Արհմիությունների գործունակության հարցը Գյումրու «Սասստեքսի» բանվորուհիների բողոքի օրինակով․ ամփոփագիր

Հայաստանում վերջին տարիներին հանրային քննարկումների օրակարգում մշտապես խոսվում է մասնավոր և պետական գործատուների կողմից աշխատանքային իրավունքների ոտնահարումների բազմաթիվ դեպքերի մասին, դրանց դեմ կազմակերպվում և իրականացվում են բողոքի ցույցեր, որոնց միջոցով բարձրաձայնում են զանգվածային և համակարգային խնդիրները։ Սակայն նման բողոքի ցույցերի կամ բողոքի խնդրո առարկա հարցերի բարձրաձայնման, հանրայնացման հարցերի շուրջ արհմիությունները չունեն որևիցե նախաձեռնողականություն։ Ուստի արհմիությունների գործունակության հարցը մնում է հետազոտության արդիական առարկա։ Սույն ուսումնասիրությունը համակողմանի քննարկում է աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում արհմիությունների գործունակության հարցը աշխատանքային իրավունքների ոտնահարման առանձին դեպքի օրինակով։ 2019-ի ապրիլ-մայիսին Գյումրի քաղաքի «Սասստեքս» տեքստիլ գործարանի ղեկավարությունն անսպասելի նվազեցրեց բանվորուհիների աշխատավարձերը (վճարելով ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձից ցածր), և դրա առնչությամբ աշխատողները բողոքի ալիք բարձրացրին, ինչն էլ հանրային լայն արձագանք ստացավ և հիմք դարձավ մեր ուսումնասիրության համար։ Այս բողոքի և դրան հաջորդած Թեթև արդյունաբերության ոլորտի ճյուղային հանրապետական արհմիութենական միության արձագանքի օրինակով առավել ցայտուն է դառնում, որ Հայաստանում աշխատողների շահերը մնում են քաղաքական, իրավական և գործնական առումներով անպաշտպան։ Մի կողմից գործատուները շարունակում են քողարկել իրենց բիզնես շահերը և շահագործող քաղաքականությունը հանրային կամ «ազգային վեհ շահերի» և պատումների ներքո, մյուս կողմից կոծկում են դրանք բարոյական և հոգեբանական ճնշումներով՝ սպառնալով աշխատանքից հեռացնել, տնտեսական պատիժներ սահմանել, նսեմացնել բողոքի ձայները՝ զուգահեռաբար ինչպես աշխատողների, այնպես էլ արհմիությունների հանդեպ գործադրելով և՛ իրավական ու տնտեսական, և՛ քաղաքական ու բարոյական առումներով անընդունելի, շահագործող ու մանիպուլացնող գործունեություն։ Գյումրիի «Սասստեքս» տեքստիլ գործարանի բանվորուհիների բողոքի օրինակում տեսնում ենք նաև, որ արհմիութենական կազմակերպությունները նույնիսկ այնտեղ, որտեղ պաշտոնական առումով ներկա են, իրականում բացակա են կամ չունեն բավարար գործունակություն՝ արձագանքելու ոտնահարված աշխատանքային իրավունքներին, կամ հենց իրենց՝ արհմիության անդամների բարձրաձայնած խնդիրներին: Առավել հակված են հանդես գալ հօգուտ գործատուի շահերի՝ արդյունքում իրենց անգործությամբ և անգործունակությամբ խոչընդոտելով դրանց պաշտպանությանը։ Արհմիութենական մարմինները շատ հաճախ իրականում դառնում են գործատուի փաստաբանը, կրկնում գործատուի ինքնարդարացնող արտահայտությունները, նսեմացնում աշխատողների աշխատանքը, դրա որակը և առհասարակ սեփական իրավունքների համար աշխատողների պայքարը։ Նրանք չեն գիտակցում, կամ գիտակցաբար խեղաթյուրում են արհմիությունների իրավապաշտպան նշանակությունը և դրա քաղաքական կշիռը։ Հայաստանյան այսօրվա արհմիությունները նախկին խորհրդային՝ պետական-վարչական ապարատին միաձուլված արհմիությունների ժառանգն են, որոնց գործունեության ինստիտուցիոնալ պայմանները վերջին տասնամյակներին ոչ միայն չեն բարելավվել, այլև գործնական մակարդակում վատթարացել են՝ մի կողմից տնտեսական միջավայրի բարեփոխման պատրվակով պետական կարգավորումները և վերահսկողական գործառույթները ոչնչացնելով, մյուս կողմից՝ աշխատողների իրավունքների իրավական երաշխիքները նվազեցնելով։ Արդեն 2018թ.-ի Թավշյա հեղափոխությունից հետո աշխատանքային իրավունքների իրական ապահովման և արհմիությունների գործունակության հարցը մնում է Հայաստանի իրավական-քաղաքական կարգի բարեփոխման հանգուցային կետերից մեկը, քանի որ դրանից կախված է լինելու ՀՀ քաղաքացիների և բնակչության արժանապատիվ աշխատանքը և տնտեսական (ուրեմն և քաղաքական) անկախությունը իրենց գործատուներից։ Հենց այս հանգուցային նշանակությամբ էր պայմանավորված, որ հեղափոխությունից անմիջապես հետո արհմիությունների նկատմամբ խոշոր բիզնեսի վերահսկողության մեխանիզմների զարգացման և ինստիտուցիոնալացման փորձ կատարվեց ԱԺ ԲՀԿ խմբակցության կողմից։ «Արհմիությունների մասին» օրենքում իրենց առաջարկած փոփոխություններով` ԲՀԿ նախագահ և խոշոր սեփականատեր Գագիկ Ծառուկյանը (և նրա դասակիցները) իրենց տարոլորտ բիզնեսներում աշխատողներին մեկ ընդհանուր՝ իբր անկախ արհմիության կազմում անդամագրելու և նրանց նկատմամբ կազմակերպված վերահսկողություն սահմանելու նոր հնարավորություն կստանային, եթե նախագիծը չմերժվեր։ Թավշյա հեղափոխությունից հետո կասեցվեց նաև «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» դեռևս 2017 թվականին սկսված նախաձեռնությունը, որով կրկին աշխատանքային իրավունքների պետական երաշխիքների հարցում լուրջ հետընթաց էր նախատեսվում։ Փոխարենը արձանագրվեց մեկ քայլ առաջընթաց․ 2019թ.-ի դեկտեմբերին ընդունվեց «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը, որով վերականգնվեց աշխատանքային տեսչության՝ մինչև 2013թ. ունեցած լիազորությունները (ուժի մեջ է մտնելու 2021թ. հուլիսի 1-ից), ՀՀ աշխատանքային օրենսգրքում ավելացվեց խտրականության բացառման դրույթ, ինչպես նաև դեռևս քննարկվում է Աշխատանքային օրենսգրքում նոր փոփոխությունների նախագիծը։ Շուրջ մեկ տարի է նաև՝ ընթանում է «Արհմիությունների մասին» օրենքում համապարփակ փոփոխությունների նախագծման աշխատանքը՝ բազմաշահառու խմբի կողմից, որտեղ առկա որոշակի տարակարծությունները ևս մեր կողմից ուսումնասիրված և գնահատված են։ Օրենսդրական մակարդակում առաջադիմական և համարձակ բարեփոխումներն անհրաժեշտ, սակայն ոչ բավարար նախապայման են։ Աշխատանքային իրավունքների պաշտպանության համար համալիր պայքարում էական նշանակություն ունի արհմիությունների, նրանց կարողությունների իրական զորեղացումը, որը կպահանջի նաև քաղաքական կամք։ Այս առումով կառավարող նոր ուժի արձագանքներում նկատելի չէ միանշանակ վերաբերմունք։ Ակնհայտ է, որ աշխատանքային իրավունքների հանդեպ զգայունություն ունեցող ԱԺ «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորների առկայությամբ էլ Կառավարության տնտեսական բլոկի պատասխանատուները դեռևս շարունակում են գտնվել այն (նորազատական) մտայնության ներքո, թե բիզնեսի զարգացման համար ներելի է աշխատանքային իրավունքների նվազ երաշխավորվածությունը։ Հայաստանում փաստացի զբաղված բնակչության աշխատանքային իրավունքների համակարգային (և քաղաքական նշանակություն ունեցող) ոտնահարումների դեմ մինչ օրս անարդյունավետ պայքարը հրատապ և ինստիտուցիոնալ բարեփոխումների կարիք է զգում, որի համար անհրաժեշտ է, որ կառավարող ուժն աշխատանքային իրավունքների պաշտպանության պետական երաշխիքների տրամադրման, այդ թվում՝ արհմիութենական աշխատավորական շարժման ձևավորման համար նպաստավոր պայմաններ ապահովի։ Այս իմաստով անհրաժեշտ է, որ պետությունը մի կողմից «Արհմիությունների մասին» ՀՀ օրենքում իրականացնի անհրաժեշտ բարեփոխումներ, մյուս կողմից՝ բարձրացնի արհմիությունների դերը պետության և գործարար համայնքի հետ Սոցիալական գործընկերության մեխանիզմի իրական կայացման շրջանակներում։ Այս իրավաքաղաքական բարեփոխումները կնպաստեն արհմիությունների զարգացմանը, ինչի շնորհիվ թափ կառնեն նաև արհմիութենական ապարատի վերակենդանացումը, ներքին ժողովրդավարության հաստատումը և ինքնազորեղացման մեխանիզմների շարունակական զարգացումը։ 

«Արհմիությունների գործունակության հարցը Գյումրու «Սասստեքսի» բանվորուհիների բողոքի օրինակով» հետազոտության հավելվածները հասանելի են ստորև․

Ներդիր 1

Հավելված 1

Հավելված 3

Հավելված 4

Հավելված 5

Պիտակներ

Հանգանակություն

Գումարը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարներին` նպատակի դաշտում նշելով «նվիրատվություն»:

Ինեկոբանկ
2052822181271008 (AMD)
2052822181271022 (USD)
2052822181271042 (EUR)
SWIFT code INJSAM22