Սիլվիա Ֆեդերիչի, 1974[1]
Հեղինակի մասին. 1972թ.-ին Սիլվիա Ֆեդերիչին համահիմնադրել է Միջազգային ֆեմինիստական կոլեկտիվը, որը մեկնարկեց «Աշխատավարձեր տան աշխատանքի դիմաց» համաշխարհային արշավը: Կոլեկտիվի այլ անդամների՝ Մարիարոսա Դալլա Քոստայի և Սելմա Ջեյմսի, ինչպես նաև ֆեմինիստ հեղինակներ Մարիա Միսի և Վանդանա Շիվայի հետ միասին, Ֆեդերիչին առանցքային դեր է ունեցել «վերարտադրության» հայեցակարգի մշակման գործում՝ իբրև վճռորոշ՝ տեղական ու համաշխարհային համատեքստերում շահագործման և տիրապետության դասակարգային հարաբերություններում, և կենտրոնական՝ ինքնավարության ու ընդհանուր սեփականության ձևերի պարագայում:[2]
Հոդվածը անգլերենից թարգմանեց արմի նելլիկը՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի թարգմանական ծրագրի շրջանակում: Դրա բովանդակության ու ձևակերպումների պատասխանատվությունը պատկանում է թարգմանչին։
Նրանք ասում են՝ դա սեր է: Մենք ասում ենք՝ դա չվարձատրվող աշխատանք է:
Նրանք դա կոչում են սեռական սառնություն: Մենք դա կոչում ենք բացակայականություն:
Յուրաքանչյուր վիժում աշխատանքային վթար է:
Նույնասեռականությունը և տարասեռականությունը երկուսն էլ աշխատանքային պայմաններ են: .. բայց նույնասեռականությունը աշխատողների վերահսկողությունն է արտադրության վրա, ոչ՝ աշխատանքի ավարտը:
Ավելի շատ ժպիտնե՞ր: Ավելի շատ փող: Ոչինչ չի լինի այդքան հզոր՝ ժպիտի բուժիչ հատկությունները ոչնչացնելու մեջ:
Նևրոզներ, ինքնասպանություններ, ապասեռականացում. մասնագիտական հիվանդությունները տնտեսուհու:
Հաճախ դժվարություններն ու անորոշությունները, որ կանայք արտահայտում են տան աշխատանքի դիմաց աշխատավարձերը քննարկելիս, բխում են այն փաստից, որ նրանք տան աշխատանքի դիմաց աշխատավարձերը նվազեցնում են մի բանի՝ որոշակի փողի՝ դրանք որպես քաղաքական հեռանկար դիտարկելու փոխարեն: Այս երկու տեսակետների տարբերությունը հսկայական է: Տան աշխատանքի դիմաց աշխատավարձերը հեռանկարի փոխարեն որպես մի բան դիտարկելը նշանակում է մեր պայքարի վերջնարդյունքը բուն պայքարից առանձնացնել ու բաց թողնել դրանց կարևորությունը՝ այն դերերը ապաառեղծվածացնելու և տապալելու մեջ, որոնցում կանանց սահմանափակում է կապիտալիստական հասարակությունը:
Երբ նայում ենք տան աշխատանքի դիմաց աշխատավարձերին այս նվազեցնող ձևով, սկսում ենք հարցնել ինքներս մեզ՝ ի՞նչ փոփոխություն կարող է հարուցել մի քիչ փողի ավելացումը մեր կյանքում: Մենք գուցե անգամ համաձայնենք, որ շատ կանանց համար, որոնք այլ ընտրություն չունեն, քան տան աշխատանքը և ամուսնությունը, այն իսկապես մեծ փոփոխություն կբերեր: Բայց մեզնից նրանց համար, ովքեր կարծես թե այլ ընտրություններ ունեն — մասնագիտական աշխատանք, լուսավորված ամուսին, կյանքի համայնական ձև, գեյ հարաբերություններ կամ սրանց համադրություն — այն մեծ տարբերություն ընդհանրապես չէր առաջացնի: Մեզ համար, ենթադրվում է, կան տնտեսական անկախության հասնելու այլ եղանակներ, և վերջին բանը, որ ուզում ենք, դրան հասնելն է՝ որպես տնտնտեսուհիներ նույնականանալով. ճակատագիր, որը բոլորս համաձայնում ենք, որ, այսպես ասած, ավելի վատ է, քան մահը: Այս դիրքորոշման խնդիրն այն է, որ մեր երևակայության մեջ սովորաբար մի քիչ գումար ենք ավելացնում այն քաքոտ կյանքին, որն այժմ ունենք և ապա հարցնում ենք՝ հետո ի՞նչ՝ ելնելով կեղծ նախադրյալից, թե երբևէ կարող ենք ստանալ այդ գումարը՝ առանց միևնույն ժամանակ հեղափոխելու – դրա համար պայքարելու գործընթացում – մեր բոլոր ընտանեկան և հասարակական հարաբերությունները: Բայց եթե դիտարկենք տան աշխատանքի դիմաց աշխատավարձերն իբրև քաղաքական հեռանկար, ապա կարող ենք տեսնել, որ դրանց համար պայքարելը բերելու է հեղափոխություն մեր կյանքում և մեր հասարակական իշխանության մեջ՝ որպես կանայք: Պարզ է նաև, որ եթե կարծում ենք, որ մեզ «անհրաժեշտ չէ» այդ գումարը, դա այն պատճառով է, որ մենք ընդունել ենք մտքա- և մարմնավաճառության հատուկ ձևեր, որոնց միջոցով գումար ենք ստանում այդ կարիքը թաքցնելու համար: Ինչպես կփորձեմ ցույց տալ՝ տան աշխատանքի դիմաց աշխատավարձերը ոչ միայն հեղափոխական հեռանկար է, այլև միակ հեղափոխական հեռանկարն է ֆեմինիստական տեսակետից և վերջին հաշվով՝ ամբողջ աշխատավոր դասակարգի համար:
Սիրո աշխատանք
Կարևոր է ընդունել, որ երբ խոսում ենք տան աշխատանքից, մենք չենք խոսում աշխատանքից՝ ինչպես այլ գործերից, այլ խոսում ենք ամենախեղաթյուրված ձեռնածություններից, բռնության ամենախորամանկ և առեղծվածացված ձևերից, որոնք դրամատիրությունը[3] գործել է աշխատավոր դասակարգի որևէ հատվածի դեմ: Ճիշտ է՝ դրամատիրության ներքո յուրաքանչյուր աշխատող ձեռնածված և շահագործված է, ու նրա հարաբերությունը դրամատիրությանն ամբողջությամբ առեղծվածացված է: Աշխատավարձն ազնիվ գործարքի տպավորություն է ստեղծում. աշխատում ես ու վճարվում ես, հետևաբար դու և քո բոսը հավասար եք, մինչդեռ, իրականում, ոչ թե կատարածդ աշխատանքի համար վճարելը, այլ աշխատավարձն է թաքցնում ամբողջ չվճարվող աշխատանքը, որ մտնում է շահույթի մեջ: Բայց աշխատավարձը գոնե ընդունում է, որ դու աշխատող ես և կարող ես պայման դնել և պայքարել այդ աշխատավարձի պայմանների ու չափի, աշխատանքի պայմանների ու ծավալի շուրջ և դեմ: Աշխատավարձ ունենալը նշանակում է լինել հասարակական պայմանագրի մաս, և չկա կասկած դրա նշանակության վերաբերյալ. աշխատում ես ոչ թե որովհետև դա քեզ դուր է գալիս, կամ քանի որ այն քեզ մոտ բնական է ստացվում, այլ որովհետև այն միակ վիճակն է, որում քեզ թույլատրվում է ապրել: Բայց լինելով շահագործված ինչպես որ ես, դու այդ աշխատանքը չես: Այսօր փոստատար ես, վաղը՝ տաքսու վարորդ: Միայն այն նշանակությունն ունի, թե որքան աշխատանք ես ստիպված անել և դրանից որքան փող ես կարող ստանալ:
Սակայն տան աշխատանքի դեպքում իրավիճակը որակականորեն տարբեր է: Տարբերությունը այն փաստի մեջ է, որ տան աշխատանքը ոչ միայն պարտադրվել է կանանց, այլև այն փոխակերպվել է մեր՝ իգական մարմնակազմության բնական հատկության և անհատականության, ներքին կարիքի, ձգտումի՝ ենթադրաբար բխելով մեր՝ իգական կերպարի խորքից: Տան աշխատանքը պետք է փոխակերպվեր բնական հատկության, քան թե ճանաչվեր որպես հասարակական պայամանագիր, քանի որ կանանց համար դրամագլխի ծրագրի սկիզբից էլ այս աշխատանքը կանխորոշված էր չվարձատրվող լինել: Դրամագլուխը[4] պետք է մեզ համոզեր, որ դա բնական, անխուսափելի և անգամ լիացնող գործունեություն է, որպեսզի մեզ ստիպեր ընդունել մեր չվարձատրվող աշխատանքը: Իր հերթին, տան աշխատանքի չվարձատրվող վիճակը եղել է ամենաուժեղ զենքը՝ տան աշխատանքն աշխատանք չլինելու տարածված ենթադրությունը հիմնավորելու մեջ, այդպիսով կանխելով կանանց դրա դեմ պայքարելը՝ բացառությամբ մասնավորեցված խոհանոց-ննջասենյակային կռվի, որ ամբողջ հասարակությունը համաձայնում է ծաղրել, այդպիսով է՛լ ավելի նվազեցնելով պայքարի գլխավոր հերոսին: Մեզ տեսնում են որպես փնթփնթան քածերի, ոչ թե պայքարի մեջ աշխատողների:
Այնուամենայնիվ, թե որքանով էլ բնական է տնտեսուհի լինելը ցույց տրվում այն փաստով, որ առնվազն քսան տարվա հասարակականացում – չվարձատրվող մոր կողմից առօրյա վարժեցում – է հարկավոր՝ պատրաստելու կնոջն այս դերի համար, համոզելու նրան, որ երեխաները և ամուսինը լավագույնն են, որ նա կարող է ակնկալել կյանքից՝ անգամ այդպես, այն դժվար թե հաջողում է: Անկախ այն բանից, թե որքան լավ ենք վարժեցված, քիչ են կանայք, որոնք դավաճանված չեն զգում, երբ հարսնացուի օրն ավարտված է և նրանք հայտնվում են կեղտոտ լվացարանի դիմաց: Մեզնից շատերը դեռևս ունեն այն պատրանքը, թե ամուսնանում ենք սիրո համար: Մեզնից շատերը ընդունում են, որ ամուսնանում ենք փողի և ապահովության համար, սակայն ժամանակն է հստակեցնելու, որ չնայած ներդրված սերը կամ փողը չնչին են, աշխատանքը, որ սպասում է մեզ, հսկայական է: Ահա թե ինչու ավելի տարիքով կանայք միշտ մեզ ասում են՝ «վայելեք ձեր ազատությունը, քանի կարող եք, հիմա՛ գնեք՝ ինչ ուզում եք…»: Սակայն, ցավոք, գրեթե անհնար է որևէ ազատություն վայելելը, եթե կյանքի ամենավաղ օրերից վարժեցվում ես լինել հնազանդ, ստրկամիտ, կախյալ և ամենակարևորը՝ զոհաբերել ինքդ քեզ և նույնիսկ հաճույք ստանալ դրանից: Եթե դա քեզ դուր չի գալիս, ապա դա քո խնդիրն է, քո ձախողումը, քո մեղքը և քո աննորմալությունը:
Պետք է ընդունենք, որ դրամագլուխը շատ հաջողակ է եղել մեր աշխատանքը թաքցնելու մեջ: Այն ստեղծել է իսկական գլուխգործոց՝ կանանց հաշվին: Մերժելով տան աշխատանքին աշխատավարձը և փոխակերպելով այն սիրո գործի, դրամագլուխը մի քարով սպանել է մի քանի թռչուն: Առաջին հերթին այն ստացել է դժոխային քանակի աշխատանք գրեթե անվճար և ապահովել է, որ կանայք ոչ միայն չպայքարեին դրա դեմ, այլև ձգտեին այդ աշխատանքին՝ որպես լավագույնին, ինչ կարող է լինել կյանքում (կախարդական բառերը. «Այո, սիրելիս, դու իսկական կին ես»): Միևնույն ժամանակ, այն կարգապահել է տղամարդ աշխատողին ևս՝ «իր» կնոջը կախյալ դարձնելով իր աշխատանքից և աշխատավարձից ու թակարդել է իրեն այս կարգապահության մեջ՝ ծառա տալով՝ գործարանում կամ գրասենյակում իր այդքան ծառայելուց հետո: Իրականում, մեր դերը որպես կանայք, չվարձատրվող, բայց երջանիկ, և առաջնայինը՝ «աշխատավոր դասակարգի» սիրող ծառաները լինելն է, այն է՝ աշխատավորների շերտը, որին դրամագլուխը հարկադրված էր ավելի շատ հասարակական իշխանություն շնորհել: Նույն ձևով, ինչպես աստված ստեղծեց Եվային՝ Ադամին հաճույք տալու համար, այնպես էլ դրամագլուխը ստեղծեց տնտեսուհուն՝ տղամարդ աշխատողին ֆիզիկապես, զգացմունքայնորեն և սեռականորեն ծառայելու համար – մեծացնելու նրա երեխաներին, կարկատելու նրա գուլպաները, կարգի բերելու նրա ես-ը, երբ այն ջախջախված է աշխատանքային և հասարակական հարաբերություններից (որոնք միայնության հարաբերություններ են), որ դրամագլուխը վերապահել է նրա համար: Հենց այս՝ ֆիզիկական, զգացմունքային և սեռական ծառայությունների ինքնահատուկ համադրությունն է՝ ներառված դերի մեջ, որը կանայք պետք է կատարեն դրամագլխի համար, որն էլ ստեղծում է այդ ծառայի առանձնահատուկ կերպարը, այն է՝ տնտեսուհուն, նրա աշխատանքը դարձնում է այդքան նեղություն պատճառող և միաժամանակ անտեսանելի: Պատահաբար չէ, որ տղամարդկանց մեծ մասը սկսում է մտածել ամուսնանալու մասին իրենց առաջին աշխատանքին ընդունվելուց անմիջապես հետո: Սա ոչ միայն այն պատճառով է, որ նրանք կարող են դա իրենց թույլ տալ, այլ քանի որ տանն ինչ-որ մեկին ունենալը, ով հոգ է տանում քո մասին, միակ վիճակն է, որում չես խելագարվում՝ հոսքագծի կամ գրասեղանի մոտ օր անցկացնելուց հետո: Յուրաքանչյուր կին գիտի, որ սա է այն, ինչ նա պետք է անի՝ իսկական կին լինելու և «հաջողակ» ամուսնություն ունենալու համար: Եվ այս դեպքում ևս, որքան աղքատ է ընտանիքը, այնքան ավելի սաստիկ է կնոջ ստրկացումը, և ոչ պարզապես դրամական հանգամանքների պատճառով: Իրականում, դրամագլուխը երկակի քաղաքականություն ունի՝ մեկը միջին դասակարգի, մեկը՝ աշխատավոր ընտանիքի համար: Պատահաբար չէ, որ ամենապարզ մաչիզմը գտնում ենք աշխատավոր դասակարգի ընտանիքում. որքան ավելի շատ հարվածներ է ստանում տղամարդն աշխատանքի ժամանակ, այնքան ավելի շատ նրա կինը պետք է վարժված լինի դրանք ընդունելուն, այդքան ավելի շատ է իրեն թույլատրվում վերականգնել իր ես-ը նրա գնով: Ծեծում ես կնոջդ և թափում զայրույթդ նրա վրա, երբ բավարարված չես կամ գերհոգնած ես աշխատանքիցդ կամ պայքարում պարտված (գործարան գնալն ինքնին պարտություն է): Որքան շատ է տղամարդը ծառայում և ձեռքի տակ ընկնում, այնքան շատ է նա ձեռքի տակ պահում ուրիշներին: Տղամարդու տունը նրա ամրոցն է… և նրա կինը պետք է սովորի լռության մեջ սպասել, երբ նա անտրամադիր է, նորից նրան հավաքել, երբ նա կոտրված է և հայհոյում է աշխարհը, անկողնում շրջվել մյուս կողմ, երբ նա ասում է՝ շատ հոգնած եմ այսօր, կամ, երբ նա այնքան արագ է սիրով զբաղվում, որ, մի կնոջ ձևակերպածով, նույնն է՝ մայոնեզի բանկայի հետ դա աներ: (Կանայք, սակայն, միշտ գտել են պայքարելու կամ նրանց հետհարված տալու եղանակներ, բայց միշտ մեկուսացված և մանսավորեցված ձևով: Խնդիրը, հետևաբար, դառնում է՝ ինչպես դուրս բերել այս պայքարը խոհանոցից և ննջասենյակից դեպի փողոց:)
Այս խաբեությունը՝ սիրո և ամուսնության անվան ներքո, ազդում է բոլորիս վրա, անգամ եթե ամուսնացած չենք, որովհետև հենց որ տան աշխատանքը ամբողջապես բնականացվեց և սեռայնացվեց, հենց որ այն դարձավ կանացի հատկություն, բոլորս՝ որպես կանայք, այդ պահից ի վեր բնութագրվում ենք դրանով: Եթե բնական է որոշ բաներ անելը, ապա բոլոր կանանցից սպասվում է անել և հավանել դա՝ անգամ այն կանանցից, որոնք իրենց հասարակական դիրքից ելնելով, կարող էին խուսափել այդ աշխատանքի մի կամ մեծ մասից (նրանց ամուսինները կարող են իրենց թույլ տալ սպասուհիներ և հոգեբան-մոգեբաններ ու հանգստի և զվարճանքի այլ ձևեր): Մենք գուցե չծառայենք մի տղամարդու, բայց բոլորս ծառայող հարաբերության մեջ ենք ամբողջ արական աշխարհի հետ: Ահա թե ինչու է կին կոչվելն այդքան անարգանք և նվաստացուցիչ մի բան: («Ժպտա, սիրելիս, ի՞նչն այն չէ»-ն հարց է, որ յուրաքանչյուր տղամարդ իրավասու է զգում տալ, անկախ նրանից՝ ամուսինդ է, թե գնացքում տոմսդ ստուգող տղամարդը, թե աշխատավայրում բոսդ):
Հեղափոխական հեռանկարը
Եթե այս վերլուծությունից սկսենք, ապա կարող ենք տեսնել տան աշխատանքի դիմաց աշխատավարձերի հեղափոխական ենթիմաստները: Դա այն պահանջն է, որով մեր բնույթն ավարտվում է և սկսվում է մեր պայքարը, որովհետև տան աշխատանքի դիմաց աշխատավարձեր պարզապես ուզելը նշանակում է հրաժարվել այդ աշխատանքից՝ որպես մեր բնույթի արտահայտում, և այդպիսով հրաժարվել հենց այն իգական դերից, որը դրամագլուխը հնարել է մեզ համար:
Տան աշխատանքի դիմաց աշխատավարձեր խնդրելն ինքնին կխարխլի հասարակության սպասումները մեզնից, քանի որ այս սպասումները – մեր հասարակականացման էությունը – գործառական են մեր տան անաշխատավարձ վիճակին: Այս իմաստով անհեթեթ է աշխատավարձերի համար կանանց պայքարը՝ գործարանում ավելի շատ աշխատավարձերի համար տղամարդկանց պայքարի հետ համեմատելը: Ավելի շատ աշխատավարձերի համար պայքարում, վարձատրվող աշխատողը մարտահրավեր է նետում իր հասարակական դերին, սակայն շարունակում է մնալ դրանում: Երբ պայքարում ենք աշխատավարձերի համար, մենք պայքարում ենք աներկմտորեն և ուղղակիորեն ընդդեմ մեր հասարակական դերի: Նույն ձևով որակական տարբերություն կա վարձատրվող աշխատողի և ստրուկի՝ ընդդեմ ստրկության աշխատավարձի համար պայքարների միջև: Պետք է պարզ լինի, սակայն, որ երբ պայքարում ենք աշխատավարձի համար, մենք չենք պայքարում դրամատիրական հարաբերություններ մուտք գործելու համար, քանի որ երբեք դրանցից դուրս չենք եղել: Մենք պայքարում ենք ընդդեմ կանանց համար դրամագլխի նախագծի, որն աշխատավոր դասակարգի մեջ բաժանումների առանցքային մաս է, որի միջոցով դրամագլուխը կարողացել է պահպանել իր իշխանությունը: Տան աշխատանքի դիմաց աշխատավարձերը, հետևապես, հեղափոխական պահանջ է՝ ոչ որովհետև ինքնին ոչնչացնում է դրամագլուխը, այլ քանի որ ստիպում է դրամագլխին վերակառուցել հասարակական հարաբերություններ՝ մեզ ավելի նպաստավոր և ուստի դասակարգի միասնությանն ավելի նպաստավոր առումով: Իրականում, տան աշխատանքի դիմաց աշխատավարձեր պահանջելը չի նշանակում ասել, որ եթե վճարվում ենք, ապա կշարունակենք անել այն: Դա նշանակում է ճիշտ հակառակը: Ասել, որ փող ենք ուզում տան աշխատանքի դիմաց, առաջին քայլն է դեպի այն անելուց հրաժարվելուն, որովհետև աշխատավարձի պահանջը մեր աշխատանքը տեսանելի է դարձնում, որն ամենաանփոխարինելի պայմանն է՝ դրա դեմ պայքարել սկսելու համար՝ թե՛ դրա անմիջական՝ որպես տան աշխատանք կողմի, և թե՛ դրա առավել նենգ հատկանիշի՝ որպես կանացիության դեմ:
Ընդդեմ «տնտեսականացման» որևէ մեղադրանքի, պետք է հիշենք, որ փողը դրամագլուխ է, այն է՝ աշխատանք հրամայելու իշխանություն: Հետևաբար, վերայուրացնելու գումարը, որը մեր աշխատանքի պտուղն է – մեր մայրերի և տատերի աշխատանքի – նշանակում է միևնույն ժամանակ խարխլել դրամագլխի՝ մեզնից հարկադիր աշխատանք պահանջելու իշխանությունը։ Եվ չպետք է կասկածենք աշխատավարձի իշխանությանը՝ մեր իգականությունը ապաառեղծվածացնելու և մեր աշխատանքը տեսանելի դարձնելու մեջ – մեր իգականությունն իբրև աշխատանք – քանզի աշխատավարձի բացակայությունն այդքան հզոր է եղել մեր այս դերը ձևավորելու և մեր աշխատանքը քողարկելու մեջ: Տան աշխատանքի դիմաց աշխատավարձեր պահանջելը տեսանելի դարձնելն է այն, որ մեր մտքերը, մարմիններն ու զգացմունքները աղճատվել են կոնկրետ գործառույթի համար, կոնկրետ գործառույթով, և ապա նետվել են հետ մեզ վրա՝ որպես կաղապար, որին բոլորս պետք է համապատասխանենք, եթե ցանկանում ենք ընդունվել իբրև կանայք այս հասարակությունում։
Ասել, որ աշխատավարձեր ենք ուզում տան աշխատանքի դիմաց, նշանակում է բացահայտել այն փաստը, որ տան աշխատանքն արդեն իսկ փող է դրամագլխի համար, որ դրամագլուխը փող է ստեղծել և ստեղծում մեր եփելուց, ժպտալուց, սեքս անելուց։ Միևնույն ժամանակ, դա ցույց է տալիս, որ մենք եփել, ժպտացել, սեքս ենք արել տարիներ շարունակ ոչ թե այն պատճառով, որ դա մեզ համար ավելի հեշտ էր, քան որևէ այլ մեկի, այլ որովհետև չունեինք որևէ այլ ընտրություն: Մեր դեմքերն աղավաղվել են այդքան շատ ժպտալուց, մեր զգացմունքները կորչել են այդքան շատ սիրելուց, մեր գերսեռականացումը թողել է մեզ լիովին ապասեռականացված:
Տան աշխատանքի դիմաց աշխատավարձերը միայն սկիզբն են, բայց դրանց ուղերձը պարզ է. այսուհետ նրանք պետք է վճարեն մեզ, որովհետև որպես կանայք մենք այլևս ոչինչ չենք երաշխավորում։ Մենք ուզում ենք աշխատանք կոչել այն, ինչն աշխատանք է, որպեսզի ի վերջո կարողանանք վերագտնել, թե ինչ է սերը, և ստեղծել այն, ինչը կլինի մեր սեռականությունը, որը երբեք չենք ճանաչել։ Եվ աշխատանքի տեսանկյունից կարող ենք պահանջել ոչ թե մեկ աշխատավարձ, այլ բազմաթիվ աշխատավարձեր, որովհետև մեզ հարկադրել են կատարել բազմաթիվ աշխատանքներ միաժամանակ։ Մենք սպասուհիներ ենք, մարմնավաճառներ, բուժքույրեր, հոգեբան-մոգեբաններ. սա է «հերոսական» ամուսնու էությունը, որը մեծարվում է «մայրերի օրը»: Ասում ենք. դադարե՛ք տոնել մեր շահագործումը, մեր ենթադրյալ հերոսությունը։ Այսուհետ մենք փող ենք ուզում դրա յուրաքանչյուր պահի համար, որպեսզի կարողանանք հրաժարվել դրա մի մասից և, ի վերջո, դրանից ամբողջությամբ։ Այս առումով ոչինչ չի կարող լինել ավելի արդյունավետ, քան ցույց տալը, որ մեր իգական առաքինություններն ունեն հաշվարկելի դրամական արժեք՝ մինչև այսօր միայն դրամագլխի համար, բարձրացած այն չափով, որով մենք պարտված էինք. այսուհետ՝ ընդդեմ դրամագլխի մեզ համար՝ այն չափով, որով կազմակերպում ենք մեր իշխանությունը։
Հասարակական ծառայությունների համար պայքարը
Սա ամենաարմատական հեռանկարն է, որը կարող ենք որդեգրել, որովհետև թեև մենք կարող ենք պահանջել ամեն ինչ՝ մանկապարտեզ, հավասար վարձատրություն, անվճար լվացքատներ, մենք երբեք չենք հասնի որևէ իրական փոփոխության, քանի դեռ չենք հարձակվել մեր իգական դերի վրա իր արմատներում։ Մեր պայքարը հասարակական ծառայությունների, այն է՝ ավելի լավ աշխատանքային պայմանների համար, միշտ խափանվելու է, եթե նախ չհաստատենք, որ մեր աշխատանքն աշխատանք է։ Եթե չենք պայքարում դրա ամբողջականության դեմ, մենք երբեք հաղթանակների չենք հասնի դրա մասերից որևէ մեկի նկատմամբ։ Մենք կձախողենք անվճար լվացքատների համար պայքարում, եթե նախ չպայքարենք այն փաստի դեմ, որ չենք կարող սիրել՝ բացառությամբ անվերջ աշխատանքի գնով, որն օրեցօր խեղում է մեր մարմինները, մեր սեռականությունը, մեր հասարակական հարաբերությունները, եթե նախ չխուսափենք այն շանտաժից, որի միջոցով ջերմություն տալու և ստանալու մեր կարիքը շրջվում է մեր դեմ՝ որպես աշխատանքային պարտականություն, որի պատճառով մշտապես վրդովմունք ենք զգում մեր ամուսինների, երեխաների և ընկերների հանդեպ, ու մեղավորություն՝ այդ վրդովմունքի համար։ Երկրորդ աշխատանք գտնելը չի փոխում այդ դերը, ինչպես այնուամենայնիվ վկայում է տնից դուրս իգական աշխատանքի տարիների ու տարիների փորձը։ Երկրորդ աշխատանքը ոչ միայն մեծացնում է մեր շահագործումը, այլև պարզապես վերարտադրում է մեր դերը տարբեր ձևերով։ Ուր էլ որ շրջվենք, կարող ենք տեսնել, որ աշխատանքները, որ կանայք կատարում են, տնտնտեսուհու կարգավիճակի սոսկ շարունակություններն են՝ իր բոլոր հետևանքներով։ Այն է՝ մենք ոչ միայն դառնում ենք բուժքույրեր, սպասուհիներ, ուսուցիչներ, քարտուղարուհիներ – բոլորը գործառույթներ, որոնց համար լավ վարժեցված ենք տանը – այլև նույն կապանքի մեջ ենք, որը խոչընդոտում է մեր պայքարները տանը. մեկուսացումը, այն փաստը, որ այլ մարդկանց կյանքերը կախված են մեզնից, կամ անհնարինությունը տեսնելու, թե որտեղ է սկսվում և ավարտվում մեր աշխատանքը, որտեղ է ավարտվում մեր աշխատանքը և սկսվում են մեր ցանկությունները։ Արդյո՞ք քո բոսի համար սուրճ բերելը և նրա հետ իր ամուսնական խնդիրների մասին զրուցելը քարտուղարական աշխատանք է, թե՞ անձնական լավություն։ Արդյո՞ք այն փաստը, որ պետք է անհանգստանանք աշխատավայրում մեր արտաքինի մասին, աշխատանքի պայման է, թե՞ իգական սնափառության արդյունք։ (Մինչև վերջերս Միացյալ Նահանգներում ավիաուղիների ուղեկցորդուհիներին պարբերաբար կշռում էին և ստիպում մշտապես սննդառեժիմ պահել – խոշտանգում, որ բոլոր կանայք գիտեն – աշխատանքից հեռացվելու վախից): Ինչպես հաճախ ասվում է – երբ վարձու աշխատուժի շուկայի կարիքները պահանջում են նրա ներկայությունն այնտեղ – «Կինը կարող է կատարել ցանկացած աշխատանք՝ առանց կորցնելու իր կանացիությունը», ինչը պարզապես նշանակում է, որ անկախ նրանից, թե դու ինչ ես անում, միևնույն է քած ես:
Ինչ վերաբերում է տան աշխատանքի հանրայնացման և հավաքականացման առաջարկին, ապա մի քանի օրինակ բավարար կլինի գիծ քաշելու այս այլընտրանքների և մեր հեռանկարի միջև։ Մի բան է կառուցել մանկապարտեզն այնպես, ինչպես մենք ենք ուզում, և պահանջել, որ պետությունը վճարի դրա համար։ Բոլորովին այլ բան է հանձնել մեր երեխաներին պետությանը և խնդրել դրան վերահսկել, կարգապահել նրանց, սովորեցնել պատվել ամերիկյան դրոշը ոչ թե հինգ, այլ տասնհինգ կամ քսանչորս ժամ։ Մի բան է կազմակերպել համայնքային ձևով այն, թե ինչպես ենք ուզում սնվել (ինքնուրույն, խմբերով և այլն) և ապա խնդրել պետությանը վճարել դրա համար, և հակառակ բանն է՝ խնդրել պետությանը կազմակերպել, թե ինչպես ենք սվում։ Մի դեպքում վերականգնում ենք որոշակի վերահսկողություն մեր կյանքի նկատմամբ, մյուս դեպքում՝ ընդլայնում ենք պետության վերահսկողությունը մեզ վրա։
Պայքարն ընդդեմ տան աշխատանքի
Որոշ կանայք ասում են. ինչպե՞ս են տան աշխատանքի դիմաց աշխատավարձերը փոխելու մեր ամուսինների վերաբերմունքը մեր հանդեպ: Արդյո՞ք մեր ամուսինները դեռ չեն ակնկալի նույն պարտականությունները, ինչ նախկինում, և նույնիսկ ավելին, քան նախկինում, երբ վճարվենք դրանց դիմաց: Բայց այս կանայք չեն տեսնում, որ նրանք կարող են ակնկալել այդքան շատ բան մեզնից ճիշտ այն պատճառով, որ չենք վճարվում մեր աշխատանքի համար, որովհետև նրանք ենթադրում են, որ դա «կնոջ գործ» է, որը մեզնից մեծ ջանք չի խլում։ Տղամարդիկ կարողանում են ընդունել մեր ծառայությունները և հաճույք ստանալ դրանցից, քանի որ նրանք ենթադրում են, որ տան աշխատանքը հեշտ է մեզ համար, որ հաճույք ենք ստանում դրանից, որովհետև դա անում ենք նրանց սիրո համար։ Նրանք իսկապես ակնկալում են մեզ երախտապարտ լինել, քանի որ ամուսնանալով կամ ապրելով մեզ հետ՝ նրանք հնարավորություն են տվել արտահայտելու մեզ իբրև կանայք (այն է՝ ծառայել նրանց). «Բախտդ բերել է, որ գտել ես ինձ նման տղամարդու»։ Միայն երբ տղամարդիկ տեսնեն մեր աշխատանքը՝ որպես աշխատանք – մեր սերը՝ որպես աշխատանք – և ամենակարևորը՝ մեր վճռականությունը՝ հրաժարվելու երկուսից էլ, նրանք կփոխեն իրենց վերաբերմունքը մեր հանդեպ։ Երբ հարյուրավոր և հազարավոր կանայք փողոցներում լինեն՝ ասելով, որ անվերջ մաքրություն անելը, միշտ հուզականորեն հասանելի լինելը, մեր աշխատանքները կորցնելու վախից պահանջով սեքս անելը, ծանր, ատելի աշխատանք է, որը վատնում է մեր կյանքերը, այդ ժամանակ նրանք կվախենան և իրենց խարխլված կզգան իբրև տղամարդիկ։
Բայց սա լավագույն բանն է, որ կարող է պատահել իրենց իսկ տեսանկյունից, որովհետև բացահայտելով այն եղանակը, որով դրամագլուխը մեզ բաժանված է պահել (դրամագլուխը կարգապահել է իրենց մեր միջոցով, և մեզ՝ իրենց միջոցով – միմյանք ընդդեմ միմյանց), մենք – իրենց նեցուկները, իրենց ստրուկները, իրենց շղթաները – բացում ենք իրենց ազատագրման գործընթացը։ Այս իմաստով տան աշխատանքի դիմաց աշխատավարձերը կլինեն շատ ավելի ուսուցանող, քան ապացուցել փորձելը, թե կարող ենք աշխատել նույնքան լավ, որքան նրանք, թե կարող ենք անել նույն աշխատանքները։ Մենք թողնում ենք այս արժեքավոր ջանքը «կարիերիայի կնոջը»՝ նրան, ով փախչում է իր ճնշումից ոչ թե միասնության և պայքարի ուժի, այլև տիրոջ՝ սովորաբար այլ կանանց ճնշելու ուժի միջոցով: Եվ մենք պարտավոր չենք ապացուցելու, որ կարող ենք «կոտրել կապույտ օձիքի արգելապատը»։ Մեզնից շատերը կոտրել են այդ արգելապատը վաղուց և բացահայտել են, որ համազգեստը մեզ չի տվել ավելի շատ իշխանություն, քան գոգնոցը. եթե հնարավոր է՝ նույնիսկ ավելի քիչ, քանի որ այժմ ստիպված ենք կրել երկուսն էլ և ունենք ավելի քիչ ժամանակ ու եռանդ՝ պայքարելու դրանց դեմ։ Փոխարենը, պետք է ապացուցենք մեր կարողությունը՝ բացահայտելու, թե ինչ ենք մենք արդեն անում, թե ինչ է դրամագլուխն անում մեզ հետ, և մեր ուժը՝ դրա դեմ պայքարում:
Ցավոք, շատ կանայք – հատկապես միայնակ կանայք – վախենում են տան աշխատանքի դիմաց աշխատավարձերի հեռանկարից, քանի որ նրանք վախենում են նույնիսկ մեկ վայրկյանով նույնականանալ տնտեսուհու հետ։ Նրանք գիտեն, որ սա հասարակության մեջ ամենաանզոր դիրքն է, և ուստի չեն ուզում գիտակցել, որ իրենք նույնպես տնտնտեսուհիներ են: Սա հենց նրանց թուլությունն է՝ մի թուլություն, որը պահպանվում և հավերժացվում է ինքնանույնականացման բացակայության միջոցով: Մենք ուզում ենք և պետք է ասենք, որ բոլորս տնտեսուհիներ ենք, բոլորս մարմնավաճառներ ենք և բոլորս նույնասեռական ենք, որովհետև քանի դեռ չենք ճանաչել մեր ստրկությունը, չենք կարող ճանաչել մեր պայքարը դրա դեմ, որովհետև քանի դեռ կարծում ենք, թե ինչ-որ ավելի լավ բան ենք, ինչ-որ ավելի տարբեր բան ենք, քան տնտնտեսուհին, մենք ընդունում ենք տիրոջ տրամաբանությունը, որը բաժանման տրամաբանությունն է, և մեզ համար՝ ստրկության տրամաբանությունը։ Մենք բոլորս տնտնտեսուհիներ ենք, որովհետև անկախ նրանից, թե որտեղ ենք, նրանք միշտ կարող են հույս դնել մեզնից ավելի շատ աշխատանքի վրա, մեր պահանջներն առաջ քաշելու մեր վախի վրա, և նրանց վրա փողի համար պակաս ճնշման, քանի որ հուսով են, որ մեր մտքերը ուղղված են այլ տեղ, դեպի ներկայում կամ ապագայում այն տղամարդուն, ով «հոգ կտանի մեր մասին»։
Եվ մենք նաև ցնորության մեջ ենք գցում ինքներս մեզ, թե կարող ենք խուսափել տան աշխատանքից։ Բայց մեզնից քանի՞սն են, չնայած տնից դուրս աշխատելուն, խուսափել դրանից։ Եվ կարո՞ղ ենք արդյոք իրապես այդքան հեշտությամբ անտեսել տղամարդու հետ ապրելու գաղափարը։ Ի՞նչ եթե կորցնենք մեր աշխատանքները։ Ի՞նչ կասեք ծերանալու և իշխանության անգամ այն նվազագույն չափը կորցնելու մասին, որ երիտասարդությունը (արտադրականություն) և գրավչությունը (իգական արտադրականություն) տալիս են մեզ այսօր: Եվ ի՞նչ կասեք երեխաների մասին։ Արդյո՞ք երբևէ կզղջանք՝ նրանց չունենալ ընտրած լինելը, նույնիսկ ի վիճակի եղած չլինելով իրատեսորեն տալ այդ հարցը։ Եվ կարո՞ղ ենք մեզ թույլ տալ նույնասեռական հարաբերություններ։ Արդյո՞ք պատրաստ ենք վճարել մեկուսացման և բացառման հնարավոր գինը։ Բայց արդյո՞ք կարող ենք մեզ իրապես թույլ տալ տղամարդկանց հետ հարաբերություններ։
Հարցն այն է, թե ինչո՞ւ են սրանք մեր միակ այլընտրանքները, և ի՞նչ տեսակի պայքարը կշարժի մեզ դրանց սահմաններից անդին:
Նկարը վերցվել է LSE-ի պաշտոնական կայքից։
[1] Federici, S. (1974). Wages Against Housework. https://warwick.ac.uk/fac/arts/english/currentstudents/postgraduate/masters/modules/femlit/04-federici.pdf
[2] Silvia Federici – Monoskop. https://monoskop.org/Silvia_Federici
[3] կապիտալիզմ
[4] կապիտալ




