Հայաստանի հասարակության մտահոգությունները. մարտահրավերներ և փոխակերպման հեռանկարներ

Այսօրվա խնդիրներից խոսելու համար պետք է մի պահ հետ նայել: Հայաստանի ներկա հասարակական խնդիրներին անդրադառնալուց առաջ կարևոր է հասկանալ, թե այն (Հայաստանը) ընդհանրապես ի՞նչ գործընթացի մեջ է: Լայն առումով այդ գործընթացն ընդունված է անվանել տրանզիցիոն`անցումային և իմ խորին համոզմամբ մենք դեռևս դրանից դուրս չենք եկել: Իսկ Հայաստանի համար լուծումը գտնվում է այդ անցումից դուրս գալու մեջ։

Անցման վերաբերյալ ընդհանրապես և հետխորհրդային երկրների անցման վերաբերյալ, մասնավորապես, մասնագիտական գրականության մեջ մի քանի մոդել է առանձնացվում։ Առաջինը ստացել է դուալ կամ երկակի անցում (dual transition) անվանումը: Այն երկու հիմնական գործընթաց է ներառում՝ տնտեսական` ի դեմս շուկայականացման և քաղաքական` ի դեմս ժողովրդավարացման: Տնտեսական հարթությունում Հայաստանի խնդիրն էր պետական պլանային տնտեսությունից անցնելը շուկայական տնտեսության։ Քաղաքական խնդիրը սովետական սոցիալիզմից անցումն էր լիբերալ դեմոկրատական կապիտալիզմի։

Տնտեսական դաշտում տրամաբանորեն կարևոր խնդիր պետք է լիներ նաև սովետական ինդուստրիալ տնտեսության ձևից անցում իրականացնել կապիտալիստական ինդուստրիալ տնտեսության, ինչը, սակայն, անտեսվեց Հայաստանի պարագայում։

Շատ կարևոր էր նաև, թե ինչ նարատիվների հիմքի վրա կամ այդ նարատիվների ձևավորած կոնտեքստում էր իրականացվում այդ անցումը: Այսինքն, ինչպես էր ձևակերպվում ու պատմվում ներկան և ուրվագծվում ապագան։ Հնարավոր նարատիվներից, որը ելնելով ժողովրդավարական հասարակություների փորձից, պետք է այդ շրջանում կարևորվեր, կարելի է առանձնացնել մի քանիսը. հավասար մրցակցային պայմանների ու հնարավորությունների, տեխնիկա-տեխնոլոգիական զարգացման, գիտելիքահեն տնտեսության, էկոլոգիապես անվտանգ տնտեսության և սոցիալական պատասխանատվությամբ տնտեսության նարատիվներ: Կարող ենք ասել, որ ըստ էության, սրանցից գրեթե ոչ մեկը, անցման շրջանում չդրվեց, դրվելու դեպքում էլ չմտավ հասարակական կյանք և չդարձավ կյանքը կառուցող երևույթ։ Քաղաքական դաշտի համար կարևոր կարող էին լինել հավասարության և ազատության նարատիվները, որոնք այդպես էլ չիմաստավորվեցին և հանրային լայն հնչեղություն չստացան։ Առանց նոր նարատիվների ոչ շուկայականացումը և ոչ էլ ժողովրդավարացումը բովանդակություն ձեռք չբերեցին և մնացին պարզապես ֆորմալ մակարդակում;

Տեսականորեն անցման վերաբերյալ առաջ քաշված մեկ այլ մոդել եռակի անցման մոդելն է (triple transition), որը, ի լրումն վերոնշյալ երկու գործընթացների` շուկայականացման և ժողովրդավարացման, ենթադրում է նաև անցում պետության կառուցմանը (state building)։ Սա հատկապես կիրառելի է նախկին Խորհրդային երկրների համար, որոնք մինչև ԽՍՀՄ–ը չեն ունեցել իրենց անկախ պետականությունը։

Անցման վերաբերյալ առաջ քաշված տեսական մոդելների շարքում մյուսը քառակի անցումն է (Quadruple transition), որը թվարկված երեք բաղադրիչներին առաջարկում է ավելացնել նաև սովետական ազգից բուրժուական ազգի կերտման բաղադրիչը։

Անցման վերը նշված երեք մոդելներն էլ, սակայն, ունեն մի ընդհանուր բացթողում։ Դրանք, բոլորն էլ անտեսում են մշակութային հարթությունում անցման կարևորությունը։ Մասնավորապես նկատի ունեմ սովետական մոդեռնից «կապիտալիստական» մոդեռնի անցման խնդիրը՝ հիմնականում նկատի ունենալով արևմտյան ժողովրդավարություններին բնորոշ մոդեռնը[1]:

Որպես մշակութային հարթությունում անցման անհրաժեշտության անտեսման հետևանք՝ խորհրդային մոդեռնի նարատիվները չվերակոդավորվեցին կապիտալիսական մոդեռնի: Ասվածը, հատկապես, վերաբերում է ազատության և հավասարության նարատիվներին, որոնք, ճիշտ է խորհրդային մեկնաբանություններով, սակայն, կային նաև խորհրդային մոդեռնում։ Ավելին. անցման առաջին տարիներից արդեն սկսվեց խորհրդային մոդեռնին հակադիր՝ անհավասարության և արտոնյալության նարատիվների ձևավորումը։

Ըստ էության, տրանզիցիոն նարատիվների խախտման ու անտեսման հիմքերը դրվեցին անկախության առաջին հինգ տարիների ընթացքում: Որպես դրա առաջին լուրջ դրևսորում կարող ենք դիտարկել Հայաստանի առաջին վարչապետի հնչեցրած այն կարծիքը, թե այլևս նախկին հավասարությունը չի լինելու. լինելու են հարուստներ և աղքատներ, լինելու է անհավասարություն: Սա, ըստ էության, պաշտոնական պատկերացումն էր նոր հասարակության մասին, որով մերժվում էր խորհրդային անցյալը, բայց միևնույն ժամանակ նաև ժողովրդավարության տեսլականը։

Այդ շրջանում առաջացան և հետո արմատավորվեցին իշխանավորների և ոչ իշխանավորների, հարուստների ու աղքատների, կռվածների և չկռվածների, արտոնյալների և ոչ արտոնյալների միջև անհավասարության պրակտիկաները։ Ասենք օրինակ, որպես արտոնյալ, ձևավորվեց «երկրապահների» դասը։ Արտոնյալ էին նաև պատգամավորները, իշխող կուսակցության ներկայացուցիչները և այլն։ Ի հայտ եկավ հովանավորչության պրակտիկան, որ սկսեց գործել տնտեսության, բիզնեսի, կառավարման և այլ ոլորտներում։

Հավասարության ու ազատության նարատիվներից իսպառ հրաժարման պատճառներից մեկն այն էր, որ Սովետական մոդեռնը պրակտիկաների մակարդակում այլասերել էր հավասարության, ազատության ու եղբայրության նարատիվները: Ուստի սովետական շրջանից ժառանգված հասարակական ընկալումների մեջ այս նարատիվները ընկալվում էին կեղծ ու շինծու: Սակայն, սրանք անցման տեսանկյունից կարևոր նարատիվներ էին, որոնք կարիք ունեին պարզապես վերակոդավորվելու ու վերաիմաստավորվելու և որը պետք է դիտվեր, որպես անցումային գործընթացի հիմնարար խնդիրներից մեկը։

Մյուս էական սխալն այն էր, որ այդ շրջանում Հայաստանում անցումն իրականացվում էր արտաքին ներդրումի ձևով։ Տրանզիցիոն մոդելը մշակվեց և սկսեց ներդրվել Հայաստանում Արևմտյան զարգացած երկրների կողմից։ Այդ ներդրումային գործընթացը կրում էր հիմնականում ֆորմալ բնույթ։ Որպես հետևանք շուկայական ու ժողովրդավարական ֆորմաները, իսնտիտուտները ներդրվեցին Հայաստան առանց դրանց բովանդակություն հաղորդող նշանակությունների ու իմաստների ու առանց դրանց կենսունակությունը ապահովող նարատիվների: Տարօրինակ կերպով, առանց նարատիվային հիմքի և բովանդակային կոնտեքստի, այդ ֆորմաները շատ շուտով վեր ածվեցին հասարակության ժողովրդավարացումը և ազատ շուկայի ձևավորումը խափանող ու այլասերող երևույթներ։ Այդ իսկ պատճառով էլ ազատ ընտրության մեխանիզմը Հայաստանում դարձավ ազատ ընտրությունը խափանող գործիք, ԱԺ-ն դարձավ ոչ թե վճիռների կայացմանը մասնակցություն ապահովող ինստիտուտ, այլ` վճիռների կայացումից հասարակությանը մեկուսացնող և այն բացառապես իշխող վերնախավի տնտեսական ու քաղաքական հետաքրքրություներին ծառայեցնող ինստիտուտ:

Իմ կարծիքով այս հիմնախնդիրների լուծումը կապված է տրանզիցիոն գործընթացների ծրագրավորման մեջ թույլ տրված կոպիտ բացթողումը` մոդեռնացման նարատիվների վերակոդավորման խնդրի անտեսումը, շտկելու հետ։ Փաստացիորեն, մեր հասարակությունը որպեսզի կարողանա հաղթահարել ֆորմալ ու անբովանդակ ժողովրդավարացման ու շուկայականացման առաջացրած աղետալի հետևանքները, ունի հիմնականում երկու խնդիր` մոդեռնացման ու լուսավորության:

Մոդեռնացում ասելով առաջին հերթին նկատի ունեմ հենց հավասարության, ազատության և եղբայրության նարատիվների տարածումը հասարակությունում, ինչը կարող է ձևավորել իրականության կոդավորման նոր ունակություններ: Լուսավորություն ասելով նկատի ունեմ հասարակության ներսում ներքին անհրաժեշտությամբ պայմանավորված ինքնադիտարկման և ինքնանկարագրման ունակությունների և նմանատիպ մտավոր աշխատանք իրականացնելու համար անհրաժեշտ հանրային միջավայրերի ձևավորման ազատ գործընթացն ու վիճակը:

Այս խնդիրների լուծումը հնարավոր է գտնել քաղաքացիական հարթությունում: Մարդկանց մեջ ինքնուրույն մտածելու ունակության ձևավորումը կարող է փոխել իշխանության տիպը մեր հասարակությունում և դա է, իմ կարծիքով, հենց հայաստանյան քաղաքացիական ակտիվիզմի հիմնական խնդիրը: Ըստ էության, հետխորհրդային Հայաստանի հասարակական հարաբերություններին լայն առումով բնորոշ է իշխանության երկու հիմնական ձև՝ կլանային և քաղաքացիական։ Կլանային իշխանությունն ամենամեծ տարածում ունեցողն է։ Քաղաքացիական իշխանությունն առավելապես մարգինալ է։ Այս երկու իշխանությունների կարևոր տարբերություններից մեկը իմաստների ձևավորման համար կիրառվող մեխանիզմներն են: Կլանային իշխանությունն իմաստները ձևավորում է փակ տարածքներում։ Այդ իսկ պատճառով կլանային իշխանության կրող մարդիկ մասնակցում են իմաստների ձևավորմանը թաղային, ընտանեկան, բարեկամական և ազգակցական միջավայրերում։

Կարելի՞ է արդյոք էական փոփոխություններ նախաձեռնել այսպիսի հասարակական միջավայրի պայմաններում: Իմ խորին համոզմամբ` ոչ: Եվ հասարակությունում ձևավորված այս իրավիճակը, որպես հիմնախնդիր, տրանզիցիոն գործընթացում վերը նկարագրված բացթողումների հետևանքն է։ Ուստի մյուս հարցն էլ այն է, թե արդյո՞ք որպես անցումային հասարակություն, մեր առջև նման խնդիր դնելու ու լուծելու հրամայական ունենք։ Եթե այո, ապա որո՞նք են այն առանցքային քայլերը, որ պետք է արվի քաղաքացիական ակտիվիզմի կոնտեքստում։

Գլխավոր խնդիրը, որը ես տեսնում եմ իշխանական փակ և կլանային տարածքների ապատարածականացումն է։ Իշխանական տարածք ասելով, նկատի ունեմ ոչ միայն քաղաքական իշխանություն իրացնող օլիգարխիկ կլանային համակարգի զբաղեցրած տարածքները, այլ` առաջին հերթին այն տարածքները, որտեղ հասարակության ամենատարբեր խավերի մեջ արտադրվում և վերարտադրվում է կլանային իշխանությունը, դրա արժեքները, ոճականությունը, իրացման սկզբունքները և պրակտիկաները։ Դրանք թաղերն են, բակային միջավայրերը, մասկուլինային ժամանցի տարբեր վայրերը, գյուղամեջերը և այլն։ Ապատարածականացումը հնարավոր է իրականացնել խոսքի փոխանակման միջոցով։ Սակայն, այնպիսի խոսքի, որը ներքին անհրաժեշտությամբ առաջացած խոսքն է: Ներքին անհրաժեշտությունը դա անհատական մակարդակում ձևավորվող ինտելեկտուալ անհրաժեշտությունն է, որը կապված է մարդու իմաստներ ձևավորելու և դրանք հանրային միջավայրերում ներկայացնելու ունակության հետ։ Դա ներքին անհատական իմաստները արտաքին հանրային միջավայրեր արտահանելու անհրաժեշտությունն է։ Դա այն վիճակն է, երբ մարդը զարգացնելով անհատական մակարդակում իմաստ ձևավորելու իր ունակությունը, դրա շնորհիվ զարգացնում է նաև կոմունիկացվելու իր շնորհքը։ Կոմունիկացվելու այն իմաստով, երբ կոմունիկացիան դիտարկում ենք որպես մի գործընթաց, որի մասնակից կողմերը իրականացնում են իմաստների արտադրության ու փոխանակման գործողություն, կարողանալով ընկալել մեկը մյուսի արտահայտած իմաստները և վերապրել, ապրումակցել դրանք ու ձևավորել փոխհամաձայնություն` իմաստների անհատականորեն ու հանրայնորեն իրական ու ճշմարիտ լինելու խնդրի շուրջ։ Այսինքն, կոմունիկացիան դա անհատական տարածքում միտք արտադրելու և այդ միտքը հանրային տարածքներ տեղափոխելու գործընթացն է։

Այն կոմունիկացիոն միջավայրերը, որտեղ կարող է տեղի ունենալ մտքերի, իմաստների ու խոսքի նման բնույթի փոխանակություն, երբ հանրայնորեն ընդունելի ճշմարտությունները ձևավորվում են մասնակցային եղանակով, ապատարածականացնում են իշխանական տարածքները։ Եթե մեզ չհաջողվի քաղաքացիական նման գործընթացների միջոցով ապատարածականացնել այն կլանային միջավայրերը, որոնք, ըստ էության, իշխանական տարածքներ են, չենք կարող ընդհանրապես ապահովել կլանային իշխանության ձևից քաղաքացիականի անցումը և հաջողել ժողովրդավարության ձևավորման գործընթացը։ Այսինքն, քաղաքացիական գործընթացները այս առումով խիստ քաղաքական են, որի կարևոր բաղադրիչը և քաղաքացիական ակտիվիազմի համար գործունեության առանցքային ոլորտը իշխանական տարածքների ապատարածականացումն ու քաղաքացիականացումն է, փակ միջավայրերի վերածումը հանրայինի։ Իսկ սրա իրականացման կարևոր պայմանը հասարակության լուսավորումն է, անհատի այնպիսի որակների ձևավորման խնդիրը, որը թույլ կտա հասարակությունում զգալիորեն մեծացնել այն անհատների տեսակարար կշիռը, ովքեր կզարգացնեն իրենց մեջ ներքին անհրաժետություն ունենալու և այդ ներքին անհրաժեշտությունը արտաքին միջավայրեր արտահանելու ունակությունները։

Այսինքն, կարելի է ասել, որ Հայաստանի առջև կանգնած գլխավոր քաղաքական խնդիրներից են հասարակությունում անհատական ու հանրային մակարդակներում իրականությունը նորովի դիտարկելու ու նորովի նկարագրելու հատկությունների զարգացումը: Հասարակագիտական տեսության մեջ իրականությունը նկարագրելու տարբեր մոտեցումներ կան։ Դրանցից մեկի համաձայն առանձնացվում է իրականության նկարագրման երկու ձև ։ Մեկն անվանում են պարադոքսալ, մյուսը՝ տաֆտալոգիական կամ կրկնաբանական: Այս առումով հետաքրքիր է ամիսներ առաջ Ֆեյսբուք սոցիալական ցանցում նկատածս նախաձեռնություններից մեկը, որտեղ մարդիկ իրենց ֆեյսբուքյան պրոֆիլների փոխարեն տեղադրել էին՝ «Երկիրը երկիր է» գրությամբ վահանակը: Սա տաֆտալոգիական մեկնաբանությունն է։ Պարադոքսայինն ասում է՝ «Երկիրը երկիր չէ»: Եթե այս նկարագրությունների ձևերը փորձենք տեղայնացնել մեր հասարակության վրա, ապա կարծում եմ` շատ տարածված է հենց պարադոքսային նկարագրության ձևը։ Երբ ասում ես՝ երկիրը երկիր չէ, դրան հաջորդում են դեստրուկտիվ մղումները։ Եթե երկիրը երկիր չէ, ապա պետք է այն քանդել։ Սակայն, պարզ չէ, թե քանդելուց հետո ինչ է լինելու։ Մեզ մոտ հատկապես չկան տեսլականներ ու ծրագրեր հետոի մասին։ Ըստ էության, պարադոքսային ինսնանկարումը մեզանում արդեն շատ երկար տարիներ է շրջանառվում է։ Արդեն 1990–ականների առաջին կեսից ի վեր։ Պարադոքսային նկարագրությունը հեշտ է, որովհետև անհատի մոտ առաջ չի բերում անհատական դիրքը ունենալու ներքին անհրաժեշտություն: Բայց երբ ասում ես՝ երկիրը երկիր է, սկսում ես նայել երկրին, տեսնում ես քեզ դրա մեջ, նաև իրավունք ես տալիս դիրք ունենալու և այդ դիրքից տեսլականներ ունենալու։ Ինքնանկարագրման այս մոդելուն, քննադատական մոտեցումը ունի կոնստրուկտիվ բնույթ։ Այն ձևավորում է երկիրը և ինքդ քեզ փոխելու հարցադրումներ: Առաջանում է սեփական անձի հանդեպ հոգ տանելու, այն իմաստով որբ մարդու մոտ առաջանում է սեփական անձի կատարելագործման մտահոգություն։ Այս պարագայում, ինքդ քեզ մերժելը հաղթահարում է իր ներքին դեստրուկցիան և ձեռք է բերում կոնստրուկտիվ հատկանիշներ։ Կոնստրուկտիվ այն իմաստով, որ մերժելով նախկինը, հինը, դրա վրա կառուցվում է նորը։ Կատարելագործվելու շնորհիվ միշտ կարողանում ես նայել աշխարհին ու տեսնել այն նոր դիրքից, բացահայտելով հասարակության զարգացման նոր հետանկարներ։ Ահա թե ինչու եմ ես խնդիրը ձևակերպում որպես լուսավորչական խնդիր:

Գլոբալ, քաղաքական ու հանրային երևույթները և դրանց վերափոխումը սերտորեն առնչվում են անհատի ու նրա ներքին միջավայրի խնդիրներին և մեզ ցանկալի փոփոխությունները ունանալու համար գլխավոր թիրախները, այդ թվում և քաղաքացիական գործունեության թիրախները, իմ խորին համոզմամբ, գտնվում են այդտեղ։

[1] Չնայած որոշ տեսաբաններ խոսում են նոր կոնվերգենցիայի (սոցիալիզմի և կապիտալիզմի լավագույն հատկանիշների միաձուլման) հնարավորության մասին, սակայն իրականում այն նույնպես տեսությունից առաջ չգնաց։

Տեքստը գրվել է «Հասարակագիտական տեսություն և պրակտիկա հանուն քաղաքացիական զարգացման» ծրագրի շրջանակներում հեղինակի բանախոսության հիման վրա։ Դասախոսությունն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ։

 

Պիտակներ

Հանգանակություն

Գումարը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարներին` նպատակի դաշտում նշելով «նվիրատվություն»:

Ինեկոբանկ
2052822181271008 (AMD)
2052822181271022 (USD)
2052822181271042 (EUR)
SWIFT code INJSAM22