Ի հիշատակ Սերգեյ Փարաջանովի

Այսօր խորհրդային կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է։

Նա ապրել է բուռն կյանքով, թողել կարևոր հետք ինչպես համաշխարհային կինոյի, այնպես էլ խորհրդային ավտորիտարիզմի դեմ պայքարի պատմության մեջ՝ դառնալով արվեստի և սեռական դիսիդենտության խորհրդանիշներից մեկը։

Նրա կյանքի որոշ դրվագների անդրադարձել ենք «Սեռականությունը հայկական [համա]տեքստերում» (2019) գրքում:

[Փարաջանովի] «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը (1964) ներկայացնում էր ձնհալի սերնդին` խորհրդային «վաթսունիստներին» («шестидесятники») բնորոշ պոետիկ կինոռեժիսուրան[1], այն շատ արագ միջազգային ճանաչում և հաջողություններ գրանցեց, ինչպես նաև արժանացավ խորհրդային քննադատների գովասանքին։ Փարաջանովի այդ և հաջորդ՝ «Նռան գույնը» (1969) ստեղծագործությունները պարունակում էին ծիսական-ազգագրական ազգայնականության, ժողովրդական կրոնականության, արխայիկ միստիկականության և էրոտիզմի խորհրդանշական տարրեր, դրանց պոետիկ սյուրիալիստականությունը հակադրվում էր սոցիալիստական ռեալիզմի պետական պահանջներին։ Ե՛վ թեմատիկ, և՛ ոճական առումով Փարաջանովի ստեղծագործական գործունեությունը հակասում էր հետխրուշչովյան նորստալինականների՝ իշխանության կենտրոնացման և խստացման քաղաքականությանը։

«Տղամարդկանց հետ սեռական հարաբերություններն ինձ համար ավելի գրավիչ էին, քան կանանց հետ մերձեցումը։ Եթե կանանց հետ հարաբերությունից ես կարող էի առանց ցավի ձեռնպահ մնալ, ապա տղամարդկանց հանդեպ կրքի պոռթկումները բառացիորեն այրում էին ինձ», – հատված 1974 հունվարի 21-22-ի հարցաքննությունից։

Որքան էլ որ Փարաջանովի նույնասեռական կամ երկսեռական կողմի մասին հայտնի է հետազոտողներին, նրա ընկերներին և ընտանիքին[2], ինչպես նաև լայն հանրությանը, այն պաշտոնապես ճանաչված փաստ չէ Հայաստանում։ Սերգեյ Փարաջանովի թանգարանի կայքում ներկայացված կենսագրությունը լռում է 1948-ի դատապարտվածության մասին, իսկ երկրորդ (1973-74) գործի նույնասեռականությանն առնչվող մանրամասները և դրա քաղաքական հետնախորքը զտված և լղոզված տեսքով են ներկայացված:

Հայկական սովետական հանրագիտարանի` 1986-ին լույս տեսած հատորում «հայ սովետական կինոռեժիսոր» Փարաջանովի անունն արդեն ներկա է, փակագծերում նշված է նրա ազգանվան հայկական տարբերակը` Փարաջանյան (…)։ Նկարագրված է ֆիլմացանկը, հիշատակված են միջազգային ճանաչում ստացած երկու ֆիլմը և Փարաջանովի ֆիլմերի ընդհանուր բնութագիրը։ Սակայն նրա բուռն արվեստային, քաղաքական և անձնական կենսագրությունը նույնիսկ «պերեստրոյկայի» և «գլասնոստի» ժամանակներում թողնված են ստվերում։

Այն փաստը, որ նույնիսկ այնպիսի հանրահայտ, սիրված և պաշտամունքային կերպարի շուրջ, ինչպիսին Փարաջանովն է, Հայաստանում դեռևս քողարկված մութ անկյուններ են պահպանվում, բացատրում է ներկայումս գործող և ապրող մարդկանց նույնասեռականության և/կամ երկսեռականության մասին լռությունը։ Մինչ օրս Հայաստանում լռեցվում է պատմական, առավել ևս ժամանակակից հանրային գործիչների նույնասեռական կամ երկսեռական հակումների մասին տեղեկատվությունը կամ շահարկվում՝ ի վնաս նրանց։

Հատվածներ Ժամակոչյան Ա., Դանիելյան է. (2019) Նույնասեռականությունը՝ իրավաքաղաքական ազատության չափանիշ խորհրդային շրջանում. Սեռականությունը հայկական [համա]տեքստերում գրքից, էջեր 239-292

Լուսանկարը՝ Վահե Բուդումյանի․ Մոսկվա կինոթատրոնի դիմաց Սերգեյ Փարաջանովի անունով աստղային սալահատակ, 2019

[1] Փարաջանովը խորապես ազդվել էր Անդրեյ Տարկովսկու «Մանկությունը Իվանի» (1962) ֆիլմի պոետիկությունից, որից դրդված էլ փոխեց իր աշխատելաեղանակը և ոճը (Batuman, E. (2010.03.13). Sergei Paradjanov: film-maker of outrageous imagination. https://www.theguardian.com/film/2010/mar/13/sergei-paradjanov-films-gulag):

[2] Փարաջանովի որդին հոր նույնասեռական կապերը հավանական է համարում (2015.09.29) Pink Armenia. http://www.pinkarmenia.org/news/parajanov-son/#.XR0XAP6YPVI

Պիտակներ

Հանգանակություն

Գումարը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարներին` նպատակի դաշտում նշելով «նվիրատվություն»:

Ինեկոբանկ
2052822181271008 (AMD)
2052822181271022 (USD)
2052822181271042 (EUR)
SWIFT code INJSAM22