peter_l_berger_3_02

Դիպվածով սոցիոլոգը. ի հիշատակ Փիթեր Բերգերի

Հունիսի 27-ին մահացավ կրոնի սոցիոլոգ, Բոսթոնի համալսարանի պրոֆեսոր Փիթեր Բերգերը (Peter Berger, 1929-2017)։ Իր հայտնի աշխատանքներից առաջինը «Հրավեր դեպի սոցիոլոգիա. հումանիստական հեռանկար»[1]-ն է (1963), որով արևմուտքում մշակվել են շատ սոցիոլոգների հայացքներ։ Սակայն Բերգերը առավելապես հայտնի է 1966-ին Թոմաս Լուքմանի (Thomas Luckmann) համահեղինակությամբ հրատարակած «Իրականության սոցիալական կառուցակցումը. տրակտատ գիտելիքի սոցիոլոգիայի»[2] գրքով։ Այն սոցիոլոգիական ամենաազդեցիկ գործերից է[3] և մեծ նշանակություն է ունեցել հասարակագիտական մտքում սոցիալական կառուցվածքաբանության հաստատման վրա։ Գիրքը ճեղքում էր իր ժամանակի գերակայող ֆունկցիոնալ-պոզիտիվիստական մոտեցումները և վերաբացում հանրային կյանքի ըմբռնողական հայացքը՝ առաջարկելով առօրյա կյանքը սոցիալական կառուցումով հասկանալու մեթոդը։ «Իրականության սոցիալական կառուցակցումը» ընդգրկվում է սոցիոլոգիայում մասնագիտացողների հիմնական ընթերցանության ցանկերում և շարունակում է արձագանքող ընթերցողներ գտնել մինչ օրս։

Ինքը՝ Բերգերը, գրքի հիսունամյակին նվիրված Նյու Յորքի Նոր դպրոցի  գիտաժողովին նշում է, որ այն միավորում է Էմիլ Դյուրքհեյմի, Մաքս Վեբերի, Ջորջ Միդի, ինչպես նաև Նոր դպրոցում իրենց ուսուցիչ Ալֆրեդ Շյուցի տեսական սկզբունքները։ 1919-ին հիմնված լինելով ընդվզող և առաջադիմական պրոֆեսորների կողմից՝ Նոր դպրոցը 1930-ականներից հատուկ տեղ էր տրամադրել նացիզմի հետևանքով եվրոպական համալսարանները լքած պրոֆեսորների, այդ թվում Շյուցին, ում հետևորդներից հետագայում դարձավ Բերգերը։

1950-ականներին Նյու Յորքի Նոր դպրոցում խտացված քննադատական մտավորականների (հակաֆաշիստ և հակաստալինիստ) և փորձարարական արվեստագետների միջավայրում նացիզմի հետևանքով Ավստրիայից ներգաղթյալ Փիթեր Բերգերը «դիպվածով» դարձավ սոցիոլոգ։ Իր «Դիպվածով սոցիոլոգի արկածները» ինքնակենսագրականում[4] (2011) Բերգերը պատմում է, որ նախապես լյութերական եկեղեցու ծառայող դառնալու ցանկություն ունենալով՝ ամերիկյան հասարակության մասին գիտելիք ձեռքբերելու համար որոշել էր սոցիոլոգիա ուսանել։ Իր առաջին՝ «Բալզակը իբրև սոցոիոլոգ» դասընթացը, որ իրենից ներկայացնում էր գրականության միջոցով 19-րդ դարի ֆրանսիական հասարակության դիտարկում, նրան ծանոթացրեց սոցիոլոգիական աշխարհայացքի հետ և վերափոխեց իր մտադրությունները։ Սակայն կրոնի հետ նրա կապը մնաց կենտրոնական։ Նա արդի կյանքի պայմաններում աշխարհիկացման (սեկուլարիզացիայի) և կրոնի (իբրև առօրյա կյանքի գիտելիքի) երկարամյա հետազոտողներից էր։ Հակադրվելով իր ժամանակ ընդունված աշխարհիկացման  տեսությանը, նախապես որի շրջանակում էր նաև ինքը՝ Բերգերը ներմուծեց իր նոր համոզմունքը, ըստ որի արդիականացումը (մոդերնիզացիան) անհրաժեշտաբար չի հանգում աշխարհիկացման, թեև որոշ հասարակություններ և սոցիալական խմբեր կարող են գալ դրան։

Մեծ հաշվով նա փլուրալիզմի և դեմոկրատիայի նվիրյալ պաշպան էր։ Դրանից ելնելով էր, որ աջակցում էր ժամանակակից կյանքում հավատքի և տարբեր աստվածների գոյությանը, կամ էլ ընդդիմանում էր հակածխախոտային ու հակագիրացման պայքարի ակտիվիստներին՝ մեղադրելով նրանց վերին-միջին խավի կենսակերպը մյուսների, հատկապես՝ ծխող ցածր խավի մարդկանց վրա տարածելու ագրեսիվ ջատագովության մեջ։ Իր հերթին Բերգերը մեղադրվում էր նորպահպանողականության մեջ ոչ միայն իր այս հայացքների համար։ Նա Վեբերի հետևորդ էր և հակամարքսիստ[5] ու, թեև քննադատական դիրքերից էր մոտենում կապիտալիստական հասարակությանը, սակայն դեմոկրատիայի փխրուն հնարավորությունը չէր տեսնում այլ տնտեսակարգի ներքո։

Բերգերը սոցիոլոգիայի երկդիմի ճակատագիրը կրող հեղինակի օրինակ է, ով մի կողմից  ընդլայնում էր իր ժամանակի ընդունված գիտակարգային սահմաններն՝ ըմբռնելու և քննադատելու առկա իրականությունը, մյուս կողմից կիրառում իր տեսամեթոդաբանական ապարատը ի նպաստ և աջակցություն իշխող կարգերի՝ խիստ զգուշավորությամբ մոտենալով սոցիալական փոփոխություններին։

Այժմ, երբ հրաժեշտ ենք տալիս Բերգերին, հնարավորություն ունենք նրա բազմազան  գործունեությունը, ասելիքն ու մտավոր ժառանգությունը բոլոր կողմերից դիտարկելու և իր կենսափորձի ու պատմական ժամանակի մեջ ըմբռնելով վերանայելու։

[1] Բնօրինակի անվանումը՝ Invitation to Sociology: A Humanistic Perspective. հրատարակվել է Նյու Յորքում։

[2] Բնօրինակի անվանումը՝ The Social Construction of Reality: A Treatise in the Sociology of Knowledge. հրատարակվել է Նյու Յորքում։

[3] Միջազգային սոցիոլոգիական ասոցիացիայի գնահատմամբ 20-րդ դարի ամենաազդեցիկ սոցիոլոգիական աշխատանքների շարքում 5-րդն է. տե՛ս isa-sociology.org/en/about-isa/history-of-isa/books-of-the-xx-century

[4] Բնօրինակի անվանումը՝ Adventures of an Accidental Sociologist. հրատարակվել է Նյու Յորքում:

[5] 2015-ին կնոջ՝ սոցիոլոգ Բրիջիթ Բերգերի մասին մահախոսականում Փիթեր Բերգերը հակիրճ ներկայացնում է իրենց երկուսի քաղաքական հայացքները, և թե ինչպես են 1960-ականների ձախական շարժումներից հետ քաշվել՝ դրանք նմանեցնելով իրենց վերապրած նացիզմին և տոտալիտարիզմին. տե՛ս the-american-interest.com/2015/06/17/an-obituary

 

Աննա Ժամակոչյան

 

Comments are closed.

We are here!

Click to open a larger map

Contact us

Address: 6 Yekmalyan, 3rd floor, room 17
Yerevan 0002, Armenia

Tel: +374 (10) 500-499
E-mail: info@socioscope.am

FACEBOOK
YOUTUBE

Archives