Brexit-ը, Թրամփն ու սոցիոլոգիան

ԵՄ-ից դուրս գալու բրիտանական որոշումը փորձ է արվում ներկայացնել նաև իբրև հասարակագիտության կոլապս. այսինքն որ սոցիոլոգիան չի կարողանում հասկանալ գործընթացները ու բացատրել, թե ինչ է տեղի ունենում: Մտքեր են հնչում նաև, որ քվեարկության արդյունքները բողոք են ինչպես քաղաքական ուժերի, այնպես էլ փորձագիտական շրջանակների հանդեպ, էսպես կոչված փորձագետների, որոնց վերլուծությունները կտրված են հանրությունից և կոչված են սպասարկել վերնախավերի շահերը՝ ամրապնդելով ու լեգիտիմացնելով այդ շահերի իրացման հիմքերը: Սոցիոլոգիայի բացատրական ներուժի ամլությունը Թրամփի, միգրացիայի, ազգայնականության, ծայրահեղականության և պոպուլիզմի աճի պայմաններում իրականում ստիպում է ևս մեկ անգամ անդրադառնալ այն հարցին, թե ինչ ենք հասկանում այդ սոցիոլոգիան ասելով, ուստիև ինչ կարող ենք ակնկալել դրանից: Ակնհայտ է, որ սոցիոլոգիան, լինելով քաղաքական և տնտեսական կառավարման կառույցներին սերտորեն ինտեգրված խորհրդատվական ինստիտուտ, տվյալ դեպքում ոչ այնքան իրականացնում է հասարակագիտական գործառույթ, որքան զսպում և խոչնդոտում հենց այդ հասարակագիտությունը: Իսկ ո՞վ է ասել, որ սոցիոլոգիան Հռոմի պապի պես պետք է իջնի ինքնաթիռից, ծիրան համտեսի ու արտաբերի ցեղասպանություն բառը՝ ի հեճուկս բոլորի: Սոցիոլոգիայում՝ ինչպես ամենուր. իշխանություն՝ ի դեմս գիտական հեղինակությունը և այն ստանալու ուղիները սեփականաշնորհած ցանցերի, կառույցների, մարդկանց և մարգինալացված անհատներ ու խմբեր, որոնք գործում են գիտական հեղինակությունը զավթածների կողմից  իրենց տրված կեղծ գիտնականի, անհաջողակի և էլի չգիտեմինիչի պիտակը վզին:

Զարմանալի չի, որ այս ուղեգծում կարելի է կարդալ նաև հեղինակավոր համալսարանների և ինստիտուտների պրոֆեսորների հայտարարություններն այն մասին, որ տեղի ունեցածը դեմոկրատիայի իրագործման անհեթեթ հետևանքն է: Այս տրամաբանությունը հիմնված է այն փաստարկի վրա, թե չտեղեկացված մեծամասնությանը համազգային կարևորության հարցերի վերաբերյալ որոշում կայացնելու հնարավորություն տալը ի սկզբանե սխալ մեխանիզմ է, որը այնուամենայնիվ դրվել է պետության գոյության ընթացակարգերի շարքում, իբրև տեսական մի հնարավորություն, որ երբևէ չպետք է իրագործվի, քանի որ ճիշտ պահին միշտ վրա են հասնում փորձագետներն ու քաղաքական գործիչները, որոնք բացատրում են, թե ինչն ինչոց է և ուղղություն ցույց տալիս մոլորված ընտրողների հոտին: Գաղափարախոսական ու քաղաքական այս առաջնորդությունը առաջինների ձայնին տալիս է ավելի մեծ կշիռ, քան այն բոլորի իրավահավասար քվեն, որը կարծես թե ժամանակակից հասարակությունների հիմնաքարային սկզբունքն է: Քանի դեռ այդ առաջնորդությունը գործում է և մանիպուլացված ընտրողները քվեարկում են փորձագիտական ցուցումով, մեխանիզմն անվնաս է՝ կատարելով ընդամենը փոքրամասնության կարծիքի մեծամասնական շղարշի իր դերը: Այն պահին, երբ այդ մեխանիզմը փոքրամասնական շրջանակի տրամաբանությունից դուրս որոշում է կայացնում, դառնում է խիստ վտանգավոր: Փոխենք դեմոկրատական սխալ այդ մոտեցումները: Մեր ձայները հավասար չեն: Առավել տեղեկացված, գիտակից մարդիկ պետք է ավելի մեծ կշիռ ունենան: Եվ առաջին հերթին հենց չտեղեկացվածների բարօրության համար: Դեժավյու: Օրուել: Անասնաֆերմա: Բոլոր կենդանիները հավասար են, բայց որոշ կենդանիներ ավելի հավասար են, քան մյուսները:

Եվ այնուամենայնիվ, սոցիոլոգիան կոլապսում է գուցե բացի այս ամենից նաև նրա համար, որովհետև դանդաղ է: Իսկ քանակական արագությունը որակական խոտանով զուգորդած հետազոտությունների հիման վրա մեռելածին վերլուծությունները որքան սիրուն են, նույնքան էլ հեռու էն իրականությունից, որը կոչված են բացատրել:

Հեղինակ՝ Ժաննա Անդրեասյան

Comments are closed.

Մենք այստեղ ենք

Click to open a larger map

Կապ

Հասցե` ՀՀ, ք. Երևան 0002,
Սարյան փ. 20, բն. 25

Հեռ: +374 (10) 500-499
Էլ. հասցե: info@socioscope.am

Facebook
YouTube

Արխիվ