Պատերազմի ճշմարտությունը

Ես ոչ մի ադրբեջանցի չեմ ճանաչում, բացի առաջին դասարանի վինետկայում Ռուստամ Ալիև անունը ներքևում գրված ու լուսանկարում այդպես էլ չժպտացող ու կարճ կտրած բիզ-բիզ մազերով տղայից, որ էնքան հեռու է, որ չգիտես էլ՝ իրականում ճանաչել ես, թե չէ: Անձնական լալահառաչ շփման ու ինքնագիտակցման փորձի բացակայության պայմաններում շատ ավելի պրագմատիկ դիրքորոշում ունեմ՝ հասկանալու, թե որտեղ եմ ապրում ու վերջապես որտեղ են ապրելու իմ երեխաները այսօր, վաղը, հինգ-տաս-քսան տարի անց: Հա, էդքան հեռու եմ ուզում նայել, որովհետև կարծում եմ նույնիսկ էդքան հեռու նայելը չի ազատում հետ նայելու էն անվերջ սովորությունից, որ ունենք ու որի հետևանքում վիզներս մի քիչ ծռվել են:

Ֆուկոն ասում էր, որ ճշմարտություն է այն, ինչ արտադրում են հասարակական պրակտիկաներն այդ հասարակությունում և այդ դարաշրջանում: Ճշմարտությունն արտադրվում է բազմաթիվ կանոնների և սահմանափակումների պարագայում: Յուրաքանչյուր հասարակություն ունի ճշմարտության իր վարչակարգն ու ընդհանուր քաղաքականությունը, որ մի շարք բաղադրիչների ամբողջություն է: Այն է՝ դատողությունների տիպեր, որ ընդունվում և ընկալվում են իբրև ճշմարիտ: Մեխանիզմներ և հանրային մարմիններ, որոնք կոչված են ճշմարիտ դատողությունները տարբերակել կեղծից: Այն միջոցները, որոնցով դրանք հաստատվում են, տեխնոլոգիաները և ընթացակարգերը, որոնք համարվում են ճշմարտությունը ստանալու գործող տարբերակները, ինչպես նաև որոշակի ակտորներ, որոնք դիրքավորված են իբրև ճշմարիտ անվանելու իրավասություն ունեցողներ:

Այն պրակտիկաները, որ գործում են մեր և ադրբեջանական հասարակություններում՝ պատերազմի ճշմարտության պրակտիկաներ են: Պատերազմը հանդես է գալիս իբրև ճշմարտության մի մեծ քաղաքականություն, որում յուրաքանչյուր առանձին բաղադրիչ մի պտուտակ է այս ընդհանուր տրամաբանության մեջ: Մենք արտադրում ենք պատերազմն իբրև ճշմարտություն կրթական մակարդակում՝ թշնամու և վտանգներով լի աշխարհի պատկերը մեր երեխաների տեսադաշտը դարձնելով, մեդիադաշտում՝ նույն տեսադաշտը լրատվության ու վերլուծությունների միջոցով փոխանցելով, տնտեսության և քաղաքական խոշոր խաղացողների միջոցով, որոնք դադարում են լինել միայն լոկալ ակտորներ՝ ներառելով նաև տրանսազգային սուբյեկտների և շահերի, ինչպես նաև հանրային ցանկացած քննարկում ավարտելով բարձրագույն ճշմարտությամբ՝ հայրենասիրությամբ ու այն դիմացինին, այսինքն ինչ դիմացին, տականք թշնամուն կզզացնելու միջոցով իրացնելը դիտելով դրա դրսևորման իրական ձև: Այս պարագայում ցանկացած խոսք, որ դուրս է պատերազմն իբրև ճշմարտություն ներկայացնելու պրակտիկաներից, դիտվում է ոչ ճշմարիտ՝ մշտապես պարտվելով պրակտիկաների արտադրության ուղղակի հետևանք ու հետևաբար և իսկապես ճշմարիտ հանդիսացող պատերազմին: Այստեղ միշտ կան հերոսներ և հրեշներ, մարդիկ և չմարդիկ: Մարդիկ միշտ մենք ենք: Չմարդիկ միշտ նրանք են, ովքեր մեզ պարտադրել են պատերազմը: Մարդիկ միշտ խաղաղասեր են: Չմարդիկ՝ ռազմատենչ ու կռվարար: Չմարդ սպանելով մարդասպան չենք դառնում:

Ինչ է սպասվում այն հասարակությանը, որտեղ ճշմարտությունը պատերազմն է: Որտեղ կյանքը միշտ պարտվում է հայրենասիրությանը: Որտեղ խաղաղություն առաջարկելը թուլության նշան է, քանի դեռ դիմացինը չի կզզել մինչև վերջ և ուրեմն դադարել գործել որպես սուբյեկտ, որի հետ խաղաղությունը նրան մեծահոգաբար այլևս որևէ մեկին անպիտան կյանք շնորհելն է: Կյանք, որը գրոշի արժեք չունի:

Տրամադրություն ունենայի, հեռուն գնացող լեզվական խաղ կառաջարկեի գրոշի արժեք չունեցող կյանքի ու գին չունեցող կյանքի միջև ու նրա, թե ինչպես է դրանցից մեկը անխուսափելիորեն վերածվում մյուսի: Լեզվական խաղերը, ցավոք, իրականություն չեն փոխում. թեթևացնում են այդ իրականության ընկալման բեռը:

Պատերազմի ժամանակ խաղաղություն ջատագովելը կարծես թե պատերազմի ճշմարտությունը փոխելու փորձ է: Բայց ճիշտ լեզվական խաղի նման: Ճշմարտության իրական փոփոխությունը այն արտադրող պրակտիկաները փոխելն է: Քանի դրանք անփոփոխ են, ցանկացած խաղաղություն զինադադար է և հարաբերական անդորր՝ հաջորդ պատերազմին պատրաստվելու ճանապարհին:

 

Հեղինակ՝ Ժաննա Անդրեասյան

Comments are closed.

Մենք այստեղ ենք

Click to open a larger map

Կապ

Հասցե` ՀՀ, ք. Երևան 0002,
Սարյան փ. 20, բն. 25

Հեռ: +374 (10) 500-499
Էլ. հասցե: info@socioscope.am

Facebook
YouTube

Արխիվ