղաքական դերակատարների գործունեության և նախորդ խոստումների կատարման գնահատման հիման վրա։
Թեև հետազոտության մասնակից երիտասարդների զգալի մասը կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունավետությունը և ընտրությունների միջոցով իրական քաղաքական կամ համակարգային փոփոխությունների հասնելու հնարավորությունը, նրանք շարունակում են կարևորել ընտրություններին մասնակցությունը՝ այն դիտարկելով որպես քաղաքացիական պատասխանատվության և հասարակական ներգրավվածության դրսևորում։ Ընտրություններին մասնակցելու որոշումը հաճախ պայմանավորված է ոչ այնքան որևէ քաղաքական ուժի կամ թեկնածուի նկատմամբ վստահությամբ, որքան սեփական քաղաքացիական պարտքը կատարելու, «խղճի հանգստության», սեփական ձայնը լսելի դարձնելու և հանրային գործընթացների նկատմամբ պատասխանատվություն ստանձնելու ձգտմամբ։ Այս առումով ընտրություններին մասնակցությունը երիտասարդների համար հաճախ արժեքային ընտրություն է, նույնիսկ այն դեպքերում, երբ ընտրությունների արդյունքների նկատմամբ ակնկալիքները սահմանափակ են։

Ես ընտրություններին գնալու եմ, պատահական մեկին վերցնելու ու դնելու եմ, ոչ էլ նայելու եմ՝ ովքեր կան, ինչեր կան։ Ես գոնե կիմանամ, որ իմ երկրում ինչ կատարվում է, դրա համար իմ պատասխանատվությունն ունեմ։ Իսկ չգնալով կամ ճղելով՝ ես ասում եմ՝ ինչ ուզում եք արեք էս երկրի հետ։

28 տարեկան կին, Երևան

Ընտրական որոշումների կայացման գործընթացում երիտասարդները մեծ կարևորություն են տալիս ոչ միայն քաղաքական ծրագրերին, այլև քաղաքական դերակատարների կենսագրությանը, նախկին գործունեությանը և քաղաքական կապերին։ Քաղաքական ծրագրերից ավելի կարևոր են համարում քաղաքական գործիչների և նրանց թիմերի անցած ճանապարհն ու նախկին գործունեությունը՝ դրանք դիտարկելով որպես ապագա վարքագծի առավել վստահելի ցուցիչներ։ Քաղաքական ուժերի գնահատման չափանիշների շարքում երիտասարդները առանձնացնում են նաև արժեքային սկզբունքները, երկրի զարգացման տեսլականը, արտաքին և ներքին քաղաքականության ռազմավարությունները, անվտանգային հարցերի լուծման մոտեցումները, ինչպես նաև քաղաքական դերակատարների անկախությունն ու վստահելիությունը։

Նախ և առաջ հենց քաղաքական ուժի սկզբունքները, այսինքն՝ իրենք ինչ մոտեցումներ են տեսնում, ինչ արժեքային պատկեր ունեն, ինչպես են տեսնում երկրի զարգացումը։ Անկախությունն է շատ կարևոր գնահատման գործակից՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին։ Ու կան արդեն արժեքներ, սկզբունքներ, թե ինչքանով են դրանց հավատարիմ, ինչքանով են անկախ։ Հետո արդեն կարողունակությունը, թե  ինչ  ճանապարհով ու արդյոք կկարողանա՞ն հասնել այդ նպատակներին։

21 տարեկան տղամարդ, Հրազդան, Կոտայքի մարզ

Թեև որոշ երիտասարդներ ընտրություններին մասնակցելու հարցում առաջնորդվում են հստակ չափանիշներով և գիտակցված ընտրություն կատարելու ձգտմամբ, նրանց դիրքորոշումներին զուգահեռ հնչում են նաև ընտրական գործընթացի արդյունավետության և իմաստի վերաբերյալ կասկածներ։ Մասնակիցների մի մասը ընտրությունները դիտարկում է որպես առավելապես սիմվոլիկ գործընթաց՝ կասկածի տակ դնելով ժողովրդավարական ճանապարհով էական քաղաքական փոփոխությունների հասնելու հնարավորությունը։
Երիտասարդները հաճախ նշում են, որ լիարժեք չեն վստահում ընտրությունների արդարությանը և թափանցիկությանը, իսկ որոշ դեպքերում կասկածում են, որ ընտրությունների արդյունքները կարող են կանխորոշված կամ փոփոխված լինել։ Միաժամանակ տարածված է այն ընկալումը, որ ընտրությունների արդյունքում տեղի ունեցող քաղաքական փոփոխությունները հազվադեպ են անդրադառնում մարդկանց առօրյա կյանքի որակի, սոցիալ-տնտեսական պայմանների կամ հանրային խնդիրների լուծման վրա։

Նախընտրական ելույթների ժամանակ բոլորն էլ ասում են, բայց ինչ-որ շարժ չի լինում։ Ձայն  հավաքելու համար յուրաքանչյուր կուսակցություն իր նախընտրական ելույթների ժամանակ խոսում է երիտասարդների իրավունքների, երիտասարդների զբաղվածության հարցերով, բայց արդյունքում շարժ չի լինում։

30 տարեկան կին, Գյումրի, Շիրակի մարզ

Այսպիսով, կասկածի տակ է դրվում ոչ միայն ընտրական գործընթացի արդարությունը, այլև դրա ազդեցիկությունն ու գործնական նշանակությունը։

Այս համատեքստում երիտասարդների քաղաքական մասնակցությունը հաճախ ձևավորվում է ոչ այնքան որևէ կուսակցության կամ քաղաքական ուժի հետ գաղափարական նույնականացման, որքան քաղաքացիական պարտավորության և պատասխանատվության զգացման հիման վրա։ Ընտրություններին մասնակցելու որոշումը հաճախ արդարացվում է «պետք է մասնակցել» տրամաբանությամբ՝ այն ընկալելով որպես քաղաքացիական պարտքի կատարում և հանրային գործընթացների նկատմամբ պատասխանատվության դրսևորում։ Միաժամանակ որոշ երիտասարդներ քննադատաբար են վերաբերվում այս մոտեցմանը՝ նշելով, որ ընտրություններին մասնակցությունը չպետք է պայմանավորված լինի մեղքի զգացումով կամ ընտրությունների արդյունքների համար անհատական պատասխանատվություն կրելու պարտադրանքով։ Նրանց կարծիքով, մասնակցությունը պետք է հիմնված լինի վստահության, ներկայացված լինելու զգացման և քաղաքական ազդեցություն ունենալու իրական հնարավորության վրա։

….այո՛, մենք պատասխանատվություն ենք վերցնում ընտրելով, այո՛, մենք պիտի գիտակցենք այդ պատասխանատվությունը, բայց չպիտի այդ պատասխանատվության զգացումը մեզ տանի մեղքի զգացման, որ մենք ընտրել ենք, լավ չի եղել, ժողովրդավար չի եղել, մենք մեղավոր ենք, մենք ընտրել չգիտենք, հաջորդին չեմ գնալու ընտրեմ, որովհետև ես սխալ ընտրություն եմ արել։ Որովհետև  ժողովրդավարություն, բռնապետություն հասկացությունները ժամանակի ընթացքում փոխվում են ու կառավարվում են նաև անկախ մեր կամքից՝ համաշխարհային իրադարձություններից ելնելով։ Ուզում եմ ասել, որ միայն նրա համար, որ հետո չունենանք մեղքի զգացում, չարժի չգնալ ու այդ պատասխանատվությունը վերցնել։

25 տարեկան կին, Գավառ, Գեղարքունիքի մարզ

«Ընտրիր, որպեսզի քո փոխարեն չընտրեն» սկզբունքը բազմիցս հնչում էր քննարկումների ընթացքում՝ որպես ընտրություններին մասնակցության հիմնական հիմնավորում, նույնիսկ այն դեպքերում, երբ երիտասարդները որևէ քաղաքական ուժի կամ թեկնածուի նկատմամբ վստահություն չեն արտահայտում։ Այս մոտեցումը վկայում է, որ ընտրություններին մասնակցությունը հաճախ ընկալվում է ոչ այնքան որպես քաղաքական նախընտրության արտահայտում, որքան սեփական քաղաքացիական ներկայությունն ու ձայնը պահպանելու միջոց։ Միաժամանակ, ընտրության բովանդակային կողմը շատերի համար մնում է անորոշ։ Երիտասարդների մի մասը նշում է, որ չունի գաղափարապես նախընտրելի կուսակցություն կամ թեկնածու, կամ բավարար տեղեկատվություն քաղաքական դերակատարների մասին։ Կուսակցությունների ծրագրերը հաճախ ընկալվում են որպես ոչ բավարար վստահելի՝ պայմանավորված այն համոզմամբ, որ դրանք հիմնականում արտացոլում են քաղաքական ուժերի շահերը և միշտ չէ, որ վերածվում են գործնական քաղաքականությունների կամ իրականացվող խոստումների։
Այս պայմաններում ընտրությունը հաճախ նկարագրվում է որպես «վատի և վատագույնի միջև» ընտրություն, որտեղ որոշումները հիմնվում են ոչ թե նախընտրելի տարբերակի ընտրության, այլ հնարավոր բացասական հետևանքները նվազեցնելու տրամաբանության վրա։ Այլ կերպ ասած՝ ընտրական վարքագիծը հաճախ պայմանավորվում է ոչ թե քաղաքական նույնականացմամբ կամ ոգևորությամբ, այլ ռիսկերի կառավարման և անցանկալի արդյունքները կանխելու ձգտմամբ։
Այնուամենայնիվ, ընտրություններին մասնակցության վերաբերյալ երիտասարդների դիրքորոշումները, որքան էլ բազմազան, հակասական և երբեմն անորոշ լինեն, չեն վերածվում քաղաքական գործընթացներից լիակատար հրաժարման։ Ընդհակառակը, շատերի համար մասնակցությունը շարունակում է պահպանել իր խորհրդանշական և քաղաքացիական նշանակությունը՝ որպես սեփական ձայնը լսելի դարձնելու, հանրային գործընթացներում ներկայություն ունենալու և երկրի ապագայի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելու հնարավորություն։

Ցավոք սրտի, ինչ-որ կողմնորոշում չունեմ, ես էլ չեմ տեսնում ինչ-որ մեկի, ում հաստատ կասեմ, որ դե ինքն է։ Բայց ընտրությունների գնալը ոչ մի վայրկյան կասկածի տակ չեմ դնում՝ իմ ձայնը լսելի դարձնելու համար։

21 տարեկան տղամարդ, Հրազդան, Կոտայքի մարզ

Այս մոտեցման շրջանակում ընտրությունները դիտարկվում են որպես գործընթաց, որտեղ հնարավոր է ձևավորել համակարգային փոփոխություն, եթե ի հայտ գան իրական այլընտրանքային քաղաքական ուժեր։ Այսպիսով, քաղաքական մասնակցության շուրջ ձևավորվում է երկակի պատկեր։ Մի կողմից՝ խորը ու բազմաշերտ անվստահություն, տեղեկատվական հոգնածություն և անորոշություն, մյուս կողմից՝ փոփոխության հնարավորության նկատմամբ պայմանական հավատ, նախընտրական ծրագրերի շուրջ տեղեկացված լինելու ցանկություն և ներգրավվելու պատրաստակամություն՝ կախված քաղաքական օրակարգերի որակից։
Մասնակիցների խոսքում ընդգծվում է, որ քաղաքական դերակատարների և ինստիտուտների կողմից իրականացվող տարբեր նախաձեռնություններն անխուսափելիորեն ազդեցություն են ունենում երիտասարդների վրա։ Նախընտրական շրջանում երիտասարդները ոչ միայն դիտարկվում են որպես քաղաքական գործընթացների մասնակիցներ, այլև հաճախ գործիքայնացվում են տարբեր քաղաքական ուժերի կողմից։ Մասնավորապես, սոցիալապես ավելի խոցելի խմբերի երիտասարդները, երբեմն ներգրավվում կամ մանիպուլացվում են քաղաքական նպատակներով՝ աշխատանքի, վարձատրության կամ այլ նյութական աջակցության խոստումների միջոցով։

Անձնական պահեր էլ գոյություն ունեն։ Երբ ինչ-որ մի կուսակցություն ուսանողի ուսման վարձը տալիս է, պարզ է, որ երիտասարդը եթե չգիտի էլ այդ կուսակցությունը լավն է, թե վատն է, արդեն անձնական նպատակով կգնա ու այդ կուսակցությանը կընտրի՝ մտածելով, որ եթե մի անգամ արել է, վաղը նորից կանի։ Ինքն էլ կիմանա, որ ես իրեն ընտրելու եմ։ Ու ոչ ոք չի կարող երիտասարդին ասել՝ ինչո՞ւ ես իրեն ընտրում, որովհետև երիտասարդն իր պատասխանն ունի՝ «ինքն իմ վարձը տվել է»։ Սոցիալականին են կպնում։ Այդ տրամաբանությամբ այդ մարքեթինգային քայլն են կուսակցություններն անում, որ երիտասարդները գնան [ընտրության]։

19 տարեկան, տղամարդ, Երևան

Այս համատեքստում քաղաքական ինստիտուտների և երիտասարդների միջև հարաբերությունը բնութագրվում է անվստահությամբ և այն ընկալմամբ, որ երիտասարդները հաճախ օգտագործվում են քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, այլ ոչ թե դիտարկվում որպես ինքնուրույն դերակատարներ և որոշումների կայացման լիարժեք մասնակիցներ։

Օտարում, ոչ ռելևանտություն, ուղիղ շփում և սիմվոլիկ մոտիկություն

Երիտասարդների քաղաքական և քաղաքացիական մասնակցության հարցերն ուղղակիորեն կապվում են հանրային և պետական տարբեր ինստիտուտների հետ նրանց ունեցած հարաբերություններով և դրանց բնույթով։ Մենք որպես հետազոտողներ կարևորեցինք այդ հարաբերությունների բնույթին խորքային անդրադառնալու հարցը  հետազոտության շրջանակում։  Քննարկումների ընթացքում երիտասարդներն արտահայտում էին խառը ու հաճախ երկիմաստ հարաբերություններ տարբեր ինստիտուտների հանդեպ՝ հիմնված իրենց փորձի, տարբեր գերակա նարատիվների և զգացմունքային կապվածության վրա։ Այս ինստիտուտների շարքում էին՝ ընտրական ինստիտուտը, կուսակցությունները, կրթությունը, մեդիան, քաղաքացիական հասարակությաւնը, բանակը և եկեղեցին։ Այս բազմաշերտ հարաբերություններում էմոցիոնալ կապը զուգորդվում է քննադատությամբ, երբեմն օտարման զգացումով, երբեմն՝ ուղիղ շփումներով։
Կարևոր հետազոտական դիտարկում է այն, որ որոշ ինստիտուտների նկատմամբ քննադատական վերաբերմունքը կամ դրանցից օտարվածության մասին խոսելը խմբային քննարկումներում հաճախ հնարավոր էր դառնում միայն այն բանից հետո, երբ մասնակիցներից որևէ մեկն առաջինն էր բարձրաձայնում նման դիրքորոշում։ Սա հատկապես նկատելի էր բանակի և եկեղեցու դեպքում, որոնք շարունակում են ընկալվել որպես բարձր սիմվոլիկ արժեք և հասարակական զգայունություն ունեցող ինստիտուտներ։ Հաճախ միայն առաջին քննադատական կարծիքի հնչեցումից հետո մյուս մասնակիցներն էլ սկսում էին կիսվել իրենց վերապահումներով, դժգոհություններով կամ օտարվածության փորձառություններով։
Այս երևույթը ակներև է դարձնում, որ որոշ ինստիտուտների նկատմամբ անվստահությունը կամ հեռավորությունը միշտ չէ, որ բացահայտ արտահայտվող դիրքորոշում է։ Դրանք հաճախ մնում են թաքնված՝ պայմանավորված հասարակական սպասումներով, ինքնագրաքննությամբ կամ այն մտավախությամբ, որ նման տեսակետները կարող են չընդունվել շրջապատի կողմից։ Արդյունքում խմբային քննարկումները ցույց էին տալիս, թե ինչպես է սոցիալական միջավայրը ազդում ոչ միայն քաղաքական, այլև ինստիտուցիոնալ վերաբերմունքների արտահայտման վրա։

Ընտրական ինստիտուտի և քաղաքական կուսակցությունների նկատմամբ երիտասարդների վերաբերմունքները մեծապես փոխկապակցված են և հաճախ ձևավորվում են նույն տրամաբանության շրջանակում։ Հետազոտության մասնակիցների շրջանում ընտրական ինստիտուտի նկատմամբ գերակշռող վերաբերմունքը օտարումն է, որը հիմնականում պայմանավորված է կուսակցությունների նկատմամբ անվստահությամբ։ Շատ երիտասարդներ ընտրությունները չեն դիտարկում որպես ժողովրդավարական համակարգի ինքնուրույն և արդյունավետ գործիք, որի միջոցով հնարավոր է ազդել քաղաքական որոշումների կամ հանրային գործընթացների վրա։ Այս ընկալումը հաճախ հիմք է դառնում ընտրություններին չմասնակցելու կամ մասնակցության իմաստը կասկածի տակ դնելու դիրքորոշումների համար։
Միաժամանակ, որոշ երիտասարդներ ընտրությունները դիտարկում են որպես քաղաքացիական մասնակցության սահմանափակ, բայց կարևոր հնարավորություն։ Այս դեպքում ընտրություններին մասնակցությունը պայմանավորված է ոչ այնքան ընտրական ինստիտուտի նկատմամբ վստահությամբ, որքան այն ընկալմամբ, որ դա հանրային գործընթացներում ներկայություն ունենալու և սեփական դիրքորոշումն արտահայտելու հասանելի եղանակներից մեկն է։ Այսպիսով, ընտրական ինստիտուտի նկատմամբ ձևավորվում է ավելի պրագմատիկ, քան վստահության վրա հիմնված հարաբերություն։
Օտարման այս հարաբերությանը զուգահեռ հետազոտությունը բացահայտում է նաև ընտրական ինստիտուտի հետ ուղիղ փոխգործակցության փորձառություններ։ Դրանք արտահայտվում են ընտրական գործընթացներում դիտորդական առաքելությունների շրջանակում ներգրավվածությամբ, ընտրական հանձնաժողովներում աշխատանքով կամ լրագրողական գործունեության միջոցով ընտրությունների լուսաբանմամբ։ Այսպիսի փորձառություններ ունեցող երիտասարդների դեպքում ընտրական ինստիտուտի նկատմամբ վերաբերմունքն ավելի բազմաշերտ է․ մի կողմից նրանք առավել տեղեկացված են ընտրական գործընթացների գործնական կողմերին, մյուս կողմից՝ այդ ներգրավվածությունը միշտ չէ, որ հանգեցնում է ինստիտուտի նկատմամբ ավելի բարձր վստահության։

Կուսակցությունների հանդեպ երիտասարդների գերակշռող վերաբերմունքը օտարումն է։ Հիմնական պատճառը կուսակցական պատկանելության բացակայությունն է, խուսափումը և քաղաքական գործընթացներից գիտակցված օտարվածությունը։ Շատ դեպքերում երիտասարդները նշում են քաղաքական կուսակցությունների ծրագրերի մասին տեղյակ լինելուց, ինչպես նաև այդ ծրագրերի բովանդակության խնդիրներն են բարձրացնում։

Կուսակցություններից գրեթե ոչ մեկը հստակ ասելիք չունի։ Մեզ առաջադրանք էին տվել համալսարանում՝ նախընտրական քարոզարշավի գովազդ կազմակերպել որպես կուսակցություն։ Մենք նստած մտածում էինք՝ ինչ կարելի է անել, մեզ մոտ գալիս էին այն հումորները, որ տեսել ենք, վիրավորանքները և այլն։ Ու ուզում ենք հասկանալ՝ լավ, ով ինչ է արել, ումից ինչ կարելի է վերցնել, ոչ մի լուրջ, հստակ բան չկա, միայն հումորների վրա է էդ ամեն ինչը։ Չկա ոչ մի պատկեր, որ տեսնենք։

19 տարեկան կին, Եղեգնաձոր, Վայոց ձորի մարզ

Կուսակցություններից օտարումն ու անվստահությունը երիտասարդները հաճախ կապում են նաև Հայաստանի քաղաքական դաշտի մասնատվածության և կուսակցությունների մեծ թվի հետ։ Գերակա է այն դիրքորոշումը, որ փոքր երկրում բազմաթիվ կուսակցությունների առկայությունը ոչ թե նպաստում է քաղաքական բազմակարծությանը, այլ հաճախ ստեղծում է անլրջության, արհեստականության և քաղաքական դաշտի մասնատվածության տպավորություն։ Երիտասարդների մի մասը դժվարանում է տարբերակել կուսակցությունների գաղափարական դիրքորոշումները և տեսնել դրանց միջև էական տարբերություններ, ինչն է՛լ ավելի է խորացնում անվստահությունն ու քաղաքական կողմնորոշման դժվարությունները։

Եկեղեցու նկատմամբ վերաբերմունքները, միանշանակ չեն և արտահայտվում են ինչպես սիմվոլիկ մոտիկությամբ ու ուղիղ շփումներով, այնպես էլ ինստիտուցիոնալ մակարդակում ձևավորված քննադատությամբ և անվստահությամբ։ Ընդհանուր առմամբ, երիտասարդների մեծամասնության մոտ գերակշռում էր եկեղեցու հետ սիմվոլիկ կապը, որը կապված էր ինքնության, հոգևոր հանգստության, ներքին հավասարակշռության և դժվար ժամանակներում աջակցություն ու մխիթարություն գտնելու զգացողությունների հետ։
Եկեղեցու հետ ուղիղ հարաբերությունները երիտասարդների փորձառության մեջ դրսևորվում էին պատարագների մասնակցությամբ, հոգևոր այլ արարողություններին հաճախելով, ինչպես նաև եկեղեցական ծառայություններում կամավոր ներգրավվածությամբ և սպասավորությամբ։ Շատերի համար եկեղեցին շարունակում է մնալ ոչ միայն կրոնական, այլև մշակութային և ազգային ինքնության կարևոր հենասյուն։
Միաժամանակ քննարկումների ընթացքում երիտասարդները հաճախ անդրադառնում էին եկեղեցու շուրջ ձևավորված քաղաքական և հասարակական լարվածություններին։ Մի կողմից հնչում էին քննադատություններ եկեղեցու քաղաքականացման և իշխանությունների ու եկեղեցու միջև առկա հակադրությունների վերաբերյալ, մյուս կողմից՝ հարցականի տակ էր դրվում հենց եկեղեցու՝ որպես քաղաքական դերակատար հանդես գալու նպատակահարմարությունը։ Այս քննադատությունները հաճախ ուղեկցվում էին անձնական փորձառություններով, որոնք ազդում էին եկեղեցու՝ որպես ինստիտուտի նկատմամբ վստահության վրա։

Եկեղեցուն ոչ ռելևանտություն եմ նշել, որովհետև քաղաքականացված է եկեղեցին։ Դա ազդում է ինձ վրա։ Անմիջական կապ եմ ունեցել, երբ ես պետք է կնքվեի, ու եկեղեցու առաջնորդը գումարը ուզեց միանգամից, ու ասաց՝ չէ, քո տվածը շատ քիչ է, էլի պետք է տաս։ Սուրբ բանի համար հասել եմ էնտեղ, ու առնչվել եմ նման կոպիտ պահվածքի։

30 տարեկան կին, Կապան, Սյունիքի մարզ

Քաղաքականացման և անձնական բացասական փորձառությունների համատեքստում երիտասարդները բարձրացնում էին նաև եկեղեցու նկատմամբ վստահության հարցը՝ խոսելով եկեղեցու ներսում առկա խնդիրների, հոգևորականների գործունեության շարժառիթների և եկեղեցու առաքելության շուրջ սեփական կասկածների մասին։ Հնչում էին տեսակետներ, որ որոշ հոգևորականներ եկեղեցական ծառայությունը դիտարկում են որպես աշխատանք, այլ ոչ թե ծառայություն կամ կոչում։ Այսպիսի ընկալումները ձևավորում են ինստիտուցիոնալ անվստահության որոշակի շերտեր՝ առանձնացնելով հավատքը եկեղեցական կառույցի նկատմամբ վերաբերմունքից։ Սակայն նույնիսկ նման քննադատությունների պայմաններում եկեղեցին շարունակում է պահպանել իր կարևորությունը երիտասարդների պատկերացումներում։ Անորոշության, անվտանգային մարտահրավերների և հասարակական փոփոխությունների պայմաններում այն հաճախ նույնականացվում է հոգևոր կայունության, մշակութային շարունակականության և ազգային ինքնության հետ։ Այս առումով երիտասարդների հարաբերությունը եկեղեցու հետ կարելի է բնութագրել որպես բազմաշերտ և երբեմն հակասական․ եկեղեցու նկատմամբ ինստիտուցիոնալ անվստահությունը հաճախ համատեղվում է դրա հոգևոր և խորհրդանշական նշանակության ճանաչման հետ։
Հնարավոր է, որ այս հարաբերությունների ձևավորման վրա ազդեցություն ունենան ինչպես Ղարաբաղյան երկրորդ պատերազմի և դրան հաջորդած քաղաքական զարգացումների հետևանքները, այնպես էլ կրթական համակարգում 2004 թվականից ներդրված «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի երկարաժամկետ ազդեցությունը։ Թեև հետազոտության տվյալները թույլ չեն տալիս միանշանակ եզրակացություններ անել այս կապերի վերաբերյալ, դրանք կարևոր հարցադրումներ են առաջադրում հետագա խորքային ուսումնասիրությունների համար։
Հատկանշական է նաև, որ եկեղեցուց օտարման կամ դրա նկատմամբ բացահայտ քննադատական վերաբերմունքի արտահայտումները քննարկումներում համեմատաբար հազվադեպ էին և հաճախ ի հայտ էին գալիս միայն այն բանից հետո, երբ որևէ մասնակից առաջինն էր բարձրաձայնում նման տեսակետ։ Սա կարող է վկայել, որ եկեղեցու նկատմամբ վերապահումները միշտ չէ, որ հեշտությամբ արտահայտվող դիրքորոշումներ են և հաճախ մնում են լատենտ մակարդակում՝ պայմանավորված ինստիտուտի բարձր խորհրդանշական կարգավիճակով և դրա նկատմամբ հասարակական զգայունությամբ։

Ավելի երիտասարդ հասակում ինչ-որ կապ եմ զգացել, ու քանի որ ինչ-որ էմոցիոնալ բան կա, երբ արդեն կյանքիցդ դուրս է գալիս, էլի էմոցիոնալ ես վերաբերվում։ Օտարումը մի քիչ ավելի էմոցիոնալ է, քան ոչ ռելեվանտությունը, դրա համար օտարում եմ նշել։

25 տարեկան կին, Վանաձոր, Լոռու մարզ

Բանակի ինստիտուտի հետ երիտասարդների հարաբերությունները հիմնականում ձևավորվում են սիմվոլիկ հարթության մեջ։ Հետազոտության մասնակիցների ընկալումներում բանակը հաճախ նկարագրվում էր որպես «պաշտպանող», «անհրաժեշտ» և նույնիսկ «սուրբ» ինստիտուտ, որը կարևոր դեր ունի պետության գոյության և անվտանգության ապահովման գործում։ Այս սիմվոլիկ մոտիկությունը, սակայն, միշտ չէ, որ ուղեկցվում է բանակի, զինված ուժերի խնդիրների, պատերազմի հետևանքների կամ պաշտպանության ոլորտի քաղաքականությունների շուրջ լայն և խորքային քննարկումներով։ Շատ դեպքերում բանակի մասին դիսկուրսը սկսվում և ավարտվում է նրա՝ որպես հայրենիքի պաշտպանության պատասխանատու կառույցի ընկալմամբ։
Բանակի հետ երիտասարդների անմիջական առնչությունները հիմնականում պայմանավորված են անձնական փորձառություններով և սոցիալական կապերով։ Դրանք արտահայտվում են զինվորական ծառայության, պատերազմին մասնակցության, ինչպես նաև ընտանիքի անդամների կամ մտերիմների ծառայության փորձի միջոցով։ Որոշ երիտասարդներ խոսում էին նաև ոչ ֆորմալ ռազմական և ինքնապաշտպանական նախաձեռնություններում ներգրավվածության մասին, մասնավորապես՝ կամավորական և ռազմահայրենասիրական ծրագրերի շրջանակում, այդ թվում՝ ՈՄԱ-ի գործունեությանը մասնակցության փորձառությունների վերաբերյալ։
Միաժամանակ, զինվորական ծառայության կամ պատերազմի մասնակցության փորձ ունեցող երիտասարդ տղամարդկանց շրջանում, թեև համեմատաբար հազվադեպ, հնչում էին նաև ավելի քննադատական դիրքորոշումներ։ Նրանք բարձրաձայնում էին պետության և անհատի հարաբերություններում առկա խզումների, ծառայությունից հետո աջակցության պակասի, ինչպես նաև պետության կողմից բավարար հոգածություն և ուշադրություն չցուցաբերելու վերաբերյալ մտահոգություններ։ Այս պատմություններում հաճախ արտահայտվում էր այն զգացումը, որ ծառայության ընթացքում կամ պատերազմին մասնակցելու պահին անհատի ներդրումը բարձր է գնահատվում, սակայն հետագայում նրա կարիքները, խնդիրները և փորձառությունները մնում են անտեսված։
Այս փորձառությունները բացահայտում են հետաքրքիր հակասություն․ մի կողմից բանակը շարունակում է ընկալվել որպես բարձրարժեք, ազգային ինքնության և անվտանգության հետ սերտորեն կապված ինստիտուտ, մյուս կողմից՝ անձնական մակարդակում որոշ երիտասարդներ բախվում են պետության հետ հարաբերություններում հիասթափության, անտեսվածության կամ չգնահատված լինելու զգացումներին։ Այսպիսով, բանակի նկատմամբ վերաբերմունքը երիտասարդների շրջանում միաժամանակ ներառում է և՛ ուժեղ սիմվոլիկ հավատարմություն, և՛ որոշ դեպքերում ինստիտուցիոնալ մակարդակում ձևավորվող քննադատական հարցադրումներ։
Հատկանշական է նաև, որ բանակի նկատմամբ բացահայտ քննադատական վերաբերմունքները քննարկումներում հազվադեպ էին հնչում և հաճախ արտահայտվում էին միայն այն բանից հետո, երբ որևէ մասնակից առաջինն էր բարձրաձայնում նման փորձառություն կամ մտահոգություն։ Ինչպես եկեղեցու դեպքում, այստեղ ևս կարելի է ենթադրել, որ բանակի բարձր սիմվոլիկ կարգավիճակը սահմանափակում է դրա շուրջ քննադատական դիսկուրսի ազատ արտահայտումը՝ նպաստելով ինքնալռեցման կամ վերապահումների լատենտ պահպանմանը։

Ես, լինելով 18 տարեկան, շատ մեծ ոգևորությամբ եմ գնացել  բանակ։ Իհարկե, ունեի խնդիրներ, որոնք կարելի էր լուծել, նոր տանել։ Հարցը վերաբերում է նրան, թե  պետությունը ինչպես է վերաբերվում անհատին ու անհատը պետությանը։ Այն խոսքը,  որ մենք հողը արյունով ենք պահել, ժամանակն է՝ նաև հողը պահել, այդ արյուն տվողներին, այդ ժամանակ միանշանակ ընդհանրապես տեսանելի չէր ու նույնիսկ առաջիկա 100-200 տարվա ընթացքում տեսանելի չէ։ Նույնիսկ պետության այն աջակցությունը, երբ օրինակի համար ես մասնակցած եմ պատերազմին և այլն, իմ պարտքը կատարել եմ պետությանը հնարավորինս, իմ ուժերի չափով, բայց պետությունը բացառապես չի հետաքրքրվել։

23 տարեկան տղամարդ, Գյումրի, Շիրակի մարզ

Մեդիայի նկատմամբ երիտասարդների վերաբերմունքն արտահայտվում է անվստահությամբ և խնդրականացմամբ։ Մասնակիցները հաճախ մատնանշում են մեդիայի քաղաքականացվածությունը, բևեռացվածությունը, կողմնակալությունը, մանիպուլյացիները և անկախ լրատվամիջոցների պակասը։ Այս ընկալումները ձևավորում են տեղեկատվական դաշտի նկատմամբ միաժամանակ քննադատական և հիասթափված վերաբերմունք, որի պայմաններում մեդիան հազվադեպ է ընկալվում որպես վստահելի տեղեկատվության աղբյուր։ Մեդիայի հետ երիտասարդների ամենատարածված հարաբերությունը ուղիղ շփումն է, այն երիտասարդների կյանքում առանցքային դեր ունի, սակայն հենց մեդիան է դառնում քաղաքական օտարման, վստահության հիմքերը խարխլող հարթակ ու ինստիտուտ։
Հետազոտությանը մասնակցած երիտասարդները խոսում են նաև քաղաքական տեղեկատվության սպառման ոչ համակարգված և հաճախ պատահական բնույթի մասին։ Շատերը քաղաքական իրադարձությունների մասին տեղեկանում են ոչ թե ավանդական լրատվական հարթակներից, այլ սոցիալական ցանցերից, հումորային բովանդակությունից, ընկերական շրջանակներից կամ առօրյա հաղորդակցությունից։ Այս հանգամանքը քաղաքական տեղեկացվածության գործընթացը դարձնում է առավել իրավիճակային և հատվածական։
Հետազոտության մասնակիցները նշում են մեդիայի բազմազանության և մշտական հասանելիության մասին, ինչը ձևավորում է «անընդհատ տեղեկատվության հոսք» և այս պայմաններում ձևավորվում է տեղեկատվության սպառման ոչ ընտրողական մոտեցում, ինչպես իրենք են ձևակերպում՝ «նորություններն են քեզ հետևում, ոչ թե դու ես փնտրում նորությունը»։
Մասնակիցները, մասնավորապես, հայաստանյան խորհրդարանական դիսկուրսը և դրա մեդիա ներկայացումները նկարագրում են որպես կոնֆլիկտային, ագրեսիվ և ոչ կառուցողական։ Նրանց կարծիքով, նման միջավայրը ոչ միայն չի նպաստում քաղաքական գործընթացների վերաբերյալ տեղեկություն ստանալու ցանկությանը և կողմնորոշման ձևավորմանը, այլև որոշ դեպքերում խթանում է քաղաքականությունից գիտակցված հեռացումը և օտարումը։

Կրթության ինստիտուտի հետ երիտասարդներն ունեն ամենաուղիղ և ամենօրյա առնչությունը։ Հաշվի առնելով, որ հետազոտությանը մասնակցած երիտասարդների մի մասը ավագ դպրոցի ավարտական դասարաններում էին կամ սովորում էին բարձրագույն կրթության համակարգում, կրթական ինստիտուտը լիարժեքորեն ինտեգրված է նրանց կենսափորձում և առօրյա իրականության մեջ։ Այս պատճառով կրթության վերաբերյալ քննարկումները հիմնված էին ոչ թե հեռավոր պատկերացումների, այլ անմիջական փորձառությունների և անձնական գնահատականների վրա։
Ավագ դպրոցի ավարտական դասարաններում սովորող, ընտրելու իրավունք ունեցող երիտասարդները հիմնականում անդրադառնում էին կրթական համակարգում մասնագիտական կողմնորոշման խնդիրներին։ Նրանց կարծիքով՝ դպրոցը բավարար չափով չի աջակցում ապագա մասնագիտության ընտրության գործընթացում, ինչի հետևանքով շատ երիտասարդներ ավարտական փուլում շարունակում են անորոշություն ունենալ իրենց կրթական և մասնագիտական ուղու վերաբերյալ։
Բարձրագույն կրթության համակարգում սովորող երիտասարդներն առավել հաճախ բարձրացնում էին կրթության և աշխատաշուկայի միջև առկա անհամապատասխանության հարցը։ Քննարկումների ընթացքում հնչում էր այն մտահոգությունը, որ կրթական ծրագրերը միշտ չէ, որ ապահովում են աշխատաշուկայում պահանջված գիտելիքներ և հմտություններ, իսկ ստացած կրթությունը հաճախ չի երաշխավորում մասնագիտական կայացում կամ արժանապատիվ զբաղվածություն։ Այս իրավիճակը երիտասարդների մոտ ձևավորում է անորոշության զգացում ապագայի նկատմամբ և բարդացնում կրթական, մասնագիտական ու կենսական որոշումների կայացման գործընթացը։
Միաժամանակ, ի տարբերություն մի շարք այլ ինստիտուտների, որոնց նկատմամբ գերակշռում էին հեռավոր կամ սիմվոլիկ հարաբերությունները, կրթության ինստիտուտի գնահատականները հիմնականում ձևավորվում էին անմիջական փորձառությունների հիման վրա։ Հետևաբար երիտասարդների կողմից բարձրաձայնվող խնդիրները վերաբերում էին ոչ միայն համակարգային քաղաքականություններին, այլև իրենց առօրյա կյանքի վրա կրթական համակարգի ունեցած անմիջական ազդեցությանը։

Քաղաքացիական հասարակության նկատմամբ երիտասարդների վերաբերմունքները բազմաշերտ են և ներառում են ինչպես օտարման, այնպես էլ ուղիղ շփման, սահմանափակ սիմվոլիկ մոտիկության և երբեմն նաև ոչ ռելևանտության ընկալումներ։
Հասարակական կազմակերպությունները հաճախ ընկալվում են որպես իրական փոփոխություն բերող դերակատարներ, հատկապես տեղական մակարդակում՝ ծրագրերի իրականացմամբ, խնդիրների բարձրացմամբ և  համայնքային զարգացման գործընթացներին մասնակցելով։

Բայց ամենակարևոր ոլորտն է։ ՀԿ-ներին թույլատրվում է մոնիթորինգ անել։ Գյուղ ես ընտրում, մոնիթորինգ ես անում, խնդիրները վեր ես հանում։ Արդյունքում արդեն քննադատության ես ենթարկվում և համայնքապետարանի, և մարզպետարանի կողմից, և, ինչու չէ, նաև համայնքի բնակիչների կողմից։

30 տարեկան կին, Կապան, Սյունիքի մարզ

Միաժամանակ, նույնիսկ կարևորելով հատկապես համայնքներում հասարակական կազմակերպությունների դերը՝ որպես մշակութային փոփոխությունների խթանման, խնդիրների բարձրաձայնման և երիտասարդների քաղաքացիական ներգրավվածության կազմակերպման միջոց, երիտասարդները բարձրացնում են նաև դրանց նկատմամբ անվստահության և ոչ ռելևանտության հարցերը։ Այս վերաբերմունքը հաճախ պայմանավորված է ինչպես անձնական փորձառություններով, այնպես էլ հասարակական կազմակերպությունների գործունեության վերաբերյալ սահմանափակ իրազեկվածությամբ։ Քննարկումներում ընդգծվում էր, որ որոշ դեպքերում ՀԿ-ները կարող են գործիքայնացվել քաղաքական նպատակներ հետապնդող կառույցների կողմից՝ պահպանելով ֆորմալ «քաղաքացիական հասարակության» ձևը, սակայն կորցնելով դրա բովանդակային նշանակությունը։

Իրականում եթե նմանատիպ ՀԿ-ները չգործեն, երիտասարդությունը շատ կոտրված կլինի։ Հիմնականում ոտքի հանողը նմանատիպ երիտասարդական կազմակերպություններն են, որոնք այդ գաղափարները գոնե առանց շահ կտանեն առաջ՝ ի օգուտ երիտասարդների, իսկ կողքից նոր ծագվող այդ կուսակցական ենթադրյալ ՀԿ-ները, որոնք որ չգիտես՝ հետո կդառնան գումարի լվացման կենտրոններ, հետո իրենք ինչ նպատակներով կաշխատեն։ Եթե դու եղել ես, քո անունն այնտեղ մնում է, իսկ այդ սոցիալական հիշողությունը բավականին երկար է։

23 տարեկան տղամարդ, Գյումրի, Շիրակի մարզ

Այս համատեքստում առանձնահատուկ է նաև երիտասարդների անմիջական ներգրավվածությունը հասարակական կազմակերպությունների գործունեության մեջ՝ կամավորական աշխատանքների, դասընթացների և կոնֆերանսների մասնակցության միջոցով։ Նման փորձառությունները հաճախ նպաստում են իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը և քաղաքացիական մասնակցության որոշակի ձևերի ձևավորմանը՝ նույնիսկ այն դեպքում, երբ ինստիտուտի նկատմամբ վստահությունը միանշանակ չէ։

Ամփոփում. քաղաքական մասնակցության ձևերի փոխակերպումը

Երիտասարդների քաղաքական մասնակցության ձևավորման վրա էական ազդեցություն ունեն սոցիալ-տնտեսական անհավասարությունները և կառուցվածքային սահմանափակումները։ Տնտեսական անկայունությունը, սահմանափակ զբաղվածության հնարավորությունները, կրթության և աշխատաշուկայի միջև անհամապատասխանությունները, ինչպես նաև բնակարանային և սոցիալական խնդիրները հաճախ առաջնահերթ են դառնում քաղաքական ներգրավվածության նկատմամբ։ Այս պայմաններում քաղաքականությունը հիմնականում ընկալվում է որպես դաշտ, որը հասանելի է բավարար ժամանակ, նյութական ռեսուրսներ և սոցիալական անվտանգություն ունեցող երիտասարդներին։ Տարածքային, դասակարգային և սոցիալական տարբերությունները սահմանափակում են ոչ միայն մասնակցության հնարավորությունները, այլև ազդում են սեփական կարծիքն արտահայտելու և քաղաքական գործընթացների վրա ազդեցություն ունենալու զգացողության վրա։ Այս տեսանկյունից քաղաքական գիտակցված օտարումը կարելի է դիտարկել ոչ թե որպես պասիվություն, այլ որպես սահմանափակ հնարավորություններին հարմարվելու ռազմավարություն։
Երիտասարդների քաղաքական մասնակցությունը ձևավորվում է միաժամանակ քաղաքական պատասխանատվության բարձր զգացումով, քաղաքականության նկատմամբ անվստահությամբ և տեղեկատվական հոսքերի մեծ ծավալների պայմաններում կողմնորոշվելու դժվարությամբ։ Նրանք չեն մերժում մասնակցության կարևորությունը, սակայն քաղաքական որոշումների կայացումը հաճախ ընկալում են որպես բազմաբարդ, ռիսկային և բարձր պատասխանատվություն պահանջող գործընթաց։ Այս համատեքստում մասնակցությունը դառնում է ոչ թե օտարման կամ անտարբերության արտահայտություն, այլ զգուշավոր, հաշվարկված և վստահության պակասով պայմանավորված դիրքորոշում։
Միաժամանակ, երիտասարդների քաղաքացիական և քաղաքական ներգրավվածությունը ոչ թե անհետանում է, այլ փոխակերպվում է՝ պայմանավորված կառուցվածքային և ինստիտուցիոնալ գործոններով։ Նրանք շարունակում են ներգրավված մնալ հանրային կյանքում, սակայն հաճախ ընտրում են ոչ թե ավանդական քաղաքական ձևաչափերը, այլ տեղային, համայնքային և ոչ ֆորմալ մասնակցության ձևերը։
Քաղաքական և սոցիալական ընկալումները հիմնականում ձևավորվում են ոչ այնքան ինստիտուտների ֆորմալ նշանակության, որքան դրանց հետ ունեցած անմիջական կենսափորձի, վստահության մակարդակի և քաղաքականացվածության ընկալման հիման վրա։ Քաղաքական ինստիտուտների, ընտրական գործընթացների և մեդիայի նկատմամբ ցածր վստահությունը նպաստում է մասնակցության ընտրողական բնույթին․ երիտասարդները հակված են ներգրավվելու այնպիսի գործողություններում, որտեղ կարող են տեսնել իրենց մասնակցության անմիջական արդյունքը։
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները այս համատեքստում հանդես են գալիս որպես կարևոր միջնորդներ՝ հատկապես իրազեկման բարձրացման և մասնակցության հնարավորությունների ստեղծման տեսանկյունից։ Սակայն այդ ներգրավվածությունը հաճախ մնում է ոչ համակարգային և կախված է անհատական նախաձեռնողականությունից՝ առանց կայուն ինստիտուցիոնալ աջակցության։ Երիտասարդների «ակտիվ, բայց չլսված լինելու» փորձառությունը, երբ բարձրաձայնված խնդիրները բավարար արձագանք չեն ստանում, նվազեցնում է հետագա մասնակցության մոտիվացիան։
Ընդհանուր անվստահության պայմաններում երիտասարդները ավելի հաճախ դիմում են իրենց անմիջական սոցիալական միջավայրին՝ ընտանիքին, ընկերներին և նեղ համայնքին՝ քաղաքական տեղեկատվությունը մեկնաբանելու և իմաստավորելու համար։ Սա վկայում է ոչ ֆորմալ ցանցերի՝ որպես իրականության իմաստավորման առաջնային տարածքների վերականգնման մասին՝ ֆորմալ ինստիտուտների լեգիտիմության թուլացման պայմաններում։
Ընդհանուր առմամբ, երիտասարդները քաղաքական և քաղաքացիական կյանքից դուրս չեն մնում, սակայն գործում են միջավայրում, որը հաճախ ընկալվում է որպես սահմանափակ, անհավասար և ոչ բավարար չափով արձագանքող։ Նրանց մասնակցությունը կարելի է բնութագրել որպես ընտրողական և փոխակերպվող ներգրավվածություն, որը ձևավորվում է վստահության մակարդակի, սոցիալ-տնտեսական պայմանների և քաղաքական միջավայրի ազդեցության ներքո։

Վերջապես, ընտրությունները երիտասարդների կողմից հիմնականում ընկալվում են որպես անհրաժեշտ, բայց սահմանափակ ազդեցություն ունեցող մեխանիզմ։ Քվեարկությունը հաճախ դիտարկվում է որպես սիմվոլիկ գործողություն, որը հազվադեպ է հանգեցնում առօրյա կյանքի շոշափելի փոփոխությունների։ Այդ պատճառով չմասնակցելը միշտ չէ, որ արտահայտում է անտարբերություն․ այն հաճախ ձևակերպվում է որպես գիտակցված կամ սկզբունքային դիրքորոշում։ Միաժամանակ երիտասարդներն ավելի պատրաստակամ են ներգրավվում ոչ ընտրական, անմիջական ազդեցություն ունեցող նախաձեռնություններում՝ հատկապես պատերազմական, կամավորական կամ համայնքային գործողությունների շրջանակում։
Այսպիսով, հետազոտությունը ցույց է տալիս, որ ինստիտուտների նկատմամբ վստահությունը ընդհանուր առմամբ ցածր է, մինչդեռ ավելի բարձր է վստահությունը կոնկրետ մարդկանց, սոցիալական ցանցերի և անձնական փորձի վրա հիմնված հարաբերությունների նկատմամբ։ Այս իրավիճակում լեգիտիմությունը հաճախ վերագրվում է ոչ թե ինստիտուտին, այլ դրա ներսում գործող անհատներին։ Սակայն նման անհատականացված վստահությունը նաև խոցելի է, քանի որ առանձին դերակատարների ձախողումները հեշտությամբ վերածվում են ավելի լայն ինստիտուցիոնալ հիասթափության։

Գրականություն

Barnes, S. H. et al. (1979). Political action: Mass participation in five Western democracies. Sage.

Rose, R. (1980). Politics in England: Persistence and change. Faber & Faber.

Pharr, S. J., & Putnam, R. D. (Eds.). (2000). Disaffected democracies: What’s troubling the trilateral countries? Princeton University Press.

Seeman, M. (1959). On the meaning of alienation. American Sociological Review, 24(6), 783–791.

Hay, C. (2007). Why we hate politics. Polity Press.

Crouch, C. (2016). Post-democracy (2nd ed.). Polity Press.

Amnå, E., & Ekman, J. (2014). Standby citizens: Diverse faces of political passivity. European Political Science Review, 6(2), 261–281. https://doi.org/10.1017/S175577391300009X

[1] Նժար շարժում (2025, նոյեմբերի 3) Երիտասա՞րդ ես, ունե՞ս ասելիք. Մասնակցի ՛ր մրցույթին, շահի ՛ր դրամական մրցանակ.  ֆեյսբուքյան գրառում.    https://www.facebook.com/photo.php?fbid=122121174506992259&set=pb.61579767788247.-2207520000&type=3

[2] Gohar Ghumashyan (2026, հունվարի 13). Հայաստանում ուսանողների հիմնական խնդիրը, ցավոք, քննություններն և սեսիաները չեն. Ֆեյսբուքյան գրառում. https://www.facebook.com/gohar.gumashyan

[3] Միասնության թևեր/ Wings of Unity. (2025, նոյեմբերի 12). Արման Թաթոյանը երիտասարդներին հրավիրում է ուսանողների միջազգային օրը միասին նշելու, Ֆեյսբուքյան գրառում. https://www.facebook.com/profile.php?id=61580809094859

The post Հեռու, բայց ոչ անտարբեր․ երիտասարդների քաղաքական օտարումը appeared first on Socioscope.

«Ո՞ւր է քաղհասարակությունը» հարցի քաղաքականությունը
Հետազոտության նպատակն է համակարգային քննության ենթարկել գալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին քաղաքացիական հասարակության և մեդիա դաշտի դեմ ուղղված դիսկուրսիվ ու կառուցվածքային թիրախավորման գործիքակազմը: Հետազոտությունը  վերլուծում է ներքին և արտաքին դերակատարների կողմից շրջանառվող նարատիվների բովանդակությունը, դրանց ազդեցությունը քաղհասարակության գործականության և ժողովրդավարական գործընթացների վրա, ինչպես նաև` քաղհասարակության դիմակայունության մեխանիզմները՝ հայաստանյան իրողությունները համադրելով տարածաշրջանային զարգացումների և փորձի հետ։

Հետազոտությունն իրականացվել է «Հայնրիխ Բյոլ հիմնադրամի» Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ։

Վերլուծության համար պատասխանատու է «Սոցիոսկոպ» հետազոտական կենտրոնը։ Վերլուծության մեջ տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել հետազոտության մասնակիցների, ինչպես նաև «Հայնրիխ Բյոլ հիմնադրամի» Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի տեսակետների հետ։

Հետազոտությունն ամբողջությամբ կարդացեք այստեղ։

The post «Ո՞ւր է քաղհասարակությունը» հարցի քաղաքականությունը appeared first on Socioscope.

Հայաստանում հակաժողովրդավարական նարատիվների քննադատական վերլուծություն
Հետազոտողներ՝ Մարիամ Խալաթյան, Արփի Մանուսյան, Սոնա Մարտիրոսյան

Հոդվածի հեղինակ՝ Սոնա Մարտիրոսյան

Խմբագրեց Արփի Մանուսյանը

Արտաքին միջամտությունը ընտրություններին. կրկնվող կաղապարներ

Ընդհանուր առմամբ, ընտրություններից առաջ թվային տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործումը՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին դերակատարների կողմից, գնալով առավել մեծ մասշտաբների է հասնում և ժողովրդավարության համար ավելի մեծ սպառնալիք է դառնում ամբողջ աշխարհում։ Ժողովրդավարության թիրախավորումները կարող են արտահայտվել հաքերային հարձակումների, առցանց «թրոլինգ» արշավների (որոնք սպառնում են անհատներին կամ խմբերին, պիտակավորում և հետապնդում են նրանց), ինչպես նաև մեծածավալ ապատեղեկատվության և քարոզչական արշավների միջոցով, որոնք բոթերի և ֆեյք սոցիալական մեդիայի հաշիվների օգտագործմամբ տարածում են սխալ, մոլորեցնող, կանխակալ կամ սադրիչ հաղորդագրություններ[1]։

Այլ երկրները և դերակատարները կարող են օգտագործել այս մեթոդները ներքին տարբեր ուժերի հետ համագործակցությամբ։ Հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես են շատ քաղաքական գործիչներ և մեդիա հարթակներ տարածում արտաքին ուժերի մոլորեցնող, քարոզչական և բևեռացնող նարատիվները։ Կարևոր է նաև հասկանալ, որ թեև շատ դեպքերում արտաքին ուժերը փորձում են աջակցել որևէ ներքին ուժի կամ կուսակցության ընտրությունների ժամանակ, սակայն հաճախ նրանց նպատակն է նաև ուղղակի խաթարել մարդկանց վստահությունը ժողովրդավարական ինստիտուտների և միմյանց նկատմամբ, բևեռացնել և խորացնել սոցիալական անհամաձայնությունները[2]։

Վերջին տարիներին հետխորհրդային մի շարք երկրներ, օրինակ՝ Մոլդովան և Վրաստանը, որոնք ընտրել են եվրաինտեգրման և Ռուսաստանի ազդեցության նվազեցման ուղին, կարծես բախվում են այս գործիքակազմի լայն գունապնակին, որը ներառում է սոցիալական մեդիայում ապատեղեկատվության տարածումից և մանիպուլյացիայից մինչև ստվերային քաղաքական ֆինանսավորում և կիբեռհարձակումներ։ Այս երկրներում վերջին ընտրությունների օրինակները լավագույնս ցույց են տալիս Ռուսաստանի կողմից իր ազդեցությունը պահպանելու կամ ընդլայնելու նպատակով ընտրություններին միջամտության ծավալը և այդ նպատակին հասնելու համար օգտագործվող գործիքակազմը։

Ռուսաստանի քարոզչական մեխանիզմները բազմաշերտ և բարդ կառուցվածք ունեն։ Դրանք օգտագործում են ապատեղեկատվության և քարոզչության բազմազան միջոցներ՝ հասարակական կարծիքի և քաղաքական դիսկուրսի վրա ազդելու, ինչպես նաև տվյալ տարածաշրջանում սեփական շահերով պայմանավորված դիրքերն ամրապնդելու նպատակով[3]։

Մոլդովայի ընտրությունների ժամանակ մոլդովացի պրոռուսական օլիգարխները Ռուսաստանի հիմնական գործիքներից էին[4]։

Օլիգարխիկ ցանցի միջոցով ընտրություններին միջամտելու հիմնական մեխանիզմներից էր քվեների գնումը։ Մոլդովայի ոստիկանությունը և մեդիան բացահայտել են ավելի քան 39 միլիոն դոլարի քվեների գնման սխեմա, որն իրականացվել է Իլան Շորի ցանցերի միջոցով և բաժանվել ընտրողներին տարածքային պատասխանատուների, տեղամասային համակարգողների և ակտիվիստների միջոցով՝ նրանց քվեի վրա ազդելու նպատակով։ Այս գործընթացը համակարգվել է Telegram բոտերի միջոցով, իսկ շահառուների թիվը գերազանցել է 300,000-ը, ինչը վկայում է արտաքին միջամտության հսկայական ծավալի մասին[5]։

Բացի օլիգարխների և ռուսամետ կուսակցությունների գործիքայնացումից` հանրային կարծիքի և ընտրությունների վրա ուղղակիորեն ազդելու նպատակով, ռուսական ազդեցության մեծ գործիքներից է նաև Մոլդովայի ուղղափառ եկեղեցին։ Մոլդովայի բնակչության շուրջ 80 տոկոսը Մոլդովայի և Քիշնևի մետրոպոլիայի հետևորդ է, որը Մոսկվայի պատրիարքարանին ենթակա եկեղեցական կառույց է։ Եկեղեցին նաև հանրային մեծ վստահություն վայելող կառույց է Մոլդովայում․ հարցվածների 68.9 %-ը մեծ վստահություն ունի եկեղեցու նկատմամբ[6]։ Սա, իհարկե, նշանակում է, որ եկեղեցու ազդեցությունը մեծ է նաև երկրի սոցիալ-քաղաքական կյանքում։ Միաժամանակ ակնհայտ է եկեղեցու քննադատական դիրքորոշումը Մոլդովայի ներկայիս կառավարության և նրա քաղաքականությունների վերաբերյալ։ Օրինակ՝ 2021 թվականին Մայա Սանդուի իշխանության ընտրություններում հաղթանակից հետո Մոլդովայի եկեղեցու մի քանի հոգևորականներ դիմեցին իրենց առաջնորդին՝ եպիսկոպոս Մարչելին, խնդրելով ազատել իրենց երկրի նոր ղեկավարների համար աղոթելու պարտավորությունից և արգելել նրանց մուտքը եկեղեցի և մասնակցությունը եկեղեցական արարողություններին[7]։

Վրաստանի 2024 թվականի ընտրությունները ևս մեծ ազդեցություն ունեին երկրի աշխարհաքաղաքական հետագա ուղղվածության վրա։ Վրաստանը 2023 թվականի դեկտեմբերին ստացել էր ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, և կանխատեսվում էր, որ «Վրացական երազանք» կուսակցության վերընտրման պարագայում Վրաստանի եվրոպական ուղղվածությունը կարող է ամբողջությամբ շեղվել՝ վերադարձնելով երկիրը ռուսական ազդեցության գոտի։

«Վրացական երազանք» կուսակցությունը 2024 թվականի մայիսին ընդունեց «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը, որը, ըստ էության, Կրեմլի նույն օրենքի կրկնությունն էր։ Ըստ դրա՝ եթե կազմակերպությունների ֆինանսավորման 20%-ը և ավելին ստացվում է արտերկրից, նրանք պարտավոր են գրանցվել որպես «օտարերկրյա գործակալներ»։ Սա ընտրություններից առաջ քաղաքացիական հասարակության գործունեության տարածքը նեղացնող քայլերից մեկն էր՝ վկայելով ստեղծված ճնշումների և ազատությունների սահմանափակումների մասին[8]։

Մեդիա զարգացման հիմնադրամը նախընտրական մի քանի ամիսների ընթացքում կատարել էր հակաարևմտյան դիսկուրսի ուսումնասիրություն՝ բացահայտելով իշխող կուսակցության, դրան հարող և պրոռուսական դերակատարների մի շարք կրկնվող նարատիվներ։ Օրինակ՝ Արևմուտքը, ԵՄ-ն և տեղական ՀԿ-ները մեղադրվում էին Վրաստանի ընտրություններում միջամտելու, հեղափոխության համար հող նախապատրաստելու, ինչպես նաև երկրի նախագահին ու ընդդիմությանը որպես եվրոպական գործակալներ օգտագործելու համար։ Արևմուտքը մեղադրվում էր նաև «նույնասեռականության քարոզչության», «ազգային արժեքներն» ու եկեղեցին թիրախավորելու համար։ Այս համատեքստում «Վրացական երազանքը» ընդունեց «Ընտանեկան արժեքների մասին» օրենքը՝ դիրքավորվելով իբրև ավանդույթների պաշտպան[9]։

Հետազոտության մեթոդաբանություն

Այս վերլուծության հիմքում ընկած հետազոտության նպատակն է դուրս բերել մեդիա տիրույթում տարածվող հակաժողովրդավարական նարատիվները և հռետորաբանությունը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ՝ ուշադրություն դարձնելով դիսկուրսիվ շրջանակին, ինչպես նաև կրկնվող կաղապարներին տեղական և ավելի լայն համատեքստերում։ Այս նարատիվները սովորաբար ակտիվորեն շրջանառվում են հանրային կարծիքի և սպասվող ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն գործելու նպատակով։
Իրենց լայն լսարանով և ընդդիմադիր ուժերի այս կամ այն փոխառնչություններով նախապես դիտարկված 16 լրատվական կայքերից (Armlur.am, News.am, Sputnik Armenia, Tert.am, 168.am, 24News.am, AraratNews.am, Mamul.am, Armenia24.live, Politik.am, 5TV.am, Alternativ.am, Hraparak.am, AlphaNews.am, Euromedia24.com, Fact-Check.am) մշտադիտարկման համար ընտրել ենք Euromedia24-ը և Fact-Check.am-ը՝ հաշվի առնելով հետազոտության ծավալը և ժամանակային սահմանափակումները։

Սրանց ընտրությունը պայմանավորված էր գլխավորապես այն հանգամանքով, որ նախընտրական շրջանում հաճախ ի հայտ են գալիս մեդիա հարթակներ, որոնք ստեղծվում են ընտրություններից կարճ ժամանակ առաջ (հաճախ ունեն ռուսական կապվածություն), հղում են արևմտյան կամ եվրոպական սիմվոլիկայի կամ անվանումների և ակնհայտորեն զբաղվում են հակաժողովրդավարական նարատիվների առաջխաղացմամբ։ Միաժամանակ, ընտրության հարցում մեզ համար ուղենշային է եղել մեդիա փորձագետի հետ հարցազրույցը։

Fact-Check.am-ը, որն ակտիվացել էր միայն 2025 թվականին և ներկայանում էր որպես փաստերի ստուգման հարթակ, և Euromedia24–ը, որը ներկայացվում է որպես միջազգային լրատվամիջոց և գործունեություն է ծավալում Հայաստանում, ընտրությունների համատեքստում արտիկուլացվող նարատիվների ուսումնասիրության հետաքրքիր աղբյուրներ էին։ Սակայն Fact-Check.am–ը օգոստոսին դադարեցրեց գործունեությունը՝ հեռացնելով ամբողջ բովանդակությունը թե՛ կայքից, թե՛ սոցիալական մեդիայի հարթակներից։ Այս գործընթացին ականատես լինելը հետազոտության ընթացքում ինքնին հետաքրքիր էր, քանի որ այն նախընտրական շրջանում կարճաժամկետ քարոզչական հարթակների բնորոշ օրինակ է։ Փոխարենը, մշտադիտարկման համար ընտրվեց AlphaNews կայքը, որի գլխավոր խմբագիրը ընդդիմադիր դաշտում ակտիվ գործիչ Տիգրան Քոչարյանն է։
Երկու լրատվական կայքերում էլ հյուրերի ընտրությունն ու թեմաների քննարկման շրջանակը սահմանափակված են որոշակի ֆիլտրերով, որոնք կապված են լրատվամիջոցների ֆինանսավորման և գաղափարական ուղղվածության հետ։ Այսպես՝ հյուրերից շատերը փորձագետներ և քաղաքական գործիչներ են՝ ընդգծված ընդդիմադիր դիրքորոշմամբ։ Մշտադիտարկման երկրորդ փուլում քաղաքագետ Գևորգ Մելիքյանի StatusQuo վերլուծական հաղորդաշարի հարցազրույցների հյուրերի մի մասը քաղաքական դաշտում ակտիվ ուժերի ներկայացուցիչներ են։ Բայց կրկին՝ բոլորը ընդդիմադիր դաշտն են ներկայացնում։ AlphaNews կայքում հաճախ հարցազրույցները ռուսերեն են՝ ռուսաստանաբնակ, այսպես կոչված, փորձագետների հետ։
Պարզ է, որ այս լրատվամիջոցների ընտրությունը սահմանափակում է նախընտրական հռետորաբանության ուսումնասիրությունը հիմնականում ընդդիմադիր դաշտում շրջանառվող թեզերով։ Գիտակցելով այս սահմանափակումը՝ կարևոր է հաշվի առնել, որ մասնավորապես արմատական ընդդիմությունը չի ներկայացնում ժողովրդավարությունը պաշտպանելու հայտ և չի առաջնորդվում դրանով։ Միաժամանակ, քննական հայացքը ակնհայտ է դարձնում, որ ժողովրդավարության առողջացման, խորացման և անգամ ռադիկալացման տեսանկյունից վտանգավոր է մեր այն դրությունը, երբ ժողովրդավարությունը մնում է բացառապես իշխանության օրակարգում։

Հետազոտության մեջ ընտրվել է վիդեոհարցազրույցների ձևաչափը, քանի որ թե՛ ձևաչափը, թե՛ հյուրընկալվողների ընտրությունը հնարավորություն են տալիս առավել ամբողջական և խոր ուսումնասիրելու առկա խոսույթը։ Ընդհանուր առմամբ դիտարկվել է 34 հարցազրույց:

Մեդիա մշտադիտարկումը կատարվել է երկու փուլով՝ 2025 թվականի հունիսի 1-30-ը և հոկտեմբերի 15-31-ը։ Որպես հետազոտության նյութ ընտրվել են երկու լրատվամիջոցների կայքերում նշված ժամանակահատվածում անցկացված հարցազրույցները՝ կենտրոնանալով քաղաքական գործիչների, կուսակցական ներկայացուցիչների, վերլուծաբանների կամ այլ քաղաքական դերակատարների հետ վիդեոհարցազրույցների վրա։

Անցկացրել ենք նաև հինգ փորձագիտական հարցազրույց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ բացահայտելու ժողովրդավարական ինստիտուտների վերաբերյալ պատկերացումները, դրանց նկատմամբ առկա սպառնալիքները, հակաժողովրդավար նարատիվները, այդ թվում՝ իշխանություններից հնչող, ինչպես նաև քաղաքացիական հասարակության հնարավոր անելիքները ընտրություններից առաջ։

Ընտրված ժամանակահատվածում ներքաղաքական զարգացումների կենտրոնում իշխանության և եկեղեցու միջև սկսված հակամարտությունը[10], ինչպես նաև Սամվել Կարապետյանի ձերբակալությունն էին։ Մշտադիտարկման երկրորդ փուլում այս երկու իրադարձությունները և դրանց շուրջ զարգացումները շարունակում են մնալ կենտրոնական մշտադիտարկած հարթակներում, իսկ այդ ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները, ինչպես, օրինակ՝ Գյումրու քաղաքապետի և մի շարք այլ հոգևորականների ձերբակալությունը, քննարկվել արդեն իսկ նախորդ դեպքերի շուրջ ձևավորված դիտանկյունից։
Քննադատական դիսկուրս վերլուծությունն իբրև շրջանակ ընդունելով՝ մեդիայում առկա դիսկուրսը ուսումնասիրել ենք որպես սոցիալական իրականության մաս, որը ձևավորվում է այդ իրականության համատեքստում, բայց նաև վերարտադրում կամ փոխակերպում է այն։ Այս իմաստով դիսկուրսը միաժամանակ և՛ սոցիալապես պայմանավորված է, և՛ սոցիալապես կառուցող․ այն կառուցում է իրավիճակներ, ձևավորում «գիտելիք», ինչպես նաև մարդկանց և մարդկանց խմբերի սոցիալական ինքնություններ և նրանց միջև փոխհարաբերություններ։ Դիսկուրսը կառուցող է երկու իմաստով․ թե՛ այն իմաստով, որ օգնում է պահպանելու և վերարտադրելու գոյություն ունեցող սոցիալական ստատուս քվոն, թե՛ այն իմաստով, որ նպաստում է դրա փոխակերպմանը։

Քանի որ դիսկուրսը սոցիալապես այսքան նշանակալի (ազդեցիկ) է, այն առաջ է բերում իշխանությանն (power) առնչվող կարևոր խնդիրներ։ Դիսկուրսիվ պրակտիկաները կարող են ունենալ լուրջ գաղափարախոսական ազդեցություններ։ Կախված նրանից, թե ինչպես են ներկայացնում իրավիճակները և դիրքավորում մարդկանց, դրանք կարող են նպաստել անհավասար ուժային հարաբերությունների ստեղծմանն ու վերարտադրությանը տարբեր խմբերի միջև (օրինակ՝ սոցիալական դասերի, կանանց և տղամարդկանց, և էթնիկ/մշակութային մեծամասնությունների ու փոքրամասնությունների) [11]։

Ֆերքլաֆի այս մոտեցումը թույլ է տալիս հայացք նետել մեդիային որպես ինստիտուտի, որը «բացահայտ և քողարկված քաղաքականություններով նպաստում է այս կամ այն դիսկուրսի և սոցիալական պրակտիկայի վերարտադրությանը»[12]:

Հակաժողովրդավար նարատիվների դիսկուրսիվ շրջանակը

Փաշինյանը՝ «օտար գործակալ»

Հարցազրույցների մեծ մասում կարմիր թելի պես անցնող գիծը այն դավադրապաշտական տեսությունն է, թե Նիկոլ Փաշինյանը և նրա կառավարությունը տարբեր երկրների և ուժերի գործակալներ են և Հայաստանում իշխանության են եկել նրանց «ծրագրերն» իրականացնելու համար։ Այս թեզը հաճախ ճյուղավորվում է տարբեր ենթապատումների, որոնցից գերակշռողը նրանց՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ գաղտնի գործարքի կամ որևէ ձևով կապվածության մեջ լինելն է։ Օրինակ՝ հյուրերից մեկը նշում է, որ Փաշինյանը Կոստանդնուպոլսի մզկիթում իրեն զգում էր ինչպես «իր ափսեում»։ Միաժամանակ ընդգծվում է, որ այդ և այլ գործողությունները նրա քաղաքական, ազգային և հոգևոր առաջնահերթությունների վերաբերյալ կասկածներ են առաջացնում՝ հուշելով, որ Փաշինյանն ավելի մոտ է թուրքական կամ այլ ազգի նկրտումներին[13]։

Հարցազրույցներից մեկում, հղում անելով մեկ այլ աղբյուրի, փորձագետը նշում է.

Կա երկու պետություն, երկու ազգ՝ թուրք, ադրբեջանցի, և երեք ռեժիմ, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը, Էրդողանի ռեժիմը և Ալիևի ռեժիմը։ Ըստ էության՝ դա իրականություն է։ Այսօր մենք դա ակնհայտ տեսնում ենք։ Այս երեք ռեժիմների համար սպառնալիք են Սփյուռքը, ընդդիմությունը և եկեղեցին[14]։

Մեկ այլ հարցազրույցում էլ նշվում է.

Նիկոլ Փաշինյանը, իմ խորին համոզմամբ, ունի բարեկամական կապ Ադրբեջանի կամ թուրքական իշխանությունների հետ, և նրա բոլոր դրսևորումները՝ Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի, հայ եկեղեցու և Արցախի հանդեպ ատելությունը, նույն տիպիկ ատելությունն են, ինչ Թուրքիայում և Ադրբեջանում է առկա[15]։

Գործակալական տրամաբանության մեջ է նաև մի շարք այլ փորձագետների և քաղաքական գործիչների կողմից իշխանություններին Արևմուտքի կողմից «նշանակված» կամ նրանց պլաններն իրականացնող ներկայացնելը։ Օրինակ՝ ընդդիմադիր պատգամավոր Աննա Մկրտչյանն իր հարցազրույցում հեղափոխությունը նկարագրում է որպես Եվրոպական միության կողմից իրականացված իշխանազավթում և նշում, որ Փաշինյանը «դրսից իշխանություն ստացավ»[16]։

Ավելին՝ իշխանություններն իրենք էլ հաճախ են ներգրավվում նույն գործակալական դիսկուրսում (հատկապես որոշ եկեղեցականների հետ առճակատման համատեքստում), ինչի հետևանքով այս թակարդային խոսույթը շարունակաբար վերարտադրվում և լեգիտիմացվում է քաղաքական դաշտի տարբեր հատվածներում՝ վտանգելով ժողովրդավարական մշակույթն ինքնին։ Երբ քաղաքական դերակատարները տարբեր անհատների, խմբերի կամ ինստիտուտների հասցեին առանց հստակ չափանիշերի շրջանառում են «գործակալության» մեղադրանքը, այն դառնում է ոչ թե վերլուծական կատեգորիա, այլ նսեմացման և լեգիտիմությունից զրկման գործիք։ Այսպիսի լեզվական պրակտիկան կտրում է քաղաքական հակասությունները փաստարկված դաշտից՝ փոխարինելով դրանք դավադրական ենթադրություններով, որոնք չեն պահանջում ապացույց, բայց արդյունավետորեն արտադրում են անվստահություն և վախ։ Նույնիսկ ապացույցների ներկայացման պարագայում, ինչպես տեղի ունեցավ Եզրաս Արքեպիսկոպոսի՝ ռուսական ԿԳԲ գործակալ լինելու վերաբերյալ ԱԱԾ-ի հրապարակած փաստաթղթի պարագայում, հանրային քննարկումների մեծ մասում այն շարունակեց դիտարկվել որպես կեղծված։ Մի կողմ թողնելով նման քննարկումների դերակատարների քաղաքական նպատակադրությունը կամ փաստաթղթի իսկության հարցը՝ ակնհայտ է, որ գործակալական այս դիսկուրսը խաթարում է հանրային և քաղաքական վստահությունը, խորացնում խմբերի միջև բաժանումները, նպաստում անտարբերության և ցինիզմի տարածմանը և նեղացնում լուրջ և բարդ հարցերի քննարկման առողջ տարածքը։
Ավելին՝ «գործակալ» դիսկուրսի գործիքայնացումը նպաստում է հասարակական հարաբերությունների անվտանգայնացմանը՝ քաղաքական մրցակցությունն ու քաղաքացիական մասնակցությունը ներկայացնելով որպես հնարավոր սպառնալիք։ Այս պայմաններում ցանկացած քննադատություն, անկախ լրագրություն կամ քաղաքացիական ակտիվություն կարող է հեշտությամբ վերաձևակերպվել որպես «արտաքին ազդեցության» դրսևորում՝ սահմանափակելով և նեղացնելով հանրային ոլորտը և քաղաքական գործողության սահմանները։ Որպես արդյունք՝ «գործակալ» պիտակը կորցնում է իր բովանդակային իմաստը և վերածվում է համընդհանուր կասկածի մեխանիզմի, որը ոչ թե պաշտպանում է հանրային շահը, այլ քայքայում է վստահությունն ու ժողովրդավարական համակեցության հիմքերը։

«Ստալինյան ժամանակներ»

Գրեթե բոլոր հարցազրույցներում նկատելի է մեկ այլ կենտրոնական նարատիվ, որը իշխանությունների կողմից Հայաստանում բռնատիրական հասարակարգ հաստատվելու մասին է։ Եկեղեցու հետ հակամարտությունը և տարբեր եկեղեցականների և ընդդիմադիր գործիչների ձերբակալությունները փորձագետներից և ընդդիմադիր քաղաքական գործիչներից շատերը ներկայացնում են որպես բռնատիրական հասարակարգերին բնորոշ գործողություններ, որտեղ Փաշինյանի նպատակն է ճնշել ընդդիմության բոլոր կենտրոնները՝ երկրում ստեղծելով վախի մթնոլորտ։ Հաճախակի են համեմատությունները ստալինյան ժամանակաշրջանի հետ։ Նաև նկատելի է, որ Թուրքիայի հետ փոխառնչությունների մասին նարատիվը ներառվում է և միահյուսվում է այս թեզի շրջանակում։

Էս մասշտաբի հետապնդումներ եղել է մեկ Օսմանյան կայսրությունում՝ Ցեղասպանության ժամանակ, երբ մասսայաբար ձերբակալում, սպանում էին, մեկ եղել է 30-ական թվականներին՝ բոլշևիկյան օրերին. 200-ից ավել հոգևորականներ ձերբակալվեցին, շատերը սպանվեցին։ Այս պահին իշխանության են մարդիկ, ովքեր թուրք-բոլշևիկյան գործելաոճի ժառանգներն են[17]։

Միաժամանակ, Փաշինյանի՝ բռնապետ լինելու թեզը զուգորդվում է նրա՝ Արևմուտքի կամակատարը լինելու պատումի հետ։ Քաղաքական գործիչներից մեկը նշում է, որ Հայաստանում «սուլթանական կարգեր» են տիրում, և եթե իշխանությունները հնարավորություն ունենային, գլխատելու հրաման կտային, ուղղակի նրանց Արևմուտքը այդ կանաչ լույսը չի տվել[18]։

Կարևոր է նկատել, որ եկեղեցականների և ընդդիմադիր գործիչների ձերբակալությունները տեղի են ունենում իշխանության ներկայացուցիչների և փորձագիտական որոշ շրջանակների այն հայտարարությունների համատեքստում, ըստ որոնց՝ ընտրություններին ընդառաջ Հայաստանի դեմ սկսվել է «հիբրիդային պատերազմ»։
Բացի իշխանություններին հակոտնյա անհատների և խմբերի այն քննադատությունից, ըստ որի՝ «հիբրիդային պատերազմը» իշխանությունների հորինվածք կամ մտասևեռում է, ավելի լայն քննադատական տեսանկյունից կարևոր է ընդգծել, որ նման հասկացություններին բնորոշ է կոնցեպտուալ գերընդարձակումը (conceptual overstretching)[19], ինչի հետևանքով անհրաժեշտ է դրանց նկատմամբ պահպանել քննական դիստանցիա և սահմանել ռեֆլեքսիվ կիրառման շրջանակներ։

Սա նշանակում է, որ ինչ-որ պահից այն կորցնում է իր վերլուծական սահմանները և սկսում կիրառվել հետիրողության (ex post) տրամաբանությամբ՝ տարբեր, երբեմն միմյանց հետ չկապվող գործընթացներ մեկ անվան տակ համախմբելու համար։ Ի վերջո այն այլևս չի օգնում հասկանալու կոնկրետ ռազմավարություններն ու գործիքակազմերը, այլ վերածվում է բացատրական կաղապարի, որը քողարկում է համատեքստային տարբերությունները և գործոնների բազմազանությունը։ Միաժամանակ, «հիբրիդային պատերազմի» չափազանց հաճախակի օգտագործումը նպաստում է հասարակական և քաղաքական գործընթացների անվտանգայնացմանը՝ քաղաքական հակասությունները, ինստիտուցիոնալ ճգնաժամերը կամ դիմադրությունները մշտապես ներկայացնելով որպես արտաքին կառավարվող սպառնալիք։ Այս իմաստով «հիբրիդային պատերազմը» դառնում է ամեն ինչ ասող և, միևնույն ժամանակ, ոչինչ չասող ձևակերպում։

Նկատում ենք, որ երկու լրատվամիջոցներում էլ խնդիրը ձևակերպվում է որպես Փաշինյանի՝ ամեն գնով իշխանությունը պահպանելու, ընտրություններից առաջ այլ ուժերին չեզոքացնելու, եկեղեցին քանդելու և նույնիսկ Հայաստանը ոչնչացման հասցնելու գործակալական պլանների մաս։

Հարկ է նշել, որ EuroMedia24-ը առերևույթ փորձեր է անում հարթակ տրամադրելու հանրային դաշտում ակտիվ տարբեր ուժերի և բազմակարծությանը նպաստող քաղաքականություն վարելու։ Ի տարբերություն AlphaNews-ի հյուրերի, որոնց մեծ մասը գաղափարապես նախկին իշխանություններին հարող կամ Ռուսաստանում բնակվող և ռուսախոս, այսպես կոչված, փորձագետներ կամ քաղաքական գործիչներ են, EuroMedia24-ի հաղորդաշարերում հյուրերի կազմում կան նաև ավելի չեզոք ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներ։

«Ուրիշ»-ի գործիքայնացումը քաղաքական պայքարում

Փաշինյանի անձի թիրախավորումն իրականացվում է նաև մի շարք խոցելի խմբերի և քաղաքացիական հասարակության վրա հարձակումների միջոցով։ Պարզ է դառնում, որ քաղաքացիական հասարակության, ԼԳԲՏ+ համայնքի և «ավանդական արժեքների» շուրջ ձևավորված հռետորաբանությունը ծառայում է որպես բարոյական գնահատման գործիք՝ Նիկոլ Փաշինյանին և նրա քաղաքական թիմին ներկայացնելու որպես ազգային արժեքներին օտար և բարոյապես տկար ուժեր՝ ազդելով նրանց նկատմամբ հանրային տրամադրվածությունների վրա։

Նախ, հարցազրույցներից մեկում նշվում է, որ Փաշինյանի կուսակցությունը տարիներ շարունակ «լոբբի» էր անում ԼԳԲՏ անձանց պաշտպանության համար Հայաստանում.

«Քաղպայմանագիրն» ի սկզբանե լծված է եղել այդ խմբերի՝ արվամոլների, իգամոլների և դրանց ածանցյալ այլ տեսակների իրավունքների պաշտպանությանը։ Ակնհայտ է, որ Փաշինյանի համար շատ հոգեհարազատ են այդ խմբի մարդիկ[20]։

ԼԳԲՏՔ+ համայնքին նկարագրող նման բառապաշարը, որը կիրառում է «փորձագետը», նպաստում է հասարակության մեջ սոցիալական վախի և մարգինալացման խորացմանը։ Այն, որպես հակաժողովրդավարական նարատիվի մաս, արժեզրկում է մարդու իրավունքների համընդհանուր սկզբունքները և արդարացնում խոցելի խմբերի նկատմամբ հարձակումները։

Միաժամանակ, ընտանեկան բռնության դեմ պայքարը ներկայացվում է որպես Հայաստանի «ավանդական արժեքները» խաթարելու միջոց, որը Փաշինյանի կառավարության և եվրոպական արժեքների հետ է կապվում.

Ակնհայտ է, որ այս իշխանությունների թիրախում նաև ընտանիքն է։ Փաշինյանի «Քաղպայմանագիր» կուսակցության երկու կարկառուն ներկայացուցիչներ, որոնք դեռևս 2013-2014 թվականներից ապահովում էին այդ կուսակցության ֆինանսավորումը՝ ԱՄՆ-ի և Կանադայի երկու քաղաքացիներ, լծվել էին Հայաստանում մեր ընտանեկան արժեքները թիրախավորելու, ընտանիքները քանդելու, կեղծ հիմնավորումներով ապաստարաններ ստեղծելու, ապաստարաններում երեխաներին կամ ամուսիններից մեկին պահելու, իբր նրանց նկատմամբ հոգածություն տարածելու (գործին)։ Եվ, ուզում եմ ասել, Փաշինյանը այս գործառույթների մեջ մտած է դեռևս ոչ 2018-ից, այլ 2013-2014-ից[21]։

Փորձագետը ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված քաղաքականությունն ու ապաստարանների ստեղծումը մեկնաբանում է որպես ընտանիքները քանդելու և «օտար» արժեքներ ներմուծելու նպատակային գործընթաց։ Այսպիսով՝ ընտանեկան բռնության դեմ նախաձեռնությունները ներկայացվում են որպես սպառնալիք ազգային ինքնությանը և ավանդական մշակութային հիմքերին, իսկ դրանց իրականացումը՝ որպես ապացույց, որ Փաշինյանը ներգրավված է այս «վնասակար» օրակարգում։ Այս հռետորաբանությունն օրինակ է նրա, թե ինչպես են հակաժողովրդավարական և պահպանողական նարատիվները համադրվում «ավանդական արժեքների պաշտպանության» և «օտար արժեքների դեմ պայքարի» շրջանակում՝ քաղաքական հակառակորդին վարկաբեկելու նպատակով։

Նման հռետորաբանություն կիրառվում է նաև Ռուսաստանը որպես Հայաստանի բարեկամ երկիր ներկայացնելու գործընթացում՝ հակադրելով Հայաստանի և Ռուսաստանի ավանդական հասարակությունները եվրոպական մոդելին.

Արևմտյան մոդելը ի՞նչ է ասում. եթե ամուսինդ խփեց, հանգիստ զանգում ես ոստիկանություն… Հայկական մոդելը ի՞նչ է ասում. սիրով, բանակցելով, հարազատներով, եթե ունեք հոգևոր արժեքներ՝ նույն հոգևոր արժեքներով, ընտանիքով, եկեղեցով և էդ ամեն ինչով փորձում ես լուծել, և միգուցե մարդը հասկանա, որ ինքը սխալ է և սովորաբար հասկանում է, և հայ ընտանիքը երկար գոյատևում էր։ Եվ դեռ ավելին, շատերը կարողանում են իրենց մեղքը քավել շատ ավելի լավ ամուսին կամ կին լինելով[22]։

Կրկին, տեսնում ենք, թե ինչպես է մեղմվում և նորմալիզացվում բռնությունը՝ ներկայացվելով իբրև մշակութային առանձնահատկություն, իսկ իրավական մեխանիզմները՝ իբրև անհամատեղելի «հայկական ինքնության» հետ։ Այս հռետորաբանությունը նպաստում է հայրիշխանական համակարգի վերարտադրությանը, ինչպես նաև քաղաքականացնում կանանց իրավունքների պաշտպանությունը՝ այն կապելով «օտար արժեքների» դեմ պայքարի և Ռուսաստանի հետ հարաբերությունները պահպանելու հետ։

Միաժամանակ, իշխանություններին քննադատողներին հակադարձելիս իշխանության ու նրա մերձ շրջանակները հաճախ օգտագործում են նույն հոմոֆոբ լեզուն՝ այդ կերպ քննադատին վարկաբեկելու գործիքը դարձնելով ոչ թե նրա դիրքորոշումը, այլ սեռական կողմնորոշումը կամ գենդերային ինքնությունը։ Ավելի մտահոգիչ է, որ այս դիսկուրսը կարող է ընկալվել որպես իբր «պաշտպանական» ռեակցիա քննադատների «սադրանքներին» պատասխանելու շրջանակում։ Սակայն իրականում իշխանական լեզուն վերարտադրում է հոմոֆոբ լեզվական և սիմվոլիկ մեխանիզմները, որոնց միջոցով տարիներ շարունակ կառուցվել է բացառման քաղաքական մշակույթը։

Փաշինյանի անձի վարկաբեկման կամ Արևմուտքի հետ հարաբերությունների քննադատության մեկ այլ միջոց է նրան քաղաքացիական հասարակության հետ զուգորդելը և դրանով քաղաքացիական հասարակությունը թիրախ դարձնելը։ Սա բնավ նոր քաղաքականություն չէ։ Հեղափոխությունից անմիջապես հետո հակագենդերային խմբերի և դիսկուրսի մեր ուսումնասիրությունը պարզորոշ ցույց էր տալիս, որ հետհեղափոխական իրավիճակում հակագենդերային արշավների անդամները նոր՝ արդեն լիարժեք ընդդիմադիր դիրքից հանդես գալու առավել ագրեսիվ դերակատարման հնարավորություն էին ստացել։ Սեռականության և գենդերի հարցերը և դրանցով զբաղվող առաջադիմական քաղաքացիական հասարակությանը շահարկումների, նենգափոխումների և դավադրական տեսությունների թիրախում դնելով՝ դրանց գլխավոր քաղաքական նպատակն է(ր) քաղաքացիական և իրավապաշտպանական գործունեության հետ զուգորդվող քաղաքական գործիչների հեղինակազրկումը, ինչպես նաև Հայաստանի հասարակության բևեռացումը սեռականության նման զգայուն թեմայի շուրջ[23]։

Նախկինում ԱՄՆ-ի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ նկարագրելու համար հարցազրույցի հյուրերից մեկը նշում է, որ միլիոնավոր դոլարների ներդրումներ էին կատարվում «այսպես կոչված» քաղաքացիական հասարակության վրա՝ ստեղծելով «սորոսական» ցանց, իսկ Նիկոլ Փաշինյանը գործում է «սորոսական» մեթոդաբանությամբ։ Այս նարատիվում քաղաքացիական հասարակության նկատմամբ բացասական վերաբերմունք ձևավորելու համար օգտագործվում է «սորոսական» պիտակը՝ որպես լեզու, որը տարիներ շարունակ վարկաբեկող արշավների հետևանքով մարդկանց մեջ կարող է զուգորդվել գումարի դիմաց այլ երկրների օրակարգը սպասարկող հասկացությունների հետ։ Պիտակը, բնականաբար, զուգորդվում է Փաշինյանի հետ՝ նրան ներկայացնելով որպես «սորոսական» ցանցի մաս և, հետևաբար, օտար օրակարգ իրականացնող։ Սա թույլ է տալիս հեշտությամբ ձևավորել «արտաքին թշնամու» որոշակի կերպար, դրան կապակցված «ներքին թշնամիներ» գտնել և դրանց դեմ քաղաքական ասելիքի թեմա ձևակերպել՝ երկրում եղած կամ հորինովի խնդիրները դրանց «հակապետական» գործունեության վրա բարդելով։

Այս հարձակումները քաղաքացիական հասարակության վրա հատկապես ակտիվանում են մշտադիտարկման երկրորդ փուլում՝ Դանիել Իոաննիսյանի կողմից Արագածոտնի թեմի առաջնորդի և քահանաների դեմ Դանիել Իոաննիսյանի հաղորդում ներկայացնելուց հետո։ Լրագրողների հարցերում երբեմն նկատվում են քաղաքացիական հասարակությունը որպես Արևմուտքի՝ Հայաստանում իր «պլանը» իրականացնելու գործիք ներկայացնելու փորձեր։ Ըստ այս դիտանկյան՝ Փաշինյանն այդ ուժերի դրածոն է, այդ պատճառով էլ վայելում է նրանց կողմից ֆինանսավորվող ՀԿ-ների աջակցությունն ու պաշտպանությունը։ Հետևաբար քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ներկայացվում են որպես իշխանության համար «բուֆերային գոտի», քանի որ պատսպարում են իշխանությանը իրենց տեսակետներով։

Այսպիսով՝ կարող ենք տեսնել, թե ինչպես են գործիքայնացվում «ավանդական արժեքները», թիրախավորվում ԼԳԲՏ+ համայնքը և քաղաքացիական հասարակությունը՝ քաղաքական պայքարում առավելություն ստանալու համար՝ միաժամանակ խորացնելով հասարակությունում առկա անհավասարությունները և վերարտադրելով հայրիշխանական հռետորաբանությունը։

Ռուսաստանի շուրջ պատումները

Փաշինյանի և եկեղեցու, այդ համատեքստում նաև Սամվել Կարապետյանի միջև հակամարտության պատճառների շուրջ ձևավորվող դիսկուրսում բարձր են հատկապես պրոռուսական ձայները։

Ինչպես արդեն նշվեց, «ավանդական հասարակության» մոդելը ներկայացվում է որպես համընդհանուր արժեք, որը հիմնավորում է Ռուսաստանի հետ բարեկամությունը, իսկ դրան հակադրվող «արևմտյան» արժեքները դիտարկվում են որպես հայ ժողովրդին օտար և դրսից «ներմուծվող»։

Մեկ այլ նարատիվ, որը նկատվում է հարցազրույցներում, այն քննարկման շուրջ է, որ Փաշինյանի կառավարությունը կարծես հեռանում է Ռուսաստանից՝ փոխարենը խորացնելով հարաբերությունները Թուրքիայի հետ։ AlphaNews-ի հարցազրույցներից մեկում, որտեղ հյուրը ռուսաստանաբնակ հեռուստահաղորդավար է, իսկ հարցազրույցը՝ ռուսերեն, հարցերից մի քանիսը այն մասին են, թե արդյոք Հայաստանի՝ ԵՄ-ի հետ մերձեցման և Ռուսաստանից հեռացման ճանապարհը չի տանում դեպի Թուրքիայի հետ ավելի մտերիմ հարաբերություններ։

Ըստ մեկ այլ պատումի՝ Հայաստանի գոյությունը պայմանավորված է երկրում Ռուսաստանի ռազմական ներկայությամբ։ Հյուրերից մեկը նշում է, որ եթե հայերին դժվար է պատկերացնել, թե ինչ կլինի Գյումրուց ռուսական ռազմաբազայի դուրսբերման դեպքում, ապա նրանք կարող են ամեն օր այցելել Ցեղասպանության թանգարան և հիշել, թե ինչ ճակատագիր կարող է սպասել Հայաստանին նման քաղաքականության հետևանքով։ Այսպիսի լեզուն ուժեղացնում է երկբևեռ աշխարհաքաղաքական ընտրության գաղափարը, ըստ որի՝ Հայաստանը պետք է մնա Ռուսաստանի հետ, այլապես կկործանվի։ Այն նաև դատապարտում է արևմտամետ կամ արտաքին քաղաքականության հավասարակշռման ցանկացած քայլ՝ ներկայացնելով դա որպես պատմական թշնամիների հետ համընկնող օրակարգ։

Հակաժողովրդավարական դիսկուրսի փոփոխությունները ժամանակի մեջ

Մշտադիտարկման առաջին փուլում հարցազրույցներում հաճախ կարելի է լսել Փաշինյանի կառավարությունից օր առաջ ազատվելու անհրաժեշտության մասին։ Սրան շատ հաճախ հաջորդում է կոչ կամ գործողությունների պլանի մասին պատկերացումներ, որոնք հնարավորություն կտային հասնելու իշխանափոխության մինչև ընտրությունները։

Հաճախ այդ գործողության պլանն ուղղված է նաև հանրությանը։ Օրինակ՝ հարցազրույցներից մի քանիսում դա Սամվել Կարապետյանի շուրջ համախմբվելու և քաղաքական ակտիվություն ցուցաբերելու կոչ է։ Որոշ դեպքերում, սակայն, կարելի է նկատել հակաժողովրդավարական տարրեր պարունակող հայտարարություններ։ Օրինակ՝ հարցազրույցներից մեկում նշվում է.

Երբ չեզոքացնում են ընդդիմադիր դաշտը, նաև չեզոքացնում են բոլոր լեգիտիմ ճանապարհները, որ երկրում իշխանափոխություն լինի։ Այսինքն՝ նպաստում են նրան, որ մեր հանրությունն է՛լ ավելի ռադիկալ լինի, է՛լ ավելի ռադիկալ ինչ-որ գործողությունների դիմի։ Այն ամենը, ինչից իրենք վախենում են՝ ֆիզիկական անվտանգության հարցը իրենց, իրենք ավելի են նպաստում դրան, որ էդ վտանգները շատանան[24]։

Մեկ այլ հարցազրույցում հյուրը պնդում է, որ Հայաստանը արտաքին կառավարման է ենթարկվում, իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը «կոլաբորանտ» կառավարություն է Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Հետևաբար Հայաստանն օկուպացված է և քաղաքական պայքարով չէ, որ պետք է ազատագրվի. անհրաժեշտ է ազգային-ազատագրական պայքար՝ պատրաստ լինելով անձնազոհության.

Երբ այգուդ մեջ մոլախոտը շատացել և բռնել է այգին, քաղհանը չի օգնում, պետք է դիմել այլ միջոցների. տարատեսակ թունաքիմիկատներ կարող են օգտակար լինել։ Մեր դեպքում այդ թունաքիմիկատները պետք է որոշեն առաջնորդները, համենայնդեպս, քաղհանը էլ չի օգնելու[25]։

Թեև հաճախ չի հստակեցվում, թե թունաքիմիկատներ օգտագործելը կամ ազգային-ազատագրական պայքարը կոնկրետ ինչ գործիքակազմ է ներառում, բայց ակնհայտ է, որ դրանք առաջ են քաշում բռնի գործողությունների գաղափարը։

Սրա հիմնական արդարացումը հայրենիքի՝ իբրև թե օկուպացված լինելու փաստն է, որով դելեգիտիմացվում են ներկայիս իշխանությունները։ Հաճախ կարելի է հանդիպել «այսպես կոչված իշխանությունը» կամ «պետություն չկա» արտահայտությունները կամ որ ընտրություններին սպասել չի կարելի, քանի որ այս իշխանություններին պետք է հեռացնել մինչև 2026 թվականը։ Այսպիսով՝ ստեղծվում են հրատապության զգացում և հիմքեր ոչ սահմանադրական և հակաժողովրդավարական գործողությունների համար։

Մշտադիտարկման երկրորդ փուլում, սակայն, նման դիսկուրսը նշանակալիորեն մեղմված է՝ փոխարինվելով ընտրություններին պատրաստվելու տրամադրվածությամբ։ Այս համատեքստում մեկ այլ խնդրահարույց նարատիվ է առաջ գալիս. այն, որ գալիք ընտրությունները կեղծվելու, մանիպուլացվելու են իշխող ուժի կողմից, ինչպես Մոլդովայի և Ռումինիայի պարագայում։
Հարցազրույցների ընթացքում հաճախ այն պնդումն է, որ Փաշինյանին ուղղակի անհրաժեշտ է հաղթել ընտրություններում, և նա դրա համար պատրաստ է ամեն ինչի։ Սա նույնպես Հայաստանում կատարվող գործընթացները «դրսի»՝ տարբեր արտաքին ուժերի հետ կապելու նարատիվների տրամաբանության մեջ է.

Բոլոր այս տեխնոլոգիաները՝ վերևից ուղղորդող կուրատորների կողմից նախապես սահմանված արդյունքի մշակման համար, փորձարկվել են բազմաթիվ երկրներում։ Մոլդովան և Ռումինիան եղել են երկրների ցուցադրական օրինակներ։ Հայաստանում նույնպես նախապես կասեն, թե ում պետք է ընտրել, և դրա համար կօգտագործվեն բոլոր տեխնոլոգիաները։ Ում պետք չէ, կա՛մ չեն ազատի բանտից, կա՛մ լրացուցիչ կնստեցնեն այնտեղ. նախապես կհանեն մրցապայքարից՝ հայտարարելով, որ առաջադրման համար փաստաթղթերը սխալ են պատրաստվել։ Եթե ինչ-որ մեկը, այնուամենայնիվ, առաջադրվի և ավելի շատ ձայներ ստանա, ապա ձայների հաշվարկից հետո նրան կհանեն խախտումների պատճառով, կամ կչեղարկեն ընտրությունների արդյունքները։ Այս ամենը կօգտագործվի, չպետք է կասկածել, ոչ ոք իշխանությունը չի հանձնի։ Հենց դրա համար էլ Փաշինյանը շահավետորեն ցուցադրում է իրեն որպես շատ կոշտ ղեկավար։ Նա որոշել է, որ վերընտրվելու է, ուրեմն վերընտրվելու է, և ոչ ոք չպետք է կասկածի այդ պլանի իրականացման կոշտության վրա[26]։

Նկատելի է, որ տարածաշրջանային փոփոխությունները, օրինակ՝ Մոլդովայում Սանդուի հաղթանակը ընտրություններում, իրենց ազդեցությունն են ունենում ընտրությունների համատեքստում ստեղծվող տեղական նարատիվների վրա։ Ընտրությունները կեղծելու մասին պնդումները կարծես դրանք դելեգիտիմացնելու փորձեր են, որտեղ ներկայիս իշխանությունների վերընտրվելը կնշանակի նախորոշված արդյունքների վերահաստատում, ոչ թե ժողովրդի կամարտահայտում։ Իսկ Մոլդովայում և Ռումինիայում որոշ ընդդիմադիր ուժերի ընտրություններին մասնակցելու արգելքը և այլ սահմանափակումները ներկայացվում են ոչ թե Ռուսաստանի դեմ հիբրիդային պատերազմի համատեքստում, այլ որպես այս բոլոր երկրներում միևնույն արտաքին «ուժերի» ներգրավվածության ապացույց։

Ամփոփում

Երկու լրատվամիջոցների դիսկուրս վերլուծությունը ցույց տվեց, որ ընդդիմադիր դաշտում շրջանառվող առանցքային նարատիվներից է Փաշինյանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունների հետ համատեղ քաղաքականություն վարելը, ինչը հանգում է Փաշինյանի՝ «օտար գործակալ» լինելու հայտարարությանը։

Փաշինյանին թիրախավորող դիսկուրսում գործիքայնացվում են քաղաքացիական հասարակությունը, ԼԳԲՏ+ համայնքը և «ազգային ավանդական արժեքները», որոնք նպաստում են խոցելի խմբերի է՛լ ավելի թիրախավորմանը և հայրիշխանական պատկերացումների և դիսկուրսի վերարտադրմանը։ Մարդկանց իրավունքների պաշտպանությունը դիտարկվում է որպես «օտարածին» և հակադրվում իրական «հայկական» արժեքներին, որոնք զարմանալի զուգադիպությամբ համապատասխանում են ռուսական արժեքներին։

Մշտադիտարկման առաջին փուլում Հայաստանում ընտրված իշխանությունը և ընդհանուր առմամբ ընտրական ինստիտուտը դելեգիտիմացվում են, և ստեղծվում է հրատապության զգացողություն՝ իշխանափոխություն անելու համար։ Երկրորդ փուլում, սակայն, այս հրատապությունը մեղմվում է, և ընդդիմադիր ուժերը ևս մտնում են նախընտրական պայքարի տրամաբանության մեջ։ Միաժամանակ ի հայտ են գալիս գալիք ընտրությունները կեղծելու, տարբեր կուսակցությունների նկատմամբ բռնաճնշումներ իրականացնելու մասին կանխատեսումները, որոնք «ապացուցվում» են այնպիսի երկրների օրինակներով, որտեղ իշխանությունները բազմիցս հայտարարել են Ռուսաստանի կողմից հիբրիդային պատերազմի թիրախ լինելու մասին։

Միաժամանակ, փորձագիտական հարցազրույցների համադրական վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանում ժողովրդավարության ներկա վիճակը առավել ճշգրիտ կարելի է բնութագրել ոչ թե որպես կայացած ինստիտուցիոնալ համակարգ, այլ որպես ճգնաժամերի պայմաններում պահպանված քաղաքական և հասարակական պայմանավորվածություն։ Թեև Հայաստանը ձևականորեն ընկալվում է որպես ժողովրդավար երկիր, գրեթե բոլոր փորձագետները շեշտում են ինստիտուտների թերի կայացվածությունն ու խոցելիությունը։ Ժողովրդավարության հարաբերական պահպանվածությունը բացատրվում է ոչ այնքան ինստիտուցիոնալ ամրությամբ, որքան հեղափոխությունից հետո հասարակության ձևավորած ազատությունների պահանջով։
Այս ընդհանուր հետնախորքում ամենախոշոր սպառնալիքը փորձագետները տեսնում են իշխանության աճող կենտրոնացման մեջ, մասնավորապես՝ վարչապետի շուրջ, ինչպես նաև լոյալիստների նշանակման պրակտիկայում, այդ թվում՝ այն մարմիններում, որոնք կոչված են ապահովելու զսպիչ և հակակշիռ մեխանիզմներ։ Սա ոչ միայն սահմանափակում է բազմակարծությունը՝ որպես ժողովրդավարության հիմնարար ինստիտուտ, այլև աստիճանաբար նեղացնում է իշխանական համակարգի ներսում իրական քաղաքական քննարկման հնարավորությունը։ Որպես արդյունք՝ ժողովրդավարությունը պահպանվում է ոչ թե ներքին հավասարակշռության, այլ արտաքին ճնշումների և հասարակական իներտ պահանջի հաշվին։
Միաժամանակ, ընդդիմադիր մեդիայի միջոցով տարածվող ընտրությունների ապալեգիտիմացման նարատիվները հանրության վրա մեծ ազդեցություն չունեն, մեծապես մարգինալ են, քանի որ ընտրությունների կազմակերպման և քվեարկության տեխնիկական լեգիտիմությունը մեծ հաշվով ապահովված է։

Սակայն խնդիրն աստիճանաբար տեղափոխվել է ընտրությունների նշանակալիության հարթություն․ քաղաքացիները հաճախ չեն տեսնում իրական ընտրություն և համոզիչ քաղաքական այլընտրանքներ, ինչն ազդում է մասնակցության իմաստավորման վրա։ Այս առումով արձանագրվում են վարչական ռեսուրսի կիրառման դեպքեր և հետընտրական փուլում ընտրովի ճնշումներ ընդդիմադիր դերակատարների նկատմամբ, հատկապես մարզերում, ինչը խորացնում է ընտրությունների շուրջ անվստահության ոչ թե տեխնիկական, այլ քաղաքական շերտը։
Նախընտրական և հետընտրական փուլերի ռիսկերը կապված են երկու հիմնական սցենարների հետ։ Առաջին դեպքում վտանգը գործող իշխանության աստիճանական հեղինակազրկումն է, քաղաքական խոսույթի արդյունավետության նվազումը և դրա հետևանքով՝ ավելի կոշտ մեխանիզմների որոնումը։ Նախկինում աշխատող դիսկուրսները, ինչպես, օրինակ՝ «նախկիններ–ներկաներ» հակադրությունը, աստիճանաբար կորցնում են իրենց մոբիլիզացնող ներուժը, իսկ խաղաղության օրակարգը, եթե չդառնա ավելի նյութական և համոզիչ, կարող է նույն կերպ սպառվել։ Սա իշխանություններին դնում է նոր նարատիվներ ձևակերպելու անհրաժեշտության առջև, սակայն այլ հարց է՝ արդյոք նրանք ունեն այդ կարողությունը։ Երկրորդ սցենարը կապված է այն հնարավորության հետ, որ իշխանության կարող են գալ ուժեր, որոնք արժեքային մակարդակում չեն ընդունում ժողովրդավարությունը և նույնիսկ բացահայտորեն հանդես են գալիս դրա դեմ, ինչը ժողովրդավարական ռեժիմի համար համակարգային սպառնալիք է։

Դիսկուրսիվ դաշտի վերլուծությունը ցույց է տալիս, որ իշխանական և ընդդիմադիր նարատիվները ձևավորվում են ոչ միայն ներքաղաքական տրամաբանությամբ, այլև արտաքին ազդեցությունների պայմաններում։ Իշխանական հիմնական նարատիվները՝ խաղաղության օրակարգը, ինքնիշխանության և հիբրիդային սպառնալիքների մասին խոսույթը, ինչպես նաև ժողովրդավարության օրակարգի փաստացի սեփականաշնորհումը, փորձագետների կողմից դիտարկվում են որպես մասամբ հիմնավորված, բայց քաղաքականորեն ուռճացված։
Միաժամանակ, «գործակալների որսը», տարաբնույթ կոմպրոմատների գործիքայնացումը կարող են վախի մթնոլորտ ստեղծել և խոչընդոտել քաղաքական դաշտի թարմացումը։
Ընդդիմադիր և մերձընդդիմադիր դաշտում գերակշռող հակաժողովրդավարական նարատիվները կառուցվում են «թրքացման», արտաքին դավադրությունների, Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման համար իշխանություններին մեղադրելու, ինչպես նաև ժողովրդավարությունը որպես «օտարածին» և «ազգային ինքնությանը հակադիր» երևույթ ներկայացնելու շուրջ։ Այս դիսկուրսը հաճախ ուղեկցվում է հակաարևմտյան և հակաքաղաքացիական հասարակության դիրքավորումներով, որոնք ոչ թե ինքնուրույն գաղափարական համակարգ են, այլ ռուսական պաշտոնական դիրքորոշումներից ածանցված նարատիվների տեղայնացված վերարտադրություն։ Քաղաքացիական հասարակությունն այս ամբողջ դաշտում առանցքային, բայց միաժամանակ խոցելի դերակատար է։ Նրա խոցելիությունը պայմանավորված է ինչպես ֆինանսական կախվածություններով, այնպես էլ ներքին բևեռվածությամբ և արժեքային կոնսենսուսի բացակայությամբ։

[1]Tenove, C., Buffie, J., McKay, S., Moscrop, D., (January 16, 2018). Digital Threats to Democratic Elections: How Foreign Actors Use Digital Techniques to Undermine Democracy. Research Report, Centre for the Study of Democratic Institutions, University of British Columbia. http://dx.doi.org/10.2139/ssrn.3235819

[2] Նույն տեղում։

[3] Wilson, A. (June 30, 2025). The bear behind the ballot: Moldova’s election in the shadow of a war. European Council on Foreign Relations. https://ecfr.eu/publication/the-bear-behind-the-ballot-moldovas-election-in-the-shadow-of-war/

[4] Նրանցից ամենաակնառուն, թերևս, Իլան Շորն է, որը 2019 թվականին մեկ այլ օլիգարխ Վլադ Պլահոտնյուկի՝ կառավարության իշխանությունից հեռացումից հետո ստիպված էր լքել երկիրը, քանի որ մի քանի այլ անձանց հետ մեղադրվում էր Մոլդովայի բանկերից վարկերի և ֆինանսական մեքենայությունների միջոցով մեկ միլիարդ դոլարի (Մոլդովայի ՀՆԱ-ի շուրջ 12%-ի) չափով գողություն կատարելու համար։ Շորը, տեղափոխվելով Իսրայել, իսկ այնուհետև ստանալով Ռուսատանի քաղաքացիություն, շարունակում է Մոլդովայում ակտիվ քաղաքական գործունեություն վարել։ Որպես արդյունք՝ Մոլդովայի Սահմանադրական դատարանը 2023 թվականին «Շոր» կուսակցությունը համարում է հակասահմանադրական և կասեցնում է դրա գործունեությունը։ Շորը, սակայն, տարիների ընթացքում իր ֆինանսական աջակցությամբ ստեղծված կլոնային կուսակցությունների և ուժերի համախմբմամբ ստեղծում է «Հաղթանակ» դաշինքը։ Չնայած Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2024 թվականի ԵՄ անդամակցության հանրաքվեին մասնակցելու արգելքին՝ դաշինքը հսկայական ապատեղեկատվական արշավ է սկսում՝ նպատակ ունենալով քննադատելու Սանդուի իշխանության եվրոպամետ օրակարգը և հանրության շրջանում սերմանելու անվստահություն ԵՄ-ին անդամակցելու հեռանկարի նկատմամբ։

[5] Marandici, Ion. (2025, January). Oligarchs, Euroscepticism, and Russia’s Strategy in Moldova. DOI: 10.3929/ethz-b-000715250

[6] BTI Transformation Index. (2024). Moldova Country Report 2024. Bertelsmann Stiftung. https://bti-project.org/en/reports/country-report/MDA

[7] Całus, K. (2023, April). The Russian hybrid threat toolbox in Moldova: economic, political and social dimensions. Hybrid CoE Working Paper 23. https://www.hybridcoe.fi/wp-content/uploads/2023/04/20230413-Hybrid-CoE-Working_Paper-23-Moldova-WEB.pdf

[8] Gasparyan, D., Wolkov, N., Kagan, F. W. (2024, October 21). Russia or the West: The Stake’s in Georgia’s Elections. Institute for the Study of War. https://www.understandingwar.org/backgrounder/russia-or-west-stakes-georgia%E2%80%99s-election

[9] European Digital Media Observatory. (2024, November 27). Anti-Western Propaganda and Disinformation Amid the 2024 Georgian Parliamentary Elections. https://edmo.eu/publications/anti-western-propaganda-and-disinformation-amid-the-2024-georgian-parliamentary-elections/

[10] Թեև մշտադիտարկման փուլը համընկել է իշխանությունների և եկեղեցու միջև սկսվող հակամարտության հետ, թեմայի ընթացիկ և զարգացող, ծավալուն և բազմաշերտ բնույթի պատճառով այս հոդվածում դրան չենք անդրադառնում՝ այն համարելով առանձին քննադատական հոդվածի նյութ։

[11] Fairclough, N., & Wodak, R. (1997). Critical Discourse Analysis. In T. van Dijk (Ed.), Discourse Studies: A Multidisciplinary Introduction (Vol. 2, pp. 258-284). London: Sage.

[12] Socioscope. (2023, փետրվարի 13). Պատերազմը, խաղաղությունը և ապագան մեդիայում․ քննադատական դիսկուրս վերլուծության փորձ. https://socioscope.am/archives/3655

[13] EuroMedia24. (2025, հունիսի 24). Փաշինյանը մի օր կհայտարարի, որ պետականացնում է «Սաս» սուպերմարկետը․ իրավիճակը թույլատրելի չէ․ Եսայան. https://www.euromedia24.com/hy/post/31609

[14] AlphaNews. (2025, հունիսի 26). Օկուպացիա, ցեղասպանություն, այս ամենը թուրքերին չօգնեց. եկեղեցին է, որ մեզ հայ է պահում. Հովհաննիսյան. https://alphanews.am/okoupacia-cexaspanoutyoun-ays-ameny/

[15] AlphaNews. (2025, հոկտեմբերի 24). Փաշինյանն ու Ալիևը զուգորդված հակառուսական արշավ են իրականացնում․ Գառնիկ Դավթյան. https://alphanews.am/pashinyann-ou-alievy-zougordvac-hakaro/

[16] EuroMedia24. (2025, հոկտեմբերի 24). Ո՞ւր է գնում Հայաստանը. Աննա Մկրտչյան (տեսանյութ). https://euromedia24.com/hy/post/43552

[17] EuroMedia. (2025, հոկտեմբերի 25). Բոլորիս էլ կարող են գաղտնալսել, ձայնագրել. սրբություն չունեն էս մարդիկ. Մանվելյան (տեսանյութ). https://euromedia24.com/hy/post/43649

[18] EuroMedia. (2025, հոկտեմբերի 25). Կարեն Սարուխանյանի զոքանչը մանկապարտեզում գործադուլ է կազմակերպել․ ձերբակալությունները կշարունակվեն (տեսանյութ). https://euromedia24.com/hy/post/43644

[19]Solmaz, T.(2022).‘Hybrid warfare’: A dramatic example of conceptual stretching. DOI: https://doi.org/10.37458/nstf.23.1.5։

[20] EuroMedia24. (2025, հունիսի 10). Փաշինյանն աղանդավորներին կուղղորդի Մայր Աթոռ. հրահանգել են Վեհափառից ազատվել (տեսանյութ). https://euromedia24.com/hy/post/30336

[21] EuroMedia24. (2025, հունիսի 10). Փաշինյանն աղանդավորներին կուղղորդի Մայր Աթոռ. հրահանգել են Վեհափառից ազատվել (տեսանյութ). https://euromedia24.com/hy/post/30336

[22] AlphaNews. (2025, հունիսի 10). Խիստ կասկածում եմ, որ մոտ ապագայում կալանավորվածներն ազատ կարձակվեն․ Աշոտ Ավետիսյան. https://alphanews.am/xist-kaskacoum-em-or-mot-apagayoum-kal/

[23] Socioscope. (2020, օգոստոսի 5)․ Հակագենդերային արշավների գործունեությունը, հռետորաբանությունը և նպատակները հետհեղափոխական Հայաստանում. https://socioscope.am/wp-content/uploads/2020/08/2020_Anti-gender-campaigns_-research_Arm.pdf

[24] AlphaNews. (2025, հունիսի 26). Օկուպացիա, ցեղասպանություն, այս ամենը թուրքերին չօգնեց. եկեղեցին է, որ մեզ հայ է պահում. Հովհաննիսյան. https://alphanews.am/okoupacia-cexaspanoutyoun-ays-ameny/

[25] AlphaNews. (2025, հունիսի 11). 5000-ամյա Արցախը ոչնչացրեց, 1700-ամյա եկեղեցին ի՞նչ է, որ չոչնչացնի. Հարություն Հարությունյան. https://alphanews.am/5000-amya-arcaxy-ochnchacrec-1700-amya-ekexeci/

[26] AlphaNews. (2025, hոկտեմբերի 28). Հայաստանը վաղ թե ուշ ստիպված է լինելու ընտրություն կատարել. Դմիտրի Սուսլով. https://alphanews.am/hayastany-vax-te-oush-stipvac-e-linelou/

The post Հայաստանում հակաժողովրդավարական նարատիվների քննադատական վերլուծություն appeared first on Socioscope.

ԻՆՉՈՒ ՊԵՏՔ Է ՏՐԱՎՄԱՎՈՐՈՒՄԸ ՀԱՍԿԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՇՎԻ ԱՌՆԵՆՔ ԳՈՐԾԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ . ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ
Թարգմանչի նախաբան

Լենա Շվաաբի  այս հոդվածի առանցքում քննադատական հոգեբանության համար հիմնաքարային այն դրույթն է, որ ցանկացած հոգեբանական խնդիր, տառապանք պետք է դիտարկվի ոչ թե զուտ անհատական մակարդակում՝ իբրև սոցիալական համատեքստից անջատ, անձնական փորձառություն, այլ սոցիալական միջավայրի, ինստիտուտների, հարաբերությունների հետ սերտ կապի մեջ։ Ընդ որում՝ սոցիալականի դերը էական է և՛ հոգեբանական խնդրի առաջացման, և՛ (չ)հաղթահարման մեջ։

Լ․ Շվաաբը սկսնակ մասնագետ է, և այս հոդվածը նրա առաջին հրապարակումներից է, սակայն այն հազվագյուտ տեքստերից, որ տրավմավորումը քննում են մարդու գործականության, սուբյեկտայնության և դրանց իրացումը սահմանափակող սոցիալական հանգամանքների հետ առնչության մեջ՝ կլինիկական ըմբռնումից անդին (թեև ինքը՝ Շվաաբը հենց կլինիկական հոգեբան է)։ Թեև հոդվածում քննարկվում է ոչ թե հավաքական, այլ հիմնականում անհատական տրավմավորումը, քննարկման դիտանկյունը տեսադաշտ է բացում նաև հավաքական տրավմայի հարցերը գործականության և սուբյեկտայնության հետ կապի մեջ հասկանալու համար։

Թարգմանիչ՝ Սոնա Մանուսյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք այստեղ։

Պատկերը գեներացված է արհեստական բանականությամբ։

The post ԻՆՉՈՒ ՊԵՏՔ Է ՏՐԱՎՄԱՎՈՐՈՒՄԸ ՀԱՍԿԱՆԱԼՈՒ  ՀԱՄԱՐ ՀԱՇՎԻ ԱՌՆԵՆՔ ԳՈՐԾԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ . ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ appeared first on Socioscope.

ՀԱՎԱՔԱԿԱՆ ՏՐԱՎՄԱՆ ԵՎ ԻՄԱՍՏԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ
Թարգմանչի նախաբան

Գիլադ Հիրշբերգերը սոցիալական և քաղաքական հոգեբան է։ Իր ուսումնասիրություններում, այդ թվում՝ այս վերլուծության մեջ, նա հիմնականում հենվում է սոցիալական ինքնության տեսության վրա։ Ձևավորվելով դեռևս նախորդ դարի 80-ականներին՝ տեսությունն իր տարբեր լրամշակումներով դեռևս ամենաազդեցիկ մոտեցումն է անձնային և խմբային ինքնության փոխառնչությունները և անհատի համար խմբային պատկանելության հոգեբանական կարևորությունը հասկանալու համար։ Այդ տեսության մեջ ազգային ինքնությունը ևս դիտարկվում է իբրև խմբային ինքնության ձև՝ անձնային ինքնության և ինքնագնահատականի հետ սերտ առնչության մեջ։ Մոտեցման մեջ կարևոր է նաև սոցիալական համատեքստը, որի ներքո և որից կախված ձևավորվում, դրսևորվում և փոփոխվում են խմբային ինքնությունները, և որտեղ պատմական փորձառություններն ու կոլեկտիվ հիշողությունը դառնում են առանձնակի նշանակություն ունեցող գործոններ։

«Հավաքական տրավման և իմաստի սոցիալական կառուցումը» հոդվածում Հիրշբերգերը փաստարկում է, որ կոլեկտիվ տրավմաները, որքան էլ որ աղետալի փորձառություններ են, նաև հիմք են այդ տրավման ապրած հասարակությունների ինքնության, համախմբման, հավաքական իմաստի կերտման համար։ Նա ցույց է տալիս տրավմատիկ անցյալի տարբեր՝ վնասաբեր և ռեսուրսային կողմերը՝ կախված դրանք «վերամշակելու», իմաստավորելու ձևերից։ Է՛լ ավելի խնդրահարույց է հավաքական տրավմայի դերը ոճրագործած խմբի և դրա հետնորդների ինքնության և հավաքական հիշողության հարցում, որին ևս անդրադարձ կա։

Հոդվածը հիմնված է գերազանցապես հրեական փորձի ուսումնասիրման վրա, և չնայած նրան, որ դրա լույս տեսնելուց հետո ինքը՝ Իսրայելը, բռնել է մի ճանապարհ, որին դեռ պետք է պատմականորեն առերեսվի ոչ վերջին հերթին հենց այն առումներով, որոնք ուրվագծել է Հիրշբերգերը, նրա այս տեքստը հավաքական տրավմայի հոգեբանական կողմերի վերաբերյալ թերևս ամենաունիվերսալ և օգտակար նյութերից մեկն է մնում՝ համադրելով ակադեմիական բավարար խորությունը, բազմակողմությունը և հանրամատչելի լեզուն։ Մեր իսկ պատմական փորձառություններն ու շարունակական կոլեկտիվ վերքերն ու տագնապները նույնպես ձևավորում են մեր հասարակական կյանքը, մեր ինքնության մասին պատումները և մեր հարաբերություններն աշխարհի հետ։ Հուսամ, որ այս տեքստը ընթերցողին կօգնի նաև մեր պատմության հետ մեր առնչությունների մտահայեցման և (վերա)իմաստավորման դժվար փորձերում, որոնք հաճախ հանիրավի իրենց ձեռքն է վերցնում և պարզեցնել փորձում օրվա քաղաքական իշխանությունը։

Թեև Գիլադ Հիրշբերգերը պարբերաբար հանդես է եկել սեփական երկրի որոշ քաղաքականությունների, նաև սիոնիզմի քննադատությամբ և քննարկումների դաշտ բերել պաղեստինյան դիտանկյունը հաշվի առնելու, ինչպես նաև հաշտության հեռանկարներ ու ձևեր մտածելու կարևորությունը, սակայն նկատելի է նաև նրա զգուշավորությունը հատկապես վերջին տարիներին Իսրայելի՝ ցեղասպանական գործողությունների վերաճած և ծանրագույն հումանիտար աղետ և մարդկային տառապանք բերած ռազմական հանցագործությունները բարձրաձայնելու և դրանց անվանում տալու հարցում։ Այս լռությունը, թերևս, ինքնին վկայում է այն դժվարությունների մասին, որոնք ունենում են անգամ քննադատաբար մտածող գիտնականները, երբ գործը հասնում է այնպիսի զգայուն հարցի, ինչպիսին սեփական ազգային ինքնությունն է։

Թարգմանիչ՝ Սոնա Մանուսյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք այստեղ։

Պատկերը գեներացված է արհեստական բանականությամբ։

The post ՀԱՎԱՔԱԿԱՆ ՏՐԱՎՄԱՆ ԵՎ  ԻՄԱՍՏԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ appeared first on Socioscope.