Իրավապաշտպանների և ակտիվիստների խոցելիության ինդեքսը առցանց մեդիայում

Նախորդ հոդվածում ներկայացրեցինք մեդիայում հանդուրժողականության չափման խնդիրները՝ ցուցանելով խոցելիության չափման անհրաժեշտությունը՝ իբրև կամա թե ակամա հանդուրժող կամ անհանդուրժող մեդիադիրքորոշման դրսևորման հետևանք: Փորձենք այս հոդվածում առավել առարկայական ներկայացնել խոցելիության չափման ուղղությունները՝ որպես  առցանց մեդիայում իրավապաշտպանների և ակտիվիստների խոցելիության ինդեքսի ցուցիչներ:

Առաջինը, ինչ տրամաբանորեն ելնում է խոցելիության՝ իբրև առանցքային եզրի ընդունումից, խոցելիության կրողի առանձնացումն է, որ այս դեպքում նույնանում է իրավապաշտպաններին/ակտիվիստներին՝ որպես խումբ, անհատ կամ կազմակերպություն: Այլ կերպ ասած, առցանց մեդիայում իրավապաշտպանների և ակտիվիստների խոցելիության ինդեքսը իմաստ կարող է ունենալ միայն այն կրող սուբյեկտի նկատմամբ չափման պարագայում: Կրող սուբյեկտի առանձնացումը և վերջինիս խոցելիության չափումը ենթադրում է առցանց մեդիայի լուսաբանումը դիտարկել իբրև դեպքերի լուսաբանում՝ առանձնացնելով այն դեպքերը, որոնք անդրադառնում են իրավապաշտպաններին և ակտիվիստներին: Ընդ որում, նման մոտեցումը կարող է թվալ մեթոդական-կառուցակցված, այսինքն չափման նպատակով մեդիադաշտին հաղորդվող մոտեցում, սակայն իրականում այն բխում է մեդիադաշտի առանձնահատկություններից: Այսպես, ինչպես ցույց տվեցին 2015 թվականի մեդիամոնիտորինգի արդյունքները տասը առցանց լրատվամիջոցների պարագայում, ուսումնասիրված լրատվամիջոցների ճնշող մեծամասնությունը իրավապաշտպաններին և ակտիվիստներին թեմատիկ անդրադարձ իրականացնում է միայն իրադարձային հիմքով: Սա առցանց մեդիադաշտի կայուն հետաքրքրության և դրանով իսկ լուսաբանման թեմա չէ, այլ դառնում է այդպիսին այս կամ այն պատճառով հասարակական հնչեղություն ձեռք բերող տեղեկատվական առիթների/իրադարձությունների/դեպքերի լուսաբանման պայմաններում:

Դեպքերի միջոցով առցանց մեդիայում իրավապաշտպանների և ակտիվիստների խոցելիության դիտարկումը մեթոդական-վերլուծական տեսանկյունից այդ դիտարկումը վերածում է դեպքի հետազոտման՝ case-study-ի, որը ենթադրում է դեպքի վերաբերյալ ամբողջական, խորը և բազմակողմանի տեղեկատվության ստացում: Խոցելիության ինդեքսի հաշվարկի տեսանկյունից սա նշանակում է բազմաչափ ցուցիչների ընդգրկում, որոնք հաշվի կառնեն այդ ամբողջական և բազմակողմանի տեղեկատվությունը: Մասնավորապես, սա նշանակում է յուրաքանչյուր դեպքի վերաբերմամբ խոցելիության թիրախ հանդիսացող ակտորի առանձնացում, տեղեկատվության ստացում նրանից և/կամ նրա մերձակա շրջապատից՝ մեդիալուսաբանման հետևանքով վերջինիս խոցելիության վերաբերյալ սեփական ընկալումների վերաբերյալ: Բացի այդ, սա նշանակում է նաև տվյալ դեպքի մեդիալուսաբանման հանրային ընկալման վերաբերյալ տեղեկատվության ստացում, ինչը թույլ է տալիս հնարավորինս համակշռել լուսաբանման թիրախ հանդիսացող ակտորի կամ վերջինիս հետ փոխառնչված անձանց կողմից ուղղորդված դիրքորոշման ազդեցությունը խոցելիության ինդեքսի վրա: Պակաս կարևոր չէ նաև խնդրո առարկա դեպքի մեդիալուսաբանման վերաբերյալ փորձագիտական դիրքորոշման ստացումը: Երեք տարբեր աղբյուրներով նույն մեդիանյութի ընկալման ու գնահատականի ստացումը անպայմանորեն պետք է զուգորդվի բուն մեդիանյութի չափմամբ: Այս վերջին ուղղությունն էլ իրականացվում է մեդիամոնիտորինգի միջոցով՝ համաձայն նախապես մշակված կոդավորման թերթիկի:

Հետևաբար, առցանց մեդիայում իրավապաշտպանների և ակտիվիստների խոցելիության ինդեքսը կառուցվում է երեք հիմնական բաղադրիչների վրա.

  1. լուսաբանման բովանդակային և քանակական մոնիտորինգ
  2. լուսաբանման թիրախի արձագանք
  3. լուսաբանման հանրային և փորձագիտական արձագանք

Հետևելով սոցիոլոգիայում հայտնի Թոմասի թեորեմին առ այն, որ եթե իրավիճակն ընկալվում է որպես իրական, ապա այն իրական է իր հետևանքով,  այս բաղադրիչներից վերջինը առավել նշանակալի կշիռ էձեռք բերում՝ հղում անելով իրավիճակի ընկալմանը մեդիայում ներկայացված իրավիճակը «դիտողների» (փորձագետների պարագայում՝ դիտողների ընկալման վերաբերյալ մասնագիտական գիտելիք կրողների) կողմից: Այս դեպքում հաշվի է առնվում նաև հասարակական ճնշման աստիճանը հայաստանյան հասարակությունում, որի անուղղակի չափումը իրականացված է տարբեր ազգագրական և սոցիոլոգիական հետազոտություններում և վերլուծություններում: Դրա երրորդ բաղադրիչը՝ լուսաբանման հանրային և փորձագիտական (իբրև հանրային արձագանքի էքսպերտային գնահատական) արձագանքը դասակարգում է իբրև գերադաս վերոնշյալ երեք բաղադրիչների շարքում: Ինչ վերաբերում է լուսաբանման թիրախի արձագանքին, ապա հաշվի առնելով, որ տվյալ դեպքում թիրախն ու մեդիան լուսաբանման գործընթացի շահագրգիռ մասնակիցներնեն, ապա վերջիններիս կշիռը ինդեքսի կառուցման ընթացքում վերցվել է հավասար՝ փորձելով դրանով իսկ հավասարակշռել առաջին կամ երկրորդ կողմի ազդեցությունը վերջնական ինդեքսի վրա: Եթե փորձենք նշված բաժանմանը տալ թվային արտահայտություն, ապա դա կարտահայտվի հետևյալ կերպ.

  1. լուսաբանման հանրային և փորձագիտական արձագանք – 40%
  2. լուսաբանման թիրախի արձագանք – 30%
  3. լուսաբանման բովանդակային և քանակական մոնիտորինգ – 30%

Քանի որ արձագանքի չափման առումով միջակայքային տարբերությունների մասին խոսելը կամ այն մետրիկական սանդղակով իրականացնելը խնդրահարույց է, , ապա առավել նպատակահարմար է կիրառել հինգ բալանոց կարգային սանդղակ: Այս պարագայում հանրային/փորձագիտական շրջանակներին և լուսաբանման թիրախ հանդիսացող ակտորին և նրա մերձավոր շրջապատին խնդրվելու է գնահատել լուսաբանման հետևանքով թիրախ հանդիսացող ակտորի խոցելիության բարձրացման/նվազման աստիճանը 1-5 բալանոց սանդղակով, որտեղ 5-ը կնշանակի, որ լուսաբանումը ամբողջությամբ ազդել է խոցելիության բարձրացման վրա, իսկ 1-ը՝ որ լուսաբանումը բացարձակապես չի ազդել խոցելիության բարձրացման վրա:

Ինչ վերաբերում է լուսաբանման բովանդակային և քանակական մոնիտորինգին, ապա դա իրականացվում է երեք հիմնական ցուցիչների միջոցով՝

  • լրատվամիջոցի բնութագիրը (լրատվամիջոցը բնութագրող վիճակագրական հատկանիշներ),
  • հոդվածի բնութագիրը՝ ներառյալ այնպիսի բաղադրիչներ, ինչպես նյութի աղբյուրը, ոճը, տեքստային և վիդեո-ձայնա-պատկերային մասի համապատասխանությունը, հոդվածի հեղինակը և այլն,
  • թիրախավորված անձի բնութագիրիչները:

Այսպիսով, վերջնական ինդեքսը գոյանում է այս երեք կշռված բաղադրիչների համադրման միջոցով:

Առցանց մեդիայում իրավապաշտպանների և ակտիվիստների խոցելիության ինդեքսի հաշվարկը դեպքերի դիտարկման միջոցով բարձրացնում է նաև այդ դեպքերի ընտրության հարցը: Քանի որ ինդեքսում առավելապես մեծ կշիռ է տրվում հանրային արձագանքին, դեպքերի ընտրության հիմնական չափանիշը դրանց՝ մեդիայում առավել ինտենսիվ լուսաբանվելու և դրանով իսկ հանրային հնչեղություն ստանալու հանգամանքն է: Ըստ այդմ դեպքերի ընտրության միջոցով հնարավոր է դառնում կառուցել  ոչ միայն ուսումնասիրության տիրույթում հայտնված տասը առցանց լրատվամիջոցներիհամեմատական/դասակարգային աղյուսակ՝ որպես իրավապաշտպանների և ակտիվիստների խոցելիության բարձր կամ ցածր ինդեքս ունեցող պարբերականների, այլ նաև տեսանելի դարձնել նույն լրատվամիջոցի փոփոխությունը/կայունությունը տարեկան կտրվածքով՝ թիրախային խմբերի լուսաբանման դիտանկյունից: Ինչքանով է նույն լրատվամիջոցը տարվա ընթացքում առավել կամ պակաս նպաստել լուսաբանման թիրախ հանդիսացած իրավապաշտպանի/ակտիվիստի խոցելիությանը. այս հարցի պատասխանը թույլ է տալիս կառուցել նաև կոնկրետ լրատվամիջոցի դինամիկ ինդեքսը տվյալ տարվա համար:

Հեղինակ՝ Ժաննա Անդրեասյան

Պիտակներ

Հանգանակություն

Գումարը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարներին` նպատակի դաշտում նշելով «նվիրատվություն»:

Ինեկոբանկ
2052822181271008 (AMD)
2052822181271022 (USD)
2052822181271042 (EUR)
SWIFT code INJSAM22