Մեթոդ և շարժում

«Մեթոդ և շարժում» ցուցահանդեսը նվիրված էր «Սոցիոսկոպի» հիմնադրման 15-ամյակին: Այս հետազոտական ցուցահանդեսը հնարավորություն տվեց մասնակիցներին անցնելու մեր տարիների գործունեության ճանապարհով, ծանոթանալու հանրային կյանքի ուսումնասիրման մեր փորձառությանը և մոտեցումներին։ Այն ակնարկ էր անցնող տարիների մեր հետազոտական և մասնագիտական ձեռքբերումներին և հայացք՝ դեպի ապագա:

Երբ փոփոխության որոնումների մղումը դառնում է  մտածելու եղանակ՝ տեսնելու և երևակայելու, ճանաչելու և թարգմանելու, գործելու և գործադրելու մեթոդ և շարժում՝ դեպի նորանոր փոփոխության որոնումների։

Սոցիալական գիտությունը մտորումների ոլորտ է այն մասին, թե ինչպես է հնարավոր հանրային կյանքը։ Սոցիոսկոպը ստեղծվել է այս ոլորտում և գործել է ակադեմիական գիտության ներսից դուրս ճեղքելով՝ դեպի հանրային կյանքի ու գիտելիքի այլ ոլորտներ՝ իրավապաշտպանական, քաղաք(ացի)ական և արվեստային միջավայրեր։ Ուսումնասիրություններն ու գիտությունը հանրային կյանքի քննադատության ինքնաբեր ճանապարհն էին Սոցիոսկոպի սկզբնավորման առաջին իսկ փուլից։

Վաղ շրջանից աշխատանքը միտված էր ճնշվածի, իրավունքը ոտնահարվածի կողքին կանգնելուն և այս համատեքստում հանրային կյանքի խնդիրները ձևակերպելուն, դրանց խորքում տիրապետող մեդիայի դերակատարության քննադատությանը։ Փորձառության ճանապարհը Սոցիոսկոպի հետազոտողներին մղեց հանրային կյանքի քննադատության ավելի խորքային շերտեր՝ դեպի աշխատանքի և տնտեսական կառուցվածքի խնդրների ուսումնասիրությանը, դեպի ժառանգված և իշխող մշակութային գաղափարների և վախերի քննադատությանը և այս գիտական մեթոդը մշակելուն ու հղկելուն:

Մեթոդի շուրջ աշխատանքը՝ իրավապաշտպան շարժման մեջ, Սոցիոսկոպին դուրս բերեցին պուրակ և փողոց՝ մասնակցաբար ուսումնասիրելու իրավապաշտպանության շարունակություն դարձած քաղաք(ացի)ական տեղական բնածիլ շարժումները: Հայաստանի հանրային՝ կենդանի կյանքի բնապահպանական շարժումների արձանագրումները և դրանց գիտական ուսումնասիրությունները ներբողում էին սպասվող (հեղա)փոփոխությունը։ Այս գործընթացում սկիզբ առած համագործակցությունը միջազգային ակադեմիական միջավայրի հետ ամրապնդում էր Սոցիոսկոպի թիմի մասնագիտական միտքը և հանրային ասելիքը։ Գիտությունը բավարար չէր նոր ձևակերպվող գաղափարները կիսելու համար, ուրեմն, արվեստային միջոցները դարձան Սոցիոսկոպի տեսնելու և երևակայելու, խոսելու և երկխոսելու նոր ձևերը և կերպերը։

Երբ Հայաստանում քաղաքացիական շարժումներն ուժգնացան, անփոփոխությունն ավելի ակնհայտ էր ու ցավոտ։ Այս շրջանը Սոցիոսկոպի համար դարձավ ինքնահայեցման ու տեղական գիտելիքի որոնման շրջան՝ ձևավորելով տեղի պատմության և աշխարհի կարգի, արվեստի փիլիսոփայության և քաղտնտեսության, քաղաքացիականի և քաղաքականի փոխկապակցված գիտելիքի միջավայր։ Սոցիոսկոպն այս տարիների ընթացքում փոխկապում էր դաշտայինն ու տեսականը, գիտականն ու պայքարները, տեղականը՝ տարածաշրջանի և աշխարհի հետ երկխոսության մեջ։

Հանրային կյանքի քննադատական մեթոդաբանական շրջանակը առավել ուշ շրջանում Սոցիոսկոպին առերեսեց հին ու նոր վախերից ամենաբարդ ոլորտին։ Պատերազմը և խաղաղությունը, դրանց իմաստներն ու անիմաստությունները դարձան ուսումնասիրությունների ևս մեկ առանցքը։ Պատերազմի և խաղաղության անհատական նարատիվների բացահայտումը, դարձավ այլընտրանք դոմինանտ գաղափարաբանության։ Խաղաղության և պատերազմի ընկալման դոմինանտ նարատիվների ճեղքումը հնարավոր դարձրեց նոր ջանքերի ներդրման ու քաղաք[ացի]ական գործունեության ամենացավոտ, բայց համարձակ տարածքի բացման։

Սոցիոսկոպի 15-ամյակին նվիրված ամփոփ տեսահոլովակը դիտեք այստեղ։

Պիտակներ

Հանգանակություն

Գումարը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարներին` նպատակի դաշտում նշելով «նվիրատվություն»:

Ինեկոբանկ
2052822181271008 (AMD)
2052822181271022 (USD)
2052822181271042 (EUR)
SWIFT code INJSAM22