
Մայիսի 19-21-ը «Սոցիոսկոպ»-ը կազմակերպեց «Գիտելիքով դեպի կոլեկտիվ տոկունություն. ինչպես արթնացնել համատեղ դիմակայելու կարողությունը» եռօրյա խմբային բանախոսություն-քննարկումների շարքը։ Քննարկումները վարեց Միլանի Սուրբ Սրտի Կաթոլիկ համալսարանի դասախոս, հոգեբանական գիտությունների թեկնածու, սոցիալական հոգեբան Սոնյա Սարոյանը։

Հանդիպումների հիմնական նպատակն էր քննարկել ու սահմանել երեք առանցքային հասկացություն՝ տոկունություն, տրավմա և կոլեկտիվ տրավմա, վերլուծել կոլեկտիվտրավմայի փուլերն ու դրսևորումները, այդ թվում՝ դրանց հոգեբանական, պատմական ու սոցիալական շերտերը, անդրադառնալ տոկունությանբաղադրիչներին, ծանոթանալ տրավմատիկ փորձառության ժամանակ ինքնավար նյարդային համակարգի արձագանքման ձևերին, ինչպես նաև դրանց կարգավորման մի քանի տեխնիկաներին։
Բանախոսություն-քննարկումներն անցկացվեցին երեք տարբեր խմբերի համար․ երիտասարդներ, մասնավորապես՝ ուսանողներ, տարբեր մասնագիտություններ ունեցող միջին տարիքի մարդիկ և և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Քննարկումների տեսական շրջանակն ընդհանուր առմամբ նույնն էր՝ հարմարեցված խմբային կարիքներին և առանձնահատկություններին։

Թեև թեմայի նկատմամբ հետաքրքրությունը մեծ էր բոլոր խմբերում, խմբային դինամիկան ուներ առանձնահատկություններ։
Երիտասարդների խմբում նկատվում էր որոշակի օտարում և խզում կոլեկտիվ պատկանելիությունից, ինչը ազդում էր կոլեկտիվ տրավմայի շուրջ քննարկումներում նրանց ներգրավվածության վրա։ Երիտասարդների հարցերն ու օրինակները հիմնականում բխում էին անձնական, մասնագիտական հետաքրքրություններից և անհատական փորձառություններից՝ բացահայտելով մի խորքային մարտահրավեր, որ կարող ենք ձևակերպել իբրև անհատական փորձառությունը կոլեկտիվ տրավմային առնչակցելու կամ նման փոխկապվածությունը նկատելու և այն վերբալացնելու անկարողություն։
Ի տարբերություն երիտասարդների՝ միջին տարիքի խումբն աչքի ընկավ կոլեկտիվ պատկանելիության գիտակցման բարձր մակարդակով։ Նրանց բերած կոլեկտիվ տրավմայի օրինակները հիմնականում կապվում էին պատերազմի և բռնի տեղահանման փորձառությունների հետ։ Մասնակիցները նաև նշում էին հանրային բևեռացման խնդիրը և հստակ ցանկություն արտահայտում՝ նպաստելու կոլեկտիվ տոկունության բարձրացմանը։ Այս խումբը էապես բաց էր կոլեկտիվ տրավմայի մասին խոսելու և հարցի շուրջ գիտելիք ստանալու համար։ Նրանց բարձրացրած հարցերը հիմնականում վերաբերում էին կոլեկտիվ տրավմայի հաղթահարմանը և տոկունության ամրապնդմանն ուղղված գործնական միջոցներին ու մեխանիզմներին։
Քաղաքացիական հասարակության խումբը ներառում էր տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող մարդկանց, այդ թվում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների։ Մասնակիցների մեծ մասն ուներ գիտելիք կոլեկտիվ տրավմայի և տոկունության թեմաների շուրջ։ Քննարկման ընթացքում նրանք անդրադարձան ինչպես անձնական, այնպես էլ պատմական հիշողության մակարդակով կուտակված փորձառություններին, այդ թվում՝ Ցեղասպանությանն ու ստալինյան բռնաճնշումների հետևանքներին։

Խոսվեց կոլեկտիվ տրավմայի հետևանքով հանրային ռեսուրսների մասնատման, փոխկախվածության խզման, բևեռացման վտանգների մասին, մինչդեռ կոլեկտիվ տոկունությունը ենթադրում է փոխկապվածություն և փոխկախվածություն, ինչը կհանգեցնի ռեսուրսների բազմապատկմանը։
Տրավմայի երկարաժամկետ ազդեցությունները կարող են խաթարել սովորելու, հարմարվելու, աճելու և վերականգնվելու կարողությունները՝ ինչպես անհատական, այնպես էլ կոլեկտիվ մակարդակում։ Հատկապես այն դեպքերում, երբ տրավման վերապրվում է համայնքային մակարդակով, այն կարող է սերնդեսերունդ վնասակար ազդեցություն ունենալ ինքնության ձևավորման, ինքնավստահության և փոխհարաբերությունների վրա՝ ստիպելով հասարակությանը երկար ժամանակ գտնվել գոյատևման ռեժիմում։
Քննարկվեցին նյարդային համակարգի երեք հիմնական գործառնական վիճակները․
- սոցիալական ներգրավվածության ռեժիմը, որը բնութագրվում է վստահությամբ, հուզական կայունությամբ և համագործակցության հնարավորությամբ,
- պայքարի կամ փախուստի ռեժիմը, երբ ակտիվանում են զայրույթը, տագնապը և գերզգոնությունը,
- սառեցման կամ անջատման ռեժիմը, որը արտահայտվում է ապատիայի, ժխտման և մեկուսացման ձևով։
Այս ռեժիմները ձևավորում են ոչ միայն անհատի վարքագիծը, այլև ազդում են հանրային վարքագծի դինամիկայի վրա՝ ներառելով վտանգին արձագանքելու, վստահություն ձևավորելու և սոցիալական կապեր կառուցելու գործընթացները։

Տոկունությունն այս համատեքստում սահմանվում է իբրև նյարդային համակարգի՝ իրավիճակին և ժամանակին համապատասխան գիտակցաբար և սահուն անցումներ կատարելու կարողություն ինչպես անհատական, այնպես էլ կոլեկտիվ մակարդակներում։ Որպես կոլեկտիվ տոկունության զարգացման հիմնական տարրեր՝ քննարկվեցին հետևյալ բաղադրիչները․
- նյարդային համակարգի տոկունությունը՝ սպառնալիքներին համապատասխան ու փոխակերպման կարողությամբ արձագանքելու ունակությունը,
- հոգեբանական տոկունությունը՝ անհատի հուզական և մտավոր ռեսուրսների ճկունության ամրապնդումը,
- համայնքային տոկունությունը՝ սոցիալական կապերի, փոխօգնության և համախմբման կարողության խթանումը և զարգացումը։
Տեսական գիտելիքի հետ մեկտեղ մասնակիցները ձեռք բերեցին նաև մի շարք գործնական տեխնիկաներ, որոնք կարելի է կիրառել թե՛ անհատական, թե՛ համայնքային մակարդակներում։ Այսօր, երբ մեր հասարակությունը շարունակում է արձագանքել հետհեղափոխական, հետհամաճարակային և հետպատերազմական փորձառությունների կուտակված ազդեցություններին, այս գիտելիքներն առավել քան երբևէ ունեն կենսական նշանակություն։ Հասարակության մեծ մասը գործում է վտանգի կամ գոյատևման ռեժիմում, մի հատվածը գտնվում է պայքարի կամ փախուստի ակտիվ վիճակում, իսկ մյուսները՝ սառեցման, անջատման կամ էներգետիկ անկման փուլում։ Այս պայմաններում խաթարվում է սոցիալական կապի համակարգը, որը պետք է հանդիսանար վստահության, լայնախոհության, համագործակցության և փոխօգնության հիմնական հենարանը։
Իրականության կամ իրավիճակի գիտակցված ճանաչումը և ներքին ռեսուրսների ակտիվացումը հնարավորություն են ստեղծում ոչ միայն անհատական արձագանքների կարգավորման, այլ նաև հանրային փոխկապվածության և փոխկախվածության վերականգնման համար, որոնք կոլեկտիվ տոկունության առանցքային հիմքերն են։ Հետևողական և գիտակցված ջանքերը՝ ուղղված նյարդային համակարգի կայունացմանը և սոցիալական կապերի վերակազմակերպմանը, կարող են հիմք դառնալ տոկունության ամրապնդման և սոցիալական ներգրավվածության նոր՝ ավելի կայուն և համագործակցային փուլի համար։
Հանդիպումները պարզ ցույց տվեցին, որ բաց, աջակցող և ապահով միջավայրի պայմաններում մասնակիցները պատրաստակամ են խորապես վերարժևորել իրենց անձնական և հավաքական փորձառությունները՝ ի շահ կոլեկտիվ տոկունության ամրապնդման և համայնքային առողջացման։
Բանախոսություն-քննարկումների շարքն իրականացվել է «Indie Peace»-ի հետ համագործակցությամբ՝ ԵՄ աջակցությամբ։