Աշխատանքային իրավունքները համարվում են մարդու իրավունքների ամենաչպաշտպանված ոլորտը, և սոցիալական ծանր դրությամբ պայմանավորված, մարդիկ ստիպված են հաշտվել աշխատանքային իրավունքների խախտումների, աշխատանքային ծանր և անարդար պայմանների հետ։ Ավելին՝ Հայաստանում մարդու բնական իրավունքների խախտումների մեջ աշխատանքային իրավունքների ոտնահարումների պայմանն ունի տեսակարար մեծ կշիռ։ Ինչպես այլ իրավունքների պարագայում է, աշխատանքային իրավունքների մասին ևս իրազեկվածության մակարդակը մնում է ցածր և մտահոգիչ։ Աշխատանքային իրավունքի կարևորության գիտակցումը, մշակութային առանձնահատկությունները, այս ամենի շուրջ աշխատանքները և այս բոլոր խնդիրները կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ավելի խորացել են։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը 2020 թ․մայիսին հրապարակեց կանանց իրավունքների վրա կորոնավիրուսի համավարակի ազդեցության վերաբերյալ զեկույց, որի համաձայն՝ կանայք հատկապես խոցելի են անկայունության վիճակում, և այդ խոցելիությունները հստակ երևան են եկել և սրվել են հենց համավարակի շրջանակում։ Բազմաթիվ պետություններում կանայք ավելի շատ ներգրավված են ցածր աշխատավարձով և ոչ ֆորմալ աշխատանքի հատվածներում, ինչը նշանակում է, որ կանանց պարագայում ավելի բարձր են չգրանցված աշխատելու, արձակուրդ չստանալու, հիվանդության դեպքում վճարվող արձակուրդ չստանալու, առողջության ապահովագրություն չունենալու հավանականությունը և առհասարակ՝ սոցիալական երաշխիքների բացակայությունը։ Ուստի կանանց պարագայում վտանգված է կենսապահովման բավարար միջոցներ ունենալը, իսկ եկամուտների կորուստն ազդում է նրանց ընտանիքների բարօրության վրա, հատկապես, երբ ընտանիքում միայն նրանք են ապրուստի միջոց վաստակողները (ՀՔԱՎ, 2020):
Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի 2020 թ. տվյալների՝ աշխատանքային շուկայում զբաղված է կանանց 41%-ը, իսկ տղամարդկանց՝ 56%-ը։ Աշխատանքային տարիքի 10 կանանցից 4-ը ունեցել է աշխատանք, իսկ տղամարդկանց դեպքում՝ 10-ից 6-ը։
2020 թվականին 15-74 տարեկան կանանց 51%-ը չի ունեցել աշխատանք և չի փնտրել՝ հիմնականում զբաղված լինելով տնային տնտեսությամբ (ՀՀ վիճակագրական կոմիտե, 2021)։
Թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ հիմնականում վարձու աշխատողներ են։ Գործատուների և ինքնազբաղվածների մեջ տղամարդկանց մասնաբաժինը գերակայում է, մինչդեռ առանց վարձատրության աշխատողների մեջ կանայք կրկնակի գերազանցում են տղամարդկանց (ՀՀ վիճակագրական կոմիտե, 2021)։
Համաձայն «Հայաստանում Covid 19-ի ազդեցության գնահատման» զեկույցի (World Bank, 2021)՝ աշխատանք ամենաշատը կորցրել են չգրանցված աշխատողները, և աշխատանք կորցնողների մեջ կանանց մասնաբաժինը վիճակագրորեն առավել մեծ է եղել։ Համաձայն սույն հետազոտության տվյալների՝ մինչև կորոնավիրուսի hամավարակի բռնկումը հարցվածների 13,3%-ն է ունեցել գրանցված աշխատանք, սակայն 25,6%-ը եղել է զբաղված՝ առանց ֆորմալ գրանցման՝ առանց աշխատանքային պայմանագրի։ Ընդ որում՝ զբաղված տղամարդկանց շրջանում չգրանցված աշխատողների մասնաբաժինը եղել է 56,3%, իսկ կանանց շրջանում՝ 69,06%։ Համավարակով պայմանավորված՝ աշխատանքը կորցրել են տղամարդկանց 17,3%-ը և կանանց 19,1%-ը (World Bank, 2021)։ Այսինքն, եթե կանանց ներգրավվածությունը աշխատանքային ոլորտում արդեն իսկ քիչ էր, ապա համավարակի հետևանքով կանանց աշխատատեղերի կորուստը էականորեն ազդել է կանանց զբաղվածության, աշխատանքային իրավունքների վրա։
Աշխատանքի միջազգային կազմակերպությունը, վերլուծելով Հայաստանում առկա վիճակագրական տվյալներն ու հասանելի փաստաթղթերը, իր «Հայաստան. COVID 19 – Աշխատաշուկայի արագ գնահատում» հետազոտության (ILO, 2020) շրջանակում իրականացրել էր մոտավոր հաշվարկ, թե ինչպես է համավարակն ազդելու թե՛ տնտեսության, թե՛ առողջության վրա։ Համադրելով այդ տվյալները «Սոցիոսկոպ» ՀԿ-ի իրականացրած «Կորոնավիրուսի համավարակի ազդեցությունը կանանց աշխատանքային իրավունքների վրա» հետազոտության (Խալաթյան Մ․, Մարգարյան Ն․, 2022) շրջանակում հավաքագրած տեղեկատվության հետ[1], եզրահանգում ենք, որ կորոնավիրուսի համավարակից առավել տուժած ոլորտներն են մշակող արդյունաբերության, շինարարության, առևտրի, հյուրանոցային և հանրային սննդի կազմակերպման, մշակույթի, ժամանցի, տուրիզմի և սպասարկման այլ ծառայությունների ոլորտները։ Ընդ որում, զգալի տուժած մշակվող արդյունաբերության, շինարարության, առևտրի ոլորտները ՀՆԱ-ի կտրվածքով ունեն էական տեղ տնտեսության մեջ։ Հատկանշական է, որ տուժած առևտրի, հյուրանոցային և հանրային սննդի կազմակերպման, մշակույթի և զվարճանքի, սպասարկման այլ ծառայությունների ոլորտում կանանց ներգրավվածությունը բավականին բարձր է։ Եթե կանանց ընդհանուր զբաղվածությունն աշխատաշուկայում 45,5% է, ապա այս տուժած ոլորտներում նրանց ներգրավվածությունը (օրինակ՝ հյուրանոցային և հանրային սննդի ապահովման, մշակույթի և ժամանցի, սպասարկման այլ ծառայություններ և այլն) հասնում է մինչև 50%։
Համաձայն Աշխատանքի միջազգային կազմակերպության վերջին հրապարակումների՝ համավարակի արդյունքում կանայք աշխատանքի ու եկամուտի անհամաչափ կորուստ են ունեցել առավելապես տուժած ոլորտներում իրենց բարձր ներկայացվածության արդյունքում, իսկ որոշ տուժած ոլորտներում էլ շարունակում են աշխատել առաջնային օղակներում՝ պահպանելով խնամքի համակարգերը՝ հաճախ նաև կատարելով չվճարվող տնային աշխատանք։ Համաշխարհային մակարդակում համավարակի պայմաններում կանանց աշխատատեղերի 4,2%-ը փակվել է՝ ի տարբերություն տղամարդկանց աշխատատեղերի 3% կորստի՝ կազմելով համապատասխանաբար 54 մլն աշխատատեղ կանանց և 60 մլն աշխատատեղ տղամարդկանց համար (ILO, 2021)։ Սակայն, եթե 2021-ին 2019-ի համեմատ տղամարդկանց աշխատատեղերը գրեթե ամբողջությամբ վերականգնվել են (59 մլն), ապա կանանց համար վերականգնվել է 41 մլն աշխատատեղ։ Այսինքն՝ 2021 թ․ տվյալներով աշխատաշուկայում 13 մլն ավելի քիչ զբաղված կին կա, քան 2019 թ․ ցուցանիշն էր (ILO, 2021)։
Հաշվի առնելով այս պատկերը՝ հոդվածն անդրադառնում է այն հարցերին, թե Հայաստանում կորոնավիրուսի համավարակի բռնկումից ի վեր և հայտարարված արտակարգ դրության պայմաններում հատկապես տնտեսության տուժած ճյուղեր գնահատված ոլորտներում զբաղված կանայք աշխատանքային իրավունքների առնչությամբ ի՞նչ խնդիրների են բախվել աշխատավայրում, ինչպե՞ս են կարգավորել դրանք, ինչպե՞ս են պաշտպանվել նրանց իրավունքները և անվտանգությունը։
Կանանց փորձառությունը
Կանանց հետ մեր հարցազրույցներն ու քննարկումները թույլ են տալիս եզրահանգել, որ հաճախ նրանք դժվարանում են սահմանել և իրենց օրինակով մեկնաբանել աշխատանքային իրավունքները, իսկ աշխատանքային իրավունքների խախտումների մասին առավել ևս բարձրաձայն չեն խոսում կամ չեն էլ մեկնաբանում իրենց հետ տեղի ունեցածը որպես իրավունքի ոտնահարում։ Կանայք հիմնականում առանձնացնում են կորոնավիրուսի համավարակով պայմանավորված աշխատանքային իրավունքներին առնչվող հետևյալ խնդիրները՝
- աշխատանքային պայմանների էական փոփոխություններ,
- գործատուի կողմից աշխատավարձի չվճարում կամ մասնակի վճարում,
- աշխատողների առողջության համար անվտանգ աշխատանքային պայմանների չապահովում կամ թերի ապահովում,
- աշխատանքի փոփոխություն, աշխատանքային ոլորտի փոփոխություն, թերի վճարված արձակուրդայիններ։
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ տնտեսության տարբեր ոլորտներում խիստ սահմանափակումների նախնական փուլում գործադրվեց աշխատանքի հեռավար կազմակերպման եղանակը, որն ունեցավ իր խնդիրները։ Դրանց շարքում կանայք առանձնացնում են աշխատանքի լրացուցիչ ծանրաբեռնվածությունը, աշխատանքային գրաֆիկի փոփոխությունները։ Համավարակի պատճառով տարբեր ոլորտներում կանանց աշխատանքը շատացել էր՝ չուղեկցվելով վարձատրման լրացուցիչ հնարավորություններով, իսկ որոշ դեպքերում վարձատրումն ընդհանրապես կրճատվել է։
Սկզբի 3-4 ամիսը ծանրաբեռնվածությամբ ու բարդությամբ չէր տարբերվում սովորական շրջանից, բայց առաջին ամսվանից հետո մեր աշխատավարձերը 50%-ով կրճատվեցին։ Ապրիլից մինչև հունիսի կեսերը 10:00-18:00 գրաֆիկը պահպանվում էր։ Որոշ աշխատանքներ՝ էլ․ մարքեթինգ, SMM, որոնց ծավալը նույնիսկ կրկնապատկվում էր այս դեպքում․․․ Չէր դիտարկվում, որ դու քո գործը նույն կերպ անում ես։ Այդ կիսված աշխատավարձը պահպանվել է մինչև 2021 թ․ սեպտեմբեր։
Մշակույթի ոլորտում աշխատող կին
Սպասարկման ոլորտում աշխատանքի ծանրաբեռնվածությունը կորոնավիրուսի համավարակի ընթացքում պայմանավորված է եղել գործընկերների հիվանդանալով և միմյանց փոխարինելով՝ ընդհանուր առմամբ մարդկային ռեսուրսի սղությամբ։ Սրա հետևանքով սպասարկման ոլորտի աշխատողները զրկվել են կորոնավիրուսի համավարակի ընթացքում իրենց համար նախկինում սահմանված ազատ ոչ աշխատանքային օրերից և արձակուրդից։
Ո՛չ հանգստյան օր ենք ունեցել, ո՛չ էլ արձակուրդ վերցնելու հնարավորություն էդ օրերին․ փետրվարի վերջից մինչև սեպտեմբերի սկիզբը։ Անգամ տանը չենք մնացել։ Իսկ սովորական պայմաններում շաբաթը մեկ օր տանն ենք եղել ու երբ ցանկություն ենք ունեցել, արձակուրդ ենք գնացել։ Գործատուն ասում էր, որ իրավունք չունի նոր աշխատակից ընդունելու, մենք էլ շատ ենք իրենց անհրաժեշտ, ու իրենք չեն կարող մեզ տրամադրել մեր հանգստյան գոնե մեկ օրը։
Սննդի առևտրի ոլորտում աշխատող կին
Քովիդի շրջանում էլ ենք աշխատել, բայց ոչ նույն կազմով։ Ովքեր հիվանդանում էին, աշխատանքի չէին գալիս, իրենց գործն էլ էր մնում մեզ վրա։ Հիմնականում օնլայն բաժնում էինք աշխատում, խանութ մարդ չէր գալիս։ Էդպես ավելի ծանրաբեռնված էր, քան եթե մարդիկ հաճախեին, ու ես գանձապահ աշխատեի։ Մարդիկ ապրանքներ էին պատվիրում, դու ընտրում էիր, չգիտեիր՝ կհավանեն, թե ոչ, ու դրա պատճառով լրացուցիչ խնդիրներ էին առաջանում։
Սննդի առևտրի ոլորտում աշխատող կին
Լրացուցիչ ծանրաբեռնվածության հետևանքով ազատ օրերից և արձակուրդից զրկված սպասարկման ոլորտի աշխատակիցները հաճախ անգամ օրվա ընթացքում իրենց հասանելիք ընդմիջման ժամերից օգտվելու հնարավորություն չեն ունեցել։ Թեև այս խնդիրները անհանգստացրել են կանանց, միաժամանակ հիմք չեն դարձել սեփական իրավունքները պաշտպանելուն ուղղված քայլեր ձեռնարկելու համար, քանի որ մեծ մասամբ կանայք չեն տիրապետել իրենց աշխատանքային իրավունքներին, իսկ գործատուների կողմից կիրառվող այդ չարաշահումներին ենթարկվելը հաճախ արդարացրել են սեփական աշխատանքը սիրելու հանգամանքով։ Կանանց հետ հարցազրույցներից նկատում ենք, որ երբեմն նրանք գիտակցել են իրենց աշխատանքային իրավունքների խախտումները՝ ձևակերպելով դրանք իբրև աշխատանքային իրավունքների ոտնահարում, սակայն այդ գիտակցումը դրանց մասին բարձրաձայնելու կամ այլ ատյաններում պաշտպանություն փնտրելու գործողության չի վերաճել։ Հեռավար աշխատանքից զատ, հանրակրթության հեռավար կազմակերպումը կանանց, մայրերի և հատկապես միայնակ մայրերի համար լրացուցիչ խոչընդոտներ է առաջացրել, որոնց մի մասը կապված է եղել ֆինանսական խնդիրների հետ։ Համացանցի անխափան առկայության անհրաժեշտությունն աշխատանքի և երեխաների դասապրոցեսի կազմակերպման համար և դրա համար վճարը սոցիալական սուղ պայմաններում ապրող կանանց է՛լ ավելի վատթար դրության մեջ են դրել։
Մենակ ինտերնետի մուծումը, որ կոպիտ ասած՝ քեզանից էլ կտրում էիր, մի բան չէիր առնում կամ չէիր տալիս երեխային, որ դա կազմակերպես, մուծես ժամանակին, որ երեխան դասերից հետ չընկնի։ Տեղից դժվար ա․ իրանք Zoom-ով են անում, մեկը լսվում ա, մեկը չի լսվում, մեկը ունի ինտերնետ, մեկը՝ չունի, չգիտեմ, էս կողմով մի քիչ թույլ ենք, էլի։
Սննդի առևտրի ոլորտում աշխատող կին
Կորոնավիրուսի համավարակի պայմաններում և հատկապես հայտարարված արտակարգ դրության ժամանակ աշխատանքային պայմանները էական փոփոխությունների ենթարկվեցին։ Այդ փոփոխված պայմաններում կանայք բարձրաձայնում են աշխատավայր հասնելու խնդրի մասին, քանի որ սահմանափակումների սկզբնական փուլում հասարակական տրանսպորտի աշխատանքը ևս դադարեցված էր, ինչը կանանց էական անհարմարությունների և ֆինանսական խնդիրների առաջ է կանգնեցրել։
Քովիդի ժամանակ աշխատել ենք, բայց որ տրանսպորտ չկար, այդ ժամանակ ոտքով ենք գնացել տուն կամ տաքսիներով ենք երթևեկել։ Չնայած գործատուները պարտավոր էին տաքսիի գումար վճարել, բայց մեկումեջ են վճարել։ Ամեն դեպքում, դե չես կարող չաշխատել․ ընտանիք ես պահում, երեխա ես պահում․․․ Էն, որ աշխատածիդ կեսն էլ ճանապարհներին ես ծախսել, բայց մի կերպ գնացել ես աշխատանքի։
Սննդի առևտրի ոլորտում աշխատող կին
Հետազոտությանը մասնակցած կանայք նաև աշխատանքային փորձառություն ունեն այն ոլորտներում, որոնց գործունեությունը համավարակի սկզբնական փուլում ժամանակավորապես դադարեցվել է։ Համավարակը առևտրի ոլորտում փոխեց վաճառքի ընթացքը, և որոշ գործատուներ ուշացնում էին աշխատավարձը կամ խնդիրներ առաջացնում այն վճարելիս, ինչն էլ կանանց համար աշխատանքը թողնելու պատճառ էր դառնում։ Անգամ գրանցված և պայմանագրով աշխատող կանայք են բախվել նման մարտահրավերների՝ չստանալով աշխատավարձ կամ որևէ փոխհատուցում գործատուի կողմից։
Մարտից մինչև մայիս չենք աշխատել, ու աշխատել եմ մինչև հուլիսի սկիզբը։ Նույն աշխատավարձն էինք էլի ստանում, բայց շատ դժվարությամբ էին աշխատավարձը տալիս, քանի որ նաև վաճառքն էր նվազել, նախկին շրջանառությունը չէր, ու էդ պատճառով ես դուրս եկա։
Հագուստի խանութում աշխատող կին
Ես ամեն դեպքում գործս փոխել էի, բայց ոնց որ իրանք ինձ կես դրույքով պահել էին ու կես դրույքով ինձ ամեն ամիս 9000 դրամ փող էին փոխանցում, չգիտեմ՝ ինչի էր իմ կես դրույքի գումարը էդքան։
Զբոսաշրջության ոլորտում աշխատող կին
Այս դեպքերում կանանց համար ժամանակավոր լուծում են եղել պետության տրամադրած միանվագ աջակցության ծրագրերը։ Կանանց փորձառություններն ու կենսապայմանները տարբեր են եղել, և նույնիսկ սահմանափակումների պարագայում ժամանակավոր չաշխատելու հետևանքով ֆինանսական խնդիրները խիստ ծայրահեղ չեն եղել, եթե կանանց ընտանիքներում եղել են այլ աշխատողներ։ Սակայն որոշ դեպքերում կանայք միայնակ մայր կամ ընտանիքում միակ աշխատող են եղել։
․․․Մենք մեզ հարմարվել ենք, դե երեխեքս աշխատում էին, ամուսինս աշխատում էր․․․ Ամեն մեկիս տանը երևի մի աշխատող կար, էդ աշխատանքով յոլա էինք գնում, որովհետև էնպիսի հիմնարկներ կային, որ չկանչեցին գործի, բայց ասեցին՝ մնացե՛ք տունը, երբ անհրաժեշտություն լինի, կկանչենք, բայց էդ մարդիկ աշխատավարձ ստացան։
Կարի արտադրությունում աշխատող կին
Կորանավիրուսի համավարակով պայմանավորված՝ գործատուները պարտավոր էին ապահովել աշխատողների առողջության և անվտանգության պայմանները։ Համընդհանուր տագնապի և անորոշության, ինչպես նաև մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրության պայմաններում, որով սահմանափակվում էր տնտեսության տարբեր ճյուղերի աշխատանքը (ARLIS, 2020), արտադրամասերում աշխատող կանայք գործատուի դրդմամբ շարունակել են աշխատել և ավարտին հասցնել աշխատանքը։
Մեր անվտանգության համար կարող էր ինքը [գործատուն] ժամանակին էդ սահմանափակումները մտցնել, բայց քանի որ մենք պատվեր ունեինք, էդ պատվերը պետք էր անպայման հասցնել, մեզ չկարողացան ժամանակին տուն ուղարկել, մի քանի օր մենք աշխատեցինք, որպեսզի կարողանանք էդ մեր պատվերը հասցնել, հետո նոր գնանք տուն։
Կարի արտադրամասում աշխատող կին
Սպասարկման ոլորտում աշխատող կանայք աշխատողների անվտանգության ապահովման պատրաստակամությունը մեկնաբանում են իբրև գործատուի շահերից բխող մի բան, ոչ թե աշխատակիցների մասին հոգատարության, նրանց իրավունքի և անվտանգության պաշտպանության հարց։
Անվտանգության համար հատուկ պատնեշներ էին դրել, որ մարդկանց հետ շփումը քիչ լիներ, ձեռնոցներ էին տրամադրում, դիմակներ, ալկոգել, որ հնարավորինս պաշտպաներ աշխատակիցներին, քանի որ իրենցից էլ բխում էր շահույթը։
Սննդի առևտրի ոլորտում աշխատող կին
Եթե ընդհանրացնենք, ապա կանայք հիմնականում դրական էին գնահատում համավարակի ընթացքում իրենց գործատուների իրականացրած անվտանգության միջոցառումները և փաստում, որ ամեն ինչ արվել է օրենքի և պարետատան պահանջներին համապատասխան։
Քովիդը որ սկսվեց, մեզ մոտ ալկոգելեր բերեցին, բայց մի երկու շաբաթ հետո փակվեց ընդհանրապես։ Հետո, երբ նորից բացվեցինք, ձեռնոցներ, ալկոգել, 5 րոպեն մեկ՝ ախտահանում, 2 ժամը մեկ՝ դիմակ փոխել, օրվա վերջում էլ՝ ավելի մանրակրկիտ ախտահանում, քան նախկինում։ Երբ վարակակիրների թիվը նվազեց, էլ ձեռնոցներ չէինք կրում։ Հետո՝ պատերազմի ժամանակ, մարդիկ անտարբեր դարձան։ Մենք դիմակներ կրում էինք, բայց հաճախորդները չէին կրում։ Մենք շարժվում ենք իրենց օրենքներով․ ինչ իրենք գործատուին են ասում, գործատուն էլ մեզ է ասում, պահանջում։
Սրճարանում աշխատող կին
Մեզ մոտ խիստ ուշադրություն է դարձնում մեր տնօրենը։ Առանց դիմակի թույլ չի տալիս ո՛չ աշխատողին, ո՛չ հաճախորդին։ Հիմնականում մաքրությանն է հետևում ու պահանջում բռնակների ախտահանում և այլն։ Էդպիսի դեպք չի եղել, որ մեկը գա ու ասի, որ մեր մոտից վարակվել է։
Գեղեցկության սրահում աշխատող կին
Սակայն քիչ չեն դեպքերը, երբ կանայք ստիպված են եղել սեփական միջոցներով ապահովել կանխարգելիչ միջոցները իրենց անվտանգության համար։
Հիմնականում մենք մեր միջոցներով ենք մեզ ապահովել անվտանգության պարագաներով։ Գործատուն միանգամյա օգտագործման երկու դիմակ էր տրամադրում՝ մի քանի օրը մեկ։ Մենք էլ ստիպված բազմակի օգտագործման դիմակներ էինք կրում։ Մյուս պարագաներով էլ մենք էինք մեզ ապահովում, որովհետև իրենց տրամադրածը շատ վատ որակի էր, չէինք էլ օգտագործում։
Հագուստի առևտրի ոլորտում աշխատող կին
Ինչպես պատմում են կանայք, անվտանգության միջոցառումներն ավելի խիստ են պահպանվել համավարակի սկզբնական փուլում։ Հետազոտությանը մասնակից կանանց մի մասը հետազոտության իրականացման պահին արդեն փոխել էր աշխատավայրը և հետահայաց էր գնահատականներ տալիս, իսկ ներկա աշխատավայրում և համավարակի տվյալ փուլում հակահամաճարակային միջոցառումների պահպանումն արդեն անհետևողական և ոչ խիստ էին։
Սկզբից բոլորս պարտադրաբար ամեն օր ստանում էինք ձեռնոցներ, դիմակներ, հիմա մի քիչ ավելի ազատ է ժողովուրդը, կարծես էս պատերազմից հետո վախն էլ անցավ կովիդի, արդեն չենք կրում տենց բաներ։
Քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցում աշխատող կին
Ընդհանրապես գործունեությունը դադարեցրած ոլորտներից սպասարկման ոլորտում, հատկապես գեղեցկության սրահներում, զբոսաշրջության և այլ տուժած ոլորտներում աշխատող կանայք համավարակի բերած անորոշության պայմաններում կորցրել են աշխատանքը կամ ստիպված են եղել փոխել աշխատանքի ոլորտը՝ սոցիալ-տնտեսական կայունության հասնելու համար։ Սա բարդ փոփոխություն և որոշում է եղել կանանց համար, հատկապես այն պարագայում, երբ արդեն կորցրած աշխատանքն ունենալու համար կանայք իրենց կյանքի տարբեր փուլերում մտավոր, ֆինանսական, ժամանակային մեծ ներդրումներ էին արել և ջանք թափել։
Տենց գոհ չեմ [նոր աշխատանքից]։ Ես կուզեի իմ գործը անեի սալոնում, բայց դե հիմա մարդիկ կան՝ վախենում են դուրս գան տանից, քանի որ դեպքերը էլի շատացել են։ Հիմա էլի դժվար է շատ հավաքել [հաճախորդներ]։ Նայեք՝ ճանապարհները փակ, տուրիստներ չեն գալիս, էդ ամեն ինչը կապ ունի էլի իրար հետ։ ․․․հաճախորդներիս, որ արդեն կորցրեցի, գումար արդեն չաշխատեցի, ոնց որ ավելի դժվարացավ։ Երկու ամիս տանն եմ մնացել, հետո գնացի աշխատանքի։ Լինում էին գործեր էդ ընթացքում, մեկ, երկու հաճախորդ, հետո իրենք էլ ցրվեցին․ մեկը հիվանդացավ, էն մեկը մի այլ պատճառով չեկավ։ Ամեն դեպքում անդրադարձել ա էլի [համավարակը] ու վատ։
Գեղեցկության սրահում աշխատող կին
Ինքը [տուրիզմը] շատ-շատ լավն ա, շատ կայֆն ա, ընտիր ոլորտ ա, էն որ դու ամեն ինչ տեսնում ես․․․ Շատ լավ ա աշխատելը, ես սիրում եմ, բայց հիմա ես ռիսկ չեմ անում հետ դառնամ, որովհետև բացի նրանից, որ 24/7 ա, ու դու դրա դիմաց չես վարձատրվում, դու պիտի շատ սիրես էդ գործը ու վերջ: Հիմա ես ռիսկ չեմ անում․․․
Զբոսաշրջության ոլորտում աշխատող կին
Աշխատանքը փոխելու դեպքում կանայք գործատուների կողմից իրենց աշխատանքային փորձին ու պայմաններին համարժեք արձակուրդային վճարներ չեն ստացել, ինչի մասին որոշ դեպքերում բարձրաձայնել են, բայց բավարարող պատասխան չեն ստացել, որոշ դեպքերում էլ իրենց ենթադրությունն ու բացատրությունն են գտել։
Եթե դու չես օգտագործում քեզ հատկացվող արձակուրդը 20 օր տարվա մեջ, վերջնահաշվարկի տեսքով վերջում ստանում ես, որովհետև դու չես գնում կամ ինչ-որ գործ ունես, չես կարողանում գնաս։ Մեր կազմակերպության դեպքում իրենք պարտադրում էին, որ մինչև տարվա վերջ պարտադիր քո արձակուրդը օգտագործես։ Եթե չէիր օգտագործում արձակուրդդ, չէիր գնում, որը քո խնդիրն էր (կարաս գնաս, կարաս՝ չէ), տարվա վերջ ստանում էիր արձակուրդայինդ, որը չգիտեմ ոնց էր հաշվարկվում, իրոք չեմ հասկանում, որ արձակուրդայինը պետք ա լինի քո աշխատավարձի մոտավորապես 80 տոկոսի կարգի, հա՞, 80-90 տոկոսին համապատասխան։ Մենք 40-50 տոկոս արձակուրդային էինք ստանում։ Երբ հարցնում էին՝ ինչի՞, ասում էր․ «Դե կովիդի տարում դուք ամբողջ դրույքով չեք աշխատել, կես եք գրանցվել, դրա համար սկզբի 6 ամիսը չի հաշվվում․․․»։ Սենց հեքիաթներ էր պատմում։
Զբոսաշրջության ոլորտում աշխատող կին
Ես կորոնավիրուսով վարակվելու ընթացքում վճարվել եմ իմ կես դրույքի չափ, չեմ ծանուցվել, որ արձակուրդ է ձևակերպվում, բայց վերջնահաշվարկս շատ փոքր գումար է կազմել, այն դեպքում, որ ես ամեն տարի մեկ շաբաթ չօգտագործած արձակուրդ եմ ունեցել։ Դրա համար ես ենթադրում եմ, որ էդ ընթացքում արձակուրդ է ձևակերպվել։ Ես զզված էի էդ ամեն ինչից ու չեմ պահանջել ոչ մի թուղթ, որ իմանայի՝ ինչ է եղել։
Մշակույթի ոլորտում աշխատող կին
Կանայք հազվադեպ էին անկեղծանում ու խոսում գործատուների խախտումների և չարաշահումների մասին՝ փորձելով «մտնել նրանց դրության մեջ», արդարացնել նրանց գործողությունները, երբեմն էլ՝ անգործությունը։ Իսկ այն դեպքերում, երբ կանայք հստակ գիտակցել են, որ խախտվել են իրենց աշխատանքային իրավունքները, նախևառաջ փորձել են բանակցել գործատուի հետ՝ խնդրի կարգավորման հեռանկարով, որը ոչ միշտ է արդյունավետ եղել։ Այլ մարմինների դիմելու հնարավորությունը կանայք անիմաստ են համարել՝ հիմնավորելով դա գործատուի բնավորությանը ծանոթ լինելու և լրացուցիչ քաշքշուքի մեջ չընկնելու հանգամանքներով։ Որպես այլընտրանքային ճանապարհ՝ կանայք ընտրել են աշխատանքից ինքնակամ հեռանալը կամ աշխատանքային գրաֆիկի փոփոխությունը։ Եղել են դեպքեր, որ համավարակի ընթացքում կանանց աշխատանքը իրենց առաջին փորձն է եղել, և գործատուները, օգտվելով առիթից, չարաշահել են նրանց աշխատանքային իրավունքները։ Թեև կանայք ծանոթ չեն եղել իրենց իրավունքներին, բայց գիտակցել են, որ աշխատավայրում իրենց հանդեպ վերաբերմունքն անարդար է։
Հունիսին փորձաշրջան եմ անցել, հուլիսից՝ աշխատանքի, բայց պայմանագիրը կնքվել է նոյեմբերին։ Իմ առաջին աշխատանքն էր, էդքան ուշադրություն չէի դարձնում։ Հաշվապահը ինչ-որ փաստաթղթեր էր ուզում, որոնք գյուղում էին, ասում էր՝ ոչինչ, հետո բեր։ Չէի հասկանում, որ հարկ է, ստաժ է, էդպիսի հարցեր կան։ Քովիդի ժամանակ ասացին, որ կես դրույքի հետ կապված՝ պայմանագրերը վերանայվելու են, բայց էդպես էլ չուղարկեցին, ու չգիտեմ՝ նորը կազմվե՞լ է, ե՞ս չեմ ստորագրել, թե՞ չի էլ կազմվել։
Մշակույթի ոլորտում աշխատող կին
Այսպիսով՝ կանայք, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, բազմաթիվ խնդիրների են բախվել իրենց աշխատանքային պրակտիկայում, որոնք այս կամ այն չափով խախտել են նրանց իրավունքները, սակայն միշտ չէ, որ բավարար կարողություն, երբեմն էլ ցանկություն ու մտադրություն են ունեցել այդ խնդիրները կարգավորելու։
Թվում է՝ աշխարհը որոշակիորեն կարողացել է հաղթահարել կորոնավիրուսի համավարակն ու դրա հետևանքները, սակայն աշխատանքային իրավունքների ոլորտում համավարակով պայմանավորված բացերը վերհանելու, դրանք կարգավորելու և հետագայում նման ճգնաժամային իրադրություններում մարդկանց ապահովագրելու հարցերը բարձրաձայնելն ու լուծումներ գտնելը մնում են արդիական։
Հեղինակներ՝ Մարիամ Խալաթյան
Նվարդ Մարգարյան
[1] Հետազոտական տեղեկատվության հավաքագրումն իրականացվել է որակական մեթոդաբանությամբ՝ երեք փուլով։ Առաջին փուլում կատարվել է փաստաթղթերի քարտեզագրում՝ ներառելով պետության, միջազգային կազմակերպությունների և տեղական քաղհասարակության կազմակերպությունների տրամադրած սոցիալ-տնտեսական աջակցության ծրագրերը, օրենսդրական փոփոխությունները և նախագծերը, իրականացված հետազոտությունները, մեդիա հրապարակումները և այլն և դրանց երկրորդային վերլուծություն։ Տեղեկատվության հավաքման երկրորդ փուլում փորձագիտական hարցազրույցներ ենք իրականացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Ազգային ժողովի, Առողջության և աշխատանքի տեսչական մարմնի, ՄԻՊ-ի, Արհմիությունների կոնֆեդերացիայի, ՀԿ-ների և միջազգային կազմակերպությունների 10 ներկայացուցչի հետ։ Փորձագիտական հարցազրույցների արդյունքում դուրս բերված թիրախային և առավել տուժած ոլորտներից 12 կնոջ հետ իրականացրել ենք տրիադաներով խմբային քննարկումներ և անհատական խորին հարցազրույցներ։
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՂՈՒՄՆԵՐ
- Խալաթյան Մ․, Մարգարյան Ն․ (2022). Կորոնավիրուսի համավարակի ազդեցությունը Հայաստանում կանանց աշխատանքային իրավունքների իրադրության վրա. (Մանուսյան Ա., խմբ․)․ Սոցիոսկոպ
- ՀՔԱՎ. (2020). Կովիդ 19-ը և կանանց իրավունքները. ուղեցույց․ վերցվել է՝ https://bit.ly/3FEBvSA
- ՀՀ վիճակագրական կոմիտե․ (2009). Աղքատության մակարդակի գնահատումը Հայաստանում. մեթոդաբանական պարզաբանումներ․ վերցվել է՝ https://armstat.am/file/article/poverty_2009_6.pdf
- ՀՀ վիճակագրական կոմիտե. (2021). Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը. վերցվել է՝ https://armstat.am/am/?nid=81&id=2438
- ՀՀ վիճակագրական կոմիտե․ (2021)․ Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը․ վերցվել է՝ https://armstat.am/file/article/sv_12_20a_142.pdf
- ՀՀ վիճակագրական կոմիտե․ (2021)․ Հայաստանի կանայք և տղամարդիկ․ վերցվել է՝ https://www.armstat.am/file/article/gender_2021.pdf
- ARLIS (2020)․Պարետի որոշում N 27. Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ. վերցվել է՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=141040
- ILO․ (2020)․ Rapid Assessment of the Employment Impact and Policy Responses of the COVID-19 Pandemic on Armenia. Retrieved from https://bit.ly/3vMsqDU․
- ILO․ (2021)․ Policy Brief. Building Forward Fairer: Women’s Rights to Work
and at Work at the Core of the COVID-19 Recovery. Retrieved from https://bit.ly/3vZ4ugF. - World Bank․ (2021)․ Monitoring Impacts of Covid-19 in Armenia (Armenia High-frequency survey wave -1 (AHFS-1): July-September 2020.
Ֆինանսավորումը՝