Հեղափոխությունը պակասող ճշմարտության լեզուն է՝ քչերի, շատերի, ի վերջո՝ հազարավորների մտքերում։ Հեղափոխությունը արտամղված ճշմարտության բացահայտումն ու ճանաչումն է, դրա հռչակագրման գործողությունն է։
Հեղափոխության ճշմարտությունը մտածվում է կեղծիքի խտացման անտանելիությունից, քստմնելի շողոքորթության զզվանքից։ Հեղափոխության ճշմարտությունը ծնվում է փորձից և պայքարից, կենսապայմանների լեզվականացումից – իրականությունից ծագող ընդվզումների փորձերում նոր մտքի կերպաձևումից։ Հեղափոխության ճշմարտությունը սահմանվում է հեղափոխությամբ և հետևում դրանից։ Հեղափոխության ճշմարտությունը միջամտող գործողության անհրաժեշտության անժխտելիությունն է։ Հեղափոխության ճշմարտությունը՝ ժողովրդի գոյության և դրա զորավորության մասին է, մարդկանց ազատության, հավասարության և համերաշխության իրականության մասին է, ապագայի մեջ այսօրը ժխտելու հնարավորության մասին է։
Հեղափոխությունը վտարված ճշմարտության անհապաղ մերկացման հրատապությունն է։ Հեղափոխությունը անցյալից ապագա շրջադարձի սահմանումն է, ժամանակի հայտնաբերումն է ու պատմության վերադարձը։
Հեղափոխությունը փողոցում քաղաքական սուբյեկտի սահամանդրումն է՝ իր իսկ ընդվզման գործողության մեջ. գործորդության «ինքնախոստովանությունն» է հեղափոխական կոլեկտիվ փորձառության մեջ։
Հեղափոխությունը սուբյեկտի մարտնչող կոչման կանչն է, ճշմարտության հետպնդման հաստատակամությունը՝ անկախ հետևանքներից, անկախ վերահաս կորուստներից ու զոհաբերություններից։ Հեղափոխությունը ճշմարտության միջով սուբյեկտի փոխակերպման գործընթացն է՝ հեղափոխության ուժի արդյունքը։
Հեղափոխությունը սուբյեկտի կողմից ճշմարտության՝ որպես հարկադիր անհրաժեշտություն փորձառումն է։ Հեղափոխության վերածումը ճշմարտության – գործընթաց է, որ ծնում է հեղափոխությունը։
Հեղափոխությունը ծնվում է փոքր փոփոխությունների անհնարինությունից, դիմադրական ուժերի հիասթափությունից, «մեռած ակտիվիզմից» և «կոնֆորմիստ» հասարակությունից, անադեկվատ բարձր նշաձողերին հասնելու անհնարինությունից, լքվածության կամ մենության զգացումից, պայքարի այլևս չաշխատող ձևաչափերի, նորերի փնտրտուքի և դրանց անհրաժեշտության լարումներից: Հեղափոխությունը դիմադրական խմբերի անզիջումային մոտեցումների տարածումն է, յուրաքանչյուրի գործողությամբ կոլեկտիվ գործորդության իրացումը։
Հեղափոխությունը կոլեկտիվ երևակայված ունիվերսալ ճշմարտության համաստեղծագործումն է. ճշմարտության՝ համերաշխության, հավասարության և արդարության հնարավորության հոդավորումն է, դրա վերաներկայացումը։
Հեղափոխությունը վերաներկայացումների առկա ռեժիմի կազմաքանդումն է՝ ճշմարտության վրա հիմնված նոր ռեժիմի մեջ բացվելով։ Հեղափոխությունը կրքոտ հետևողականության ցանցային տարածման սոցիալականի զորեղության արդյունքն է։
Հեղափոխությունը գործորդների հույզերի՝ բարկության, հուսահատության, զզվանքի և վախի ազատագրումն ու հոդավորումն է, հույզերի և կրքերի մեջ քաղաքական «մենք»-ի ձևավորման հնարավորությունն է, քաղաքական գաղափարների ուժ ձեռք բերելու իրադարձությունն է։ Հեղափոխությունը տարածված մշակութային շրջանակների վերագործարկումն է՝ իրադարձության նոր ճշմարտության ռեժիմի հյուսվածքում։
Հեղափոխությունը նվաղած քաղաքականի վերաքաղաքականացումն է, նեղացող դաշտերի ընդլայնման անհուսությունը։ Հեղափոխությունը ճարահատ «անտեր(ն)երի» քաղաքական միավորման ճիգն է՝ ամլության դիրքի մերժումով։ Հեղափոխությունը պահպանողականության և պատերնալիստական էթիկայի, հակաժողովրդական և վերահսկող քաղաքականության հաստատված վերարտադրության մերժումն է, հանրային շահերի առաջնահերթության սահմանադրումը: Հեղափոխությունը փողոցի կորստի, գործի անիմաստության, պայքարի դատարկման վախի խտացումն է։
Հեղափոխությունը կեղծիքի հավերժացման խոստումի սուգի մեջ ծնված զայրույթն ու քայլն է։ Հեղափոխությունը տանը նստելու, քայլ չանելու անհնարինությունն է։ Հեղափոխությունը մեկուսացվածների, ճնշվածների ինքնաճանաչումն է, միմյանց հետ հաղորդակցման ինտենսիվության մեջ գոյության մենության զգացումի հաղթահարումը։ Հեղափոխությունը առկա ցանցերի վերաձևավորում է, ներհակ ցանցերի ներառումն ու փոխհյուսումը։
Հեղափոխությունը բոլոր նախորդած պայքարների, հիասթափությունների, ձախողումների փորձի, ցանցային ինքնակազմակերպմամբ հաջողված դիմադրության պրակտիկաների, Մարտի 1-ի, դրանից առաջ ու հետոյի կորուստների ցավի հիշողության և դրա կրկնության մերժման փոխակերպումն է հեղափոխական գործողության։
Հեղափոխությունը պայթուցիկներն են, վիրավորված ձեռքերը, պատռված շրթունքով աղջիկը, կոտրված ոտքով տղամարդը, ոստիկան Աշոտի տատիկի հորինված առասպելի ճշմարտացիությունը, վիրակապի (արյան հետքով) սրտիկի նշանավորումը։
Հեղափոխությունը քվազի-պապային մերժումն է, պապաների գլխատումը, մամաների ինքնազոհումից հրաժարումը, կանանց արշավանքը, տարօրինակների և «այլերի» անտեսանելի սիրո ներկայությունը։ Հեղափոխությունը «այլասերվածների» հետ քյարթուների, անհավատների հետ հավատք որոնողների հանդուրժողական խմոցին ու միասնական քայլերթն է, «չզսպվող» երիտասարդների և այլ-այլված՝ ուրիշացած ոստիկանների փողոցային վազքն է. տարբերվող մարմինների անկազմակերպ համերաշխության վկայությունն է։
Հեղափոխությունը սոցիալականի վերահաստատումն է՝ անծանոթին մենակ թողնելու անհնարինությունը և ընկերոջ կողքին լինելու տենչը։ Հեղափոխությունը զավթված ու գողացված հանրայինի առումն է՝ փողոցների գրավումը, գրասենյակների հատակներին և տների բազմոցներին միասին գիշերելը, վերասահմանված ճշմարտության միասնական փորձառման երջանկությունը, անծանոթների ընկերական հարազատությունը։
Հեղափոխությունը հեղափոխական իրադարձության շարունակվող վերամեկնաբանումն ու վերահետազոտումն է։ Հեղափոխությունը հեղափոխական իրադարձությանը հետևողական հավատարմությունն է։
Աննա Ժամակոչյան,
Վենետիկի 58-րդ միջազգային ցուցահանդեսում ՀՀ ազգային տաղավարի կատալոգից