Սոցիոսկոպը ստեղծվել է 2008թ. մի խումբ երիտասարդ հասարակագետների նախաձեռնությամբ, ովքեր ցանկանում էին համակողմանի ու հմուտ սոցիալական հետազոտությունների, խորհրդատվության և հանրային իրազեկման միջոցով նպաստել Հայաստանում քաղաքացիական հասարակության արդյունավետ զարգացմանը:
Սոցիոսկոպը մշակում, իրականացնում և համակարգում է հետազոտություններ հանրային իրազեկվածության մակարդակի, իրավական պաշտպանվածության ընկալումների, իրավապաշտպանների պաշտպանվածության, ԶԼՄ-ներում մարդու իրավունքների լուսաբանման, բնապահպանական բարեփոխումների և այլ ծրագրերի գնահատման ոլորտներում։ Սոցիոսկոպի փորձառության շրջանակը ներառում է Հայաստանում քաղաքացիական հասարակության զորացման նպատակով տեղական հասարակական կազմակերպություններին և քաղաքացիական ակտիվիստներին հասարակագիտական գիտելիքի և մեթոդաբանության ուսուցանումը՝ համադրելով տեսությունը և ակտիվիստական պրակտիկաները։
Կազմակերպությունը Հարավկովկասյան իրավապաշտպանական ցանցի անդամ է, ինչպես նաև վերջերս գրանցված՝ Հյուման Ռայթս Հաուս Երևան կազմակերպության անդամ։
Տարբեր ծրագրերի շրջանակներում Սոցիոսկոպը հաստատել է համագործակցային հարաբերություններ Երևանում ԱՄՆ դեսպանատան, Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի, ՄԱԿ–ի զարգացման ծրագրի, Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի, NED–ի և այլ կառույցների հետ։