Պատերազմներ և խաղաղություններ. առկախված անորոշություն

Ղարաբաղի[1] Ստեփանակերտ, Շուշի, Ասկերան, Հադրութ, Մարտակերտ, Մարտունի, Քարվաճառ քաղաքներում պատերազմի, խաղաղության, ադրբեջանցիների և Ադրբեջանի հետ հարաբերությունների, դրանց համատեքստում բնակիչների կյանքի մասին զրույցները երևան են բերում պատերազմի հետ առնչվելու մարդկային փորձառություններն ու պատկերացումները:

Պատերազմի մասին խոսելը բարդ է, մյուս կողմից՝ սովորական իր առօրեականության մեջ: Այդ խոսակցության սովորականությունն ամրապնդված է պատերազմ[ներ] տեսնելու, այն պարբերաբար վերապրելու, պատերազմի ազդեցությունները շարունակաբար կրելու հանգամանքներով և պատերազմով պայմանավորված առօրյան կազմակերպելու առանձնահատկություններով:

Մարդիկ սովորական ապրում են: Անհանգստանալու բան չկա: Շինարարությունը գնում է, մարդիկ անում են: Ժողովրդին պատերազմը շատ չի վախեցնում:

(50 տ.-ից բարձր տղամարդ, Մարտունի)[2]

Հատկապես 2016 թվականի ապրիլյան թեժացումից հետո կյանքը վերստին հարմարեցվել է պատերազմական դրությանը։ Ապրիլյան իրադարձություններից հետո պատերազմը հետնապլանից առաջ մղվեց հրատապի և այսօրեականի դաշտ։ Այս համատեքստում, հետևաբար, շատ մարդկանց համար պատերազմի մասին խոսել նախ և առաջ նշանակում է խոսել սեփական կյանքի, ընտանիքի, զրկանքների, կորուստների և վախերի մասին: Մի կողմից, պատերազմն ըմբռնվում է իր քաղաքական և պատմական հետնախորքերով՝ անցյալի երկայնքով, մյուս կողմից՝ դրա շարունակական ներկայությունը առօրյայում ապապատմականացնում է վերջինիս և տեղայնացնում ընթացիկ հոգսերի և ապրումների, բարեկեցության և անելիքները ծրագրելու դժվարության կամ անհնարինության՝ ապագայի համատեքստում: Այս տեղայնացումն իր հերթին հակասական է՝ թեև մարդկանց համար պատերազմի ներկայությունը և սեփական ապագայի անորոշությունը խորապես կապված են միմյանց։ Այն դեպքում, երբ մարդկանց մի մասին կռվի սովորականությունը չի վախեցնում ապագան ծրագրել, մեծ մասի ըմբռնումներում, սակայն, պատերազմական դրության անորոշությունը լայնածավալ կռվի վերսկսման մշտական մտահոգությունն է, և ցանկությունների, գործնական նախաձեռնությունների, ներդրումների անժամկետ հետաձգումը։ Ապագայի շուրջ պատկերացումներում ընդհանուր է միայն դրա անորոշության որոշակիությունը։

Ցանկացած պահի կարող է սկսել [պատերազմը]։ Կարող է հենց վաղն էլ լինի, մի ամսից էլ լինի։ Ապրիլին ո՞վ գիտեր, որ սկսելու է։ Մի գիշերվա մեջ չի՞ եղել։

(19-34 տ. տղամարդ, Ստեփանակերտ)

Այստեղ военный полигон է։ Չգիտես՝ վաղը ինչ կլինի։ Այստեղ ամենավտանգավոր տեղն է։ Այստեղ «աշխարհի վերջն է»: Այստեղից 8-10 կմ այն կողմ արդեն Թուրքիան է։ Ցակացած снаряд մտնում է այստեղ։ … եթե ուզում ես մի հատ տուն առնես, մտածում ես՝ ո՞նց առնեմ, ես ո՞նց էտ ֆինանսը ներդնեմ այն մասում, որ թուրքը կարող է վերցնել կամ եթե չվերցնի էլ, կրակի, ոչնչացնի։ Կանե՞ս այդպիսի բան՝ ոչ։ Բոլոր ղարաբաղցիներն էլ այդպես են մտածում։

(35-50 տ. տղամարդ, Մարտակերտ)

Հիմա ամեն մեկը մտածում է՝ մի տարածք վերցնի, իր գործը դնի, իր սեփականն ունենա: Եթե վաղն ուզենանք գնանք այստեղից, կարող ենք ծախել ու գնալ: Համենայն դեպս, 8 տարի է՝ ապրում ենք այստեղ ու չենք վախենում, որ կկորցնենք:

(19-34 տ. կին, Քարվաճառ)

Պատերազմի և ապագայի անորոշության փոխկապվածության այս երկու տարբեր ըմբռնումների վրա ազդում է մի քանի էական գործոն: Ինչպես մարդկանց անհատական սոցիալական կարգավիճակը, այնպես էլ համայնքի ընդհանուր բարեկեցությունը, առաջնահերթ դեր ունեն այս հարցում: Ֆինանսական կայունությունը և կանոնավոր աշխատանքը, համայնքում ենթակառուցվածքների արդյունավետ գործառնումը բարձրացնում են մարդկանց ֆիզիկական անվտանգության զգացումը՝ ինչպես ներկան, այնպես էլ ապագան դնելով ավելի որոշակի և կանխատեսելի հունի մեջ: Երկրորդ, էական գործոնն է սահմանի հեռավորությունը, որի ըմբռնումը բացվում է իրարամերժ տեսանկյունների ներքո: Մի կողմից, Ղարաբաղն ամբողջությամբ ընկալվում է իբրև սահման՝ սահման պատերազմի, հակառակորդի հետ շփման, ներկայի ու անորոշ ապագայի բաժանարարի: Այս ըմբռնման մեջ բնակավայրի և սահմանի միջև ընկած տարածության հարցը չի մտածվում հեռավորության և մոտիկության հասկացությունների տիրույթում. բոլորի կյանքն է ընթանում սահմանի վրա և պատերազմի մեջ: Մյուս կողմից՝ սահմանագծից հեռու կամ աշխարհագրորեն բարենպաստ պայմաններով (լեռնային գոտի) բնակավայրերում մարդիկ իրենց առավել պաշտպանված են զգում՝ առկախված պատերազմի վերսկսման առաջին հարվածի առջև: Սահմանն այս դեպքում դրանից հեռու գտնվողներին ապահովության զգացում է բերում։

… Այնտեղ [սահմանին մոտ] իրենք զգում են գնդակի բանը… Բայց մենք այդքանը ոչ տեսնում ենք, ոչ հասկանում։ Մեզ մոտ կյանքը խաղաղ է, գնում ենք մեր գործին, գալիս ենք տուն՝ մեր գործերով, մեր հոգսերով։ Սահման պահողն էլ պահում է։ Սահմանամերձն այն է, որ անընդհատ на чеку են, որ հանկարծ մի բան չլինի։

(50 տ.-ից բարձր տղամարդ, Ասկերան)

Միաժամանակ, սահմանի գոյությունն ինքնին պատերազմի վկայությունն է, սահմանի վերացումը և դրա հաղթահարումը՝ խաղաղության, հաշտության, անվտանգության  իրական հնարավորությունն ու խորհրդանիշը:

 Լավ կլինի, որ առհասարակ սահման գոյություն չունենա, սահման է՛լ չպահեն… Այնքան հանգիստ լինի, որ առհասարակ սահման չլինի։

(35-50 տ. կին, Ասկերան)

Պատերազմի և խաղաղության շուրջ զրույցն է՛լ ավելի բազմաշերտ է դառնում, երբ հընթացս բացվում է դրանց հոգնակիությունը. պատերազմների և խաղաղությունների փորձառման նրբերանգները: Եթե մարդը պատերազմական փորձառությունն ու առօրեականությունն ավելի դյուրին է ձևակերպում, ապա նրանից շատ ավելի մեծ ջանք է պահանջում խաղաղության (թեկուզ իբրև բաղձալի ու հաճախ անհասանելի) գաղափարի շուրջ մտածելը և դա բառերով արտահայտելը։ Խաղաղության մասին զրույցն ուղեկցվում է խզումներով և մարտահրավերներով: Պատերազմի առօրեականության պայմաններում խաղաղությունը հաճախ թվում է անհավանական, չի էլ ենթադրվում ու չի մտածվում: Այս պայմաններում պատերազմը դառնում է աննկատ, տարրալուծվում է և ի վերջո ձուլվում խաղաղության գաղափարին, իսկ առօրյա հարաբերական անդորրն այս դեպքում ձևակերպվում է իբրև «խաղաղություն»,  երբ «կրակոցներ չկան», քանի դեռ «թուրքը չի հարձակվել»։

Այսպիսի խաղաղությունը, միաժամանակ, դեռևս անհրաժեշտաբար չի ենթադրում Ադրբեջանի կամ ադրբեջանցի ժողովրդի հետ «հարևանություն» անելու հեռանկար նույնիսկ այն պարագայում, երբ մտածվում է սահման չունենալու, սահմանը հաղթահարելու սցենարը:

Մարդկանց հետ զրույցներում ներկա դրությունը թերևս ամենահաճախն անվանվում է «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն»՝ դրանով նկատի ունենելով հարցի անորոշ առկախվածությունը, լայնածավալ գործողությունների բացակայությունը, միաժամանակ՝ դրանց վերսկսման շարունակական վտանգը, զինվորների մահվան պարբերական դեպքերը, ժամանակ առ ժամանակ հնչող կրակոցները: Այս նույն բնութագրիչներով նկարագրվող դրությունը զրուցակիցներից երկուսն անվանակոչեցին՝ «հոսող պատերազմ», «սառը պատերազմ», որն ավելի մոտ է բնակիչների այն խմբի պատկերացումներին, ովքեր  իրավիճակը սահմանում են իբրև  ինքնին «պատերազմ» կամ նույնիսկ «ավելի վատ, քան պատերազմ»:  Այս ըմբռնումների ձևավորման վրա իր ազդեցությունն է թողել 2016 թվականի ապրիլին հակամարտության թեժացման գործոնը և այդ շրջանում ռազմական գործողությունների հետ առնչվածությունը, լրատվամիջոցներին հետևելու ինտենսիվությունը:

… Ոչ մի լավ բան չկա: Ես կասեի՝ նույնիսկ մինչև 1999-2000 թվականները շատ ավելի լավ է եղել: Մենք կարողացել ենք հանգիստ գնալ սահմանին մոտ, մի բանով զբաղվել, մի գործ անել կամ թեկուզ ուղղակի անվտանգ անցնել: Ես 1994-1997 թվականներին եմ ծառայել` 3.5 տարի, մենք խրամատից դուրս էինք գալիս՝ առանց մտածելու, որ հանկարծ թշնամին մեզ վրա կկրակի: Բայց հիմա այդպիսի բան… Վերջերս, որ գնացինք դիրքեր [ապրիլյան թեժացման ընթացքում], ոստիկանությունում էլ էի աշխատում, վախենում էի նույնիսկ մի բանով նայեի, մտածում էի՝ կխփեն:

(35-50 տ. տղամարդ, Մարտակերտ)

Պատերազմ է: Ավելի վատ է: Որ պատերազմ լինի, գիտես ինչ ես անում։ Ավելի լավ  է այդպես, քան ամեն օր մի զոհ տաս դիրքում: Պատերազմական նույն պայմաններն են․․․ Մի ամսվա մեջ մի զոհ է լինում, պատերազմ չի՞:

(35-50 տ. կին, Շուշի)

Չնայած խաղաղությունը մտածելու բարդություններին՝ մարդիկ փորձում են այն սահմանել և երազել, ուրվագծել դրան հասնելու հնարավոր եղանակներ: Որքան էլ հեգնական է հնչում, այնուամենայնիվ, այդ եղանակներից մեկը կրկին պատերազմելն է՝ պատերազմով խաղաղության համար պայքարելը․ այսպես ձևակերպվում է խաղաղության գաղափարով արդարացվող պատերազմի հավերժության միֆը: Խաղաղության և պատերազմի բարդ ու հակասական մտածումներում, այնուամենայնիվ, պատերազմը հաճախ փորձառվում է ուղիղ խավային չափման մեջ․ այն ոչ թե ժողովուրդների, այլ «մեծամեծների» կամ «կառավարությունների» կռիվն ու թշնամանքն է, որի մեջ սովորական մարդիկ ձայնի կամ որոշման ուժից զրկված են:

Խաղաղությունն ամենամեծ հարստությունն է։ Չեմ կարող թարգմանել, թե խաղաղությունը ինչ է նշանակում, ոչ թե նշանակում, այլ՝ ինչ է։ Մեջս փշաքաղվում է այս բառը լսելուց։ Մարդը, որ տեսած է լինում, իր համար ավելի մեծ բան է։ … Իսկ պատերազմը սարսափ է. յուրաքանչյուր մարդ, որ տեսել է [պատերազմ], հոգով, մարմնով դողում է այդ բառից։ Ճիշտ է՝ դա հպարտություն չէ, գյուլլեն քոռ է, ինձ չկպնի, ուրիշին կկպնի: Այնպես չէ, որ հպարտանանք, դոշերս բացենք, առաջ գնանք։ Պատերազմը սարսափ է, ոնց թարգմանեմ…

(35-50 տ. տղամարդ, Քարվաճառ)

Ճիշտն ասած, չեմ պատկերացնում, որ մոտ ապագայում այս հարցը կլուծվի: Երևի պետք է՝ մի հատ էլ պատերազմեն, հետո միայն կլուծվի, խաղաղություն կլինի: Հիմա ամեն կողմը մի բան է ուզում:

 (19-34 տ. կին, Մարտակերտ)

Եթե պատերազմ էլ լինի, մենք մեր երկիրը չենք թողնի, սա է մեր հայրենիքը։ Ամեն ձև կպայքարենք խաղաղության համար։ …Եթե Աստված ոչ անի՝ պատերազմ լինի, մենք բոլորի հետ կմնանք մեր հայրենիքում կպայքարենք, կմասնակցենք այդ պատերազմին:

 (14-18 տ. կին, Հադրութ)

Պատերազմը մեր կռիվը չէ, այլ, այսպես ասեմ, մեր կառավարության կռիվն է Ադրբեջանի կառավարության հետ։ Եթե իրենք ցանկանան, եթե իրենք գան ընդհանուր հայտարարի՝ մի տեղ զիջեն,, մի տեղ իրենց ասածը լինի, կգան ընդհանուր հայտարարի ու չեն վախենա իրարից։

 (14-18 տ. կին, Մարտակերտ)

Երևի էլի խաղաղություն է ուզում [նկատի ունի ադրբեջանցի ժողովրդին]: Դա ձեռ է տալիս միայն правительство-ին: Բանվոր դասակարգը ամեն տեղ էլ մնում է նույն բանվոր դասակարգը: Շահում է միայն կառավարությունը: Գնացեք նայեք՝ կա՞ մի նախարարի տուն, որ մի հարկանի լինի: Կամ Լեքսուս չքշի:

 (35-50 տ. կին, Շուշի)

Խաղաղությունը նաև Հայաստանի քաղաքական-դիվանագիտական և ռազմական [ան]կարողության կամ սպառվող կարողությունների անկյան տակ քննվող հարց է։ Միաժամանակ ակնհայտ է համարվում կողմերի անզիջում դիրքավորումը, կողմերի միջև հաշտությունն անհույս է թվում։ Երկու տասնամյակից ավել առկախված Ղարաբաղյան կոնֆլիկտը և խաղաղության հաստատման ոչ շոշափելի ջանքերն ու առավել ևս բացակա արդյունքները մարդկանց շարունակում են պահել երրորդ երկրի միջամտության անհրաժեշտության մտորումների դաշտում։ Ձգձգվող «ոչ պատերազմ, ոչ խաղաղությունից» ազատվելու, հակամարտության վերջակետը դնելու (սառեցնելու) հրատապությունը երբեմն հանգեցնում է սեփական գործորդությունից և ինքնիշխանությունից (ի հաշիվ ՌԴ մաս կազմելու) ի սպառ հրաժարվելու հուսահատ մոտեցման։

Որ ասես դա մեր ուժերով, դիվանագիտական ճանապարհով լուծեն, ես չեմ հավատում: ․․․Ինչքան մտածում եմ՝ կամ իրենց օգտին պիտի լինի, կամ՝ մեր: Եթե մեր օգտին լինի, պիտի պատերազմ լինի, եթե իրենց օգտին՝ պիտի պատերազմ լինի: Կամ պետք է Ռուսաստանից, Ամերիկայից մի բան լինի, մի սահման դնեն, ոնց պարսիկների հետ է կամ թուրքերի․․․

(35-50 տ. տղամարդ, Մարտակերտ)

Պատերազմական դրության առօրեականությունը և անորոշության մեջ առկախված պատերազմի սպասումը նախ և առաջ հիմնավորում են տեղ-տեղ հնչող ռազմական և թշնամական հռետորաբանությունը և, իհարկե, պայմանավորում են խաղաղության լեզվի անմշակությունը։ Նույնիսկ այս դրությունը, սակայն, չի նվազեցնում խաղաղության (դրա տարբեր ըմբռնումների) ձգտումն ու իրապես խորքային ցանկությունը:

Ամենավատ խաղաղությունը ամենալավ պատերազմից լավ է: Ո՞վ կուզի պատերազմ…

(50 տ.-ից բարձր տղամարդ, Հադրութ)

Հեղինակ՝ Արփի Մանուսյան

[1]Այստեղ և այլուր բնակավայրերի անունները նշելիս կիրառել ենք ներկայումս բնակվող տեղացիների շրջանում տարածված ինքնանվանման ձևերը՝ առանց ներքաշվելու անվանող կամ դրանք վիճարկող քաղաքական օրակարգերում։ Մեր այցելությունից ստացած տպավորության համաձայն, «Ղարաբաղի» դեպքում դեռևս այն տիրապետող ձևն է՝ թեև վերջին տարիներին (առավելապես երիտասարդների շրջանում) տարածում է ստանում նաև «Արցախը»։

[2] Բնակիչների հետ անանուն հարցազրույցներն իրականացրել է Սոցիոսկոպ ՀԿ հետազոտական թիմը, 2019-ի աշնանը։

Պիտակներ

Հանգանակություն

Գումարը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարներին` նպատակի դաշտում նշելով «նվիրատվություն»:

Ինեկոբանկ
2052822181271008 (AMD)
2052822181271022 (USD)
2052822181271042 (EUR)
SWIFT code INJSAM22