Ալբերտ Այնշտայնի «Ինչո՞ւ սոցիալիզմ» հոդվածն առաջին անգամ հրատարակվել է ամերիկյան անկախ սոցիալիստական “Monthly Review” ամսագրի անդրանիկ համարում (մայիս, 1949թ.)։ Հոդվածը գրվել է քաղաքապես լարված ժամանակաշրջանում, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի հետևանքները և Սառը պատերազմի մեկնարկը ձևավորեցին ամբողջ աշխարհի տնտեսական ու քաղաքական դիսկուրսը:
Հոդվածում Այնշտայնը իրար է հակադրում իրենց գաղափարախոսություններով ծայրահեղ տարբեր տնտեսական ու քաղաքական երկու համակարգեր՝ սոցիալիզմն ու կապիտալիզմը։ Նա հավատում էր, որ սոցիալիզմն ավելի արդար, ժողովրդավարական վերահսկողությամբ և ռեսուրսների արդարամիտ բաշխմամբ այլընտրանք ուներ առաջարկելու:
Հոդվածի արժեքն այնքան մեծ է, որ հրատարակվելով ավելի քան յոթանասուն տարի առաջ, այն այժմ էլ արծարծվում է կապիլտալիզմի, սոցիալիզմի և տնտեսական ու քաղաքական արդարության վերաբերյալ ժամանակակից քննարկումներում: Իսկ Այնշտայնի վեր հանած թեմաները, ինչպիսիք են եկամտի անհավասարությունը, աշխատողների շահագործումը, պետության դերը տնտեսության կարգավորման գործում, կրթությունը, անհատի՝ որպես սոցիալական էակի պատասխանատվությունն ու հասարակության մեջ ներգրավվածությունը, անգիտակցականի դերը, շահույթի շարժառիթը, վերջ չունեցող մրցակցության արգասիքները և անհատների սոցիալական գիտակցության խեղումը շարունակում են արդիական մնալ քաղաքական քննարկումների համար:
Հոդվածը անգլերենից թարգմանեց Վիկտորիա Սիմոնյանը՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի թարգմանական ծրագրի շրջանակում:
Վ․ Ս․
13 փետրվարի, 2024
ԻՆՉՈ՞Ւ ՍՈՑԻԱԼԻԶՄ
Արժե՞, որ տնտեսական և սոցիալական հարցերից հեռու մարդը իր կարծիքն արտահայտի սոցիալիզմի վերաբերյալ։ Հաշվի առնելով մի շարք պատճառներ` կարծում եմ՝ արժե։
Նախ եկեք հարցը դիտարկենք գիտական տեսանկյունից: Առաջին հայացքից կարող է թվալ, թե աստղագիտության և տնտեսագիտության միջև որևէ էական մեթոդաբանական տարբերություն չկա, քանզի երկուսի դեպքում էլ գիտնականները փորձում են գտնել երևույթների սահմանափակ խմբի համընդհանուր ընդունելի օրենքները, որպեսզի այդ երևույթների միջև գործող փոխադարձ կապը դարձնեն որքան հնարավոր է ընկալելի։ Սակայն իրականում այս մեթոդաբանական տարբերությունները գոյություն ունեն։ Տնտեսագիտության ոլորտում նշված համընդհանուր օրենքների հայտնաբերումը խրթին է։ Այն պայմանավորված է դիտարկվող տնտեսական երևույթների վրա ազդող մի շարք գործոններով, որոնց առանձին-առանձին գնահատականներ տալը դժվար է։ Բացի այդ՝ մարդկության պատմությունն այսպես կոչված քաղաքակրթական շրջանից ի վեր, ինչպես գիտենք, ազդվել և սահմանափակվել է մի շարք գործոններով, որոնք բնավ էլ զուտ տնտեսական բնույթի չեն: Օրինակ՝ պատմության մեջ հզոր երկրների մեծ մասն իր գոյության համար պարտական է նվաճմանը։ Նվաճողական ժողովուրդները իրավականորեն և տնտեսապես իրենք իրենց հռչակեցին գրավված երկրի արտոնյալ դասակարգ։ Նրանք խլեցին հողի սեփականության մենաշնորհը և իրենց շարքերից նշանակեցին քահանաներ։ Քահանայությունը, վերահսկելով կրթությունը, հասարակության դասակարգային բաժանումը դարձրեց մնայուն սահմանակարգ և ստեղծեց արժեհամակարգ, որով ժողովրդին, այսուհետև՝ մեծ մասամբ անգիտակցորեն, ուղղորդելու էին իրենց սոցիալական վարքագծում։
Բայց պատմական ավանդույթը, այսպես ասած, երեկվա մասին է. ոչ մի տեղ մենք իսկապես չենք հաղթահարել այն, ինչ Թորշտեյն Վեբլենն անվանել է մարդկային զարգացման «գիշատիչ փուլ»: Դիտարկվող տնտեսական փաստերը պատկանում են այդ փուլին, և նույնիսկ դրանցից բխող օրենքները կիրառելի չեն այլ փուլերի համար: Քանի որ սոցիալիզմի իրական նպատակը հենց մարդկային զարգացման գիշատիչ փուլի հաղթահարումն է և դրանից առաջ անցնելը, տնտեսագիտությունն իր ներկայիս փուլում չի կարող շատ լույս սփռել գալիք սոցիալիստական հասարակության վրա:
Շարունակելով՝ սոցիալիզմը ծառայում է սոցիալ-էթիկական նպատակի։ Գիտությունը, սակայն, առաջ չի քաշում նպատակներ, ավելին՝ դրանք չի սերմանում մարդկանց մեջ։ Այն առավելագույնը կարող է տրամադրել որոշակի նպատակներին հասնելու միջոցներ։ Սակայն նպատակն, ինքնին, ծնվում է բարոյական վեհ գաղափարներով մարդկանց կողմից, և եթե այդ նպատակները ոչ թե մեռելածին են, այլ կենսական և արդի, որդեգրվում և առաջ են մղվում նաև այն բազում մարդկանց կողմից, որոնք կիսով չափ անգիտակցաբար ձեռնամուխ են լինում հասարակության դանդաղ շրջափոխմանը։
Ուստի պետք է ուշադիր լինել՝ չգերագնահատելու համար գիտությունը և գիտական մեթոդները մարդկության հարցերին անդրադառնալիս։ Ինչպես նաև չպետք է ենթադրել, որ փորձագետները միակն են, որ իրավունք ունեն իրենց տեսակետն արտահայտելու հասարակության կազմակերպման վրա ազդող հարցերի շուրջ։
Արդեն բավականին ժամանակ է, ինչ շատերը վստահորեն պնդում են, որ հասարակության կայունությունը լրջորեն խարխլվել է, և այն հայտնվել է ճգնաժամի մեջ։ Այսպիսի իրավիճակին բնորոշ է անհատի անտարբեր կամ նույնիսկ թշնամական դառնալը այն մեծ կամ փոքր խմբի նկատմամբ, որի անդամն է։ Այս գաղափարը հասկանալի դարձնելու համար թույլ տվեք ներկայացնել իմ անձնական փորձը։ Բոլորովին վերջերս մի բանիմաց և բարյացակամ մարդու հետ քննարկում էի հերթական պատերազմի սպառնալիքը, որը, իմ կարծիքով, լրջորեն կվտանգի մարդկության գոյությունը։ Քննարկման ժամանակ նշեցի, որ միայն վերպետական կազմակերպությունը կարող է պաշտպանել մեզ այդ վտանգից։ Այնուհետև հյուրս միանգամայն հանգիստ և սառնասրտորեն հարցրեց․ Ինչո՞ւ ես այդքան խորապես դեմ մարդկային ցեղի վերացմանը:
Վստահ եմ՝ դեռևս մի դար առաջ ոչ ոք այսպիսի հանգստությամբ նման բան չէր ասի։ Սա ասում է մի մարդ, ով ապարդյուն ձգտել է հասնել ներքին հավասարակշռության և քիչ թե շատ կորցրել հաջողելու հույսը։ Սա արտահայտումն է այն ցավոտ մենակության ու մեկուսացման, որից այսօր շատերն են տառապում։ Ապա ո՞րն է դրա պատճառը։ Կա՞ արդյոք ելք։
Հարցադրելը հեշտ է, վստահորեն պատասխաններ տալը՝ դժվար։ Այնուամենայնիվ, հնարավորինս կփորձեմ պատասխանել այս հարցին, թեպետ քաջ գիտակցում եմ, որ մեր զգացմունքներն ու ձգտումները հաճախ հակասական են և անհասկանալի, ու դրանք չեն կարող բացատրվել պարզ և հասարակ բանաձևերով։
Մարդը միաժամանակ և՛ մենակյաց, և՛ սոցիալական էակ է։ Որպես մենակյաց էակ՝ մարդը փորձում է պաշտպանել իր և իր ամենահարազատ մարդկանց գոյությունը, որպեսզի բավարարի իր անձնական ցանկությունները և զարգացնի իր բնատուր կարողությունները։ Որպես սոցիալական էակ՝ նա ձգտում է սիրված և ընդունված լինել իր մերձավորների կողմից, ներկա լինել նրանց լավ օրերին, սփոփել նրանց վատ օրերին և բարելավել նրանց կյանքի պայմանները։ Միայն այս բազմազան և հաճախ հակասական ձգտումների առկայությունը խոսում է մարդու ներհատուկ բնավորության մասին, իսկ այս ձգտումների ուրույն համակցությունը որոշում է, թե որքանով անհատը կարող է հասնել ներքին հավասարակշռության և որքանով կարող է նպաստել հասարակության բարօրությանը: Միանգամայն հնարավոր է, որ այս երկու մղումների հարաբերական ներգործումը մեծ մասամբ սահմանվում է ժառանգությամբ։ Սակայն վերջնականապես ձևավորված անհատականությունը մեծապես սնվում է այն միջավայրից, որում իր ձևավորման ընթացքում գտնում է սեփական եսը՝ կրելով հասարակության կառուցվածքի (որտեղ անհատը մեծանում է), այդ հասարակության ավանդույթների և որոշակի վարքագծի խրախուսման ազդեցությունը։ «Հասարակություն» ասված վերացական հասկացությունը անհատն ընկալում է որպես իր ժամանակակիցների և նախորդ սերունդների հետ իր ուղղակի և անուղղակի հարաբերությունների հանրագումարը: Անհատն ունակ է ինքնուրույն մտածելու, զգալու, ձգտելու և աշխատելու, բայց և իր ֆիզիկական, մտավոր և զգացմունքային գոյությամբ այնքանով է կախված հասարակությունից, որ անհնար է նրա մասին մտածել կամ նրան ընկալել հասարակության շրջանակից դուրս: Հենց այդ «հասարակությունն» է, որ մարդուն ապահովում է սննդով, հագուստով, կացարանով, աշխատանքային գործիքներով, լեզվով, մտքի արտահայտման ձևերով և մտքի բովանդակության մեծ մասով։ Մարդու կյանքը հնարավոր է դարձել անցյալում ու ներկայում միլիոնավոր մարդկանց աշխատանքի և ձեռքբերումների շնորհիվ, որոնք բոլորը թաքնված են մի պարզ «հասարակություն» բառի մեջ:
Հետևաբար ակնհայտ է, որ անհատի կախումը հասարակությունից բնության փաստ է, որը հնարավոր չէ արհամարհել, ճիշտ այնպես, ինչպես մրջյունների և մեղուների դեպքում է: Այնուամենայնիվ, եթե մրջյունների և մեղուների ամբողջ կյանքը՝ իր ամենափոքր մանրուքներով, որոշվում է աննկուն ժառանգական բնազդներով, մարդկանց սոցիալական տիպը և փոխհարաբերությունները խիստ անկայուն են և ենթակա փոփոխման: Հիշողությունը, նոր տվյալների միակցություններ ստեղծելու կարողությունը, բանավոր հաղորդակցման շնորհը հնարավոր են դարձրել մարդու զարգացումը, որը թելադրված չի լինի կենսաբանական անհրաժեշտությամբ։ Նման զարգացումները դրսևորվում են ավանդույթների, հաստատությունների և կազմակերպությունների մեջ, գրականության մեջ, գիտական և ճարտարագիտական նվաճումների և արվեստի գործերի մեջ։ Սա ցույց է տալիս, թե ինչպես է պատահում, որ որոշակի առումով մարդը սեփական վարքագծի միջոցով կարող է միջամտել իր կյանքին, և որ այս գործընթացում գիտակցված մտածողությունն ու ցանկությունը կարող են դեր խաղալ:
Ծնվելիս մարդը ժառանգաբար ձեռք է բերում կենսաբանական կառուցվածք՝ ներառյալ բնազդները, որոնք բնորոշ են մարդկային տեսակին և պետք է համարվեն հաստատուն և անփոփոխ: Կենսաբանական կառուցվածքից զատ՝ մարդն իր կյանքի ընթացքում ձեռք է բերում նաև մշակութային կառուցվածք, որը ձևավորվում է հասարակության միջոցով` հաղորդակցման և այլ բազմաթիվ ներգործությունների շնորհիվ: Եվ հենց մշակութային կառուցվածքն է, որ ժամանակի ընթացքում ենթակա է փոփոխման, և որը միանգամայն որոշիչ դեր է խաղում անհատի և հասարակության հարաբերություններում։ Արդի մարդաբանությունը այսպես կոչված պարզունակ մշակույթների հետ համեմատական հետազոտության միջոցով ցույց է տվել, որ մարդկանց սոցիալական վարքագիծը կարող է մեծապես տարբերվել՝ կախված տվյալ մշակույթում գերակշռող օրինաչափություններից և հասարակության մեջ գերակշռող կառուցվածքներից: Հենց այս պատճառով էլ բոլոր նրանք, ովքեր ձգտում են բարելավել մարդու վիճակը, կարող են իրենց հույսը դնել այն հանգամանքի վրա, որ մարդիկ իրենց կենսաբանական կառուցվածքի պատճառով դատապարտված չեն ոչնչացնելու միմյանց կամ ընկնելու դաժան և ինքնապարտադրող ճակատագրի դուռը։
Ինքներս մեզ հարցնելիս, թե ինչպե՞ս պետք է փոխել հասարակության կառուցվածքը և մարդու մշակութային վարքագիծը, որպեսզի կյանքը դառնա հնարավորինս գոհացուցիչ, երբեք չպետք է մոռանալ անփոփոխ գործոնների առկայությունը։ Ինչպես նշեցինք վերևում, մարդու կենսաբանական բնույթն իր ոչ մի դրսևորմամբ փոփոխման ենթակա չէ։ Ավելին՝ վերջին մի քանի դարերի տեխնոլոգիական և ժողովրդագրական զարգացումները դրա համար մնայուն պայմաններ ստեղծեցին: Համեմատաբար խիտ բնակեցված բնակչությունն իր համար կենսականորեն անհրաժեշտ ապրանքների հետ մեկտեղ առաջ է բերում աշխատանքի խիստ բաժանման և խիստ կենտրոնացված արտադրական մարմնի ստեղծման օրհասական անհրաժեշտությունը: Այն թվացյալ անթերի ժամանակները, որոնց հետահայաց գցելիս թվում է, թե անհատը կամ համեմատաբար փոքր խմբերը կարող էին լիովին ինքնաբավ լինել, ընդմիշտ անցել-գնացել են: Մի փոքր չափազանցություն կլինի ասելը, որ նույնիսկ այսօր մարդկությունը ձևավորում է արտադրության և սպառման մի մոլորակային համայնք:
Հասնելով այս կետին՝ կարող եմ հակիրճ նշել, թե ինչն է ինձ համար մեր օրերի ճգնաժամի էությունը: Այն վերաբերում է անհատի և հասարակության փոխհարաբերությանը։ Անհատն ավելի քան երբևէ գիտակցում է իր կախվածությունը հասարակությունից: Սակայն նա այդ կախվածությունն ընդունում է ոչ թե որպես դրական ակտիվ, որպես օրգանական կապ, որպես պաշտպանիչ ուժ, այլ ավելի ճիշտ՝ որպես իր բնատուր իրավունքների կամ նույնիսկ իր տնտեսական գոյության սպառնալիք: Ավելին՝ անհատի զբաղեցրած դիրքը հասարակության մեջ այնպիսին է, որ նրա անձի եսասիրական մղումները մշտապես ընդգծվում են, մինչդեռ սոցիալական մղումները, որոնք իրենց բնույթով ավելի թույլ են, գնալով վատթարանում են: Բոլոր մարդիկ, անկախ հասարակության մեջ զբաղեցրած դիրքից, տուժում են այս վատթարացումից: Անգիտակցաբար լինելով իրենց իսկ եսի գերին՝ նրանք իրենց զգում են անապահով, միայնակ և զրկված կյանքի ջինջ, պարզ ու հասարակ հաճույքից: Միմիայն իրեն նվիրաբերելով հասարակությանը՝ մարդը կարող է գտնել իմաստը կյանքի, որքան էլ այն կարճ ու վտանգավոր լինի:
Կարծում եմ՝ չարիքի իրական ակունքը այսօրեական կապիտալիստական հասարակության տնտեսական ամենաթողությունն է։ Մեր աչքերի առջև տեսնում ենք արտադրողների մի հսկայական համայնքի, որի անդամներն անդադար ձգտում են միմյանց զրկել իրենց համընդհանուր աշխատանքի պտուղներից՝ ոչ թե ուժով, այլ, ընդհանուր առմամբ, հավատարմորեն պահպանելով օրենքով սահմանված կանոնները։ Այս առթիվ կարևոր է գիտակցել, որ արտադրության միջոցները, այն է՝ սպառողական ապրանքների, ինչպես նաև լրացուցիչ կապիտալ ապրանքների արտադրման համար անհրաժեշտ ամբողջ արտադրողականությունը, օրինականորեն կարող են լինել և մեծ մասամբ են անհատների մասնավոր սեփականությունը։
Հանուն պարզության և շեղվելով «աշխատող» եզրույթի ավանդական կիրառումից՝ հետագա քննարկման մեջ կօգտագործեմ տվյալ եզրույթը մատնանշելու համար բոլոր նրանց, ովքեր չեն համարվում արտադրության միջոցների սեփականատեր։ Արտադրության միջոցների սեփականատերն այնպիսի դիրքում է, որ կարող է գնել աշխատուժ։ Արտադրության միջոցներն օգտագործելով՝ աշխատողը ստեղծում է նոր ապրանքներ, որոնք դառնում են կապիտալիստի սեփականությունը։ Այս գործընթացի էական առանցքը աշխատողի արտադրանքի և նրա վարձատրման հարաբերակցությունն է, որտեղ երկուսն էլ չափվում են իրական արժեքով: Քանի դեռ աշխատանքային պայմանագիրը «ազատ» է, աշխատողի վարձատրությունը որոշվում է ոչ թե իր արտադրած ապրանքների իրական արժեքով, այլ իր նվազագույն կարիքներով, ինչպես նաև կապիտալիստի ունեցած աշխատուժի պահանջարկի և տվյալ աշխատանքի հավակնորդների թվի փոխհարաբերությամբ։ Կարևոր է գիտակցել, որ նույնիսկ տեսականորեն աշխատողի վարձատրությունը չի որոշվում իր արտադրանքի իրական արժեքով։
Մասնավոր կապիտալը փոքրաթիվ մարդկանց ձեռքերում կենտրոնանալու միտում ունի մասամբ կապիտալիստների միջև մրցակցության, մասամբ էլ այն պատճառով, որ տեխնոլոգիական զարգացումը և աշխատանքի աճող բաժանումը խթանում են արտադրության ավելի մեծ միավորների ձևավորումը փոքրերի հաշվին։ Այսպիսի զարգացումների արգասիքը մասնավոր կապիտալի օլիգարխիան է, որի ահռելի ուժը չի կարող արդյունավետորեն զսպվել նույնիսկ ժողովրդավար հասարակության կողմից։ Եվ սա ճշմարիտ է, քանի որ օրենսդիր մարմնի անդամներն ընտրվում են բոլոր գործնական նպատակներով ընտրազանգվածը օրենսդիր մարմնից առանձնացնող, մասնավոր կապիտալիստների կողմից ֆինանսավորվող կամ այլ ազդեցություն կրող քաղաքական կուսակցությունների կողմից: Հետևանքն այն է, որ ժողովրդի ներկայացուցիչներն իրականում բավականաչափ չեն պաշտպանում բնակչության անապահով խավի շահերը։ Ավելին՝ տիրող պայմաններում մասնավոր կապիտալիստներն ուղղակիորեն կամ անուղղակիորեն և անխուսափելիորեն վերահսկում են տեղեկատվության հիմնական աղբյուրները (մամուլ, ռադիո, կրթություն)։ Այսպիսով՝ քաղաքացու համար չափազանց դժվար և իսկապես շատ դեպքերում միանգամայն անհնարին է օբյեկտիվորեն հետևություններ անել և խելամտորեն օգտվել իր քաղաքական իրավունքներից:
Այսպիսով՝ կապիտալի մասնավոր սեփականության վրա հիմնված տնտեսության մեջ տիրող իրավիճակը բնութագրվում է երկու հիմնական սկզբունքներով. առաջին՝ արտադրության միջոցները (կապիտալ) մասնավոր սեփականություն են, և սեփականատերերը դրանք տնօրինում են ըստ իրենց հարմարավետության, երկրորդ՝ աշխատանքային պայմանագիրն ազատ է։ Իհարկե, այս իմաստով մաքուր կապիտալիստական հասարակություն գոյություն չունի։ Մասնավորապես հարկ է նշել, որ աշխատողները երկար ու դաժան քաղաքական պայքարների շնորհիվ հաջողեցին որոշակի խմբի պատկանող աշխատողների համար հասնել «ազատ աշխատանքային պայմանագրի» ինչ-որ չափով բարեկարգմանը։ Սակայն ընդհանուր առմամբ ներկայիս տնտեսությունը հեռու չէ «մաքուր» կապիտալիզմ ասվածից։
Արտադրման գործընթացը շարունակվում է հանուն շահույթի և ո՛չ օգտագործման։ Չկա որևէ դրույթ այն մասին, որ բոլոր նրանք, ովքեր ունակ են և ցանկանում են աշխատել, միշտ ի վիճակի կլինեն աշխատանք գտնել։ Գրեթե միշտ կա «գործազուրկների բանակ», և աշխատողը մշտապես ապրում է աշխատանքը կորցնելու վախով։ Քանի որ գործազուրկ և վատ վարձատրվող աշխատողները շահութաբեր շուկա չեն ապահովում, սպառողական ապրանքների արտադրությունը սահմանափակվում է, որն էլ առաջ է բերում մեծ դժվարություններ: Տեխնոլոգիական առաջընթացը առավել հաճախ նպաստում է մեծածավալ գործազրկությանը, քան աշխատանքի բեռի թեթևացմանը: Շահույթի շարժառիթը կապիտալիստների միջև մրցակցության հետ պատասխանատու է կապիտալի կուտակման և օգտագործման անկայունության համար, ինչը տանում է դեպի ավելի ու ավելի սաստիկ [տնտեսական] ճգնաժամի: Վերջ չունեցող մրցակցությունը հանգեցնում է աշխատուժի հսկայական վատնման և անհատների սոցիալական գիտակցության խեղման, որին արդեն անդրադարձել էի:
Ըստ իս՝ այս խեղումը կապիտալիզմի գերագույն չարիքն է։ Այս չարիքից տուժում է մեր ամբողջ կրթական համակարգը։ Աշակերտի մեջ սերմանվում է ծայրահեղ մրցակցային վարքագիծ, և նա վարժվում է երկրպագելու ձեռքբերովի հաջողությունը՝ որպես իր ապագա կարիերայի նախաքայլ։
Համոզված եմ`այս սպառնալից չարիքները հաղթահարելու միմիայն մեկ եղանակ կա, այն է՝ սոցիալիստական տնտեսության հաստատումը, որը կուղեկցվի սոցիալական նպատակներին ուղղված կրթական համակարգով։ Նման տնտեսության մեջ արտադրության միջոցները պատկանում են հենց հասարակությանը և օգտագործվում են պլանային եղանակով։ Պլանային տնտեսությունը, արտադրությունը հարմարեցնելով համայնքի կարիքներին, անհրաժեշտ աշխատանքը կբաշխի բոլոր աշխատունակների միջև և կերաշխավորի կենսամիջոց յուրաքանչյուր տղամարդու, կնոջ և երեխայի համար: Անհատին տրված կրթությունը, ի լրումն սեփական բնածին կարողությունների խթանման, ներկայիս հասարակության մեջ տիրող իշխանության և հաջողության փառաբանման փոխարեն կփորձի նրա մեջ մերձավորի հանդեպ պատասխանատվության զգացում սերմանել:
Այնուամենայնիվ, պետք է հիշել, որ պլանային տնտեսությունը դեռ սոցիալիզմ չէ։ Որպես այդպիսին՝ այն կարող է ուղեկցվել անհատի լիակատար ստրկացմամբ։ Սոցիալիզմի հաջողումը պահանջում է որոշ սոցիալ-քաղաքական ծայրահեղ բարդ խնդիրների լուծումը։ Օրինակ՝ ինչպե՞ս կանխել բյուրոկրատիայի ամենազորեղ և գերիշխող դառնալը քաղաքական և տնտեսական իշխանության հեռահար կենտրոնացման պայմաններում, ինչպե՞ս պաշտպանել անհատի իրավունքները և դրանով իսկ ապահովել բյուրոկրատիայի իշխանության ժողովրդավարական հակակշիռը:
Սոցիալիզմի նպատակների և խնդիրների պարզաբանումը մեծ նշանակություն ունի այս անցումային դարաշրջանում։ Քանի որ ներկայիս պայմաններում այս խնդիրների ազատ և անարգել քննարկումը խիստ տաբու է, այս ամսագրի[1] ստեղծումը համարում եմ կարևոր հանրային ծառայություն:
[1] Խոսքը «Մանթլի ռեվյու» (Monthly Review) ամսագրի մասին է, որտեղ տպագրվել է Այնշտայնի «Ինչո՞ւ սոցիալիզմ» գործը, ինչպես նաև այլ հեղինակների տնտեսության, քաղաքականության և սոցիալական արդարության վերաբերյալ գործեր։
Նկարի համար սկզբնաղբյուր է ծառայել newscientist.com կայքը։