Մեդիա նկարագիր
Հանրային կարևորություն ունեցող թեմաների քննարկման դեպքում, ինչպիսին սահմանադրական փոփոխությունների նախագիծն է, լրատվամիջոցների դերը հնարավոր չէ թերագնահատել: Կախված նրանից, թե ինչպե՞ս և ու՞մ միջոցով են ներկայացվում սահմանադրական փոփոխությունների շուրջ զարգացող իրադարձությունները, ի՞նչ խնդիրներ են բարձրաձայնվում/շեշտադրվում, ի՞նչ կոնտեքստում է խոսվում նախագծի մասին մեդիայում, ընթերցողի մոտ կարող են ձևավորվել բոլորովին տարբեր կարծիքներ խնդրո առարկայի վերաբերյալ: Ըստ այդմ, սահմանադրական փոփոխությունների գործընթացի համատեքստում էլ ավելի կարևոր է հասկանալ, թե ինչպես են ԶԼՄ-ները իրագործում իրենց աշխատանքի վերջնանպատակը հանդիսացող հնարավորինս ընդգրկուն, բազմակողմանի տեղեկատվության տրամադրումը լայն հանրությանը:
Հեռուստատեսության՝ այս կամ այն քաղաքական ուժի իշխանության/վերահսկողության, որոշ դեպքերում նաև անմիջական հովանավորության տակ գտնվելու պայմաններում, իրականության օբյեկտիվ ներկայացումը խնդրահարույց է։ Այս կոնտեքստում ավելի մեծ կշիռ է ստանում առցանց մամուլը, ինչը ենթադրում է նաև վերջինիս հանդեպ վստահության աստիճանի բարձրացում: Ոլորտում արված տարբեր հետազոտություններ վկայում են, որ եթե հեռուստատեսության հանդեպ լսարանի վերաբերմունքը քիչ թե շատ հստակեցված է, ապա առցանց մեդիայի դեպքում այդ վերաբերմունքը դեռևս ձևավորման փուլում է: Բացի դրանից, եթե հեռուստատեսությանը դիմելու մոտիվացիան շատ ավելի ընդգծված ժամանցային է, ապա առցանց մամուլի դեպքում շատ ավելի նշանակալի են դառնում հասարակական-քաղաքական կարևոր իրադարձությունների մասին տեղեկատվության ստացման, այլընտրանքային կարծիքների և տեսակետների ծանոթանալու ակնկալիքները: Ուստի կարևոր է հասկանալ, թե արդյոք առցանց մամուլի ուղիղ կամ միջնորդավորված կապը այս կամ այն ուժի հետ ազդում է տվյալ մեդիայի՝ որպես խոսող ակտոր ներկայանալու վրա: Ցավոք, պետք է նշել, որ թեմայի ուսումնասիրությունը ևս հաստատում է այն վարկածը, որ առցանց հարթակում և՛ թեմաների, և՛ կոնտեքստի, և՛ ակտորների ընտրությունը[1] նույնպես ուղղորդվում է քաղաքական ուժերի հետ հնարավոր կապերից:
Ովքե՞ր են խոսում Սահմանադրության մասին
Ու՞մ խոսքն է լրատվամիջոցը դարձնում ավելի լսելի, ու՞մ դիրքորոշումներն են շրջանառվում, ինչի՞ վրա է ուղղորդվում հանրության ուշադրությունը, հատկապես ո՞ր ասպեկտներն են քննարկվում և ի՞նչ կոնտեքստում: Այս և նմանատիպ մի շարք այլ հարցեր բացահայտ կամ լատենտ կերպով ստեղծում են որոշակի իրականություն, որը կարող է ուղղորդել մարդկանց դիրքորոշումների ձևավորման հարցում: Այս հարցերը դրդում են ուսումնասիրել լրատվությունը առաջին հերթին հենց ակտորների ընտրության տեսանկյունից:
Սահմանադրական փոփոխությունների գործընթացի ներկայացման կոնտեքստում կարելի է առանձնացնել հիմնական ակտորների երեք խումբ՝ 1.«Ոչ»-ի ճակատ կազմող նախաձեռնություններ, Հկ-ներ, քաղաքական կուսակցություններ, 2.«Այո»-ի ճակատ կազմող քաղաքական կուսակցություններ, և, ցավոք, ոչ բոլոր լրատվամիջոցներում, բայց՝ 3. Փորձագետներ՝ իրավաբաններ, փաստաբաններ, էկոլոգներ, սոցիոլոգներ, քաղաքագետներ և այլք:
Ըստ ակտորների բազմազանության առանձնանում է հատկապես «Առավոտ» օրաթերթը, որտեղ հստակ տեղեկատվություն են փոխանցում նշված երեք խմբի ներկայացուցիչներն էլ և թույլ են տալիս ընթերցողին հնարավորինս բազմակողմանի ինֆորմացիա ստանալ թեմայի մասին: Մյուս լրատվամիջոցը, որի մոտ ևս առկա են այս թեմայով փորձագիտական հոդվածներ, News.am-ն է: Այստեղ խնդիրն այն է, որ հոդվածների չափազանց մեծ թվաքանակում դրանք կազմում են շատ փոքր մաս,ուստի դժվար է խոսել նման ինֆորմացիոն հոդվածների ֆունկցիոնալության մասին:
Նախագիծը դրական կոնտեքստում ներկայացնող ակտորների խոսքը բացարձակ գերակա դիրքում է «Իրավունք» թերթում և Tert.am–ում՝ համեմատաբար ավելի քիչ։ Lragir.am-ի պարագայում առաջին հայացքից թվում է, թե այն առանց կողմնակալության հավասարապես ներկայացրել է երկու կողմերի տեսակետներն ու մեկնաբանությունները։ Սակայն անհրաժետ է հաշվի առնել այն կոնտեքստը, որում խոսում են «Ոչ»-ի ճակատի ներկայացուցիչները. ճակատում առկա խնդիրներ, հակասություններ, դժվարություններ։ Այս համեմատության մեջ, իհարկե, առավել ցայտուն ընդգծվում է «Այո»-ի «հաջողակ» կերպարը:
Համատեքստ
Սահմանադրական փոփոխությունների նախագիծը բոլոր լրատվամիջոցներում ներկայացվել է Սերժ Սարգսյանի/իշխանությունների վերարտադրման տեսանկյունից: Դիտարկված լրատվամիջոցների կողմից կարևորվում է սահմանադրական փոփոխությունների քաղաքական (կառավարման համակարգի) հարցը՝ գրեթե չանդրադառնալով սոցիալական, տնտեսական, մշակութային, բնապահպանական և այլ խնդիրներին և իրավունքներին, որոնք առաջարկվող նախագծում մեծապես վտանգված են և խնդրահարույց:
[1]Առցանց լրատվամիջոցների մշտադիտարկումն իրականացվել է սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին։ Մշտադիտարկման են ենթարկվել Epress.am, Tert.am, Azatutyun.am, News.am, Lragir.am, 1in.am, A1plus.am և Հայկական ժամանակ, Առավոտ, Իրավունք թերթերի առցանց տարբերակները։ Ընտրված 10 առցանց լրատվամիջոցներից առանձնացվել է1889 հոդված, որոնք վերաբերում են Սահմանադրական փոփոխություններին։ Հոդվածները վերլուծվել են որակական մեթոդաբանության շրջանակներում։
Մոնիթորինգի ընտրանքում ներառված լրատվամիջոցներում առկա ընդհանուր կոնտեքստից՝ կարելի է առանձնացնել մեդիաների երկու խումբ (տե՛ս աղյուսակում). առաջին խմբում այն մեդիաներն են, որոնք թվում է, թե ներկայացրել են թեման՝ տեղեկատվություն տրամադրելով բոլոր հնարավոր կողմերի մեկնաբանությունների, դիրքորոշումների, կողմ/դեմ կարծիքների վերաբերյալ, սակայն բովանդակային առումով իրականում դժվար է ասել, որ ընթերցողը այս լրատվամիջոցների օգնությամբ ընդգրկուն ինֆորմացիա է ձեռք բերում, որ հիմք կարող է դառնալ սեփական հետևությունների համար: Մյուս խմբում այն ԶԼՄ–ներն են, որոնց մոտ թեև հնարավոր է այս կամ այն ակտորների կամ թեմայի ընտրողական ներկայացում, սակայն վերջիններիս տրամադրած տեղեկատվությունն ավելի հստակ է: Հստակ այն իմաստով, որ Սահմանադրությունը քննարկվում է կոնկրետ շեշտադրումներով, կա հանրային կարիքի և առաջարկվող նախագծի հնարավոր հետևանքների մասին դիսկուրս, լուսաբանվում են նաև ոստիկանների և Ոչ–ի ակտիվիստների միջև բախումները։ Այս խմբում ընդգրկված են Epress.am, Azatutyun.am կայքերը, որոնցում ավելի լսելի է «Ոչ»-ի ճակատը: Lragir.am-ի դեպքում առաջին հայացքից թվում է, թե խոսող ակտորները հիմնականում «Ոչ»-ի ճակատից են, բայց մեդիայի հարցադրումները վեր են հանում միայն վերջիններիս ավելի բացասական լույսի ներքո ներկայացնող կողմերը. ճակատը ներկայացնող տարբեր ուժերի միջև առկա խնդիրներ, անհամաձայնություններ, կազմակերպական հարցեր և այլն: Եւ այս կոնտեքստում միասնականության, անհամաձայնությունների բացառման լատենտ պահանջը ներկայացվում է որպես ակնհայտ անհրաժեշտություն այն դեպքում, երբ ճիշտ հակառակը՝ կարող էր շեշտադրվել «Ոչ»-ի բազմազանությունը, ցանցայինությունը և կենդանի պրոցես լինելը:
Անորոշ համատեքստ | Առավել որոշակի համատեքստ |
1in.am | Epress.am |
Tert.am | Ազատություն (azatutyun.am) |
News.am | Լրագիր (lragir.am) |
A1plus.am | |
Հայկականժամwանակ(armtimes.com) | |
Իրավունք(iravunk.com) | |
Առավոտ(aravot.am) |
Armtimes.com-ը և aravot.am-ը կողմերի գործողությունները, հայտարարություններն ու մեկնաբանությունները ներկայացրել են գրեթե հավասարապես, սակայն առաջինի դեպքում լատենտ կերպով նկատվում է «Ոչ»-ի ճակատի հնարավոր կապի ցուցադրում ռուսական ուժերի հետ, ինչն ի դեպ, արվում է այլ լրատվականներին հղումների միջոցով:
Թեմայի բազմակողմանի լուսաբանման առումով կարևոր տեղ են գրավում «Առավոտ», Epress, A1plus լրատվականները, որոնք կառավարման համակարգի և իշխանությունների վերարտադրման դիսկուրսի ներկայացմանը զուգահեռ, ներկայացրել են այլ խնդիրներ, օրինակ, նախագծում Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների, Սահմանադրական դատարան դիմելու իրավունքի, առողջ և բարենպաստ շրջակա միջավայրում ապրելու իրավունքի նախագծից դուրս մղման մասին, այն մասին, որ պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում բնապահպանական տեղեկությունը թաքցնելու կամ դրա տրամադրումը մերժելու համար, սակայն օգոստոսին ներկայացված Սահմանադրության նախագծում այդ նորմն ամրագրված չէ:
Ընդհանուր առմամբ, կարող ենք եզրակացնել, որ առցանց մեդիայի աշխատանքը չի ապահովվում լսարանի լիարժեք իրազեկվածություն սահմանադրական փոփոխությունների առաջարկված նախագծի մասին և առկա են բազմաթիվ մանիպուլյատիվ մեխանիզմներ, որոնց ազդեցությունը խնդիրներ է առաջացնում իրականության օբյեկտիվ ներկայացման տեսանկյունից: