«Մեդիայում գենդերային ապատեղեկատվության դեմ պայքարի ռազմավարություններ» գիտաժողով

2023 թ. հունվարի 26-ին «Սոցիոսկոպը» կազմակերպել էր «Մեդիայում գենդերային ապատեղեկատվության դեմ պայքարի ռազմավարություններ» տարածաշրջանային առցանց գիտաժողովը։ Այն 2022 թ. դեկտեմբերին Թբիլիսիում տեղի ունեցած «Գենդերային ապատեղեկատվություն և մեդիա էթիկա» գիտաժողովի տրամաբանական շարունակությունն էր, որի ընթացքում տարբեր երկրների հետազոտողներ և լրագրողներ քննարկեցին կին ակտիվիստների ու լրագրողների՝ խտրականության ենթարկվելու փորձառությունը, մեդիայում և սոցիալական հարթակներում նրանց նկատմամբ ատելության խոսքը, սպառնալիքները և այլ խնդիրներ։  
Այս ամփոփիչ՝ «Մեդիայում գենդերային ապատեղեկատվության դեմ պայքարի ռազմավարություններ» տարածաշրջանային առցանց գիտաժողովը նպատակ ուներ քննարկելու ճգնաժամային իրադրություններում գենդերային ապատեղեկատվության տարածումը մեդիայում, կին իրավապաշտպանների, ակտիվիստների, լրագրողների նկատմամբ օր օրի աճող ատելության խոսքն ու բռնությունները, ինչպես նաև քննարկելու համապատասխան ռազմավարություններ՝ այս խնդիրների կանխարգելման, դրանց դեմ արդյունավետորեն պայքարելու համար։ 

Գիտաժողովի սկզբում ողջույնի խոսքով հանդես եկան Women Engage for Common Future (WECF) կազմակերպության Վրաստանի գրասենյակի ղեկավար Աննա Սամվելը և «Սոցիոսկոպի» նախագահ, հետազոտող Արփի Մանուսյանը։ Իր խոսքում Արփի Մանուսյանը անդրադարձավ այն հանգամանքին, որ վերջին տարիներին տարածաշրջանում հատկապես ակտիվացել են աջական, ազգայնական, հակաժողովրդավար խմբերն ու նրանց գործունեությունը, և գենդերային ապատեղեկատվության աճը կապված է հենց այս խմբերի հետ։ Կարևոր է հաշվի առնել, որ դրանք համաշխարհային միտումներ են, որոնք իրենց տեղային արտահայտումներն ու դրսևորումներն են ունենում տարածաշրջանում։ Այս ամենին նպաստում է նաև մեդիան, որը, երբեմն ուրանալով իր հանրային շահին ծառայելու դերը, հաճախ դառնում է ապատեղեկատվությունների, մանիպուլյացիոն արշավների տարածողը՝ հարթակ դառնալով զանազան դավադրությունների շրջանառության համար։ Իրավապաշտպան, ակտիվիստ, ֆեմինիստ Զարուհի Հովհաննիսյանը գիտաժողովի ընթացքում խոսեց այն  մասին, որ հակագենդերային արշավների համատեքստում առավել թիրախավորված են հենց կանայք՝ կին իրավապաշտպանները։ Պետությունը, ըստ էության, պատշաճ և համապատասխան արձագանք չի տալիս թիրախավորման, հարձակումների և սպառնալիքների դեպքերին, ինչի արդյունքում հակագենդերային խմբերի ներկայացուցիչները ոչ միայն անպատիժ են մնում, այլև հնարավորություն են ստանում վախի մթնոլորտ ձևավորելով հասարակությանն ավելի կառավարելի դարձնել։ Զարուհի Հովհանիսյանն իր խոսքում նաև անդրադարձ կատարեց հետպատերազմական իրադրությամբ պայմանավորված նոր ի հայտ եկած մարտահրավերներին, որոնք է՛լ ավելի խոցելի են դարձնում կանանց՝ հատկապես նրանց, ովքեր ենթարկվել են տարբեր տեսակի բռնությունների։ Նրա բերած ընտանեկան բռնության օրինակներից մեկում բռնարար ամուսնու պատիժը մեղմվել է՝ հաշվի առնելով վերջինիս՝ «հայրենիքին մատուցած ծառայությունը, մասնացկությունը մարտական գործողություններին»։  

Media Development Foundation (MDF) Վրաստանից Թամար Կինծուրաշվիլին իր ելույթում խոսեց Վրաստանում գենդերային ապատեղեկատվության, դրա դրսևորումների մասին։ Իր խոսքում նա շեշտեց, որ հակագենդերային, հոմոֆոբ ուղերձները վրացական մեդիայում հատկապես սրվել են Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ սանձազերծած պատերազմի համատեքստում և արդարացնում են Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա «բարոյականության» տեսանկյունից՝ հայտարարելով, թե Ռուսաստանը նպատակ ունի պաշտպանելու տեղի բնակչությանը արևմտյան ԼԳԲՏ ազդեցությունից։ Եվ այս տեսանկյունից, եթե Ուկրաինան հաղթի պատերազմում, ապա Վրաստանը կկանգնի այնպիսի սպառնալիքի առջև, որ ստիպված կլինի ընդունելու ԼԳԲՏ արժեքների գերակայությունը վրացական ազգային արժեքների հանդեպ։  

Մարդու իրավունքների տուն Երևանի համակարգող Վարսեր Կարապետյանն իր խոսքում անդրադարձավ հանրային մասնակցության դատավարության դեպքերին (SLAPP), երբ ակտիվիստների, իրավապաշտպանների նկատմամբ հարուցվում են քրեական գործեր, իրականցվում է քրեական հետապնդում՝ վերջիններիս գործունեությունը սահմանափակելու, նրանց դատական քաշքշուկների մեջ ներգրավելու նպատակով։  

«Սոցիոսկոպի» ծրագրերի տնօրեն, հետազոտող Նվարդ Մարգարյանը կարևորեց գենդերային ապատեղեկատվության, ակտիվիստների և իրավապաշտպանների դեմ բռնության և սպառնալիքների դեմ պայքարի հարցում պետության դերը։ Նա իր խոսքում նշեց, որ պետությունը պետք է ներդնի բոլոր ջանքերը կանխարգելելու իրավապաշտպանների, կին ակտիվիստների և լրագրողների նկատմամբ օնլայն և օֆլայն բռնության, սպառնալիքի, ինչպես նաև ատելության խոսքի, գենդերային ապատեղեկատվության տարածման դեպքերը, պետք է պաշտպանի իրավախախտումների ենթարկված իրավապաշտպաններին, ինչպես նաև պետք է համապատասխան գնահատական տա այդ դեպքերին, իսկ իրավախախտները պետք է կրեն պատասխանատվություն իրավազանցության համար։ Ավելին՝ պետությունը պետք է հետազոտի այս դեպքերը, բացահայտի դրանց առաջացման և տարածման մեխանիզմներն ու թե ինչ ուժեր են կանգնած դրանց հետևում, վարի պատշաճ վիճակագրություն այս հարցերի շուրջ։ Կարևոր է նաև ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ իրավապաշտպաններն առանց վախի և  սպառնալիքների կարող են իրականացնել իրենց հանրօգուտ գործունեությունը։    

Իսկ «Կանանց ռեսուրսային կենտրոն-Հայաստան» ՀԿ-ի իրավաբան Նվարդ Փիլիպոսյանը ներկայացրեց «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի» (CEDAW) շրջանակում Հայաստանին տրված առաջարկությունները և պետության պարտավորությունները՝ իրավապաշտպանների, կին ակտիվիստների և լրագրողների իրավունքների պաշտպանության առնչությամբ, որտեղ պետությանը հանձնարարական է տրվել արագ և պատշաճ քննել նրանց նկատմամբ իրավախախտումների դեպքերը, վարել դեպքերի վիճակագրություն՝ գենդերային չափորոշիչներով, ինչպես նաև ստեղծել բարենպաստ միջավայր հանրային գործունեություն ծավալելու համար։  

Պիտակներ

Հանգանակություն

Գումարը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարներին` նպատակի դաշտում նշելով «նվիրատվություն»:

Ինեկոբանկ
2052822181271008 (AMD)
2052822181271022 (USD)
2052822181271042 (EUR)
SWIFT code INJSAM22