Հետազոտողներ՝ Մարիամ Խալաթյան, Արփի Մանուսյան, Սոնա Մարտիրոսյան
Հոդվածի հեղինակ՝ Սոնա Մարտիրոսյան
Խմբագրեց Արփի Մանուսյանը
Արտաքին միջամտությունը ընտրություններին. կրկնվող կաղապարներ
Ընդհանուր առմամբ, ընտրություններից առաջ թվային տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործումը՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին դերակատարների կողմից, գնալով առավել մեծ մասշտաբների է հասնում և ժողովրդավարության համար ավելի մեծ սպառնալիք է դառնում ամբողջ աշխարհում։ Ժողովրդավարության թիրախավորումները կարող են արտահայտվել հաքերային հարձակումների, առցանց «թրոլինգ» արշավների (որոնք սպառնում են անհատներին կամ խմբերին, պիտակավորում և հետապնդում են նրանց), ինչպես նաև մեծածավալ ապատեղեկատվության և քարոզչական արշավների միջոցով, որոնք բոթերի և ֆեյք սոցիալական մեդիայի հաշիվների օգտագործմամբ տարածում են սխալ, մոլորեցնող, կանխակալ կամ սադրիչ հաղորդագրություններ[1]։
Այլ երկրները և դերակատարները կարող են օգտագործել այս մեթոդները ներքին տարբեր ուժերի հետ համագործակցությամբ։ Հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես են շատ քաղաքական գործիչներ և մեդիա հարթակներ տարածում արտաքին ուժերի մոլորեցնող, քարոզչական և բևեռացնող նարատիվները։ Կարևոր է նաև հասկանալ, որ թեև շատ դեպքերում արտաքին ուժերը փորձում են աջակցել որևէ ներքին ուժի կամ կուսակցության ընտրությունների ժամանակ, սակայն հաճախ նրանց նպատակն է նաև ուղղակի խաթարել մարդկանց վստահությունը ժողովրդավարական ինստիտուտների և միմյանց նկատմամբ, բևեռացնել և խորացնել սոցիալական անհամաձայնությունները[2]։
Վերջին տարիներին հետխորհրդային մի շարք երկրներ, օրինակ՝ Մոլդովան և Վրաստանը, որոնք ընտրել են եվրաինտեգրման և Ռուսաստանի ազդեցության նվազեցման ուղին, կարծես բախվում են այս գործիքակազմի լայն գունապնակին, որը ներառում է սոցիալական մեդիայում ապատեղեկատվության տարածումից և մանիպուլյացիայից մինչև ստվերային քաղաքական ֆինանսավորում և կիբեռհարձակումներ։ Այս երկրներում վերջին ընտրությունների օրինակները լավագույնս ցույց են տալիս Ռուսաստանի կողմից իր ազդեցությունը պահպանելու կամ ընդլայնելու նպատակով ընտրություններին միջամտության ծավալը և այդ նպատակին հասնելու համար օգտագործվող գործիքակազմը։
Ռուսաստանի քարոզչական մեխանիզմները բազմաշերտ և բարդ կառուցվածք ունեն։ Դրանք օգտագործում են ապատեղեկատվության և քարոզչության բազմազան միջոցներ՝ հասարակական կարծիքի և քաղաքական դիսկուրսի վրա ազդելու, ինչպես նաև տվյալ տարածաշրջանում սեփական շահերով պայմանավորված դիրքերն ամրապնդելու նպատակով[3]։
Մոլդովայի ընտրությունների ժամանակ մոլդովացի պրոռուսական օլիգարխները Ռուսաստանի հիմնական գործիքներից էին[4]։
Օլիգարխիկ ցանցի միջոցով ընտրություններին միջամտելու հիմնական մեխանիզմներից էր քվեների գնումը։ Մոլդովայի ոստիկանությունը և մեդիան բացահայտել են ավելի քան 39 միլիոն դոլարի քվեների գնման սխեմա, որն իրականացվել է Իլան Շորի ցանցերի միջոցով և բաժանվել ընտրողներին տարածքային պատասխանատուների, տեղամասային համակարգողների և ակտիվիստների միջոցով՝ նրանց քվեի վրա ազդելու նպատակով։ Այս գործընթացը համակարգվել է Telegram բոտերի միջոցով, իսկ շահառուների թիվը գերազանցել է 300,000-ը, ինչը վկայում է արտաքին միջամտության հսկայական ծավալի մասին[5]։
Բացի օլիգարխների և ռուսամետ կուսակցությունների գործիքայնացումից` հանրային կարծիքի և ընտրությունների վրա ուղղակիորեն ազդելու նպատակով, ռուսական ազդեցության մեծ գործիքներից է նաև Մոլդովայի ուղղափառ եկեղեցին։ Մոլդովայի բնակչության շուրջ 80 տոկոսը Մոլդովայի և Քիշնևի մետրոպոլիայի հետևորդ է, որը Մոսկվայի պատրիարքարանին ենթակա եկեղեցական կառույց է։ Եկեղեցին նաև հանրային մեծ վստահություն վայելող կառույց է Մոլդովայում․ հարցվածների 68.9 %-ը մեծ վստահություն ունի եկեղեցու նկատմամբ[6]։ Սա, իհարկե, նշանակում է, որ եկեղեցու ազդեցությունը մեծ է նաև երկրի սոցիալ-քաղաքական կյանքում։ Միաժամանակ ակնհայտ է եկեղեցու քննադատական դիրքորոշումը Մոլդովայի ներկայիս կառավարության և նրա քաղաքականությունների վերաբերյալ։ Օրինակ՝ 2021 թվականին Մայա Սանդուի իշխանության ընտրություններում հաղթանակից հետո Մոլդովայի եկեղեցու մի քանի հոգևորականներ դիմեցին իրենց առաջնորդին՝ եպիսկոպոս Մարչելին, խնդրելով ազատել իրենց երկրի նոր ղեկավարների համար աղոթելու պարտավորությունից և արգելել նրանց մուտքը եկեղեցի և մասնակցությունը եկեղեցական արարողություններին[7]։
Վրաստանի 2024 թվականի ընտրությունները ևս մեծ ազդեցություն ունեին երկրի աշխարհաքաղաքական հետագա ուղղվածության վրա։ Վրաստանը 2023 թվականի դեկտեմբերին ստացել էր ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, և կանխատեսվում էր, որ «Վրացական երազանք» կուսակցության վերընտրման պարագայում Վրաստանի եվրոպական ուղղվածությունը կարող է ամբողջությամբ շեղվել՝ վերադարձնելով երկիրը ռուսական ազդեցության գոտի։
«Վրացական երազանք» կուսակցությունը 2024 թվականի մայիսին ընդունեց «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը, որը, ըստ էության, Կրեմլի նույն օրենքի կրկնությունն էր։ Ըստ դրա՝ եթե կազմակերպությունների ֆինանսավորման 20%-ը և ավելին ստացվում է արտերկրից, նրանք պարտավոր են գրանցվել որպես «օտարերկրյա գործակալներ»։ Սա ընտրություններից առաջ քաղաքացիական հասարակության գործունեության տարածքը նեղացնող քայլերից մեկն էր՝ վկայելով ստեղծված ճնշումների և ազատությունների սահմանափակումների մասին[8]։
Մեդիա զարգացման հիմնադրամը նախընտրական մի քանի ամիսների ընթացքում կատարել էր հակաարևմտյան դիսկուրսի ուսումնասիրություն՝ բացահայտելով իշխող կուսակցության, դրան հարող և պրոռուսական դերակատարների մի շարք կրկնվող նարատիվներ։ Օրինակ՝ Արևմուտքը, ԵՄ-ն և տեղական ՀԿ-ները մեղադրվում էին Վրաստանի ընտրություններում միջամտելու, հեղափոխության համար հող նախապատրաստելու, ինչպես նաև երկրի նախագահին ու ընդդիմությանը որպես եվրոպական գործակալներ օգտագործելու համար։ Արևմուտքը մեղադրվում էր նաև «նույնասեռականության քարոզչության», «ազգային արժեքներն» ու եկեղեցին թիրախավորելու համար։ Այս համատեքստում «Վրացական երազանքը» ընդունեց «Ընտանեկան արժեքների մասին» օրենքը՝ դիրքավորվելով իբրև ավանդույթների պաշտպան[9]։
Հետազոտության մեթոդաբանություն
Այս վերլուծության հիմքում ընկած հետազոտության նպատակն է դուրս բերել մեդիա տիրույթում տարածվող հակաժողովրդավարական նարատիվները և հռետորաբանությունը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ՝ ուշադրություն դարձնելով դիսկուրսիվ շրջանակին, ինչպես նաև կրկնվող կաղապարներին տեղական և ավելի լայն համատեքստերում։ Այս նարատիվները սովորաբար ակտիվորեն շրջանառվում են հանրային կարծիքի և սպասվող ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն գործելու նպատակով։
Իրենց լայն լսարանով և ընդդիմադիր ուժերի այս կամ այն փոխառնչություններով նախապես դիտարկված 16 լրատվական կայքերից (Armlur.am, News.am, Sputnik Armenia, Tert.am, 168.am, 24News.am, AraratNews.am, Mamul.am, Armenia24.live, Politik.am, 5TV.am, Alternativ.am, Hraparak.am, AlphaNews.am, Euromedia24.com, Fact-Check.am) մշտադիտարկման համար ընտրել ենք Euromedia24-ը և Fact-Check.am-ը՝ հաշվի առնելով հետազոտության ծավալը և ժամանակային սահմանափակումները։
Սրանց ընտրությունը պայմանավորված էր գլխավորապես այն հանգամանքով, որ նախընտրական շրջանում հաճախ ի հայտ են գալիս մեդիա հարթակներ, որոնք ստեղծվում են ընտրություններից կարճ ժամանակ առաջ (հաճախ ունեն ռուսական կապվածություն), հղում են արևմտյան կամ եվրոպական սիմվոլիկայի կամ անվանումների և ակնհայտորեն զբաղվում են հակաժողովրդավարական նարատիվների առաջխաղացմամբ։ Միաժամանակ, ընտրության հարցում մեզ համար ուղենշային է եղել մեդիա փորձագետի հետ հարցազրույցը։
Fact-Check.am-ը, որն ակտիվացել էր միայն 2025 թվականին և ներկայանում էր որպես փաստերի ստուգման հարթակ, և Euromedia24–ը, որը ներկայացվում է որպես միջազգային լրատվամիջոց և գործունեություն է ծավալում Հայաստանում, ընտրությունների համատեքստում արտիկուլացվող նարատիվների ուսումնասիրության հետաքրքիր աղբյուրներ էին։ Սակայն Fact-Check.am–ը օգոստոսին դադարեցրեց գործունեությունը՝ հեռացնելով ամբողջ բովանդակությունը թե՛ կայքից, թե՛ սոցիալական մեդիայի հարթակներից։ Այս գործընթացին ականատես լինելը հետազոտության ընթացքում ինքնին հետաքրքիր էր, քանի որ այն նախընտրական շրջանում կարճաժամկետ քարոզչական հարթակների բնորոշ օրինակ է։ Փոխարենը, մշտադիտարկման համար ընտրվեց AlphaNews կայքը, որի գլխավոր խմբագիրը ընդդիմադիր դաշտում ակտիվ գործիչ Տիգրան Քոչարյանն է։
Երկու լրատվական կայքերում էլ հյուրերի ընտրությունն ու թեմաների քննարկման շրջանակը սահմանափակված են որոշակի ֆիլտրերով, որոնք կապված են լրատվամիջոցների ֆինանսավորման և գաղափարական ուղղվածության հետ։ Այսպես՝ հյուրերից շատերը փորձագետներ և քաղաքական գործիչներ են՝ ընդգծված ընդդիմադիր դիրքորոշմամբ։ Մշտադիտարկման երկրորդ փուլում քաղաքագետ Գևորգ Մելիքյանի StatusQuo վերլուծական հաղորդաշարի հարցազրույցների հյուրերի մի մասը քաղաքական դաշտում ակտիվ ուժերի ներկայացուցիչներ են։ Բայց կրկին՝ բոլորը ընդդիմադիր դաշտն են ներկայացնում։ AlphaNews կայքում հաճախ հարցազրույցները ռուսերեն են՝ ռուսաստանաբնակ, այսպես կոչված, փորձագետների հետ։
Պարզ է, որ այս լրատվամիջոցների ընտրությունը սահմանափակում է նախընտրական հռետորաբանության ուսումնասիրությունը հիմնականում ընդդիմադիր դաշտում շրջանառվող թեզերով։ Գիտակցելով այս սահմանափակումը՝ կարևոր է հաշվի առնել, որ մասնավորապես արմատական ընդդիմությունը չի ներկայացնում ժողովրդավարությունը պաշտպանելու հայտ և չի առաջնորդվում դրանով։ Միաժամանակ, քննական հայացքը ակնհայտ է դարձնում, որ ժողովրդավարության առողջացման, խորացման և անգամ ռադիկալացման տեսանկյունից վտանգավոր է մեր այն դրությունը, երբ ժողովրդավարությունը մնում է բացառապես իշխանության օրակարգում։
Հետազոտության մեջ ընտրվել է վիդեոհարցազրույցների ձևաչափը, քանի որ թե՛ ձևաչափը, թե՛ հյուրընկալվողների ընտրությունը հնարավորություն են տալիս առավել ամբողջական և խոր ուսումնասիրելու առկա խոսույթը։ Ընդհանուր առմամբ դիտարկվել է 34 հարցազրույց:
Մեդիա մշտադիտարկումը կատարվել է երկու փուլով՝ 2025 թվականի հունիսի 1-30-ը և հոկտեմբերի 15-31-ը։ Որպես հետազոտության նյութ ընտրվել են երկու լրատվամիջոցների կայքերում նշված ժամանակահատվածում անցկացված հարցազրույցները՝ կենտրոնանալով քաղաքական գործիչների, կուսակցական ներկայացուցիչների, վերլուծաբանների կամ այլ քաղաքական դերակատարների հետ վիդեոհարցազրույցների վրա։
Անցկացրել ենք նաև հինգ փորձագիտական հարցազրույց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ բացահայտելու ժողովրդավարական ինստիտուտների վերաբերյալ պատկերացումները, դրանց նկատմամբ առկա սպառնալիքները, հակաժողովրդավար նարատիվները, այդ թվում՝ իշխանություններից հնչող, ինչպես նաև քաղաքացիական հասարակության հնարավոր անելիքները ընտրություններից առաջ։
Ընտրված ժամանակահատվածում ներքաղաքական զարգացումների կենտրոնում իշխանության և եկեղեցու միջև սկսված հակամարտությունը[10], ինչպես նաև Սամվել Կարապետյանի ձերբակալությունն էին։ Մշտադիտարկման երկրորդ փուլում այս երկու իրադարձությունները և դրանց շուրջ զարգացումները շարունակում են մնալ կենտրոնական մշտադիտարկած հարթակներում, իսկ այդ ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները, ինչպես, օրինակ՝ Գյումրու քաղաքապետի և մի շարք այլ հոգևորականների ձերբակալությունը, քննարկվել արդեն իսկ նախորդ դեպքերի շուրջ ձևավորված դիտանկյունից։
Քննադատական դիսկուրս վերլուծությունն իբրև շրջանակ ընդունելով՝ մեդիայում առկա դիսկուրսը ուսումնասիրել ենք որպես սոցիալական իրականության մաս, որը ձևավորվում է այդ իրականության համատեքստում, բայց նաև վերարտադրում կամ փոխակերպում է այն։ Այս իմաստով դիսկուրսը միաժամանակ և՛ սոցիալապես պայմանավորված է, և՛ սոցիալապես կառուցող․ այն կառուցում է իրավիճակներ, ձևավորում «գիտելիք», ինչպես նաև մարդկանց և մարդկանց խմբերի սոցիալական ինքնություններ և նրանց միջև փոխհարաբերություններ։ Դիսկուրսը կառուցող է երկու իմաստով․ թե՛ այն իմաստով, որ օգնում է պահպանելու և վերարտադրելու գոյություն ունեցող սոցիալական ստատուս քվոն, թե՛ այն իմաստով, որ նպաստում է դրա փոխակերպմանը։
Քանի որ դիսկուրսը սոցիալապես այսքան նշանակալի (ազդեցիկ) է, այն առաջ է բերում իշխանությանն (power) առնչվող կարևոր խնդիրներ։ Դիսկուրսիվ պրակտիկաները կարող են ունենալ լուրջ գաղափարախոսական ազդեցություններ։ Կախված նրանից, թե ինչպես են ներկայացնում իրավիճակները և դիրքավորում մարդկանց, դրանք կարող են նպաստել անհավասար ուժային հարաբերությունների ստեղծմանն ու վերարտադրությանը տարբեր խմբերի միջև (օրինակ՝ սոցիալական դասերի, կանանց և տղամարդկանց, և էթնիկ/մշակութային մեծամասնությունների ու փոքրամասնությունների) [11]։
Ֆերքլաֆի այս մոտեցումը թույլ է տալիս հայացք նետել մեդիային որպես ինստիտուտի, որը «բացահայտ և քողարկված քաղաքականություններով նպաստում է այս կամ այն դիսկուրսի և սոցիալական պրակտիկայի վերարտադրությանը»[12]:
Հակաժողովրդավար նարատիվների դիսկուրսիվ շրջանակը
Փաշինյանը՝ «օտար գործակալ»
Հարցազրույցների մեծ մասում կարմիր թելի պես անցնող գիծը այն դավադրապաշտական տեսությունն է, թե Նիկոլ Փաշինյանը և նրա կառավարությունը տարբեր երկրների և ուժերի գործակալներ են և Հայաստանում իշխանության են եկել նրանց «ծրագրերն» իրականացնելու համար։ Այս թեզը հաճախ ճյուղավորվում է տարբեր ենթապատումների, որոնցից գերակշռողը նրանց՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ գաղտնի գործարքի կամ որևէ ձևով կապվածության մեջ լինելն է։ Օրինակ՝ հյուրերից մեկը նշում է, որ Փաշինյանը Կոստանդնուպոլսի մզկիթում իրեն զգում էր ինչպես «իր ափսեում»։ Միաժամանակ ընդգծվում է, որ այդ և այլ գործողությունները նրա քաղաքական, ազգային և հոգևոր առաջնահերթությունների վերաբերյալ կասկածներ են առաջացնում՝ հուշելով, որ Փաշինյանն ավելի մոտ է թուրքական կամ այլ ազգի նկրտումներին[13]։
Հարցազրույցներից մեկում, հղում անելով մեկ այլ աղբյուրի, փորձագետը նշում է.
Կա երկու պետություն, երկու ազգ՝ թուրք, ադրբեջանցի, և երեք ռեժիմ, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը, Էրդողանի ռեժիմը և Ալիևի ռեժիմը։ Ըստ էության՝ դա իրականություն է։ Այսօր մենք դա ակնհայտ տեսնում ենք։ Այս երեք ռեժիմների համար սպառնալիք են Սփյուռքը, ընդդիմությունը և եկեղեցին[14]։
Մեկ այլ հարցազրույցում էլ նշվում է.
Նիկոլ Փաշինյանը, իմ խորին համոզմամբ, ունի բարեկամական կապ Ադրբեջանի կամ թուրքական իշխանությունների հետ, և նրա բոլոր դրսևորումները՝ Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի, հայ եկեղեցու և Արցախի հանդեպ ատելությունը, նույն տիպիկ ատելությունն են, ինչ Թուրքիայում և Ադրբեջանում է առկա[15]։
Գործակալական տրամաբանության մեջ է նաև մի շարք այլ փորձագետների և քաղաքական գործիչների կողմից իշխանություններին Արևմուտքի կողմից «նշանակված» կամ նրանց պլաններն իրականացնող ներկայացնելը։ Օրինակ՝ ընդդիմադիր պատգամավոր Աննա Մկրտչյանն իր հարցազրույցում հեղափոխությունը նկարագրում է որպես Եվրոպական միության կողմից իրականացված իշխանազավթում և նշում, որ Փաշինյանը «դրսից իշխանություն ստացավ»[16]։
Ավելին՝ իշխանություններն իրենք էլ հաճախ են ներգրավվում նույն գործակալական դիսկուրսում (հատկապես որոշ եկեղեցականների հետ առճակատման համատեքստում), ինչի հետևանքով այս թակարդային խոսույթը շարունակաբար վերարտադրվում և լեգիտիմացվում է քաղաքական դաշտի տարբեր հատվածներում՝ վտանգելով ժողովրդավարական մշակույթն ինքնին։ Երբ քաղաքական դերակատարները տարբեր անհատների, խմբերի կամ ինստիտուտների հասցեին առանց հստակ չափանիշերի շրջանառում են «գործակալության» մեղադրանքը, այն դառնում է ոչ թե վերլուծական կատեգորիա, այլ նսեմացման և լեգիտիմությունից զրկման գործիք։ Այսպիսի լեզվական պրակտիկան կտրում է քաղաքական հակասությունները փաստարկված դաշտից՝ փոխարինելով դրանք դավադրական ենթադրություններով, որոնք չեն պահանջում ապացույց, բայց արդյունավետորեն արտադրում են անվստահություն և վախ։ Նույնիսկ ապացույցների ներկայացման պարագայում, ինչպես տեղի ունեցավ Եզրաս Արքեպիսկոպոսի՝ ռուսական ԿԳԲ գործակալ լինելու վերաբերյալ ԱԱԾ-ի հրապարակած փաստաթղթի պարագայում, հանրային քննարկումների մեծ մասում այն շարունակեց դիտարկվել որպես կեղծված։ Մի կողմ թողնելով նման քննարկումների դերակատարների քաղաքական նպատակադրությունը կամ փաստաթղթի իսկության հարցը՝ ակնհայտ է, որ գործակալական այս դիսկուրսը խաթարում է հանրային և քաղաքական վստահությունը, խորացնում խմբերի միջև բաժանումները, նպաստում անտարբերության և ցինիզմի տարածմանը և նեղացնում լուրջ և բարդ հարցերի քննարկման առողջ տարածքը։
Ավելին՝ «գործակալ» դիսկուրսի գործիքայնացումը նպաստում է հասարակական հարաբերությունների անվտանգայնացմանը՝ քաղաքական մրցակցությունն ու քաղաքացիական մասնակցությունը ներկայացնելով որպես հնարավոր սպառնալիք։ Այս պայմաններում ցանկացած քննադատություն, անկախ լրագրություն կամ քաղաքացիական ակտիվություն կարող է հեշտությամբ վերաձևակերպվել որպես «արտաքին ազդեցության» դրսևորում՝ սահմանափակելով և նեղացնելով հանրային ոլորտը և քաղաքական գործողության սահմանները։ Որպես արդյունք՝ «գործակալ» պիտակը կորցնում է իր բովանդակային իմաստը և վերածվում է համընդհանուր կասկածի մեխանիզմի, որը ոչ թե պաշտպանում է հանրային շահը, այլ քայքայում է վստահությունն ու ժողովրդավարական համակեցության հիմքերը։
«Ստալինյան ժամանակներ»
Գրեթե բոլոր հարցազրույցներում նկատելի է մեկ այլ կենտրոնական նարատիվ, որը իշխանությունների կողմից Հայաստանում բռնատիրական հասարակարգ հաստատվելու մասին է։ Եկեղեցու հետ հակամարտությունը և տարբեր եկեղեցականների և ընդդիմադիր գործիչների ձերբակալությունները փորձագետներից և ընդդիմադիր քաղաքական գործիչներից շատերը ներկայացնում են որպես բռնատիրական հասարակարգերին բնորոշ գործողություններ, որտեղ Փաշինյանի նպատակն է ճնշել ընդդիմության բոլոր կենտրոնները՝ երկրում ստեղծելով վախի մթնոլորտ։ Հաճախակի են համեմատությունները ստալինյան ժամանակաշրջանի հետ։ Նաև նկատելի է, որ Թուրքիայի հետ փոխառնչությունների մասին նարատիվը ներառվում է և միահյուսվում է այս թեզի շրջանակում։
Էս մասշտաբի հետապնդումներ եղել է մեկ Օսմանյան կայսրությունում՝ Ցեղասպանության ժամանակ, երբ մասսայաբար ձերբակալում, սպանում էին, մեկ եղել է 30-ական թվականներին՝ բոլշևիկյան օրերին. 200-ից ավել հոգևորականներ ձերբակալվեցին, շատերը սպանվեցին։ Այս պահին իշխանության են մարդիկ, ովքեր թուրք-բոլշևիկյան գործելաոճի ժառանգներն են[17]։
Միաժամանակ, Փաշինյանի՝ բռնապետ լինելու թեզը զուգորդվում է նրա՝ Արևմուտքի կամակատարը լինելու պատումի հետ։ Քաղաքական գործիչներից մեկը նշում է, որ Հայաստանում «սուլթանական կարգեր» են տիրում, և եթե իշխանությունները հնարավորություն ունենային, գլխատելու հրաման կտային, ուղղակի նրանց Արևմուտքը այդ կանաչ լույսը չի տվել[18]։
Կարևոր է նկատել, որ եկեղեցականների և ընդդիմադիր գործիչների ձերբակալությունները տեղի են ունենում իշխանության ներկայացուցիչների և փորձագիտական որոշ շրջանակների այն հայտարարությունների համատեքստում, ըստ որոնց՝ ընտրություններին ընդառաջ Հայաստանի դեմ սկսվել է «հիբրիդային պատերազմ»։
Բացի իշխանություններին հակոտնյա անհատների և խմբերի այն քննադատությունից, ըստ որի՝ «հիբրիդային պատերազմը» իշխանությունների հորինվածք կամ մտասևեռում է, ավելի լայն քննադատական տեսանկյունից կարևոր է ընդգծել, որ նման հասկացություններին բնորոշ է կոնցեպտուալ գերընդարձակումը (conceptual overstretching)[19], ինչի հետևանքով անհրաժեշտ է դրանց նկատմամբ պահպանել քննական դիստանցիա և սահմանել ռեֆլեքսիվ կիրառման շրջանակներ։
Սա նշանակում է, որ ինչ-որ պահից այն կորցնում է իր վերլուծական սահմանները և սկսում կիրառվել հետիրողության (ex post) տրամաբանությամբ՝ տարբեր, երբեմն միմյանց հետ չկապվող գործընթացներ մեկ անվան տակ համախմբելու համար։ Ի վերջո այն այլևս չի օգնում հասկանալու կոնկրետ ռազմավարություններն ու գործիքակազմերը, այլ վերածվում է բացատրական կաղապարի, որը քողարկում է համատեքստային տարբերությունները և գործոնների բազմազանությունը։ Միաժամանակ, «հիբրիդային պատերազմի» չափազանց հաճախակի օգտագործումը նպաստում է հասարակական և քաղաքական գործընթացների անվտանգայնացմանը՝ քաղաքական հակասությունները, ինստիտուցիոնալ ճգնաժամերը կամ դիմադրությունները մշտապես ներկայացնելով որպես արտաքին կառավարվող սպառնալիք։ Այս իմաստով «հիբրիդային պատերազմը» դառնում է ամեն ինչ ասող և, միևնույն ժամանակ, ոչինչ չասող ձևակերպում։
Նկատում ենք, որ երկու լրատվամիջոցներում էլ խնդիրը ձևակերպվում է որպես Փաշինյանի՝ ամեն գնով իշխանությունը պահպանելու, ընտրություններից առաջ այլ ուժերին չեզոքացնելու, եկեղեցին քանդելու և նույնիսկ Հայաստանը ոչնչացման հասցնելու գործակալական պլանների մաս։
Հարկ է նշել, որ EuroMedia24-ը առերևույթ փորձեր է անում հարթակ տրամադրելու հանրային դաշտում ակտիվ տարբեր ուժերի և բազմակարծությանը նպաստող քաղաքականություն վարելու։ Ի տարբերություն AlphaNews-ի հյուրերի, որոնց մեծ մասը գաղափարապես նախկին իշխանություններին հարող կամ Ռուսաստանում բնակվող և ռուսախոս, այսպես կոչված, փորձագետներ կամ քաղաքական գործիչներ են, EuroMedia24-ի հաղորդաշարերում հյուրերի կազմում կան նաև ավելի չեզոք ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներ։
«Ուրիշ»-ի գործիքայնացումը քաղաքական պայքարում
Փաշինյանի անձի թիրախավորումն իրականացվում է նաև մի շարք խոցելի խմբերի և քաղաքացիական հասարակության վրա հարձակումների միջոցով։ Պարզ է դառնում, որ քաղաքացիական հասարակության, ԼԳԲՏ+ համայնքի և «ավանդական արժեքների» շուրջ ձևավորված հռետորաբանությունը ծառայում է որպես բարոյական գնահատման գործիք՝ Նիկոլ Փաշինյանին և նրա քաղաքական թիմին ներկայացնելու որպես ազգային արժեքներին օտար և բարոյապես տկար ուժեր՝ ազդելով նրանց նկատմամբ հանրային տրամադրվածությունների վրա։
Նախ, հարցազրույցներից մեկում նշվում է, որ Փաշինյանի կուսակցությունը տարիներ շարունակ «լոբբի» էր անում ԼԳԲՏ անձանց պաշտպանության համար Հայաստանում.
«Քաղպայմանագիրն» ի սկզբանե լծված է եղել այդ խմբերի՝ արվամոլների, իգամոլների և դրանց ածանցյալ այլ տեսակների իրավունքների պաշտպանությանը։ Ակնհայտ է, որ Փաշինյանի համար շատ հոգեհարազատ են այդ խմբի մարդիկ[20]։
ԼԳԲՏՔ+ համայնքին նկարագրող նման բառապաշարը, որը կիրառում է «փորձագետը», նպաստում է հասարակության մեջ սոցիալական վախի և մարգինալացման խորացմանը։ Այն, որպես հակաժողովրդավարական նարատիվի մաս, արժեզրկում է մարդու իրավունքների համընդհանուր սկզբունքները և արդարացնում խոցելի խմբերի նկատմամբ հարձակումները։
Միաժամանակ, ընտանեկան բռնության դեմ պայքարը ներկայացվում է որպես Հայաստանի «ավանդական արժեքները» խաթարելու միջոց, որը Փաշինյանի կառավարության և եվրոպական արժեքների հետ է կապվում.
Ակնհայտ է, որ այս իշխանությունների թիրախում նաև ընտանիքն է։ Փաշինյանի «Քաղպայմանագիր» կուսակցության երկու կարկառուն ներկայացուցիչներ, որոնք դեռևս 2013-2014 թվականներից ապահովում էին այդ կուսակցության ֆինանսավորումը՝ ԱՄՆ-ի և Կանադայի երկու քաղաքացիներ, լծվել էին Հայաստանում մեր ընտանեկան արժեքները թիրախավորելու, ընտանիքները քանդելու, կեղծ հիմնավորումներով ապաստարաններ ստեղծելու, ապաստարաններում երեխաներին կամ ամուսիններից մեկին պահելու, իբր նրանց նկատմամբ հոգածություն տարածելու (գործին)։ Եվ, ուզում եմ ասել, Փաշինյանը այս գործառույթների մեջ մտած է դեռևս ոչ 2018-ից, այլ 2013-2014-ից[21]։
Փորձագետը ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված քաղաքականությունն ու ապաստարանների ստեղծումը մեկնաբանում է որպես ընտանիքները քանդելու և «օտար» արժեքներ ներմուծելու նպատակային գործընթաց։ Այսպիսով՝ ընտանեկան բռնության դեմ նախաձեռնությունները ներկայացվում են որպես սպառնալիք ազգային ինքնությանը և ավանդական մշակութային հիմքերին, իսկ դրանց իրականացումը՝ որպես ապացույց, որ Փաշինյանը ներգրավված է այս «վնասակար» օրակարգում։ Այս հռետորաբանությունն օրինակ է նրա, թե ինչպես են հակաժողովրդավարական և պահպանողական նարատիվները համադրվում «ավանդական արժեքների պաշտպանության» և «օտար արժեքների դեմ պայքարի» շրջանակում՝ քաղաքական հակառակորդին վարկաբեկելու նպատակով։
Նման հռետորաբանություն կիրառվում է նաև Ռուսաստանը որպես Հայաստանի բարեկամ երկիր ներկայացնելու գործընթացում՝ հակադրելով Հայաստանի և Ռուսաստանի ավանդական հասարակությունները եվրոպական մոդելին.
Արևմտյան մոդելը ի՞նչ է ասում. եթե ամուսինդ խփեց, հանգիստ զանգում ես ոստիկանություն… Հայկական մոդելը ի՞նչ է ասում. սիրով, բանակցելով, հարազատներով, եթե ունեք հոգևոր արժեքներ՝ նույն հոգևոր արժեքներով, ընտանիքով, եկեղեցով և էդ ամեն ինչով փորձում ես լուծել, և միգուցե մարդը հասկանա, որ ինքը սխալ է և սովորաբար հասկանում է, և հայ ընտանիքը երկար գոյատևում էր։ Եվ դեռ ավելին, շատերը կարողանում են իրենց մեղքը քավել շատ ավելի լավ ամուսին կամ կին լինելով[22]։
Կրկին, տեսնում ենք, թե ինչպես է մեղմվում և նորմալիզացվում բռնությունը՝ ներկայացվելով իբրև մշակութային առանձնահատկություն, իսկ իրավական մեխանիզմները՝ իբրև անհամատեղելի «հայկական ինքնության» հետ։ Այս հռետորաբանությունը նպաստում է հայրիշխանական համակարգի վերարտադրությանը, ինչպես նաև քաղաքականացնում կանանց իրավունքների պաշտպանությունը՝ այն կապելով «օտար արժեքների» դեմ պայքարի և Ռուսաստանի հետ հարաբերությունները պահպանելու հետ։
Միաժամանակ, իշխանություններին քննադատողներին հակադարձելիս իշխանության ու նրա մերձ շրջանակները հաճախ օգտագործում են նույն հոմոֆոբ լեզուն՝ այդ կերպ քննադատին վարկաբեկելու գործիքը դարձնելով ոչ թե նրա դիրքորոշումը, այլ սեռական կողմնորոշումը կամ գենդերային ինքնությունը։ Ավելի մտահոգիչ է, որ այս դիսկուրսը կարող է ընկալվել որպես իբր «պաշտպանական» ռեակցիա քննադատների «սադրանքներին» պատասխանելու շրջանակում։ Սակայն իրականում իշխանական լեզուն վերարտադրում է հոմոֆոբ լեզվական և սիմվոլիկ մեխանիզմները, որոնց միջոցով տարիներ շարունակ կառուցվել է բացառման քաղաքական մշակույթը։
Փաշինյանի անձի վարկաբեկման կամ Արևմուտքի հետ հարաբերությունների քննադատության մեկ այլ միջոց է նրան քաղաքացիական հասարակության հետ զուգորդելը և դրանով քաղաքացիական հասարակությունը թիրախ դարձնելը։ Սա բնավ նոր քաղաքականություն չէ։ Հեղափոխությունից անմիջապես հետո հակագենդերային խմբերի և դիսկուրսի մեր ուսումնասիրությունը պարզորոշ ցույց էր տալիս, որ հետհեղափոխական իրավիճակում հակագենդերային արշավների անդամները նոր՝ արդեն լիարժեք ընդդիմադիր դիրքից հանդես գալու առավել ագրեսիվ դերակատարման հնարավորություն էին ստացել։ Սեռականության և գենդերի հարցերը և դրանցով զբաղվող առաջադիմական քաղաքացիական հասարակությանը շահարկումների, նենգափոխումների և դավադրական տեսությունների թիրախում դնելով՝ դրանց գլխավոր քաղաքական նպատակն է(ր) քաղաքացիական և իրավապաշտպանական գործունեության հետ զուգորդվող քաղաքական գործիչների հեղինակազրկումը, ինչպես նաև Հայաստանի հասարակության բևեռացումը սեռականության նման զգայուն թեմայի շուրջ[23]։
Նախկինում ԱՄՆ-ի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ նկարագրելու համար հարցազրույցի հյուրերից մեկը նշում է, որ միլիոնավոր դոլարների ներդրումներ էին կատարվում «այսպես կոչված» քաղաքացիական հասարակության վրա՝ ստեղծելով «սորոսական» ցանց, իսկ Նիկոլ Փաշինյանը գործում է «սորոսական» մեթոդաբանությամբ։ Այս նարատիվում քաղաքացիական հասարակության նկատմամբ բացասական վերաբերմունք ձևավորելու համար օգտագործվում է «սորոսական» պիտակը՝ որպես լեզու, որը տարիներ շարունակ վարկաբեկող արշավների հետևանքով մարդկանց մեջ կարող է զուգորդվել գումարի դիմաց այլ երկրների օրակարգը սպասարկող հասկացությունների հետ։ Պիտակը, բնականաբար, զուգորդվում է Փաշինյանի հետ՝ նրան ներկայացնելով որպես «սորոսական» ցանցի մաս և, հետևաբար, օտար օրակարգ իրականացնող։ Սա թույլ է տալիս հեշտությամբ ձևավորել «արտաքին թշնամու» որոշակի կերպար, դրան կապակցված «ներքին թշնամիներ» գտնել և դրանց դեմ քաղաքական ասելիքի թեմա ձևակերպել՝ երկրում եղած կամ հորինովի խնդիրները դրանց «հակապետական» գործունեության վրա բարդելով։
Այս հարձակումները քաղաքացիական հասարակության վրա հատկապես ակտիվանում են մշտադիտարկման երկրորդ փուլում՝ Դանիել Իոաննիսյանի կողմից Արագածոտնի թեմի առաջնորդի և քահանաների դեմ Դանիել Իոաննիսյանի հաղորդում ներկայացնելուց հետո։ Լրագրողների հարցերում երբեմն նկատվում են քաղաքացիական հասարակությունը որպես Արևմուտքի՝ Հայաստանում իր «պլանը» իրականացնելու գործիք ներկայացնելու փորձեր։ Ըստ այս դիտանկյան՝ Փաշինյանն այդ ուժերի դրածոն է, այդ պատճառով էլ վայելում է նրանց կողմից ֆինանսավորվող ՀԿ-ների աջակցությունն ու պաշտպանությունը։ Հետևաբար քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ներկայացվում են որպես իշխանության համար «բուֆերային գոտի», քանի որ պատսպարում են իշխանությանը իրենց տեսակետներով։
Այսպիսով՝ կարող ենք տեսնել, թե ինչպես են գործիքայնացվում «ավանդական արժեքները», թիրախավորվում ԼԳԲՏ+ համայնքը և քաղաքացիական հասարակությունը՝ քաղաքական պայքարում առավելություն ստանալու համար՝ միաժամանակ խորացնելով հասարակությունում առկա անհավասարությունները և վերարտադրելով հայրիշխանական հռետորաբանությունը։
Ռուսաստանի շուրջ պատումները
Փաշինյանի և եկեղեցու, այդ համատեքստում նաև Սամվել Կարապետյանի միջև հակամարտության պատճառների շուրջ ձևավորվող դիսկուրսում բարձր են հատկապես պրոռուսական ձայները։
Ինչպես արդեն նշվեց, «ավանդական հասարակության» մոդելը ներկայացվում է որպես համընդհանուր արժեք, որը հիմնավորում է Ռուսաստանի հետ բարեկամությունը, իսկ դրան հակադրվող «արևմտյան» արժեքները դիտարկվում են որպես հայ ժողովրդին օտար և դրսից «ներմուծվող»։
Մեկ այլ նարատիվ, որը նկատվում է հարցազրույցներում, այն քննարկման շուրջ է, որ Փաշինյանի կառավարությունը կարծես հեռանում է Ռուսաստանից՝ փոխարենը խորացնելով հարաբերությունները Թուրքիայի հետ։ AlphaNews-ի հարցազրույցներից մեկում, որտեղ հյուրը ռուսաստանաբնակ հեռուստահաղորդավար է, իսկ հարցազրույցը՝ ռուսերեն, հարցերից մի քանիսը այն մասին են, թե արդյոք Հայաստանի՝ ԵՄ-ի հետ մերձեցման և Ռուսաստանից հեռացման ճանապարհը չի տանում դեպի Թուրքիայի հետ ավելի մտերիմ հարաբերություններ։
Ըստ մեկ այլ պատումի՝ Հայաստանի գոյությունը պայմանավորված է երկրում Ռուսաստանի ռազմական ներկայությամբ։ Հյուրերից մեկը նշում է, որ եթե հայերին դժվար է պատկերացնել, թե ինչ կլինի Գյումրուց ռուսական ռազմաբազայի դուրսբերման դեպքում, ապա նրանք կարող են ամեն օր այցելել Ցեղասպանության թանգարան և հիշել, թե ինչ ճակատագիր կարող է սպասել Հայաստանին նման քաղաքականության հետևանքով։ Այսպիսի լեզուն ուժեղացնում է երկբևեռ աշխարհաքաղաքական ընտրության գաղափարը, ըստ որի՝ Հայաստանը պետք է մնա Ռուսաստանի հետ, այլապես կկործանվի։ Այն նաև դատապարտում է արևմտամետ կամ արտաքին քաղաքականության հավասարակշռման ցանկացած քայլ՝ ներկայացնելով դա որպես պատմական թշնամիների հետ համընկնող օրակարգ։
Հակաժողովրդավարական դիսկուրսի փոփոխությունները ժամանակի մեջ
Մշտադիտարկման առաջին փուլում հարցազրույցներում հաճախ կարելի է լսել Փաշինյանի կառավարությունից օր առաջ ազատվելու անհրաժեշտության մասին։ Սրան շատ հաճախ հաջորդում է կոչ կամ գործողությունների պլանի մասին պատկերացումներ, որոնք հնարավորություն կտային հասնելու իշխանափոխության մինչև ընտրությունները։
Հաճախ այդ գործողության պլանն ուղղված է նաև հանրությանը։ Օրինակ՝ հարցազրույցներից մի քանիսում դա Սամվել Կարապետյանի շուրջ համախմբվելու և քաղաքական ակտիվություն ցուցաբերելու կոչ է։ Որոշ դեպքերում, սակայն, կարելի է նկատել հակաժողովրդավարական տարրեր պարունակող հայտարարություններ։ Օրինակ՝ հարցազրույցներից մեկում նշվում է.
Երբ չեզոքացնում են ընդդիմադիր դաշտը, նաև չեզոքացնում են բոլոր լեգիտիմ ճանապարհները, որ երկրում իշխանափոխություն լինի։ Այսինքն՝ նպաստում են նրան, որ մեր հանրությունն է՛լ ավելի ռադիկալ լինի, է՛լ ավելի ռադիկալ ինչ-որ գործողությունների դիմի։ Այն ամենը, ինչից իրենք վախենում են՝ ֆիզիկական անվտանգության հարցը իրենց, իրենք ավելի են նպաստում դրան, որ էդ վտանգները շատանան[24]։
Մեկ այլ հարցազրույցում հյուրը պնդում է, որ Հայաստանը արտաքին կառավարման է ենթարկվում, իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը «կոլաբորանտ» կառավարություն է Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Հետևաբար Հայաստանն օկուպացված է և քաղաքական պայքարով չէ, որ պետք է ազատագրվի. անհրաժեշտ է ազգային-ազատագրական պայքար՝ պատրաստ լինելով անձնազոհության.
Երբ այգուդ մեջ մոլախոտը շատացել և բռնել է այգին, քաղհանը չի օգնում, պետք է դիմել այլ միջոցների. տարատեսակ թունաքիմիկատներ կարող են օգտակար լինել։ Մեր դեպքում այդ թունաքիմիկատները պետք է որոշեն առաջնորդները, համենայնդեպս, քաղհանը էլ չի օգնելու[25]։
Թեև հաճախ չի հստակեցվում, թե թունաքիմիկատներ օգտագործելը կամ ազգային-ազատագրական պայքարը կոնկրետ ինչ գործիքակազմ է ներառում, բայց ակնհայտ է, որ դրանք առաջ են քաշում բռնի գործողությունների գաղափարը։
Սրա հիմնական արդարացումը հայրենիքի՝ իբրև թե օկուպացված լինելու փաստն է, որով դելեգիտիմացվում են ներկայիս իշխանությունները։ Հաճախ կարելի է հանդիպել «այսպես կոչված իշխանությունը» կամ «պետություն չկա» արտահայտությունները կամ որ ընտրություններին սպասել չի կարելի, քանի որ այս իշխանություններին պետք է հեռացնել մինչև 2026 թվականը։ Այսպիսով՝ ստեղծվում են հրատապության զգացում և հիմքեր ոչ սահմանադրական և հակաժողովրդավարական գործողությունների համար։
Մշտադիտարկման երկրորդ փուլում, սակայն, նման դիսկուրսը նշանակալիորեն մեղմված է՝ փոխարինվելով ընտրություններին պատրաստվելու տրամադրվածությամբ։ Այս համատեքստում մեկ այլ խնդրահարույց նարատիվ է առաջ գալիս. այն, որ գալիք ընտրությունները կեղծվելու, մանիպուլացվելու են իշխող ուժի կողմից, ինչպես Մոլդովայի և Ռումինիայի պարագայում։
Հարցազրույցների ընթացքում հաճախ այն պնդումն է, որ Փաշինյանին ուղղակի անհրաժեշտ է հաղթել ընտրություններում, և նա դրա համար պատրաստ է ամեն ինչի։ Սա նույնպես Հայաստանում կատարվող գործընթացները «դրսի»՝ տարբեր արտաքին ուժերի հետ կապելու նարատիվների տրամաբանության մեջ է.
Բոլոր այս տեխնոլոգիաները՝ վերևից ուղղորդող կուրատորների կողմից նախապես սահմանված արդյունքի մշակման համար, փորձարկվել են բազմաթիվ երկրներում։ Մոլդովան և Ռումինիան եղել են երկրների ցուցադրական օրինակներ։ Հայաստանում նույնպես նախապես կասեն, թե ում պետք է ընտրել, և դրա համար կօգտագործվեն բոլոր տեխնոլոգիաները։ Ում պետք չէ, կա՛մ չեն ազատի բանտից, կա՛մ լրացուցիչ կնստեցնեն այնտեղ. նախապես կհանեն մրցապայքարից՝ հայտարարելով, որ առաջադրման համար փաստաթղթերը սխալ են պատրաստվել։ Եթե ինչ-որ մեկը, այնուամենայնիվ, առաջադրվի և ավելի շատ ձայներ ստանա, ապա ձայների հաշվարկից հետո նրան կհանեն խախտումների պատճառով, կամ կչեղարկեն ընտրությունների արդյունքները։ Այս ամենը կօգտագործվի, չպետք է կասկածել, ոչ ոք իշխանությունը չի հանձնի։ Հենց դրա համար էլ Փաշինյանը շահավետորեն ցուցադրում է իրեն որպես շատ կոշտ ղեկավար։ Նա որոշել է, որ վերընտրվելու է, ուրեմն վերընտրվելու է, և ոչ ոք չպետք է կասկածի այդ պլանի իրականացման կոշտության վրա[26]։
Նկատելի է, որ տարածաշրջանային փոփոխությունները, օրինակ՝ Մոլդովայում Սանդուի հաղթանակը ընտրություններում, իրենց ազդեցությունն են ունենում ընտրությունների համատեքստում ստեղծվող տեղական նարատիվների վրա։ Ընտրությունները կեղծելու մասին պնդումները կարծես դրանք դելեգիտիմացնելու փորձեր են, որտեղ ներկայիս իշխանությունների վերընտրվելը կնշանակի նախորոշված արդյունքների վերահաստատում, ոչ թե ժողովրդի կամարտահայտում։ Իսկ Մոլդովայում և Ռումինիայում որոշ ընդդիմադիր ուժերի ընտրություններին մասնակցելու արգելքը և այլ սահմանափակումները ներկայացվում են ոչ թե Ռուսաստանի դեմ հիբրիդային պատերազմի համատեքստում, այլ որպես այս բոլոր երկրներում միևնույն արտաքին «ուժերի» ներգրավվածության ապացույց։
Ամփոփում
Երկու լրատվամիջոցների դիսկուրս վերլուծությունը ցույց տվեց, որ ընդդիմադիր դաշտում շրջանառվող առանցքային նարատիվներից է Փաշինյանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունների հետ համատեղ քաղաքականություն վարելը, ինչը հանգում է Փաշինյանի՝ «օտար գործակալ» լինելու հայտարարությանը։
Փաշինյանին թիրախավորող դիսկուրսում գործիքայնացվում են քաղաքացիական հասարակությունը, ԼԳԲՏ+ համայնքը և «ազգային ավանդական արժեքները», որոնք նպաստում են խոցելի խմբերի է՛լ ավելի թիրախավորմանը և հայրիշխանական պատկերացումների և դիսկուրսի վերարտադրմանը։ Մարդկանց իրավունքների պաշտպանությունը դիտարկվում է որպես «օտարածին» և հակադրվում իրական «հայկական» արժեքներին, որոնք զարմանալի զուգադիպությամբ համապատասխանում են ռուսական արժեքներին։
Մշտադիտարկման առաջին փուլում Հայաստանում ընտրված իշխանությունը և ընդհանուր առմամբ ընտրական ինստիտուտը դելեգիտիմացվում են, և ստեղծվում է հրատապության զգացողություն՝ իշխանափոխություն անելու համար։ Երկրորդ փուլում, սակայն, այս հրատապությունը մեղմվում է, և ընդդիմադիր ուժերը ևս մտնում են նախընտրական պայքարի տրամաբանության մեջ։ Միաժամանակ ի հայտ են գալիս գալիք ընտրությունները կեղծելու, տարբեր կուսակցությունների նկատմամբ բռնաճնշումներ իրականացնելու մասին կանխատեսումները, որոնք «ապացուցվում» են այնպիսի երկրների օրինակներով, որտեղ իշխանությունները բազմիցս հայտարարել են Ռուսաստանի կողմից հիբրիդային պատերազմի թիրախ լինելու մասին։
Միաժամանակ, փորձագիտական հարցազրույցների համադրական վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանում ժողովրդավարության ներկա վիճակը առավել ճշգրիտ կարելի է բնութագրել ոչ թե որպես կայացած ինստիտուցիոնալ համակարգ, այլ որպես ճգնաժամերի պայմաններում պահպանված քաղաքական և հասարակական պայմանավորվածություն։ Թեև Հայաստանը ձևականորեն ընկալվում է որպես ժողովրդավար երկիր, գրեթե բոլոր փորձագետները շեշտում են ինստիտուտների թերի կայացվածությունն ու խոցելիությունը։ Ժողովրդավարության հարաբերական պահպանվածությունը բացատրվում է ոչ այնքան ինստիտուցիոնալ ամրությամբ, որքան հեղափոխությունից հետո հասարակության ձևավորած ազատությունների պահանջով։
Այս ընդհանուր հետնախորքում ամենախոշոր սպառնալիքը փորձագետները տեսնում են իշխանության աճող կենտրոնացման մեջ, մասնավորապես՝ վարչապետի շուրջ, ինչպես նաև լոյալիստների նշանակման պրակտիկայում, այդ թվում՝ այն մարմիններում, որոնք կոչված են ապահովելու զսպիչ և հակակշիռ մեխանիզմներ։ Սա ոչ միայն սահմանափակում է բազմակարծությունը՝ որպես ժողովրդավարության հիմնարար ինստիտուտ, այլև աստիճանաբար նեղացնում է իշխանական համակարգի ներսում իրական քաղաքական քննարկման հնարավորությունը։ Որպես արդյունք՝ ժողովրդավարությունը պահպանվում է ոչ թե ներքին հավասարակշռության, այլ արտաքին ճնշումների և հասարակական իներտ պահանջի հաշվին։
Միաժամանակ, ընդդիմադիր մեդիայի միջոցով տարածվող ընտրությունների ապալեգիտիմացման նարատիվները հանրության վրա մեծ ազդեցություն չունեն, մեծապես մարգինալ են, քանի որ ընտրությունների կազմակերպման և քվեարկության տեխնիկական լեգիտիմությունը մեծ հաշվով ապահովված է։
Սակայն խնդիրն աստիճանաբար տեղափոխվել է ընտրությունների նշանակալիության հարթություն․ քաղաքացիները հաճախ չեն տեսնում իրական ընտրություն և համոզիչ քաղաքական այլընտրանքներ, ինչն ազդում է մասնակցության իմաստավորման վրա։ Այս առումով արձանագրվում են վարչական ռեսուրսի կիրառման դեպքեր և հետընտրական փուլում ընտրովի ճնշումներ ընդդիմադիր դերակատարների նկատմամբ, հատկապես մարզերում, ինչը խորացնում է ընտրությունների շուրջ անվստահության ոչ թե տեխնիկական, այլ քաղաքական շերտը։
Նախընտրական և հետընտրական փուլերի ռիսկերը կապված են երկու հիմնական սցենարների հետ։ Առաջին դեպքում վտանգը գործող իշխանության աստիճանական հեղինակազրկումն է, քաղաքական խոսույթի արդյունավետության նվազումը և դրա հետևանքով՝ ավելի կոշտ մեխանիզմների որոնումը։ Նախկինում աշխատող դիսկուրսները, ինչպես, օրինակ՝ «նախկիններ–ներկաներ» հակադրությունը, աստիճանաբար կորցնում են իրենց մոբիլիզացնող ներուժը, իսկ խաղաղության օրակարգը, եթե չդառնա ավելի նյութական և համոզիչ, կարող է նույն կերպ սպառվել։ Սա իշխանություններին դնում է նոր նարատիվներ ձևակերպելու անհրաժեշտության առջև, սակայն այլ հարց է՝ արդյոք նրանք ունեն այդ կարողությունը։ Երկրորդ սցենարը կապված է այն հնարավորության հետ, որ իշխանության կարող են գալ ուժեր, որոնք արժեքային մակարդակում չեն ընդունում ժողովրդավարությունը և նույնիսկ բացահայտորեն հանդես են գալիս դրա դեմ, ինչը ժողովրդավարական ռեժիմի համար համակարգային սպառնալիք է։
Դիսկուրսիվ դաշտի վերլուծությունը ցույց է տալիս, որ իշխանական և ընդդիմադիր նարատիվները ձևավորվում են ոչ միայն ներքաղաքական տրամաբանությամբ, այլև արտաքին ազդեցությունների պայմաններում։ Իշխանական հիմնական նարատիվները՝ խաղաղության օրակարգը, ինքնիշխանության և հիբրիդային սպառնալիքների մասին խոսույթը, ինչպես նաև ժողովրդավարության օրակարգի փաստացի սեփականաշնորհումը, փորձագետների կողմից դիտարկվում են որպես մասամբ հիմնավորված, բայց քաղաքականորեն ուռճացված։
Միաժամանակ, «գործակալների որսը», տարաբնույթ կոմպրոմատների գործիքայնացումը կարող են վախի մթնոլորտ ստեղծել և խոչընդոտել քաղաքական դաշտի թարմացումը։
Ընդդիմադիր և մերձընդդիմադիր դաշտում գերակշռող հակաժողովրդավարական նարատիվները կառուցվում են «թրքացման», արտաքին դավադրությունների, Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման համար իշխանություններին մեղադրելու, ինչպես նաև ժողովրդավարությունը որպես «օտարածին» և «ազգային ինքնությանը հակադիր» երևույթ ներկայացնելու շուրջ։ Այս դիսկուրսը հաճախ ուղեկցվում է հակաարևմտյան և հակաքաղաքացիական հասարակության դիրքավորումներով, որոնք ոչ թե ինքնուրույն գաղափարական համակարգ են, այլ ռուսական պաշտոնական դիրքորոշումներից ածանցված նարատիվների տեղայնացված վերարտադրություն։ Քաղաքացիական հասարակությունն այս ամբողջ դաշտում առանցքային, բայց միաժամանակ խոցելի դերակատար է։ Նրա խոցելիությունը պայմանավորված է ինչպես ֆինանսական կախվածություններով, այնպես էլ ներքին բևեռվածությամբ և արժեքային կոնսենսուսի բացակայությամբ։
[1]Tenove, C., Buffie, J., McKay, S., Moscrop, D., (January 16, 2018). Digital Threats to Democratic Elections: How Foreign Actors Use Digital Techniques to Undermine Democracy. Research Report, Centre for the Study of Democratic Institutions, University of British Columbia. http://dx.doi.org/10.2139/ssrn.3235819
[2] Նույն տեղում։
[3] Wilson, A. (June 30, 2025). The bear behind the ballot: Moldova’s election in the shadow of a war. European Council on Foreign Relations. https://ecfr.eu/publication/the-bear-behind-the-ballot-moldovas-election-in-the-shadow-of-war/
[4] Նրանցից ամենաակնառուն, թերևս, Իլան Շորն է, որը 2019 թվականին մեկ այլ օլիգարխ Վլադ Պլահոտնյուկի՝ կառավարության իշխանությունից հեռացումից հետո ստիպված էր լքել երկիրը, քանի որ մի քանի այլ անձանց հետ մեղադրվում էր Մոլդովայի բանկերից վարկերի և ֆինանսական մեքենայությունների միջոցով մեկ միլիարդ դոլարի (Մոլդովայի ՀՆԱ-ի շուրջ 12%-ի) չափով գողություն կատարելու համար։ Շորը, տեղափոխվելով Իսրայել, իսկ այնուհետև ստանալով Ռուսատանի քաղաքացիություն, շարունակում է Մոլդովայում ակտիվ քաղաքական գործունեություն վարել։ Որպես արդյունք՝ Մոլդովայի Սահմանադրական դատարանը 2023 թվականին «Շոր» կուսակցությունը համարում է հակասահմանադրական և կասեցնում է դրա գործունեությունը։ Շորը, սակայն, տարիների ընթացքում իր ֆինանսական աջակցությամբ ստեղծված կլոնային կուսակցությունների և ուժերի համախմբմամբ ստեղծում է «Հաղթանակ» դաշինքը։ Չնայած Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2024 թվականի ԵՄ անդամակցության հանրաքվեին մասնակցելու արգելքին՝ դաշինքը հսկայական ապատեղեկատվական արշավ է սկսում՝ նպատակ ունենալով քննադատելու Սանդուի իշխանության եվրոպամետ օրակարգը և հանրության շրջանում սերմանելու անվստահություն ԵՄ-ին անդամակցելու հեռանկարի նկատմամբ։
[5] Marandici, Ion. (2025, January). Oligarchs, Euroscepticism, and Russia’s Strategy in Moldova. DOI: 10.3929/ethz-b-000715250
[6] BTI Transformation Index. (2024). Moldova Country Report 2024. Bertelsmann Stiftung. https://bti-project.org/en/reports/country-report/MDA
[7] Całus, K. (2023, April). The Russian hybrid threat toolbox in Moldova: economic, political and social dimensions. Hybrid CoE Working Paper 23. https://www.hybridcoe.fi/wp-content/uploads/2023/04/20230413-Hybrid-CoE-Working_Paper-23-Moldova-WEB.pdf
[8] Gasparyan, D., Wolkov, N., Kagan, F. W. (2024, October 21). Russia or the West: The Stake’s in Georgia’s Elections. Institute for the Study of War. https://www.understandingwar.org/backgrounder/russia-or-west-stakes-georgia%E2%80%99s-election
[9] European Digital Media Observatory. (2024, November 27). Anti-Western Propaganda and Disinformation Amid the 2024 Georgian Parliamentary Elections. https://edmo.eu/publications/anti-western-propaganda-and-disinformation-amid-the-2024-georgian-parliamentary-elections/
[10] Թեև մշտադիտարկման փուլը համընկել է իշխանությունների և եկեղեցու միջև սկսվող հակամարտության հետ, թեմայի ընթացիկ և զարգացող, ծավալուն և բազմաշերտ բնույթի պատճառով այս հոդվածում դրան չենք անդրադառնում՝ այն համարելով առանձին քննադատական հոդվածի նյութ։
[11] Fairclough, N., & Wodak, R. (1997). Critical Discourse Analysis. In T. van Dijk (Ed.), Discourse Studies: A Multidisciplinary Introduction (Vol. 2, pp. 258-284). London: Sage.
[12] Socioscope. (2023, փետրվարի 13). Պատերազմը, խաղաղությունը և ապագան մեդիայում․ քննադատական դիսկուրս վերլուծության փորձ. https://socioscope.am/archives/3655
[13] EuroMedia24. (2025, հունիսի 24). Փաշինյանը մի օր կհայտարարի, որ պետականացնում է «Սաս» սուպերմարկետը․ իրավիճակը թույլատրելի չէ․ Եսայան. https://www.euromedia24.com/hy/post/31609
[14] AlphaNews. (2025, հունիսի 26). Օկուպացիա, ցեղասպանություն, այս ամենը թուրքերին չօգնեց. եկեղեցին է, որ մեզ հայ է պահում. Հովհաննիսյան. https://alphanews.am/okoupacia-cexaspanoutyoun-ays-ameny/
[15] AlphaNews. (2025, հոկտեմբերի 24). Փաշինյանն ու Ալիևը զուգորդված հակառուսական արշավ են իրականացնում․ Գառնիկ Դավթյան. https://alphanews.am/pashinyann-ou-alievy-zougordvac-hakaro/
[16] EuroMedia24. (2025, հոկտեմբերի 24). Ո՞ւր է գնում Հայաստանը. Աննա Մկրտչյան (տեսանյութ). https://euromedia24.com/hy/post/43552
[17] EuroMedia. (2025, հոկտեմբերի 25). Բոլորիս էլ կարող են գաղտնալսել, ձայնագրել. սրբություն չունեն էս մարդիկ. Մանվելյան (տեսանյութ). https://euromedia24.com/hy/post/43649
[18] EuroMedia. (2025, հոկտեմբերի 25). Կարեն Սարուխանյանի զոքանչը մանկապարտեզում գործադուլ է կազմակերպել․ ձերբակալությունները կշարունակվեն (տեսանյութ). https://euromedia24.com/hy/post/43644
[19]Solmaz, T.(2022).‘Hybrid warfare’: A dramatic example of conceptual stretching. DOI: https://doi.org/10.37458/nstf.23.1.5։
[20] EuroMedia24. (2025, հունիսի 10). Փաշինյանն աղանդավորներին կուղղորդի Մայր Աթոռ. հրահանգել են Վեհափառից ազատվել (տեսանյութ). https://euromedia24.com/hy/post/30336
[21] EuroMedia24. (2025, հունիսի 10). Փաշինյանն աղանդավորներին կուղղորդի Մայր Աթոռ. հրահանգել են Վեհափառից ազատվել (տեսանյութ). https://euromedia24.com/hy/post/30336
[22] AlphaNews. (2025, հունիսի 10). Խիստ կասկածում եմ, որ մոտ ապագայում կալանավորվածներն ազատ կարձակվեն․ Աշոտ Ավետիսյան. https://alphanews.am/xist-kaskacoum-em-or-mot-apagayoum-kal/
[23] Socioscope. (2020, օգոստոսի 5)․ Հակագենդերային արշավների գործունեությունը, հռետորաբանությունը և նպատակները հետհեղափոխական Հայաստանում. https://socioscope.am/wp-content/uploads/2020/08/2020_Anti-gender-campaigns_-research_Arm.pdf
[24] AlphaNews. (2025, հունիսի 26). Օկուպացիա, ցեղասպանություն, այս ամենը թուրքերին չօգնեց. եկեղեցին է, որ մեզ հայ է պահում. Հովհաննիսյան. https://alphanews.am/okoupacia-cexaspanoutyoun-ays-ameny/
[25] AlphaNews. (2025, հունիսի 11). 5000-ամյա Արցախը ոչնչացրեց, 1700-ամյա եկեղեցին ի՞նչ է, որ չոչնչացնի. Հարություն Հարությունյան. https://alphanews.am/5000-amya-arcaxy-ochnchacrec-1700-amya-ekexeci/
[26] AlphaNews. (2025, hոկտեմբերի 28). Հայաստանը վաղ թե ուշ ստիպված է լինելու ընտրություն կատարել. Դմիտրի Սուսլով. https://alphanews.am/hayastany-vax-te-oush-stipvac-e-linelou/





