Հետազոտական համատեքստ
2023 թվականի հունիսին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց Կառավարության ներկայացրած ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, համաձայն որի՝ ներդրվում է իգական սեռի քաղաքացիների՝ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության համակարգ[1]: Ըստ նախագծի՝ ՀՀ 18-27 տարեկան իգական սեռի քաղաքացիները կարող են ներկայացնել դիմում՝ անցնելու զինվորական ծառայություն վեց ամիս ժամկետով: Զորակոչված իգական սեռի քաղաքացիների համար որպես ծառայության վայր է նշանակվում ուսումնական զորամասը՝ առանց վիճակահանության, և ծառայությունը կազմակերպվում է բացառապես այդ զորամասում: Ընդ որում՝ զինվորական ծառայության անցնելու դիմումը ներկայացնելուց հետո կանայք իրավունք են ունենում մինչև զորակոչի օրը հրաժարվել պարտադիր զինվորական ծառայությունից: Վեցամսյա ժամկետը լրանալուց հետո զինվորական ծառայություն անցած իգական սեռի քաղաքացիները կստանան պատվովճար՝ 1 միլիոն դրամի չափով, իսկ վաղաժամկետ զորացրվելու պարագայում պատվովճարը կկազմի փաստացի ծառայած ժամկետի համար հաշվարկված գումարը[2]։ Վեցամսյա ծառայության ավարտին, զորացրվելու փոխարեն, իգական սեռի քաղաքացիները կարող են դիմել «Պաշտպան հայրենյաց» ծրագրին և անցնել հինգ տարի ժամկետով պայմանագրային ծառայության, ինչպես նաև հաշվառվել պահեստազորում[3]։
ՀՀ Կառավարությունը կանանց մասշտաբային ներգրավումը զինված ուժերի մարտական ստորաբաժանումներում ներկայացնում է որպես առաջնահերթություն[4], որը չունի գաղափարախոսական կամ հակագաղափարախոսական հենք, այլ հիմնված է պրագմատիկ հաշվարկի վրա[5]։ Այս քաղաքականությունը մեկնաբանվում է իբրև զինված ուժերում պրոֆեսիոնալ բանակի անցնելուն միտված փոփոխություն[6]։ Օրինագիծը հիմնավորող փաստաթղթում նկարագրված են առավել տեխնիկական մանրամասներ, իսկ գաղափարի, նախագծի անհրաժեշտության, հնարավոր և ակնկալվող արդյունքների, նախագծի՝ հանրության վրա սոցիալական ազդեցության առնչությամբ հիմնավորումներ չկան։ Չնայած ՀՀ պաշտպանության նախարար Ս. Պապիկյանի հավաստիացումներին, որ օրենքի նախագիծն անցել է քննարկման պատշաճ փուլ[7]՝ մեր դիտարկումները և ուսումնասիրությունը թույլ են տալիս պնդել, որ այս հարցը հանրային (նույնիսկ՝ քաղաքացիական հասարակության) օրակարգում չունի առանձնակի նշանակալիություն և հրատապություն։
Վերջին տարիներին, սակայն, ֆեմինիստական տարբեր հոսանքների բանավեճի առարկա է այն հարցը, թե արդյոք կանայք, կին իրավապաշտպանները և ֆեմինիստներն առհասարակ պետք է իրենց ներդրումը բերեն ռազմական ոլորտում կանանց ներգրավվածության բարձրացման հարցի շուրջ քննարկումներին։ Լիբերալ հոսանքի ֆեմինիստները պնդում են, որ գենդերային հավասարության տեսանկյունից կարևոր է կանանց հավասար մասնակցությունը հանրային կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում՝ զինված ուժերում։ Այսպես՝ կանայք կարող են իրականացնել ցանկացած աշխատանք, իսկ եթե որոշ աշխատանքներ իրականացնելու համար կան սեռային սահմանափակումներ, ապա դրանք խտրական են։ Մյուս կողմից՝ առավել ռադիկալ ֆեմինիստները քննադատում են բանակն իբրև հայրիշխանական, մասկուլին և հիերարխիկ ինստիտուտ, որի առանցքում բռնությունն է իր զանազան դրսևորումներով։ Այս տեսանկյունից ռազմականացումը և կանանց հարցերը և իրավունքները դիտվում են իբրև հակադիր հայեցակարգեր։
Այս քննադատական հոդվածում մենք փորձել ենք համակողմանիորեն ուսումնասիրել զինված ուժերում կանանց ներգրավման հարցը և խթանել հանրային քննարկում դրա շուրջ։
Հոդվածի առաջին մասն ամփոփում է զինված ուժերում կանանց մասնակցության տեսական հիմքերը, որոնք ինչպես քննադատաբար են մոտենում հարցին, այնպես էլ այն ներկայացնում են կանանց և տղամարդկանց իրավահավասարության ապահովման տեսանկյունից։
Հոդվածի մյուս բաժիններում վերլուծում ենք հայաստանյան որոշում կայացնողների, քաղաքականություն մշակողների, ինչպես նաև քաղհասարակության ներկայացուցիչների դիրքորոշումները կանանց՝ զինված ուժերում ներգրավումը խթանելու քաղաքականության շուրջ։
Մեթոդաբանական ակնարկ
Հոդվածի հիմքում մեր իրականացրած հետազոտությունն է, որը բացահայտում է զինված ուժերում կանանց ներգրավմանն ուղղված քաղաքականության գաղափարական ասպեկտները, տարիների ընթացքում այդ քաղաքականության փոխակերպումները և դրա շահագրգիռ կողմերը, լայն իմաստով՝ ռազմի և կանանց սոցիալական դերի հանրային ու քաղաքական ըմբռնումների փոխհատումները։
Կանանց կամավոր հիմունքներով պարտադիր զինծառայության քննադատական ուսումնասիրությունը գլխավորապես հենված է մեդիայի դիսկուրս վերլուծության վրա, որի շրջանակում դիտարկել ենք պաշտոնական և փորձագիտական խոսույթը։ Պաշտոնական խոսույթի հիմնական դերակատարները պաշտպանության նախարարը, վարչապետը, բարձրաստիճան զինվորականները, ինչպես նաև այլ գերատեսչությունների ներկայացուցիչներն են։ Մյուս խումբը գաղափարապես տարասեռ փորձագիտական շրջանակն է, որին մեդիան օժտել է մասնագիտական կարծիք արտահայտելու լեգիտիմությամբ։ Մեդիա նյութերը հավաքել ենք 2023 թվականի ապրիլ-մայիսին։
Մեր որոշ մտահոգություններ և դիտարկումներ պարզաբանելու, դրանց վերաբերյալ լրացուցիչ դիրքորոշումներ դուրս բերելու համար զրուցել ենք նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցչի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության որոշ կին գործիչների հետ՝ չհավակնելով ընդգրկել տեղի ֆեմինիստական մոտեցումների ամբողջ բազմազանությունն այս ոչ մեծածավալ ուսումնասիրության շրջանակում։ Մեր փորձերը՝ զրուցելու պաշտպանության նախարարության՝ որպես պատասխանատու առաջնային կառույցի ներկայացուցչի հետ, մերժվել են՝ պատճառաբանությամբ, որ հարցերի մեծ մասը դեռևս իրավական կարգավորման փուլում է։
Տեսական ակնարկ
Զինված հակամարտությունները և գենդերային քաղաքականությունները թեև փոխոխությունների են ենթարկվել վերջին դարում, պատերազմները, այդուհանդերձ, շարունակում են հենվել գենդերային կառուցվածքների վրա։ Ռազմական ծախսերին ուղղված պետական բյուջեներում մեծ մասնաբաժինները ռազմականացումը դարձնում են առավել ակներև և ազդեցիկ ինչպես միջազգային քաղաքականության մեջ, այնպես էլ առօրյայում։
Կանայք մշտապես ունեցել են որոշակի դերակատարում պատերազմներում, սակայն կանանց մասնակցությունն ու ներկայացվածությունը զինված ուժերում, պարտիզանական խմբերում և ահաբեկչական կազմակերպություններում վերջին տարիներին սրընթաց աճել են (Sjoberg, Via, 2010)։ Թեև այս բոլոր խմբերում կանայք փոքրամասնություն են, ինչպես նաև սահմանափակ դերեր են զբաղեցնում զինված ուժերում կամ մարտական դիրքերում, 21-րդ դարի «նոր» պատերազմներում և բանակում նրանք պատմականորեն աննախադեպ ներկայացվածություն ունեն (Sjoberg, Via, 2010)։
Զինված ուժերի համար մարդուժի համալրումը առանցքային գործընթաց է, որ մեծապես ազդում է հանրային կյանքի տարբեր ոլորտների վրա։ Ռազմական մարդուժի համալրումը գենդերացված է. զինվորական համակարգերը զգում են կանանց կարիքը, բայց այնպես, որ նրանք չզանցեն հանրորեն ընդունելի՝ «կնոջը պատշաճ» սոցիալական դերերը՝ սպասարկելով տղամարդակենտրոն զինված ուժերի համակարգը։ Իսկ երբ զինվորներ են դառնում, ուժային համակարգը ճնշում է այս կանանց՝ «կանացի» չլինելու համար, որպեսզի չոտնահարվի տղամարդ զինվորների առնական ինքնավստահությունը (Էնլոու, 1983): Ավելին, երբ ուսումնասիրում ենք պատերազմի և ռազմականացման գենդերային կառուցվածքները, տեսնում ենք, որ ռազմականացումը ենթադրում և վերարտադրում է գենդերային անհավասարություն, ձևակերպում է գենդերային դերեր և ակնկալիքներ։
Վերջին տարիներին նոր թափ է ստացել կանանց՝ ռազմական մասնակցության շուրջ հետաքրքրությունը, որին զուգահեռ աճում է տասնամյակներ ձգվող բանավեճը կանանց՝ մարտական գործողություններում մասնակցության առնչությամբ։ Ընդ որում՝ բանավեճը ինչպես հասարակության լայն խմբերի, այնպես էլ ֆեմինիստական տարբեր ուղղությունների հարող ակտիվիստների, հետազոտողների և ակադեմիական շրջանակում է։
Ֆեմինիստներն ավելի քիչ են կենտրոնանում այն հարցի շուրջ, թե արդյոք կանայք ունակ են իրականացնելու մարտական դերեր։ Հակառակը, նրանք առհասարակ հարցադրում են կանանց ներգրավվածությունը զինված ուժերում գենդերային հավասարության կամ ֆեմինիզմի առաջընթացի/հետընթացի տեսանկյունից։ Արևմուտքում 1970-ականներից այս բանավեճը երկու իրար հակադիր քաղաքական դիրքորոշումների միջև է (Duncanson, Woodward, 2016)։ Մի կողմից՝ պատկերացումն է, որ կանայք ունեն «պայքարի իրավունք»՝ շեշտադրելով կանանց և տղամարդկանց հավասարությունը։ Մյուս կողմից՝ հակամիլիտարիստ ֆեմինիստները պնդում են, որ ռազմի մեջ կանանց մասնակցությունը կամ դրսևորումը լեգիտիմացնում է մի ինստիտուտ, որը, ըստ էության, հակասում է ֆեմինիզմի նպատակներին (Duncanson, Woodward, 2016)։
«Պայքարի իրավունք»-ի գաղափարին հարող ֆեմինիստների քննարկումները հավասարության գաղափարի շուրջ են, որի համաձայն՝ կանայք պետք է տղամարդկանց հետ հավասար հասանելիություն ունենան զինված ուժերին և մասնակցեն ռազմական գործողություններին։ Նրանք նաև պնդում են, որ երբ կանանց հնարավորություն չի տրվում ստանձնելու մարտական դերեր, հավերժանում է նրանց ստորադաս զինվորական և սոցիալական կարգավիճակը։ «Պայքարի իրավունք»-ի գաղափարին հարող ֆեմինիստները հիմնվում են լիբերալ ֆեմինիզմի վրա՝ պնդելով, որ կանանց՝ որպես հավասար քաղաքացիների հանրային գործունեությունը ենթադրում է նաև նրանց հավասար մասնակցություն զինվորական ծառայությանը։ Այս տեսանկյունից կանանց զինվորական մասնակցությունն ավելի շատ ժողովրդավարական մասնակցության և գենդերային հավասարության պարտականություն է։ Այստեղ կարելի է տեսնել, որ լիբերալ և պահպանողական դիրքորոշումները միահյուսված են, քանի որ քաղաքացիությունը և զինվորական մասնակցությունը պատմականորեն և խորհրդանշականորեն մշտապես կապված են եղել այնպես, որ հավասար իրավունքները ենթադրել են հավասար պարտականություններ։ Լիբերալ ֆեմինիստները նաև բերում են գործիքային փաստարկներ՝ ցույց տալու զինված ուժերում կանանց մասնակցության օգուտները. երբ տղամարդ զինվորականները տեսնում են կանանց ուժեղ սուբյեկտի դերում, դա բարդացնում է տղամարդկանց կողմից կանանց «օբյեկտացումն ու սեռականացումը»։ Ավելին՝ այս տեսակետն ունեցողները պնդում են, որ կանայք կարող են փոխել բանակը, այն դարձնել ավելի ժողովրդավար, պակաս հիերարխիկ և առավել կարեկցող։ Այս մտածողության շրջանակում կանանց մասնակցությունը զինված ուժերում կհանգեցնի դրական համակարգային և միջազգային փոփոխությունների (Duncanson, Woodward, 2016)։
Այս տեսակետին հակադրվում կամ այլընտրանքային մոտեցում են առաջարկում հակամիլիտարիստ ֆեմինիստները՝ պնդելով, որ զինված ուժերում աճող ներգրավումը առաջընթաց չէ կանանց իրավունքների տեսանկյունից և ամենևին չի հանգեցնում խաղաղ համաշխարհային կարգի։ Նույնիսկ այնտեղ, որտեղ մարտական գործողությունների մասնակցության սահմանափակումները վերացվել են, կանայք դեռևս շարունակում են ենթարկվել խտրականության և բռնության (Critical Studies on Security, 2013)։ Երկրորդ՝ զինվորական պատրաստվածությունը հիմնականում իրականացվում է հակառակորդի, ավելի ստորադաս և կանացի «ուրիշի» նույնականացմամբ, ինչը մոտիվացնում է տղամարդկանց ավելի ագրեսիվ և ֆիզիկապես ավելի պատրաստված լինելու։ Առնապաշտությունը, սեռական ոտնձգությունն ու բռնությունն այս պայմաններում գրեթե անխուսափելի են, և կանանց թվի մեծացումը զինված ուժերում դրան մարտահրավեր չի կարող նետել։ Երրորդ՝ հակամիլիտարիստ ֆեմինիստները մերժում են այն պնդումը, որ զինված ուժերում կանանց ներգրավվածության բարձրացումը կարող է բերել իրենց էությամբ մասկուլին ինստիտուտների համակարգային փոփոխությունների։ Բանակները ստեղծվել են ոչ միայն պետության կողմից լեգիտիմացված բռնության գործադրման համար, այլև կառուցվածքային բռնության մաս են, որը տեղի է ունենում, երբ պետական ֆինանսավորումն ուղղվում է ոչ թե սոցիալական, այլ ռազմական ծախսերին (Duncanson, Woodward, 2016)։
Զինված ուժերը կարող են օգտագործել կանանց իրավունքների և հավասար հնարավորությունների լեզուն իրենց շարքերը համալրելու համար, սակայն հակամիլիտարիստ ֆեմինիստները պնդում են, որ կանայք խաբվում են, քանի որ դեռևս չկան առաջադեմ գենդերային փոփոխությունների ապահովմանն ուղղված ամբողջական ինստիտուցիոնալ պարտավորություններ (Duncanson, Woodward, 2016)։ Մինչդեռ լիբերալ ֆեմինիստները բարձրաձայնում են կանանց՝ մարտական դերերում ներգրավվածության կարևորությունը՝ որպես կարիերայի խթանման, աշխատավարձերի բարձրացման նախապայման (Gusterson, 1999)։
Կանանց ներգրավվածությունը զինված ուժերում հատկապես քննադատում են այն ֆեմինիստները, որոնք ներգրավված են խաղաղության շարժումներում. ֆեմինիստական և խաղաղության շարժումները պատմականորեն խաչվել են, պայմանավորել միմյանց և ազդվել միմյանցից։ Հակամիլիտարիստ ֆեմինիստները միլիտարիզմը դիտարկում են հայրիշխանության և գերիշխանության հայեցակարգերի ներքո։ Նրանց համար միլիտարիզմի դեմ պայքարը պայքար է հայրիշխանության դեմ։ Ինչպես գրում է բել հուքսը․ «Պատերազմը կանխելու համար պետք է պայքարել տղամարդկանց գերիշխանության դեմ՝ մերկացնելով և անտեսելով մասկուլինության հավակնությունները, ճանաչելով և հնարավոր բոլոր հարթակներում գործելով ընդդեմ հայրիշխանական-կապիտալիստական հասարակությունների հիմնական սկզբունքների» (hooks, b., 1995):
Գենդերի, պատերազմի և ռազմականացման հարցերին ֆեմինիստական մոտեցումները անդրադառնում են փոխառնչված խնդիրների տեսանկյունից, որտեղ մի կողմում պատերազմի և ռազմականացման ազդեցությունն է մարդկանց (հատկապես, բայց ոչ բացառապես կանանց) կյանքի վրա, մյուս կողմում՝ պատերազմի ու ռազմականացման գենդերային կառուցվածքը՝ կապված իշխանության և անհավասարության հետ, որի վրա ազդում են նաև ռասան, սոցիալական դասակարգը, ազգությունը և այլն։ Առհասարակ, երբ ուսումնասիրում ենք պատերազմի և ռազմականացման ազդեցությունը, տեսնում ենք, որ կանայք անհամաչափ են ազդվում «պատերազմի համակարգի» գրեթե յուրաքանչյուր ասպեկտից։ Թե՛ պատերազմի, թե՛ հակամարտության ժամանակ քաղաքացիական բնակչության շրջանում կանայք ամենաշատն են հայտնվում զոհի կարգավիճակում։ Կանայք թիրախավորվում են նրանց կողմից, ովքեր օգտագործում են բռնաբարությունը և բռնի հղիությունը (forced pregnancy) որպես պատերազմական զենք ու ավար։ Զինված հակամարտությունների հետևանքով ամենաշատը կանայք են դառնում փախստականներ և զրկվում իրենց ապրուստի միջոցներից։ Սոցիալական անհավասարությունները, որոնք առաջանում են հակամարտության պայմաններում և պատերազմի հետևանքով, հատկապես ազդում են կանանց վրա (Gusterson, 1999)։
Ֆեմինիզմն ի սկզբանե մեկնաբանվել է որպես պրագմատիկ պայքար հանուն հավասար իրավունքների (ընդ որում՝ հավասար վարձատրության) հիմնականում այն ոլորտներում, որտեղ տասնամյակներ, եթե ոչ դարեր ի վեր եղել է տղամարդու գերակայություն։ Ֆեմինիստական մոտեցումները շեշտադրել են մասկուլինության և բռնության փոխկապվածությունը և կանանց ազատագրման հնարավորությունները։ Սակայն վերջին տարիներին ֆեմինիզմի ազատագրական և հակամիլիտարիստական պայքարը կոնֆլիկտի մեջ է ոչ միայն լիբերալ ֆեմինիզմի, այլ նաև ֆեմինիստական նոր ալիքների հետ, որոնք ազդված են հետկառուցվածքային (post-structuralist) տեսություններից (Gusterson, 1999) և կանանց ռազմական մասնակցությունը դիտարկում են ոչ թե որպես խնդիր, այլ հնարավորություն։
Զինված ուժերում կանանց ներգրավման քաղաքականության գաղափարական ասպեկտների շուրջ
Հայկական իրականության մեջ ռազմական գործում կանանց մասնակցությունը նոր չէ։ Պատմության տարբեր շրջափուլերում հանրային ոլորտում ակտիվ ու նշանավոր բազմաթիվ հայ կանայք իրենց գրական ու հրապարակախոսական գործերում անդրադարձել են պատերազմների ժամանակ կանանց դերին և անելիքներին (Խալաթյան, 2022)։ Մեր օրերում արդեն Ղարաբաղյան առաջին պատերազմը նկարագրող ֆիլմերը և զանազան մեդիա նյութերը պատմում են զինվորական կանանց պատմություններ ռազմական բուժքույրերի, պատերազմական գործողությունների ժամանակ տղամարդկանց աջակից կանանց, ինչպես նաև զինվորական տարբեր կոչումներ ունեցող փոքրաթիվ[8] կանանց պատմություններ։
Հայաստանյան իրականությունում կանանց զինվորական ծառայության հարցը հանրային պահանջ կարծես թե երբևէ չի ունեցել։ Այդուհանդերձ, նկատում ենք, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո փոխվել են զինված ուժերում կանանց ներգրավվածության մասին քաղաքական քննարկումների բովանդակությունը և ծավալը։ Զինված ուժերում կանանց ներգրավվածության բարձրացման քաղաքականությունն ավելի շատ որոշում կայացնողների կողմից հանրությանը «պարտադրվող» դիսկուրս է՝ մարդուժի ապահովման նպատակով, որ լեգիտիմություն է ստանում «փոքր ազգի» «հրամայականով»։
Եթե ուզում եք՝ պատասխանեմ այն հարցին, թե ինչու սկսվեց այս ամենը [կանանց՝ ռազմական ոլորտում ներգրավելու քաղաքականության շուրջ քննարկումները], ապա դրա պատճառը, թերևս, մեր բանակի՝ թվաքանակով թույլ և քիչ լինելն է։ Եվ ես վստահ եմ, որ եթե չլիներ թվային խնդիր, մենք շատ ավելի դանդաղ ու քիչ կխոսեինք սրա մասին։ Բայց դա այն իրողությունն է, ինչին առնչվում ենք։
Քաղաքացիական հասարակություն, կին գործիչ
Մինչդեռ զինված ուժերում կանանց ներգրավման քաղաքականությունն առաջնորդող պաշտպանության նախարարությունն այն մեկնաբանում է իբրև գենդերային հավասարությանն ուղղված քայլ։
Երևի ես չէ, որ պիտի խոսեմ գենդերային հավասարության մասին։ Շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետության իգական սեռի քաղաքացիները իրենց զգան լիիրավ և հավասար տղամարդկանց հետ, այդ թվում նաև հայրենիքը պաշտպանելիս[9]։
Լիբերալ ֆեմինիզմը պնդում է, որ կանանց՝ որպես իրավահավասար քաղաքացիների՝ հանրային կյանքին լիարժեք մասնակցությունը ենթադրում է նաև ծառայություն զինված ուժերում։ Այսկերպ կանանց զինվորագրումը ոչ միայն գենդերային հավասարության, այլև ժողովրդավարական մասնակցության հարց է դառնում (Snyder, 2003)։ Այն իբրև թե հակադրվում է կանանց՝ գերազանցապես տանը, կենցաղին պատկանելու սեքսիստական և պահպանողական դիսկուրսին, որը բացառում կամ առնվազն չի խրախուսում կանանց ներգրավումը քաղաքական, տնտեսական և հանրային այլ ոլորտներում։
Իշխանությունները կանանց պարտադիր կամավոր զինվորական ծառայության համակարգի նպատակը կապում են նաև «արդյունավետ կառավարման» հետ։ Պետական համակարգի արդյունավետության մասին դիսկուրսը պետական շահի անքննելի գերիշխանության մասին է, ինչը նշանակում է, որ անհատները կամ սոցիալական խմբերը այդ արդյունավետությունը սպասարկող կամ դրան խանգարող միավորներ են (Femia․ V. J., 1987)։
Հայաստանում կանանց ներգրավվածությունը զինվորական ծառայության մեջ խթանող քաղաքականությունը, ըստ փորձագետների, պայմանավորված է ղարաբաղյան կոնֆլիկտի էսկալացիաներով, իսկ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը է՛լ ավելի մեծ լեգիտիմություն է տվել այս քաղաքականությանը։
2018-ից դեռ 7-8 տարի առաջ մտահոգություններ եղել են։ Ես հիշում եմ՝ նույնիսկ քառօրյա պատերազմի ժամանակ այդ խնդիրը բարձրացվեց, որ փոքր ազգ ենք, պետք է կանայք էլ լինեն [զինվորներ]։
Քաղաքացիական հասարակություն, կին գործիչ
Այս համատեքստում, ինչպես կարծում են հետազոտության մասնակիցները, Աննա Հակոբյանի «Կանայք հանուն խաղաղության» արշավը խաղաղության հասնելու գործընթացում կանանց գործուն մասնակցություն ունենալու մասին խոսակցություն բացեց։ Մի կողմից՝ արշավը հռչակում էր խաղաղության հասնելու գործում կանանց դերի կարևորությունը, մյուս կողմից՝ խրախուսում էր վերջիններիս՝ ռազմական ոլորտին մասնակից դարձնելը։ «Կանայք հանուն խաղաղության» արշավն ի վերջո այնքան հեռացավ իր առաջնանպատակից, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Աննա Հակոբյանի գլխավորությամբ ձևավորվեց կանանց «Էրատո» ջոկատը՝ կանանց տանելով ռազմի դաշտ (Խալաթյան, 2022)։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, այսպիսով, ընդարձակ և լեգիտիմ դաշտ բացեց պատերազմում կանանց մասնակցության շուրջ քննարկումների համար՝ բանակում կանանց ներգրավելու քաղաքականությունը հիմնավորելով մարդուժի ավելացման անհրաժեշտությամբ։
Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո փոխվեց նաև ռազմական ոլորտում կանանց ներգրավելու հարցի հանրային հաղորդակցումը։ Վերջինս դարձավ ավելի բաց և ուղիղ՝ տեղ գտնելով ԶԼՄ-ում։ Հանրային կյանքի և ժամանցի կազմակերպման միջոցառումներում ավելացան ռազմական վարժանքները՝ դառնալով հանգստի, թիմային հավաքների, համատեղ ժամանցի նոր ձև[10]։ Այդ ծրագրերն իրականացնող կազմակերպությունների քաղաքականության մեջ ևս առանցքային տեղ ունի կանանց ներգրավումը՝ իբրև հակազդեցություն բանակում տղամարդկանց զինվորագրման թվի նվազման։ Ծրագրերից մեկի ղեկավարի խոսքում պետության քաղաքացին տղամարդն է, իսկ չկռվող/չզինվորագրվող տղամարդը բնութագրվում է որպես «առնական» պահվածք չդրսևորող։
Ռազմական գործը պոպուլիզմ չի սիրում։ Ու հենց տղամարդու պահվածքն է բերել նրան, որ կինը պետք է զենք վերցնի։ Մեր թերանալը՝ թե՛ երեխաներ ունենալու, թե՛ տղաներին դաստիարակելու հարցում, բերել է նրան, որ աղջիկների պահանջը կա եթե ոչ մարտի դաշտում, գոնե պաշտպանական համակարգում[11]։
Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ ռազմական գործում կանանց ներգրավվածությունը տղամարդու հետ իրավահավասարության հաստատման պայքարի ոլորտ է։ Կանայք թեև մշտապես աշխատել են ռազմական ոլորտում, սակայն առաջխաղացման հնարավորություն գրեթե չեն ունեցել։ Անարդարության այս զգացումը միաժամանակ է՛լ ավելի է խորացրել ռազմական գործն իբրև իրավունքի իրացման հարց մեկնաբանելը։ Սա, ըստ էության, լիբերալ ֆեմինիզմի մոտեցում է, որի համար ռազմական ոլորտը նոր հնարավորության ու հավասարության հաստատման միջավայր է։
Քանի որ ծրագրի նպատակները կապվում են պետության արդյունավետության հետ, ուստի հարում են, մի կողմից, պետական շահի գերակայության՝ պահպանողական աջ, մյուս կողմից՝ լիբերալ ժողովրդավարական համակարգի և հավասար պարտականությունների հաստատման դիսկուրսին: Ընդ որում՝ երկու դեպքում էլ կանանցից և այլ սոցիալական խմբերից ակնկալիքը պետությանը սպասարկելն է։ Թեև այս երկու մոտեցումներն ունեն գաղափարական հակասություն, այնուամենայնիվ, երկուսն էլ ելնում են պետության շահի և պետական մեքենայի արդյունավետության դիրքից։ Մեդիայի դիսկուրս վերլուծությունն իր հերթին դուրս է բերում ձևակերպումներ, որոնք ամփոփում են կանանց սուբյեկտայնության մասին մասկուլինային պատկերացումները։
Ա՛յ այստեղ մենք պետք է չառաջնորդվենք հավասարության, բարդույթներ կոչվածի սկզբունքով։ Այսինքն՝ կանանց տանք իրենց դերը բանակում, այն դերը, որը որ իրենք կարող են կատարել[12]։
Չնայած զինվորական ծառայության մեջ կանանց ընդգրկվածության բարձրացման քաղաքականության մշակման գործընթացում տարբեր նախարարությունների, քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ներառմանը՝ նախագծի շուրջ առաջացած բոլոր հարցերը նշված դերակատարները հասցեագրում են պաշտպանության նախարարությանը՝ մասնավորապես գաղափարական հիմնավորումներ ստանալու և կազմակերպատեխնիկական հարցերը կարգավորելու առնչությամբ։
Իսկ պաշտպանության նախարարության կողմից այդ հարցերի պատասխանները մեծ մասամբ թերի են, ավելին՝ պաշտպանության նախարարությունն ինքը չունի նախագծին առնչվող հարցերի պատասխաններ։ Պաշտպանության նախարարության գաղափարական անպատրաստությունը, ռեսուրսների և կարողությունների սակավությունը էական մարտահրավեր են «մշակութային փոփոխություն» առաջարկող այս նախագծի իրականացման հարցում։
ՊՆ աշխատակազմը ինչպե՞ս է սա պատկերացնում և պատկերացնո՞ւմ է արդյոք, թե՞ ոչ․․․․ Ես ուղղակի գլուխս բռնել էի, որովհետև հասկացա, որ այս մարդկային ռեսուրսով ուղղակի հնարավոր չէ նման գլոբալ ռեֆորմ անել, որը միայն ՊՆ-ի շրջանակում չէ, այլ մի ամբողջ մշակույթ է փոխելու Հայաստանում։ Ես նկատում եմ նույն սոցիալական գովազդները հանրայինով, «Զինուժ» ծրագրով, և այդ «թեթևությունը», որով առաջարկվում է, որ կանայք ներգրավվեն․․․։
Քաղաքացիական հասարակություն, կին գործիչ
Ռազմական գործում կանանց ներգրավման դիսկուրսի անբաժան մաս է ոլորտում նրանց դերի քննարկումը։ Բանակում և ռազմական այլ հաստատություններում ներգրավված կանանց դերի մասին կարծրատիպային և մասկուլին պատկերացումները արմատացած են հայաստանյան մշակույթում և մեր օրերում լրացուցիչ լեգիտիմություն են ստանում մեդիայի միջոցով։ Կանգ առնենք, մասնավորապես, Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Զինուժ»[13] հաղորդման՝ կանանց մասին պատմող ռեպորտաժների վրա, որոնք խրախուսում են բանակում կանանց ներգրավվածությունը։ Յուրաքանչյուր հաղորդման մեջ կանայք պատմում են զինվորագրվելու իրենց դրդապատճառների և դժվարությունների մասին, անդրադառնում են ընտանիքի պատմությանը, փորձին, ծառայակից տղամարդկանց հետ հարաբերությունների, հիերարխիայի և հավասարության հարցերին։
Ոչ մի բանով աղջիկ զինծառայողը չի տարբերվում տղամարդուց, քանի որ բոլորս էլ հավասար ենք․ մարզում անում ենք հավասար պայմաններում, կրակայիններն անցնում ենք հավասար պայմաններում, մարտական պատրաստվածությունն անցնում է հավասար պայմաններում[14]։
Բանակում ծառայելու համատեքստում լրացուցիչ նշանակալիություն է տրվում կանանց՝ ուսումը գերազանցությամբ ավարտելուն, բանակում լինելու իրենց իրավունքի համար պայքարին։ Հաճախ ռազմական ոլորտում կանանց ներգրավմանը հաղորդվում է արտառոցության և յուրահատկության այնպիսի մի շերտ, որն է՛լ ավելի կմեծացնի հարցի հանրային հավանությունը։ Կանայք բնութագրվում, ինչպես նաև իրենք են իրենց հաճախ ներկայացնում որպես «ոչ սովորական», «յուրահատուկ», կանանց համար սահմանված սոցիալական դերերից դուրս։
[Կին զինծառայող] Որ իրենք [տղամարդիկ] էլ իմանան, տեսնեն ու, չգիտեմ, վախենան։ Իրենց երևի թե ավելի վատ կզգան, որ աղջիկն է պահպանում իր սահմանը։ [Լրագրող] Բայց ոչ սովորական աղջիկը։ [Կին զինծառայող] Դե հա, ես էլ եմ համաձայն, որ ոչ սովորական[15]։
Ռազմական ոլորտում կանանց գոյության փաստը մշտապես հիմնավորվելու և «ապացուցվելու» կարիք ունի․ առնական հատկանիշերն ավելի արժեքավոր են սոցիալական միջավայրում, ուստի կանայք հայրիշխանական համակարգում պետք է շարունակաբար ապացուցեն իրենց կարևորությունը, օրինակ՝ ծառայեն տղամարդկանց հավասար։ Այս համատեքստում ռազմական վարժանքներին կանանց մասնակցությունը մեկնաբանվում է որպես նվիրվածություն և հետևողականություն, ինչպես նաև պատասխանատու ներգրավվածություն։ Կարևոր է նաև նկատել, որ կանանց վերագրվում է բանակում տղամարդկանց զգոնությունն ապահովողի դերը։
Մեր երկրի սահմանները պետք է պահել՝ լինի կին, թե տղամարդ։ Կան կարծրատիպեր, ես չեմ հանդիպել, բայց փորձում եմ կոտրել։ Ծառայությունը հավասար է բոլորիս համար։ Իմ անձնակազմում տարբերություն չեն դնում, բոլորս կատարում ենք նույն ծառայությունը։ Ես կարծում եմ, որ կանայք պետք է ծառայեն, քանի որ տղամարդու կողքին, երբ կինը ծառայում է, զինծառայողներն ավելի պատասխանատվությամբ են մոտենում յուրաքանչյուր հարցի, ավելի զգոն են, ավելի կարգապահ են[16]։
Ռազմական ոլորտում կանանց դերը տղամարդ զինվորների ու սպաների աջակից-ոգևորիչը լինելն է։ Սա դեռևս 20-րդ դարում պատերազմի և խաղաղության հարցերը քննող կին գործիչների դիրքորոշումն էր․ «Պատերազմի ժամանակ կինը պետք է ծառայի պատերազմի օրակարգին» (Խալաթյան, 2022)։ Կինը եկել է ամբողջացնելու տղամարդակենտրոն համակարգում թափուր մնացած դերեր։ Տղամարդակենտրոնության մասին պատկերացումները, մասնավորապես՝ տղամարդաստեղծ ռազմի ոլորտում նեցուկ կնոջ դերի մասին ընկալումը, հաճախ ձևակերպվում և վերարտադրվում է կին զինվորականների կողմից իբրև բնատուր։
Մենք թիկունք ենք տղաներին ու միշտ պետք է լինենք։ Պետք է կարողանանք էնտեղ ներկա գտնվել, ամեն ինչով փորձենք օգնել, թեկուզ ամենաչնչին՝ առաջին բուժօգնությամբ։
Հիմա ավելի, քան երբևէ կանանց ներկայությունը ոչ միայն անհրաժեշտ, այլ նաև ոգևորիչ է[17]:
Մարտի 8-ին և ապրիլի 7-ին տարբեր ռեպորտաժներում կարելի է տեսնել կին զինծառայողների, որոնց նվիրում են ծաղիկներ, գովերգում տղամարդկանց կողքին լինելու նրանց «առանձնահատուկ» դերը։ Կանխորոշված դերի սահմաններում, այդուհանդերձ, կին զինծառայողները էական ջանք են թափում ընդունելի դառնալու համար՝ չհավակնելով, սակայն, հավասարության։
Միայն եզակի դեպքերում ենք հանդիպում կին զինծառայողների, որոնք մեդիայում քննադատում են բանակը կամ բարձրաձայնում են այս կամ այն խնդիրը։
Նախ պետք է ընդունվել զինվորների կողմից որպես հրամանատար, հետո՝ քո գործընկերների՝ մյուս սպաների և, հատկապես, վերադասի կողմից՝ որպես սպա, ոչ թե որպես ուղղակի կին։ ․․․Ամենապարզ օրինակը կլինի այն, որ երբ ցանկացած պահի պետք էր լինում վաշտի հրամանատարին փոխարինել, առաջնահերթությունըԱ տրվում էր ոչ թե կանոնակարգմամբ նախատեսված կարգով առաջին դասակի հրամանատարին, հետո՝ երկրորդ դասակի հրամանատարին, այլ տղամարդու։ Եթե բոլոր տղամարդիկ արձակուրդում էին կամ գործուղման, այդ ժամանակ նոր ես էի դառնում վաշտի հրամանատարի պատասխանատուն։ Համեստություն չանեմ, հաշվի չէին առնվում իմ էդքան տարիների փորձն ու ստացած կրթությունները (տարբեր երկրներում), բավարարում էին, նույնիսկ ինչ-որ տեղ ոմանց նկատմամբ առավել էին, բայց եթե համեմատության պահն էր գալիս, ու ինչ-որ մեկը պետք է ընտրվեր, ընտրվում էր արական սեռի ներկայացուցիչը[18]։
«Զինուժի» հրապարակած նյութերում երբևէ չի խոսվում կանանց նկատմամբ համակարգային խտրականության դեպքերի և մարտահրավերների մասին, բայց այն մշակութային կոդերը, որոնք ներկայացվում են այդ ռեպորտաժներում, հուշում են դրանց անխուսափելի առկայության մասին։ Խտրական վերաբերմունքի և համակարգային խնդիրների մասին ավելի մանրամասն անդրադարձ կա «Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի» հետազոտության մեջ[19], որոնք վերաբերում են ռազմական ոլորտում կանանց առաջխաղացման, սպայական կոչում ստանալու, բարձր պաշտոններում ներկայացվելու խոչընդոտներին, հասարակության կարծրատիպային վերաբերմունքին, զինվորական հագուստին և այլն։
Տիրապետող հայրիշխանական մշակույթում կանայք իրենք հաճախ վերարտադրում են ռազմական ոլորտի կանանց մասին տղամարդաստեղծ, կարծրատիպային ըմբռնումները՝ առանձնացնելով, օրինակ, կանացի և ոչ կանացի զինվորական մասնագիտությունները, տղամարդու ներշնչանքը և նրան մեղմողը լինելու կնոջ կոչումը և այլն։
Մտածում եմ, որ զինվորական որոշ մասնագիտություններ կան, որոնք աղջկան ոչ այդքան սազական են և ոչ այդքան հարմար, դրա համար ես ընտրել եմ ՀՕՊ-ը։ Ենթակայության տակ լինելու են նաև տղաներ։ Ինձ թվում է՝ նրանց հետ աշխատելը հեշտ կստացվի, քանի որ այս չորս տարիների ընթացքում փորձ ես ձեռք բերում, ճանաչում ես տարբեր բնավորությունների տեր տղաների։ Ուսման ընթացքում խոչընդոտներ շատ չեն եղել, որոշ դժվարություններ էլ հաղթահարվել են կուրսանտ տղաների օգնությամբ, որոնց ուշադրության կենտրոնում մենք մշտապես ենք։ Տղաներն իրենք են ստիպում, որ մենք մնանք, այսպես ասած, նուրբ և չկորցնենք մեր կանացիության գծերը[20]։
Հասարակության սպասումները կանանցից՝ նաև ռազմական ոլորտում ներգրավված կանանցից, շրջանակվում են սոցիալական միջավայրերում նրանց տրված դերերով՝ ընտանիքում որպես մայր, կին, քույր, երեխաների դաստիարակ, տղամարդուն՝ հայրենիքի պաշտպանին նեցուկ։ Ռազմական ոլորտի կանանց մասին խոսելիս կիրառվում են «կին զինծառայող», «բանակի գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ», «հայ կին», «հայուհի» ձևակերպումները՝ խտացնելով ազգայինի և պաթետիկի տարրերը։
Մայր, կին, դուստր, մինչև անգամ հայրենիքի պաշտպան․ իրեն բաժին հասած բոլոր դերերում հայ կինը մշտապես պահողի ու պահպանողի իր դիրքերում է, անդավաճան սիրո ու անըստգյուտ նվիրումի բացարձակ մարմնացում է հայ կինը։ Ազգի տեսակի կրողն ու փոխանցողը։ Ազգային պայքարի օրերին էլ կանայք այնտեղ էին, ուր ամենից շատ իրենց կարիքն ունեին։ Նրանք հայրենիքի պաշտպանի կողքին էին։ Հայ կինը մայր է, որ պայքարի էր ոգեկոչում իր մինուճարին, կին է, որ սպասումը սրտում՝ քողարկման ցանցի մանրաթելերի մեջ սերն ու օրհնանքն էր հյուսում, որ պիտի հասներ առաջնագիծ ու պահպաներ իր ամենաթանկին։ Հայուհին կին է, որ զօր ու գիշեր աղոթում էր եղբոր, ամուսնու, սիրած տղայի, որդու՝ հաղթանակով վերադարձի համար։ Եվ այո՛, կանայք, որոնք իրենց մասնագիտական ու ծառայողական պարտքն էին կատարում հայրենիքի պաշտպանի կողքին՝ համազգեստը հագին մարտի դաշտում, ստորգետնյա վիրահատարաններում, թիկունքում[21]։
Կանայք, որոնք ներգրավված են ռազմական գործում, մեդիայում նկարագրվում են որպես բացառիկ անձնվեր, քանի որ ազգային շահը գերադասում են ընտանեկան կյանքից։ Բանակի և ընտանիքի ինստիտուտների միջև համեմատությունը տարածված է ռազմական ոլորտի կանանց մասին դիսկուրսում։ Կանայք դառնում են յուրահատուկ, երբ կնոջ և մոր սոցիալական դերերից բացի հանձն են առնում նաև բանակում ծառայելու «հայրենանվեր» գործը։
․․․44-օրյա և սեպտեմբերյան մարտերում զոհված խիզախ, համարձակ և հայրենասեր մի խումբ հայուհիներ չխնայեցին նույնիսկ իրենց կյանքը, հայրենիքը վեր դասեցին անձնական երջանկությունից և ընտանիքից, մինչև վերջին շունչը կռվեցին և պաշտպանեցին իրենց վստահված մարտական դիրքը[22]։
Զինվորական լինելը, սակայն, հավելյալ սոցիալական պարտականություն ու դեր է կանանց համար, այն չի կարող փոխարինել կամ վտանգել կանանց «ներընտանեկան» դերը։ Կանայք պետք է ապացուցեն առնականություն դրսևորելու կարողությունները՝ առանց դուրս գալու կանացիության մասին տիրապետող հանրային և մշակութային պատկերացումներից․ ընտանեկան պարտականությունների բեռը շարունակում է մնալ կնոջ ուսերին։
Կնոջ համար միշտ էլ ծառայությունը լինում է դժվար, քանի որ, բացի ծառայությունից, տանն էլ է ծառայում։ Ամեն դեպքում կանայք հաղթահարում են այդ խնդիրները։ Հայրենիքի պաշտպանությունը յուրաքանչյուրիս սուրբ գործն է[23]։
Նման օրինակներում նկատում ենք, թե ինչպես են հարաբերվում, մի կողմից, կնոջ սոցիալական դերի մասին պահպանողական, մյուս կողմից՝ ռազմի ոլորտում կանանց ներգրավվածությունը բարձրացնելուն ուղղված իբրև թե պրոգրեսիվ դիսկուրսները։ Ընտանիքի սպասարկողի դերը կնոջից վերցված չէ․ դրան ավելանում է հայրենիքին ծառայելու «հնարավորությունը»։ Միաժամանակ այդ երկուսը փոխհարաբերելու կարիք է առաջանում։
Կշեռքի մի նժարին՝ ընտանիքն ու երեխաները, մյուսին՝ հայրենիքի պաշտպանության վեհ գաղափարը։ Երկուսը համատեղելով ու դժվարությունները հաղթահարելով․․.[24]։
Կինը բանակում զսպիչ դեր կարող է ունենալ, կարող է մայրական գորովի, ջերմության մթնոլորտ ստեղծել։ Կանանց ուզում եմ մաղթել, որ լինեն ավելի տոկուն, համբերատար, որովհետև կնոջ պարագայում կարծես թե երկու ֆրոնտ է․ ես ասում էի՝ ես ժամը 6-ից հետո գնում եմ իմ մյուս բանակը, որովհետև իմ մյուս կռիվը ընտանիքում էր՝ երեխաներ, ամուսին, հոգսեր[25]։
Այսպիսով՝ կանանց՝ ռազմական ոլորտում այս կամ այն դերի ստանձնումը շրջանակվում է տղամարդկանց պատկերացումներով և ակնկալիքներով։ Լայն իմաստով՝ հարցի առանցքը ներընտանեկան «կանացի» գործառույթների արտապատկերումն է բանակում։ Գերիշխող ըմբռնումն այն է, որ կանայք պետք է ծառայեն բանակում, սակայն որոշումների կայացման աստիճանակարգության մեջ չզբաղեցնեն էական դիրք, չմոռանան ընտանիքի սպասարկուի և առնական տղաներ դաստիարակելու «կանացի» սոցիալական դերերի մասին։
Մտահոգությունների և հնարավորությունների հատումները
Բանակում կանանց ներգրավման քաղաքականության ուսումնասիրությունը դուրս է բերում վերջին տարիներին դրա՝ հանրության հետ հաղորդակցման ձևերի փոփոխությունը։
Եթե առաջ սրա մասին խոսակցություններ լսում էի միայն կոնֆերանս-սրահներում, կամաց-կամաց սկսեցի նկատել էկրաններին, զգացի սրա հետ կապված խոսույթի փոփոխությունը, որովհետև եթե առաջ դա կոնֆերանս-սրահում ուղղակի քննարկման թեմա էր դառնում, հիմա Հանրայինով հստակ ձևակերպված մոտեցումներ կան, որոնք կոմունիկացվում են հասարակությանը:
Քաղաքացիական հասարակություն, կին գործիչ
Քաղաքականության շուրջ քննարկումները թե՛ պետական, թե՛ քաղաքացիական հասարակության դաշտում ուղեկցվում են ոլորտի զարգացման հնարավորությունների մատնանշմամբ։ Քաղաքականության բացերի և խնդիրների մասին հոդավորումներ ևս կան, սակայն տպավորություն է, թե կանանց՝ ռազմական ոլորտում ներգրավելու քաղաքականության շուրջ քննադատությունը պարփակված է նեղ շրջանակում և մարգինալ է։ Ավելին՝ այդ նեղ շրջանակից հնչող քննադատությունը մեծապես արդեն իսկ առկա և սպասվելիք խնդիրների մասին է, որոնք հիմնականում կազմակերպական բնույթի են, և ցավալիորեն առնչություն չունեն կանանց ռազմականացման քաղաքականության ֆեմինիստական մոտեցումների հետ։
Խնդիրը, ըստ էության, ուսումնասիրված չէ ո՛չ քաղաքականություն մշակողների, ո՛չ հանրային կառույցների, ո՛չ կանանց հիմնախնդիրներով զբաղվող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից, ինչն էլ իր հերթին նեղացնում է քննադատության դաշտն ու առարկայական խոսակցությունները ներդրվող քաղաքականության շուրջ։
Ես շատ կուզեի նաև, որ կանանց խմբերը շատ պրոակտիվ հասկանային նաև դրական կողմերը, այսպես ասած՝ համընդգրկուն։ Որովհետև զուգարանի հարցից այն կողմ չէինք կարողանում գնալ խնդրի քննարկման ժամանակ՝ կանանց հիգիենա և այլն։ Բայց չէ՞ որ ո՛չ այդտեղից սկսվում է, ո՛չ էլ այդտեղ վերջանում է կանանց՝ զինվորականության մեջ ներգրավելը։ Ու էդ էր իմ հիմնական խնդիրը, որ այն բազմաշերտ քննարկում չէր, տարբեր տեսանկյուններից նայվող խնդիր չէր, ու չկային էդ մարդիկ, որոնք ուսումնասիրած լինեին դա։
Քաղաքացիական հասարակություն, կին գործիչ
Մեր զրույցները կանանց հարցերով զբաղվող քաղհասարակության ներկայացուցիչների հետ ցույց են տալիս, որ վերջիններիս հիմնական քննադատության առարկան ոչ այնքան ֆեմինիստական հայացքի ներքո հայրիշխանական համակարգում կանանց՝ նոր թափով ներգրավելու միտումն է, որքան այդ քաղաքականությունը գործադրողների կարողությունը այն հանրության հետ հաղորդակցելու, հասարակությանը և պետական կառույցներին նախապատրաստելու տեսանկյուններից։ Միաժամանակ նրանք մատնանշում են, որ կանայք դեռևս չեն հաջողում ձևակերպել զինվորականության առնչությամբ սեփական կարիքները և խնդիրները։
Հատկապես զինվորական կանայք տեքստեր էին արտաբերում, որ դա պետք է, բայց մենք պետք է ունենանք հարմարություններ և այլն։ Այսինքն՝ իրենց ընկալումը էդ պրիմիտիվիզմի մեջ էր տեղավորվում։ Բայց տղամարդիկ լուրջ հարցեր էին առաջ քաշում, որ՝ ինչպես են այդ հարաբերությունները կարգավորվելու, ոնց է իրեն զգալու տղամարդը, կինը։ Այսինքն՝ նրանց համար գոնե էդ հարցերն ավելի հստակ էին։
Քաղաքացիական հասարակություն, կին գործիչ
Հարցազրույցների մասնակիցներն առանձնացնում են նաև «պետություն-քաղհասարակություն-հանրություն» հաղորդակցման խնդիրներն ու թերացումները՝ համարելով, որ քաղաքացիական հասարակությունն էլ կարող է իր աջակցությունն ունենալ պետությանը քաղաքականության մշակմանն ու հաղորդակցմանն առնչվող հարցերում։
Մեր զրույցներից ստացած ընդհանրական տպավորությունն ամփոփվում է դրանցից մեկի ժամանակ ձևակերպված «կանանց մուտքը բանակ նոր հմտություններ կբերի ռազմական համակարգին» մտքում, որը, ըստ էության, վերարտադրում է կանանց բնորոշ որոշակի հատկանիշերի մասին մշակութային և սոցիալական պատկերացումները և հիմնվում է լիբերալ ֆեմինիստական մոտեցման վրա։ Նման ըմբռնումները լայնորեն ներկայացված են մեդիայում, հատկապես՝ իբրև բանակի և անվտանգային ոլորտի փորձագետ ներկայացվող շրջանակների խոսքում։ Չնայած այն հանգամանքին, որ մեդիա փորձագետները մատնանշում են կանանց՝ զինվորական ծառայության մեջ ներգրավելու հնարավոր ռիսկերը, չեն հարցադրում քաղաքականության ներդրումն ինքնին և քննադատությունը ձևակերպում են պետական շահի գերակայության լույսի ներքո։
Այդ «պիտի» ու «պարտադիր» բառերը այս պահին ես չեմ ընդունում։ Ես գտնում եմ, որ Հաաստանի նման անվտանգային խնդիրներ ունեցող պետության համար շատ կարևոր է, որ բոլորը ծառայեն, այդ թվում՝ կանայք։ Սակայն դա չպետք է դիտել պարզունակ, մեխանիկական քանակական տեսանկյունից։ Դա պետք է լինի որակական փոփոխություն և պետք է դիտարկվի պաշտպանական բարեփոխումների ընդհանուր համատեքստում, ոչ թե որպես կոսմետիկ գործողություն։ Կանանց համար պետք է ապահովվեն մի շարք պայմաններ, կարգավորումներ՝ իրավական, տեխնիկական, ենթակառուցվածքային, հոգեբանական, և չեմ կարծում, որ այս պահին մեր բանակը դրան պատրաստ է։ Իհարկե, կանանց ներկայությունը կարող է նաև դրական ազդեցություն գործել նույն այդ բարոյահոգեբանական մթնոլորտի վրա, սակայն եթե դա արվի վաղաժամկետ՝ առանց հիմքեր ստեղծելու, կարող է հակառակ ազդեցությունը գործել։ Այնպես պետք է իրագործել, որ գաղափարը չվարկաբեկվի։ Տեսականորեն ճիշտ գաղափար է, և դա պետք է դիտարկել նաև քաղաքացիական պաշտպանության անհրաժեշտության համատեքստում, քանի որ ես գտնում եմ, որ մեր ամբողջ ազգը պետք է անցնի քաղաքացիական պաշտպանության որոշակի պատրաստություն[26]։
Եվրոպայի խորհրդի Հայաստանի գրասենյակը Հայաստանում այդպիսի ծրագիր էր անում՝ կանանց ներգրավումը ԶՈՒ-ում, համագործակցում էր ՊՆ-ի հետ։ Ես դրական եմ վերաբերվում, բայց չեմ գտնում, որ կանանց պետք է միանգամից տանեն ու ներգրավեն։ Պետք է փոխեն բանակի մթնոլորտը, որ հնարավոր լինի կանանց ներգրավել։ Դրական եմ համարում այն առումով, որ կանանց ներգրավվածությունն ի սկզբանե կփոխի բանակի մթնոլորտը՝ բռի, կրիմինալ։ Ուղղակի նաև մտածում ես՝ էդ մթնոլորտում կարո՞ղ է կանայք թիրախավորվեն։ Պատերազմի ժամանակ կին զինծառայողը 40 օր հերթափոխից չէր իջել, շատ էր ուզում հանձներ, գնար։ Կին է, պետք է լողանա, հիգիենա է, շատ տառապում էր, զանգում էր։ Ասում էի՝ պատերազմ է, դու էդտեղ պետք է լեզու գտնես, մի կերպ իջնես[27]։
Լիբերալ ֆեմինիզմը պնդում է, որ կանայք կարող են բանակային միջավայրը նվազ հիերարխիկ, կարեկցող ու հոգատար դարձնել՝ ի վերջո փոխակերպելով այն ու դարձնելով ժամանակակից աշխարհին ավելի մոտ (Stiehm, 1989, 1996)։ Այս մոտեցումը ենթադրում է, որ կանայք իրենց բնույթով ավելի հոգատար են, առավել քիչ են հակված ավտորիտար վարքի, ինչը կարող է դրական ազդեցություն ունենալ բանակի վրա։
Մեր զրույցները բացահայտում են կանանց՝ զինվորական ծառայության անցնելու ճանապարհին հանդիպող խնդիրները, որոնք կենցաղայինից մինչև կին-տղամարդ փոխհարաբերությունների ու հանրորեն ընդունված կարգուձևի շրջանակում են։
Ավելին՝ փորձագետները բանակի խնդիրները թվարկելիս պարբերաբար վերադառնում են փակ համակարգերում և հաստատություններում բռնության տարածվածությանը և կանանց՝ բանակում ընդգրկվելու քաղաքականության խնդիրների շարքին ավելացնում արդեն իսկ առկա համակարգային խնդիրները։
Մենք շատ լավ գիտենք, թե բանակն ինչու է դառնում արատավոր, որովհետև այն փակ տարածք է, որտեղ մարդուն վերցնում, կտրում են իր միջավայրից, վախեցնում, ստրկացնում են, դարձնում հիերարխիկ համակարգի մի մասը, ու նույն ժամանակ այդ համակարգի վերևում կանգնած անձինք կամաց-կամաց իրենց անպատժելիության ու ամենաթողության մթնոլորտում դառնում են ուղղակի քրեածին տարրեր[28]։
Բանակի համակարգային խնդիրները տարիներ շարունակ կոծկվել են, դրանք երբևէ մեդիայում լայն քննարկման առարկա չեն եղել․ միայն շատ խիզախներն են հանդգնել հանրայնորեն քննադատել բանակը՝ պիտակավորվելով որպես «դավաճաններ»[29]։ Թեև Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո հանրությունն ավելի անկաշկանդ սկսեց խոսել բանակի խնդիրների, բանակի՝ իբրև վտանգավոր, մահաբեր կառույցի մասին (Խալաթյան, Մանուսյան, Մարգարյան, 2023), բանակում խաղաղ պայմաններում զինվորների սպանության դեպքերի բացահայտումները, սպանվածների ընտանիքի անդամների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների բողոքի պայքարները լուսանցքում մնացած իրողություն են․ այս հարցերն այլևս հանրային բողոք և մոբիլիզացիա առաջ չեն բերում։
Բանակի՝ որպես փակ հիերարխիկ ինստիտուտի համակարգային խնդիրների լուծման բացակայության պայմաններում կանանց՝ ռազմի ոլորտում ներգրավելու հարցը խոր մտահոգություններ է առաջ բերում։ Ռազմական ոլորտը՝ իբրև համակարգային բռնության և ուժի գործադրման ինստիտուտ, է՛լ ավելի մեծ չափով է ճնշում կանանց։ Այլ երկրների օրինակները և հետազոտությունները ևս փաստում են, որ զինված ուժերում ամենամեծ մարտահրավերը կանանց նկատմամբ բռնությունն է[30]։
Ուղղակի խնդիրներ կան, որ չենք էլ կարող կանխատեսել՝ բռնություն և այլն։ Բնականաբար պետք է նախապես հնարավորինս զերծ միջավայր ստեղծել այդ ամենից։ Ես շատ տեխնիկական հարցերի մասին եմ մտածել, օրինակ՝ երեխան հիվանդանում է, մայրն ուզելու է մնալ տանը, ու այստեղ սկսվելու է երկրորդ քննադատությունների շղթան․ բա կին է, բա որ ասում էինք՝ չի ստացվի և այլն։ Ես դրա համար եմ ասում, գուցե պետք չի, որ ինքը բացակայի աշխատանքից, գուցե զորանոցներում, եթե սահմանամերձ չի, պետք է լինեն ընտանիքներով, ինչպես տղամարդիկ են լինում։
Կառավարության կին ներկայացուցիչ
Մեդիա դիսկուրսի վերլուծությունը, ինչպես նաև մեր զրույցները քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, թույլ են տալիս ասել, որ կանանց՝ ռազմական ոլորտում ներգրավելը քննարկվում և քննադատվում է մեծապես կանանց արդյունավետ ծառայության համար պայմանների ստեղծման տեսանկյունից․ հիգիենային առնչվող հարցերից մինչև վերարտադրողական իրավունք և երեխաների խնամք և այլն։
Մենք չպիտի բացառենք էնտեղ կնոջ մայրանալու հնարավորությունը, ու ինքն ընտրի՝ կա՛մ ծառայելու է ԶՈՒ-ում, կա՛մ մայրանալու է, որովհետև եթե ինքն ունեցավ փոքր երեխա և ծառայողական պարտականությունները կատարելիս եղավ, պետք է ունենա իրեն կից սենյակ, որտեղ նաև երեխային խնամելու ենթակառուցվածք կլինի։
Կառավարության կին ներկայացուցիչ
Թեև այս հարցերի շուրջ կա որոշակի հանրային-քաղաքական դիսկուրս, սակայն դրանց լուծման առարկայական քաղաքականությունները և մոտեցումները բացակայում են։ Զուգահեռաբար առաջ են գալիս հանրային մտածողությամբ և կարծրատիպային ընկալումներով պայմանավորված խնդիրները, որոնք առնչվում են ռազմական հիերարխիկ համակարգում կին-տղամարդ փոխհարաբերություններին, աշխատանքի բաժանմանը, ծառայության ընթացքում կանանց «պաշտպանելու» տղամարդկային ընդունված նորմերին, կանանց անվտանգ զգալուն, անառողջ մրցակցությանը։ Ռազմական համակարգը ձևավորվել ու գործում է իբրև առնականության գերակայության համակարգ՝ չնայած կանանց այս կամ այն չափով ներգրավվածությանը։ Այն պարագայում, երբ բանակում ծառայելը մեծապես ըմբռնվում է իբրև «տղամարդ դառնալու» հնարավորություն, ռազմի ոլորտում[31] կանանց ներգրավումը լրացուցիչ շերտեր է առաջ բերում բանակային կյանքում կանանց դերի և կերպարի կարծրատիպային ընկալումների խորացման, տղամարդկանց հետ փոխհարաբերությունների կազմակերպման բարդությունների շուրջ։
Ակնհայտ է, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, բանակի հանդեպ վստահության նվազումը և բանակի՝ իբրև պաշտպանության հենարանի խարխլված կերպարն են հնարավոր դարձրել կանանց՝ ռազմական համակարգում ընդգրկվածությունը մեծացնելու քաղաքականության ակտիվ խմորումը։ Մեր զրույցները և մեդիա վերլուծությունը միաժամանակ ակներև են դարձնում, որ հանրային տեսանելի դիսկուրսում գերակա է ռազմական ոլորտում կանանց ներգրավման դրական վերաբերմունք, որի հիմքում լիբերալ ֆեմինիզմի այն թեզն է, որ կանանց համար փակ համակարգեր չպետք է լինեն, իսկ բանակը կանանց իրավունքների իրացման նոր միջավայր կարող է դառնալ։
Ավելին՝ կա ընկալում, որ ռազմական ոլորտում կանանց ներգրավումը մարտահրավեր է տղամարդկանց գերիշխանությանը և տղամարդկային տարածքը «զբաղեցնելու» հնարավորություն։
Պրոֆեսիոնալ բանակում ներգրավումը ունի նաև սոցիալական շերտ։ Թերևս չափազանցություն չի լինի պնդել, որ մեծ մասամբ պայմանագրային ծառայությանն անդամագրվելու հիմքում անհատի և նրա ընտանիքի սոցիալ-տնտեսական դրությունը բարելավելու միտումն է, իսկ հաճախ նաև՝ աղքատությունը հաղթահարելու հնարավորություն (Խալաթյան, Մանուսյան (խմբ․), Մարգարյան, 2023)։ Ռազմական համակարգում ներգրավված/ող կանանց համար ևս մոտիվացիան հաճախ բանակում ընտանիքի անդամի ներկայությունն է կամ սոցիակալան վատթար դրությունը։ Ցավալիորեն, սակայն, կանանց՝ բանակում կամավոր-պարտադիր զինվորագրության քննարկումներում լուսանցքում է մնում հարցի սոցիալ-տնտեսական ասպեկտը։ Հազվադեպ հնչում են մտահոգություններ այն խնդրի շուրջ, թե սոցիալ-տնտեսական ինչ հնարավոր ազդեցություն կարող են նման ծրագրերն ունենալ սոցիալապես անապահով ընտանիքների կանանց համար։
Սոցիալապես անապահով ընտանիքներում կատարվողին ես նայում եմ որպես սարսափելի երևույթ, որովհետև հարսներին ստիպում են երեխա ունենալ, որպեսզի իրենց վարկերը փակեն կամ սոցիալական ինչ-որ հարց լուծեն։ Այս որոշումը ևս մեկ նմանօրինակ միջոց է լինելու, ու շատ լուրջ է պետք հետևել, թե արդյոք մարդիկ դա անում են կամավո՞ր, թե՞ սոցիալական վիճակից դրդված, թե՞ ընտանիքի անդամների ճնշման տակ։ Այսինքն՝ այստեղ սոցիալական վիճակը լուրջ դերակատարում է ունենալու…[32]։
Նախագիծը քննադատում են նաև հակամիլիտարիստական ֆեմինիստական գաղափարախոսության կրողները, որոնք քննարկում են, որ ռազմական պատրաստությունը հիմնված է թշնամու կերպարի ամրապնդման վրա, որտեղ հաճախ օգտագործվում են կնատյաց հռետորաբանություն ու պատկերներ, հետևաբար թշնամու կանացի կերպարը արդեն խտրականություն է կին զինծառայողների հանդեպ, ուստի պարարտ հող է սեռական բռնության համար[33]։ Առհասարակ հակամիլիտարիստական խմբերը սին են համարում ակնկալիքը, որ կանայք կարող են փոխել բանակի միջավայրը, քանի որ ռազմական ոլորտն իր բնույթով հիմնված է առնականացված և բռնությունը խրախուսող կառուցվածքների և հարաբերությունների վրա։ Նրանք խնդրականացնում են առնականությունն ու բռնությունն առհասարակ, հետևաբար նաև՝ պետության կողմից օրինականացված բռնության իրագործումը (Enloe, 2007; Cockburn 2007; MacKenzie, 2013)։ Եզակի, բայց հակամիլիտարիստական ձայներ տեսնում ենք նաև տեղական դիսկուրսում[34], հիմնականում ակտիվիստների շրջանում, որոնք փաստում են, որ կանանց ներգրավումը բանակում չի բերում կանանց իրավահավասարություն, քանի որ կանայք չեն կարող լինել տղամարդկանց հավասար ռազմական ոլորտում։ Հակամիլիտարիստական ֆեմինիստ հեղինակները նշում են, որ խտրականության չենթարկվելու համար կանայք պետք է ավելի մեծ ջանք գործադրեն ռազմական ոլորտում, ինչն արդեն հակասում է հավասարության խոսույթին։ Իսկ իրենց բավարար «առնական» լինելու կարողությունը ապացուցելուց հետո կանայք, այնուամենայնիվ, հաճախ դուրս են մնում ռազմական ակտիվ գործողություններից, հետևաբար դուրս են մնում առաջխաղացման մրցակցությունից։
Ամփոփում
Կանանց կամավոր հիմունքներով պարտադիր զինծառայության քաղաքականության և դրա շուրջ հանրային սահմանափակ դիսկուրսի վերլուծությունը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության որոշ ներկայացուցիչների հետ մեր զրույցները երևան են բերում հարցեր և ընկալումներ, որոնք գլխավորապես ձևակերպված են իշխանությունների կողմից և վերարտադրվում են մեդիայի միջոցով։ Գերիշխող դիսկուրսը պահպանողական է և խտրական կանանց նկատմամբ, նույնիսկ երբ փորձում է ռազմի ոլորտում ջատագովել հավասար իրավունքներ և հնարավորություններ նրանց համար։ Այն վերարտադրում է հայրիշխանական պատկերացումները կանանց սոցիալական դերի մասին՝ որպես մայր, քույր, կին։
Կանանց զինվորագրման քաղաքականության մասին զրույցներում և անգամ դրա քննադատության մեջ շեշտադրվում են ոչ թե ուժային հայրիշխանական համակարգը և դրա միջավայրը փոխելու, խտրականությունը նվազեցնելու կարևորությունը, այլ ակնկալիքը, որ կանայք իրենց «կանացիությամբ» կգան և կմեղմեն բանակային փակ ու աստիճանակարգային համակարգը։ Զինվորական կանայք ևս հաճախ խոսում են ոչ թե իրենց միջավայրը փոխելու կարողության, այլ իրենց միջավայրին հարմարվելու, սովորելու անհրաժեշտ կարողության մասին։ Այս տեսանկյունից կանայք դառնում են կանանց մասին կարծրատիպերի վերարտադրողն ու հաստատողը, քանի որ կրկնում են հանրային լեգիտիմություն ունեցող ըմբռնումները, որոնք այնքան գերիշխող են, որ հաճախ սահմանադրում են այդ կանանց մտածողությունը։
Կանանց՝ բանակում ներգրավելու քաղաքականության ջատագովությունը նրանց չի ազատում սոցիալապես ընդունելի «կանացի» դերերից։ Վերջինս միայն ավելացնում է նոր սոցիալական դեր՝ տղամարդ զինվորականների սատարը և աջակիցը լինելու առումով։ Խոսույթում այս երկու դերերը իրար չեն հակասում, ընդհակառակը, էսենցիալիստական մտածողության նույն ծիրում են. ենթադրվում է, որ ի ծնե հոգատար, մայրական հատկանիշերով օժտված կանայք այդ հատկանիշերը կբերեն նաև բանակ և կսպասարկեն տղամարդկանց սիրո և հոգատարության կարիքները։
Հանրային-քաղաքական քննարկումներում բանակում կանանց իրավահավասարությունը և առաջխաղացումը ջատագովող լիբերալ դիսկուրսը կարող ենք ըմբռնել իբրև այլընտրանքային, թեև այն չի խնդրականացնում զինվորական ոլորտի բռնի և առնականացված էությունն ու տրամաբանությունը։ Միաժամանակ, լիբերալ դիսկուրսը ելնում է պետական շահի գերակայության մտածողությունից, հետևաբար գործիքայնացնում է կանանց դերն այս գործում։ Ըստ էության՝ լիբերալ մտածողությամբ քաղաքացիական հասարակության անդամները թեև մատնանշում են առանձին խնդիրներ, առաջարկում դրանց լուծումներ, սակայն նույնպես աջակցում են պետական այս ծրագրի ներդրմանը։
Կանանց զինվորագրմանը և ռազմականացմանը դեմ ձայները սակավ են։ Դրանք եզակի ձայներ են, որոնք հանրային լայն աջակցություն չունեն։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանում ստեղծված անվտանգային խաթարված դրությունը օրակարգային է դարձրել զինված ուժերի ոլորտում փոփոխությունների անհրաժեշտությունն ու հրամայականը։ Այս տեսանկյունից ոլորտում իրականացված փոփոխությունների մեծ մասը՝ ռազմական բյուջեի ավելացումը, կանանց կամավոր պարտադիր զինծառայության ներդրումը, վարժական հավաքներից խուսափելու քրեականացումը, լայն իմաստով դրական արձագանք են ստանում հանրային լայն շերտերի կողմից։ Ավելին՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմին հաջորդող ժամանակահատվածում բանակը քննադատելու և խաղաղության դիսկուրսը առաջ մղելու հնարավորության պատուհանը կարճ ժամանակ անց փակվեց․ քննադատության տարածքը գնալով նեղացավ և կրճատվեց։ Հակամիլիտարիստական դիսկուրսը ցայսօր էլ հանրային-քաղաքական քննարկումների լուսանցքում է, մինչդեռ այն ունակ է խնդրականացնելու բանակն իբրև հայրիշխանական համակարգ, որ հիմնված է ուժեղի և թույլի գերիշխանական հարաբերությունների տրամաբանության և բռնության վրա։ Կանանց զանգվածային ներգրավումն ուժային համակարգում ոչ թե հավասարության և հնարավորությունների, այլ առկա խնդիրների վերարտադրման և կանանց նկատմամբ խտրականության և տարաբնույթ բռնությունների նոր միջավայր է դառնալու։
Հեղինակներ՝ Մարիամ Խալաթյան, Նվարդ Մարգարյան
Մեդիա նյութերի հավաքումը՝ Ագապի Իվանյանի
Մեդիայի դիսկուրս վերլուծությունը՝ Քրիստինա Սոլոյանի
Խմբագիր՝ Արփի Մանուսյան
Սրբագրիչ՝ Ազնիվ Նասլյան
Օգտագործված գրականություն
- Էնլոու Ս. (1983). Ֆեմինիզմ և միլիտարիզմ, թարգմ., Ֆեմինիստական տեսության ժողովածու. 80-ականներ/խմբ.՝ Ավագյան, Շ., Հայնրիխ Բյոլ հիմնադրամ, 2018:
- Խալաթյան Մ․ (2022)․ Պատերազմը կնոջ դիտանկյունից․ «Կանայք հանուն խաղաղության» արշավի մասին. «Սոցիոսկոպ» ՀԿ:
- Խալաթյան Մ․, Մանուսյան, Ա․, Մարգարյան Ն., (2023)․ Քննելով հանրային մտահոգությունների բազմազանությունը. սոցիալականը |խաղաղությունը | տարածաշրջանը /. Երևան.: «Սոցիոսկոպ» ՀԿ. 168:
- Cockburn, C. (2007). From Where We Stand: War, Women’s Activism and Feminist Analysis. London: Zed Books.
- Duncanson, C., & Woodward, R. (2016). Regendering the military: Theorizing women’s military participation. Security Dialogue, 47(1), 3–21
- Enloe, C. (2007). Globalization and Militarism: Feminists Make the Link. Lanham, Maryland: Rowman and Littlefield.
- Femia․ V. J. (1987). Gramsci’s Political Thought: Hegemony, Consciousness, and the Revolutionary Process. Oxford University Press
- hooks, b. (1995). Feminism and Militarism: A Comment. Women’s Studies Quarterly, Vol. 23, No ¾, Rethinking Women’s Peace Studies (Fall-Winter, 1995), pp. 58-64).
- Sjoberg L. & Via S. (2010). Gender war and militarism : feminist perspectives. Praeger. March 26, 2024
- Snyder, R. C. 2003. The Citizen-Soldier Tradition and Gender Integration of the US Military. Armed Forces & Society 29 (2): 185–204
- Stiehm, J. H. (1989). Arms And The Enlisted Woman (pp. v–vi). Temple University Press.
- Stiehm, J. H. (Ed.). (1996). Table of Contents. In It’s Our Military Too: Women and the U.S Military (pp. v–viii). Temple University Press.
[1] Parliament.am (2023). ՀՀ ԱԺ ութերորդ գումարում, հինգերորդ նստաշրջան, սղագրություն N 1. վերցվել է՝ http://www.parliament.am/transcript.php?lang=arm&month=06&year=2023#1300
[2] Վաղաժամկետ զորացրվելու պարագայում փաստացի պատվովճարը հաշվարկվելու է այսպես. նախատեսված գումարը բաժանվելու է 6 ամսվա և բազմապատկվելու է փաստացի ծառայած ամիսների թվով։
[3] Parliament.am (2023). ՀՀ ԱԺ ութերորդ գումարում, հինգերորդ նստաշրջան, սղագրություն N 28. վերցվել է՝ http://www.parliament.am/transcript.php?AgendaID=4615&day=15&month=06&year=2023&lang=arm#15.06.2023
[4] Primeminister.am (2021). Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Ազգային ժողովում ՀՀ Կառավարության ծրագիրը ներկայացնելիս. վերցվել է՝ https://www.primeminister.am/hy/statements-and-messages/item/2021/08/24/Nikol-Pashinyan-Speech/
[5] Նույն տեղում։
[6] 1in TV (2023). Կներդրվի իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության համակարգ. վերցվել է՝ https://www.youtube.com/watch?v=l1qr0VsEPnY
[7] Parliament.am․ (2023). ՀՀ ԱԺ ութերորդ գումարում, հինգերորդ նստաշրջան, սղագրություն N 1. վերցվել է՝ http://www.parliament.am/transcript.php?lang=arm&month=06&year=2023#1300
[8] 2020-ի համեմատ 2021-ին պայմանագրային զինծառայողների ընդհանուր թվաքանակում կանանց տոկոսային հարաբերակցությունն աճել է 0,8 %-ով։ Հետաքրքիր է, սակայն, որ դեռևս 2014-ին ժամանակի ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրապարակային ասել էր, որ կին պայմանագրային զինծառայողների թիվը զորքերում 20 %-ից անցնում է, իսկ վարչարարական աշխատանքներում նրանց ներգրավվածությունը 35-40 % է։ Ավելին՝ 2012-ին ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել էր, որ ՀՀ զինված ուժերում ներգրավված են ավելի քան 1400 կին զինծառայող և սպա, իսկ 2017-ին նշվում էր, որ կանանց թիվը գերազանցում է 2000-ը։ Տե՛ս Սիմոնյան, Օ․ (2022, 18 ապրիլի)․ Կանայք հայկական և օտարերկրյա բանակներում. թվեր և վիճակագրություն․ media.am. վերցվել է՝ https://media.am/hy/verified/2022/04/18/32423/
[9] Խուլյան, Ա. (2023, 20 մայիսի). Հայաստանում կձևավորվի կանանց գումարտակ, հետագայում նաև զորագունդ. «Ազատություն» ռադիոկայան. վերցվել է՝ https://www.azatutyun.am/a/32435681.html
[10] Այս գործընթացում նկատելի է նաև կանանց մեծ ընդգրկվածությունը։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո հայաստանյան աշխատաշուկայում մեծ կազմակերպությունները աշխատակիցների թիմային հավաքները նախընտրում են անցկացնել քաղաքացիական հրաձգարաններում՝ «զենքի մշակույթի» յուրացմանն ու տիրապետմանն ուղղված գործունեություն ծավալելով։ Նման ծառայություններ տրամադրող կառույցները մեծաքանակ չեն, սակայն վստահաբար կարող ենք խոսել երկու խոշոր օրինակի՝ «Ազատազենի» և ՈՄԱ-ի մասին, որոնց գործունեությունը, ըստ իրենց հայտարարությունների, ուղղված է Հայաստանում զենքի մշակույթի շուրջ մարդկանց համախմբմանը, «ազգ-բանակ» գաղափարի հաստատմանը։ Նկատելի է, որ այս կառույցները նաև կորպորատիվ փաթեթներ են տրամադրում, մեծաքանակ մարդկանց ներգրավում և սերտորեն համագործակցում, օրինակ, ՆԳՆ-ի և ՊՆ-ի հետ։ Արդյոք սա կազդի «ազգ-բանակ» պետական հայեցակարգի վերադարձի վրա՝ դեռևս դժվար է ասել։
[11] Aravot Daily. (2023, 21 հունիսի)․ «Մեր օրեր». Կանայք, ի զեն․ [Տեսանյութ]. YouTube. https://www.youtube.com/watch?v=wREzgieMCsw&list=PLkT6nRNGbCYtvyF6dQMHR2OonFHwwgztl&index=5
[12] Հարությունյան, Ս. (2021, 28 օգոստոսի). Կանանց դերը պետք է բարձրացնել բանակում, բայց միևնույն ժամանակ չպետք է դնել հավասարություն կանանց և տղամարդկանց միջև. 1in.am․ վերցվել է՝ https://www.1in.am/2996962.html
[13] «Զինուժը» պաշտպանության նախարարության մեդիա հարթակն է, որը պատմում է բանակի և պաշտպանության նախարարության նորությունների, հաջողությունների, պատմությունների մասին և միտված է բանակի և ռազմական ոլորտի առաջխաղացմանը։
[14] ԶԻՆՈՒԺ MEDIA․ (2022, 29 հունվարի)․ Կանայք նույնպես շարքում են։ Նրանք ծառայում են առաջնագծում և թիկունքում, նրանք կրում են հայրենիքի պաշտպանի պատվաբեր կոչումը․[Տեսանյութ]. YouTube. https://www.youtube.com/watch?v=1a4xOBgt9zc
[15] ԶԻՆՈՒԺ MEDIA․ (2020, 26 սեպտեմբերի)․ Հուլիսյան մարտական գործողությունների քրոնիկոնն առաջին ձեռքից․ [Տեսանյութ]. YouTube. https://www.youtube.com/watch?v=dweCJcxVsac
[16] Nor Hayastan TV․ (2023, 5 ապրիլի)․ Ինձ ընդունում են որպես ծառայող, ոչ թե առանձնացնում են՝ կին ծառայող. Անուշ Հովհաննիսյան․ [Տեսանյութ]. YouTube. https://www.youtube.com/watch?v=vqda5Lr-rrw
[17] ԶԻՆՈՒԺ MEDIA․ (2020, 30 հոկտեմբերի)․ Կանանց առաջին վաշտի մարզումները․ [Տեսանյութ]․ YouTube. https://www.youtube.com/watch?v=a_IA7Ffi_HE
[18] Civilnet. (2023, 9 մարտի)․ Բանակն այս պահին պատրաստ չէ կանանց ծառայությանը․ [Տեսանյութ]. YouTube. https://www.youtube.com/watch?v=RPfCItLoGWI
[19] ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ․ (2020, 1 փետրվարի)․ Կին զինծառայողներն ունեն առաջխաղացման խոչընդոտներ, չկան երաշխիքներ ամուսնացած կամ հղի կանանց համար և այլն. այսօր նոր առաջարկներ կուղարկվեն ԱԺ պաշտպանության հանձնաժողով և ՊՆ․ վերցվել է՝ https://ombuds.am/am/site/ViewNews/2109
[20] ԶԻՆՈՒԺ MEDIA․ (2021, 6 մարտի)․ Հայոց բանակի խիզախ հայուհիները. Մարտական հուշերն են ամփոփում նաև կամավոր արցախյան ռազմաճակատ մեկնած նորավարտ աղջիկ սպաները․[Տեսանյութ]․ YouTube. https://www.youtube.com/watch?v=7O2MJcDts38
[21] ԶԻՆՈՒԺ MEDIA․ (2022, 29 հունվարի)․ Եվ կանայք նույնպես շարքում են։ Նրանք ծառայում են առաջնագծում և թիկունքում, նրանք կրում են հայրենիքի պաշտպանի պատվաբեր կոչումը․ [Տեսանյութ]․ YouTube. https://www.youtube.com/watch?v=1a4xOBgt9zc
[22] ԶԻՆՈՒԺ MEDIA․ (2023, 8 ապրիլի)․ Նվիրյալ հերոսուհիները։ Անդրադարձ հակառակորդի սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում անմահացած հայուհիների սխրանքին և մարտական կենսագրությանը․ [Տեսանյութ]․ YouTube. https://www.youtube.com/watch?v=H1ERVrUy-NY
[23] ԶԻՆՈՒԺ MEDIA․ (2023, 11 մարտի)․ Բանակի կանացի հմայքը․ կանանց միջազգային տոնի առթիվ անդրադարձ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում պատվով և նվիրումով ծառայող հայուհիներին․ [Տեսանյութ]․ YouTube. https://www.youtube.com/watch?v=mFyJmougZeQ
[24] Factor tv. (2022, 23 ապրիլի)․ Կին զինծառայողը սահման է պահում. դժվարություններ լինում են, փորձում ենք հարթել․[Տեսանյութ]. YouTube. https://www.youtube.com/watch?v=bNhUTUFglwA
[25] Civilnet. ( 2022, 8 մարտի)․ Կնոջ դերը բանակում, խնդիրներն ու կարծրատիպերը. փոխգնդապետ Նոնա Պողոսյան․ [Տեսանյութ]․ YouTube. https://www.youtube.com/watch?v=F1Hi806rvGc
[26] 1lurer. (2023, 28 ապրիլի)․ Տարբեր կարծիքներ Աստղիկ Սարգսյանի հետ․ Ինչո՞ւ են կանայք ծառայելու բանակում․ [Տեսանյութ]. YouTube. https://www.youtube.com/watch?v=_Tp_5kHAzmI
[27] Civilnet. (201, 26 օգոստոսի)․ Կանանց ներգրավվածությունը կփոխի բանակի մթնոլորտը. Ժաննա Ալեքսանյան․ [Տեսանյութ]․ YouTube. https://www.youtube.com/watch?v=UhLNjZ6gMvI
[28] Աղաբեկյան, Ք. (2023, 2 մայիսի). Բանակը պատրաստ չէ կին զինծառայողներին ընդունելու և նրանց համար անվտանգ միջավայր ապահովելու. Զարուհի Հովհաննիսյան․ medialab.am. վերցվել է՝ https://medialab.am/257508/
[29] Tert.am. (2010, 24 օգոստոսի)․ Սպանությունները կշարունակվեն, քանի դեռ բանակում «զոն նայողներ» կան. իրավապաշտպան․ վերցվել է՝ https://www.tert.am/am/news/2010/08/24/danielyan/176913
[30] (2008) Ձեռնարկ զինված ուժերի անձնակազմի մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին․ վերցվել է՝ https://www.osce.org/files/f/documents/6/7/88572.pdf
[31] «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի իրականացրած հետազոտությունը, չնայած փոքր ընտրանքին (112 նախկին ժամկետային զինծառայող), բացահայտում է զինծառայողների վերաբերմունքը զինվորական ծառայության, հրամանատարական կազմի, հավասարակիցների նկատմամբ, զինված ուժերում մարդու իրավունքների առավել տարածված խախտումների դրսևորումները, զինվորական ոլորտի իրավապահ մարմինների վերաբերյալ կարծիքները, դրանց հիմքում ընկած պատճառները, բանակում ներդրված առանձին ինստիտուտների արդյունավետությունը։ Զինծառայության հանդեպ վերաբերմունքը բացահայտող հարցի պատասխանները ցույց են տալիս, որ 112 քաղաքացուց 79-ի համար (70.5 %) ծառայությունը տղամարդ դառնալու միջոց է, 29-ը (25.9 %) զինծառայությունը ժամանակի անիմաստ կորուստ է համարել, իսկ 4 հարցվող (3.6 %) չի ցանկացել պատասխանել այս հարցին։ Մանրամասները տե՛ս «Խաղաղության երկխոսություն» ՀԿ (2022). ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրների վերհանման նպատակով իրականացված հարցազրույցների վերլուծություն:
[32] Աղաբեկյան, Ք. (2023, 2 մայիսի). Բանակը պատրաստ չէ կին զինծառայողներին ընդունելու և նրանց համար անվտանգ միջավայր ապահովելու. Զարուհի Հովհաննիսյան․ medialab.am. վերցվել է՝ https://medialab.am/257508/
[33] Նույն տեղում:
[34] Նիկողոսյան, Ա. (2017, 26 սեպտեմբերի). Ֆեմինիզմի յուրացումը. գենդերը, ռազմատենչությունը և ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևը. վերցվել է՝ https://feminism-boell.org/en/2017/09/26/feminizmi-yowratsowme-gendere-rhazmatenchowtyowne-ew-mak-akh-1325-banadzewe