Զրույցներ սահմանին մերձ
Ի՞նչպես են Հայաստանում և հատկապես սահմանամերձ համայնքներում ապրող մարդիկ մտածում և խոսում պատերազմի, խաղաղության, հարևանների հետ հարաբերությունների մասին։ Որքանով են այդ գաղափարները փոխկապված իրենց կյանքի և իրավունքների, համայնքի ապագայի հետ։ Աշխարհի և Հայաստանի, մենք-ի և նրանք-ի մտապատկերները, որ առկա են այսօր, հանրային կյանքը շարունակելու և փոփոխելու ի՞նչ հնարավոր հուներ են բացում։
Երբ Սոցիոսկոպի թիմով նախատեսում էինք իրականացնել այս հետազոտությունը, առանցքային նպատակներից էր փորձել տեսնել, թե ինչպես են սահմանամերձ համայնքների բնակիչները ընկալում իրենց իրավունքները։ Մեզ համար բարդ մարտահրավեր էր ձևակերպել իրավունքի հարցն այնպես, որ սովորական և առանց ուղղորդման հնչեր այն մարդկանց համար, ովքեր ամեն օր ապրում են սահմանին, իսկ որոշ դեպքերում՝ կրակոցների առօրյա ռիսկի ներքո։ Սահմանամերձ համայնքներում իրավունքի սահմանման մարդկանց պատկերացումները, իրավունքի սահմանների հաստատման, իրավունքները (չ)զիջելու հարցերում մարդկանց դիրքորոշումները տատանվում են իրավունքի գաղափարի մասնավոր-կենցաղային ընկալումից մինչև դրա իրավապաշտպանական պատկերացումները, տեղը «չզիջելու» հետևողականությունից մինչև կամավոր զիջումի և անձնազոհության պատրաստակամություն։
Իրավունքի կենցաղային ակունքը
Իրավունքի մասին հարցը պատանի աղջիկների և տղաների շրջանում առաջին հերթին լռելու առիթ է դառնում, մտածելու, հուշումներ ստանալու ակնկալիքով է ուղեկցվում։ Կարելի է ենթադրել, որ նրանք նախկինում շատ չեն մտածել իրավունքների մասին և մեծամասամբ հարցին տալիս են ուրիշներից հաճախ լսած կամ դասագրքային պատասխաններ։ Երկրորդ պահին, սակայն, պատանիները վեր են հանում իրավունքի գաղափարի իրենց շրջանակները և պատկերացումները՝ անգամ առանց իրավունք բառի մատնանշման՝ կապակցելով դա իրենց համար առաջնահերթ խնդիրների հետ։ Նրանց համար իրավունքը նախ և առաջ ընկալվում է որպես դպրոցում հասակակիցների կամ ուսուցիչների հետ հարաբերությունների կարգավորման հարց։ Նրանք պարբերաբար առնչվում են դպրոցում իրենց իրավունքները պաշտպանելու անհրաժեշտությանը։ Բախվում են սեփական կարծիքը արտահայտելու սահմանափակման դեպքերի՝ կապված լավ ու վատ սովորողների տարանջատման և պիտակավորման (բուլինգի) խնդիրների հետ, ինչպես նաև տարիքային տարբերության հիմքով խտրականությունների հետ։
Օրինակ, պահի տակ ուսուցիչը, որի հետ միշտ լավ ես… ես նկատել եմ, որոշների մոտ, որ կարող է պահի տակ շատ կոպիտ խոսեն ուրիշների ներկայությամբ, և ես չկարողանում լռեմ։ Կամ նեղվում եմ և հետո պետք է արտահայտվեմ առանձին, երբ որ առիթ լինի, կամ էլ հենց այդ պահին պոռթկամ և ասեմ մի բան։
(մինչև 18 տ. աղջիկ, Նախիջևանին սահմանամերձ համայնք)
Պատանիները բարձրաձայնում են կրթական ոլորտում առկա խնդիրները՝ որպես իրենց կրթական իրավունքի լիարժեք պաշտպանության հարց, մասնավորապես՝ դասապրոցեսի կազմակերպման ընթացքն ավելի հետաքրքիր և բովանդակային դարձնելու պահանջ։
Երևի ավելի շատ դասը մատուցելու ձևն է ձանձրալի, որ ավելի շատ ծրագրային խնդիր է, ոչ թե ուսուցիչների։ Թեմաները ավելի շատ են տալիս, քան պետք է։ Օրինակ, եթե տան ավելի քիչ-քիչ, ավելի շատ կվերցնեն, քան թե շատ են տալիս, և ընդհանրապես բան չեն վերցնում։
(մինչև 18 տ. տղա, Նախիջևանին սահմանամերձ համայնք)
Մեծահասակների կողմից որոշումների կայացմանը և աահմանափակումների ճնշմանը դիմադրելու լեզուն է դառնում իրավունքը։ Երբեմն իրավունքը ընկալվում է ու մեկնաբանվում սեփական ցանկությունները և մղումները իրագործելու ինքնարտահայտման իրավասություն, մրցակցային պայմաններում սեփական «տեղը չզիջելու», հետևողականորեն առաջ գնալու պահանջի լեգիտիմություն։ Չընդունելով իրենց նկատմամբ սահմանափակումները «կողքից» մարդկանց կողմից՝ պատանիները հաշտ են այս կամ այն հարցի շուրջ ծնողական սահմանափակումներին։
Ես որպես սիրած զբաղմունք երգում եմ և փոքր ժամանակվանից մեր մշակույթի տանը միջոցառումներ են կազմակերպվել, միշտ ինձ կանչել են, մասնակցել եմ։ Ես միշտ ունեցել եմ այդ ցանկությունը առաջինը այնտեղ գնալու, մասնակցելու ու այնպես չի եղել, որ ես ասել եմ միայն ես պետք է մասնակցեմ, ուրիշը թող չգա, բայց համենայն դեպս ես իմ տեղը չեմ զիջել ուրիշին։
(մինչև 18 տ. աղջիկ, Նախիջևանին սահմանամերձ համայնք)
Ոչ ոք չպետք է կողքից (ծնողներին չի վերաբերվում) ասի դու այստեղ մի՛ գնա, այս բանը մի՛ արա։ Դա նշանակում է, որ քո իրավունքները ոտնահարում են, ոչ ոք իրավունք չունի դա անի։
(մինչև 18 տ. աղջիկ, Նախիջևանին սահմանամերձ համայնք):
Ինչպես պատանիների, այնպես էլ հասուն տարիքային խմբերի ներկայացուցիչների համար (35-ից բարձր), ևս հեշտ չէ ձևակերպերպել իրավունքը։
Իրավունքի մասին նրանց ոչ միանշանակ սահմանումներն ու պատկերացումներն արտահայտելիս թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ կարծես փորձում են կենտրոնանալ հարցին ճիշտ պատասխան որոնելու վրա, քան պարզապես սեփական կարծիքն արտահայտելու։
Եթե պատանիները հիմնականում իրենց ինքնարտահայտման և կրթության խնդիրներներից էին բխեցնում իրավունքի ըմբռնումը, ապա մեծահասակների համար իրավունքի սահմանները որոշվում են՝
- սոցիալ-տնտեսական,
- ներընտանեկան իշխանական կառուցվածքի
- հանրային -քաղաքական կյանքի խնդիրներով։
Սոցիալ-տնտեսական և հանրային-քաղաքական խնդիրները նշվում են և՛ տղամարդկանց, և՛ կանանց կողմից, իսկ ներընտանեկան հարաբերություններում հավասարության պակասը և դրանից բխած խնդիրները մատնանշվում են միայն կանանց կողմից։ Նրանք ընտանիքն ու հարազատների ցանցն են դիտարկում այն առաջնահերթ սոցիալական միջավայրը, որտեղ սեփական իրավունքների պաշտպանվածության ակնկալիքն ունեն։ Թե՛ երիտասարդ, թե՛ տարեց կանայք կարևորում են ընտանիքում իրենց ձայնը լսված լինելու «իրավունքը»՝ բացահայտելով դրա պակասը։ Երիտասարդ կանայք կարևորում են, օրինակ, իրենց երեխաների առօրյայում որոշակի հարցեր կարգավորելու ազատությունը, նրանց առնչվող որոշումներում ինքնավարությունը, որի պակասն ունեն որպես տան հարսներ։ Իսկ տարեց կանայք վերապրում են երբեմնի որոշում կայացնողի իրավունքը կորցնելու դրաման։
Ինձ համար իրավունքը, որ թույլատրվի, որ ամեն ինչին մասնակցես. տանը, որ ապրում ես, շնչում ես, պետք է իրավունք ունենաս, թույլատվություն ունենաս։ Որոշումներ կայացնես, իրավունք լինի, արհամարհված չլինես որպես տարիքն առած։
(50+ տ. կին, Նախիջևանին սահմանամերձ համայնք)
Աշխատանք. ապահովություն և ազատություն
Արժանապատիվ աշխատանք ունենալու իրավունքը սահմանին ապրող մարդկանց պատկերացումներում հիմնարար իրավունքներից է, և քննարկվում է գրեթե բոլորի կողմից։ Անգամ պատանիների շրջանում այս խնդիրը տեսանելի է՝ ընտանիքում իրենց ծնողների, հարազատների օրինակներով, որոնք առօրյայում բախվում են գործազրկության, ոչ արդարացի վարձատրության և անբավարար պայմաններով աշխատանքի խնդիրներին։
Հատկապես տղամարդկանց համար աշխատանքի իրավունքը ընդհանրացվում է այնքան, որ դա դիտվում է իբրև «ապրելու իրավունք»։ Սա ուղիղ կապված է հոգսերն ինքնուրույն հոգալու և ազատության զգացումի հետ։
Կանանց համար ևս արդիական է աշխատանքի իրավունքը։ Նրանք բարձրաձայնում են սահմանամերձ համայնքներում կանանց գործազրկության ու աշխատանքի ոչ բարենպաստ պայմանների հանգամանքները։ Սակայն սոցիալ-տնտեսական նշանակությունից զատ աշխատանքը կանանց համար կարևորվում և գնահատվում է նաև մասնավոր ազատության ձեռքբերման առումով՝ որպես սեփական կարիքները ազատորեն հոգալու, տնից դուրս գալու՝ «տեղաշարժվելու» իրավասության հնար։
Օրինակ, ինձ թվում է ուրիշ տեղ այդ խնդիրը կա, թեկուզ ուշ ժամի դուրս գալու, հագնվելու և այլն։ Այդ խնդիրները մեզ մոտ չկան։ Ես կարող եմ, ունեմ հնարավորություն, ես աշխատում եմ, ես եմ իմ գումարը տնօրինում և կարող եմ այդ գումարով գնալ Երևան, գալ։ Ինձ ոչ ոք չի խոչընդոտում, որ ես ունենամ այն, ինչ ուզում եմ։
(18-35 տ. կին, Նախիջևանին սահմանամերձ համայնք)
Սահմանամերձ համայնքների բնակիչները աշխատանքի և տնտեսական ենթակառուցվածքների հարցում գլխավոր դերակատարում են վերագրում պետությանը՝ ակնկալելով ավելի շատ միջոցներ ներդնել այս համայնքներում։ Կառավարությունը դիտվում է իբրև սահմանամերձ համայնքների բնակիչների սոցիալ-տնտնեսական իրավունքները իրագործող մարմին։
Ուզում ենք, որ մարդու տեղ դնեն։ Այստեղ մարդու տեղ չեն դնում։ Արհամարհված ենք։ Հա գալիս օգում են, ոչ մի արդյունք։ Մարզպետը եկավ, ասեցինք մի 3 կմ կաբել տվեք՝ փակ կաբել։ Այդ հոսանքը ծառերի միջով է անցնում, դա ազդում է հոսանքի վրա։ Դա փոխելուց հետո, ահագին օգնել է, լավացել է հոսանքի վիճակը։ 1952-1953թթ.՝ Ստալինի ժամանակ են հոսանք քաշել։ Մինչև հիմա դա է։
(50+ տ. տղամարդ, Նախիջևանին սահմանամերձ համայնք)
Բերել են կարի ցեխ են դրել, բայց չգիտեմ, 50000-60000 դրամ աշխատավարձ են տալիս։ Դա բավարար չէ։ Մեկ մարդուն ամենաքիչը մի 35000 դրամ պետք է ամսական նորմալ սնվելու համար։ Այդ գումարը ի՞նչ անի՝ իրեն պահի, թե՞ երեխային պահի։
(50+ տ. տղամարդ, Նախիջևանին սահմանամերձ համայնք)
Քաղաքական-քաղաքացիական իրավունքներ և ազատություններ
Միջին և ավագ սերնդի թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ իրավունքի հարցին մոտենում են նաև քաղաքական համատեքստում։ Անդրադառնում են իբրև քաղաքացի իրենց այնպիսի իրավունքների շրջանակների, ինչպիսիք են՝ ազատ ընտրելու իրավունքը, ընտրելուց հետո պաշտոնյաների քաղաքական գործունեությանը հետևելու և նրանց նկատմամբ պահանջներ ներկայացնելու իրավունքը։ Մարդկանց իսկ խոսքերով 2018-ի գարնանը տեղի ունեցած հեղափոխությունը հիմնարար դեր է ունեցել՝ իրենց համար սեփական քաղաքական պահանջը արտահայտելու ու նոր պահանջներ ձևավորելու հնարավորության ու ազատության, իրենց իբրև քաղաքացու կարևորության գիտակցման հարցերում։
Հաճախ կրկնվող օրինակներից է խոսքի ազատության իրավունքը, որը հեղափոխության համատեքստում արժևորվել է՝ որպես քաղաքացիների քաղաքական պահանջատիրության մեխանիզմ, և կարևորվել է դրա արտահայտման արդյունքում սպառնալիքների և վնասակար հետևանքների առնչվելու բացառումը։ Ազատության հետ միասին պաշտպանված լինելու իրավունքի կարևորումը կապվում է ոստիկանների կողմից մարդկանց հանդեպ ավելի դրական, մեղմ վերաբերմունքի ակնկալիքով։
Ձայնի ազատություն լինի միայն, որ դու կարողանաս իշխանության քո ղեկավարին ասես ինչ կարող ես։ Իշխանությունն էլ, եթե դա կընդունի, կընդունի, չէ՝ չէ, բայց ինձ թվում է՝ ժողովուրդը երբեք վատ բան չի ասի։
(35-50 տ. կին, Նախիջևանին սահմանամերձ համայնք)
Մեր երկրում հիմա ես կասեմ բավական լավ է, օրինակ ոստիկանների կողմից ես չեմ նկատել վատ վարք։ Սովետի ժամանակ վախենում էինք ոստիկաններից, հիմա շատ նորմալ է, հիմա չես վախենում։ Հատկապես այս հեղափոխությունից հետո ես ավելի ազատ եմ զգում, քան առաջ։
(35-50 տ. տղամարդ, Նախիջևանին սահմանամերձ համայնք)
Որքան էլ քաղաքացիական պահանջատիրությունը կարևորվում է, դրա գործադրման սովորականությունը հեռու է իրականությունից։ Սահմանին ապրող մարդիկ միշտ չէ, որ պատրաստ են հետևողական ջանք ներդնել և շարունակական ակտիվությամբ դրական արդյունքների ձգտել։ Նկատելի է նաև, որ այս հարցում միջին տարիքի կանայք հակված են տղամարդկանց՝ իրենց ամուսինների վարքային օրինակներին և կարծիքներին հետևել։
Իմ ամուսինը մի քիչ պասիվ է ինչ որ հարցեր գյուղում լուծելու հարցում, իրեն չի հետաքրքրում։ Ասում է, որ գնացինք, բողոքեցինք, կռիվ արեցինք ի՞նչ պետք է փոխվի։ Կարծես՝ ինչ-որ տեղ հիասթափված լինի։ Իր հետ երկար ապրելով՝ արդեն ես էլ եմ այդպես մտածում։
(35-50 տ. կին, Նախիջևանին սահմանամերձ համայնք)
Ազատ խոսքի իրավունքի մասին առավել հաճախ հնչող կարծիքների շարքում որոշ դեպքերում հանդիպում ենք ազատ խոսքի պատկերացումների շփոթի ու դրա բացասական հետևանքների մասին մտավախությունների՝ հատկապես տղամարդկանց շրջանում։ Խոսքի ազատությունը նրանց կողմից ընկալվում է իբրև առիթից օգտվելու հնարավորություն՝ առկա հեղինակությունները և իշխանական հանգույցները սասանելու, մարդկանց «արժանապատվության և պատվի իրավունքը» ոտնահարելու վտանգ։
Ազատ խոսքը չի բերում լավ հետևանքների։ Մի օրինակ ասեմ. էլի օրինակ բերեմ մեր լրոգողներին։ Լրագրողը, որ Ալեքսանյան Սամվելին ասում է «լֆիկ», ինքը իրավունք չունի ասի «լֆիկ», որովհետև նա ԱԺ պատգամավոր է առաջին հերթին։ (…) Արժանապատվությունը դա մարդու ամենալավ իրավունքն է։ Այն, որ ասում է.«Կյանքս կտամ հայրենիքիս, հոգիս՝ Աստծուն, պատիվս՝ ինձ»։
(18-35 տ. տղամարդ, Նախիջևանին սահմանամերձ համայնք)
Կյանքի իրավունք և անձնազոհություն
Կյանքի իրավունքը առանձնահատուկ ձևակերպում և համատեքստ ունի սահմանամերձ բնակավայրում։ Պատերազմական գործողությունների վտանգը և կյանքի հանդեպ սպառնալիքները հասուն տարիքի սահմանամերձ բնակիչների մտքում անընդհատ առկա, միաժամանակ առկախված մի դրություն է՝ կարծես կյանքի դրվածք։ Այս պայմաններում կյանքի իրավունքը, թվում է, կամովին հանձնված է պատահականությանը։ Միաժամանակ «ապրելու իրավունքը» այստեղից չհեռացած բնակիչների պատկերացումներում մրցակցում է հայրենիքում ապրելու ցանկության հետ։ Արտագաղթը նրանց համար հրաժարում է նշանակում, ինչին դրդող գործոնները կապվում են, այսպես ասած՝ պաշտպանվածությամբ ապրելու իրավունքի հետ։
Չպետք է լինի իրավիճակ, որ ես զիջեմ իմ իրավունքը։ Ինչի՞ պետք է զիջեմ։ Եթե ես իմ իրավունքները զիջեմ, պետք է թողեմ, գնամ այս երկրից։
(35-50 տ. տղամարդ, Նախիջևանին սահմանամերձ համայնք)
Այս պայմանները ապրելու իրավունքի վրա, իհարկե, ազդում է. մի զինվոր, եթե սպանեցին այսօր, նշանակում է ապրելու իրավունքը խլեցին նրանից։
(18-35 տ. տղամարդ, Նախիջևանին սահմանամերձ համայնք)
Պաշտպանված իրավունքներով ապրելու իրավունքի զիջումը, թվում է ընդունելի չէ, սակայն «ապրելու իրավունքը» զիջելի է ուրիշի՝ հատկապես հարազատների կյանքի իրավունքին։ Անձնազոհական կեցվածքով ապրելու այս դիրորոշումը չքննարկվող ճշմարտության պես ոչ միշտ է հնչում, սակայն հաճախ ենթադրվում է սահմանին ապրողների խոսակցություններում։
Պաշտպանության և զիջման սահմանը
Արժեք համարվող իրավունքների սահմանափակումները և դրանց ոտնահարումները այլոց կողմից անընդունելի ու անհանդուրժելի են որպես կանոն։ Սեփական իրավունքները և ազատությունները պաշտպանելու պատրաստակամությունը ևս ձևակերպվում է գրեթե բոլորի կողմից, սակայն դրանցից կամավոր հրաժարումը ոչ միայն ձևակերպված պատրաստակամություն է, այլ սովորական պրակտիկա։ Սեփական իրավունքի զիջումը ի հայտ է գալիս դիմացինին՝ առավել բարձր իշխանություն ունեցողին չվնասելու նաև վատություն չանելու արդարացնող սկզբունքի տեսքով։ Այս հարաբերության մեջ սեփական անձի կրած վնասները կամ օգուտներից զրկվելը չեն դիտարկվում կամ դրանք համեմատության մեջ պակաս չափով են կարևորվում։ «Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ». իրավունքը սահմանվում է սահմաններով, ինչն էլ հնարավոր է դարձնում դրանից կամավոր հրաժարումը։
Պատանիների և կանանց շրջանում առավել արտահայտված է կարիքի դեպքում իրավունքները զիջելու, տարբեր իրավիճակներում հարմարվելու պատրաստակամությունը։ Այս պատրաստակամությունը շատ ավելի միանշանակ է, երբ իրավունքները զիջելու մասին խոսքը վերաբերում է ընտանիքին, օգտակար է հարազատ մարդկանց, ընդհանուր նյութատնտեսական հարցերին։ Ընտանիքի տղամարդ և ավագ անդամներին արտոնված առավել մեծ իրավազորության սահմանները դուրս են քննարկումներից. որպես կանոն դրանք կյանքի դրվածքի և բարոյականության մաս են համարվում։ Այդուհանդերձ, մարդիկ նկատում են և ազատորեն խոսում են այն մասին, որ իրավունքները զիջելը երբեմն թուլություն է ընկալվում, և դիմացինի՝ անգամ ամենամոտ հարազատի կողմից շահագործման առիթ կարող է դառնալ, ինչից խուսափելը, ոչ թե առճակատվելն է հնարավոր համարվող ուղին։
Իրավունքը, դրա պաշտպանությունը և դրա կամավոր զիջման խոսակցությունը հիմնականում մնում է մասնավոր կյանքի սահմաններում և չի վերաբերում համայնքային կամ պետական-քաղաքական կյանքին։ Ինքնին նման մասնավորեցված ըմբռնումները և այս ըբռնումների շերտերը նախանշում են իշխանական կառույցների նկատմամբ մարտահրավերներ նետելու պատրաստակամության ցածր աստիճանի, դրանք ավելի շատ շրջանցելու, քան հաղթահարելու միտումի մասին։
Հեղինակ՝ Մարիամ Խալաթյան
Խմբ.՝ Աննա Ժամակոչյան