Հայաստանն այսօր անցնում է շղթայական բողոքի շարժումների տպավորիչ շրջան: Խնդիրները մարդկանց դրդում են դուրս գալ փողոց, նստել, պառկել, քայլել ու դեռ շատ ավելի մեծաթիվ մարդկանց էլ` մնալ տանը` ծանրության ոչ պակաս ուժով:
Քաղաքացիապես ակտիվ անհատներն ու խմբերը փոփոխության անհրաժեշտություն բարձրաձայնելիս, թվում է, իրենց հետևում ունեն չմասնակցող լայն բնակչության հավանությունը: Չնայած (կամ գուցե հենց համահունչ) այսչափ քաղաքացիական բողոքին և հանրային դժգոհությանը՝ իրական փոփոխություն տեսանելի չէ ոչ միայն քաղաքական դաշտում, այլև մարդկանց սոցիալ-քաղաքական վարքում, հարաբերություններում, մտածողության մեջ: Մինչդեռ հանրության որոշ հատված քաղաքականապես ու մշակութապես ազատագրված է թվում, այդուհանդերձ նախորդ քաղաքական պատմության, էթնո-մշակութային սենտիմենտների և առօրեական մտահոգությունների դոմինանտները շարունակում են շատ ավելի շատերի համար մնալ սահման(ափակ)ող և քաղաքականապես ապամոտիվացնող: Ու թեև երկրի փոխակերպվող, անցումային լինելը վաղուց չվիճարկվող բնութագիր է ոչ միայն քաղաքական հռետորաբանության մեջ, այլև հասարակագիտության տեքստերում ու առօրյա դիսկուրսում, ավելի ակնհայտ են թվում հասարակական կյանքի կանգային ու անփոփոխ բնութագրերը: Եվ ուրեմն ինչո՞ւ, չնայած լայն դժգոհությանն ու կոնկրետ շարժումներին, քաղաքացիական գործընթացների շրջանակը չի ընդլայնվում, այսինքն` տեղի չի ունենում սոցիալական կյանքին առնչվող դիսկուրսի էական փոփոխություն հանրային մասշտաբով: Ի՞նչն են
փոխում սոցիալական փոփոխությունները, եթե չեն փոխում հասարակությունը:
Հոդվածն առցանց հրատարակվում է ըստ Փոփոխության որոնումներ գրքի (Ժամակոչյան Ա․, Անդրեասյան Ժ․, Մանուսյան Ս․, Մանուսյան Ա․, 2016, Սոցիոսկոպ ՀԿ):
Հեղինակ՝ Սոնա Մանուսյան