Եթե փամփուշտը զենքի մեջ է

Զրույցներ սահմանին մերձ

Ի՞նչպես են Հայաստանում և հատկապես սահմանամերձ համայնքներում ապրող մարդիկ մտածում և խոսում պատերազմի, խաղաղության, հարևանների հետ հարաբերությունների մասին։ Որքանով են այդ գաղափարները փոխկապված իրենց կյանքի և իրավունքների, համայնքի ապագայի հետ։ Աշխարհի և Հայաստանի, մենք-ի և նրանք-ի մտապատկերները, որ առկա են այսօր, հանրային կյանքը շարունակելու և փոփոխելու ի՞նչ հնարավոր հուներ են բացում։

 (Ինքնա)ճնշում և զիջում. իրավունքի հարաբերականությունը

– Ազատ խոսքի իրավունքը ամենակարևորն է։

Մնացած բոլոր իրավունքներն էլի կարևոր են։

Ազատ տեղաշարժման… կյանքի իրավունքը։

Երևի ոչ, ոչ մեկ չի ուզի ստրուկ լինել կամ ինչ-որ մեկից կախված լինել։

Երևի կզիջեմ բոլորն էլ, եթե շատ կարևոր լինի, եթե անհրաժեշտություն լինի։

Եթե իմ խոսքը կարող է պառակտության պատճառ դառնալ, ես իմ խոսքը չեմ արտահայտի։

Որ ուրիշների իրավունքը չոտնահարեմ։

Եթե իմանամ, որ դրանից ինչ-որ բան կփոխվի դեպի լավը…

Ո՛չ, ինձ համար վատ չի լինի։ Բայց, եթե ինձ համար լինի լավ, իսկ ուրիշի համար լինի այնքան վատ, որ ուղղելի չլինի, ապա ավելի լավ կլինի, որ ինձ համար չլինի լավ, իսկ իրեն համար լինի լավ, ոչ թե՝ շատ վատ։

Այդպիսի օրինակ չեմ կարողանում մտաբերել։

Խոսքի իրավունքի ոտնահարում է շատ լինում։

Ինքը ուզում է, որ իր ասածը լինի և ամեն կերպ փորձում է մյուսի ասածը հետ մղի, որ իր խոսքը լինի։

Այո՛ [ճնշում է][1]։

Օրինակ, իմ դեպքում ես հետ կկանգնեի։

Այո՛ [ավելի կարևոր է համերաշխ լինելը]։

Այո՛ [ինքդ ես ճնշում քո իրավունքները, և դու քեզ լավ չես զգում]։

Ես փորձում եմ միշտ լավը մտածել, այսինքն՝ եթե չեղավ, դե լավ ոչինչ…

Այո՛ [բոլոր իրավունքները կարելի է զիջել]։

Ինչո՞ւ չենք զիջում [օրինակ՝ Ղարաբաղը]… Չգիտեմ… Մե՞նք զիջենք։

Չեմ կարող ասել։

Սահմանի և (ինքնա)սահմանափակման զգացումը

– Երևի ոչնչով, ոչ մի բանով [մեր գյուղը չի տարբերվում ոչ սահմանամերձ բնակավայրերից]։

Օրինակ՝ Երևանում եմ եղել։

Տարբերություններ կան, բայց կապված չի նրա հետ, որ սա սահմանամերձ է, իսկ նա սահմանամերձ չի։ Տարբերությունը միջավայրն է զուտ։ Հնարավորությունները ավելի շատ են որոշ տեղերում, քան, օրինակ, այստեղ։ Օրինակ, եթե նույն հնարավորությունները լինեին այստեղ, նույն ձևի երևի կմտածեին։

Օրինակ՝ ինչ-որ տեղեր, որ կարելի է գնալ ազատ ժամանակ զբաղվել, նոր բան սովորել։

Կարող էր լինել։

Դե երևի ֆինանս չկան…

Գիտեք ինչ, այդ սահմանամերձ վիճակը… Մինչ այս վերջերս, ինչքան էլ ես փոքր եմ եղել, ինչքան էլ, որ մտածել եմ, որ մենք սահմանին մոտ ենք, իմ մոտ միշտ մնացել է այն վիճակ, որ մենք սահմանմերձ չենք։ Այսինքն, որ ես իմացել եմ ուրիշ տեղեր կրակում են, ես իմացել եմ, որ սահմանմերձ է, բայց մեր գյուղը ես չեմ պատկերացրել, որ ընդհանրապես կարող է լինել սահմանամերձ գյուղ։ Հետո՝ այս մայիսից հետո, նոր կամաց-կամաց սկսեցի հասկանալ, թե ինչ է նշանակում սահմանամերձ գյուղ լինել։

Նշանակում է, որ ավելի շատ վտանգ կա, քան առաջ կար։ Կա վտանգ, բայց ինձ այնքան էլ չի վախեցնում այդ հանգամանքը։ Ինձ չի թվում, որ պետք է մնացածներին վախեցնի ու ինչ-որ նպատակներից հետ պահի այդ փաստը, որ սահմանամերձ է։ Բայց սահմանամերձ չի՛. մենք պետք է այդպես մտածենք ու շարունակենք ապրել այնպես, ինչպես միշտ ենք ապրել։

Որովհետև կարող է դա խանգարել, ինչ-որ սահմաններ դնել մեր առջև, որ մենք առաջ չգնանք, իսկ դա լավ չէ։

Օրինակ` մեկը ուզում է մի գործ սկսել գյուղում և մտածում է. «Ինչի՞ սկսեմ։ Պատերազմ կսկսի, կթողենք-կգնանք, այն ամենը, ինչը արդեն սկսել եմ, այդ կապիտալը կմնա»։ Դրա համար մտածում են՝ ավելի լավ է չսկսեն։

Այո՛ [չպետք է այդպես մտածեն, դա սխալ է]։

Պատերազմի մասին՝ առանց խորանալու. «այդ վերևի մի հոգին»

– Ես չեմ վախեցել, չեմ էլ վախենա, սովորական ա։

Չգիտեմ, մեր տանից լսվում է. ես նստած նայում եմ՝ կարմիր լույսերը ոնց են գնում, ու մտածում եմ, որ իրենք մարդկանց վրա չեն կրակի։

Որովհետև ես էլ իրենց վրա, ամեն դեպքում, չէի կրակի։

Ո՛չ, չեմ կարծում, որ իրենք ինձ նման են մտածում։ Եթե բոլորը ինձ նման մտածեին, բոլոր զենքերը կթաղեին հողի տակ և կնստեին իրենց համար հանգիստ կապրեին։ Ինձ թվում է՝
իրենք էլ չէին ցանկանա կրակել մարդկանց վրա։ Այդ ամենը գալիս է վերևից, և այդ վերևի մի հոգին իրա փողի համար է այդ ամեն ինչն անում։

Չեմ ուզում այդպես քաղաքականության մեջ խորանանք, երևի՝ չգիտեմ։ Համենայն դեպս զինվորին տալիս է հրաման իր հրամանատարը, իսկ հրամանատարին՝ իրա… և այդպես մինչև մի մարդ։

Այո՛, անպայման [պատերազմը ինչ-որ մեկին ձեռնտու է]։

Այդ երկրի նախագահին, կառավարությանը…

Որովհետև, ասենք, նոր հող է, նոր ռեսուրսներ, փող սարքելու նոր միջոցներ։

Շատ անկայուն վիճակ է, այսինքն՝ ամեն պահի կարող է սկսել կամ չսկսել։ Այսինքն՝ այսպես կարող ես նստել, և ամեն պահի կարա սկսի պատերազմը։ Ինչպես եղավ 2016թ. ապրիլին, սովորականի նման նստած էինք դասի և հաջորդ դասամիջոցին իմացանք, որ պատերազմ է սկսել, ռազմական գործողություններ են։

Իհարկե [անհանգստություն] կար… Մենք դպրոցի ներքևի հատվածում ունենք թաքստոց, այդ թասքտոցը նայեցին, մաքրեցին, հետո տարհանման պլանը վերանայեցինք դպրոցում, թե ոնց պետք է կազմակերպվի։ Այդպես նախապատրաստական աշխատանքներ էին։ Բայց ընդհանուր առմամբ խուճապ չկար։

Ինձ միշտ թվում է, որ մենք միշտ հեռու ենք ամեն ինչից։

Ինձ թվում է՝ ոչ [իմ հասակակիցները ինձ նման չեն մտածում]։

Չեմ կարող ասել։

Ո՛չ [իրար հետ չենք խոսում այս մասին]:

Շատ առիթներ չի լինում կիսվելու այդ հարցերի մասին։

[Խոսում ենք] առօրյայից։

Ո՛չ, չեմ հետաքրքրվել [պատերազմով]։

Ես ուղղակի, այսպես ասած, ատում եմ այդ պատերազմը և չեմ էլ ուզում հետաքրքրվեմ, ուղղակի իմանում եմ զուտ իմանալու համար։

[Որ մտածում եմ պատերազմի մասին, մտքիս գալիս են] անհույս մարդիկ…

Այսինքն՝ ամեն ինչ կորցրած մարդիկ. մեկը տուն կորցրած, մեկը մարդ կորցրած… Այդպիսի մարդիկ, այդ առումով՝ անհույս, հուսահատ մարդիկ։

[Պատերազմը] լայնամասշտաբ ռազմական գործողություններ [են]… ավելի ճիշտ, որ շատ մարդ սպանվի։

[Եթե քիչ մարդ սպանվի] էլի պատերազմ է, բայց ոչ այդքան մեծ։

Խաղաղության սահմանումը

– Պետք է սահման չլինի։

Այսինքն՝ երկրներին բաժանող սահմաններ պետք է չլինեն։ Այսինքն՝ եթե էլի սահման լինի, ու զինվորները զենքով կանգնեն, չի լինի խաղաղություն: Ինչքան էլ, որ պատերազմ չլինի, չի լինի խաղաղություն, որովհետև, եթե փամփուշտը զենքի մեջ է, ուրեմն արդեն խաղաղ չէ։

Ինձ թվում է, որ այդպես հնարավոր չի լինի [որ մենք այդ խաղաղությունը ունենանք]։

Որովհետև միշտ վատ, չար մարդիկ կգտնվեն։

Լավերն են շատ։

Մի վատն էլ հերիք է, որ մնացած լավերին խառնի իրար։

[Լավ մարդիկ] կարող են [իրենց ուզածին հասնել]։

Միավորման գաղափարը չկա։

Ինչ-որ մի գաղափարի [շուրջ մարդիկ պետք է միավորվեն], օրինակ՝ խաղությունը թող լինի այդ գաղափարը։

 Ամեն մեկից կախված է։ Ինձնից ոչ մի բան կախված չէ

– Ես ավելի շատ անձնականի, իմ մասին եմ մտածում, ոչ թե ես եսասեր եմ, այլ չեմ ուզում շատ խորանալ ընդհանուր   հարցերի մեջ։

Որովհետև ինչքան մտածում եմ, հասկանում եմ, որ դա ոչ մի լուծում չունի։

Բոլորից, ամեն մեկից կախված է [այդ լուծումը]։

Ինձնից ոչ մի բան կախված չէ։

Այո՛, ամեն մեկը պետք է անի։

Ամեն հարցում պետք է փորձի ճիշտը ընտրի։

Ճիշտը… որ ուրիշներին վնաս չտաս, ուրիշների իրավունքը չոտնահարես։

 «Մարդը մնում է մարդ»

– [Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները] սառը, մի քիչ ավելի թշնամական կողմ։

Ո՛չ [ես իրենց որպես թշնամի չեմ վերաբերում]։

Որպես մարդ՝ անկախ ազգությունից, անկախ կրոնից մարդը մնում է մարդ։

Ինչու՞ ենք թշնամի, ինչո՞ւ ենք թշնամաբար իրար վերաբերվում, չգիտեմ, երևի ինչ-որ մեկի պատճառով։

Ով որ ասել է, որ սա մերն է եղել, բայց հիմա իրենք պահում են իրենց, մենք պետք է գնանք հետ վերցնենք։ Շատ հեշտ դա կարող են մտցնել մարդու ուղեղի մեջ, և մարդը կարող է այդպես մտածել։

[Դա արել են] ադրբեջանցիները, չնայած նույն բանը կարող է մեզ հետ լինել։ Կարող է մեզ համոզեն, օրինակ, որ Ղարաբաղը մերն է, բայց իրականում մերը չլինի՝ օրինակ։ Ու հակառակը՝ Ադրբեջանում, և այդպես միշտ մնանք թշնամիներ։ Բայց ինձ թվում է, որ պետք է ջարդել այդ ամեն ինչը, այդ կարծրատիպերը, մտածել զրոյից։ Աշխարհը բոլորինն է։ Բոլոր մարդիկ, ովքեր ապրում են աշխարհում, աշխարհի տերերն են բոլորը և կարող են կիսեն սահմանները, բացեն սահմանները, բոլորը մտնեն Ղարաբաղի մեջ, իրար հետ հարևանների նման ապրեն, ինչպես որ նախկինում է եղել։

Օրինակ [պատմել են], որ այստեղ առք ու վաճառք է եղել ադրբեջանական գյուղերի հետ։ Մեր տանն էլ նույնիսկ թուրքեր, ադրբեջանցիներ եկել են, գիշերը մնացել են։ Մի անգամ էլ տատիկիս թուրքը փրկել է մահվանից. սարերում բանջար հավաքելուց ընկել է և թուրքը բռնել է իրեն։ Դա է տպավորվել։

Այո՛։ Հենց դա կուզեի ես, ոչ թե, որ թուրքը աշխարհի երեսից վերանար, մենակ հայը լիներ։

Ինձ թվում է, որ դեռևս ոչ [հնարավոր չի]։

Մի քանի սերունդ հետո։

Որովհետև 2-3 սերունդ մարդկանց մոտ դա քարացած է ու դժվար է ջարդել, որ մարդը մարդ է, ադրբեջանցին էլ է մարդ։

Երևի այդ պատերազմը, որ արդեն եղել է, ամեն մարդ իր վատ կողմն է ցույց տվել։ Պատերազմում մարդ սպանելով՝ դու վատ բան ես անում, ու այդպես թշնամացել են միմյանց հետ։ Եթե վատը արդեն կա, դժվար է լավը հիշել, դու վատն ես հիշում։

[Եթե հանդիպեի Ադրբեջանից իմ հասակակցին] կասեի բարև, ո՞նց ես։ Ոչ այդքան արտասովոր բան, սովորական։

Ինձ թվում է փոխադարձ [ռեակցիա կտար], ես ինձ այդպես եմ ներշնչում։ Չգիտեմ, թե ինչպես կլինի, բայց ես այդպես եմ մտածում։

 Գենդեր և պատերազմ

– Ո՛չ, որովհետև այստեղ գենդերային հարց դրված չէ, այլ դրված է մարդկային հարցը։

Ե՛վ կանայք , և՛ տղամադիկ։ Մարդը տուժում է պատերազմից։

Շահողները և տուժողները

– [Պատերազմից] շահում են մարդիկ, ովքեր… Երկրի կառավարողը, երկրի բնակչությունը ընդհանուր առմամբ։ Իսկ   տուժում է պարտվողը։

Տուժում են և՛ Ադրբեջանը և՛ Հայաստանը։

Ինձ թվում է կան [շերտեր, որոնց համար լավ է], բայց չեմ կարող ասել, թե որոնք են այդ շերտերը։

Եթե չլինեին, այս վիճակը չէր լինի։

Զրույցը՝ 11-րդ դասարանցի պատանու հետ,

Նախիջևանին սահմանամերձ համայնքում

Զրուցավար՝ Ժաննա Անդրեասյան

[1] Քառակուսի փակագծերում նշվածը այստեղ և հետագայում արտացոլում է հետազոտողի տված հարցը։

Պիտակներ

Հանգանակություն

Գումարը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարներին` նպատակի դաշտում նշելով «նվիրատվություն»:

Ինեկոբանկ
2052822181271008 (AMD)
2052822181271022 (USD)
2052822181271042 (EUR)
SWIFT code INJSAM22