
Էդգար Խաչատրյանը քննարկում է բռնության մշակույթը Յոհան Գալթունգի պահանջմունքների տեսության շրջանակում։ Համաձայն դրա, մարդկային հիմնական 4 պահանջմունքներից յուրաքանչյուրը ենթադրում է նաև այդ պահանջմունքները չբավարարելու համապատասխան վախեր։ Այդ պահանջմունքների ու վախերի վրա տարբեր լծակներով ազդելով կամ զանազան մանիպուլյացիաների միջոցով՝ դրանցից մեկը մյուսից ավելի կարևորելով ու ակտուալացնելով, բռնության մշակույթում հնարավոր է դառնում հասարակությանը մատուցել և ընդունելի դարձնել պարտադրվող գաղափարաբանությունը։ Ռազմականացման պայմաններում հասարակությունը անընդհատ պատրաստվում է պատերազմի, ակտուալացվում է գոյատևման պահանջմունքը՝ մյուս պահանջմունքների հաշվին։ Այս պայմաններում կան հարցեր, որ չեն հնչում. ինչպե՞ս է ազդում ռազմականացման քաղաքականությունը հասարակական կյանքի մյուս ոլորտների (և մյուս պահանջմունքների) վրա, որո՞նք են դրա հետևանքները, ի՞նչ ուղղությամբ է տանում հասարակությանը այդ քաղաքականությունը։