Ինչո՞ւ է մարդու իրավունքների օրակարգն այդքան գրավիչ աջական խմբերի համար

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 20-րդ դարի երկրորդ կեսը կարելի է համարել մարդու իրավունքների «ոսկե ժամանակաշրջան»։ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին հղում անելով՝ աշխարհի գրեթե բոլոր պետություններն իրենց ազգային սահմանադրությունների բովանդակության մեջ ավելացրին մարդու իրավունքների դրույթներ, նորմատիվ ակտեր։ 20-րդ դարի երկրորդ կեսին մարդու իրավունքների գաղափարը և հեռանկարները նորմատիվ մակարդակում բավական խոստումնալից էին։ Սակայն միամտություն կլինի կարծելը,  թե մարդու իրավունքների իրավական ամրագրումները թղթի վրա վերացրին բռնությունը, ցեղասպանությունները, մարդու իրավունքների ոտնահարումները[1]։ Մարդու իրավունքների հայեցակարգը՝ որպես հանրային համախմբման հիմք, վերջին տարիների ընթացքում կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առաջ։ Այս համատեքստում տարբեր մասնագետներ հարցադրում են, թե «կարո՞ղ են արդյոք մարդու իրավունքները գոյատևել[2]», «արդյոք ավարտվե՞լ է մարդու իրավունքների դարաշրջանը[3]», իսկ մյուս մասն էլ արդեն կանխորոշում է մարդու իրավունքների վախճանը։ Սրան նաև նպաստում են աշխարհում տեղի ունեցող աշխարհաքաղաքական փոփոխությունները, պատերազմները, ահաբեկչությունները, ինչպես նաև օր օրի մեծացող խզումը մարդու իրավունքների չափորոշիչների և սոցիալական իրականության միջև։

Ավանդաբար՝ մարդու իրավունքները մարգինալացված և խոցելի խմբերի՝ սեփական խոցելիության, գոյութենական պայքարի, իրենց իսկ խնդիրները բարձրաձայնելու, դրանք ձևակերպելու և առավել արժանապատիվ կյանք ունենալու պայքարի գործիք են եղել։ Սակայն վերջին տարիներին աշխարհում նկատելի է մի նոր միտում, երբ խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության, անարդարությունների, անհավասարության և այլ խնդիրների մասին խոսելու և դրանք բարձրաձայնելու գործիքները լայն կերպով սկսել են գործածել պահպանողական, հակաժողովրդավար խմբերը. երևույթ, որը կարող է հեռուն գնացող բացասական ազդեցություններ ունենալ մարդու իրավունքների ընկալումների և բովանդակության վրա։ Մարդու իրավունքների հայեցակարգը, ճիշտ է, ինչ-որ խմբի սեփականությունը չէ, սակայն պահպանողական, աջական, ազգայնական և որոշ ֆաշիստական խմբերի կողմից մարդու իրավունքների հայեցակարգի  օգտագործման  և  ակտիվ շրջանառության արդյունքում որոշ հարցեր են առաջ գալիս, օրինակ՝ որքանո՞վ է այս դերակատարների գործունեությունը համապատասխանում մարդու իրավունքների նորմերին և չափորոշիչներին, արդյոք այս խմբերի կողմից մարդու իրավունքների դիսկուրսի կիրառումը լեգիտիմ և արդարացվա՞ծ է, և արդյոք հակաժողովրդավարական, պահպանողական հարցերի շրջանակներում հղումը մարդու իրավունքներին իրականում ի նպա՞ստ, թե՞ ի վնաս է մարդու իրավունքների պաշտպանությանը[4]։ Այս համատեքստում մարդու իրավունքների արմատական խնդիրներից է ոչ թե նրա, այսպես ասած, «թուլությունը», այլ հենց մարդու իրավունքների «հաջողության չնախատեսված հետևանքները», ինչի արդյունքում ռեակցիոն, պահպանողական և հակաժողովրդավար խմբերը որդեգրել և լայնորեն կիրառում են մարդու իրավունքների դիսկուրսը[5]։ Այս համատեքստում կարևոր է արձանագրել, որ վերջին տարիներին կենտրոնից աջ, պահպանողական, ազգայնական խմբերը, նրանց շարքում նաև կնատյաց և հոմոֆոբ հռետորաբանություն տարածող հակագենդերային խմբերն աշխարհի բազմաթիվ երկրներում քաղաքական ընդարձակումներ են ունենում։ Այս ընդարձակումների բովում վերոնշյալ խմբերը թիրախավորվում են առաջադեմ քաղաքացիական հասարակությանը, առանձին ակտիվիստների և իրավապաշտպանների՝ ամենատարբեր առիթներով և զանազան համատեքստերում։

Այս երևույթները նոր չեն նաև Հայաստանի համար, որտեղ այս արշավներն ու նախաձեռնությունները ավելի մեծ թափ ու աշխուժություն են ձեռք բերել 2018 թ․ Թավշյա հեղափոխությունից հետո[6]։ Հեղափոխությունից հետո հակագենդերային արշավները Հայաստանում ագրեսիվ կերպով մանիպուլացնում են հանրային զգայունություն ունեցող հարցերը, թիրախավորում են դրանցով զբաղվող իրավապաշտպաններին և քաղհասարակության ներկայացուցիչներին՝ կառավարող ուժի դեմ մարտնչելու, հակակառավարական տրամադրություններ զարգացնելու և ներքաղաքական կյանքում սեփական դերակատարումը բարձրացնելու համար[7]։ Ինչպես աշխարհի բազմաթիվ երկրներում, Հայաստանում ևս վերջին տարիներին այս արշավների գործունեության մեջ նկատելի են փոխակերպումներ և պայքարի ռազմավարությունների փոփոխություններ։ Նրանք փորձում են ներկայանալ որպես իրական քաղաքացիական հասարակություն՝ կասկածի տակ դնելով մարդու իրավունքների ոլորտում տարիներ շարունակ գործունեություն իրականացրած կազմակերպությունների և իրավապաշտպանների գործորդությունն ու գործունեության իրական նպատակները։ «Հակա-շարժումները», կոնսերվատիվ, աջական արշավներն ու շարժումները համեմատաբար նոր միտումներ են դասական շարժումների՝ ֆեմինիստական շարժման, աշխատանքային իրավունքների, քաղաքական և քաղաքացիական իրավունքների համար պայքար մղող սոցիալական շարժումների համատեքստում։

Այս հոդվածի շրջանակներում կփորձենք հասկանալ, թե ինչու են «նորեկները» ներկայանում իբրև քաղհասարակության ներկայացուցիչներ և ինչ նպատակներ են հետապնդում, ինչու են օգտագործում հատկապես մարդու իրավունքները, իրավունքի լեզուն և շրջանակը՝ իրենց նպատակներին հասնելու համար, ինչպես և ինչու են ընտրում այս կամ այն խնդիրը և այդ խնդիրների շուրջ հանրության և որոշում կայացնողների վրա ազդելու այս կամ այն մեթոդը։ Այս հարցերը բացահայտելու համար օգտագործել ենք մարդու իրավունքների հարցի շուրջ պահպանողական և աջական արշավների՝ Ռոն Դուդայի վերլուծական դասակարգումը՝ ներխուժում, նմանակում, խոցելիության հավակնություն[8]։ Այս հոդվածի շրջանակներում առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում հատկապես կանանց իրավունքների հարցի շահարկումներին՝ բացահայտելով և վերլուծելով այս խմբերի քաղաքական դիրքավորումները, նպատակները, պայքարի մեթոդները և ձևերը։

Ներխուժում, կամ ինչպես են մարդու իրավունքները քողարկում քաղաքական նպատակները

Նախքան 2018 թ․ Թավշյա հեղափոխությունը շատ իրավապաշտպաններ, ակտիվիստներ և քաղհասարակության ներկայացուցիչներ իրավիճակը նկարագրում և ներկայացնում էին իբրև «նեղացող»։ Նման գնահատականների հիմքում ոչ միայն քաղհասարակության գործունեության միջավայրի վերլուծություններն էին, այլև 2017-2018 թթ. նախաձեռնված օրենսդրական փոփոխությո­ւնները, բացասական հետևանքներ ենթադրող նախաձեռնությունները[9], ինչպես նաև հասարակական կազմակերպությո­ւնների մասին օրենքի 2017 թ. փոփոխությունը, որի հետևանքով, օրինակ, գործնականո­ւմ սահմանափակվեց բնապահպանական ՀԿ-ների՝ հանրային շահի պաշտպանության հնարավորությունը Հայաստանի դատարաններո­ւմ[10]։ Քաղհասարակության տարածքի նեղացումը տեղի ուներ, ընդհանո­ւր առմամբ, ֆորմալ ժողովրդավարության և հարաբերական ազատ խոսքի պայմաններում։ Քաղհասարակության գործունեության նախահեղափոխական պայմանների համատեքստո­ւմ կարևոր է դիտարկել նաև Ռուսաստանի, տեղական և միջազգային բիզնես կազմակերպությունների, ինչպես նաև պետական տարբեր գերատեսչությունների և վերջիններիս ֆինանսական միջոցների ներդրումը այլընտրանքային, վերահսկելի կամ ժամանակի իշխանություններին հավատարիմ, պահպանողական օրակարգեր առաջնորդող քաղհասարակություն ձևավորելու առումով: Այս քաղաքականությո­ւնները իրականացվո­ւմ էին RONGO, BONGO, GONGO (ռուսական, բիզնեսի, կառավարության կազմակերպած ՀԿ) տիպի քաղհասարակություն ձևավորելու և ուժեղացնելու միջոցով, որոնք միտված էին հանրության լայն շերտերո­ւմ պահպանողական գաղափարախոսության և արժեքների, պատերնալիստական բարոյականության, հակաժողովրդավարության և վերահսկող ռուսական քաղաքականության վերարտադրությանը, ինչպես նաև որոշ խոշոր բիզնես շահերի հովանավորչությանը[11]:

Կառավարության և բիզնեսի կազմակերպած քաղհասարակության ֆենոմենը բավական երկար տարիներ հետազոտողների ուշադրության կենտրոնում է։ Այս հարցի շուրջ հասարակագետները իրականացրել են բազմաթիվ հետազոտություններ, և թեմայի շուրջ գրականությունը բազմազան է։ «Պետության մարիոնետները», «ուրվական կազմակերպությունները» շատ տարածված են աշխարհում։ Դրանք սովորաբար կազմակերպվում, հիմնադրվում և աջակցություն են ստանում ոչ ժողովրդավար ռեժիմների կողմից, որոնց նպատակն է միջազգային հանրությանը ցույց տալ ազատ և կենսունակ քաղհասարակության պատկեր՝ լռեցնելով «իրական քաղհասարակության» ձայնը։ Սա հատկապես տարածված պրակտիկա էր նախահեղափոխական Հայաստանում։ Այսպես, տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ բազմիցս բարձրաձայնել են, որ ժամանակի իշխանությունները տարբեր միջազգային կառույցների և կազմակերպությունների հետ իրենց հանդիպումներում առերևույթ խոսում էին իշխանության առաջ քաշած փոփոխությունների շուրջ քաղաքական բոլոր ուժերի և հասարակական կազմակերպությունների հետ քննարկումների անհրաժեշտության մասին[12], ստորագրում էին օրենքների մշակման գործընթացում քաղաքացիական հասարակության մասնակցությունն ապահովելու մասին հուշագրեր[13], սակայն գործնականում ոչ միայն չէին դիտարկում իրական քաղհասարակության վերհանած խնդիրները, այլ նաև վերհանված խնդիրներին լուծում տալու փոխարեն ներդնում էին քաղհասարակության դեմ պայքարի մեխանիզմներ և ստեղծում GONGO-ներ[14]: Այս կազմակերպություններն ակնհայտ ընտրախախտումներով իրականացված ընտրություններում տեսնում էին «դրական տեղաշարժեր[15][16]», իրենց բիզնես շահերը առաջ տանելու համար ամենաբարձր մակարդակով հանդիպում էին Կառավարության ներկայացուցիչների հետ, «ներկայացնում իրենց կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքները, հանդես գալիս առաջարկություններով[17]», «գոհունակություն հայտնում իրենց առաջարկները գնահատելու և գործողությունների ծրագրերում ընդգրկելու կապակցությամբ[18]», ստանում պարգևներ «երիտասարդներին ռազմահայրենասիրական ոգով դաստիարակության գործում ունեցած ավանդի համար[19]» և այլն: Այս կազմակերպությունները տարբեր մակարդակներում պետության, օրվա իշխանությունների հետ ստորագրում էին համագործակցության հուշագրեր, որոնք հետագայում պետությունը տարբեր ատյաններում ներկայացնում էր իբրև «իրական համագործակցություն քաղհասարակության հետ», կամ որ այս կամ այն ռեֆորմի իրականացման գործում ներգրավված է եղել քաղաքացիական հասարակությունը[20]։ Այստեղ հատկանշական է հիշելը, որ պետությունը՝ հանձին ՀՀ Նախագահի գրասենյակի, որոշ հասարակական կազմակերպությունների ֆինանասավորում էր ծխելու դեմ պայքարի, վերարտադրողական առողջության, գյուղական համայնքների զարգացման, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ուղղված ծրագրերի, մերօրյա հերոսների փառաբանման, բնապահպանության և այլ թեմաների շուրջ ծրագրեր իրականցնելու համար[21]։ Սակայն հետագայում լրագրողների իրականացրած հետաքննություններից իմանում ենք, որ ՀՀ նախագահի աշխատակազմից ամենամեծ դրամաշնորհներ ստացած ՀԿ-ները նույն անուն-ազգանունով մարդիկ են հիմնադրել և ղեկավարում[22], տարբեր ՀԿ-ների մի մասի գրանցման իրավաբանական հասցեն նույնն է, սակայն վերջիններս չեն գործում[23], հայտարարված և դրամաշնորհ ստացած ծրագրերի շրջանակներում ոչ մի գործունեություն և ծառայություն չեն մատուցում[24] և այլն։ Որոշ հասարակական կազմակերպություններ էլ, որոնք որևէ լուրջ ներդրում կամ գործունեություն չեն իրականացրել մարդու իրավունքների կամ ժողովրդավարության բնագավառներում, Եվրոպական միության պատվիրակության գրասենյակ են ներկայացրել իրականությանը չհամապատասխանող դրամաշնորհային ծրագրեր, որից հետո հափշտակել են հատկացված դրամաշնորհային ծրագրերի առանձնապես խոշոր չափերի գումարները[25]: Եվ երկար տարիներ շարունակվող պրակտիկա է եղել այն, որ իշխանությունները այս ՀԿ-ների՝ GONGO-ների հետ տարբեր ձևաչափերում փոխառնչությունները միջազգային ատյաններում, հանձնարարականների կատարման վերաբերյալ քննարկումներում ներկայացրել են իբրև քաղաքացիական հասարակության հետ համագործակցություն։

Քանի որ իշխանությունները նախընտրում էին իրենց ստեղծած և ֆինանասավորած ՀԿ-ների հետ փոխառնչությունը ներկայացնել որպես «իրական համագործակցություն քաղհասարակության հետ», հնարավոր գործընթացներից դուրս էին թողնում  պրոգրեսիվ քաղհասարակության ներկայացուցիչներին, մարտնչում էին նրանց դեմ՝ նեղացնելով վերջիններիս ազատ գործունեության տարածքը։ Նման պայմաններում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստները և խմբերը, իրավապաշտպան քաղհասարակությունը երկրում առկա խնդիրները բարձրաձայնում էին միջազգային պատկան մարմիններում և ջատագովում, որ այդ միջազգային կազմակերպությունները առաջարկություններ և հանձնարարականներ տային պետությանը մարդու իրավունքների բարելավմանն ուղղված միջազգային տարբեր մեխանիզմների ներդրման համար։ Հաջորդիվ քաղհասարակությունը միջազգային գործիքներով մշտադիտարկում էր տեղական մակարդակում դրանց իրականացումը։ Այս մարտավարությունը, սակայն, մշտապես քննադատել են աջական խմբերը և ժամանակի իշխանությունները՝ երկրի վրա «տղա բերելու» և «սպիտակեղենը դուրս տանելու» համար[26]։ Հետաքրքիր է նկատել, որ 2018 թ․ Թավշյա հեղափոխությունից հետո որոշ նախկին պաշտոնյաներ սկսեցին հիմնել հասարակական կազմակերպություններ[27][28]։ Քաղհասարակության այս մարտավարության քննադատ քաղաքական գործիչներն այժմ կրկնում են այդ գործելաոճը[29], օգտվում են իրավապաշտպան պայքարի մեխանիզմներից և գործիքներից[30]՝ իրենց նեղ քաղաքական շահերն առաջ մղելու համար, սակայն ներխուժելով և փաթեթավորելով դրանք մարդու իրավունքների, ազատությունների պաշտպանության քողի ներքո։ Հետաքրքիր է նաև նկատել, որ այս նորաստեղծ հասարակական կազմակերպություններն իրենց զեկույցներում ոչ միայն քննադատում են իշխանությունների քաղաքականությունները կամ դրանց բացակայությունը, այլ նաև անդրադառնում են պրոգրեսիվ քաղհասարակության զեկույցներին և փորձում հակակշռել դրանց՝ներկայանալով իբրև իրական քաղաքացիական հասարակություն[31]։

Ներխուժման այլ տարածված ձևերից է նաև, երբ կենտրոնից աջ դիրքավորվող, նախկին քաղաքական էլիտայի արբանյակների ձևավորած նոր կազմակերպությունները և նախաձեռնությունները մասնակցում են իրավապաշտպան կամ պրոգրեսիվ քաղհասարակության միջոցառումներին՝ ելույթների կամ ակցիաների միջոցով սեփական օրակարգերն առաջ մղելու համար։ Սովորաբար, նրանք տեսաձայնագրում են ամեն ինչ և հեռանում, որից հետո ակտիվորեն տարածում են տեսաձայնագրությունները սոցիալական մեդիայի իրենց էջերում։ Մի կողմից՝ նման ակցիաները նպատակ ունեն «փչացնելու» պրոգրեսիվ քաղհասարակության միջոցառումները, մյուս կողմից էլ՝ այս խմբերը նման գործելաոճով փորձում են հասնել նաև պրոգրեսիվ քաղհասարակության լսարանին և ավելի լայն հանրությանը, ուստի այս բոլոր ակցիաների պարտադիր ուղեկիցն է տեսանկարահանումը։

Կարևոր է հաշվի առնել, որ ներխուժման այս ձևերն առավել շարունակական և հիմնավոր հուն մտան 2013 թվականից, երբ հակագենդերային արշավները հայաստանյան քաղաքական օրակարգի մասը դարձան։ 2014 թ․ մի շարք նեոազգայնական և ծայրահեղական խմբեր «Ո՛չ հակաընտանեկան պրոպագանդային», «Հոմոֆաշիզմը չի՛ անցնի» և այլ պաստառներով փորձեցին ներխուժել և խանգարել «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի կազմակերպած «Գենդերային բաղադրիչի ներառումը «Հասարակագիտություն» առարկայի դասագրքերում» թեմայով կլոր-սեղան քննարկմանը[32]։ Այս նույն խմբի մարդիկ հետագայում ներխուժել և ձայնագրել էին քաղհասարակության կազմակերպությունների և միջազգային կառույցների կազմակերպած տարբեր քննարկումներ, որոնք հիմնականում առնչվում էին կանանց իրավունքներին, սեռական և վերարտադրողական առողջությանը և իրավունքին, սեռականության և գենդերի հարցերին, ինչպես նաև ԼԳԲՏ անձանց իրավունքներին։ Հեղափոխությունից հետո այս խմբերը ներխուժման պրակտիկան շարունակեցին հակագենդերային, հակասորոսական արշավների համատեքստում։ Այսպես, հեղափոխությունից հետո մենք ականատես ենք լինում, թե ինչպես են այս խմբերը պարբերաբար հայտնվում քաղհասարակության կազմակերպած միջոցառումներին (հատկապես՝ երբ այդ միջոցառումների կազմակերպման կամ իրականացման մեջ ներգրավված է լինում «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը»), ելույթներ ունենում՝ մեղադրելով քաղհասարակության կազմակերպություններին «օտարերկրյա գործակալական ցանցի անդամ լինելու»[33], «ոստիկանությանը հրահանգելու և սեփական խմբակի շահերն առաջ տանելու»[34] մեջ։ Նրանք փորձում էին նաև ներխուժել սոցիալական իրավունքների պաշտպանությանն ուղղված նախաձեռնություններ (օրինակ՝ եկամտահարկի համահարթ հարկման նախագծի դեմ պայքարող ակտիվիստական նախաձեռնությանը զուգահեռ՝ աջերը ևս սկսեցին պայքարել դրա դեմ )[35], ինչպես նաև բնապահպանական շարժման մեջ՝ աջակցելու Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի դեմ պայքարող ակտիվիստներին[36] (ինչը  նրանց թույլ չի տրվել)՝ այն պարագայում, երբ մեկ տարի առաջ նույն այդ խմբի ներկայացուցիչները այդ ակտիվիստներին ներկայացնում էին իբրև «սորոսականներ և Սորոսի ծռեր, ովքեր բնապահպան ձևանալով, փորձում են իրենց վրա վերցնել Ամուլսարի խնդրի բարձրաձայնումը՝ իրականում, Ամուլսարի խնդրի փոխարեն, իրենց մարդասպան ընկերների ազատության բանակցությունները սկսելու նպատակով[37]»:

Կանանց հարցերի և գենդերային հավասարության թեմաների շրջանակում հակագենդերային արշավների ներկայացուցիչները ներխուժում էին գենդերային հավասարության, կանանց իրավունքների թեմաներով կազմակերպված հանրային միջոցառումներ, ելույթներ ունենում և խաթարում դրանց բնականոն ընթացքը։

Ամենաակնառու ներխուժումներից է 2017թ․ «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծի հանրային քննարկման օրինակը։ ՀՀ արդարադատության նախարարությունը հրապարակել էր «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի նախագիծը և նախաձեռնել էր հանրային քննարկում օրենքի շուրջ, հրավիրել էր ոլորտում աշխատող քաղհասարակությանը, ընդհանուր մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներին և այլ հետաքրքրված քաղաքացիների՝ բարձրացնելու օրենքի շուրջ իրենց հարցերը, հնչեցնելու մտահոգություններ, առաջարկություններ անելու և քննարկելու համար։ Հանրային քննարկման ընթացքում արդարադատութան նախարարը, Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացնում են օրենքի նախագիծը, հիմնավորում օրենքի ընդունման անհրաժեշտությունը, և պաշտոնական ելույթներից հետո նախատեսված «հարց և պատասխանի» բաժնում հակագենդերային արշավների ներկայացուցիչների նախաձեռնությամբ սկսվում է իրարանցում և քաշքշուկ։ Նրանք քննարկման մոդերատորներից պահանջում են իրենց տալ ելույթի իրավունք, քանի որ «իրենք դեմ կողմն են ներկայացնում», «չունեն հարցեր, այլ ունեն ելույթներ»[38]։ Այսպես, միջոցառման ընթացքը խափանելով, «բեմ ներխուժելով», խոսափողը քաշելով և խոսք պահանջելով՝ այս խմբերի չորս ներկայացուցչի ելույթ ունենալու ժամանակ հատկացվեց։ Ելույթներից մեկի ավարտից հետո հակագենդերային խմբերի ներկայացուցիչները չհանգստացան, փորձեցին շարունակել իրենց ելույթները, ինչի արդյունքում էլ միջոցառումը վերջնականապես դուրս եկավ իր հունից, միջոցառման մասնակիցները ի վերջո լքեցին դահլիճը, քննարկումը չշարունակվեց, խոսնակները ելույթի հնարավորություն չունեցան։ Իսկ քաղհասարակության ներկայացուցիչները, ովքեր ջատագովել էին ընտանեկան բռնության դեմ օրենքի ընդունումն ու կարևորությունը, տարիներ շարունակ աշխատել են ընտանեկան բռնության ենթարկված անձանց և նրանց ընտանիքների հետ, վերջիններիս խնդիրների մասին ունեն խորը գիտելիքներ, հնարավորություն չունեցան բարձրաձայնել իրենց հարցերը,  ներկայացնել մտահոգությունները, անել առաջարկություններ, որովհետև, մեղմ ասած, ներկայացված օրենքի տեքստը բավական խնդրահարույց էր և չէր հասցեագրում ընտանեկան բռնության ոլորտում առկա հիմնարար խնդիրները[39]։

Ներխուժման նմանատիպ պրակտիկան բավականին տարածված է և շարունակվում է նաև հեղափոխությունից հետո, և այդ ներխուժումների թիրախում հաճախ հենց կանանց իրավունքներով և գենդերային հարցերով զբաղվող քաղհասարակության կազմակերպություններն են, նրանց կազմակերպած միջոցառումները, որոնց ընթացքում բռնության հռետորաբանությունը նաև որոշ դրվագներում վերաճել է ֆիզիկական բռնության։ Նմանատիպ օրինակներից է «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի կազմակերպած «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը, որի ընթացքում հակագենդերային արշավներ նախաձեռնողները ներխուժեցին միջոցառման տարածք, խաթարեցին միջոցառման ընթացքը, ձվեր նետեցին միջոցառման կազմակերպիչների ուղղությամբ՝ վիրավորելով, հեգնելով նրանց, ինչի արդյունքում առաջացած սկանդալի հետևանքով չեղարկվեցին հետագա շնորհանդեսները և գրքի քննարկումները՝ նեղացնելով սեռականության և գենդերի նման զգայուն թեմաների շուրջ աշխատող քաղհասարակության տարածքը[40]։

Նմանակում և կրկնօրինակում

Հայաստանում աջական և ծայրահեղ աջ խմբերը պարբերաբար տարբեր իրավիճակներում ընտրողաբար շահարկում են մարդու իրավունքների հայեցակարգը հիմնականում իրենց նեղ քաղաքական և տնտեսական շահերը սպասարկելու համար։ Ավելին, այս խմբերը մարդու իրավունքներին հաճախ հղում են անում այն դեպքերում և հանգամանքներում, երբ փորձում են ստիպել պետությանը խթանել իրավական համակարգը՝ իրենց օգտին որոշումներ կայացնելու, իրենց համար ինչ-որ բարենպաստ իրավիճակ ստեղծելու համար։ Տարբեր սոցիալական շարժումների, հակագենդերային կամ հակաիրավական արշավների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կենտրոնից աջ դիրքավորված խմբերը, հակագենդերային արշավների ներկայացուցիչները կրկնօրինակում, նմանակում և մոդելավորում են մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող այլ խմբերի, պրոգրեսիվ քաղհասարակության ներկայացուցիչների գործունեությունը, մեթոդներն ու գործիքները՝ համարելով դրանք արդյունավետ։

Սոցիալական շարժումների ոլորտում նմանակման և կրկնօրինակման պրակտիկաները տրամաբանական, ինչպես նաև հիմնականում ազնիվ են այն պարագայում, երբ նմանատիպ գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները և նախաձեռնությունները կրկնօրինակում են այլ կազմակերպությունների իրավական մարտավարությունները, հռետորաբանությունը և ռազմավարությունները, երբ դրանք համարում են հաջողված, ինչպես նաև երբ նոր ստեղծված կազմակերպությունները  կիրառում են երկար տարիների փորձառություն և հաջողություններ ունեցած կազմակերպությունների մեթոդաբանությունը։ Սակայն աջ կամ ծայրահեղ աջ խմբավորումների՝ մարդու իրավունքների պրակտիկաների ու հռետորաբանության կրկնօրինակումը ոչ թե «հիացած համախոհի», այլ «ատելի հակառակորդի» նմանակում է, որում համադրվում են «հիացմունքն» ու «զզվանքը», «նմանակում են ուրանալով»[41]։ Այստեղ կարևոր է նաև արձանագրել, որ սա այն դեպքերից է, երբ իշխանություն և ռեսուրսներ ունեցող խմբերը նմանակում են պրոգրեսիվ խմբերին, որոնք ավելի սակավ ռեսուրսներ ունեն։ Սա «ագրեսիվ նմանակում է». ռեսուրսներ և իշխանություն ունեցող աջ ու ծայրահեղ աջ խմբերը յուրացնում են ավելի քիչ ռեսուրսներ ունեցող, գաղափարական պրոգրեսիվ խմբերի դիսկուրսները, մեթոդաբանությունը և մարտավարությունները և դրանց միջոցով պայքարում են ընդդեմ այն նպատակների, որոնց հասնելու համար պայքարում է պրոգրեսիվ քաղհասարակությունը[42]։ 
Կարևոր է հստակեցնել, որ նմանակման և կրկնօրինակման այս գործընթացը բնավ կապված չէ մարդու իրավունքների նորմերի տարածման հետ, քանի որ դրա դոմինանտ գործառույթը խափանումն ու քայքայումն է, ինչպես նաև՝ կենտրոնից ձախ իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների գործունեությանը և հռետորաբանությանը հակադիր պատկեր ստեղծելը։

Հայաստանում նմանակման և կրկնօրինակման պրակտիկաները բավական տարածված են, դրանք բազմազան են և կրկնօրինակում են իրավապաշտպան պայքարների մեթոդաբանությունը և հռետորաբանությունը, գործիքները և լեզուն։ Բազմազան են նաև թեմաները՝ ներքին քաղաքականությունից մինչև արտաքին քաղաքականություն, մարդու իրավունքների ամենատարբեր հիմնահարցեր, որոնց շարքում են նաև զգայուն հարցերը, խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությունը, որոնք բազմիցս են շահարկվել քաղաքական կամ քվազիքաղաքական օրակարգերի, որոշ աջական ուժերի նեղ խմբային շահերի սպասարկման համար։

Վերջին տարիների նմանակման և կրկնօրինակման ամենաակնառու պրակտիկաներից են  2022 թ. խորհրդարանական ընդդիմության կազմակերպած ցույցերը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով[43]։ Ընդդիմության ներկայացուցիչներն ու իրենց համախոհները «Դիմադրության շարժումը» սկսեցին այն բանից հետո, երբ Ազգային ժողովում Կառավարության ծրագրի 2021 թ․ կատարողականի զեկույցի քննարկման ելույթի ընթացքում Ն. Փաշինյանն ասաց. «Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է. մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ»[44]։ «Դիմադրության շարժման» ընտրած մեթոդաբանությունը և գործիքակազմը շատերը նմանեցնում էին 2018թ. Թավշյա հեղափոխության մեթոդաբանությանը և գործիքակազմին[45]՝ ցույցերի անցկացումը Ֆրանսիայի հրապարակում, փողոցներ փակելը, քայլարշավներ իրականացնելը՝ քայլելով տարբեր քաղաքներից մայրաքաղաք, կամ մայրաքաղաքի տարբեր հատվածներում երթեր իրականացնելը, ապակենտրոն պայքարի կոչերը, մետրոյի աշխատանքն արգելափակելու փորձերը, լայվեր անելը և այլն[46]։ «Դիմադրության շարժման» նման մեթոդաբանության և գործիքակազմի ընտրությունը մեկնաբանվում էր իբրև «կրկնօրինակում՝ իշխանության զավթման նպատակով[47]», քանի որ եթե դրանք հաջողություն էին բերել 2018-ին, կարող էին հաջողություն բերել նաև հիմա։ Միաժամանակ, հետաքրքրական է, թե ինչպես են հեղափոխությունն ու հեղափոխությանը մասնակցած մարդկանց հեգնող, նրանց հանդեպ արգահատելի վերաբերմունք ցուցաբերող քաղաքական ուժերը կիրառում հեղափոխական պայքարի մեթոդներն  ու գործիքները՝ մտածելով, որ այդ գործիքների կիրառումն է իշխանության եկածներին իշխանությունից զրկելու և իշխանությանը տիրանալու բանալին։

Խոցելի խմբերի իրավունքների, զգայուն թեմաների՝ հատկապես սեռականության և գենդերային հարցերի շահարկումները և այս ոլորոտում աշխատող պրոգրեսիվ քաղհասարակության պայքարի նմանակումն ու կրկնօրինակումն աջական շրջանակների կողմից լայնորեն տարածված երևույթ է, ընդ որում՝ այս նմանակումը թե՛ մեթոդաբանական, թե՛ հռետորաբանական մակարդակումներում է։

Սեռականության և գենդերային հարցերի տիրույթում կրկնօրինակման ամենաակնառու պրակտիկաներից է տարբեր օրենսդրական նախագծերի, կոնվենցիաների քննարկումների ժամանակ այդ օրենքների ընդունման, կամ կոնվենցիաների ստորագրման և վավերացման գործընթացներում դիրքորոշման թերթիկների կամ հայտարարությունների ներկայացումը, որոնց շրջանակում աջական խմբերը հակափաստարկները ձևակերպում են իրավական լեզվով՝ իրականում խեղաթյուրելով օրենսդրությունը և այն ըստ պատեհության մեկնաբանելով։ Այսպես, խոցելի խմբերի շահերի պաշտպանության ոլորտում պրոգրեսիվ քաղհասարակության ներկայացուցիչները որոշում կայացնողների ուշադրությունը այդ խնդիրների վրա սևեռելու, բացահայտված խնդիրների լուծման համար անհրաժեշտ առաջարկություններ անելու համար օգտագործում են համատեղ հայտարարություններ անելու, ստորագրահավաքներ կազմակերպելու գործիքները, որոնք սկսել են լայնորեն կիրառել նաև այս խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության, գենդերային հավասարության և գենդերային իրավունքների պաշտպանության դեմ պայքարող պահպանողական և աջական խմբերը։

ՀՀ փաստաբանների պալատի ղեկավար Արա Զոհրաբյանը 2018 թ․ նախաձեռնել էր ստորագրահավաք change.org կայքում՝ ընդդեմ Եվրոպայի խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիայի վավերացման՝ առավել հայտնի որպես Ստամբուլյան կոնվենցիա։ Change.org հարթակը 196 երկրներում համախմբել է առավել քան 440 մլն մարդու, որոնք իրենց համայնքների կամ երկրի իրադրության բարելավմանն ուղղված ստորագրահավաքներ են նախաձեռնել՝ միտված մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությանը[48]։ Change.org հարթակում Արա Զոհրաբյանի նախաձեռնած՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ իրականացվող ստորագրահավաքը, սակայն, օրեր անց ջնջել են կայքի իրավաբանները, որոնց հիմնավորմամբ՝ ստորագրահավաքի անհրաժեշտության հիմնավորման բաժնում ներկայացված տեղեկատվության մեջ հայտնաբերվել է ատելության խոսք[49]: Change.org հարթակի` ստորագրահավաքի կասեցումից հետո Արա Զոհրաբյանը ստեղծեց նոր կայք՝ միայն Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ մարդկանց մոբիլիզացնելու համար։ Արա Զոհրաբյանը մեկ անգամ չէ, որ հանդես է եկել նմանատիպ առաջարկներով. նա և իր գաղափարակից ընկերները պայքարել են ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունման դեմ, Սեռական շահագործումից և սեռական բռնությունից երեխաներին պաշտպանելու մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի՝ Լանզարոտեի կոնվենցիայի վավերացման դեմ, նույնասեռականության դեմ և այլն։ Կարևոր է նշել, որ 2021 թ․ ապրիլին հիմնադրված «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի պատասխանատուն ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն է[50], իսկ կուսակցության կայքի «Մեր մասին» բաժնում գրված է, որ «․․․ Հիմնադիրները տարիներ ի վեր ակտիվ պայքար են մղել արատավոր երևույթների ու բարքերի դեմ՝ պաշտպանելով ազգային արժեքները: Մասնավորապես՝ մերժողական վերաբերմունք են ցույց տվել «Ընտանեկան բռնության մասին» օրինագծի (2017թ.), Ստամբուլյան կոնվենցիայի (2019-2020թթ.), Լանզարոտեի կոնվենցիայի (2020թ.) և այլ օրինագծերի ընդունման գործընթացների ու նախաձեռնությունների նկատմամբ[51]»։ Կուսակցությունը հիմնադրվել է 2021 թ. և մասնակցել հունիսին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին, և կուսակցությունն իրեն դիրքավորում էր իբրև «արժեհամակարգի պաշտպան[52]»։ Ակնբախ է, որ նման զգայուն թեմաների շուրջ հակաիրավապաշտպան գործունեությունը և դրա ձևակերպումն իբրև «ազգային արժեհամակարգի պաշտպանություն» ոչ այլ ինչ է, քան աջական պոպուլիզմ, որ միտված է շահարկելու գենդերի և սեռականության հարցերը նեղ քաղաքական օրակարգերն առաջ տանելու, քաղաքական կրեդիտներ և դիվիդենտներ շահելու համար։

Համաշխարհային ֆեմինիստական շարժման մեջ հայրիշխանական համակարգի դեմ պայքարի, ինչպես նաև կանանց հիմնախնդիրների բարձրաձայնման և դրանց լուծման տեսանկյունից ամենաարդյունավետ մեթոդներից են մշտապես եղել  զանգվածային ոչ բռնի միջոցառումները, մասնավորապես՝ երթերը, ցույցերը,  պիկետները և պայքարի համանման եղանակները։ Ամբողջ աշխարհում ֆեմինիստական, հակակապիտալիստական շարժումները զանգվածային պայքար են մղում կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի, անհավասարության, բռնության և աղքատության դեմ, տնտեսական արդարության, աբորտի, սեռական և վերարտադրողական առողջության և իրավունքների, քաղաքացիական և քաղաքական իրավունքների պաշտպանության համար, ինչպես նաև կանանց շրջանում կրկնակի խոցելի՝ ազգային փոքրամասնությունների, սեռական և գենդերային փոքրամասնություններ համարվող խմբերի, տարբեր ռասաների անձանց իրավունքների պաշտպանության շուրջ մարդկանց մոբիլիզացնելու, համակարգային խնդիրների պատճառների և հետևանքների հաղթահարման և շատ այլ հարցերի համար՝ համախմբելով այս խնդիրների շուրջ բազմաթիվ արմատաբուխ խմբերի, ակտիվիստների, մտահոգ մարդկանց ջանքերը[53]։ Հայաստանում ևս, կանանց իրավունքների համար պայքարի համատեքստում բազմիցս կազմակերպվել են երթեր, ցույցեր, պիկետներ՝ կանանց իրավունքների հարցերը հանրայնացնելու, որոշում կայացնողների ուշադրությունը այդ հարցերի շուրջ սևեռելու, ինչպես նաև լուծումներ գտնելու համար։ Մասնավորապես, կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող տարբեր կազմակերպություններ, նախաձեռնություններ, ֆեմինիստ ակտիվիստներ, կոալիցիաներ վերը թվարկած հարցերի առնչությամբ հանրային միջոցառումներ են կազմակերպել և իրականացրել մարտի 8-ին՝ Կանանց միջազգային օրը, հոկտեմբերի 1-ին՝ Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրը[54], նոյեմբերի 25-ին՝ Կանանց դեմ ուղղված բռնության վերացման միջազգային օրվա և Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակի[55] շրջանակներում, և այլն։

Պահպանողական ուժերը, աջական և ծայրահեղ աջական խմբերն օգտագործում են ցույցերի, երթերի, պիկետների և հանրային միջոցառումների մեթոդները՝ ծառայեցնելով դրանք կանանց, կանանց հարցերով զբաղվող կազմակերպությունների, ակտիվիստների թիրախավորմանը և վարկաբեկմանը։

Կրկնօրինակման կամ նմանակման օրինակ է 2021 թ. ապրիլի 7-ին աջական խմբերի կանանց կազմակերպած ակցիան։ Բողոքի ակցիան այս խմբի կանայք սկսել էին Շառլ Ազնավուրի հրապարակում, ապա շարժվել դեպի Կառավարության շենք` պահանջելով կառավարության հրաժարականը: «Ինչպես գիտեք, այսօր նախաձեռնել էինք կանանց, աղջիկների և հայ մայրերի մասնակցությամբ ակցիա՝ ընդդեմ այս կապիտուլյանտ իշխանությունների։ Ակցիայի բուն նպատակը, կոնկրետ այսօրվա մասով՝ թուրքական ֆեսը թուրքահպատակ իշխանական խմբակի գլխին տեղադրելն էր[56]»։
Կանանցից մի քանիսը փորձել են մուտք գործել Կառավարության շենք, ինչը ոստիկանները կանխել են՝ որոշ դրվագներում կիրառելով նաև անհամաչափ ուժ։ Այսպես, չնայած այն հանգամանքին, որ Մայրության և գեղեցկության օրվա շրջանակում կազմակերպված ապրիլի 7-ի ակցիային մեծամասամբ մասնակցում էին կանայք, այն նպատակ չուներ բարձրաձայնելու հայրիշխանական համակարգին բնորոշ` կանանց նկատմամբ համակարգային խտրականության և բռնության հարցերը, այն ուներ այլ՝ ներքաղաքական և կուսակցական նպատակներ, բարձրաձայնում էր մի խումբ կանանց քաղաքական նախապատվությունները։ Թեև ակցիայի մասնակից կանայք ասոցացվում են այնպիսի խմբերի հետ, որոնք տարիներ շարունակ պայքարել են գենդերային հավասարության դեմ, ընտանեկան բռնության դեմ պայքարող կանանց, նախաձեռնությունների և նրանց արժեքների դեմ, կանանց իրավունքների հարցը տարիներ շարունակ համարել են Արևմուտքից պարտադրված օրակարգ, հայկական մշակույթի, ավանդական ընտանիքի և արժեհամակարգի կործանում, դիմում էին հենց այս կազմակերպություններին, որպեսզի վերջիններս դատապարտեն իրենց նկատմամբ կիրառված բռնությունը, որին իրենք իսկ չէին հավատում տարիներ առաջ։ «Կան ՀԿ-ներ, որոնք նախկինում կանանց իրավունքների հետ կապված աղմուկ էին բարձրացնում, հայտարարություններ տարածում։ Ինչո՞ւ են այսօր լռում, երբ կանանց բռնի, բիրտ ձևով բերման են ենթարկում իրենց հանրային պահանջը բարձրաձայնելու համար[57]»։

Հետաքրքիր է նկատել, որ ինչպես ներխուժման դեպքում, նմանակման և կրկնօրինակման պրակտիկաներում ևս աջական խմբերի թիրախում ոչ միայն իշխանություններն են ու նրանց գործունեությունը, այլ նաև քաղաքացիական հասարակությունը, որի աշխատանքը վարկաբեկելով էլ այս նախաձեռնությունները հայտ են ներկայացնում զբաղեցնելու պրոգրեսիվ քաղհասարակության տեղը, բայց ոչ դերը, քանի որ իրենց նպատակը ոչ թե հանրային բարօրությունն է և բարեկեցությունը, բոլոր մարդկանց իրավունքների պաշտպանությունը, այլ սեփական փոքր խմբի նեղ քաղաքական շահերի առաջմղումը։

Այս խմբերն ասում են․ «Արձանագրենք՝ Հայաստանում քաղաքացիական հասարակությունն այդպես էլ չի կայացել, դրա հիմնական պատճառներից մեկն արևմտյան ֆինանսավորումն է [58]»։ «…Մենք արդեն շուրջ երեք տարի բարձրաձայնում ենք, որ մենք չունենք իրական քաղհասարակություն, մենք չունենք իրավապաշտպան համայնք, այն, ինչ ունենք, ովքեր իրենց հռչակել են որպես իրավապաշտպաններ, կանանց և առհասարակ մարդու իրավունքներով զբաղվող մարդիկ, իրենք ինքնահռչակ, տխրահռչակ պատվեր կատարողներ են։ … Բացառապես խոսում են այն պայմաններում, երբ հարցը վերաբերում է իրենց նեղ շահերին[59]»։ Պրոգրեսիվ քաղհասարակությունը, կին իրավապաշտպանները, որոնք, մի կողմից՝ ճանաչում և դատապարտում են բռնությունը, ոստիկանության կիրառած ոչ համաչափ ուժը, սակայն մյուս կողմից՝ կարևորում են այն հանգամանքը, որ քաղհասարակությունը չպետք է տուրք տա նմանատիպ հայտարարություններին ու մանիպուլյացիաներին, ինքը պետք է լինի սեփական օրակարգի որոշողը և իրականացնողը․«Չպետք է թողնել, որ այս մարդիկ, ովքեր գրավում են քաղաքացիական հասարակության տարածքները, մեզ ներքաշեն իրենց խաղերի մեջ։ Մի աննպատակ ակցիա են անում, հետո սկսում են բղավել․ «Ո՞ւր են իրավապաշտպանները, մեզ բռնեցին, տարան, ծեծեցին»։ Ինձ թվում է, որ դա միշտ լինելու է, և արդեն իսկ կազմակերպված գործունեություն է, որովհետև արդեն իսկ ակցիայի ժամանակ ման են գալիս իրավապաշտպաններին այն պարագայում, երբ մեկ շաբաթ առաջ քննարկում էին, որ նրանք չկան, գոյություն չունեն։ Այդ խաղը շատ հայտնի խաղ է… Իհարկե, բռնությունը դատապարտելի է, ոստիկանության անհամաչափ ուժը դատապարտելի է, բայց մյուս կողմից էլ մենք տեսնում ենք, թե ովքեր են ինչի դեմ պայքարում, և մենք այդ մանիպուլյացիաների մասը չպետք է կազմենք։ Իրենք մի այնպիսի մոտեցում են որդեգրել, թե ինչ պետք է անի քաղհասարակությունը, երբ, ինչ դեպքերում և ինչեր պետք է հայտարարի, և փորձ են անում մեզ մոտ էլ ստեղծեն մի այնպիսի իրադրություն, որ եթե այդ ամեն ինչը չենք անում, ուրեմն լավ իրավապաշտպաններ չենք, բավականաչափ ֆեմինիստ չենք, և այլն։ Այսինքն, կարծես թե իրենք են որոշում, թե մենք ինչպես պետք է իրավապաշտպան լինենք[60]»։

Չնայած իրենց վերամբարձ հայտարարություններին և իրական քաղհասարակություն ներկայանալու ջանքերին՝ այս խմբերը ներգրավված չեն եղել մարդու իրավունքների ոտնահարումների դեմ պայքարում մինչև Թավշյա հեղափոխությունը։ Այս խախտումները հիմնավոր կերպով փաստաթղթավորված են թե՛ տեղական կազմակերպությունների, թե՛ միջազգային կազմակերպությունների և թե՛ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում։ Միաժամանակ, այս խմբերը ներգրավված չեն մարդու իրավունքների պաշտպանության գործում նաև հեղափոխությունից հետո։ Նրանք պարզապես օգտագործում են իրավապաշտպան լեզուն և գործիքակազմը իշխանության համար մղվող իրենց պայքարում և հավակնում են «փոխարինելու» այն խմբերին, որոնց դեմ պայքարում են։

Հետպատերազմական համատեքստում որոշ ազգայնական խմբեր, ինքնաներկայանալով իբրև «ազգայնական ձախ ֆեմինիստներ կամ ազգայնական ձախեր», պարբերաբար հանդես են գալիս հայտարարություններով, որոնցով փորձում են «իրական ֆեմինիզմը փրկել իրավապաշտպաններից»։ Նրանք ձգտում են հեղինակազրկել կին իրավապաշտպաններին, մեղադրում են իրենց օրակարգին չարձագանքելու կամ ընտրողաբար արձագանքելու համար՝ նսեմացնելով այն կարևոր դերը, որ ունեն կին իրավապաշտպանները և կանանց կազմակերպությունները հանրության մեջ[61]։

Ֆեմինիստ հետազոտողների շրջանում արդեն երկար տարիներ բանավեճ կա այն հարցի շուրջ, թե արդյոք ֆեմինիզմը, ազգայնականությունը և միլիտարիզմը կարող են փոխհատվել։ Այսպես, միլիտարիզացիայի և պատերազմի տրամաբանությունը իր բնույթով գենդերացված է, և ազգայնականությունն ու միլիտարիզմը հենված են գենդերային հիերարխիաների (վեր)արտադրության վրա։ Մի կողմից, ֆեմինիստ հետազոտողները վերջին տարիներին իրենց հետազոտություններով ցույց են տալիս, որ ռազմականացված ազգայնական նախագծերը կարող են մոբիլիզացնել կանանց քաղաքական մասնակցությունը, լինեն ներառական կանանց համար։ Մյուս կողմից՝ այս հետազոտությունները շեշտադրում են, որ հենց այս շարժումներում արդեն իսկ սահմանափակված է լայն իմաստով գենդերային հավասարության, կանանց ներառականության, գենդերային հարաբերությունների և նորմերի փոփոխման քննարկման և քննադատության տարածքը։ Ավելին՝ ազգայնական և միլիտարիստական շարժումները նման նպատակներ անգամ չեն սահմանում։ Միաժամանակ, չի բացառվում, որ ֆեմինիստական շարժումները կարող են ներգրավված լինել ազգայնական և միլիտարիստական նախագծերում, համագոյակցել զինված խմբերի հետ։ Սա բնավ չի նշանակում, որ միլիտարիզմը և ազգայնականությունը շահեկան և նպաստավոր են կանանց, ֆեմինիստական քաղաքականությունների համար։ Ընդհակառակը, քանի որ միլիտարիզմի և ազգայնականության թե՛ գաղափարախոսությունը, թե՛ պրակտիկան հիմնվում են գենդերային աստիճանակարգերի վրա, կանայք ստորադասված են և այդ օրակարգերի սպասարկողն են[62]։

Մարդու իրավունքների դիսկուրսի և իրավապաշտպան կազմակերպությունների գործունեության կրկնօրինակումն ու տեխնիկաների նմանակումը պահպանողական խմբերի կողմից փորձ է ընդլայնելու իրենց գործունեությունը, գործողությունների ռեպերտուարը, ինչպես նաև դիսկուրսները։ Կարևոր է նկատել, որ պահպանողական օրակարգերը և քաղաքականությունները վերջին տարիներին արագորեն զարգանում են, սակայն դրանք առաջ տանող ուժերը և շարժումները բավարարված չեն իրենց գրանցած արդյունքներով, ուստի կիրառում են նաև ձախական խմբերի պայքարի սկզբունքները և մեթոդաբանությունը՝ իրենց նպատակների իրականացմանը հասնելու համար։

Մարդու իրավունքների օգտագործում՝ հավակնելու խոցելի կարգավիճակի

Աջական խմբերի՝ մարդու իրավունքների դիսկուրսի շահագործումն ակներև է դարձնում նրանց ռազմատենչ քաղաքական դիրքորոշումները։ Այս խմբերն առավել շատ են առճակատման գնում պետական ինստիտուտների հետ, ավելի հակված են խախտելու օրենքները, թշնամաբար են տրամադրված պետության հանդեպ, իրենց դիրքավորում են իբրև «հակա-իսթաբլիշմենթ», «ընդդիմադիր»։ Այս ամենին զուգահեռ՝ այս խմբերն օգտագործում են «մարդու իրավունքների ոտնահարումների» լեզուն՝ մեկնաբանելու պետության և իրավապահ համակարգի գործողություններն ընդդեմ ծայրահեղ աջական ակտիվիստների։ Չնայած այն հանգամանքին, որ աջական ակտիվիստները պնդում են, թե  պետությունն իրենց նկատմամբ միշտ է անարդար եղել, սակայն մարդու իրավունքների ոտնահարումների լեզվով գնահատականներ տալը նորություն է և փոփոխված հռետորաբանություն։

Մարդու իրավունքների հռետորաբանությունը վստահելի միջոց է պնդելու, որ մարդը, քաղաքացին պետության զոհն են։ Սոցիալական շարժումները հաճախ ստեղծում են զոհի կերպար ՝ որպես իրենց ինքնության կառուցման մի մաս՝ նպատակ ունենալով գրավել հանրության ուշադրությունը, մոբիլիզացնել և ներգրավել ավելի շատ մարդ իրենց շարժման մեջ։ Պահպանողական, ծայրահեղ աջական խմբերը ևս օգտագործում են զոհականացման մեթոդը՝ իրենց հանրային լեգիտիմություն հաղորդելու համար։ Օրինակ, երբ բարձրաձայնում են, որ «Սևերի կյանքը կարևոր է» (“Black lives matter”), աջական խմբերն ասում են․ «Բոլորի կյանքն է կարևոր» (“All lives matter”)։ Սա նաև շատ տարածված պրակտիկա է Հայաստանում։ Երբ կանանց կազմակերպություններն ու նախաձեռնությունները բարձրաձայնում են կանանց իրավունքների ոտնահարումների մասին, աջական խմբերը առաջ են բերում «բոլորի իրավունքների» նարատիվը, երբ խոսում են սեռական և գենդերային փոքրամասնությունների իրավունքների մասին, ձևակերպում են «մեծամասնության իրավունքների» պաշտպանության գաղափարը։

Մարդու իրավունքների պաշտպանության, մարդու իրավունքների ոտնահարման զոհը լինելու և սեփական խոցելիության միջև կապը շատ ուժեղ է։ Այն մարդիկ,  որոնց իրավունքները ոտնահարվել են, ովքեր ենթարկվել են խտրականության և բռնության իրենց ինքնության, հայացքների, դիրքորոշումների և այլ հատկանիշների հիմքով, սովորաբար հիմնում են կազմակերպություններ, արմատաբուխ նախաձեռնություններ կամ շարժումներ՝ պայքարելու իրենց ոտնահարված իրավունքների պաշտպանության, խտրականության բացառման համար։ Մյուս կողմից, սակայն, «խոցելիության քաղաքականացումը» ենթադրում է քաղաքական հայտ ներկայացնելու գործընթաց, որի շրջանակում ենթադրյալ խոցելիությունն օգտագործվում է բարոյական հեղինակություն ձեռք բերելու և հետագայում այդ շարժումներին և արշավներին լեգիտիմություն հաղորդելու համար[63]։

Զոհականացման պրակտիկաների կիրառումը ներխուժման և նմանակման նման տարածված է  հայաստանյան քաղաքական համատեքստում։ Այսպես, հատկապես հեղափոխությունից հետո, նախկին ռեժիմի ներկայացուցիչների և նրանց հետ փոխկապված որոշ քաղաքական գործիչների նկատմամբ հարուցվեցին քրեական գործեր, վերջիններս ներգրավվեցին տարբեր իրավական գործերում իբրև վկաներ, կամ ստացան այլ կարգավիճակ։ Այս համատեքստում նրանք արդեն իսկ հարուցված քրեական գործերը ներկայացնում են իբրև քաղաքական հետապնդում, իսկ իրենց ներկայացնում իբրև «ռեժիմի զոհ»։ Օրինակ, 2020 թ. հունիսին ՀՀ գլխավոր դատախազը պատգամավոր, օլիգարխ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու հարցով պատգամավորների թույլտվությունը ստանալու համար միջնորդություն էր ներկայացրել Ազգային ժողով։ Ծառուկյանը մեղադրվում էր 2017 թ․ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալը կազմակերպելու մեջ, սակայն  չէր ընդունում մեղադրանքը և համարում էր, որ ինքը քաղաքական հետապնդման է ենթարկվում Կառավարության հրաժարականը պահանջելու համար[64]։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մյուս պատգամավորները իրենց կուսակցության և իրենց հետ ասոցացվող բիզնես կազմակերպությունների աշխատակիցների համատեղ ջանքերով բողոքի ակցիաներ էին կազմակերպել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց՝ պահանջելով ազատ արձակել Գագիկ Ծառուկյանին։

«Տեսաք, թե ինչպես, Ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ, ըստ էության, գործադրվեց բռնություն։ Սա իրավական, քաղաքական բեսպրեդել է։ Եթե իրենք կարծում են, որ մեզ վախեցնելով, մեզ ձերբակալելով կարող են լռեցնել, ուրեմն իրենք խորապես սխալվում են։ Մենք բոլորս Գագիկ Ծառուկյան ենք և մնալու ենք այստեղ։ Մենք թույլ չենք տալու, որ ժողովրդավարական կարգախոսներով իշխանության եկած մարդիկ ոստիկանական, կագեբեական ուժերով ոտնահարեն ժողովրդավարությունը։ ԱԱԾ երկու հաղորդագրությունները իրավական ֆուտուրիզմ է… ես ամեն սցենարի պատրաստ եմ, կարող է ինձ էլ ձերբակալեն, բայց սա այս իշխանության վերջի սկիզբն է[65]»։

Ըստ էության՝ մեծ պաշտպանվածություն, անձեռնմխելիություն և շատ այլ երաշխիքներ ունեցող ՀՀ ԱԺ պատգամավորների հանցագործ, օլիգարխ և հակաժողովրդավար հատվածը իր նեղ քաղաքական, կուսակցական շահերի պաշտպանության համար ինքնահռչակվում է իբրև զոհ և կիրառում մարդու իրավունքների և ժողովրդավարության լեզուն։ Ավելին, փողոցային ակտիվիզմով զբաղվող կին պատգամավորները իրենց նկատմամբ ոստիկանների գործողությունները մեկնաբանում են իբրև կնոջ նկատմամբ բռնություն և կանանց իրավունքների ոտնահարում, ներկայանում են որպես «իրական» զոհեր, այնինչ իրենց քաղաքական, տնտեսական, մեդիա և այլ գործունեությունների հետևանքով է, որ ոտնահարվում են աշխատող մարդկանց[66], ԼԳԲՏ անձանց[67], այլ կրոնական հայացքներ ունեցող անձանց[68], կանանց իրավունքները[69] և այլն։

Այսպիսով, այս հոդվածում անդրադարձել ենք աջ և ծայրահեղ աջ խմբերի՝ «նորեկների» կողմից մարդու իրավունքների հայեցակարգի և լեզվի, մեթոդների շահագործմանն այն պարագայում, երբ իրենց գործունեությունը մեծամասամբ հակասում է մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներին, որոնք են մարդու իրավունքների համընդհանրությունը, անքակտելիությունը, անբաժանելիությունը, փոխկախվածությունը և փոխկապվածությունը, հավասարությունը և անխտրականությունը, ներառականությունը և օրենքի գերակայությունը։

Ներխուժման, կրկնօրինակման և նմանակման, ինչպես նաև խոցելիության հավակնության մեթոդների կիրառմամբ՝ «նորեկները» մուտք են գործում տարբեր համակարգեր և ցանցեր՝ «ներսից» փոփոխություններ անելու համար, ագրեսիվ կերպով փորձում են ճնշումներ բանեցնել իրավապահ և օրինաստեղծ համակարգերի վրա, որպեսզի վերջիններս մարդու իրավունքների տեսանկյունից խոցելի խմբերի իրավունքները սահմանափակող օրենքներ և պրակտիկաներ ընդգրկեն՝ միաժամանակ ներկայանալով իբրև խոցելի խումբ։

Այս փուլում կդժվարանանք ասել, թե ինչպե՞ս է հանրությունն  ընկալում և ընդունում այս վտանգավոր երևույթը։ Մարդու իրավունքների ակտիվիստները, մի կողմից՝ մշտապես քննադատել են մարդու իրավունքների «ժարգոնի» խրթինությունը հանրային լայն շերտերին հասնելու տեսանկյունից, մյուս կողմից՝ «նորեկների» այս խմբերը, որոնց նկատմամբ կա կամ եղել է հասարակական հակակրանք, այսօր օգտագործում են այդ նույն լեզուն։ Հետևաբար, շատ դժվար է գնահատելը, թե հետագայում մարդու իրավունքների լեզվի և ժարգոնի շահագործումը ինչպիսի սոցիալական և քաղաքական ազդեցություններ կունենա՝ հատկապես այն պարագայում, երբ այս արշավներն ու նախաձեռնությունները դինամիկ կերպով զարգանում են ինչպես աշխարհում, այնպես էլ՝ Հայաստանում։

Թեև որոշ հասարակագետներ պնդում են, որ աջական և ծայրահեղ աջական խմբերի՝ մարդու իրավունքների տիրույթում հայտնվելը և իրավապաշտպան դիրքից հանդես գալը, մի կողմից՝ մարդու իրավունքների համընդհանրության ճանաչմանն ուղղված քայլ է, այնպես էլ նվազեցնում է, օրինակ, զինված ապստամբությունները և քաղաքացիական պատերազմները, սակայն այս հարցերն ուսումնասիրող հետազոտողներների մյուս մասն արդեն իսկ նկատել է, թե ինչպես են տարաբնույթ աջական խմբեր որոշ հարցերի շուրջ կոալիցիաներ կազմում մարդու իրավունքների ճամբարի՝ կենտրոնից ձախ դիրքավորված ակտիվիստների հետ` կազմելով «համագործակցային թշնամական կոալիցիաներ[70]»։ Արդեն իսկ տարածված օրինակներ են, երբ իրար հակադիր սոցիալական շարժումները միավորվում և կազմում են կոալիցիաներ որոշ հարցերի շուրջ։ Նմանատիպ փոխհամագործակցությունների օրինակներ են հաշմանդամության և հակաաբորտային ակտիվիստների համագործակցությունը հակաաբորտային նախագծերի շուրջ, ավետարանականների և շրջակա միջավայրի առաջադեմ ակտիվիստների համագործակցությունը մահապատժի վերացման դեմ, ազգայնական արդյունաբերողների և ձախերի համատեղ պայքարը գլոբալիզացիայի դեմ, և այլն։ Որոշ խմբերի պարագայում այս կոալիցիոն համագործակցություններն ավարտվում են, երբ դրանք հաջողում են իրենց առջև դրված նպատակի տեսանկյունից, ինչպես օրինակ՝ պոռնոգրաֆիայի դեմ պայքարող ֆեմինիստների և պահպանողականների համագործակցությունը պոռնոգրաֆիայի վերացման շուրջ[71]։

Հեղինակ՝ Նվարդ Մարգարյան


[1] Mutua, M. W. (2015, October 3). Is the age of human rights over?  Routledge Companion to Literature and Human Rights, ed. Sophia A. McClennen and Alexandra Schultheis Moore (London and New York: Routledge, 2016), pp. 450-458, Retrieved from http://dx.doi.org/10.2139/ssrn.2668287.

[2] Bob, C. (2015). The Endtimes of Human Rights, Stephen Hopgood (Ithaca, N.Y.: Cornell University Press, 2013), 255 pp., Ethics & International Affairs, 29(1), 114–116. Retrieved from https://doi.org/10.1017/s0892679414000811

[3] Mutua, M. W. (2015, October 3). Is the age of human rights over?  Routledge Companion to Literature and Human Rights, ed. Sophia A. McClennen and Alexandra Schultheis Moore (London and New York: Routledge, 2016), pp. 450-458, Retrieved from SSRN: https://ssrn.com/abstract=2668287 or http://dx.doi.org/10.2139/ssrn.2668287.

[4] Dudai.R. (2017) Entryism, mimicry and victimhood work: the adoption of human rights discourse by right-wing groups in Israel, The international Journal of Human Rights, 21:7, 866-888, https://doi.org/10.1080/13642987.2017.1313235.

[5] Նույն տեղում։

[6] Խա­լա­թյան․ Մ., Մա­նու­սյան․ Ա., Մար­գա­րյան. Ն. (2020), Հա­կա­գեն­դե­րային արշավ­նե­րի գոր­ծու­նե­ու­թյու­նը, հռե­տո­րա­բա­նու­թյու­նը և նպա­տակ­նե­րը հետ­հե­ղա­փոխա­կան Հայաս­տա­նում (Ա. Ժա­մա­կո­չյան, խմբ.). Սո­ցի­ոս­կո­պ։

[7] Նույն տեղում։

[8] Dudai.R. (2017) Entryism, mimicry and victimhood work: the adoption of human rights discourse by right-wing groups in Israel, The international Journal of Human Rights, 21:7, 866-888, https://doi.org/10.1080/13642987.2017.1313235

[9] 2018 թ. փետրվարին Արդարադատության նախարարությունը ներկայացրել էր նախագիծ, ըստ որի՝ դատարանի կողմից փաստաբանի և դատախազի նկատմամբ տուգանքի կիրառման  իրավակարգավորում էր նախատեսել, համաձայն որի՝ փաստաբանների ու դատախազների նկատմամբ կարող է կիրառվել նաև սանկցիա մինչև 100000 դրամի չափով: hetq.am. (2018, փետրվար). Փաստաբանները բողոքի ակցիա կիրականացնեն. վերցվել է՝ https://hetq.am/hy/article/85533։

2018 թ. փետրվարի 1-ին  գործող կառավարությունը հաստատել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում էր, որ Կառավարության նիստերը հիմնականում դռնփակ կլինեն, իսկ որոշ հատվածներ կարող են բաց լինել լրագրողների համար՝ միայն վարչապետի որոշմամբ: azatutyun.am. (2018, փետրվար). Օրենքի նոր նախագծով առաջարկվում է Կառավարության նիստերը դարձնել դռնփակ. վերցվել է՝ https://www.azatutyun.am/a/29011602.html:

[10] arlis.am. (2017, փետրվար). ՀՀ օրենքը հասարակական կազմակերպությունների մասին. վերցվել է՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=110802 ։

[11] Անդրեասյան․ Ժ., Ժա­մա­կո­չյան․ Ա., Իշ­խա­նյան․ Ա., Մա­նուս­յան․ Ա., Մա­նու­սյան. Ս.  (2018). Նեղացող տարածքից դեպի հետհեղափոխական տարածք. վերապատկերացնելով հայաստանյան քաղաքացիական հասարակության դերն ու հարաբերությունները. Երևան. «Սոցիոսկոպ» ՀԿ։

[12]gov.am. (2014, ապրիլ). ՀՀ վարչապետը և ԱՄՆ դեսպանը վերահաստատել են համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը. վերցվել է՝ https://www.gov.am/am/news/item/11242/։

[13] parliament.am. (2009, ապրիլ). Հովիկ Աբրահամյան. «ԵԱՀԿ Երևանի գրասենյակը և գործադիր կառույցները պետք է շարունակեն ուշադիր հետևել և արձագանքել Հայաստանի իշխանությունների և քաղաքացիական հասարակության կարիքներին». վերցվել է՝ http://parliament.am/chairman.php?page=meetings&NewsID=3285&year=2009&month=00։

[14] transparency.am. (2013, փետրվար). Հասարակությանը հուզող հարցերը` նախագահի թեկնածուների ծրագրերում. վերցվել է՝ https://transparency.am/hy/media/news/article/850։

[15] hetq.am. (2017, ապրիլ). Ովքեր էին դիտարկում ընտրությունները. Սամվել Ալեքսանյանի աներձագը` դիտո՞րդ. վերցվել է՝ https://hetq.am/hy/article/77640։

[16] 1in.am. (2012, մայիս). «Ընտրությունը քոնն է» ՀԿ-ն գոհ է մայիսի 6-ին կայացած ընտրությունների որակից. վերցվել է՝ https://www.1in.am/80377.html։

[17] celog.am. (2016, սեպտեմբեր). Կառավարության ղեկավարն ընդունել է մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին. վերցվել է՝  https://celog.am/hy/2/News/NewsDetail?newsId=260։

[18] moj.am. (2013, մարտ). Հանրային քննարկման երկրորդ փուլ՝ «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիր» նախագծի շուրջ. վերցվել է՝ https://www.moj.am/article/679։

[19] Վարչապետի որոշումներ. (2017, փետրվար). ՀՀ վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրով խրախուսելու մասին. վերցվել է՝ https://www.e-gov.am/decrees/item/16817/։

[20] UN Human Rights Council. (2014, October). National report submitted in accordance with paragraph 5 of the annex to Human Rights Council resolution 16/21*Armenia. Retrived from https://www.upr-info.org/sites/default/files/documents/2014-12/a_hrc_wg.6_21_arm_1_e.pdf

[21] 1in.am. (2014, հոկտեմբեր). «Եթե ՀԿների թիվը կտրուկ աճել է, գործընթացները բաց և թափանցիկ են». Վարդան Արամյանը՝ դրամաշնորհների մասին. վերցվել է՝ https://www.1in.am/1467733.html։

[22] Նույն տեղում։  

[23] azatutyun.am. (2013, ապրիլ). Նախագահականից դրամաշնորհներ ստացած կազմակերպությունները չեն հայտնաբերվում. վերցվել է՝ https://www.azatutyun.am/a/24972052.html։

[24] Civilnet. (2013, դեկտեմբեր). Քո գրպանից` չծխելու փորձերին. վերցվել է՝  https://www.youtube.com/watch?v=LDUAZOwvuyM։

[25] hetq.am. (2018, հունիս). Եվրամիության դրամաշնորհային ծրագրերից հափշտակության գործով նիստը մեկնարկեց. վերցվել է՝ https://hetq.am/hy/article/90562։

[26] armlur.am. (2018, սեպտեմբեր). ՀՀԿ-ականները Հայաստանի վրա տղա են բերում. ինչ է սպասվում. վերցվել է՝   https://armlur.am/838838/։

[27] iravaban.net. (2019, փետրվար). Ինչ գործունեությամբ են զբաղվելու Արփինե Հովհաննիսյանի և Ռուբեն Մելիքյանի նորաստեղծ ՀԿ-ները. վերցվել է՝  https://iravaban.net/214949.html։

[28] armenpress.am. (2021, հուլիս). Նաիրա Զոհրաբյանը հիմնադրել է իրավապաշտպան ՀԿ. վերցվել է՝  https://armenpress.am/arm/news/1058982.html։

[29] aravot.am. (2019, սեպտեմբեր). Արփինե Հովհաննիսյան. «Դանիել Իոաննիսյանն իր 2,5 րոպեանոց ելույթի մեկ րոպեն նվիրեց ինձ՝ մեղադրելով Հայաստանի դատաիրավական համակարգի բոլոր հնարավոր արատների համար». վերցվել է՝ https://www.aravot.am/2019/09/23/1067788/։

[30] Sahakyan, S. (2019, December). Human Rights in Armenia. Retrieved from  https://www.upr-info.org/sites/default/files/documents/2019-12/2._path_of_law_ngo_ppt.pdf.

[31] VETO. (2021, ապրիլ). «ՎԵՏՕ» շարժման անդամ Աննա Հակոբյանն ԱրմՆյուզի տաղավարում ամփոփում է Ապրիլի 7-ին տեղի ունեցած ակցիան. վերցվել է՝ https://www.youtube.com/watch?v=4mCe4_44TD8&t=502s։  

[32] Նիկողոսյան Ա. (2015). Փոփոխության լծակներ՝ Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստների միահամուռ գործողություններ. Արդյոք հակագենդերային շարժումները վերելք են ապրում. Անտարես.  (Հայնրիխ Բյոլ հիմնադրամ. ժողովրդավարության նվիրված հրապարակումների շարք). էջ. 34-43։

[33] aravot.am. (2019, հունիս). «Իմ քայլի» պատգամավորի արձագանքը, երբ «ՎԵՏՕ»-ի անդամը «պետականաքանդ» որակեց «Սորոսի գրասենյակը». վերցվել է՝ https://www.aravot.am/2019/06/26/1052422/։  

[34] livenews.am. (2019, հոկտեմբեր). Մարինա Խաչատրյանը ձվեր դրեց փոխոստիկանապետի սեղանին (տեսանյութ). վերցվել է՝  https://livenews.am/press/2019/23500/22/19/12/։

[35] Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն / Armenian Revolutionary Federation. (2019, հունիս). Ընդդեմ համահարթեցման շարժումը մասնագիտական բանավեճեր է կազմակերպում տարբեր քաղաքներում. վերցվել է՝  https://bit.ly/3POaG2d։

[36] shabat.am. (2020, օգոստոս). Մալյան, հեռացի՛ր, քանի աշոտյան չենք արել. Ամուլսարի ակտիվիստները՝ Նարեկ Մալյանին (տեսանյութ). վերցվել է՝ https://shabat.am/am/article/232074/Malyan–heraci%D5%9Br–qani-ashotyan-chenq։

[37] news.am. (2019, սեպտեմբեր). Սորոսի ծռերը, բնապահպան ձևանալով, փորձում էին իրենց վրա վերցնել Ամուլսարի խնդրի բարձրաձայնումը. Նարեկ Մալյան. վերցվել է՝ https://news.am/arm/news/532006.html։

[38] 1in TV. (2017, հոկտեմբեր). Բռնություն՝ Ընտանեկան բռնության մասին օրենքի քննարկման ժամանակ. կիզակետում նախարարն է. վերցվել է՝ https://www.youtube.com/watch?v=vX5VQhUds6w&t=251s։

[39] azatutyun.am. (2017, հոկտեմբեր). Ընտանեկան բռնությանը վերաբերող օրինագծի հանրային քննարկումն անցավ թեժ մթնոլորտում. վերցվել է՝ https://www.azatutyun.am/a/28782881.html։

[40] Խա­լա­թյան, Մ., Մա­նու­սյան, Ա., Մար­գա­րյան, Ն. (2020), Հա­կա­գեն­դե­րային արշավ­նե­րի գոր­ծու­նե­ու­թյու­նը, հռե­տո­րա­բա­նու­թյու­նը և նպա­տակ­նե­րը հետ­հե­ղա­փոխա­կան Հայաս­տա­նում (Ա. Ժա­մա­կո­չյան, խմբ.). Սո­ցի­ոս­կո­պ։

[41] Dudai.R. (2017) Entryism, mimicry and victimhood work: the adoption of human rights discourse by right-wing groups in Israel, The international Journal of Human Rights, 21:7, 866-888, DOI: 10.1080/13642987.2017.1313235.

[42] Peeples, J. (2005) Aggressive Mimicry: The Rhetoric of Wise Use and the Environmental Movement, The Environmental Communication Yearbook 2 (2005)1.

[43] azatutyun.am. (2022, հունիս). Ընդդիմությունն այսօր կհայտարարի՝ ինչպես է շարունակելու պայքարը. վերցվել է՝  https://www.azatutyun.am/a/31897652.html։

[44] Բողոքի ալիքը ընդդիմության ներկայացուցիչները գեներացրել էին Ն. Փաշինյանի ելույթի այս հատվածից ելնելով. «Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է. մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ»։

primeminister.am. (2022, ապրիլ). Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Ազգային ժողովում Կառավարության ծրագրի 2021 թվականի կատարողականի զեկույցի քննարկմանը. վերցվել է՝  https://www.primeminister.am/hy/statements-and-messages/item/2022/04/13/Nikol-Pashinyan-Speech/։

[45] armtimes.com. (2022, ապրիլ). Թավշյա հեղափոխության և «թավշյա» ռևանշի արանքում. վերցվել է՝ https://www.armtimes.com/hy/article/236149։

[46] armeniasputnik.am. (2022). Դիմադրության շարժում. վերցվել է՝   https://armeniasputnik.am/common_dimadrutjun-sharzhum/։

[47] 365 Daily. (2022, մայիս). Չստացված հեղափոխականները` ընդիմությունը կրկնօրինակում է Փաշինյանի արած Հեղափոխությունը. վերցվել է՝ https://www.youtube.com/watch?v=XdtIWS2_oJU։

[48] change.org. (2020, June). Community Guildelines. Retrieved from https://www.change.org/policies/community

[49] Infocom.am. (2019, հուլիս). Ստամբուլյան կրքեր Երևանում Բռնությունը որպես ընտանեկան արժեք |forrights.am|. վերցվել է՝ https://bit.ly/3OwMAYM։

[50] armenpress.am. (2021, ապրիլ). Հայաստանի քաղաքական դաշտը համալրվեց նոր կուսակցությամբ. վերցվել է՝ https://armenpress.am/arm/news/1050820.html։

[51] Զարթոնք ազգային քրիստոնեական կուսակցություն. Մեր մասին. վերցվել է՝  https://www.zartonq.am/#about։

[52] Նույն տեղում։

[53] World March of Women. Goals of The World March of Women. Retrieved from:

https://marchemondiale.org/index.php/who-we-are/goals-of-the-world-march-of-women/.

[54] Հոկտեմբերի 1-ը որպես Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր է հռչակվել Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից։

[55] Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակը ներառում է հետևյալ հիշարժան օրերը՝ նոյեմբերի 25 – Կանանց դեմ ուղղված բռնության վերացման միջազգային օր, դեկտեմբերի 1 – ՁԻԱՀ-ի համաշխարհային օր, դեկտեմբերի 2 – Ստրկության վերացման միջազգային օր, դեկտեմբերի 3 – Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր, դեկտեմբերի 6 – Մոնրեալի սպանդի տարելիցի օր,  դեկտեմբերի 10 – Մարդու իրավունքների միջազգային օր։

[56] VETO. (2021, ապրիլ). «ՎԵՏՕ» շարժման անդամ Աննա Հակոբյանն ԱրմՆյուզի տաղավարում ամփոփում է Ապրիլի 7-ին տեղի ունեցած ակցիան. վերցվել է՝ https://www.youtube.com/watch?v=4mCe4_44TD8&t=502s։ 

[57] panorama.am. (2021, նոյեմբեր). Ո՞ւր են այն ՀԿները, որոնք երկար տարիներ բղավում էին, իսկ արդեն 3 տարի լուռ են. Աստղիկ Մաթևոսյան. վերցվել է՝  https://bit.ly/3BaCMQW։

[58] Նույն տեղում։

[59] VETO. (2021, ապրիլ). «ՎԵՏՕ» շարժման անդամ Աննա Հակոբյանն ԱրմՆյուզի տաղավարում ամփոփում է Ապրիլի 7-ին տեղի ունեցած ակցիան. վերցվել է՝ https://www.youtube.com/watch?v=4mCe4_44TD8&t=502s։ 

[60] «Սոցիոսկոպ» ՀԿ. (2021). Դավադրության տեսությունները և հակագենդերային արշավները կորոնավիրուսի համատեքստում. Օնլայն քննարկում. Սոցիոսկոպ ՀԿ արխիվ։

[61] hetq.am. (2022, մայիս). Ի պատասխան խաղաղության օրակարգին. Ճառագայթի հայտարարությունը. վերցվել է՝  https://hetq.am/hy/article/144538։

[62]Olivius, E., & Hedström, J. (2019). Militarized nationalism as a platform for feminist mobilization? the case of the exiled Burmese women’s movement. Women’s Studies International Forum, 76, 102263. https://www.sciencedirect.com/science/article/pii/S0277539519300020?via%3Dihub

[63] Dudai.R. (2017) Entryism, mimicry and victimhood work: the adoption of human rights discourse by right-wing groups in Israel, The international Journal of Human Rights, 21:7, 866-888, DOI: 10.1080/13642987.2017.1313235.

[64] azatutyun.am. (2020, հոկտեմբեր). Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ «Երևան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկից. վերցվել է՝  https://www.azatutyun.am/a/30907437.html։

[65] 1in TV. (2020, հունիս). Մենք մնալու ենք այստեղ, որովհետև մենք բոլորս Գագիկ Ծառուկյան ենք. Նաիրա Զոհրաբյան. վերցվել է՝ https://www.youtube.com/watch?v=DvllSnTzjKk։

[66] infocom.am. (2019, ապրիլ). «Արարատցեմենտ»-ի աշխատակիցները գործադուլ են անում. փակել են գործարանի ճանապարհը և ուզում են հանդիպել Ծառուկյանին |news.am|. վերցվել է՝ https://bit.ly/3cvTxeZ։

[67] pinkarmenia.org. (2018, մարտ). Պատգամավորն առաջարկում է մեկուսացնել ԼԳԲՏ մարդկանց. վերցվել է՝  https://www.pinkarmenia.org/news/mp-hatespeech/։

[68] pinkarmenia.org. (2018, դեկտեմբեր). ԼԳԲՏԻ անձանց հայհոյելը ձայն չի բերում. վերցվել է՝   https://www.pinkarmenia.org/news/na-campaign/։

[69] azatutyun.am. (2020, սեպտեմբեր). Ըստ բժշկի, հղիության արհեստական ընդհատման արգելքի դեպքում ապօրինի գործունեությունը ավելի մեծ թափ կհավաքի. վերցվել է՝ https://www.azatutyun.am/a/30831988.html։

[70] Whittier, N. Rethinking Coalitions. (2014). Social Problems, 61(2), 175–193. Retrieved from https://academic.oup.com/socpro/article-abstract/61/2/175/1672018

[71] Նույն տեղում։  

Ֆինանսավորումը՝

Պիտակներ

Հանգանակություն

Գումարը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարներին` նպատակի դաշտում նշելով «նվիրատվություն»:

Ինեկոբանկ
2052822181271008 (AMD)
2052822181271022 (USD)
2052822181271042 (EUR)
SWIFT code INJSAM22