Հուլիսյան ապստամբության շուրջ

Ինչպես խոսել այն ամենի մասին, ինչը թվում է չափից դուրս կարևոր՝ թեթև ու հպանցիկ հայացքի կամ էլ զգացմունքային պոռթկման համար։ Առաջինը, ինչ կփորձեմ անել, ոչ թե տեղի ունեցած իրադարձությունների փաստական քննարկումն է, այլ դրանց հանրային հնարավոր նշանակության։ Երկրորդը. քանի որ այդ իրադարձությունները շատ ավելի խորը ու մանրազնին վերլուծության կարիք ունեն, հանրային նշանակության միտումները կներկայացնեմ առավելապես իբրև խճանկար, քան թե իբրև համակարգված և ամբողջական վերլուծություն։ Ֆրանսիացի մտածող Դերիդան ասում էր, որ գիրը պարտիզանական կռիվ է տալիս լոգոցենտրիկ մտածողության դեմ՝ փորձելով կազմաքանդել, դեկոնստրուկցիայի ենթարկել այն։ Հուլիսյան իրադարձությունները Երևանում իրականացրին հասարակական սոլիդարության գաղափարախոսական հռչակված շրջանակի դեկոնստրուկցիան։ Ընդ որում, խոսքը թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր նարատիվների մասին է։ Դեկոնստրուկցիայի հիմնական ռազմավարությունն ակնհայտ է. լինել Հռոմի պապից ավելի կաթոլիկ, ծայրահեղության և բացարձակության հասցնել այն, ինչը հռչակվել է իշխանության և/կամ ընդդիմության կողմից։ Ինչ-որ առումով սա նշանակում է նաև հիպերիրականության վերածել այլոց հռչակած մտքերը։ Այսպես, հասարակական սոլիդարության իշխանական նարատիվն ազգայնականն է՝ հիմնված հողերի ու ազգային անվտանգության գաղափարների վրա։ Պաշտպանենք մեր հողերը, խոսենք ու վարվենք այնպես, որ չվնասենք մեր պետությանը, ազգին, ժողովրդին։ Ահա, զինյալները, հողերի պաշտպանության ու ազգային անվտանգության հարցերը դնում են շատ ավելի սուր, քան իշխանությունը՝ դեմ դուրս գալով նրան նույն գաղափարների հռչակմամբ և ի ցույց դնելով իշխանության կողմից դրանց հռչակվածության սին բնույթը։ Ընդդիմության հասարակական սոլիդարության նարատիվն իշխանափոխությունն է։ Այս նարատիվը ապստամբները նույնպես բացարձակացնում են՝ դիմելով դրա ամենածայրահեղ միջոցին՝ զինված ապստամբությանը։

Այսպիսով, անհեթեթորեն ստացվում է, որ ապստամբներին մի կողմից պետք է միանա իշխանությունը՝ ազգային անվտանգության ջատագովը, որպես նույն հարցի հռչակված հետամուտ կողմ և մյուս կողմից՝ նաև ընդդիմությունը, որի համար վրա է հասել իշխանափոխության կոնկրետ հնարավորություն ու տարբերակ։ Կարծես թե ազգային միասնություն կոչված գաղափարի իրացման իդեալական տարբերակ է։ Սակայն ապստամբների դեկոնստրուկտիվ այդ ռազմավարությունը ոչ թե հնարավոր է դարձնում միացումը, այլ դրանով իսկ կազմաքանդում է գործող լոգոցենտրիկ մտածողությունը։ Կրելով լոգոցենտրիկ մտածողությունը և գործելով դրա տրամաբանության շրջանակներում, ավելին՝ ուղղված լինելով լոգոցենտրիկ այդ համակարգի գործառնության ամրապնդմանը և իրապես ապահովմանը, ապստամբներն իրականում կործանեցին այն։

Այդուհանդերձ, պարտիզանական կռիվը երկարատև և ներսից քամող գիրն է, որ պահանջելու է նորանոր հարթակներ ու գործիքներ։ Ահա այստեղ է, որ առաջ է գալիս հեղինակության հարցը։ Ո՞վ է իրականում կրում և հեղինակում [կրելու և հեղինակելու] այս ամենը։ Շարունակենք հղել Դերիդային և ի մասնավորի՝ վերջինիս կողմից ամերիկյան անկախության հռչակագրի դեկոնստրուկցիայի քայլերին։ Ո՞վ է անկախության հռչակագրի հեղինակը,- հարցնում է Դերիդան,- Ջեֆերսո՞նը, օ ոչ, վերջինս ընդամենն իրավական ձևակերպողն է, հեղինակը ժողովուրդն է։

Ո՞վ է հուլիսյան իրադարձությունների հեղինակը։ «Սասնա ծռեր» խու՞մբը։ Անկախության յուրօրինակ հռչակագիր հանդիսացող էպոսի հերոսների նմանությամբ խումբը կոչելն իրականում նաև ժողովրդի հեղինակած գլխավոր գործի՝ էպոսի լեգիտիմությունը խմբին փոխանցելու և, ըստ այդմ, ժողովրդի օրինական ներկայացուցիչ համարվելու գիտակցված կամ չգիտակցված քայլ է։
– Ժողովու՛րդ, զինված ապստամբություն ենք սկսել, դու՛րս եկեք փողոց, տանը մի՛ նստեք։ Միշտ ասում էիք՝ եթե ապստամբություն բարձրացնեք, կմիանաք։ Հիմա բարձրացրել ենք, միացե՛ք, սա մեր վերջին հնարավորությունն է, – հուլիսի կեսին՝ կիրակի լուսադեմին, քնաթաթախ ժողովրդին ավետեցին «Սասնա ծռերը»՝ ի դեմս Վարուժան Ավետիսյանի:

Իրականում այս պատմությունը սկսվեց ավելի վաղ, քան հուլիսի 17-ի կիրակնօրյա լուսադեմը: Դեռ անցյալ տարի նոյեմբերին, երբ Նորք-Մարաշում զրահատեխնիկայով քանդվում էր վարձով տրված առանձնատան պատը՝ այնտեղ պատսպարած խմբին վնասազերծելու նպատակով, զինված ապստամբության մասին խոսակցությունները անխուսափելիորեն բացահայտվում էին իշխանությունների կազմակերպած մասկի շոուի շրջանակներում: Այդուհանդերձ, հանրային տեսանկյունից այդ արձագանքն ի հայտ էր բերում նման տարբերակի ընտրության անհավանականության ընկալում: Այլ կերպ ասած՝ զինված ապստամբությունը տոռնադոյի պես մի բան է, որ Հայաստան չի այցելում. այս կլիմայական և աշխարհագրական պայմաններում այն հնարավոր չէ: Այսպիսով, իրականում հուլիսյան այդ օրը ՊՊԾ գունդը գրաված մարդիկ իրացնում էին ժողովրդի այն պահանջը, որ մեղմ ասած իմաստավորված չէր նույն այդ ժողովրդի կողմից:

– Ժողովուրդը պիտի կամարտահայտվի, – պնդում էր այդ օրերին ասպարեզում մնացած քաղաքական քիչ ուժերից մեկը:

– Ժողովուրդը երբեք չի սխալվում [Փա՛ռք Աստծո, որ առողջ բանականությունը գերիշխում է մեր երկրում: Հայաստանում գերիշխեց մեկ պարզ ճշմարտություն, որը, թվում էր, կասկածի առարկա չպետք է լիներ ի սկզբանե], – պնդում է իշխանությունը։

Այս միտքը նույն տրամաբանությամբ շարունակելով ստացվում է, որ ով սխալվում է՝ ժողովրդից չէ ու ժողովուրդը իրականում բոլորը չեն, այլ երբեք չսխալվողները [իշխանության կողքին եղողները]:

Իսկ ո՞վ է այդ ժողովուրդը և արդյոք երբևէ որևէ մեկը հանդիպե՞լ է նրան: Այո, ինձ կասեն, այդ ժողովուրդն այստեղ էր 1988-ին, այստեղ էր այնուհետ բոլոր քաղաքական ընտրություններից հետո՝ բողոքարկելով դրանց արդյունքները, այստեղ էր սոցիալական շարժումներից շատերի ժամանակ: Արդյոք ժողովուրդը ներառու՞մ է օրինակ, ԱԺ պատգամավորներին, կառավարության անդամներին, նախագահական ապարատը, չինովնիկական ողջ դասը, ոստիկաններին: Նրանք ժողովու՞րդ են, թե՞ ոչ: Տեսությունն ասում է, որ, այո, բոլորն էլ ժողովուրդ են: Ժողովրդին կոչ անելով ապստամբության գնալիս «Սասնա ծռերը» դժվար թե հույս էին դնում ժողովրդի այդ հատվածի վրա: Ակներևաբար փոխադարձ կոչերով հանրությանը [ժողովրդին] դիմող իշխանությունն էլ առնվազն չի դիմում «Սասնա ծռերին» և մի խումբ այլ «ստահակների ու ահաբեկիչների, որոնք խարխլում են երկրի անվտանգությունը»: Հետևաբար, ո՞ւմ ենք մենք դիմում, երբ դիմում ենք ժողովրդին: Համակիրների և պոտենցիալ համակիրների խմբի՞ն: Ինչպե՞ս ենք վարվում մյուսների հետ, որոնց համակրությունը շահել չենք էլ փորձում: Դո՞ւրս ենք թողնում ժողովրդի կազմից: Ի վերջո, ժողովրդին դիմելով՝ միաժամանակ չենք դիմում կոնկրետ մի քանի խմբերի՝ առանձնացնելով մերոնց ու նրանց թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության ճամբարներում: Այս տրամաբանությամբ ժողովուրդն իրականում գործառնում է ոչ թե հասարակությունը միավորողի, այլ սահմաններ դնողի դերում: Բացի այս, քանի որ կոնկրետ մարդը երբեք ժողովուրդ չէ, սա թույլ է տալիս յուրաքանչյուրին մտածել, թե այդ ժողովուրդը ինքը չէ՝ խուսափելով կոչ-դիմումին հետևել-չհետևելու շուրջ խոհերից: Սա նաև ապամարդկայնացնում է ժողովուրդը, որը միշտ կոնկրետ մարդ չէ, այլ մարդկային զանգվածներ, որոնցում մարդկայնացման գործընթացը մեծապես կախված է մեդիագործունեությունից, որն առանձնացնում ու մեզ է հրամցնում ժողովրդի զավակների հատընտիր պատմություններ: Ընդ որում, մեդիայի հյուսած պատմություններն ամբողջությամբ մնում են լոգոցենտրիկ նույն տրամաբանության շրջանակներում՝ հյուսելով կուռ պատմություններ գեղեցիկ ու անձնազոհ երիտասարդների և հայրենանվեր ընտանիքների մասին: Այս պարագայում դեկոնստրուկտիվ տրամաբանության ու ժողովրդի իրական հեղինակության տեսանկյունից խիստ խորհրդանշական է Բաղրամյանի վրա տեղի ունեցած ինքնահրկիզումը, որը բացահայտեց համակարգի կազմաքանդման դեմ տեղի ունեցած միակ գործողության կրողին: Ընդ որում, սա է վկայում նաև վերջինիս պատմության լղոզումը և չըմբռնումը մեդիադաշտում, ինչը խոսում է այս արարքի՝ լոգոցենտրիկ տիրապետող մտածողության շրջանակներում չտեղավորվելու և չկոնցեպտուալիզացվելու մասին:

Այսպիսով, շարունակենք Դերիդայի հետ. ամերիկյան անկախության հռչակագիրը որպես հեղինակ է ունենում մի սուբյեկտի՝ ամերիկյան ժողովրդին, որը ստեղծվում և ձևակերպվում է այդ հռչակագրով։ Գիրը ստեղծվում է մեկի կողմից, որին ինքը ստեղծում է։

«Սասնա ծռերի» պահանջագիրը ժողովրդին՝ որպես հեղինակ վկայակոչելով  ու վերջինիս պահանջի իրացմանը հղելով, ստեղծում է նաև այդ ժողովրդին:

-Վերջ այս արարին, սպասենք հաջորդ արարին,- ազդարարեց Վարուժան Ավետիսյանը զենքերը վայր դնելու ժամանակ, ու թերևս սա այն կոչն էր, որի հեղինակության հարցի որոշումը այս պահին ամենակարևոր խնդիրներից է:

Հեղինակ՝ Ժաննա Անդրեասյան

Պիտակներ

Հանգանակություն

Գումարը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարներին` նպատակի դաշտում նշելով «նվիրատվություն»:

Ինեկոբանկ
2052822181271008 (AMD)
2052822181271022 (USD)
2052822181271042 (EUR)
SWIFT code INJSAM22