Հայաստանում ընթացող թեժ քաղաքական իրադարձությունների ֆոնին «Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների և խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ն, «Սև Բիբար» ձախական քննախոսական հարթակը և Քաղաքական դիսկուրս հանդեսը ներկայացնում են տնտեսաքաղաքական հրատապ հարցեր արծարծող հետազոտությունների ժողովածու։
Այն անդրադառնում է Հայաստանի տնտեսական քաղաքականության չորս կարևոր ուղղությունների՝ հարկային համակարգի (ան)արդարության խնդրին, պետություն-ներդրող խնդրահարույց հարաբերությունների իրավական կարգավորումներին, արհմիությունների գործունակության հետ կապված օրենսդրական հարցերին և համայնքների խոշորացման քաղաքական ու սոցիալ-տնտեսական հետևանքներին: Այս համատեղ աշխատանքը նպատակ ունի վեր հանել նշյալ ոլորտներում մի շարք խնդիրներ ու բացթողումներ, ինչպես նաև ուրվագծել քաղաքական այլընտրանքներ կամ լուծման հնարավոր ուղիներ:
Արտակ Քյուրումյանի, Հրակ Փափազեանի և Վահրամ Սողոմոնյանի «Հարկային (ան)արդարությունը Հայաստանում» հոդվածում մանրակրկիտ ուսումնասիրվել են նորանկախ Հայաստանի հարկային համակարգի պատմական զարգացումն ու ներկա վիճակում համակարգի խնդիրները՝ սոցիալական արդարության տեսանկյունից: Անկախացումից ի վեր հարկային համակարգի փոփոխություններն ի վնաս հարկային արդարության աստիճանաբար նվազեցրել և վերացրել են համակարգի պրոգրեսիվ դրույթները՝ նպաստելով երկրում սոցիալական բևեռացմանը, այսինքն՝ ավելի մեծ և դիվերսիֆիկացված եկամուտներ ունեցող քաղաքացիներն իրենց եկամուտների ավելի փոքր մասն են վճարում կառավարությանը, քան համամասնորեն ցածր աշխատավարձային եկամուտ ունեցողները: Արձանագրվում է, որ հարկային համակարգի այժմյան ռեգրեսիվ բնույթը ոչ միայն սնում է եկամուտների անհավասարությունն ու սոցիալական բևեռվածությունը երկրում, այլև նպաստում հարուստ փոքրամասնության անհամեմատ ավելի հարստացմանը, մինչ հասարակության աղքատ մեծամասնությունը շարունակում է դիմագրավել աղքատության լուրջ խնդիրներին, որոնց առնվազն մի մասը հնարավոր պիտի լիներ լուծել կամ թեթևացնել ավելի արդար, այսինքն պրոգրեսիվ հարկման համակարգի գոյության պայմաններում։ Ուսումնասիրության վերջում արվում են նաև հարկային քաղաքականության փոփոխության ուղենշային առաջարկներ, որոնցից առաջինը վերստին պրոգրեսիվ հարկային դրույքաչափերի վերականգնումն է:
Շահանե Խաչատրյանի «Համայնքների խոշորացում. կենտրոնացո՞ւմ, թե ապակենտրոնացում» լրագրողական ուսումնասիրության մեջ հեղինակը արդեն խոշորացած Դիլիջան համայնքի օրինակով վերլուծում է համայնքների խոշորացման ռեֆորմը, վերհանում է դրա արդյունքում երևան եկած խնդիրները, դժվարություններն ու դրական կողմերը։ Հոդվածագիրը եզրակացնում է, որ մայրաքաղաքից ապակենտրոնացման կարգախոսի տակ իրականացվող ռեֆորմը իրականում բերում է կենտրոնացման ավելի ցածր՝ խոշորացվող համայնքի կենտրոնի մակարդակում, փոքր միավորները որոշումների կայացման գործընթացներում ֆորմալ ու ոչ էֆեկտիվ են ներգրավված։ Դրան ավելանում է նաև համամասնական ընտրակարգը, ինչը բերում է համայնքի ղեկավար մարմնի բացարձակ կուսակցականացման, և համայնքի վերաբերյալ փաստացի որոշումների կայացման գործընթացից դուրս են մղվում այն մարդիկ, որոնք քաղաքականացված են, բայց՝ ապակուսակցական: Համամասնական ընտրակարգի ներդրումը համայնքային ընտրություններում խանգարելու է ապակուսակցական քաղաքացիական հանրության զարգացմանը, որն անչափ կարևոր է հատկապես փոքր բնակավայրերի պարագայում։ Հոդվածագիրը զգուշացնում է, որ խոշորացման այս փուլում դեռևս ուշ չէ խորացված հետազոտությունների միջոցով հասկանալ համայնքների իրական կարիքները և վերանայել ռեֆորմին առնչվող որոշ կարևորագույն կետեր:
Արմեն Աբագյանի «Իրավական ոչնչացման զենքեր. «ներդրողպետություն» վեճերի կարգավորման դատական գործընթացները և «Լիդիան Ինթերնեշընըլի» գրոհը Հայաստանի ինքնիշխանության վրա» հոդվածում հեղինակը քննադատական անդրադարձ է կատարում ներդրումային վերպետական արբիտրաժային տրիբունալներին և ներկայացնում է դրանց էությունը։ Ամուլսարի համար մղվող պայքարի և դրա շուրջ ծավալվող գործընթացների շնորհիվ Հայաստանում 2018-2019թթ․ վերջապես խոսակցություններ և քննարկումներ սկսվեցին ներդրումային վերպետական արբիտրաժային տրիբունալների մասին: Սա առաջին անգամը չէ, որ օտարերկրյա ընկերությունները (ներդրողները) Հայաստանի դեմ բողոք են բերում բիզնես տրիբունալներում. ուղղակի նախկինում կամ հենց այս պահին տրիբունալների քննության տակ եղած մյուս գործերը գաղտնի են պահվել հանրությունից, չնայած հարկատուների հաշվին հավանաբար մեծ գումարներ են վճարվել վեճերը հարթելու կամ ընկերությունների վնասները փոխհատուցելու համար: Առևտրային շահերին ծառայող այս չափազանց անարդար իրավական ոստայնի դեմ պայքարելու համար շատ կարևոր է ճանաչել դրա էությունը, ինչն էլ փորձել է անել հոդվածի հեղինակը՝ բացահայտելով բիզնես արբիտրաժային տրիբունալների և դրանց իրավական հիմք հանդիսացող երկկողմ ներդրումային համաձայնագրերի խարդավանքները և հակասությունը միջազգային իրավունքին ու հանրային շահին:
Աննա Ժամակոչյանի և Նվարդ Մարգարյանի «Արհմիությունների գործունակության հարցը» հոդվածն անդրադառնում է Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանության գործում արհմիությունների գործունակության համակողմանի ըմբռմանը։ Համապարփակ ուսումնասիրությունը հենվում է Գյումրի քաղաքի «Սասստեքս» տեքստիլ գործարանի բանվորուհիների բողոքի օրինակի վրա և կարևոր արձանագրումներ է անում աշխատանքի ոլորտում պետական քաղաքականության ու արհմիութենական շարժման մասին: Արհմիությունների գործունակությունը հետազոտության շրջանակում դիտարկվում է իրավաքաղաքական միջավայրի և ինստիտուցիոնալ նախապայմանների, արհմիությունների ռեսուրսների եւ կարողությունների, ինչպես նաեւ արհմիութենական պրակտիկաների արդյունավետության կամ անարդյունավետության բաղադրիչների անկյան տակ։
Հուսով ենք, որ տնտեսական ու սոցիալական քաղաքականություններին վերաբերող քննադատական մոտեցումներով և փաստական հարուստ նյութով հագեցած այս բազմակողմանի աշխատանքը կարող է տարածք բացել նոր սոցիալ-տնտեսական մոդելների շուրջ հանրային բանավեճի համար՝ ազատ շուկայական նեոլիբերալ պատումներից անդին:
«Արհմիությունների գործունակության հարցը Գյումրու «Սասստեքսի» բանվորուհիների բողոքի օրինակով» հետազոտության հավելվածները հասանելի են ստորև․