Հասարակագիտության ռազմականացման հասարակագիտական քննադատություն

Ջոն Գիլիսը[1] պնդում է․ «Ռազմականացումը հին գաղափար է, որ ենթադրում է ռազմական իշխանության գերակայություն քաղաքացիականի նկատմամբ, իսկ ավելի ընդհանուր՝ ռազմատենչ արժեքների գերիշխում հասարակության մեջ» (Gillis, 1989, 1)։ Ռազմատենչ արժեքները, ինչպես պնդում է հեղինակը, առաջ են քաշում անվերապահ կամ չհարցադրվող հայրենասիրությունն իբրև գերակա էթոս:

Քեթրին Լաթսն[2] իր հերթին առանձնակի ուշադրություն է դարձնում ռազմականացման և բռնության միջև կապին՝ երևան բերելով դրա խորքային շերտերը։ Ռազմականացումն, ուստի, մի գործընթաց է, որ համախմբում է աշխատուժն ու հանրային միջոցները ռազմական նպատակներին ծառայեցնելու համար՝ միաժամանակ կերպափոխելով մնացյալ հասարակական ինստիտուտներն այնպես, որ դրանց գործունեությունը համապատասխանի ռազմական նպատակներին: Ավելին, ռազմականացումը նաև դիսկուրսիվ գործընթաց է, որ փոխում է հասարակական արժեքներն այնպես, որ դրանք անհրաժեշտաբար օրինականացնեն ուժի կիրառությունը։ Ռազմականացումն անմիջականորեն կապված է ոչ միայն բանակների և ռազմական ազգայնականության աճի հետ, այլև ազգային կամ հասարակական այնպիսի պատմությունների ստեղծման հետ, որոնք փառաբանում են և օրինականացնում ռազմական գործողությունը (Lutz, 2001)։

Արևմտյան հետազոտողները ռազմականացման այս բարդ գործընթացում առանցքային ուշադրություն են դարձնում համալսարաններին իբրև ռազմական և խոշոր տեխնոլոգիական կորպորացիաների կողմից յուրացվող հանրային տարածքներ, որոնք էական դեր ունեն աշխարհի մասին ռազմականացված գիտելիքի արտադրության մեջ, գիտելիք, որ սնում է քաղաքացիականության մասին ռազմական պատկերացումները (Giroux, 2008):

Ամերիկյան համալսարանների աճող ռազմականացումը Ժիրուն կապում է նորազատական քաղաքականությունների և հատկապես սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներին հաջորդած և դրանցով սնուցվող հայրենասիրական գաղափարաբանության հետ, որը համալսարանները դարձնում է ռազմականացված գերարդի գիտելիքի գործարաններ: Ճիշտ է, ազգային անվտանգության ծառայությունների և համալսարանների միջև համագործակցությունը ԱՄՆ-ում զարգացել է դեռևս Սառը պատերազմի տարիներին, սակայն 9/11-ի գործողություններն այն խթանն էին, որ, ինչպես պնդում էր Լաթսը, օրինականացրին ռազմական ինստիտուտների ներխուժումը համալսարաններ։ Այդ ներխուժումն արտահայտվում է նախևառաջ համալսարաններին տրամադրվող մեծ ֆինանսական միջոցներով, որոնք սահմանում են գիտական հետազոտությունների [ռազմական] առաջնահերթությունները  և մշակում այնպիսի գիտական ապարատ, որ մտնում է ահաբեկչության դեմ անվերջ պայքարի հորձանուտի մեջ՝ վտանգելով տեղավորել ակադեմիան լայն մի նախագծի մեջ, որտեղ ռազմականացված պատումները, արժեքները և մանկավարժական պրակտիկաները դառնում են սովորական: Ավելին, համալսարանական ռազմականացված հետազոտությունները և դրանց հիման վրա մշակվող քաղաքականությունները նպատակադրված են այնպիսի աշխատատեղերի ստեղծմանը, որոնք պատերազմող երկրի տրամաբանության ծիրում են։ Ավելին, ամերիկյան համալսարանների պրոֆեսորներն իրենց մտահոգությունն են հայտնում առ այն, որ որոշ խոշոր ամերիկյան համալսարաններում Հետաքննության դաշնային բյուրոյի, Պենտագոնի կամ այլ ռազմականացված պետական կառույցի պաշտոնանկ ներկայացուցիչները համալսարաններում նշանակվում են ղեկավար-վարչական պաշտոններում (ֆակուլտետի դեկան, խորհրդատու կամ նախագահ) (Giroux, 2008, 65-66):

Այս տեսանկյունից առաջ է գալիս առանցքային մի հարց. ի՞նչ պետք է անի բարձրագույն կրթության համակարգն այն պայմաններում, երբ կառավարություններն ազատ են անել այն ամենը, ինչ ցանկանում են՝ ազգային անվտանգության անվան ներքո։ Բարձրագույն կրթական հաստատություններն իբրև ժողովրդավար հանրային տարածքներ վերագրավելու առանցքային քայլերից մեկը թերևս քննադատ սուբյեկտների ձևավորման համար պայմանների վերաստեղծումն է: Այս տեսանկյունից ռազմականացման իրական ընդդիմությունը մանկավարժությունն է իբրև մշակութային քաղաքականության ձև, որ վերլուծում է իմաստների արտադրությունն ու դրանց վերաներկայացումը, ինչպես նաև խորքային կերպով ըմբռնում է և երևան բերում ուժի դիսկուրսն ու պրակտիկաները:

Նկատի առնելով համալսարանական կրթության ռազմականացման համաշխարհային համատեքստը՝ ինձ հետաքրքիր են տեղում բանակի և անվտանգության թեմաները հետազոտելու գաղափարական շրջանակը և եղանակները, այն գործընթացները և համատեքստերը, որոնք մղել են ակադեմիական հասարակագիտական կրթության քաղաքականությունների անկյան տակ վերջիններիս ակտուալացմանը։

Հասարակագիտական գիտելիքի ռազմականացված ռեժիմը հատկապես սրվել է Ղարաբաղյան կոնֆլիկտի 2016 թ․ ապրիլյան թեժացումից և այդ իրադարձությունից հղացած «ազգ-բանակ» հայեցակարգի ձևակերպումից հետո։ Հայեցակարգի մշակողներից և առաջամարտիկներից էր նախկին ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը, որ 2016 թ․ հոկտեմբերի 29-ին պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստի ընթացքում հայտարարել է․ «․․․ Բայց ազգ-բանակն անհամեմատ ավելին է, քան ազգային բանակը: Քանի որ ազգային բանակը ծառայում է ազգին, իսկ ազգ-բանակը` հենց ինքն ազգն է: ․․․ Ազգ-բանակը դա այն հասարակությունն է, որը գործում է որպես մեկ միասնություն: Դա չի նշանակում հասարակության կամ պետության ռազմականացում: Ճիշտ հակառակը, նշանա­կում է բանակի ժողովրդավարացում, լիարժեք ինտեգրում հասարակության, տնտեսության, մշակույթի, կրթության և գիտության, բնապահ­պա­նության, սպորտի բնագավառներ: Դա նշանակում է բանակի ստեղծածն ու ձևավորածը ծառայեցնել ողջ հասարա­կու­թյանն ու պետությանը, իսկ քաղաքացիական կյանքի բոլոր ձեռքբերում­ներով ամրապնդել երկրի զինված ուժերը»[3]: Թերևս կանխատեսելով «ազգ-բանակ» հայեցակարգի հետագա քննադատության ալիքը (որն, ի դեպ, եկավ ոչ թե ակադեմիական հասարակագիտական շրջանակներից, այլ քաղաքացիական հասարակությունից և արտահիմնարկային մտավոր ներուժից ու անկախ հետազոտական խմբերից (տե՛ս օրինակ՝ Ժամակոչյան, 2016)՝ Սարգսյանը նախահարձակ է լինում՝  հայտարարելով, թե բանակ հանդիսացող ազգը չի փաստում պետության կամ հասարակության ռազմականացում։ Այնինչ, հայեցակարգի ողջ տրամաբանությունը հասարակական բոլոր ոլորտներ մխրճվող բանակի և հասարակության՝ իբրև մի ամբողջի, անվերապահ ենթարկեցումն է բանակային կամ անվտանգային քաղաքականություններին։

Սարգսյանական «ազգ-բանակ» ռազմատենչ հայեցակարգին հաջորդեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի ընդունման կառավարության նախաձեռնությունը 2017 թվականին, որով սահմանափակվում էր տարկետման իրավունքը՝ հակասելով կրթության շարունակականության և անընդհատության սահմանադրական սկզբունքին: Այս օրինագծի ընդունման դեմ «Տարկետում լինելու ա» անվամբ քաղաքացիական-ուսանողական շարժում ձևավորվեց, որն իր բնույթով և նպատակով խորապես կապված էր դեռևս 2004 թվականին նույնանման օրինագծի դեմ դուրս եկած «Հանուն գիտության զարգացման» ուսանողական դիմադրության խմբին: Վերջինիս հաջողվել էր 2004-ին կանխել կառավարության կողմից խնդրահարույց օրինագծի ընդունումը՝ շրջանառությունից հանելով այն: Արդեն 13 տարի անց ռազմականացման հերթական ալիքի դեմ 2017-ի պայքարին իրենց համերաշխությունը հայտնեցին 2004-ի ուսանողական-գիտական նախաձեռնության շատ անդամներ՝ «ազգ-բանակ» հայեցակարգը դիտարկելով իբրև կրթության և գիտության հաշվին իշխանությունների դեմ հասարակական լայն դժգոհությունները պարպելու հերթական փորձ[4]:

Հայաստանի ռազմական իշխանության կողմից կրթության և գիտության ոլորտի զարգացման ստորադասումն ունի ավելի վաղ պատմություն։ Ռազմական քաղաքականության առաջնադասման և ուսանողական միջավայրից ծնվող հնարավոր քննական մտածողության յուրացման պարբերական փորձերից առաջինը նախաձեռնել էր հետպատերազմական Հայաստանի պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը դեռևս 1997-ին, երբ խորհրդարանին ներկայացրել էր տարկետման իրավունքի վերացման օրինագիծ: Ի տարբերություն 2017-ի փորձի, սակայն, օրինագիծը տապալվեց, քանի որ հանդիպեց ժամանակի Ազգային ժողովի նախագահ Բաբկեն Արարքցյանի կոշտ դիմադրությանը[5]: Ուրեմն զարմանալի չէ, որ Արարքցյանը ևս իր աջակցությունը հայտնեց 2017-ի «Տարկետում լինելու ա» նախաձեռնությանը՝ հստակորեն քննադատելով ռազմականացումը հատկապես քաղաքացիական կրթության և երիտասարդության ճնշման անկյան տակ. «Միլիտարիզացիան, պատերազմը փակում է Հայաստանի ապագան: Իսկ Հայաստանի ապագան մեր երիտասարդությունն է: … Այս օրենքով փակում են երիտասարդության ճանապարհը դեպի գիտություն, մշակույթ, արվեստ, հոգևոր կյանք, որը կդաստիարակի, կստեղծի մի այնպիսի խավ, որը չի լինի հնազանդ, հպատակ, այլ կձևավորի Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Ցավոք, այսօրվա Հայաստանի իշխանությունները ձգտում են հենց դրան, որ մեր քաղաքացիները լինեն հպատակ: …97 թվականի օրենքն այսպիսի հրեշային օրենք չէր, այնուամենայնիվ: … Բանակ գնում էր շատ փոքր մաս, որ վճարովի ուսման մեջ էր: Այսօր ո՛չ մեկը չի կարող ապահովել իր համար անընդհատ կրթություն: … Սա զուտ քաղաքական հարց է՝ քաղաքացուն վերածել հպատակի»[6]: Հատկանշական է, որ կարծես ճակատագրի հեգնանքով, ռազմական ոլորտի նկատմամբ կրթության ստորադասումին ընդդիմացած  Արարքցյանի 1997-ի օգնական-խորհրդականն արդեն 2016-ին «ազգ-բանակ» հայեցակարգի հեղինակ Վիգեն Սարգսյանն էր՝ «22-ամյա խոստումնալից երիտասարդ, ով 18 տարեկանում Հայկական բանակ չէր գնացել, քանի որ ուսանում էր Սանկտ Պետերբուրգի Քաղաքացիական ծառայության հյուսիսարևմտյան ակադեմիայում, ապա Երևանի պետական համալսարանում»[7]:

Կրթության ռազմականացման բաստիոնը, սակայն, հասարակագիտության ռազմականցումն է, որով զբաղեցվում է ինքնին ռազմականացման քննադատության հնարավորության միակ իրական տեղը։ Հասարակագիտական կրթության ինստիտուցիոնալ ռազմականացման տեսանկյունից կարևոր է անդրադառնալ ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի հիմնադրման հետնախորքին և քաղաքագիտության ռազմականացման պատմությանը:

Վերջինս հիմնադրվել է 2016 թ. հունվարի 28-ին՝ ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի հիմքի վրա[8]: Համալսարանի հիմնադիրն է անվտանգության քաղաքակրթական վերլուծությունների գծով քաղաքական գիտությունների դոկտոր, 2011-ին հիմնադրված Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի հիմնադիր-ատենապետ, գեներաալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը: Լինելով նախկին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խորհրդականը՝ Քոթանջյանը 2009-2010 թվականներին հաջողել է ստեղծել ՀՀ ԲՈՀ-ի 056 «Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ» և «Միջազգային հարաբերություններ» մասնագիտական խորհուրդները՝ այնուհետև այն վերանվանելով  «Քաղաքական գիտություններ և միջազգային հարաբերություններ» 056 մասնագիտական խորհուրդ, իսկ ՀՀ ԲՈՀ-ի նախագահի` 2016 թ. հոկտեմբերի 3-ի որոշմամբ 056 մասնագիտական խորհուրդը վերահաստատվել է որպես ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ում գործող «Քաղաքագիտության» 056 մասնագիտական խորհուրդ[9]:

Գլխավորապես տղամարդկանցից բաղկացած (երկու ենթախորհուրդներից մեկի կազմում կա ընդամենը մեկ կին անդամ) և ռազմական գործչի ղեկավարության ներքո գործած 056 խորհուրդը, որ քաղաքագիտության գծով գիտական աստիճաններ էր շնորհում, ըստ էության, յուրացրել էր գիտական այս գործառույթը՝ գրավելով մնացյալ գիտական և ակադեմիական միջավայրերի (ԵՊՀ-ի) տեղը։ Սրանով հասարակագիտության մի ճյուղը՝ քաղաքագիտությունը, ուղղակիորեն ենթարկեցվել էր ռազմական հաստատությանը և գաղափարաբանությանը: Անկախ ակադեմիական մտքի յուրացման այս վտանգավոր գործընթացին չէր դիմադրել ԵՊՀ արդեն նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ ժամանակին նշելով, որ համալսարանը շատ սերտորեն կաշխատի ԱՌՀԻ-ի հետ ասպիրանտական կիրառական թեմաներ ընտրելու համար[10]: Միայն հեղափոխությունից հետո ԲՈԿ նախագահի փոփոխության շնորհիվ (2018 թվականի դեկտեմբերի 27-ին)  քաղաքագիտության 056 մասնագիտական խորհուրդը վերաստեղծվել է ԵՊՀ-ում[11]:

«Ազգ-բանակ» հայեցակարգը, ինքն իրեն հռչակելով իբրև հայրենանվեր և ազգանվեր, ըստ էության, կոծկում էր և լռեցնում հայաստանյան բանակի լրջագույն խնդիրները՝ զինվորների հանդեպ և զինվորների միջև եղած զանազան ճնշումներից և բռնություններից մինչև սպանությունների և ինքնասպանությունների հարյուրավոր դեպքեր։ Այսպես, ռազմատենչ հռետորաբանությունը բացառում էր խաղաղության դիսկուրսը ոչ միայն քաղաքական և ռազմական պաշտոնյաների կողմից, այլև օրինականացվում էր հասարակագիտական մտքի, տեղի և դիսկուրսի յուրացման միջոցով։ Հասարակագիտական միտքն ինքը դարձել էր նման յուրացման արդարացման լեգիտիմ ամբիոնը. «Բանակի` որպես սոցիալական ինստիտուտի մասին տեղեկատվության հանրայնացումն ու բանակ–հասարակություն մշտական երկխոսությունը պետք է բխի առկա անվտանգային միջավայրի առանձնահատկություններից, բանակի կողմից իրականացվող գործառույթների բնույթից, Պետական և ծառայողական գաղտնիքի մասին ՀՀ օրենքից և համապատասխան այլ կանոնակարգերից: Միևնույն ժամանակ, բանակի մասին տեղեկատվությունը պետք է նպաստի բանակի հեղինակության ամրապնդմանն ու զարգացմանը բնակչության տարբեր շերտերի աչքերում, խթանի հասարակության մեջ բանակի հետ կապված դրական սպասումները, ապահովի ազգային ներուժի մշտական հավաքագրվածությունը պետության պաշտպանության համար» (Աթանեսյան, 2016, 122):

Չնայած հեղափոխությամբ «ազգ-բանակ» հայեցակարգի նահանջին (Pambukhchyan, 2018) և պետական մակարդակով խաղաղության հնարավորության դիսկուրսի ծավալմանը[12]՝ ակադեմիական հասարակագիտական գիտելիքի ռազմականացման միտումները և քաղաքականությունները հենց համալսարաններում քննական ուսումնասիրությունների կամ վերլուծությունների հիմնարար առանցք առայժմ չեն դառնում: Փոխարենը վերլուծական ներուժը շարունակում է բնականորեն ենթարկեցվել ռազմական շահերին և ռազմական հիմնարկների հետ համագործակցություններին: Ի թիվս այլ ուղղությունների, բանակի իբրև առանձին ինստիտուտի հետազոտությունը և անվտանգային ուսումնասիրությունները տարիներ շարունակ առանցքային են եղել ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետում՝ դասավանդվելով և դառնալով կուրսային, դիպլոմային և մագիստրոսական թեզերի առարկաներ՝ մեծ հաշվով ձևակերպվելով պետական շահի և ազգային անվտանգության մասին նախկին կոռումպացված իշխանական կարգի հայրենասիրական-քարոզչական գաղափարաբանական պատկերացումների ներքո։ Սրանով անվտանգային ուսումնասիրությունները դարձել են այդ իշխանակարգի ջատագովները և վերարտադրողները։

Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնը մի շարք տեղական և միջազգային կազմակերպություններից բացի, շարունակում է համագործակցել ՀՀ Պաշտպանության նախարարության հետ[13]։ Այս սերտ համագործակցության արդյունքում է թերևս, որ ամբիոնում դասավանդում է քաղաքական գիտությունների թեկնածու, գնդապետ, 2015 – 2016թթ. ՀՀ պաշտպանության նախարարի ավագ օգնական և 2016 թվականից ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ավետիսյանը[14]։ Վերջինս ակտիվորեն ներգրավված է վերջերս ՊՆ-ում մեկնարկած «Կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրում, որի նպատակն է․ «Օժանդակել ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությանը, կին զինծառայողների համար հավասար հնարավորությունների ապահովմանը, աջակցել ՊՆ մարդու իրավունքների եւ բարեվարքության կենտրոնի կարողությունների զարգացմանը»[15]: Ծրագիրն ինքին երևան է բերում ֆեմինիստ հետազոտող Սինթիա Էնլոուի «ռազմական մարդուժի համալրման գենդերացված գործընթացներ»-ի շուրջ մտահոգության և վերլուծության տեղական դրսևորումները (Խաչատրյան, Ղազարյան, 2018, 82)։

Ռազմական հիմնարկների և դրանց ներկայացուցիչների հետ զանազան համագործակցությունների և հասարակագիտության քննական ներուժի վտանգման ծիրում կարող ենք դիտարկել նաև քաղտեխնոլոգ և PR մասնագետ Նարեկ Մալյանի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդականի ժամանակավոր գործունեությունը Սոցիոլոգիայի ֆակուլտետի Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի «Հասարակայնության հետ կապեր» մագիստրոսական ծրագրի PR պրակտիկում առարկայի դասավանդման շրջանակում (2017-2019 թ. փետրվար)։ Վերջինս հետհեղափոխական Հայաստանի մեդիա դաշտում նպատակաուղղված կեղծ և մանիպուլյացիոն տեղեկատվական հոսքերի, առաջադիմական հանրային և քաղաքական խմբերի հանդեպ բռնության կոչերի լոկոմոտիվներից է՝ «Վետօ» հասարակական-քաղաքական շարժման անվան ներքո կազմակերպելով փողոցային ակցիաներ և բռնության արշավներ՝ հատկապես թիրախավորելով իրավապաշտպան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին։ Վերջինիս դասախոսական գործունեությունը ԵՊՀ-ում ևս մեկ ցուցանիշ է այն ընդհանուր գաղափարաբանության, որով սովորական և բնական են համարվել ուժային հաստատությունների ներկայացուցիչների ներգրավումը բուհեր։ Նախկին կոռումպացված և հանցավոր ռեժիմի ոստիկանապետի խորհրդականը, որ միաժամանակ հմտորեն տիրապետում է քաղտեխնոլոգիաների և տեղեկատվական մանիպուլյացիաների նրբություններին, ակադեմիական հաստատության մեջ ներգրավվելով լայն հնարավորություններ ուներ ուսանողական քննական միտքը և հնարավոր դիմադրական ներուժը ճնշելու, երիտասարդներին մանիպուլացնելու և վերահսկելու գործում:

Ուսանողների գործունեությունը՝ հատկապես հետազոտական աշխատանքները, ևս ներազդվել են ուժայինի և ռազմականացման տիրող քաղաքականությամբ։ Հաճախ, եթե անգամ ուսանող-հետազոտողները բավարար պատրաստվածություն են ունենում բացահայտելու բանակի և անվտանգության, ռազմական համակարգի խնդիրները, ապա չեն խրախուսվում դրանք խորապես քննական հայացքով վերլուծելու տեսանկյունից։ Ռազմական քաղաքականությունները, պրակտիկաները և դիսկուրսը խորապես առերեսելու և քննելու փոխարեն՝ նրանք բախվում են այդ խնդիրների հաղթահարման առավել «լավ» լուծումներ գտնելու քաջալերանքին՝ ռազմական համակարգն ավելի ռազմականացված դարձնելու համար՝ իբրև թե գործնականում ակներև դարձնելով տեսության և պրակտիկայի միջև չարչրկված կապը։ Այս տեսանկյունից ռազմական հիմնահարցերի շուրջ ազատ և քննադատ հետազոտություններ իրականացնելու ուղիղ ճնշումներ կամ սահմանափակումներ չկան, սակայն տիրապետող ռազմատենչ գաղափարաբանության համատեքստը և ուսանողների շրջանում թեմայի հանդեպ ներքին գրաքննությունը բավարար մտահոգիչ են։

Այսպիսով, ամփոփենք, որ համաշխարհային և տեղական ռազմականացման գործընթացների համատեքստում համալսարանները կոչված են լինել ոչ թե ռազմական արժեքների և գիտելիքի ջատագովներ և տարածողներ (արժեքներ, որոնք հակառակ են ժողովրդավար պայքարների մասին հիշողություններին և պատժում են ցանկացած տարակարծություն), այլ պետք է միտված լինեն հումանիտար և հասարակագիտական քննական գիտելիքը հակառազմական քաղաքականությունների մշակման անհրաժեշտ գործին:

Հեղինակ՝ Արփի Մանուսյան

 

 

 

[1] Ա․Մ․՝ Ջ․ Գիլիսը սոցիալական և մշակութային պատմաբան է, դասավանդում է Նյու Ջերսիի պետական համալսարանում (Ռաթջըրսի համալսարան)։

[2] Ա․Մ․՝ Ք․ Լաթսը սոցիոլոգ է և մարդաբան, դասավանդում է Բրաունի համալսարանում։

[3] Ելույթն ամբողջությամբ տե՛ս http://www.mil.am/hy/news/4466։

[4] «Հանուն գիտության զարգացման 2004» նախաձեռնող խմբի անդամների հայտարարությունը տե՛ս

https://www.aravot.am/2017/11/08/918631/:

[5] Բաբկեն Արարքցյանը՝ ընդդեմ «հրեշային» օրինագծի. հոդվածն ամբողջությամբ տե՛ս https://www.aniarc.am/2017/10/26/babken-ararktsian-against-vazgen-sargsyan-vigen-sargsyan-article/:

[6] Նույն տեղում:

[7] Նույն տեղում:

[8] Տե՛ս http://www.mil.am/hy/pages/11:

[9] Տե՛ս http://www.mil.am/hy/pages/16:

[10] Տե՛ս https://www.aysor.am/am/news/2009/06/05/sohanyan/32322:

[11] Տե՛ս http://bok.am/?p=1174:

[12]Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի բացման ժամանակ․ 11.10.2018: Տե՛ս https://www.primeminister.am/hy/statements-and-messages/item/2018/10/11/Nikol-Pashinyan-speech-at-the-17th-Francophone-Summit/։

[13] Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի գործունեության մասին տե՛ս http://www.ysu.am/faculties/hy/Sociology/section/structure/amb/130։

[14] Ա․ Ավետիսյանի մասին մանրամասները տե՛ս  http://www.ysu.am/faculties/hy/Sociology/section/staff/person/Aleksandr-Avetisyan և http://www.mil.am/hy/persons/80։

[15] Ավելին տե՛ս https://mediamax.am/am/news/armypolice/34285/?fbclid=IwAR0vorJJZroMN_9RsWLwluxD6FK5hJTKMKLwhRJmDLcdRGOLf6gx6ohQ0Xs։

 

 

 

ՀՂՈՒՄՆԵՐ

  1. Աթանեսյան, Ա․ (2016). Հայաստանում բանակի և զինծառայողների հեղինակության ապահովման հիմնախնդիրները «ազգ-բանակ» հայեցակարգային մոդելի մշակման համատեքստում․ Հայկական բանակ #4:
  2. Ժամակոչյան, Ա. (2016). Հայաստանը «ազգային միասնության» թակարդում. Սոցիոսկոպ, Փոփոխության որոնումներ (9-41):
  3. Gillis, J. (1989). The Militarization of the Western World. Rutgers.
  4. Giroux, H. (2008). The Militarization of US Higher Education after 9/11. Theory, Culture & Society #25(5): 56-82.
  5. Lutz, C. (2001). Homefront: A Military City and the American Twentieth Century. Beacon Press)։
  6. Pambukhchyan, A. The ‘Nation-Army’ concept: The story of failed national-militaristic propaganda in Armenia: 18.06. 2018 https://fpc.org.uk/the-nation-army-concept-the-story-of-failed-national-militaristic-propaganda-in-armenia/.

 

 

 

 

 

Պիտակներ

Հանգանակություն

Գումարը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարներին` նպատակի դաշտում նշելով «նվիրատվություն»:

Ինեկոբանկ
2052822181271008 (AMD)
2052822181271022 (USD)
2052822181271042 (EUR)
SWIFT code INJSAM22