Հասարակական կարծիք գոյություն չունի

Նախաբան

 

Հասարակական կարծիքը նախևառաջ քաղաքական կատեգորիա է. սա 1973-ին Պիեռ Բուրդիոյի հրատարակած ծավալուն՝ «Հասարակական կարծիք գոյություն չունի» հոդվածի   առաջ քաշած առանցքային դրույթներից մեկն է։ Այս դատողության նշանակալիությունն արդի ժամանակներում Բուրդիոն վերահաստատում է 1989 թ. հրատարակած իր «Հասարակական կարծիք» տեքստով․

«Այն, ինչ  18-րդ դարի Ֆրանսիայում հայտնի դարձավ իբրև «հասարակական կարծիք», բնակչության սահմանափակ, այդուհանդերձ նշանակալի մասի անհատական կարծիքների արտահայտությունն էր, որն իր տնտեսական և նախևառաջ՝ մշակութային կապիտալի կշռի բերումով, պահանջում էր գործադրել իշխանություն և ջանում էր ազդել քաղաքական իշխանությունների վրա՝ գրվածքների և հատկապես մամուլի միջոցով»

Համաձայն Բուրդիոյի, 19-րդ դարի ընթացում ձևավորվող ժողովրդավարության տեսլականը փոխարինեց «սոցիալական էլիտայի» կարծիքը հասարակության կարծիքով՝ իբրև լեգիտիմության ձեռքբերման և ներկայացուցչական կառավարման նախապայման: 

Ներկայումս հասարակագիտության գործիքակազմի և տեխնիկաների, ինչպես նաև համակարգչային տեխնոլոգիաների զարգացումը նոր մարմին և դրսևորում տվեցին հասարակական կարծիքի ուրվականին: 

Հասարակական կարծիքի ուսումնասիրությունները կարողացան շղարշել նոր ժամանակների կարևոր՝ «ժողովրդավարության» և «գիտականության» սկզբունքները երկու պատճառով: Նախ դրանք կարողացան իբրև թե լսելի դարձնել «մեծամասնության» կարծիքը, և երկրորդ, այդ անելու համար դիմեցին գիտական մեթոդների, չափանիշների և տեխնիկաների օգնությանը: 

Ժողովրդավար գիտականության համատեքստում զարգացող հասարակական կարծիքի ուսումնասիրություններն այսօր գլխավորապես քաղաքական գործիչների, քաղտեխնոլոգների, խոշոր կապիտալի սեփականատերերի և մեդիա ձեռներեցների սիրելի զբաղմունքն են: 

Հասարակական կարծիքի զանգվածային ուսումնասիրություններ իրականացնող ռուսաստանյան հայտնի Լևադա կենտրոնի հիմնադիր Յուրի Լևադան 2004 թ. իր բանախոսություններից մեկի ժամանակ փորձ էր անում հակադարձել այն տարածված տեսակետին, թե սոցիոլոգիան նույնական է հասարակական կարծիքի ուսումնասիրությանը՝ պնդելով, թե դա մոլորություն է: Իր այդ նույն բանախոսության ժամանակ, սակայն, Լևադան ասում է. «Ի՞նչ էր մնում անել: Անել այն, ինչ կարող էինք: Մենք կարող էինք և փորձեցինք հասարակական կարծիքի ուսումնասիրությունը դարձնել հասարակության հետազոտման միջոց, սոցիոլոգիայի մի ճյուղ՝ ըմբռնող սոցիոլոգիա: Նրանք, ովքեր մասնակցում են դրան, գիտեն, որ իզուր չէ, որ մենք այսպիսի կարգախոս ենք հնարել՝ «Կարծիքից՝ ըմբռնում»: Մենք հավաքագրում ենք բազում հազարավոր մարդկանց կարծիքներ և մենք պարտավոր ենք հասկանալ [ըմբռնել] դրանք…»:

Որդեգրելով հազարավոր մարդկանց կարծիքների հանրագումարն իբրև հասարակական խնդիրներն ու երևույթները հասկանալու սկզբունք՝ այս կենտրոնը 2017 թ. փորձարարական միջամտություն իրականացրեց ռուսաստանցիների նախընտրական դիրքորոշումները չափող ընտրանքային քանակական հետազոտության մեջ: 

Հետազոտության արդյունքները ցույց էին տվել, որ հորինված նախագահի թեկնածու Անդրեյ Սեմյոնովի օգտին պատրաստ էր քվեարկել հարցվողների 18%-ը: Հարցվողների 3%-ը նշել էր, որ գիտի Սեմյոնովին և պատրաստ է քվեարկել նրա օգտին, իսկ 15%-ը, չնայած հայտարարել էր, որ չի ճանաչում Սեմյոնովին, այդուհանդերձ կքվեարկեր նրա օգտին, եթե Վլադիմիր Պուտինը հանրորեն աջակցեր վերջինիս: Ըստ կենտրոնի մասնագետների պնդման, այս հարց-թակարդի միջոցով իրենք նպատակ ունեին ըմբռնելու Պուտինի հեղինակության ազդեցությունը հասարակական կարծիքի ձևավորման վրա: 

Ի՞նչ է նշանակում գոյություն չունեցող Անդրեյ Սեմյոնովին ընտրելու մտադրությունը կամ նրա մասին առանձին մարդկանց մեկուսի և «ոտքի վրա» արտահայտած կարծիքների հանրագումարը մի իրավիճակում, երբ Պուտինի հեղինակության պաշարի ձևավորումն ինքնին ըմբռնվելու կարիք ունի։ Հարց-մանիպուլյացիաների միջոցով հանրային կոնֆորմիզմի բացահայտումները առավելապես երևան են բերում Պիեռ Բուրդիոյի մտահոգությունն առ այն, որ հասարակական կարծիքի հետազոտություններն արտադրում են «իմաստազուրկ արտեֆակտներ», որտեղ սոցիալական խնդիրը մշտապես ստորակա է քաղաքական շահերին։ 

Կարծիքի քանակական ուսումնասիրությունները վկայում են ոչ այնքան հասարակության, որքան դրանց պատվիրատուների, նախաձեռնողների, ինչպես նաև իշխող վերնախավերի մտայնությունների մասին: Քաղաքական գործունեության գործիք դարձած հասարակական կարծիքի ուսումնասիրությունները հաճախ հարցերի շուրջ են, որոնք, ինչպես ասում է Բուրդիոն, մարդիկ իրենց չեն տվել, որոնց շուրջ նախքան հետազոտությունը խորհելու կարիք և ժամանակ չեն ունեցել, որոնց շուրջ խորքային գիտելիք չեն հավաքագրել: 

Այլ կերպ ասած՝ այդ հարցերը մարդկանց համար չեն ունեցել և հետազոտությունից հետո էլ թերևս չեն ունենա քաղաքական բովանդակություն և նշանակություն: 

Այդուհանդերձ, մարդկանց դիտանկյունից ապաքաղաքական հարցերի շուրջ արտահայտած հապճեպ կարծիքները վերլուծության ենթարկվելիս լցվում են քաղաքական բովանդակությամբ, դրանց հաղորդվում են պատճառահետևանքային կապեր և օրինափաչություններ, իսկ վերլուծական դատողությունները հանգեցվում են սոցիալական երևույթների կամ հիմնահարցերի շուրջ թվացյալ համընդհանուր հասարակական համաձայնության: Հետևաբար առաջնային է դառնում վերլուծության կամ վերլուծող կողմի դիտանկյունը կամ կարծիքների հանրագումարի ըմբռնման եղանակը, որոնցում էլ առկայծում են հարց տվողի քաղաքական նպատակները։

Այստեղից ակներև է դառնում Բուրդիոյի մեկ այլ մտահոգություն. հասարակական կարծիքի ուսումնասիրությունը ուժերի և լարումների համակարգ է, որն ուղեկցվում է ուժի գործադրման դիսկուրսով՝ նպատակ ունենալով օրինականացնել գործադրողի ուժը՝ ըստ էության թաքնվելով որպես այդպիսին հասարական կարծիքի հետևում: Ուժի գործադրման այս դիսկուրսն ունի մի հիմնարար արդյունք. այն օրինականացնում է քաղաքականությունները՝ ստեղծելով պատրանք, թե օրինականացնողը հասարակության կարծիքն է, ոչ թե ուժի գործադրման դիսկուրսը: 

Սոցիալական ցանցերի դարաշրջանում կարևոր քաղաքական հարցերի շուրջ այս հարթակներով կազմակերպվող տարաբնույթ «հարցումները» է՛լ ավելի ուղղակի ու անթաքույց են շահարկում հասարակական կարծիքը։ Մի կողմից դրանք անգամ չեն էլ ձգտում ապահովել գիտականության հիմնավորումը, մյուս կողմից՝ իրականում ձևավորում են, ինչպես նաև վերաներկայացնում են ուժ գործադրողի շահավետ դիսկուրսը։ Պաշտոնապես ժողովրդավարության արժևորման (հատկապես դրա ձևական ըմբռնման) պայմաններում այսպիսի պրակտիկաների պակասը չի զգացվում, այդ թվում՝ անկայուն, բայցևայնպես հետհեղափոխական ժողովրդավարությամբ Հայաստանում։ Ինչպե՞ս այլկերպ մեկնաբանել բարձրաստիճան պաշտոնյայի ֆեյսբուքյան «❗️❗️Շատ կարևոր հարցում❗️❗️»-ն, օրինակ, հույժ քաղաքական ու կենսական մի հարցի՝ Ամուլսարի հանքարդյունաբերության շահագործման շուրջ․

 

«❗️❗️Շատ կարևոր հարցում❗️❗️

Խնդրում եմ անպայման պատասխանեք ու տարածեք, որ մաքսիմալ շատ մարդու կարծիքներ ունենանք։

Եթե միջազգային փորձաքննությունը եզրակացնի, որ Ամուլսարի նախագիծը Սևանի ու Ջերմուկի ջրերի վրա ազդեցություն չունի ու անթույլատրելի բնապահպանական ռիսկեր չի պարունակում, այդ ոսկու հանքը պիտի շահագործվի՞, թե՞ ոչ»։

 

ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Իմ քայլը խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հուլիսի 14-ի ֆեյսբուքյան գրառում 

 

Հայաստանում Ամո­ւլսարի հանքի շահագործման դեմ համայնքային և քաղաքացիական պայքարը սկսվել է 2012-ից։ Վերջին մեկ տարում այն առավել տեսանելի թափ է առել հեղափոխական շարժման ալիքի ներքո և քաղաքացիական ուժի հանդեպ տեղացիների հավատի հիման վրա։ Տեղացիների ու բնապահպան ակտիվիստների ջանքերով դեպի հանք տանող ճանապարհների մեկ տարուց ավել տևող բլոկադան հարցը վերածել է Հայաստանի ամենաթեժ պայքարի ճակատի։ Ամուլսարի հանքարդյունաբերության կասեցումն ու դրա եղանակը ներկա ամենաառանցքային քաղաքական հարցերից է, որ դարձել է հեղափոխական կառավարության հեղափոխականության չափանիշը: Արդյոք տեղի բնակիչների սոցիալ-տնտեսական կարիքները առաջնահերթություն կստանա՞ն նախկին կոռումպացված կառավարության թողտվությամբ հանք շահագործող միջազգային կորպորացիայի տնտեսական շահի նկատմամբ։ Արդյոք սեփական իրավունքների պաշտպանությանն ուղղված տեղացիների քաղաքացիական ձայնը որոշի՞չ է՝ միջազգային կորպորացիայի իրավական շանտաժների համեմատ։ Արդյոք Հայաստանի տեղական և պետական կառավարական մարմինները բավարար ինքնիշխա՞ն են՝ սեփական հանրության երկարաժամկետ լավագույն շահի սպասարկման և ոչ թե  միջազգային օլիգարխիա դարձած կորպորացիաների տնտեսա-քաղաքական ճնշումներին տեղի տալու համար։

Այս և հարակից այլ հարցերը խորքայնորեն քննելու փոխարեն պատգամավորը նախաձեռնել է մեկ ուղղորդող հարցից բաղկացած «հարցում», որի միջոցով պատասխաններ է հավաքագրում իր ֆեյսբուքյան ընկերների շրջանակից։ Սա, ըստ էության, Ամուլսարի հանքի հնարավոր շահագործման սցենարի շուրջ տրամադրությունների ստուգման, դրական դիրքորոշման ձևավորման, դիմադրության ուժի թուլացման և քաղաքական որոշումը, այսպես կոչված, հասարակական կարծիքով հիմնավորելու միտում է ցույց տալիս: Պատգամավորը պատրանք է ստեղծում, թե քաղաքական որոշման հիմքում ոչ թե ուժի դիսկուրսն է, այլ հանրության կարծիքը, որ դուրս է բերվում՝ իբրև թե հղվելով կարծիքի հարցման մեթոդին:

Արձագանքելով օգտատերերից մեկի հարցին, թե «Հարցման իմաստը ո՞րն է։ Լուրջ դեմքով ինչ-որ նիստում ասելու եք հարցում եմ արել ֆեյսբուքում և ահա արդյունքները՞», Թունյանը պատասխանել է. «Իմաստն էն է, որ ոմանք լուրջ դեմքով չասեն՝ ԱՄԲՈՂՋ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ դեմ է»: Արդյոք Թունյանը ժողովրդավարությունը ժողովրդի ամբողջացման մե՞ջ է տեսնում՝ ժողովրդի տարբեր խմբերի իրավունքների առաջնահերթ պաշտպանության փոխարեն։ Արդյոք ըստ Թունյանի ֆեյսբուքյան իր ընկերների միջոցով ձևավորված հանրույթը պարտավո՞ր է կարծիք ունենալ Ամուլսարի հարցի շուրջ և ի՞նչ ուժ ունի այդ կարծիքը՝ տեղացիների հանրային կարիքների և պահանջների նկատմամբ։ Այս և բազմաթիվ այլ հարցեր են ծագում քաղաքական շահի դիրքից հասարակական կարծիքի ըմբռնման քննադատության դեպքում, ինչին էլ ուղղված է ընթերցողին ստորև ներկայացվող Պ. Բուրդիոյի հոդվածը:

 Արփի Մանուսյան

 

 

 

Հասարակական կարծիք գոյություն չունի

 

Հեղինակ՝ Պիեռ Բուրդիո

Ֆրանսերենից հայերեն թարգմանությունը՝ Նազենի Ղարիբյանի

 

Նախեւառաջ, կցանկանայի ճշտել, որ իմ խոսքը հասարակական հարցումները մեխանիկորեն եւ հեշտությամբ մերժելը չէ, այլ այդ հարցումների գործառույթներն ու գործելու մեխանիզմները խորությամբ եւ ճշգրտորեն վերլուծելը։ Ինչը ենթադրում է հարցականի տակ դնել այն երեք կանխադրույթները, որ դրանք ինքնաբերաբար առաջ են քաշում։

Ցանկակացած բնույթի հասարակական հարցում ենթադրում է, որ բոլորը կարող են կարծիք ունենալ, կամ, այլ կերպ ասած՝ որ կարծիք ունենալը հասու է բոլորին։ Թեկուզ պարզ ժողովրդավարական զգացումները վիրավորելու գնով՝ բայց ես կառարկեի այս դրույթը։

Երկրորդ դրույթով ենթադրվում է, թե բոլոր կարծիքներն արժեք ունեն։ Ըստ իս՝ կարելի է ապացուցել, որ դա բոլորովին էլ այդպես չէ, եւ որ միեւնույն իրական ուժը չունեցող կարծիքները հանրագումարելու փաստը բերում է իմաստազուրկ արտեֆակտերի ստեղծմանը։

Երրորդ ինքնաբերական դրույթը. միայն այն փաստը, որ միեւնույն հարցը տրվում է բոլորին՝ թույլ է տվել ենթադրություն անել, թե խնդիրների շուրջ գոյություն ունի համակարծություն, այլ կերպ ասած՝ թե ընդհանուր համաձայնություն կա այն հարցերի վերաբերյալ, որոնք արժանի են տրվելու։ Ինձ թվում է, որ այս երեք կանխադրույթները պատճառ են դառնում մի շարք աղավաղումների, որոնք ի հայտ են գալիս անգամ այն դեպքում, երբ տվյալները հավաքագրելիս եւ վերլուծելիս՝ ճշգրիտ մեթոդաբանության բոլոր պայմաններն ապահովված են լինում։

Հասարակական հարցումների վերաբերյալ հաճախ են հնչում տեխնիկական բնույթի քննադատություններ։ Օրինակ՝ վիճարկվում է հավաքած պատասխանների ներկայացուցչականությունը։ Կարծում եմ, որ վիճակագրական գրասենյակների կողմից օգտագործվող ներկա միջոցների պայմաններում այս քննադատությունն ամենեւին հիմնավորված չէ։ Հարցումները քննադատվում են նաեւ նպատակայնորեն շեղված հարցեր կամ հարցերի շեղված ձեւակերպումներ առաջադրելու համար. սա արդեն իրոք ճիշտ է, եւ հաճախ է պատահում, որ պատասխանն ինքնըստինքյան ածանցվում է հարցը տալու ձեւի արդյունքում։ Այսպես, օրինակ, խախտելով հարցաշարը կազմելու տարրական նորմը, ըստ որի անհրաժեշտ է արտահայտման հնարավորություն ապահովել բոլոր տեսակի պատասխանների համար՝ հարցերի կամ առաջարկված պատասխանների շարքում հաճախ է անտեսվում կամ դուրս թողնվում հնարավոր տարբերակներից մեկնումեկը, կամ էլ մի քանի անգամ առաջարկվում է միեւնույն տարբերակը՝ տարբեր ձեւակերպումներով։

Այսպիսի տարատեսակ շեղումներ կան, եւ հետաքրքիր կլիներ քննել դրանց ծագման սոցիալական պայմանները։ Մեծ մասամբ այդ շեղումները կախված են այն պայմաններից, որոնցում աշխատում են հարցաշարերը կազմողները։ Բայց դրանք հատկապես կախված են այն բանից, որ հասարակական հարցումների ինստիտուտների ստեղծած խնդրակարգերը ենթարկված են որոշակի տիպի պահանջարկի։ Այսպես, ձեռնարկելով կրթական համակարգի մասին ֆրանսիացիների կարծիքի վերաբերյալ համազգային մեծ հարցման վերլուծությունը՝ մենք որոշակի քանակի հետազոտական գրասենյակներից քաղեցինք կրթությանը վերաբերող բոլոր հարցերը։ Վերլուծությունը ցույց տվեց, որ կրթական համակարգի մասին ավելի քան երկու հարյուր հարց տրվել է 1968թ մայիսից հետո, մինչդեռ 1960-1968թթ ընթացքում արված հարցերի քանակը քսանից պակաս է։ Սա նշանակում է, որ այս կարգի կազմակերպություններին պարտադրվող խնդրակարգերը խորությամբ կախված են որոշակի հանգամանքներից եւ ենթարկված են որոշակի տիպի հասարակական պահանջարկի։ Կրթության հարցն, օրինակ, կարող է տրվել հասարակական հարցմամբ զբաղվող հաստատության կողմից միայն այն ժամանակ, երբ այն դառնում է քաղաքական խնդիր։ Անմիջապես երեւում է տարբերությունը, որ բաժանում է այս հաստատություններին այն հետազոտական կենտրոններից, որոնք ձեւավորում են վերջիններիս խնդրակարգերը՝ եթե չասենք «դատարկ երկնքում», ապա առնվազն հասարակական պահանջարկի ուղղակի եւ անմիջական դրսեւորումներից չափազանց մեծ հեռավորության վրա։

Տրված հարցերի վիճակագրական համառոտ վերլուծությունը ցույց տվեց, որ դրանց մեծամասնությունն ուղղակիորեն կապված էր «քաղաքական անձնակազմի» քաղաքական մտահոգությունների հետ։ Եթե մենք հիմա փորձենք մի փոքր զվարճանալ՝ հարցում-հարցում խաղալով, եւ եթե ես ձեզ խնդրեի գրել այն հինգ հարցերը, որոնք կրթության խնդրում ձեզ ամենակարեւորներն են թվում, մենք հաստատ կունենայինք մի հարցաշար, որ շատ կտարբերվեր այն ցուցակից, որ մենք կազմել ենք հասարակական հարցումների ժամանակ իրականում տրված հարցերի հիման վրա։ «Արդյոք պե՞տք է ներմուծել քաղաքականությունը ավագ դպրոցներում» հարցը (կամ դրա տարբերակները) չափազանց հաճախ է տրվել, մինչդեռ «Արդյոք պե՞տք է փոփոխել ծրագրերը» կամ «Արդյոք պե՞տք է փոփոխել կրթական բովանդակության փոխանցման ձեւերը» հարցերը հազվադեպ են տրվել։ Նույնը վերաբերում է «Արդյոք պե՞տք է վերապատրաստման ուղարկել ուսուցիչներին» հարցին։ Նմանատիպ այլ հարցեր կան, որոնք շատ կարեւոր են՝ առնվազն այլ առումներով։

Հասարակական հարցումների կողմից առաջարկված խնդրակարգերը ստորադասված են քաղաքական շահերի, եւ այս հանգամանքն ուժգնորեն ազդում է ե՛ւ պատասխանների նշանակության, ե՛ւ արդյունքների հրապարակման նշանակության վրա։ Այսօրվա դրությամբ, հասարակական հարցումը քաղաքական գործունեության գործիք է. նրա ամենակարեւոր գործառույթը, թերեւս, պարտադրելն է պատրանքը, թե գոյություն ունի հանրային կարծիք՝ որպես անհատական կարծիքների պարզ գումարմամբ ստացված արդյունք, պարտադրելն է գաղափարը, թե գոյություն ունի մի բան, որ սահմանելի է որպես կարծիքների միջին կամ՝ միջին կարծիք։ Թերթերի առաջին էջերում հայտնվող եւ տոկոսներով չափվող «հասարակական կարծիքը» (ֆրանսիացիների 60%-ը կողմ է, որ…) պարզ ու շիտակ արտեֆակտ է, որի գործառույթը թաքցնելն է այն իրողությունը, թե ժամանակի որոշակի պահին արձանագրվող հասարակական կարծիքի իրավիճակն ընդամենը ուժերի, լարումների համակարգ է, եւ թե հասարակական կարծիքի իրավիճակն արտահայտելու համար ոչինչ ավելի անհամարժեք չէ, քան տոկոսային հարաբերությունը։

Հայտնի է, որ ուժի ցանկացած գործադրում ուղեկցվում է դիսկուրսով, որի նպատակն է օրինականացնել գործադրողի ուժը։ Կարելի է նույնիսկ ասել, որ ցանկացած ուժային հարաբերության էությունն այն է, որ այդ հարաբերությունն իր ամբողջ ուժը ձեռք է բերում միայն այն դեպքում, երբ կարողանում է թաքնվել որպես այդպիսին։ Մի խոսքով, ավելի պարզ ասած՝ քաղաքական անձը նա է, ով ասում է. «Աստված ձեզ հետ է»։ Այսօր «Աստված ձեզ հետ է»-ի համարժեքն է «հասարակական կարծիքը ձեզ հետ է»։ Սա՛ է հասարակական հարցումների հիմնարար արդյունքը. ձեւավորել միտք, թե գոյություն ունի միաձայն հասարակական կարծիք, եւ ուրեմն՝ օրինականացնել տվյալ քաղաքականությունը եւ շրջել վերջինս հիմնավորող կամ հնարավոր դարձնող ուժային հարաբերությունները։

Ի սկզբանե ասելով այն, ինչ ցանկանում էի ասել վերջում՝ կփորձեմ համառոտակի նշել այն գործողությունները, որոնց միջոցով ստեղծվում է այդ ընդհանուր համաձայնության էֆեկտը։ Առաջին գործողությունը, որի ելակետն այն կանխադրույթն է, թե բոլոր մարդիկ պետք է ունենան կարծիք՝ հաշվի չի առնում պատասխանի բացակայության հնարավորությունը։ Օրինակ, դուք մարդկանց հարցնում եք. «Դուք կո՞ղմ եք Պոմպիդուի[1] կառավարությանը»։ Դուք արձանագրում եք 30% պատասխանի բացակայություն, 20%՝ «այո», 30%՝ «ոչ»։ Կարող եք ասել՝ դեմ մարդկանց քանակը գերազանցում է կողմ մարդկանց քանակին, բայց հետո կա այս 30% մնացորդը։ Կարող եք նաեւ վերահաշվարկել կողմերի եւ դեմերի տոկոսային հարաբերությունը՝ բացառելով բացակա պատասխանները։ Այս պարզ ընտրությունն աներեւակայելի կարեւորություն ունեցող տեսական գործողություն է, որի շուրջ կցանկանայի մտորել ձեզ հետ։

Բացակա պատասխանները չեղարկելը նույնն գործողությունն է, ինչ կիրառվում է ընտրությունների ժամանակ չլրացված կամ անվավեր քվեաթերթիկների հետ. դա հասարակական հարցմանն ընտրական քվեարկության ներքին փիլիսոփայությունը պարտադրելն է։ Եթե ավելի մանրամասն քննենք՝ կտեսնենք, որ բացակա պատասխանների տոկոսային հարաբերությունն ընդհանուր առմամբ ավելի բարձր է կանանց շրջանում, քան տղամարդկանց, որ կանանց եւ տղամարդկանց միջեւ եղած տարբերությունն այնքան ավելի մեծ է, որքան ավելի առաջադրված խնդիրները զուտ քաղաքական բնույթ ունեն։

Մեկ այլ դիտարկում. որքան ավելի հարցը վերաբերում է իմացության, գիտելիքի ոլորտին, այնքան ավելի մեծ է տարբերությունը շատ կրթվածների ու քիչ կրթվածների բացակա պատասխանների տոկոսային հարաբերության միջեւ։ Ընդհակառակն, երբ հարցերը վերաբերում են բարոյականության խնդիրներին, բացակա պատասխանների տարբերակումներն ըստ կրթական մակարդակի շատ մեծ չեն (օրինակ՝ «Պե՞տք է, արդյոք, խիստ լինել երեխաների հետ» հարցի դեպքում)։ Այլ դիտարկում եւս. որքան ավելի է հարցը կոնֆլիկտային խնդիրներ առաջադրում, հակասությունների թնջուկի վերաբերում (ասենք՝ կոմունիստների օգտին քվեարկող մարդկանց առումով Չեխոսլովակիայում տիրող իրավիճակի մասին հարց), որքան հարցը լարումնաստեղծ բնույթ ունի որոշակի կատեգորիայի համար, այնքան ավելի բացակա պատասխանները հաճախակի են այդ կատեգորիայում։ Որպես հետեւանք՝ բացակա պատասխանների վիճակագրության պարզ վերլուծությունը տեղեկություն է պարունակում առ այն, թե ինչ նշանակություն ունի հարցը եւ թե որ կատեգորիային է վերաբերում, ընդսմին՝ վերջինս սահմանվում է նույնքան իրեն առնչվող կարծիք ունենալու հավանականությամբ, որքան դրական կամ բացասական կարծիք ունենալու պայմանական հավանականությամբ։

Հասարակական հարցումների գիտական վերլուծությունը ցույց է տալիս, որ կոլեկտիվ, ընդհանրական խնդիր իրականում գոյություն չունի. չկա այնպիսի հարց, որ չվերամեկնաբանվի ըստ այն մարդկանց շահերի, որոնց այն ուղղված է՝ որպես առաջին հրամայական համարելով հարցադրումը, թե պատասխանողների տարբեր կատեգորիաները ինչ հարցի են կարծել, թե պատասխանում են։ Հասարակական հարցումների ամենավտանգավոր արդյունքներից մեկն էլ հենց այն է, որ մարդկանց հրավիրում են պատասխանել հարցերի, որ այդ մարդիկ իրենք իրենց չեն տվել։ Նույնիսկ այն հարցերը, որ, օրինակ, վերաբերում են բարոյականությանը՝ լինի ծնողների խստության, թե ուսուցիչ-աշակերտ հարաբերությունների, թե ուսուցչակենտրոն կամ աշակերտակենտրոն մանկավարժության եւ այլնի մասին. խնդիրներ, որ այնքան ավելի են դիտարկվում որպես բարոյական, որքան ավելի ենք վար իջնում հասարակական աստիճանակարգով, բայց որ կարող են լինել քաղաքական խնդիրներ՝ բարձրաստիճան խավերի համար։ Հասարակական հարցումների արդյունքներից մեկն էլ բարոյական պատասխանները քաղաքական պատասխանների վերածելն է՝ ընդամենը խնդրակարգի պարտադրման միջոցով։ 

Իրոք, տարբեր սկզբունքներ կան, որոնցից ելնելով՝ կարելի է պատասխան ձեւավորել։ Նախ՝ գոյություն ունի այն երեւույթը, որ կարելի է անվանել քաղաքական հմտություն, որ առնչվում է միաժամանակ ե՛ւ օրինական ե՛ւ կամային որեւէ բնորոշմանը, այսինքն՝ ինքնին բացահայտ կամ թաքնված որեւէ քաղաքական բնորոշմանը։ Այս քաղաքական հմտությունը համընդհանրորեն տարածված երեւույթ չէ։ Այն խոշոր հաշվով տարբերակվում է ըստ կրթության մակարդակի։ Այլ կերպ ասած՝ քաղաքական գիտելիք պահանջող բոլոր հարցերի համար կարծիք ունենալու հավանականությունը բավական համեմատելի է թանգարան գնալու հավանականությանը։ Աներեւակայելի տարբերություններ են նկատվում. այնտեղ, ուր ձախական մի շարժմանն անդամագրված այսինչ ուսանողը նկատում է ՄՍԿ-ի[2] տասնհինգ ձախական ջոկատ, միջին վիճակագրական բուհավարտի համար ոչինչ չկա։ Քաղաքական աստիճանակարգում (ծայրահեղ ձախ, ձախ, ձախ կենտրոն, կենտրոն, աջ կենտրոն, աջ, ծայրահեղ աջ եւն), որ «քաղաքագիտական» հետազոտությունները կիրառում են որպես ինքնին գոյություն ունեցող երեւույթ, սոցիալական որոշ ստորոգումներ աշխուժորեն զբաղեցնում են ծայրահեղ ձախ թեւի մի փոքր անկյուն, մյուսները զբաղեցնում են միայն կենտրոնը, իսկ ոմանք էլ զբաղեցնում են ամբողջ աստիճանակարգը։ Ի վերջո, ընտրությունները միանգամայն տարբեր տարածքների խմբավորումներ են. մարդկանց, որ չափվում են սանտիմետրերով, գումարում են մարդկանց, որ չափվում են կիլոմետրերով, կամ ավելի շուտ՝ մարդկանց, որոնց գնահատականները 0-20-միջեւ են, եւ մարդկանց, որոնց գնահատականները 9-11-միջեւ են։ Հմտությունը չափվում է, ի թիվս այլոց, նաեւ զգայնության աստիճանով (նույնն է գեղագիտության հարցում՝ ոմանք կարող են տարբերակել միեւնույն նկարչի հինգ կամ վեց հաջորդական նկարելաեղանակներ)։

Այս համեմատությունը կարելի է ավելի խորացնել։ Գեղագիտական ընկալման առումով՝ նախ գոյություն ունի հանդուրժողական պայման. հարկ է, որ մարդիկ արվեստի գործն ընկալեն որպես արվեստի գործ։ Այնուհետեւ, այն ընկալելով որպես արվեստի գործ՝ հարկ է, որ նրանք ունենան ընկալման ստորոգություններ՝ այն կառուցելու, դասակարգելու համար, եւն։ Ենթադրենք մի հարց, որ ձեւակերպված է հետեւյալ կերպ. «Արդյոք դու կողմ եք դասախոսակենտրո՞ն, թե ուսանողակենտրոն կրթությանը»։ Ոմանց համար սա կարող է կազմված լինել որպես քաղաքական հարց՝ ծնող-երեխա հարաբերությունների պատկերն ընդգրկելով հասարակության համակարգային տեսլականում։ Մյուսների համար այն զուտ բարոյական հարց է։ Այսպիսով, մեր մշակած հարցաշարը, որի մեջ մարդկանց հարցնում ենք, թե, ըստ իրենց՝ գործադուլ անելը, երկար մազեր պահելը, փոփ փառատոնին մասնակցելը եւ այլն, քաղաքականությո՞ւն է, թե՞ ոչ՝ վեր է հանում շատ մեծ զանազանություններ՝ ըստ հասարակական խավերի։ Քաղաքական հարցին համարժեքորեն պատասխանելու առաջին պայմանն, այսպիսով, այն որպես քաղաքական հարց կազմելու կարողությունն է։ Երկրորդ պայմանն այդ հարցը որպես քաղաքական կազմելուց հետո դրա նկատմամբ իսկապես քաղաքական ստորոգումներ կիրառելու կարողությունն է. ստորոգումներ, որոնք կարող են լինել քիչ թե շատ համարժեք, քիչ թե շատ նրբամիտ, եւ այլն։ Սրանք են կարծիքների ստեղծման յուրահատուկ պայմանները, այն կարծիքների, որոնք, հասարակական հարցման ենթադրությամբ, պետք է լրացվեն ըստ առաջին դրույթի, այսինքն՝ յուրաքանչյուր ոք կարող է կարծիք հայտնել։ 

Երկրորդ սկզբունքը, որից ելնելով՝ մարդիկ կարող են կարծիք հայտնել, ես անվանում եմ «դասակարգային էթոս» (չասելու համար դասակարգային էթիկա), այսինքն՝ ինքնին մի արժեհամակարգ, որ մարդիկ յուրացրել են մանուկ հասակից եւ որից ելնելով էլ մարդիկ պատասխաններ են տալիս իրարից չափազանց տարբեր խնդիրների։ «Ռուբե» եւ «Վալանսիեն»[3] թիմերի միջեւ ֆուտբոլային խաղից հետո մարդկանց հայտնած կարծիքների համարժեքությունն ու տրամաբանությունը մեծ մասամբ բխում է դասակարգային էթոսից։ Քաղաքական համարված պատասխանների մի ամբողջ բույլ իրականում տրվել են դասակարգային էթոսի հիման վրա, այդ իսկ պատճառով կարող են միանգամայն այլ նշանակություն ստանալ՝ քաղաքական հարթակում մեկնաբանվելիս։ Այստեղ ես պետք է մեջբերեմ սոցիոլոգիական մի ավանդույթ, որ հատկապես տարածված է ԱՄՆ որոշ քաղաքական սոցիոլոգների շրջանում, որոնք սովորաբար խոսում են հասարակ խավերի  պահպանողականության եւ բռնիշխանամետության մասին։ Այս տեսակետները հիմնված են հասարակական հարցումների կամ ընտրությունների՝ միջազգային մակարդակով արված համեմատության վրա եւ նպատակ ունեն ցույց տալ, որ ամեն անգամ հասարակ խավերին իշխանության հարաբերության, անհատական ազատության, մամուլի ազատության եւ այլ խնդիրների վերաբերյալ հարցումներ անելիս՝ որ երկրում էլ լինի, նրանց պատասխաններն ավելի «բռնիշխանական» են, քան մնացած խավերինը։ Եւ սրանից ելնելով՝ եզրակացնում են, որ ընդհանուր առմամբ հակամարտություն կա ժողովրդավարական արժեքների (այն հեղինակը, որին այս առնչությամբ հղում եմ՝ Լիփսեթը[4], նկատի ունի ամերիկյան ժողովրդավարական արժեքները) եւ հասարակ խավերի՝ մանկությունից յուրացրած արժեքների միջեւ, որոնք բռնիշխանական եւ ճնշումային բնույթի են։ Սրանից էլ հետեւեցնում են վախճանաբանական տեսիլքին նմանվող մի եզրակացություն. բարձրացնե՛նք կենսամակարդակը, բարձրացնե՛նք կրթության մակարդակը, եւ քանի որ ռեպրեսիայի, բռնիշխանության եւն, նկատմամբ հակվածությունը կապված է ցածր աշխատավարձերի ու եկամուտների, ցածր կրթվածության եւն, հետ, ապա մենք կստեղծենք ամերիկյան ժողովրդավարության լավ քաղաքացիներ։

Իմ կարծիքով խնդրո առարկան որոշ հարցերին տրված պատասխանների նշանակությունն է։ Ենթադրենք մոտավորապես հետեւյալ բնույթի հարցաշար. «Արդյոք դուք կո՞ղմ եք սեռերի միջեւ հավասարությանը», արդյոք դուք կո՞ղմ եք կողակիցների սեռական ազատությանը, արդյոք դուք կո՞ղմ եք ոչ ռեպրեսիվ դաստիարակությանը, արդյոք դուք կո՞ղմ եք նոր տիպի հասարակությանը» եւ այլն։ Ենթադրենք մեկ այլ բնույթի հարցաշար, ինչպես. «Արդյո՞ք ուսուցիչները պետք է գործադուլ անեն, եթե նրանց կարգավիճակը վտանգված է, արդյո՞ք ուսուցիչները պետք է համերաշխ լինեն այլ պետական պաշտոնյաների հետ սոցիալական բախումների շրջանում», եւ այլն։ Այս երկու հարցաշարերին տրված պատասխաններն ունեն լրիվ հակառակ կառուցվածք՝ ըստ հասարակական խավերի հարաբերության. առաջինը, որ վերաբերում է հասարակական հարաբերություններում, հասարակական հարաբերությունների խորհրդանշական ձեւի մեջ որոշակի տիպի նորարարության, այնքան ավելի դրական պատասխաններ են արձանագրվում, որքան ավելի բարձրանում ենք հասարակական աստիճանակարգով եւ ըստ կրթվածության մակարդակի աստիճանակարգով։ Եւ ընդհակառակն, այն հարցերը, որոնք վերաբերում են հասարակական խավերի միջեւ եղած ուժային հարաբերություններում իրական փոփոխություններին, առաջացնում են այնքան ավելի բացասական պատասխաններ, որքան ավելի բարձրանում ենք հասարակական աստիճաններով։

Մի խոսքով, «Հասարակ խավերը հետադեմ են» դրույթը ո՛չ ճիշտ է, ո՛չ էլ սխալ։ Այն ճիշտ է այնքանով, որքանով մի շարք խնդիրների առկայությամբ, ինչպես՝ ընտանեկան բարոյականությանը, սերունդների կամ սեռերի միջեւ հարաբերությանը վերաբերող խնդիրները, հասարակ խավերն ավելի խստակյաց դրսեւորվելու ձգտում ունեն, քան մնացյալ խավերը։ Ընդհակառակն, քաղաքական կառուցվածքին վերաբերող հարցերում, որոնց նշանակետը հասարակական կարգի պահպանումը կամ փոփոխումն է, եւ ոչ այլեւս անհատների միջեւ հարաբերությունների ձեւի պահպանումն ու փոփոխությունը՝ հասարակ խավերն ավելի դրական են վերաբերում նորարարությանը, այսինքն՝ հասարակական կարգի փոփոխությանը։ Տեսնում եք, թե ինչպես 1968-ի Մայիսին կոմունիստական կուսակցության եւ ձախականների միջեւ բախման առնչությամբ առաջ քաշված, ընդ որում՝ վատ կերպով, որոշ խնդիրներ շատ ուղղակիորեն կապվում են այն գլխավոր խնդրին, որ փորձեցի առաջ քաշել այս երեկո՝ պատասխանների բնույթի խնդրին, այսինքն, սկզբունքի, որից ելնելով այդ պատասխանները տրվում են։ Հարցերի երկու խմբի միջեւ իմ արած հակադրությունը փաստորեն հղում է կարծիքների ստեղծման երկու սկզբունքների միջեւ եղած հակադրությանը. մի զուտ քաղաքական սկզբունք եւ մի բարոյական սկզբունք՝ հասարակ խավերի պահպանողականության խնդիրը դիտարկելով այս զանազանությունը չգիտակցելու հետեւանք։

Խնդրակարգ պարտադրելու էֆեկտը, որ առաջացնում է հասարակական ցանկացած հարցում եւ քաղաքական ցանկացած ստուգատես (սկսած ընտրականից), հետեւանք է այն բանի, որ հասարակական կարծիքի հավաքման ժամանակ տրված հարցերն այն հարցերը չեն, որ իրոք առաջանում են հարցված բոլոր մարդկանց շրջանում, իսկ պատասխանները չեն մեկնաբանվում ըստ այն հարցակարգի, որի վերաբերյալ էլ պատասխանողների տարբեր ստորոգումներ իրոք պատասխանել են։ Այսպիսով, գերիշխող խնդրակարգը, որի պատկերը մեզ տալիս է հասարակական հարցումների հաստատությունների կողմից երկու տարի ի վեր տրվող հարցաշարը, այլ խոսքով՝ խնդրակարգը, որ հետաքրքրում է հիմնականում իշխանության ղեկին կանգնած մարդկանց, որոնք ցանկանում են տեղեկանալ իրենց քաղաքական գործունեությունը կազմակերպելու միջոցների մասին, շատ անհավասարաչափ կերպով է հասու հասարակական տարբեր խավերին։ Եւ, որ կարեւոր է, վերջիններս քիչ թե շատ ընդունակ են ստեղծելու հակախնդրակարգ։ Սերվան-Շրայբերի[5] եւ Ժիսկար դ’Էստենի[6] միջեւ կազմակերպված հեռուստատեսային բանավեճի առիթով հասարակական հարցումների մի կազմակերպություն հետեւյալ կարգի հարցեր էր տվել. «Դպրոցական ուսման մեջ հաջող արդյունքները ձեռք են բերվում օժտվածությա՞ն, խելացիությա՞ն, աշխատանքի՞ թե արժանիքների շնորհիվ»։ Հավաքված պատասխանների հաղորդած տեղեկությունները (ակամա պատասխանողների) կախված են սոցիալական տարբեր խավերի՝ մշակութային կապիտալի ժառանգականության փոխանցման օրենքներին գիտակից լինելու աստիճանից. օժտվածության եւ դպրոցի միջոցով առաջ գնալու, դպրոցական կրթության արդարամտության, ըստ տիտղոսների պաշտոնների արդարացի բաշխման եւ այլնի առասպելին հարելը շատ ուժեղ է հասարակ խավերի շրջանում։ Հակադիր խնդրակարգը կարող է գոյություն ունենալ միայն մի քանի մտավորականների շրջանում, բայց այն հասարակական ուժ չունի, չնայած այն բանին, որ որոշ կուսակցություններ եւ խմբեր այդ խնդրակարգը ներկայացրել են։ Գիտական ճշմարտությունը ենթարկված է հանրայնացման նույն օրենքներին, ինչ եւ գաղափարախոսությունը։ Գիտական առաջարկը նման է Հռոմի պապի՝ ծնելիության կարգավորմանը վերաբերող շրջաբերականի. այն քարոզում է միայն դարձի եկածներին։

Հասարակական հարցման վերաբերյալ օբյեկտիվության գաղափարը կապվում է հարցը ամենաչեզոք ձեւակերպմամբ տալու հետ, այնպես, որ բոլոր հնարավորություններն ընձեռնվեն բոլոր պատասխանների համար։ Իրականում, հասարակական հարցումն, անշուշտ, ավելի մոտ կլիներ իրականությանը, եթե, ամբողջովին խախտելով «օբյեկտիվության» բոլոր կանոնները, մարդկանց հնարավորություն տրվեր դիրքորոշվելու այնպես, ինչպես իրականում դիրքորոշվում են իրական գործողության մեջ, այսինքն՝ ըստ արդեն իսկ ձեւավորված տեսակետների։ Օրինակ, եթե «Մարդիկ կան, որ կողմ են ծնելիության կարգավորմանը, մարդիկ կան՝ դեմ են, իսկ դո՞ւք…» հարցի փոխարեն հրապարակվեր մանդատավոր խմբերի՝ հստակ արտահայտված մի շարք դիրքորոշումների մասին եւ տարածվեր այնպես, որ մարդիկ կարողանային դիրքորոշվել ըստ արդեն իսկ ձեւավորված պատասխանների։ Սովորաբար խոսվում է «դիրքորոշման» մասին. իբր կան արդեն իսկ նախատեսված դիրքեր, ըստ որոնց որոշվում ենք։ Բայց մենք չենք «որոշվում» պատահականորեն։ Մենք որոշվում ենք ըստ այն դիրքերի, որոնց հանդեպ հակված ենք որոշվելու՝ կախված որոշակի դաշտում մեր գրաված դիրքից։ Ճշգրիտ վերլուծությունը նպատակ ունի բացահայտել դիրքորոշման ենթակառուցվածքի եւ օբյեկտիվորեն զբաղեցրած դիրքերի դաշտի ենթակառուցվածքի միջեւ եղած հարաբերությունը։ Եթե հասարակական հարցումները շատ վատ են արտահայտում կարծիքի վիրտուալ վիճակները, կամ ավելի ճիշտ՝ կարծիքի հոսանքները, ապա, ի թիվս այլոց, պատճառը նաեւ այն է, որ, այդ հարցումները կարծիքները հավաքում են միանգամայն արհեստական պայմաններում։ Կարծիքի կազմավորման պայմաններում, հատկապես՝ ճգնաժամային իրավիճակներում, մարդիկ դեմ-հանդիման են կազմավորված կարծիքների, խմբերի կողմից սատարվող կարծիքների, այնպես, որ ընտրություն կատարել կարծիքների միջեւ բացահայտորեն նշանակում է ընտրություն կատարել խմբերի միջեւ։ Սա՛ է ճգնաժամի պատճառով ստեղծված քաղաքականացման էֆեկտի սկզբունքը. պետք է ընտրել քաղաքականապես սահմանված խմբերի միջեւ եւ աստիճանաբար ավելի սահմանել դիրքորոշումներն՝ ըստ քաղաքական ներքին սկզբունքների։ Կարեւոր եմ համարում այն փաստը, որ հասարակական հարցումը հանրային կարծիքին վերաբերում է ինչպես անհատական կարծիքների պարզ հանրագումարի՝ խորքային իմաստով մեկուսարանային իրավիճակում, որտեղ անհատը, հապճեպ կերպով մեկուսացած, պետք է արտահայտի մեկուսի կարծիք։ Իրական իրավիճակներում կարծիքները ուժ են, իսկ կարծիքների հարաբերությունները՝ խմբերի միջեւ ուժային բախումներ են։

Մեկ այլ օրենք է բխում այս վերլուծություններից. որքան ավելի շատ է խնդիրը հետաքրքրում,  այսինքն՝ որքան ավելի է խնդիրը հետաքրքրություն ներկայացնում, այնքան ավելի շատ կարծիք կա դրա մասին։ Օրինակ՝ կրթական համակարգի վերաբերյալ պատասխանների տոկոսային հարաբերությունը սերտորեն կապված է այդ համակարգին առնչվելու աստիճանի հետ, եւ կարծիք ունենալու հավանականությունը փոփոխվում է՝ ըստ ա՛յն հարցում իշխանություն ունենալու հավանականությունից, որի մասին կարծիք է արտահայտվում։ Որպես կարծիք անմիջականորեն հաստատվում է այն մարդկանց կարծիքը, որն, ինչպես ասում են՝ կշիռ ունի։ Եթե Ազգային կրթության նախարարը գործեր՝ հաշվի առնելով հասարակական հարցումները (կամ, առնվազն, գործեր հարցման մակերեսային քննության համաձայն), ապա չէր անի այն, ինչ անում է իրականում որպես քաղաքական գործիչ, այսինքն՝ ըստ ստացած հեռախոսազանգերի, արհմիության այսինչ պատասխանատուի, այնինչ դեկանի այցի եւ այլն։ Փաստորեն, նա գործում է՝ համաձայն իսկապես կազմավորված ուժային կարծիքների, որոնք հոսում են դեպի իր ընկալումը միայն այն դեպքում, եթե ուժ են ներկայացնում, եւ այն դեպքում են ուժ ներկայացնում, երբ համախմբված են։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպիսին է դառնալու համալսարանը մոտակա տասը տարում՝ ես կարծում եմ, որ համախմբված կարծիքը լավագույն հիմքն է հանդիսանում։ Այդուհանդերձ, բացակա պատասխանների առկայությամբ հավաստված փաստը, թե որոշ խմբերի հակվածությունները չեն հասնում կարծիքի կարգավիճակին, այսինքն՝ բովանդակային դիսկուրսի, որ հավակնում է համարժեքության, որ հավակնում է լսված լինելու, պարտադրվելու եւ այլն, չպետք է հանգեցնի եզրակացության, թե ճգնաժամային իրավիճակներում բոլորովին կարծիք չունեցող մարդիկ կընտրեն պատահականորեն. եթե խնդիրը նրանց համար քաղաքական բովանդակություն ունի (աշխատավարձին, բանվորների աշխատանքային ռիթմին վերաբերող խնդիրներ), նրանք կընտրեն քաղաքական կարողությունների սահմաններում։ Իսկ եթե խոսքը վերաբերում է մի խնդրի, որ նրանց համար քաղաքական բովանդակություն չունի (ձեռնարկության ներսում հարաբերությունների ռեպրեսիվ բնույթ) կամ այդպիսի բնույթ ձեռք բերելու ընթացքում է, ապա նրանք կառաջնորդվեն խորապես անգիտակից հակվածությունների համակարգով, որն ուղղորդում է նրանց նախընտրությունը ամենատարբեր ոլորտներում՝ սկսած էսթետիզմից կամ սպորտից մինչեւ տնտեսական նախասիրություններ։ Ավանդական հասարակական հարցումը միաժամանակ անտեսում է ե՛ւ ճնշում գործադրող խմբերին, ե՛ւ վիրտուալ հակվածությունները, որոնք կարող են չարտահայտվել հասկանալի դիսկուրսի ձեւով։ Ահա թե ինչու հասարակական հարցումն անկարող է ձեւավորել անգամ նվազագույն կերպով իրականանալի կանխատեսում այն մասին, թե ինչ կպատահի ճգնաժամային իրավիճակում։

Ենթադրենք այնպիսի խնդիր, ինչպիսին կրթական համակարգինն է։ Կարելի է հարցնել. «Ի՞նչ եք կարծում Էդգար Ֆորի[7] քաղաքականության մասին»: Այս հարցը շատ մոտ է ընտրական ստուգատեսին այն իմաստով, որ գիշերը բոլոր կովերը սեւ են. խոշոր հաշվով բոլորը համաձայն են առանց իմանալու, թե ինչին. գիտենք, թե ինչ էր նշանակում Ֆորի օրենքի միաձայն քվեարկությունը Ազգային ժողովում։ Հետո հարցնում ենք. «Արդյոք կո՞ղմ եք, որ քաղաքականությունը ներմուծվի ավագ դպրոց»։ Այստեղ նկատում ենք շատ հստակ բեկում։ Նույնը կլինի հետեւյալ հարցի դեպքում. «Արդյոք ուսուցիչները կարո՞ղ են գործադուլ անել»։ Այս պարագային ժողովրդական (հասարակ) խավերի ներկայացուցիչները, իրենց հատուկ քաղաքական կարողության փոխանցման բերումով, գիտեն, թե ինչ պատասխանել։ Կարող ենք դարձյալ հարցնել. «Արդյոք պե՞տք է փոխոխել դպրոցական ծրագրերը։ Արդյոք կո՞ղմ եք միջանկյալ ստուգողական քննություններին։ Արդյոք կո՞ղմ եք, որ աշակերտների ծնողներ ընդգրկվեն ուսուցչական խորհուրդներում։ Արդյոք կո՞ղմ եք «ագրեգացիայի»[8] վերացմանը, եւ այլն»։ Այս բոլոր հարցերն են ընկած «Արդյոք կո՞ղմ եք Էդգար Ֆորին» հարցի ներքո, իսկ մարդիկ միանգամից դիրքորոշում որդեգրեցին խնդիրների մի ամբողջ համալիրի վերաբերյալ, որ լավ կազմված հարցաշարը կարող էր առաջադրել միմիայն առնվազն վաթսուն հարցի միջոցով, որոնց առնչությամբ նկատելի էին զանազանություններ՝ բոլոր ուղղություններով։ Մի դեպքում կարծիքները դրականորեն կախված կլինեին հասարակական աստիճանակարգում գրաված դիրքից, մյուս դեպքում՝ բացասականորեն, որոշ դեպքերում՝ շատ ուժեղ կերպով, որոշներում՝ թույլ կերպով կամ ընդհանրապես կախված չէին լինի։ Բավական է հիշել, որ ընտրական հարցումը ներկայացնում է «Արդյոք կո՞ղմ եք Էդգար Ֆորին» հարցի պես հարցի սահմանափակությունը՝ հասկանալու համար այն փաստը, թե ինչու քաղաքական սոցիոլոգները կարող են նշել, որ հասարակական գործունեության գրեթե բոլոր ոլորտներում հասարակական խավի եւ գործունեության կամ կարծիքի միջեւ սովորաբար նկատվող հարաբերությունը շատ թույլ է արտահայտվում ընտրական երեւույթների պարագային, այն աստիճան թույլ, որ որոշ մասնագետներ չեն տատանվում եզրակացնել, թե ընդհանրապես ոչ մի կապ չկա դասակարգային ծագման եւ աջ կամ ձախ քաղաքական հոսանքին քվեարկելու իրողության միջեւ։ Եթե նկատի ունենաք, որ ընտրական հարցումը հավաքական ձեւակերպմամբ տալիս է միայն մեկ հարց այն բանի մասին, ինչի մասին խելամտորեն կարելի է պատկերացում կազմել միայն երկու հարյուր հարցի միջոցով, որ ոմանք չափվում են սանտիմետրերով, մինչդեռ մյուսները՝ կիլոմետրերով, որ քաղաքական թեկնածուների ռազմավարությունը հենց հարցերը վատ ձեւակերպելն ու «լողացող» քվեները ձեռք բերելու համար բեկումների քողարկման վրա առավելագույնս խաղալն է, եւ շատ այլ այսպիսի էֆեկտներ, ապա կեզրակացնեք, որ թերեւս պետք է հակառակ ձեւով տալ քվեարկության եւ հասարակական խավի միջեւ եղած հարաբերության մասին ավանդական հարցը եւ մտորել, թե այդ ինչպես է, որ այդ հարաբերությունը, թեկուզեւ թույլ կերպով, այնուամենայնիվ նկատվում է։ Ուստի՝ կասկածի ենթարկել ընտրական համակարգի գործառույթը, գործիք, որ իր իսկ ներքին տրամաբանությամբ միտված է հարթելու կոնֆլիկտները եւ բեկումները։ Մի բան հաստատ է, որ ուսումնասիրելով հասարակական հարցումների գործելու մեխանիզմները՝ կարելի է պատկերացում կազմել առ այն, թե ինչպես է գործում հասարակական հարցման այն յուրահատուկ տեսակը, որ կոչվում է ընտրական ստուգատես, եւ թե ինչ ազդեցություններ է ունենում այն։  

Միով բանիվ՝ ես ցանկանում էի ասել, որ հասարակական կարծիք գոյություն չունի, համենայն դեպս՝ այնպիսի տեսքով, ինչպիսին հասարակական հարցմանը տալիս են նրանք, ում շահերից է բխում պնդել դրա գոյությունը։ Ես միայն ասացի, որ մի կողմից՝ կան համախմբված բովանդակային կարծիքներ, որոնք կազմավորված են հստակ ձեւակերպված շահերի համակարգի շուրջ համախմբված ճնշումային խմբերի կողմից, եւ մյուս կողմից՝ կան հակվածություններ, որ ըստ էության «կարծիք» չեն, եթե վերջինի ներքո հասկանում ենք (ինչպես փորձեցի այս վերլուծության ընթացքում ցույց տալ) մի բան, որ կարող է ձեւակերպվել որպես դիսկուրս՝ իմաստային համարժեքություն ունենալու որոշակի միտումով։ Կարծիքի այս սահմանումը կարծիքի մասին իմ կարծիքը չէ։ Սա պարզապես այն սահմանման բացատրությունն է, որ երեւան են հանում հասարակական հարցումները՝ մարդկանցից պահանջելով դիրքորոշում ցուցաբերել արդեն իսկ ձեւավորված կարծիքների նկատմամբ, եւ այդ կերպով արտահայտված կարծիքների պարզ վիճակագրական հավաքագրման միջոցով ստեղծելով այդ արտեֆակտը, որ կոչվում է «հասարակական կարծիք»։ Ես լոկ ասում եմ, որ հասարակական կարծիքը՝ առկա ընկալմամբ ինքնին ընդունված այն մարդկանց կողմից, որոնք անցկացնում են հասարակական հարցումները կամ որոնք օգտագործում են դրանց արդյունքները, ահա այդ կարծիքը, ասում եմ, գոյություն չունի։

 

 

[1] Ժորժ Պոմպիդուն Ֆրանսիայի հանրապետության նախագահն է եղել 1969-74 թվականներին (ծնթ. թարգմ.)։

[2] ՄՍԿ (MSU)՝ Միացյալ սոցիալիստական կուսակցություն, 1960-89 թվականներին ոչ կոմունիստական ձախական կուսակցություն Ֆրանսիայում (ծնթ. թարգմ.)։

[3] Ռուբեն (Roubaix) Վերին Ֆրանսիա գավառի կենտրոնն է՝ Հյուսիս նահանգում, իսկ Վալանսը (Valence) Դրոմ գավառի կենտրոնն է՝ հարավ-արեւելյան Ֆրանսիայում։ Խոսքը գնում է այս քաղաքների ֆուտբոլային թիմերի մասին (ծնթ. թարգմ.)։

[4] Սեյմըր Մարտին Լիփսեթ (Seymour Martin Lipset 1922-2006) ամերիկյան հայտնի սոցիոլոգ, քաղաքագետ (ծնթ. թարգմ.)։

[5] Խոսքը Ժան-Ժակ Սերվան-Շրայբերի (Jean-Jacques Servan-Schreiber, 1924-2006) մասին է, ֆրանսիացի լրագրող, էսսեիստ, քաղաքական գործիչ, հայտնի «Էքսպրես» հանդեսի հիմնադիր (ծնթ. թարգմ.)։

[6] Valérie Giscard d’Estaing (ծնվ. 1926), Ֆրանսիայի հանրապետության նախագահ 1974-81 թվականներին (ծնթ. թարգմ.)։

[7] Edgar Faure (1908-1988), ֆրանսիացի քաղաքական գործիչ, կարեւոր նախարարական պաշտոններ է զբաղեցրել տարբեր կառավարությունների օրոք, 1973-78 ղեկավարել է Ֆրանսիայի Ազգային ժողովը (ծնթ. թարգմ.)։

[8] Ֆրանսիական կրթական համակարգում ուսուցչի կամ դասախոսի պաշտոնի համար անցկացվող պարտադիր մրցույթ (ծնթ. թարգմ.)։

Comments are closed.

Մենք այստեղ ենք

Click to open a larger map

Կապ

Հասցե` ՀՀ, ք. Երևան 0002,
Սարյան փ. 20, բն. 25

Հեռ: +374 (10) 500-499
Էլ. հասցե: info@socioscope.am

Facebook
YouTube

Արխիվ