Խաղաղության ֆուտբոլը

1945-ի նոյեմբերի 4-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից մի քանի ամիս անց Մոսկվայի Դինամո ֆուտբոլային թիմն այցելում է Մեծ Բրիտանիա՝ բրիտանական մի շարք թիմերի հետ հանդիպումներ անցկացնելու պայմանավորվածությամբ։ Ընդհանուր առմամբ չորս խաղ խաղալուց հետո՝ Չելսի (3-3), Քարդիֆ Սիթի (10-1), Արսենալ (4-3), Գլազգո Ռեյնջերս (2-2), դեկտեմբերի 7-ին վերադառնում են Մոսկվա։ Համաձայն տարբեր աղբյուրների, նման մարզական շրջագայություն անցկացնելու նախաձեռնությունը պատկանում էր Անգլիայի ֆուտբոլային ընկերակցությանը՝ նպատակ ունենալով ընդլայնել համաշխարհային պատերազմի ընթացքում դաշնակցած երկրների կապերը և դրանք փոխանցել նաև այլ՝ ոչ ռազմական ոլորտ։ Խաղերից հատկապես առանցքային էր դիտվում Արսենալի հետ հանդիպումը, քանի որ վերջինս այդ ժամանակի բրիտանական ուժեղագույն ակումբներից էր և ԽՍՀՄ կողմը մարզական շրջագայությանը համաձայնել էր նաև Արսենալի հետ խաղ անցկացնելու նախապայմանով։ Այդ հանդիպմանը, ըստ տարբեր տվյալների, Արսենալը ներգրավել էր այլ ակումբներից առնվազն վեց ֆուտբոլիստ՝ առիթ տալով դինամոյականների բողոքին՝ չնայած վերջիններս նույնպես Բրիտանիա էին մեկնել այլ ակումբների ֆուտբոլիստներով ուժեղացած կազմով։ Այդուհանդերձ, նախաձեռնության նպատակների և դրա իրական հետևանքների վերաբերյալ պատումները տարբերվում են։ Այդ պատումներից ընտրել եմ բրիտանացի գրող Ջորջ Օրուելի Մարզական ոգին հոդվածը՝ տպագրված Tribune բրիտանական ամսագրում 1945-ի դեկտեմբերին՝ Դինամոյի այցից մի փոքր անց։ Օրուելն իր այս հոդվածը գրում էր պատերազմը փորձառածի՝ նոր-նոր հաստատվող փխրուն խաղաղության հանդեպ անհանգստությամբ և ամեն վայրկյան հանկարծահաս նոր վտանգի սպասումով։ Անհանգստության առիթները, կարծես թե, ավելի քան ակնառու էին. դինամոյականների ակումբը գտնվում էր ԽՍՀՄ ներքին գործերի նախարար Լավրենտի Բերիայի տնօրինության ներքո՝ արդեն իսկ անցած լինելով Ֆելիքս Ձերժինսկու երկաթյա ձեռքի տակով։ Լուրերի համաձայն, մեկնելուց առաջ նրանց ընդունել էր Ստալինը և հասկացրել կապիտալիստական երկրի թիմերին պարտվելու անթույլատրելիությունը։ Ըստ որում, համաձայն այս դեպքերի վերաներկայման ժամանակակից պատումների, ԽՍՀՄ ղեկավարությունը ֆուտբոլային շրջագայությունը դիտարկել էր իբրև գաղափարական պայքարի գործիք՝ սեփական հասարակարգի առավելությունները բուրժուական արևմուտքի նկատմամբ ցուցադրելու համար։ Անկախ գործած իրական շարժառիթներից՝ ակնհայտ է, որ ֆուտբոլն այստեղ հայտնվել էր մի պարադոքսալ իրավիճակում, որ զուգահեռվում է ներկայի հետ, երբ այն կարծես թե կենտրոնական թեման է, բայց իրականում աննշան է՝ հռչակված մեծ նպատակների ստվերում։ Այս տրամաբանությամբ է, որ Դինամոն իրավունք չի ստանում որպես թիմ ուղարկվելու Բրիտանիա։ Այն համալրվում է խորհրդային այլ ակումբներում խաղացող անդամներով՝ կարծես ցույց տալով, որ Դինամոն գործառնում է ընդամենն իբրև տեխնիկական պիտակ՝ պիտակի հետևում նշելով իրական անունը՝ խորհրդային մեծ երկիրը։ Այս նույն հանգամանքին էր հղում նաև այն ուշագրավ փաստը, որ Բրիտանիայում տեղի ունեցած խաղերի ժամանակ խորհրդային ֆուտբոլիստները կրել են առանց համարների մարզաշապիկներ՝ որպես իրենց կողմից ներկայացված պահանջներից մեկը։ Այս անանունությունը կարծես ոչ ոքի չի ներկայացնում՝ չներկայացնելով նույնիսկ առանձին ֆուտբոլիստին, մյուս կողմից կոչված լինելով նույնացնելու ֆուտբոլիստներից յուրաքանչյուրին խորհրդային երկրի կամայական մարդու հետ։ Ամբողջ ժողովուրդն, այսպիսով, խաղում է դաշտում, տասնմեկ հոգու հետ՝ նրանց չգրված շապիկների միջոցով։ Այն, որ ֆուտբոլիստներն այստեղ ներկա են, սակայն իրականում ներկա չեն, արձագանքվում է նաև նրանց լռությամբ. բրիտանական մամուլը, որ օդանավակայան էր շտապել՝ դինամոյականներին դիմավորելու, հանդիպում է միայն նրանց լռությանը։ Համրերը. լրագրողներն այսպես են վերնագրում իրենց հոդվածները հաջորդող օրերին։ Ընդսմին, հյուրերը ժամանել էին ոչ միայն լուռ և անանուն, այլ նաև իրենց հացով բառիս բուն իմաստով՝ պահանջելով Լոնդոնում եղած ժամանակ սնվել միայն ԽՍՀՄ դեսպանատանը։ Այս բոլոր հանգամանքները ցույց են տալիս, թե ինչքան դժվար է ավարտվում այն պատերազմը, որ պաշտոնապես արդեն ավարտվել էր։ Բրիտանիան, ի դեմս Արսենալի, խաղադաշտ մտցնելով հավաքական մի թիմ, լռելյայն համաձայնվում է այս տրամաբանությանը։ Պատերազմը շարունակվում է խաղադաշտում՝ նախկին դաշնակից-գաղափարական հակառակորդների միջև։

Հենց այս չավարտվող պատերազմն է տեսնում Օրուելը, որն էլ տեսանելի է դարձնում իր հրապարակման միջոցով։

Առերևույթ խոսելով ֆուտբոլի դեմ՝ Օրուելն իրականում խոսում է ֆուտբոլի կողմից։ Եվ սա է նրա տեքստի հասկացման հիմնական եղանակը՝ Օրուելը փորձում է ցույց տալ մրցակցային սպորտի առաջ բերած հակասության թվացյալությունը՝ ֆուտբոլի հանդեպ իր սեփական դիրքորոշման հակասության թվացյալությամբ։ Օրուելի տեքստը մեզ տալիս է այն բանալիները, որոնք հնարավոր են դարձնում վերգտնել ֆուտբոլի տարածությունը։

Խոսելով ֆուտբոլի գործիքայնացման և մրցակցային ոգու վտանգի շուրջ՝ Օրուելն ակնարկում է այն ֆուտբոլի մասին, որը գյուղական կանաչի վրա առանց տեղային հայրենասիրության՝ զվարճանքի ու ֆիզիկական վարժանքի համար սիրելի խաղ է։ Ի՞նչ կմնա ֆուտբոլից, եթե հանենք մրցակցությունը և ի՞նչպես խաղալ ֆուտբոլ՝ ուղղակի իբրև լավ ժամանակ անցկացնելու սիրելի ձև։ Օրուելն անուղղակիորեն հուշում է նաև դրա ելքը՝ բացառապես մրցակցության և այժմ նաև ֆինանսական խթանի վրա հիմնված ինդուստրիայի կանոնը ճեղքելը՝ մրցակցությունից կամովին հրաժարվելով. ի պատասխան դինամոյականների այցի ԽՍՀՄ ուղարկել ակներևաբար թույլ խաղացողների, որոնցից ոչ ոք հաղթանակ չի ակնկալում և տրամադրվել պարտության՝ որպես սպորտի անխուսափելի ելքերից մեկը։ Գուցե պետք է տանուլ տալ խաղը՝ ֆուտբոլը վերգտնելու համար։ Հաղթանակը պետք է ունենա ոչ միայն գին, այլ նաև արժեք։ Եվ այդ արժեքը հենց այն ֆուտբոլն է, որ հնարավոր կդառնա խաղալ՝ պարտությունից հետո։

Ժաննա Անդրեասյան

դեկտեմբեր, 2018

 

Ջորջ Օրուել

Մարզական ոգին

 

Այժմ, երբ Դինամո ֆուտբոլային ակումբի կարճառոտ այցն ավարտվել է, հնարավոր է հրապարակային ասել այն, ինչ շատ մտածող մարդիկ մասնավոր կերպով նշում էին դեռ մինչև Դինամոյի ժամանումը։ Ընդսմին, սպորտն անբարյացկամության անսպառ պատճառ է, և եթե նմանօրինակ այցը կարող է ընդհանրապես որևէ ազդեցություն ունենալ անգլո-խորհրդային հարաբերությունների վրա, այդ ազդեցությունը կարող է լինել միայն դրանք նախկինի համեմատ որոշակիորեն վատթար դարձնելու ձևով։

Նույնիսկ լրատվամիջոցներն անկարող եղան թաքցնել այն փաստը, որ տեղի ունեցած չորս խաղերից առնվազն երկուսը բավական վատ զգացողություն էին առաջ բերել։ Արսենալի խաղում, ինչպես ինձ փոխանցեց ականատեսներից մեկը, բրիտանացի և ռուս մեկական խաղացող ընդհարվեցին, և ամբոխը սուլում էր մրցավարին։ Գլազգոյի խաղում, մեկ այլ ականատեսի ինձ փոխանցած տեղեկությամբ, մեկնարկից իսկ պարզապես խառնաշփոթ էր։ Այնուհետև արդեն մեր ազգայնական դարաշրջանին բնորոշ բանավեճի առիթ էր Արսենալի կազմը։ Արդյոք այն իրոք համաանգլիական թիմ էր, ինչպես հայտարարում էին ռուսները, թե ընդամենը բրիտանացիների պնդած հավաքական թիմ էր։ Եվ արդյոք դինամոյականները համաանգլիական թիմի հետ հանդիպումից խուսափելով է, որ կտրուկ ավարտեցին իրենց մարզական շրջագայությունը։ Սովորականի նման յուրաքանչյուրն այս հարցերին պատասխանում է իր քաղաքական կանխատեսումների համապատասխան։ Ընդսմին, ոչ բոլորն են այսպես վարվում։ Հետաքրքրությամբ նկատեցի, որ ֆուտբոլի սադրած արատավոր կրքերի օրինակ հանդիսանալով, ռուսասեր Նյուզ Քրոնիքըլսի մարզական մեկնաբանը բռնել էր հակառուսական դիրք և պնդում, որ Արսենալը համաանգլիական թիմ ՉԻ (գլխատառերի օգտագործումը հեղինակինն է)։ Կասկած չունեմ, որ այս բանավեճը տարիներով շարունակելու է արձագանքել պատմության գրքերի տողատակերում։ Նույն միջոցին Դինամոյի մարզական շրջագայության արդյունքը, եթե այն առկա է, պետք է որ եղած լինի երկու կողմերի միջև թարմ մի հակամարտության ստեղծումը։

Ինչպե՞ս կարող էր այլ կերպ լինել։ Ամեն անգամ ապշում եմ՝ լսելով մարդկանց, ովքեր պնդում են, թե սպորտն ազգերի միջև բարյացկամություն է ձևավորում, և եթե միայն աշխարհի համայն մարդկությունը կարողանար միմյանց հանդիպել ֆուտբոլի կամ քրիքեթի խաղադաշտում, հակված չէր լինի հանդիպել ռազմադաշտում։ Եթե նույնիսկ որևէ մեկը իրազեկ չէ կոնկրետ օրինակներից (ինչպես ասենք 1936 թվականի օլիմպիական խաղերն էին), որ մարզական միջազգային մրցությունները հրահրում են ատելության օրգիաներ, այս եզրակացությանը կարելի մտահանգել ընդհանուր սկզբունքներից մեկնելով։

Ներկայում գործող գրեթե բոլոր մարզաձևերը մրցակցային են։ Դու խաղում ես հաղթելու համար, և խաղը գրեթե նշանակություն չունի, եթե ուժերդ կարեցածին չափ չես ներդրել հաղթելու համար։ Գյուղական կանաչի վրա, որտեղ դու ընտրում ես կողմերին և տեղային հայրենասիրության զգացումները շոշափված չեն, պարզապես զվարճանքի և ֆիզիկական վարժանքի համար խաղալը հնարավոր է։ Սակայն այն պահին, երբ վրա է հասնում հեղինակության հարցը, երբ սկսում ես մտածել, որ պարտությանդ պարագայում դու և ավելի մեծ մի հանրություն կխայտառակվեք, երևան են գալիս ամենանողկալի ռազմատենչ բնազդները։ Ամեն ոք, ով խաղացել է նույնիսկ դպրոցական ֆուտբոլային հանդիպման ընթացքում, գիտե սա։ Միջազգային մակարդակում սպորտն անկեղծորեն նմանվում է պատերազմի։ Առանցքայինն, ըստ որում, ոչ թե խաղացողների վարքագիծն է, այլ հանդիսականների և հանդիսականների հետևից նշմարվող ազգերի դիրքորոշումը, որի հետևանքով այս անհեթեթ մրցությունների միջոցին նրանք ինքնավերածվում են մոլագարների և մի կարճ ընթացք լրջորեն հավատում, որ վազելը, ցատկելն ու գնդակին հարվածելն ազգային առաքինությունների ստուգատեսեր են։

Նույնիսկ այնպիսի ժամանցային խաղ, ինչպես քրիքեթն է, որ ավելի շատ շնորհ է պահանջում, քան ուժ, կարող է անբարյացկամություն ծնել, ինչպես տեսանք 1921-ին Անգլիա այցելած ավստրալական թիմի կոշտ մարտավարության և գնդակը փոխանցելու տակտիկաների (խոսքը քրիքեթում խնդրահարույց մի հնարի մասին է՝ bodyline bowling, որ ենթադրում է, որ քրիքեթի գնդակը ոտքով հարվածի միջոցով ուղղվում է դեպի բիտայով խաղացողը այն հաշվարկով, որ վերջինս կփորձի գնդակի հարվածից պաշտպանվել բիտայով՝ հնարավոր դարձնելով այլ խաղացողների կողմից գնդակը վերցնելը. այս հնարը դիտվել է իբրև ֆիզիկական վնասվածք հասցնելու հավանական ճանապարհ և քննադատվել՝ իբրև խաղի անարդար եղանակ) հակասության մեջ։ Ֆուտբոլը, որում յուրաքանչյուրը տառապում է և յուրաքանչյուր երկիր ունի խաղի իր՝ օտարերկրացիներին անարդար թվացող ոճը, դրությունը շատ ավելի վատ է։ Ամենավատը բռնցքամարտն է։ Աշխարհի ամենասարսափելի վայրերից մեկը սպիտակամորթ և գունավոր բռնցքամարտիկների պայքարն է՝ խառը հանդիսատեսի առջև։ Սակայն բռնցքամարտի հանդիսատեսը միշտ գարշելի է, և մասնավորապես կանանց վարքագիծն այնպիսին է, որ օրինակ բանակը, համոզված եմ, թույլ չի տալիս նրանց ներկա լինել իր մրցություններին։ Ամեն դեպքում, երկու թե երեք տարի առաջ, երբ գլխավոր գվարդիան և կանոնավոր բանակը բռնցքամարտի մրցություն էին կազմակերպել, ես տեղակայված էի սրահի մուտքի մոտ որպես պահնորդ՝ կանանց ներս չթողնելու ցուցումով։

Անգլիայում սպորտային մոլուցքը բավական արմատացած է, սակայն էլ ավելի ճակատագրական կրքեր են ծնվում առավել երիտասարդ երկրներում, որտեղ թե մարզախաղերով զբաղվելը, թե ազգայնականությունը նոր զարգացումներ են։ Հնդկաստանի կամ Բիրմայի պես երկրներում ֆուտբոլային խաղերին անհրաժեշտ է ոստիկանական ամուր պատ ունենալ՝ ամբոխին դաշտ ներխուժելուց զերծ պահելու համար։ Բիրմայում ականատես եմ եղել, թե ինչպես են մի կողմի աջակիցները ճեղքում ոստիկանական պատը՝ վճռորոշ պահին հակառակորդի դարպասապահին վնասազերծելու համար։ Շուրջ տասնհինգ տարի առաջ Իսպանիայում խաղացված առաջին մեծ ֆուտբոլային հանդիպումը հասարակական կարգի անվերահսկելի խախտման հանգեցրեց։ Այն պահին, երբ մրցակցության հուժկու զգացումներն ալիքվում են, խաղն ըստ կանոնների անցկացնելու գաղափարը միշտ հօդս է ցնդում։ Մարդիկ ուզում են մի կողմին տեսնել բարձունքին, մյուսին՝ նվաստացած։ Նրանք մոռանում են, որ կեղծիքով կամ ամբոխի ներխուժմամբ ձեռք բերված հաղթանակն անիմաստ է։ Նույնիսկ երբ հանդիսականները ֆիզիկապես չեն ներխուժում դաշտ, փորձում են ազդել խաղի վրա՝ խրախուսելով յուրային կողմին և սուլոց-վիրավորանքներով շփոթեցնելով հակառակորդ խաղացողներին։ Լուրջ սպորտը որևէ կապ չունի արդար խաղի հետ։ Այն առնչված է ատելությանը, նախանձին, խայտառակությանը, բոլոր կանոնների անտեսմանը և բռնությանը ականատես լինելուց սադիստական հաճույք ստանալուն: Այլ կերպ ասած, այն պատերազմ է առանց կրակոցի։

Ֆուտբոլային դաշտի մաքուր, առողջ մրցակցության և ազգերին մեկտեղելու հարցում օլիմպիական խաղերի մեծ դերի մասին դատարկաբանելու փոխարեն ավելի օգտակար է հարցնել, թե ինչպես և ինչու է առաջ եկել սպորտի արդի պաշտամունքը: Մարզաձևերի մեծ մասը, որ հիմա խաղում ենք, հնագույն ծագում ունեն։ Բայց հռոմեական ժամանակներից մինչ տասնիններորդ դարը սպորտը կարծես թե շատ լուրջ չէր ընդունվում։ Նույնիսկ անգլիական հանրային դպրոցներում սպորտի պաշտամունքը չէր նկատվել մինչև նախորդ դարի վերջին հատվածը։ Դոկտոր Առնոլդը, որին ընդունված է համարել ժամանակակից հանրային դպրոցի հիմնադիրը, մարզախաղերին վերաբերում էր իբրև պարզապես ժամանակի վատնում։ Այնուհետ, գլխավորապես Անգլիայում և Միացյալ Նահանգներում մարզախաղերը վերակառուցվեցին լրջորեն ֆինանսավորվող գործողության՝ ունակ ներգրավելու ահռելի բազմություններ և հրահրելու խառնաշփոթ կրքեր. վարակը տարածվեց երկրից երկիր։ Ամենալայն տարածումը գտան ամենաուժային ձևերը՝ ֆուտբոլն ու բռնցքամարտը։ Դժվար թե հարկ կա կասկածել, որ այս ամբողջը շաղկապված է ազգայնականության աճի հետ, այն է՝ կամայական մեկի ժամանակակից զարմանալի հատկությունը՝ իրենց ինքնանույնացնել ավելի մեծ իշխանական միավորների հետ և ամեն ինչ դիտարկել մրցակցային հեղինակության անկյան տակ։

Բացի այդ, կազմակերպված մարզախաղերը մեծ հավանականությամբ զարգանում են քաղաքային համայնքներում, որտեղ միջին մարդն ապրում է նստակյաց կամ առնվազն սահմանափակված կյանքով և ստեղծագործական աշխատանքի համար մեծ հնարավորություններ չունի: Գեղջկական համայնքներում տղեկները կամ երիտասարդները իրենց ավելցուկային էներգիայի մեծ մասը սպառում են քայլելով, լողալով, ձնագնդի խաղալով, ծառեր մագլցելով, ձիավարությամբ և տարբեր մարզաձևերի մեջ, ինչպես կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունք ներառող ձկնորսությունը, աքլորակռիվն ու ժանտաքիսների միջոցով առնետներին որսալը: Մեծ քաղաքում ֆիզիկական ուժի կամ սադիստական ազդակների բացթողման համար հարկ ես ունենում խմբային գործունեության մեջ ներգրավվել։ Լոնդոնում և Նյու Յորքում խաղերին լուրջ են վերաբերում, լուրջ են վերաբերել Հռոմում և Բյուզանդիայում. միջնադարում դրանք խաղացվել են, և հավանաբար խաղացվել են զգալի ֆիզիկական դաժանությամբ, բայց խաղերը չեն խառնվել քաղաքականությանը և դարձել խմբային ատելությունների պատճառ:

Եթե ​​ցանկանում եք ավելացնել այս պահին աշխարհում գոյություն ունեցող չարիքների մեծ շտեմարանը, ապա դժվար թե ավելի լավ միջոց գտնեք, քան հրեաների և արաբների, գերմանացիների և չեխերի, հնդիկների և բրիտանացիների, ռուսների և լեհերի, իտալացիների և հարավսլավացիների միջև ֆուտբոլային հանդիպումների շարքը՝ յուրաքանչյուր հանդիպում 100.000-ի հասնող խառը հանդիսատեսի կողմից դիտելու պարագայում:

Ես, իհարկե, չեմ հավակնում ասել, որ սպորտը միջազգային մրցակցության գլխավոր պատճառներից մեկն է։ Մեծ սպորտն ինքնին, կարծում եմ, ընդամենն ազգայնականությունն առաջ բերած պատճառների մեկ այլ հետևանք է:

Այնուամենայնիվ, դուք վատթար դրություն եք ստեղծում՝ ազգային չեմպիոն պիտակված տասնմեկ տղամարդկանց թիմին ուղարկելով պայքարելու մրցակից այլ թիմի դեմ և ամենուր զգացնել տալով, որ պարտվող երկիրը կորցնելու է դեմքը։

Հուսով եմ, որ մենք չենք հետևի Դինամոյի այցին` ԽՍՀՄ բրիտանական թիմ ուղարկելով: Ընդսմին, եթե պարտադրված ենք դա անել, ապա եկեք ուղարկենք երկրորդ կարգի մի թիմ, որը վստահաբար կպարտվի և չի հղվի իբրև համայն Բրիտանիան ներկայացնող: Անհանգստության համար բավարար իրական պատճառներ ունենք և կարիք չունենք դրանք ավելացնել՝ խրախուսելով երիտասարդներին միմյանց քացի տալ՝ գազազած հանդիսատեսի բղավոցների ներքո։

Թարգմանությունը ըստ  https://www.orwellfoundation.com/the-orwell-foundation/orwell/essays-and-other-works/the-sporting-spirit/ հրապարակման։

Թարգմանությունը՝ Ժաննա Անդրեասյանի

Comments are closed.

Մենք այստեղ ենք

Click to open a larger map

Կապ

Հասցե` ՀՀ, ք. Երևան 0002,
Սարյան փ. 20, բն. 25

Հեռ: +374 (10) 500-499
Էլ. հասցե: info@socioscope.am

Facebook
YouTube

Արխիվ