Միսաք Մանուշյանի նամակն իր կնոջը՝ Մելինեին

Ֆրանսահայ քաղաքական և գրական գործիչ Միսաք Մանուշյանը Ֆրանսիայում հակաֆաշիստական դիմադրական շարժման առաջամարտիկներից էր: 1934-ից Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության, Կոմունիստական դիմադրական շարժման և Ներգաղթյալների աշխատավորական ուժի (Main-d’œuvre immigrée) անդամ էր:

Ընդհատակյա «Ֆրանսիացի հրաձիգներ և պարտիզաններ» շարժման կազմում Մանուշյանը գլխավորում էր Ֆրանսիայում ապրող տարբեր ազգերի ներկայացուցիչներից բաղկացած  խումբը, որ ակտիվ (հաճախ զինված) պայքար էր մղում Ֆրանսիան բռնազավթած ֆաշիստական Գերմանիայի դեմ: Մանուշյանի խումբը ֆաշիստական զորքի գործունեությանը խոչընդոտելու նպատակով կազմակերպում էր բարձրաստիճան զինվորականների սպանություններ, գործարանների հրկիզումներ, շարքից հանում էր գնացքներ, իտալերեն, հայերեն, հունգարերեն և այլ լեզուներով հրատարակում ընդհատակյա թերթեր:

1943-ին Մանուշյանի և խմբի մյուս անդամների հետապնդման ժամանակ Մանուշյանի կնոջը՝ Մելինե Մանուշյանին հաջողվել է փախչել: Միսաք Մանուշյանի գործունեության մասին վավերագրությունների մեծ բաժին մեզ հասանելի են դարձել պատերազմից հետո Մելինեի հրապարակած «Մանուշյան» գրքի շնորհիվ: Հենց այս գրքի հիման վրա է 1985-ին ռեժիսոր Մոսկո Բուկոն նկարահանել «Թոշակի անցած ահաբեկիչները» (Des terroristes à la retraite) փաստավավերագրական ֆիլմը: Մանուշյանի խմբի գործունեությունը ներշնչանքի և ակնածանքի աղբյուր է հանդիսացել ազատությամբ և խաղաղությամբ մտահոգ շատ մտավորականների և արվեստագետների համար։

Միսաքի նամակները ևս կարևոր սկզբնաղբյուր են իր դավանած արժեքների մասին։ Մելինեին ուղղված այս վերջին նամակը, որի թարգմանությունը (ֆրանսերենից) ձեզ ենք ներկայացնում, Միսաքի հրաժեշտի ու ափսոսանքի խոսքն է, բայց նախ և առաջ պատերազմի անհրաժեշտ ավարտի, կյանքի ու բնության հանդեպ սիրո և խաղաղության երազանքի իր ըմբռնումների մասին է։

Թարգմանիչ՝ Արփի Մանուսյան

 

 

Միսաք Մանուշյանի նամակն իր կնոջը՝ Մելինեին[1]

 

Ֆրեն համայնքի բանտ[2] , փետրվար 21, 1944

Թանկագին Մելինե, իմ սիրելի փոքրիկ որբուկ,

Մի քանի ժամից ես կլքեմ այս աշխարհը: Մեզ գնդակահարելու են այսօր ցերեկը՝ ժամը 15-ին: Ինձ թվում է, թե սա պատահականություն է իմ կյանքում, ես սրան չեմ հավատում, բայց, այնուամենայնիվ, գիտեմ, որ այլևս երբեք քեզ չեմ տեսնելու:

Ի՞նչ կարող եմ գրել քեզ: Ներսումս ամեն ինչ խառնված է, բայց միաժամանակ՝ պարզորոշ:

Որպես կամավոր զինվոր ես միացել էի Ազատության բանակին և հիմա մեռնում եմ հաղթանակի և վերջնանպատակի սահմանագծին: Երջանկությու՛ն նրանց, ովքեր կվերապրեն մեզ և կհամտեսեն վաղվա ազատության և Խաղաղության քաղցրությունը: Ես համոզված եմ, որ ֆրանսիացի ժողովուրդը և Ազատության բոլոր մարտիկները կհարգեն մեր հիշատակն արժանապատվորեն: Մահվանս շեմին ես հայտարարում եմ, որ բացարձակապես ատելություն չեմ  զգում ո՛չ գերմանացի ժողովրդի, ո՛չ որևէ մեկի հանդեպ. յուրաքանչյուրը կստանա այն, ինչին կարժանանա՝ որպես պատիժ և որպես պարգև: Գերմանացի ժողովուրդը և բոլոր մյուս ժողովուրդները կապրեն խաղաղության և եղբայրության մեջ պատերազմից հետո, որն այլևս երկար չի տևի: Երջանկություն բոլորի՛ն: Ես խորապես ցավում եմ քեզ չերջանկացնելու համար, ես այնքան կուզեի քեզնից երեխա ունենալ, ինչպես ինքդ ես միշտ ուզել: Ուստի քեզ խնդրում եմ պատերազմից հետո անպայմանորեն ամուսնանալ և երեխա ունենալ՝ հանուն իմ երջանկության, և իմ վերջին ցանկությունն իրականացնելու համար ամուսնացի՛ր մեկի հետ, ով կարող է քեզ երջանկացնել: Ողջ ունեցվածքս և բոլոր գործերս թողնում եմ քեզ, քրոջդ և նրա զավակներին:  Պատերազմից հետո որպես իմ կին կարող ես պահանջել պատերազմի թոշակի քո իրավունքը, քանի որ ես մեռնում եմ որպես ֆրանսիական Ազատության բանակի շարքային զինվոր:

Խմբագրել տուր իմ արժեքավոր բանաստեղծությունները և գրվածքներն այն ընկերներիս օգնությամբ, ովքեր կցանկանան հարգել իմ հիշատակը: Եթե հնարավոր է, հուշերս տար հարազատներիս՝ Հայաստան: Շուտով ես կմեռնեմ իմ 23 զինակից ընկերների հետ քաջությամբ և մի մարդու խաղաղությամբ, ով շատ հանգիստ խիղճ ունի, քանի որ ինքս որևէ մեկին չեմ վնասել և եթե անգամ արել եմ, ապա արել եմ առանց ատելության: Այսօր արևոտ է: Նայելով արևին և գեղեցիկ բնությանը, որ ես այդքան սիրում էի, հրաժեշտ եմ տալիս կյանքին և բոլորիդ՝ իմ շատ սիրելի կին և իմ շատ սիրելի ընկերներ: Ես ներում եմ բոլոր նրանց, ովքեր վնասել են ինձ կամ ցանկացել են վնասել՝ բացառությամբ նրանց, ովքեր դավաճանել են մեզ՝ իրենց կաշին փրկելու համար և նրանց, ովքեր ծախել են մեզ: Ջերմորեն համբուրում եմ քեզ, ինչպես նաև քրոջդ և բոլոր հեռու և մոտ ընկերներին, ովքեր ճանաչում են ինձ. բոլորդ իմ սրտում եք: Մնաս բարով: Քո ընկեր, քո զինակից ընկեր, քո ամուսին:

Մանուշյան Միշել. djanigt

Հ.Գ. Ես Պլեզանս փողոցի վրա՝ ճամպրուկի մեջ, տասնհինգ հազար ֆրանկ ունեմ: Եթե կարող ես, վերցրու փողը, վճարիր պարտքերս և մնացածը տուր Արմենին[3]: Մ.Մ.

 

[1] Թարգմանությունն ըստ՝ Krivopissko, G. (2006). Lettres de fusillés (1941-1944). Paris: Tallandier. 287-288.

ձեռագրի հետ համեմատությամբ: Ձեռագիր նամակը հասանելի է՝ http://www.mont-valerien.fr/ressources-historiques/le-mont-valerien-pendant-la-seconde-guerre-mondiale/lettres-de-fusilles/detail-lettres-fusiles/lettres-de-fusilles/manouchian-missak/?no_cache=1 (ծնթ.՝ թրգ.):

[2] Այսօր բանտն անվանվում է Վալ դը Մարն (ծնթ.՝ թրգ.):

[3] Արմենը Մելինե Մանուշյանի քրոջ՝ Արմենուհի Սուքեմյանի կրճատ անունն է (Մելինեի և նրա քրոջ՝ Արմենուհու ծնողական ազգանունը Սուքեմյան էր, սակայն Ֆրանսիայի սոցիալական ծառայության սխալի պատճառով 1926-ից քույրերին վերագրվում է Ասադուրյան ազգանունը)։ Գնդակահարությունից ժամեր առաջ Միսաքը նամակ էր գրել նաև Արմենուհուն, որում իր զորակցությունն է հայտնում վերջինիս, ողջույնի խոսքեր և համբույրներ է հղում նրա զավակներին՝ Արմանին և Վինսենթին՝ որպես պատերազմից հետո գալիք խաղաղության՝ նոր և երջանիկ սերնդի ներկայացուցիչների (ծնթ.՝ թրգ.):

Comments are closed.

Մենք այստեղ ենք

Click to open a larger map

Կապ

Հասցե` ՀՀ, ք. Երևան 0002,
Սարյան փ. 20, բն. 25

Հեռ: +374 (10) 500-499
Էլ. հասցե: info@socioscope.am

Facebook
YouTube

Արխիվ