Գարնան սկզբում. երեք հուշ, ու մի բան էլ

Այս Մարտի մեկին ինձ երեք հոգի շնորհավորեցին գարնանս առաջին օրը: Ու արդեն տասներորդ անգամ ես ունեցա նույն հուշերը, միշտ գոնե այս երեքն այդ օրվանից:

Հիշում եմ, որ մեր տանը գիշերով հավաքվել, իրար հերթ չտալով անհանգիստ քննարկում էինք ու փորձում հասկանալ՝ ինչ է կատարվում, ինչ կկատարվի, ու հարամ էինք անում քրոջս մոտեցող ծննդյան օրը: Ու եղբորս ընկերը, որ մեզ հետ միասին հետևում էր եկող լուրերին, ու առանց մեզ լավ խմում էր դրանցից բարկացած, վերջը տաքացավ ու որոշեց իջնել կենտրոն միանալ արդեն վտանգված ցուցարարներին, ու հետո կարծեմ եղբայրս գնաց հետևից, որ նա մի փորձանքի չգա: Կամ ասաց, որ կգնա. մի խոսքով` միայն կենդանական վախս եմ հիշում նրա համար: Որովհետև առավոտվա Ազատության հրապարակի վայրենությունն արդեն եղել էր, ու կեսօրին էլ եղել էի Մյասնիկյանի հրապարակում, փորումս զգացել էի վախը ու աչքերովս տեսել էի դրա կոնկրետ պատճառները: Մենք չգիտեինք ու գիտեինք, որ կրակելու են, երկուսն էլ ճիշտ են, ու չգիտեմ՝ որն է ավելի սեղմել իմ կոկորդը տասը տարի:

Ես հիշում եմ, որ հաջորդ օրը կեսօրին մեր շենքի մուտքի մոտ հանդիպեցի հարևանի տղայի, որին վաղուց չէի տեսել: Մեր ղարաբաղցի հարևաններն էին ու հոր գծով ժառանգական դատախազներ: Ինքը լայն ժպտալով բարևեց, թե իբր՝ ինչքան ժամանակ չենք տեսել, ես էլ ժպտալով բարևն առա, ու ավելացրեց՝ իմացար, չէ՞, որ էդ բոմժերին ցրեցին վերջապես: Իմ ժպիտը դառավ ծամածռություն ու մնաց դեմքիս, ես էլ՝ աստիճաններին: Ու հաջորդ պահից, երբ նա արդեն իջել-հեռացել էր ու դեռ երկար ժամանակ դրանից հետո ես պատկերացնում էի, թե ոնց եմ գցել գետնին, սխկում ու ասում՝ բոմժը դու ես, տես, որ դու ես բոմժը հենց:

Ես մեկ էլ հիշում եմ, որ արդեն երբ կադրերն էինք նայում՝ մի տեսակ կոլեկտիվ զայրույթի մազոխիստական այլակերպմամբ, ես հազար սոսկալի բան տեսա, բայց ամենացավոտն ինձ համար այն էր, որ բնակիչները պողոտայի պատուհաններից զորքի վրա գոռում էին ամո՛թ, ամո՜թ, ու այդ ամոթանքն անեծքից էլ ավելի հուսահատ էր, քանի որ պիտի հասներ անամոթներին:

Անեծքներն էլ, դե, տեղ չեն հասնում: Նա, ում լավ գիտենք, դրանց պակասը չունեցավ ոչ այն ժամանակ, ոչ հիմա: Ասում էին, որ չի մարսի՝ արյան վրա գահի գալով, թեև գաստրոնոմիկ խնդիրներ մինչ օրս չի ունեցել: Ու թեև նա եկավ բռնությամբ, ճիշտ չի լինի ասել, որ միայն բռնությամբ ու հատկապես բռնությամբ մնաց ղեկին: Նա, ում բռնությունը խորթ չէ, իշխանությունը պահելու համար կարողացել է գործի դնել նաև բոլոր փափուկ ու ճկուն մեխանիզմները՝ մեր հանրային հարաբերությունների մեջ հասանելի: Դուք թվարկեք դրանք: Նա հազիվ թե նորարար է, գուցե ընդամենը՝ հնարամիտ, ու լավ է օգտվել եղածից: Այս մեկը, ում լավ չգիտենք, ու ով ավելի շուտ կակուղ է թվում, ճիշտ ինչպես իր սահմանադրական դերը (այդպես են ասում), նույն հաջողությամբ կարող է իր սահմաններում գործի դնել բռնի միջոցները՝ նորից հասարակական հարաբերություններում հասանելի:

Հասարակական ու մշակութային ռեսուրսները, սակայն, չեն հանգեցվում այն մասնակի սպեկտրին, որ տվյալ պահին մակերեսին է, գերիշխող է՝ “ակտիվ գործածության մեջ”: Ուրեմն, էլ ի՞նչ կա այդտեղ՝ պատմության մեջ խրված արմատներում, առօրեականության մեջ, ապագայի ցրված պատկերներում, կամ շատ իմանամ՝ դրանք բոլորը միացնող ազգային նախշերում, հազար տեսակ մարդկանց մեջ, որ դեռ պետք է ավելի լավ ճանաչել, հայտնաբերել, հակադրել իրավիճակին: Եթե հնարամիտ լինելուց անդին գնանք: Ես չգիտեմ, բայց ուզում եմ հարցնել:

 

Հեղինակ՝ Սոնա Մանուսյան

Պիտակներ

Հանգանակություն

Գումարը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարներին` նպատակի դաշտում նշելով «նվիրատվություն»:

Ինեկոբանկ
2052822181271008 (AMD)
2052822181271022 (USD)
2052822181271042 (EUR)
SWIFT code INJSAM22