«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՇԽԱՏԱՎՈՐՈՒՀԻՆ» ՀԱՆՈՒՆ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ ՀԱՎԱՍԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ

Գրավոր պատմության ժամանակաշրջանը՝ հատկապես պարբերական մամուլի հաստատվածության փուլում, մեզ իրական հնարավորություն է տրամադրում հիմնավոր ծանոթանալու անցյալի կենդանի գործընթացներին։ Մամուլի պատմած պատմությունը դառնում է կարևոր աղբյուր ոչ միայն իր բովանդակության, այլև ասելիքի ձևի, տեղի, նպատակի և ասողի մասին գիտելիքի տեսանկյուններից։ Դրանում մենք կարող ենք տեսնել մեր ներկա խնդիրների և ձեռքբերումների ծագման հիմքերը և անգամ ձգտել լուծման նոր բանալիներ որոնել։ Ընդ որում, կենդանի անցյալի գոյությունն ինքնին բանալի է դառնում, երբ այնտեղ տեսնում ես այսօրվա կռվիդ, մտահոգությանդ, անելիքիդ արմատը կամ արձագանքը։

19-20-րդ դարի մոդեռնիզմի մեծ ալիքի մաս են կազմել բազմաթիվ հայ գործիչներ, որոնցից շատերը գործել են տարբեր կայսրությունների պայմաններում՝ սեփական նվիրումով բացելով իրենց գործունեության ապագա հեռանկարը։ Բարդ գործընթացների և տասնյակ տարիների մտավորական և գործնական պայքարի՝ հաղթանակի և պարտության հորձանուտում ձևավորվել են այն հաստատությունները, որոնք ժառանգել ենք մենք այսօր՝ հաճախ լավատեղյակ չլինելով ո՛չ պայքարի նրբություններին, ո՛չ հաղթանակներին, ո՛չ էլ պարտություններին։ Մենք այսօր մեզ տրված տեսաշրջանակով ենք դիտում արդեն շապիկ հագցրած անցյալին՝ խոսելով պատմական շրջանների մասին մեծ պատառներով, տեղավորելով դրանք մեկ ընդհանուր կաթսայում։ Այսպես օրինակ, մենք հաճախ խոսում ենք խորհրդային անցյալի մասին՝ չնկատելով դրա առանձին շրջանների քաղաքական տարբերությունները։ Այնինչ, տեղի ունեցած գործընթացները լավ հասկանալու և մերօրյա մտահոգություններն առավել ամբողջական համատեքստում ընկալելու համար կարիք ունենք անցյալը մոտիկից և ավելի նրբազգաց գործիքներով դիտարկելու։

Այս նյութը, որին առաջարկում ենք ծանոթանալ, անցյալի այդպիսի մի պատառիկ է, որը խոսում է իր ժամանակի իրադրության՝ Խորհրդային Հայաստանում կանանց իրավունքների նվաճման քաղաքականության գործադրման մասին։

Նյութն առաջին հերթին հետաքրքիր է նրանով, որ ներկայացնում է այնպիսի պետական քաղաքականություն, որը ոչ միայն օրենսդրական հարթությունում էր ամրագրել կանանց և տղամարդկանց հավասարության` ժամանակի ամենից առաջադեմ իրավունքը, այլև գործնականում ձգտում էր այն կյանքի կոչել։

Հայաստանի աշխատավորուհին՝ բնույթով հասարակական-քաղաքական, գրական-գեղարվեստական պատկերազարդ ամսագիրը, ՀԿ(բ)Կ[1] կենտրոնական կոմիտեի բանվորուհիների և գեղջկուհիների բաժնի պաշտոնական օրգանն էր, որի օրակարգը լայն իմաստով կանանց սոցիալիստական շարժման լուսաբանումն էր: Թեև Հայաստանի աշխատավորուհին տարածաշրջանում կինբաժինների կողմից հրատարակվող առաջին հայալեզու օրգանը չէր (1921 թվականին Երևանում լույս էր տեսել Աշխատավոր կնոջ թերթիկը, իսկ 1922-1924 թվականների ընթացքում Անդրկովկասի աշխատավորուհին՝ Թիֆլիսում), սակայն վերջինիս երևան գալն ինքին կարևոր և հետաքրքական էր տեղական համատեքստում: Սա առաջին հերթին կապված էր այն հանգամանքի հետ, որ Հայաստանի աշխատավորուհին դեռևս 1914 թվականից Վլադիմիր Լենինի նախաձեռնությամբ հրատարակվող Աշխաատավորուհի  հանդեսի հայաստանյան տարբերակն էր, ուստի և, կարելի է ասել, պաշտոնական քաղաքականություններին համաձայն գաղափարական ուղղվածություն ունեցող տեղական Աշխատավորուհին:

Այս իմաստով Հայաստանի աշխատավորուհու բովանդակությունը կազմող քաղաքական, տնտեսական, առողջապահական, գյուղատնտեսական և այլ բաժինների թվում օրենսդրական բաժնի առկայությունը մասնավորապես խորհրդայնացմանը հաջորդած առաջին տարիներին՝ նոր հասարակարգի պայմաններում կանանց իրազեկման և աջակցման քաղաքականության մասն էր։

Հանդեսի 1924 թվականի թիվ 5-ի 40 էջ զբաղեցնող տարբեր հոդվածների շարքում ընթերցում ենք նաև «Որենսդրություն» բաժնում տեղ գտած «Ամուսինների իրավունքները» հոդվածը: Անշուշտ ամուսինների իրավունքների մասին գրելը հղում է սոցիալ-քաղաքական այն արմատական փոփոխությանը, որն իր հետ բերել էր Հայաստանի խորհրդայնացումը: Այդ նոր իրադրությունն է հենց ամուսինների իրավունքների մասին խոսելու հոդվածագրի մեկնակետը: Խորհրդային ներկան հայ կնոջ՝ օրենքով սահմանված իրավունքների ժամանակն է՝ ի հակադրություն կնոջը «ճորտական» կարգավիճակ ամրագրած անցյալի: Անցյալին ներկայի՝ կարծես հաստատված դրության ազդարարումով հակադարձելն անշուշտ առավել սուր կերպով են ընդգծում այն նոր պայմանները, որտեղ կինն օրենքով այլևս «ինքնուրույն» է: Հեղինակը հռչակում է. «Խորհրդային որենքները վերջ են տվել այն ճորտական, ստորադրյալ դրությանը, վորի մեջ ապրում եր առաջները հայ կինը. այլևս չկա մարդու իշխանությունը կնոջ վրա. մարդու և կնոջ իրավունքները հավասար են. կինն ինքնուրույն ե, անկախ իր ամուսնուց և ազատ ե տնորինելու իր անձը, ինչպես ուզենա»։

Հեղինակի խոսքում ներկայի իրավահավասարության հաստատական եղանակը, թե «այդ ժամանակներն անցան, գնացին» ու թե «հիմա բոլորովին նոր որենքներ են հաստատված»՝ անցյալի ու ներկայի միջև անցկացված սահմանագիծն է, որից այս կողմ «իր ամուսնուց անկախ» կինն է: Սակայն, մի կողմ թողնելով հոդվածի հաղթական հռետորաբանությունը, դրա առկայությունն ինքնին այլ կարիքի մասին է հուշում։ Այդ ի՞նչ անհրաժեշտության մասին է նշում կնոջ՝ արդեն իսկ օրենքով ամրագրված իրավունքների մասին կանանց լուսավորությամբ մտահոգված կուսակցական քաղաքական ամսագրում հոդված գրելը:

Դրա արտահայտումն ենք տեսնում հոդվածի այն հորդորում, թե հայ կինը պետք է լավ իմանա նոր օրենքները, որպեսզի կարողանա պաշտպանել իր ազատությունն ու իրավունքները։ Այստեղ բացահայտվում է հոդվածի առանցքային նպատակը. օրենքով հաստատված կարգը դրա գործնական կիրառման երաշխիքը չէ, և կնոջ՝ սեփական իրավունքների մասին իմացությունն է հոդվածագրի համար գործնական փոփոխության հնարավորությունը: Հայաստանի աշխատավորուհու որդեգրած այս մոտեցումը 1920-ականների դրությամբ արդյունք էր երկրում գործադրվող մի քաղաքականության, որը 1930-ական թվականների սկզբին կանխվեց ստալինիզմի հաստատմամբ: Դրա նշանը դարձավ 1930 թվականին կինբաժինների լուծարումը, ինչին հաջորդեց 1934 թվականին Ստալինի հայտարարությունը, թե Խորհրդային Միությունում կանանց հարցը այլևս լուծված է:

Հոդվածը վերահրատարակվում է բնօրինակի ուղղագրությամբ՝ ըստ Հայաստանի աշխատավորուհի ամսագրի 1924 թ. 5-րդ (նոյեմբեր) համարի։

Աննա Ժամակոչյան, Իրինա Շախնազարյան

 

ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

ՀԻՆ ՅԵՎ ՆՈՐ ՈՐԵՆՔՆԵՐԸ

Խորհրդային յերկրներում ամուսինների իրավունքները բոլորովին ուրիշ են, քան թե բուրժուական-կապիտալիստական յերկրներում. մանավանդ խիստ տարբերվում են այդ իրավունքները նախկին ցարական պետության մեջ գոյություն ունեցած իրավունքներից, վորոնց մասին միայն տխուր և ծանր հիշողություններ են մնացել հայ բանվորուհու և գեղջկուհու մեջ։

Խորհրդային որենքները վերջ են տվել այդ ճորտական, ստորադրյալ դրությանը, վորի մեջ ապրում եր առաջները հայ կինը. այլևս չկա մարդու իշխանությունը կնոջ վրա․ մարդու և կնոջ իրավունքները հավասար են. կինն ինքնուրույն ե, անկախ իր ամուսնուց և ազատ ե տնորինելու իր անձը, ինչպես ուզենա։

Պարզ ե, վոր յերբ աղջիկ ու տղա ամուսնանում են և իբրև ամուսիններ ապրում են միասին, նրանց միջև ծագում են վորոշ իրավունքներ։ Դա մարդի և կնոջ իրավունքներն են, վորոնք նախկին ցարական որենքներով միշտ պաշտպանել են մարդու շահերը և զրկել կնոջը, դնելով նրան իր մարդու իշխանության տակ։

Այդ ժամանակներն անցան, գնացին։ Հիմա բոլորովին նոր որենքներ են հաստատված, վորոնք հայ կինը պետք ե լավ իմանա, վորպեսզի կարողանա պաշտպանել իր ազատությունն, իր իրավունքները։ Յեթե մենք ծանոթանանք ամուսինների իրավունքների հետ, կը տեսնենք, վոր այդ տեղ կան գլխավորապես յերկու տեսակ իրավունքներ. մեկը՝ այսպես կոչված, անձնական իրավունքներ, իսկ մյուսը՝ – գույքային (սեփականության, ստացվածքի) իրավունքներ։

 

ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Տեսնենք, թե ի՞նչ անձնական իրավունքներ ունեն ամուսինները։ Խորհրդային որենքը չի պահանջում, ինչպես մի ժամանակ պահանջում եր ցարական նախկին որենքը կամ ինչպես հիմա ել պահանջվում ե բուրժուական յերկրներում, վոր մարդ ու կին անպատճառ միևնույն յերկրի քաղաքացի, միևնույն պետության հպատակ լինեն։ Յեթե ամուսնացողները զանազան յերկրների քաղաքացիներ են, սրանցից մեկը կարող ե փոխել իր հպատակությունն և դառնալ իր ամուսնու պետության հպատակ միմիայն իր հոժար կամքով ու ցանկությամբ։

Ցարական կառավարության որով, իսկ այժմս ել շատ բուրժուական յերկրներում, պահանջվում եր, վոր ամուսինները պետք ե միշտ միասին ապրեն և կինը պարտավոր ե գնալ իր մարդու հետևից, յեթե մարդը տեղափոխվում եր ապրելու ոտար տեղ, ուրիշ բնակավայր։ Խորհրդային որենքը վերացրել ե այդ տեսակ պարտավորությունը, վոր միայն կնոջ վերաբերմամբ եր գործադրվում, միայն կնոջ անձնական իրավունքն եր սահմանափակում և նրան դնում եր ճորտի, ստորադրվածի դրության մեջ։ Այժմ յերբ ամուսիններից մեկը, որինակ մարդը տեղափոխվում ե մշտապես ապրելու մի ուրիշ քաղաք կամ գյուղ, կին պարտավոր չե նրա յետևից գնալու։

Ցարական նախկին որենքը մի ուրիշ սահմանափակում ել եր դրել կնոջ անձնավորության վրա։ Կինը չեր կարող ունենալ ինքնուրույն անցագիր (պաշպորտ) կամ վորև ե անձնական վկայական. նա պետք ե նշանակված լիներ մարդու անցագրի մեջ։ Իսկ յեթե կարիք եր զգացվում, վոր կինն ունենար սեփական անունով անցագիր, դա կարելի եր ստանալ միայն այն ժամանակ, յերբ, մարդը համաձայն եր կամ թույլ եր տալիս։ Իհարկե, հիմա այդ տեսակ խայտառակ, ստորացուցիչ դրությունը վերացել ե․ կինը միշտ կարող ե անկախ իր մարդուց ունենալ իր անցագիրը, իր անձնական վկայականը։

ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Այժմ տեսնենք, թե ի՞նչպիսի իրավունքներ ունին ամուսինները գույքի, ընտանեկան սեփականության վերաբերմամբ։

Ամուսնությունը չի ստեղծում մարդ և կնոջ գույքերի ընդհանրություն։ Այսինքն ամուսիններից մեկը չի կարող վորև ե իրավունք կամ պահանջներ ունենալ մյուսին անձնական պատկանող սեփհականության վրա։ Բայց և այնպես ամուսինների սովորաբար միասին ապրելը ու յերկարատև ընտանեկան կյանքը ստեղծում են այնպիսի մի դրություն, վոր տնային տնտեսության մեջ յերկուսն ել մասնակցում են իրենց աշխատանքով։ Սովորաբար մարդը դուրսն ե աշխատում և ընտանիքի ապրուստի միջոցներ ե բերում. կինն ել մեծ մասամբ տնային տնտեսությամբ ե զբաղվում, տան աշխատանքներն ե տանում։ Իսկ գյուղերում հայ կինը շատ անգամ մարդու հետ հավասար աշխատում ե դաշտում, բոստանում, այգում և այլն։ Այսպիսով յերկու կողմերի թափած քրտինքով, միացյալ աշխատանքով ձեռք են բերվում ընտանիքի ապրուստի միջոցները, տան սարք ու կարգը, անասուններն և այլն։ Այս բոլորը չի կարելի համարել ամուսիններից միայն մեկի սեփականություն, ինչպես անում եր հին ցարական որենքը, վոր այդ տեսակ ընտանեկան, բոլոր իրերն ու առարկաները ճանաչում եր միմիայն տղամարդու սեփականություն։ Խորհրդային որենքը բոլորովին ուրիշ կերպ ե նայում այս հարցին։ Ուստի ամուսնալուծման դեպքում, բաժանվող կինը իրավունք ունի ընտանեկան ամբողջ գույքից, յեթե այդ գույքը ձեռք ե բերվել ու ստեղծվել ե ընդհանուր աշխատանքով, ստանալ իրեն հասանելիք մասը, նաև յերխայի ապրուստի համար վորոշ բաժին, յեթե կա երեխա և այդ յերեխան ամուսնալուծումից հետո մնալու ե մոր մոտ։

Կարիքավոր, այսինքն ապրուստի միջոց չունեցող, ամուսինն իրավունք ունի պահանջելու ապրուստի միջոցներ մյուսից, յեթե վերջինս կարող ե այդ տեսակ ոգնություն տալ։ Այս որենքը վերաբերում ե գլխավորապես բաժանվող մարդ ու կնոջը։ Կինն իրավունք ունի ապրուստի միջոցներ պահանջելու բաժանվող մարդուն պատկանած գույքից, յեթե ինքն անընդունակ ե աշխատանքի, կամ իրավունք ունի մասն պահանջելու ընտանեկան գույքից այն չափով, ինչ չափով ինքն աշխատանք ե թափել ու անձնապես մասնակից ե յեղել այդ գույքի ավելացմանը ու ստեղծմանը։

Մարդ և կին կարող են իրար մեջ որենքով թույլադրված ամեն տեսակ գույքային պարտավորություններ, իրենց անձնական սեփականության վերաբերյալ պայմանագրեր կնքել։ Բայց եթե դեպք պատահի, վոր ամուսինների միջև հաստատված են այնպիսի պայմանագրեր, վորոնք վնաս են հասցնում ամուսիններից վորևե մեկի շահերին, կամ սահմանափակում են մարդու կամ կնոջ պատկանած սեփականության իրավունքները, այն ժամանակ այդպիսի պայմանագիրը պարտադիր չե և համարվում ե չեղած։

Ամուսիններից ամեն մեկը՝ կինը կամ մարդը, իրավունք ունի հրաժարվել այդ տեսակ իրեն վնասաբեր պայմանագիրը կատարելուց։

Նիմանդ[2]

 

 

[1] Հայաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցություն

[2] Նիմանդ ծածկանունով հեղինակի իրական անունը Խաչիկ Ստեփանի Սամվելյան  է (ըստ՝ Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան (Երևան: Երևանի համալսարանի հրատարակչություն, 2005), էջ 325): Խ. Սամվելյանը (1873-1940) ազգագրագետ, իրավագետ, պատմաբան, լեզվաբան և հայագետ է: 1895-1900 թթ. սովորել և ավարտել է Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, 1901-1903 թթ. ուսանել է Յենայի համալսարանում։ Վարել է Արշալույս խմբագրության քարտուղարի պաշտոնը, եղել է Սուրհանդակ օրաթերթում փաստական խմբագիր և Կովկասյան գյուղտնտեսություն (ռուս.՝ Кавказское сельское хозяйство) ամսագրի քարտուղարը, խմբագրել է Շուշիում լույս տեսնող Փայլակ թերթը։ Նրա բազմաթիվ հոդվածները հրատարակվել են Մշակ, Տարազ, Արշալույս, Սուրհանդակ պարբերականներում, իսկ Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո հոդվածներ է տպագրել նաև Խորհրդային Հայաստան, Մաճկալ, Ավանգարդ, Հայաստանի աշխատավորուհի, Նորք, Մարտակոչ, Բանվոր և այլ պարբերականներում:

 

Comments are closed.

Մենք այստեղ ենք

Click to open a larger map

Կապ

Հասցե` ՀՀ, ք. Երևան 0002,
Սարյան փ. 20, բն. 25

Հեռ: +374 (10) 500-499
Էլ. հասցե: info@socioscope.am

Facebook
YouTube

Արխիվ