Գաղափարաբանություն․ Թերի Իգլթոն

Թարգմանչի նախաբան

Գրական քննադատ և տեսաբան, գրող, ներկայումս Լանքասթերի համալսարանի պրոֆեսոր Թերի (Թերենս Ֆրանսիս) Իգլթոնը գաղափարաբանության վերաբերյալ մի շարք վերլուծությունների հեղինակ է։ Այս ներածությունը նա որպես կազմող խմբագիր գրել է «Գաղափարաբանություն» («Ideology») ժողովածուի համար, որում ի մի է բերել մի շարք առանցքային հեղինակների գործեր։ Առաջին հայացքից անհավակնոտ-անվերնագիր ներածականը թարգմանության համար ընտրելը թերևս մեկնաբանման կարիք ունի։ Կարճ հիմնավորումն այն է, որ գաղափարաբանության հարցերով հետաքրքրվածներն արժանի չեն այս տեքստին անհաղորդ մնալու։ Իսկ թե ինչու՝ այդուհանդերձ պետք է փոքր-ինչ մանրամասնել։ Ողջ «ներածականությամբ» հանդերձ՝ տեքստն ընթերցանության առաջին տողերից բացահայտվում է որպես ինքնաբավ, սեփական ոճն ու ասելիքն ունեցող գործ։ Ուղեկցելով գաղափարաբանության ըմբռնումների պատմական երկայնքով՝ այն միաժամանակ դրա ամեն կետում խորություն է բացում, գրական հմուտ թեթևությամբ մատուցում իմաստային բարդություններ։ Տեքստի թարգմանությունը գրական առումով պարտավորեցնող էր՝ իր նրբին կառուցվածքներով ու խնամքով ընտրված բառերով։ Պատասխանատվություն կար՝ հավաստիորեն հայերեն տեղափոխելու նրա շերտավոր խոսքն ու զուգահեռաբար պահպանելու տեքստի թեթև խառնվածքը։ Բնագրով սահուն ընթերցվելու ֆոնին փոքր-ինչ անսպասելի էր այն մանրաքայլ, բարդ լեզվական տեղափոխումը, որին տեղ-տեղ բախվում էի, և որը թարգմանչի հետաքրքիր փորձառություն էր։ Եղել են նաև եզրաբանական որոշ հարցեր, որոնց մի մասի լուծումները կարելի է ընդամենը ընթացիկ համարել։ Թարգմանական դժվարություններից ամենամեծը, թերևս, հենց գրքի առանցքային բառն է՝ «իդեոլոգիան», որը քիչ էր մնում՝ նախընտրվեր մնալ չթարգմանված։ Օգտագործելով արդի հայերենում արդեն բնակվող «գաղափարաբանություն» եզրը՝ միաժամանակ ենթադրում եմ, որ հեղինակի քննարկած որոշ նրբերանգներ զգալու համար ընթերցողը դեռ մտովի կհղվի «գաղափարախոսություն» անստույգ բառով ավելի հեշտ տրվող հարանշանակություններին, օրինակ, երբ քննարկումը քաղաքական իշխանության և դիսկուրսի փոխառնչության դաշտում է։ Ի վերջո, «իդեոլոգիա» բառը չթարգմանելը ևս կարող էր լուծում լինել՝ որպես բառի իմաստային շերտավորման ողջ պատմության հետ մենակ մնալու լավագույն հնարավորություն։

Իգլթոնի այս տեքստը տարողունակ ուսումնական նյութ է նաև, որ միանգամից և՛ լուսավորում, և՛ վերլուծում է՝ թույլ տալով դեռևս տատանվել ժողովածուի բնագրերը ծուլաբար չկարդալու հնարավորության և կարդալու գայթակղության միջև։

Այս տեքստը, սակայն, միայն տեսական չէ իր արժեքով, ինչպես ինքը գաղափարաբանությունն է հեռու միայն տեսական հարց լինելուց։ Արթուն ընթերցելիս այն բազմաթիվ աղերսներ ունի մեր օրերում գաղափարաբանության քաղաքական օգտագործումների  (այդ թվում՝ դրանից հրաժարվելու փորձերի) հետ։ Այս իմաստով, հուսամ, այս թարգմանությունը հատկապես օգտակար կլինի քաղաքականություններ քննող և անող մասնագետներին։

 

Թարգմանիչ՝ Սոնա Մանուսյան

Ներածության թարգմանությունը կարդացեք այստեղ։

Նկարը՝ wikiart.org կայքից։

Պիտակներ

Հանգանակություն

Գումարը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարներին` նպատակի դաշտում նշելով «նվիրատվություն»:

Ինեկոբանկ
2052822181271008 (AMD)
2052822181271022 (USD)
2052822181271042 (EUR)
SWIFT code INJSAM22