ԿԱՆԱՆՑ ՀԱՐՑԸ ԵՒ ՆՐԱ ԾԱԳԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

Նախաբան

Սոֆիա Դանիելբեկյանի «Կանանց հարցը և նրա ծագելու պատճառները» ընդարձակ հոդվածը լույս է տեսել արևելահայ առաջադիմական և քննադատական մտքի ձևավորման և զարգացման կարևորագույն հարթակներից մեկում` Մուրճ հանդեսում[1] 1906 թվականին։

Բացի կանանց խնդիրներից՝ Սոֆիա Դանիելբեկյանը մի շարք քննադատական հոդվածներ է հեղինակել նաև Մշակ պարբերականում՝ սոցիալական, կրթական, մշակութային հարցերի շուրջ («Ռուս և հայ ինտելիգենցիան», Մշակ, 1900(31), «Մատաղ սերունդների ֆիզիկական զարգացումը», Մշակ, 1906 (32) և այլն)։

Իր «Կանանց հարցը և նրա ծագելու պատճառները» հոդվածում, որ հիմնված է բանվորական շարժման գործուն դերակատար, Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիրներից Ավգուստ Բեբելի «Կինը և սոցիալիզմը» աշխատության և մի քանի այլ աղբյուրների վրա, Սոֆիա Դանիելբեկյանը պնդում է, որ հեղափոխական ներուժով լի քաղաքական մեծ գործընթացները, շարժումները և գաղափարական պայքարներն անպայմանորեն հանրային ասպարեզ են բերում «կնոջ հարցը»։

«Այդ երևոյթի հոգեբանութիւնը հասկանալի է: Ամեն մի ազատագրական շարժում ճնշուած, իրաւազուրկ դասերի բողոքի արտայայտութիւն է, կամ այդ դասերի իրաւունքները պաշտպանող մի պայքար. կինը այդ իրաւազուրկ դասերից մէկն է բոլոր երկրներում, ուստի ևս ձայնակցում է բողոքող տրամադրութեանը, առաջ է բերում իր դատը՝ կանանց հարցը»:

Այս պնդումը հիմնավորելու համար Դանիելբեկյանն անդրադառնում է աշխարհի տարբեր մայրցամաքներում քաղաքացիական և քաղաքական պայքարների բովում ծնված կանանց ազատագրական շարժումներին՝ կանգ առնելով մասնավորապես Ամերիկայում, Ավստրալիայում և դրա գաղութներում, Եվրոպայում և Ռուսական կայսրությունում կանանց՝ քաղաքացիական և քաղաքական իրավունքների համար մղվող պայքարների սկզբնավորման և զարգացման վրա։

Դանիելբեկյանի համար «կնոջ հարցը» ոչ միայն անջատ չէ քաղաքական, պատմական և սոցիալ-տնտեսական պայմաններից, այլև ծնվում և զարգանում է դրանց համատեքստում։ Այս առումով է, որ Դանիելբեկյանը մեծ կարևորություն է տալիս սոցիալիզմին՝ իբրև կնոջ գաղափարական «օգնական», որ հակադրվում է «կնոջ բնույթի» շուրջ աջ պահպանողականների էսենցիալիստական դատողություններին և քաղաքականություններին և առաջադիմական մոտեցումներով խրախուսում է կանանց քաղաքացիական և քաղաքական իրավունքների հաստատումը։

Դանիելբեկյանի համար «կնոջ հարցը» ոչ թե մոդայի կամ քմահաճույքի, այլ կենսական և քաղաքական-գաղափարական հարց է, որ ակներև է դարձնում, թե որքան դժվարությամբ և դանդաղությամբ են կանայք նվաճում հանրային ասպարեզում լիարժեքորեն դրսևորվելու իրենց նվազագույն իրավունքները։

Սոֆիա Դանիելբեկյանը կարծում էր, որ հեղափոխական համատեքստերում, որքան էլ մարտահրավերներով և խոչընդոտներով լի, սակայն «կնոջ հարցն» ի հայտ է գալիս աներկբայորեն։

Վերջին տարիներին՝ հատկապես 2018 թ․ հեղափոխությունից հետո, Հայաստանում աջ պահպանողականները և ծայրահեղ աջական խմբերը քաղաքական նպատակահարմարության տեսանկյունից շարունակաբար մանիպուլացնում են կանանց, գենդերային և սեռականության հարցերը  հանրային-քաղաքական ասպարեզում իրենց իշխանությունն ամրապնդելու, խորացնելու և կանանց քաղաքական ազատագրումը լուսանցք նետելու համար։ Կանանց պայքարին խոչընդոտող, այն մարգինալացնող ուժերի քաղաքականությունները հետհեղափոխական դրության պայմաններում սրվեցին Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, որն է՛լ ավելի ամրապնդեց կանանց վերագրվող էսենցիալիստական դերերը։

Այսօր՝ այդքան հեռու անցյալից հնչող Սոֆիա Դանիելբեկյանի մտորումները «կնոջ հարցի» քաղաքական-գաղափարական էության, ինչպես նաև դրա սոցիալ-տնտեսական շերտերը հաշվի առնելու շուրջ ավելի քան ակտուալ են։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է «կնոջ հարցը» մնում ներկայիս հետհեղափոխական և հետպատերազմական դրության գաղափարական խմորումների արտահայտիչ ուղղություններից մեկը։

Ստորև կարող եք կարդալ հոդվածն ամբողջությամբ։ Հոդվածը բնօրինակից թվայնացրել է Սոցիոսկոպը[2]։

Արփի Մանուսյան

______________

Բոլոր ազատագրական շարժումների, դեմօկրատիական գաղափարների բռնկումների ժամանակ առաջ է եկել և կանանց հարցը[3]: Այդպէս էր Ամերիկայի անկախութեան համար մղուող կռուի ժամանակ, այդպէս էր ֆրանսիական յեղափոխութեան ժամանակ, այդպէս է և այժմ մեզանում — Ռուսաստանում:

Այդ երևոյթի հոգեբանութիւնը հասկանալի է: Ամեն մի ազատագրական շարժում ճնշուած, իրաւազուրկ դասերի բողոքի արտայայտութիւն է, կամ այդ դասերի իրաւունքները պաշտպանող մի պայքար. կինը այդ իրաւազուրկ դասերից մէկն է բոլոր երկրներում, ուստի ևս ձայնակցում է բողոքող տրամադրութեանը, առաջ է բերում իր դատը

— Կանանց հարցը:

Ամերիկայի ազատագրական կռուի ժամանակ այնտեղի կանայք քաղաքական իրաւունքներ պահանջեցին իրանց համար և Նիւ—Ջերսի շտատում 1776 թ. նրանք ստացան այդ իրաւունքները, որոնք նորից յետ էին խլուած նրանցից 1807 թ. օրէնքով: Ֆրանսիական յեղափոխութեան ժամանակ կանայք պահանջում էին իրանց համար քաղաքական և քաղաքացիական իրաւունքներ: Նրանք հիմնում էին քաղաքական կլուբներ, և «մարդու և քաղաքացու իրաւունքների դէկլօրասիօնի» օրինակով կազմել էին «կանանց իրաւունքների դեկլօրասիօնը» — որի հեղինակը կին էր: Բայց կանանց այդ պահանջներին Ֆրանսիայի հասարակութիւնը ոչ միայն լուրջ ուշադրութիւն չդարձրեց, այլև վերաբերուեց ամենաբացասական կերպով: Կանանց կլուբները փակուեցին և մինչև անգամ կանանց նախկին քաղաքացիական իրաւունքները սահմանափակուեցին: XIX դարի միջին կանանց հարցը Ֆրանսիայում նորից կենդանութիւն ստացաւ. հիմնուեցին կանանց էմանսիպացիայի պաշտպան լրագրներ. Ժորժ–Զանդը իր վէպերում պաշտպանում էր կանանց դատը: Բայց այդ շարժումը ևս դրական հետևանքներ չունեցաւ:

Ներկայումս Ռուսաստանի ազատագրական շարժումը առաջ է բերել և Ռուսաստանում «Կանանց հարցը»:

Ռուսաստանի կանայք ընդհանրապէս անտարբեր չմնացին ընդհանուր ազատագրական շարժումին: Նրանք բուռն կերպով արձագանք տալով ազատարար ձգտումներին, ներգործական դեր են կատարում, բողոքում, պահանջում ու գործում են տղամարդկանց շարքերում — թէ խաղաղ պրոպագանդայի, թէ զանազան գործադուլների և թէ մինչև անգամ զինաւորուած ապստամբութեան ժամանակ զէնքը ձեռներին կռւում ու զոհւում ընդհանուրի գործին…: Բանտարկուած գործիչների թւում քիչ չեն և գաղափարական կանայք…:

Սահմանադրական–ռամկավարական կուսակցութեան ներկայ 1906 թ. յունուար ամսի Պետերբուրգի համագումարում, երբ նորից բարձրացաւ կանանց ընտրողական իրաւունքի հարցը և առաջարկութիւններ եղան՝ հանել նրան հերթական հարցերի շարքից, այդ բանը մեծ դիմադրութեան հանդիպեց կանանց կողմից:

Ինչպէս յայտնի է նախկին համագումարում կուսակցութեան անդամների մի մասը (փոքրամասնութիւնը) կանանց ընտրողական իրաւունքի անյապաղ իրագործելու հարցում մնացել էին առանձին կարծիքի և այդ իմաստով ծանօթութիւն էր մտցրուած կուսակցութեան ծրագրի մէջ. ահա այդ ծանօթութեան դէմ խստիւ բողոքեցին կանայք: Առանձնապէս մեծ տպաւորութիւն գործեց տիկին Տիրկովայի ճառը:

Ի միջի այլոց նա ասաց. «Ազատարար կռւում կինը տղամարդու շարքերում և մահ էր ընդունում և բանտն էր նետւում հաւասար կերպով. ուրեմն բանտ նստել միասին կարելի է, իսկ ներկայացուցչական ժողովին — ո՞չ»:

Այնուհետև երկար վիճաբանութիւններից յետոյ վերջապէս համագումարը որոշեց ոչնչացնել վերոյիշեալ ծանօթութիւնը, ընդունելով կանանց ընտրողական իրաւունքի շուտափոյթ տարածուելու պահանջը:

Ինչպէս յայտնի է ընդհանուր, հաւասար ընտրողական իրաւունք առանց սեռի խտրութեան պահանջում են և բոլոր ձախակողմեան կուսակցութիւնները: Բացի այդ մասնաւորապէս կանանց դատի պաշտպան է հանդիսանում «կանանց իրաւունքների հաւասարութեան միութիւնը», որը պահանջում է կանանց կատարեալ հաւասարութիւն թէ քաղաքական և թէ քաղաքացիական իրաւունքներում: Մի շարք կանանց միտինգներում նոյնպէս կոչեր են անւում ի պաշտպանութիւն կանանց իրաւունքների: Թէև պէտք է նկատել, որ Ռուսաստանի ընդհանուր շարժումը, կանանց աւելի մեծ թուեր է գրաւում քան թէ զուտ կանանց շարժումը — կանանց հարցը: Թէ ինչ հետևանք կ’ունենայ յօգուտ կանանց ընտրողական իրաւունքների պայքարը — ցոյց կը տայ ապագան, բայց մենք կարծում ենք որ գոնէ մօտիկ ապագայում նա յաջողութիւն չի կարող ունենալ:

Մենք նորից կը վերադառնանք կանանց իրաւունքների և սոցիալական դրութեան հարցին Ռուսաստանում, իսկ առայժմ մի թեթև տեսութիւն կանանց հարցի դրութեան մասին աւելի քաղաքակիրթ երկրներում:

______________

Կանանց ազատագրութեան, կանանց էմանսիպացիայի կողմից առաջին տեղն է բռնում Ամերիկան:   Ինչպէս ասացինք վերև, կանանց շարժումը ամենից առաջ սկսուել է Հիւս. Ամերիկայում, որը այնուհետև երբէք չմարելով աւելի և աւելի լայն ծաւալ է ընդունում, կազմակերպուած միութիւնների և կոնգրեսների եռանդուն գործունէութեամբ նոր և նոր իրաւունքներ նուաճում…:

Երեսնական թուականներում, աբօլիւցիօնիստական շարժումի — սևամորթների ստրկութեան դէմ մղուող պայքարի —  ժամանակ կանանց շարժումը Ամերիկայում առանձին զարկ է ստանում: 1848 թ. Ամերիկայում կայացաւ կանանց առաջին կօնգրեսը, որը միջոցներ մշակեց կանանց քաղաքական իրաւունքներ ձեռք բերելու համար: Նոյն նպատակով հիմնւում են այդ ժամանակներում և կանանց ընկերութիւններ: Ամենից առաջ կանանց ընտրողական իրաւունքը ընդունւում է ընդմիշտ Հիւս. Ամերիկայի Վիօմինգ շտատում — այն է 1896 թ. — ուր այդ ժամանակից սկսած կանայք և ընտրում և ընտրւում են: 25 տարի անցնելուց յետոյ —  այդ շտատի ժողովրդական ներկայացուցչութիւնը դիմել է աշխարհի բոլոր պարլամենտներին հետևեալ գրութեամբ. «Կանանց ընտրողական իրաւունքի գործադրութիւնը ոչ միայն վատ հետևանքներ չէ տուել, այլ և շատ ուղղութիւններում ամենալաւ ազդեցութիւնն է ունեցել. և այլն և այլն… Ուստի յենուելով անցեալի փորձի վրայ մենք առաջարկում ենք որ աշխարհի բոլոր քաղաքակիրթ պետութիւնները անյապաղ ընտրողական իրաւունքներ շնորհեն կանանց»:

Հիւս. Ամերիկայի Կոլորադօ շտատում կանայք ընտրողական իրաւունք են ստացել 1894 թ.: Հինգ տարուց յետոյ պարլամենտը յայտարարեց իր հետևեալ որոշումը. «Այս հինգ տարուայ ընթացքում կանայք օգտւում էին ընտրողական իրաւունքներով բարերար յաջողութեամբ, ուստի խորհուրդ ենք տալիս Հիւս. Ամերիկայի բոլոր շտատներին — կանանց իրաւունքների հաւասարութիւն — իբրև երկրի գերագոյն կարգերին նպաստող օրէնսդրական միջոց»:

Բացի վերոյիշեալներից Ամերիկայի մի քանի ուրիշ շտատներում ևս կանայք նոյնպէս կատարեալ ընտրողական — թէ ներգործական և թէ կրաւորական իրաւունքներ ունին:

Այդ նրանց քաղաքական իրաւունքները:

Բայց ինքն ըստ ինքեան հասկանալի է որ այն երկրներում, որտեղ կինը քաղաքական իրաւունքներ է վայելում, նա նուաճում է և աւելի լայն քաղաքացիական իրաւունքներ. նրա իրաւաբանական ինքնուրոյնութիւնը սահմանափակող օրէնքները տեղի են տալիս աւելի արդարացի օրէնսդրութեան, և նա որպէս պատերազմի դաշտում կռուող զինուոր դիրքեր է գրավում, աւանդական կարգերի ամրութիւնները խորտակում ու իր դրօշակը պարզում — աշխատելու իրաւունք մակագրութեամբ: Այսպէս ահա քայլ առ քայլ ամերիկացի կանայք նուաճեցին այնպիսի հասարակական կացութիւն, որը մեզ ասիացի կանանց համար շատ նախանձելի պէտք է թուայ: XIX դարի սկզբում ամերիկացի կինը զուրկ էր դեռ որևէ քաղաքական իրաւունքներից, զուրկ էր գրեթէ նաև ուսումից: Քսանական թուականներում միայն բացուեց այնտեղ իգական առաջին միջնակարգ դպրոցը, իսկ քառասնական թուականներում՝ կանանց առաջին բարձրագոյն բժշկական դպրոցը:

Կանանց կրթութեանը մեծ զարկ տուեց Ամերիկայում խառն ուսումը — տղայոց և աղջկերանց միասին: Սկզբից այդ կարգը մտցրին մի քանի դպրոցներում աւելի տնտեսական հաշիւներից դրդուած, բայց յետոյ տեսնելով խառն կրթութեան անուրանալի մանկավարժական առաւելութիւնները, կրթութեան այդ ձևը սկսեց տարածուիլ և այժմ երկրի բոլոր տարրական ուսումնարաններում տղերքն ու աղջկերքը միասին են սովորում: Ի դէպ պէտք է ասել որ տարրական ուսումը այնտեղ ի հարկէ ընդհանուր է, ձրի և շտատների մեծամասնութիւններում պարտաւորեցուցիչ:

1833 թուից միջնակարգ դպրոցներում ևս սկսեցին մտցնել խառն ուսումը, և այժմ այնտեղ էլ տիրապետում է կրթութեան այդ սիստեմը. թէև կան հատ հատ և զուտ արական կամ իգական միջնակարգ դպրոցներ: Վաթսունական թուականներից քիչ քիչ սկսում են բանալ իրանց դռները կանանց առաջ և արական բարձրագոյն դպրոցները. և այժմ համալսարանների և կօլլեջների մեծագոյն մասում տեղի ունի նոյնպէս խառն ուսումը. թէև դեռ կան և այնպիսի համալսարաններ, որոնք դեռ փակ են կանանց համար, ինչպէս և կան յատուկ կանանց բարձրագոյն դպրոցներ:

Ի դէպ է հետևեալը. 1901 թ. բարձրագոյն դպրոցներում սովորող տղամարդկանց թիւը հասնում էր 75,472–ի, իսկ կանանց — 27,879–ի:

Ինչ վերաբերում է կանանց քաղաքացիական դրութեանը, պէտք է ասել, որ ոչ մի երկրում դեռ կինը չի հասել հաւասարութեան այն աստիճաններին — ինչպէս Ամերիկայում. և ոչ մի տեղ նա այնպիսի յամառութեամբ չի մաքառել իր իրաւունքների համար — ինչպէս Ամերիկայում: Այժմ նա հասել է դրական հետևանքների: Նրա առաջ բաց են բոլոր այսպէս անուանուող ազատ արհեստները — ազատ պրոֆեսիօնները: Հազարներով են հաշւում այժմ այնտեղ կին բժիշկներին, քարոզիչներին. հարիւրներով են հաշւում կին իրաւաբաններին —  փաստաբաններին, դատախազներին, նոտարներին. կանայք դատաւորների և երդուեալների պաշտօններ են վարում. կանայք խմբագիրներ, բանկիրներ են. կանայք — պետական, համայնքային, գործարանական և այլ ծառայութիւններում:

Ինչպէս տարրական, նոյնպէս և միջնակարգ դպրոցներում տիրապետում են կին—ուսուցչուհիք և տեսչուհիք: Ուսուցիչների 79 % Ամերիկայում — կանայք են: Համալսարաններում ամբիօն ունեցող կին պրօֆեսսօրների և դոցենտների թիւը նոյնպէս մեծ է:

Հիւս. Ամերիկայում ամուսինների գոյքային յարաբերութիւնների վերաբերմամբ երկու սիստեմ է տիրում. 41 շտատներում ամուսինների գոյքային յարաբերութիւնները բաժան և կատարելապէս ինքնուրոյն են, իսկ միւսներում ամուսինների ընդհանուր–անբաժան գոյքային սիստեմն է ընդունուած և միևնոյն ժամանակ կնոջ դրութիւնը հաւասարեցրած է մարդու հետ:

Վերջացնելով ամերիկացի կանանց քաղաքական իրաւունքների և սօցիալական դրութեան տեսութիւնը, մենք աւելորդ չենք համարում պատկերը լրացնելու համար բերել հետևեալ մի նմուշը. «Ընդհանրապէս Հիւս. Ամերիկայում արմատացել է կատարեալ յարգանք դէպի կնոջ մարդկային անձնաւորութիւնը, ընդունելով նրա մտաւոր ու հոգեկան կարողութեան կատարեալ հաւասարութիւնը տղամարդու հետ: Այդ հայեացքը Ամերիկայում իբրև ակսիօմա է ընդունւում, մտել է ժողովրդի մարմնի և արիւնի մէջ, դարձել է նրա աշխարահայեցողութեան բաղադրիչ մասը. մինչ դեռ Եւրոպայում դա միայն առաջադէմ մարդկանց բաժինն է կազմում, և մինչև անգամ վերջինների մէջ շատ հակառակորդների է հանդիպում: Ահա հէնց դրանում է կայանում հին Եւրոպային արդի Ամերիկայից բաժանող խոր վիհը»[4]:

______________

Քաղաքական իրաւունքներ են վայելում կանայք և ժամանակակից աշխարհի առաջադէմ ռամկապետութիւնում — Աւստրալիայի դաշնակցական գաղութներում: Մի քանի շտատներում (Նոր–Զելանդիայում) 1893 թուից, միւսներում 1902 թուից, կանայք, հասնելով 21 տարեկան հասակին, ներգործական, իսկ մի քանի շտատներում և կրաւորական ընտրողական իրաւունքներ են ստանում: Բայց պէտք է նկատած որ այդ քաղաքական իրաւունքները կանայք իրանք չեն նուաճել. այնտեղ կանանց ընտրողական իրաւունքների համար պայքար են մղել և յաղթանակը տարել գրեթէ բացառապէս տղամարդիկ. արմատականները, բանուորական կուսակցութեան ներկայացուցիչները և պրօհիբիցիօնիստները[5] — ահա ովքեր են եղել գլխաւորապէս կանանց իրաւունքների համար մարտնչողները. իսկ կանանց դերը այդ կռւում շատ աննշան է եղել. թէև կանայք լիապէս արդարացրին այն վստահութիւնը, որով տղամարդիկ ճանապարհ բացին նրանց համար. նրանք մեծ հետաքրքրութիւն ցոյց տուին և լայն կերպով օգտուեցին նոր իրաւունքներով:

Կանանց քաղաքական իրաւունքների բիլլը Նոր–Զելանդիայում ընդունուեց միայն երկու ձայների առաւելութեամբ: Շատերը երկիւղ էին կրում, որ նոր օրէնքը մեծ փոփոխութիւններ կ’առաջացնէ թէ պարլամենտական և թէ երկրի ներքին կեանքում. շատերը գուշակում էին խոշոր սօցիալական յեղափոխութիւն: Առհասարակ տարբեր կուսակցութիւններ տարբեր հետևանքներ էին սպասում: Ոմանք կարծում էին որ դրանով բարոյական գաղափարների մի նոր լաւագոյն դարագլուխ կը սկսուի, միւսները ընդհակառակը բացասական կերպով էին վերաբերւում: Սակայն այդ գուշակութիւններից և ոչ մէկը չարդարացաւ: Նոր–Զելանդիայի կանայք ոչ մի արտակարգ ձգտումներ, կամ յեղափոխական հակումներ չարտայայտեցին. իսկ նրանց կենցաղավարութեան ձևը նոր օրէնքը չյեղաշրջեց, որովհետև նրանք կարիք չունէին նետուելու գոյութեան կռուի մրցակցութեան մէջ, քանի որ Աւստրալիայի գաղութներում, ուր համարեա չգիտեն թէ ինչ է չքաւորութիւնը և կանանց թիւը տղամարդկանց թուից զգալի չափով պակասէ, հնարաւորութիւն է տրւում ամեն մի կնոջ բարեվիճակ տնտեսուհի և մայր լինելու:

Ինչպէս ասում է Վիլեամ Րիվսը (Նոր–Զելանդիայի պետական մինիստրը) Նոր–Զելանդիայի կանայք ընդհանրապէս բացի ֆիզիկական տգեղութիւնից, ոչ մի աչքի ընկնող, արտակարգ հոգեկան կամ մտաւոր յատկութիւններով չեն օժտուած, այլ ներկայացնում են առողջ, երջանիկ, ինտելիգենտ, տնասէր տնտեսուհիներ — մայրեր:

Բայց և այնպէս, ինչպէս որ վերև յիշատակեցինք, կանայք շտապեցին լայն կերպով օգտուել շնորհուած իրաւունքներով: Նոյն Վիլեամ Րիվսը հաստատում է որ կանայք Աւստրալիայի գաղութներում նոյն ծաւալով, նոյնպէս լայն կերպով են օգտւում ընտրողական իրաւունքներով, ինչպէս և տղամարդիկ:

Կանանց մասնակցութեամբ տեղի ունեցող առաջի պարլամենտական ընտրութիւններին ժողովուրդը հետևում էր լարուած ուշադրութեամբ: Աջակողմեան կուսակցութիւնները մեծ յոյսեր էին տածում կանանց բնածին պահպանողականութեան վրայ… մինչդեռ ընտրութիւններում յաղթանակը տարան առաջադիմականները…:

Այնուհետև էլ կանայք մեծ մասամբ առաջադէմ կուսակցութիւնների կողմնակից են հանդիսացել:

Նոր–Զելանդիայի յայտնի «բանուորական օրէնսդրութիւնը», որի նմանը չկայ ոչ Եւրոպայում և ոչ Ամերիկայում, և միւս համանման ազատամիտ օրէնքները ստեղծուած են նշանաւոր չափով կին ընտրողների մասնակցութեամբ:

Աւստրալիայի ֆեդերատիւ պետութեան մինիստր—նախագահ Է. Բարտօնը, Լոնդոնի կանանց մի պատգամաւորութեանը ասել է, որ նա առաջ կանանց ընտրողական իրաւունքի հակառակ է եղել, բայց այդ րեֆօրմի իրականացումը իր հետևանքներով համոզեցին նրան որ կանանց քաղաքական ազատագրութիւնը նպատակայարմար և արդարացի մի գործ է, և նա ինքը այժմ դարձել է կանանց շարժումի կողմնակից:

Քաղաքական իրաւունքներ ունեցող կինը Աւստրալիայում զուրկ չէ իհարկէ և քաղաքացիական իրաւունքներից:

Նրա առաջ բաց են գործելու ասպարէզները, բոլոր ազատ արհեստները. բայց նա հասարակական պաշտօններ վարելու առանձին ձգտումներ չի արտայայտում: Եւ կին բժիշկներ, և կին փաստաբաններ և միւս նոյնանման կին գործիչներ շատ սակաւաթիւ են Աւստրալիայում: Քիչ թէ շատ նշանաւոր թիւ են կազմում կանայք մանկավարժական ասպարէզում — ուսուցչուհիների պաշտօններում:

Ի դէպ պէտք է նկատել, որ այնտեղ բոլոր դպրոցներում — տարրական ուսումնարանից մինչև համալսարան — տեղի ունի երկու սեռերի խառն ուսումը. կանանց դպրոցական առանձնացումը Աւստրալիայում անախրօնիզմ է համարւում:

Սակայն ինչո՞վ բացատրել կանանց անտարբերութիւնը դէպի ինքնուրոյն աշխատանք, դէպի հասարակական պաշտօնները: Ինչո՞վ բացատրել որ նա ընտանիքից դուրս աշխատանք չի որոնում: Պարզ բան է, որ դրա գլխաւոր և գուցէ և միակ պատճառը նրա տնտեսական ապահով դրութիւնն է և այն հանգամանքը որ, ինչպէս վերև ասացինք, կանանց թիւը Աւստրալիայում տղամարդկանց թուից զգալի չափով պակաս լինելով, հնարաւորութիւն է տալիս նրանց բարեվիճակ տնտեսուհի և մայր լինելու: Այդ երևում է հետևեալ վիճակագրական տեղեկութիւններից.— 11899 թ. արևմտեան Աւստրալիայի գաղութի ընդհանուր ազգաբնակութեան 171,000 մ. թուից կանայք միայն 59,000 հոգի էին և այդ թուի կէսից աւելի — 15 տարուց պակաս հասակ ունեցող աղջկերքն էին կազմում. այնպէս որ 70,000 չափահաս տղամարդկանց վրայ միայն 20,000 չափահաս կին էր գալիս: Նոր–Զելանդիայում 1893 թ. ազգաբնակութեան 700,000 մ. ընդհանուր թուից չափահաս կանանց թիւը 140,000 — էր, իսկ չափահաս տղամարդկանց — 180,000 հոգի: Չմոռանանք և այն հանգամանքը որ կին ծառաների—աղախինների, դայեակների թիւը այնտեղ շատ սահմանափակ է, ուստի տան տիկինները շատ համեստ, աշխատաւոր կեանք են վարում ու կատարում են շատ տնային գործեր: Ի նկատի առնելով այդ բոլոր հանգամանքները մենք կը գտնենք այն առեղծուածի պատասխանը — թէ ինչու, չնայած բոլոր դիւրութիւններին, Աւստրալիայում կանայք այնքան սակաւաթիւ են հասարակական պաշտօններում:

______________

Եւրոպական պետութիւններից դեռ ոչ մէկում կինը քաղաքական իրաւունքներ չէ վայելում: Կանանց քաղաքական իրաւունքների հարցը Եւրոպայում լուրջ կերպով դրուեց ամենից առաջ Եւրոպայի ամենից ազատամիտ երկրում — Անգլիայում:

Մինչև XIX դարի սկիզբը կանանց ազատագրական շարժում Անգլիայում գրեթէ չկար. թէև դեռ XVII—դ ալեկոծ դարում կանանց իրաւունքների պաշտպանութեան ձայներ բարձրացան:

1832 թ. առաջին անգամ անգլիական համայնքների պալատին հանրագիր ներկայացրուեց կանանց ընտրողական իրաւունքներ տալու մասին:

Վաթսունական թուականներում կանանց հարցը Անգլիայում առանձին կենդանութիւն ստացաւ յայտնի տնտեսագէտ Ջ. Ս. Միլլի հովանաւորութեան ներքոյ, որը 1867 թ. պարլամենտում առաջարկեց քաղաքական իրաւունքներ տալ կանանց. սակայն առաջարկութիւնը մերժուեց 194 ձայնով — ընդէմ 73–ի:

1892 թ. կանանց ընտրողական իրաւունքի բիլլը (օրինագիծը) դարձեալ մերժուեց 202 ձայնով ընդէմ 179 ձայնի:

Իսկ 1897 թ. այդ բիլլը երկրորդ ընթերցումից յետոյ ընդունուեց 71 ձայների առաւելութեամբ. բայց բիլլի երրորդ ընթերցումը չը կայացաւ:

1904 թ. կանանց քաղաքական իրաւունքների բիլլը երկրորդ ընթերցումից յետոյ ընդունուեց ձայների աւելի ևս մեծ թուով, սակայն հետագայ ընթացք դարձեալ չը ստացաւ: Ինչպէս տեսնում էք Անգլիայում կանայք մօտենում են արդէն վերջնական յաղթանակին և պէտք է ասած որ նրանք իրանց քաղաքական կլուբների և պայքարի միւս ձևերով եռանդուն կերպով առաջ են տանում իրանց դատը: Եւրոպայի ոչ մի երկրում կանայք չեն արտայայտում այնպիսի եռանդուն գործունէութիւն կանանց էմանսիպացիայի հարցում — ինչպէս Անգլիայում:

Ներկայ 1906 թ. պարլամենտական ընտրութիւններում ազատամիտների յաղթանակը պէտք է որ նպաստի կանանց քաղաքական իրաւունքների հարցը վերջնականապէս լուծելու.— թէև այդ բանի իրագործելուն մինչև այժմ նշանաւոր չափով խանգարել է այն կասկածը, թէ մի գուցէ կանայք ուժեղացնեն պարլամենտում պահպանողականների տարրը. և հէնց այդ կասկածի պատճառով ազատամիտների նախկին պարագլուխ Գլադստօնը կանանց քաղաքական իրաւունքներ տալու դէմ էր: Ներկայումս, ինչպէս հաղորդում են լրագրական հեռագիրները, Անգլիայի կանանց մէջ մեծ յուզմունք է տիրում: Լոնդոնի մի բազմամարդ միտինգում կանայք վճռել են ամենակտրական քայլերի դիմել, որպէսզի պարլամենտական ներկայ սեսիայում վերջապէս ընտրողական իրաւունքներ ստանան: «Մենք պէտք է ձայնի իրաւունք ստանանք, ասել են նրանք. այլ ևս մեզ ոչինչ չի կանգնեցնիլ, մենք պատրաստ ենք մինչև անգամ մեր կեանքի գնով մեր դատի յաղթանակը տանել… Այնուհետև կանանց մի մասը — մօտ 50 հոգի գնացել են համայնքների պալատը և անձամբ բողոքել են, որ թագաւորը իր գահական ճառում չէ յիշատակել կանանց քաղաքական իրաւունքներ տալու մասին:

Այսպէս են ահա մաքառում անգլիացի կանայք իրանց իրաւունքների համար:

Թէև նրանք զուրկ են առ այժմ քաղաքական իրաւունքներից, բայց տեղական ինքնավարութիւններում կանայք մասնակցում են արդէն ընտրութիւններին թէ ներգործաբար և թէ կրաւորաբար:

Մինչև XIX դարի սկիզբը, ինչպէս ասացինք արդէն, կանանց շարժում Անգլիայում չկար, ինչպէս չկար և կրթական առաջխաղացութիւն: Կանանց դպրոցները սակաւաթիւ էին և կրթական տեսակէտից անբաւարար: Այդ ժամանակներում հիմնւում են կանանց կրթութիւնը բարեկարգող ընկերութիւններ: 1847 թ. կազմակերպւում են կանանց դասընթացներ, որոնք յետոյ կերպարանափոխւում են կանանց բարձրագոյն դպրոցի: Բացւում են նոյնանման ուրիշ բարձրագոյն դպրոցներ, որոնց գլխաւոր նպատակն էր պատրաստել կրթուած վարժուհիներ միջնակարգ ուսումնարանների համար: Իգական միջնակարգ դպրոցի ծրագիրները ժամանակի ընթացքում հաւասարեցնւում են արական դպրոցների հետ: Այժմ շատ տեղեր գործադրւում է երկու սեռերի խառն ուսումը:

Վաթսունական թուականների վերջում մի քանի համալսարաններ սկսում են ընդունել կանանց, սակայն առանց գիտնական աստիճաններ ստանալու իրաւունքի: Այնուհետև միւս համալսարանները ևս բանում են իրանց դռները կանանց առաջ, տալով նրանց և գիտնական աստիճաններ: 1874 թ. բացւում է կանանց բարձրագոյն բժշկական դպրոցը — որովհետև համալսարանների բժշկական ֆակուլտետներում չէին ընդունում կանանց:

Այժմ Անգլիայի, ինչպէս և նրա գաղութների, գրեթէ բոլոր համալսարանները բաց են կանանց համար տղամարդկանց հետ համահաւասար չափով:

Ընդհանրապէս աչքի է ընկնում Անգլիայի կանանց արտաքոյ կարգի ձգտումը դէպի ուսում, կրթութիւն:

Մի կողմից գաղափարական ձգտումները և գիտութեան ծարաւը, միւս կողմից ժամանակի պահանջը — գոյութեան կռւում անզէն չմնալու գիտակցութիւնը — խտացնում են կրթուած կանանց շարքերը, օրէցօր աւելացնելով ինքնուրոյն աշխատանքով ապրող կանանց թիւը:

Անգլիայում կանանց մի ահագին թիւ, սկսած հասարակ բանուորուհուց մինչև բարձր կրթութիւն ստացած կինը՝ ստիպուած են ինքնուրոյն աշխատանքով ապրել, առանց յոյս ունենալու մարդու գնալ, քանի որ կանանց թիւը Անգլիայում տղամարդկանց թուից չափազանց գերազանց է: Օրինակ, Էդինբուրգում 47,000 տղամարդու վրայ գալիս է 64,000 կին: Գլազգօյում 83,000 տղամարդու վրայ հաշւում են 100,000 կին:

Աւելացրէք դրանց վրայ և այն ամուսնացած կանանց, որոնց տնտեսական դրութիւնը ստիպում է ընտանիքից դուրս աշխատանք որոնել, և այն ազատութեան ու հաւասարութեան ձգտող գաղափարական կանանց, և դուք կը ստանաք ինքնուրոյն աշխատանքով ապրող կանանց մի պատկառելի բազմութիւն: Կարիքը ստիպում է նրանց աշխատանքի վայրեր նուաճել, ստիպում է բաղխել իրանց առաջ փակ արհեստների դռները: Եւ մարդկութեան ուժեղ մասը, ուժեղ սեռը շտապում է բանալ կանանց առաջ գործելու այն ասպարէզները, որտեղ կարելի է շահագործել կանանց էժանագին բանուորական ոյժը…

Ի դէպ. Անգլիայում, ինչպէս և Ամերիկայում և միւս երկիրներում կանանց աշխատանքը աւելի վատ է վարձատրւում, քան թէ տղամարդու նոյնանման աշխատանքը:

Յիսունական թուականներից Անգլիայում սկսում են կանանց ընդունել հեռագրական հիմնարկութիւններում, այնուհետև պոստի և միւս պետական հաստատութիւններում ևս սկսում են գրագիրների պաշտօններ տալ: Բայց ժամանակի ընթացքում կանայք նուաճում են և ուրիշ ասպարէզներ և աւելի բարձր դիրքեր: Այժմ հասարակական պաշտօններում քիչ չեն սանիտար և շրջանային կին–բժիշկներ, հիւանդանոցների բժիշկ կառավարչուհիներ, գործարանական և առևտրական տեսչուհիներ, ճարտարապետներ, եկեղեցական քարոզիչներ և այլն: Բայց փաստաբանական գործունէութիւնը փակ է դեռ կանանց համար:

Կանանց մասնակցութիւնը ժողովրդի լուսաւորութեան ասպարէզում շատ մեծ է. թէ իգական և թէ արական դպրոցների ուսուցիչների և տեսչուհիների ահագին մեծամասնութիւնը — կանայք են:

Մեծ է կանանց մասնակցութիւնը և առևտրական ու արդիւնաբերական հիմնարկութիւններում: Քիչ չեն ի հարկէ ազատ բժիշկներ, խմբագիրներ, լրագրական աշխատակիցներ:

Կանանց իրաւաբանական դրութիւնը որոշող օրէնքները Անգլիայում վերջին դարի կէսից նոյնպէս փոփոխութեան ենթարկուեցին: Մինչև այդ ամուսնացած կինը զրկւում էր բոլոր իրաւունքներից, և մարդը դառնում էր նրա գոյքերի սեփականատէրը: 1870 թ. օրէնքով կնոջը իրաւունք էր տրւում ամուսնութեան միջոցին իր աշխատանքով ձեռք բերած վաստակի տէրը լինել. իսկ 1882 թ. օրէնսդրութիւնը սահմանում է ամուսինների գոյքային կատարեալ ինքնուրոյնութիւն — բաժան սեփականութեան իրաւունքը:

Մինչդեռ կանանց ժառանգական իրաւունքները Անգլիայում սահմանափակ են մինչև այժմ: Աղջկերքը անշարժ գոյքը ժառանգելու իրաւունք են ստանում միայն տղաների բացակայութեան դէպքում:

Այսպէս է ահա կանանց դրութիւնը Անգլիայի պէս ազատամիտ երկրում:

______________

Եւրոպական պետութիւնների մէջ — կանանց քաղաքական իրաւունքների հարցում — երկրորդ տեղն է բռնում Նորվէգիան: Վերջինումս մի քանի անգամ քուէարկուել է այդ հարցը և վերջի քուէարկութեան ժամանակ ստացել է ձայների մեծամասնութիւն, բայց չէ ընդունուել որովհետև այնտեղ մի օրէնք ընդունուած լինելու համար պէտք է ստանայ ձայների 2/3—ը:

Բայց 1901 թուից համայնական ընտրութիւններում կանայք թէ ներգործական և թէ կրաւորական իրաւունքներ ունեն. իսկ 1902 թ. օրէնքը իրաւունք է տալիս կանանց ընտրուած լինել և երդուեալ դատաւոր:

Պէտք է ասել, որ Նորվեգիան առաջնորդող դեր է կատարում Եւրոպայում կանանց հարցում. նա դեռ 1828 թ. բաց արեց կանանց առաջ իր համալսարանների դռները: Բաց են այժմ կանանց առաջ գործելու գրեթէ բոլոր ասպարէզները — թէ հասարակական և թէ պետական. ոչ միայն ազատ արհեստները — բժշկական, փաստաբանական և այլն այլն և հասարակական ու պետական պաշտօնները — բացի զինուորական, ոստիկանական և դիպլօմատիական ծառայութիւններից:

______________

Կանանց քաղաքական իրաւունքների հարցը Ֆրանսիայում թէև շատ վաղ է ծագել, բայց նա տևողական չի եղել և ժամանակ առ ժամանակ բորբոքուելով նորից մարել է: Թէև ֆեմինիստական մամուլը Ֆրանսիայում երբէք չի դադարել գործելուց, բայց ֆրանսուհիների մէջ չի նկատւում այնպիսի զօրեղ ձգտում քաղաքական իրաւունքներ ձեռք բերելու — ինչպէս որ Անգլիայի կանանց մէջ, և եղած հանրագրերը ու դիմումները — կանանց ընտրողական իրաւունքներ շնորհելու մասին, ոչ մի յաջողութիւն չեն ունեցել: Ֆրանսիայի հանրապետական կառավարութիւնը մասամբ չի վստահանում ընտրողական իրաւունքներ տալ կանանց, որովհետև վերջիններս գտնւում են այնտեղ կաթօլիկ կղերականութեան ազդեցութեան տակ, իսկ կղերական ոգին ուժեղացնելը ցանկալի չէ ի հարկէ:

Ընդհանրապէս կանանց շարժումը Ֆրանսիայում մեծ ծաւալ չունի և դրա արգելառիթ պատճառներից մէկը պէտք է համարել նոյն կղերականութեան ազդեցութիւնը:

XIX դարի առաջի կէսում կանանց թէ տարրական և թէ միջնակարգ կրթութիւնը Ֆրանսիայում շատ անբաւարար էր. դպրոցները սակաւաթիւ էին և ծրագիրները թոյլ: Այնուհետև սկսում են ուշք դարձնել և կանանց կրթութեան գործը բարենորոգել:

1882 թ. կանանց տարրական ուսումը պարտաւորական դարձրին և ուսումնարանների ծրագիրները հաւասարեցրին տղայոց տարրական ուսումնարանների ծրագիրների հետ:

Կանանց միջնակարգ կրթութիւնը, ինչպէս առաջ, նոյնպէս և այժմ, գտնւում է մեծաւ մասամբ կուսանաց վանքերի ձեռին. այդ դպրոցների ծրագիրը արական միջնակարգ դպրոցների ծրագիրներից թոյլ է. իսկ պետական իգական դպրոցների թիւը աւելի քիչ է:

Առանձին ձգտում չեն արտայայտում կանայք Ֆրանսիայում և դէպի բարձրագոյն ուսումը. թէև դեռ վաթսունական թուականներից համալսարանների դռները սկսեցին բացուել կանանց առաջ և այժմ Ֆրանսիայի բոլոր համալսարաններում կանայք ընդունւում են տղամարդկանց հետ հաւասար իրաւունքներով:

1903 թ. Ֆրանսիայի համալսարանների 29,000 ուսանողների թուից 1200–ը կանայք էին, սրանցից կէսից աւելի ֆրանսուհիք էին, իսկ միւս կէս 508 հոգի — օտարերկրացի կանայք:

Ֆրանսիայում կանանց առաջ բաց են հետևեալ ասպարէզները. կանայք ծառայում են պոստի, երկաթուղու, պետական բանկի և միւս հիմնարկութիւնների մէջ: Կան բանտային և գործարանական տեսուչների օգնականուհիներ, երկաթուղու կայարանների գլխաւորներ, կին–բժիշկներ պետական և հասարակական հաստատութիւններում: Վերջերս կանանց թոյլատրուած է և փաստաբանական գործունէութիւնը. թէև փաստաբան կանայք առ այժմ մի քանի հոգի են միայն: Շատ են կանայք ուսուցչական ասպարէզում, և գլխաւորապէս տարրական դպրոցներում: Կան կին խմբագիրներ:

Ֆրանսիայի քաղաքացիական օրէնքները զրկում են կանանց շատ իրաւունքներից, և մանաւանդ ամուսնացած կանանց: Ամուսնացած կինը Ֆրանսիայում ամբողջապէս կախուած է իր մարդուց: Նրա բոլոր կարողութիւնը — թէ գոյքային և թէ իրաւական — անցնում է մարդու իշխանութեան ներքոյ: Միայն սեռերի ժառանգական իրաւունքները  հաւասարեցրած են Ֆրանսիայում դեռ յեղափոխութեան ժամանակներից:

Այսպէս ինչպէս տեսնում էք Ֆրանսիայում կանայք ոչ միայն քաղաքական իրաւունքներ չունին, այլ և նրանց իրաւաքաղաքացիական դրութիւնը չափազանց սահմանափակուած է:

______________

Կանանց քաղաքական իրաւունքների հարցը Գերմանիայում բարձրացրին միայն 1905 թ.: Սոցիալ–դեմօկրատների պարագլուխ Բեբելը 1905 թ. առաջարկեց րեյխստագին ընտրողական իրաւունքներ տալ կանանց, բայց առաջարկութիւնը յաջողութիւն չգտաւ իհարկէ:

Գերմանիայում մինչև անգամ օրէնքը արգելում է կանանց մասնակցութիւնը միտինգներում և միւս քաղաքական բնաւորութիւն կրող համախմբումներում:

Կանանց շարժումը Գերմանիայում համեմատած միւս երկիրների հետ շատ ուշ սկսուեց: Վաթսունական թուականներից հիմնւում են կանանց իրաւունքների պաշտպան միութիւններ, որոնց գործունէութիւնը ուղղուած է լինում գլխաւորապէս կանանց կրթական մակերևոյթը բարձրացնելու հոգսին: Սակայն չնայած այդ կազմակերպութիւնների ջանքերին կանանց միջնակարգ կրթութիւնը մինչև այժմ անբաւարար վիճակի մէջ է: Կառավարութիւնը առանձին հոգս չի տանում կանանց միջնակարգ կրթութեան վրայ և դպրոցների մեծամասնութիւնը մասնաւոր են: Իգական միջնակարգ դպրոցների ծրագիրները արական դպրոցների ծրագիրներից ցածր են և միայն մի քանի գիմնազիաներ կան, ուր ուսման ծրագիրները հաւասարեցրած են արականների հետ:

Վերջերս մի քանի տեղ փորձեր են անւում տղայոց և աղջիկերանց խառն ուսման:

Գերմանական համալսարանների մեծ մասը բաց է կանանց համար, բայց դրանցից միայն մի քանիսն են տղամարդկանց հետ համահաւասար գիտնական աստիճաններ տալիս կանանց. միւսները ընդունում են կանանց միայն իբրև ազատ ունկնդիրների:

Գերմանական համալսարաններում սովորող կանանց նշանաւոր մասը օտարերկրացիք են:

Տարրական ուսումը Գերմանիայում պարտաւորական է երկու սեռերի համար էլ: Կրթական գործը գտնւում է գլխաւորապէս տղամարդկանց ձեռքում. թէև ժողովրդի լուսաւորութեան գործի ասպարէզում կանանց թիւը աւելի է, քան թէ միւս արհեստներում:

Բացի ուսուցչական ասպարէզից կանայք ընդունւում են պոստային հիմնարկութիւններում: Կան կին–բժիշկներ ինչպէս և գործարանական տեսուչների օգնականուհիք:

Գերմանուհու իրաւաբանական դրութիւնը աւելի բարձր է քան թէ ֆրանսուհու: Ամուսնացած գերմանուհին աւելի իրաւատէր է, աւելի քիչ է սահմանափակուած իր մարդու իշխանութեամբ: Գերմանիայում ամուսինների իրաւունքները համեմատաբար աւելի հաւասար են, ամուսնացած կինը իրաւունք ունի սեփական գոյք ունենալ և կառավարել նրան ինքնուրոյն:

Եւ այսպէս, ինչպէս տեսնում էք այս կարճ տեսութիւններից, Գերմանիայում կանանց հարցը առանձին առաջադիմութիւն չի արել, թէև վերջի տարիներս աւելի կենդանութիւն է ցոյց տալիս ու աւելի լայն ծաւալ ընդունում:

Սրանով մենք վերջացնում ենք վերոյիշեալ երկիրներում կանանց հարցի տեսութիւնը և անցնում այդ հարցի դրութեանը Ռուսաստանում:

______________

Կանանց կազմակերպուած շարժում Ռուսաստանում մինչև այժմ չի եղել և նորերս միայն կարծես ուզում է ծնունդ առնել մի այդպիսի շարժում:  Երևան է գալիս «կանանց իրաւունքների հաւասարութեան միութիւնը» իր գաւառական ճիւղերով — թէև ոչ բազմաթիւ անդամներով: Ներկայացւում են կանանց բազմաթիւ ստորագրութիւններով հանրագրեր — համալսարանների դռները կանանց առաջ բանալու խնդիրներով: Դրանք արդէն կազմակերպուած գործունէութեան արտայայտութիւններ են: Բայց կանանց հարցը Ռուսաստանում գոյութիւն ունի վաղուց արդէն և միայն այժմ նա առանձին կենդանութիւն է ստացել: Վաթսունական թուականների ազատամիտ րեֆօրմների ժամանակաշրջանում հանդէս եկաւ և կանանց հարցը: Այդ ժամանակներում հարց էր բարձրացրուած համալսարաններում կանանց ընդունելու մասին և Պետերբուրգի համալսարանը ու բժշկական Ակադեմիան 1859—1861 թ. ընթացքում ընդունում են կին ուսանողներ, բայց յետոյ համալսարանում տեղի ունեցած խառնակութիւններից օգտուելով կանանց առաջ նորից փակում են այդ բարձրագոյն դպրոցների դռները:

1870 թ. Պետերբուրգում բացւում են կանանց դասընթացներ, որոնք 1873 թ. փակուելով նորից բացւում են 1878 թ. — Бестужев. курсы անուան տակ: 1872 թ. Պետերբուրգի բժշկական Ակադեմիային կից բացուեցին կանանց բժշկական դասընթացներ, բայց 1880 թ. զինուորական մինիստր Վանովսկին փակել տուեց այդ դասընթացներն էլ:

1869 թ. Մոսկուայում բացուեցին կանանց դասընթացներ — այսպէս անուանուող «Лубянскiе курсы», իսկ 1872 թ.–ից մինչև 1886 թ. գոյութիւն ունէին Մոսկվայում պրօֆ. Գերիէի նոյնանման դասընթացներ: Այնուհետև 1900 թ. նոյն պրօֆ. Գերէին հիմնեց Մոսկուայում «կանանց բարձրագոյն կուրսեր», որ գոյութիւն ունին և այժմ: Բացի այդ Մոսկուայում կան կանաց մանկավարժական կուրսեր, ուր ուսանում են հազարից աւելի ուսանողուհիներ: 1896 թ. Պետերբուրգում բացւում է կանանց բժշկական ինստիտուտը: Գոյութիւն ունի Պետերբուրգում նաև կանանց մանկավարժական ինստիտուտ և ուրիշ մի շարք մասնաւոր կուրսեր:

Ներկայ 1906 թ. Պետերբուրգում հիմնուեց մի նոր կանանց բարձրագոյն դպրոց — կանանց պոլիտեխնիկական կուրսեր:

Յոյս կայ որ Ռուսաստանի համալսարաններն ևս շուտով վերջնականապէս կը բանան իրանց դռները կանանց առաջ. այդպէս է գոնէ վկայում Պետերբուրգում տեղի ունեցած ներկայ տարուայ պրօֆեսորների համագումարի հետևեալ որոշումը.— «Համալսարան են ընդունւում ուսանողներ և ազատ ունկնդիրներ երկու սեռերի անձինք առանց կրօնի և ազգութեան խտրութեան»:

Ռուսաստանում առաջի կանանց միջնակարգ մի երկու ինստիտուտ հիմնւում են 1754—1764 տարիներում. այնուհետև ժամանակի ընթացքում իգական միջնակարգ դպրոցների թիւը մինչև 1899 թ. հասնում է մօտ 500–ի: Ռուսաստանում գոյութիւն ունին երեք տիպի իգական գիմնազիաներ: Ժողովրդական լուսաւորութեան գիմնազիաները, մարիինսկի և թեմական: Առաջինների ծրագիրը համեմատաբար աւելի բարձր է վերջի երկու տիպի գիմնազիաներից, բայց և այնպէս առաջինների ուսման ծրագիրներն էլ արական միջնակարգ դպրոցների ծրագիրներից թոյլ են: Տարրական ուսումը շատ և շատ աննախանձելի վիճակի մէջ է: 1897 թ. Ռուսաստանի ներքին նահանգներում գրագէտ կանանց թիւը 9 % էր, իսկ տղամարդկանց — 30 %. (անտեղի չլինի ասել որ մեր հարևան Ֆինլանդիայում դեռ 1890 թ. անգրագէտ կանայք ինչպէս և տղամարդիկ — միայն 2 % էին կազմում):

Կանանց գործունէութեան ասպարէզները Ռուսաստանում շատ սահմանափակ են: Կանայք աշխատում են գլխաւորապես մանկավարժական ասպարէզում. բայց այդտեղ էլ նրանց իրաւունքները հաւասարեցրած չեն տղամարդկանց հետ: Թէև պէտք է նկատել որ տարրական դպրոցների վարժուհիների ուսման ցենզը աւելի բարձր է քան թէ վարժապետներինը:

Քիչ չեն այժմ ծառայող կանանց թիւը պոստ–հեռագրատան և միւս հիմնարկութիւններում — գրագիրների պաշտօններում:

Կին–բժիշկներ Ռուսաստանում շատ չեն, բայց եղածներից շատերը աչքի են ընկնում իրանց գաղափարականութեամբ: Նոյնպէս աչքի է ընկնում ռուս կանանց առանձին ձգտումը դէպի բժշկական ուսումը: Շվէյցարիայի համալսարաններում բժշկութիւն սովորող առաջին կանայք — ռուսներ էին: Ի դէպ պէտք է նկատել որ Շվէյցարիայում համալսարան սկսեցին ընդունել կանանց վաթսունական թուականներից:

Ինչ վերաբերում է կանանց իրաւաբանական դրութեանը Ռուսաստանում, պէտք է ասել, որ նրանց քաղաքացիական իրաւունքները աւելի քիչ են սահմանափակուած քան օրինակ Ֆրանսիայում և Գերմանիայում: Չափահաս կինը Ռուսաստանում աւելի ինքնուրոյն է և աւելի քիչ է ենթարկուած տղամարդու խնամակալութեան: Նա իրաւունք ունի ինքնուրոյնաբար կատարել ամեն տեսակ քաղաքացիական ակտեր: Կայքային սեփականութեան իրաւունքներում նա նոյնպէս ինքնուրոյն է: Բայց ինչ վերաբերում է ժառանգական իրաւունքներին, այդտեղ կանանց իրաւունքները սահմանափակուած են ինչպէս այդ տեղի ունի և Անգլիայում: Եւրոպայի միւս պետութիւններում կանանց ժառանգական իրաւունքները հաւասարեցրած են տղամարդկանց հետ:

Ինչպէս տեսնում էք, կանայք Ռուսաստանում դեռ շատ բան պէտք է նուաճեն — թէ կրթական ու հասարակական գործունէութեան ասպարէզում, թէ քաղաքացիական և թէ քաղաքական իրաւունքների շրջանում:

Վերջացնելով կանանց հարցի դրութեան տեսութիւնը Ռուսաստանում, չենք կարող չնկատել, որ թէև կազմակերպուած կանանց գործունէութիւն Ռուսաստանում չէ եղել մինչև այժմ, բայց ռուս կանանց անհատական առաջադիմութիւնը, գիտութեան ծարաւը ու նրա անհատական գաղափարականութիւնը — անուրանալի են:

______________

Այժմ տեսնենք ինչպէս է ծագել, կանանց հարցը և կանանց շարժումը և որոնք են նրանց գոյութեան պատճառները:

Կանանց հարցի և կանանց շարժումի հիմքն են կազմում թէ բարոյական—գաղափարական և թէ տնտեսական—սօցիալական ֆակտորներ: Քանի առաջ է գնում քաղաքակիրթ մարդկութիւնը և քանի աւելի է զարգանում կնոջ գիտակցութիւնը, այնքան նա բարոյապէս աւելի է նեղւում իր իրաւազուրկ դրութիւնից, աւելի է բողոքում այն անարդար դրութեան դէմ, որում դրուած է մարդկութեան կէսը. նա ելք է որոնում թօթափելու վրայից ուժեղ սեռի լուծը, նա ձգտում է նրա ընկերը դառնալ — և ոչ թէ նրա խնամակալութեամբ ապրող իրաւազուրկ մի արարած լինել: Նա պահանջում է թէ իրաւունքների և թէ պարտականութիւնների հաւասարութիւն: Նա գիտէ, որ քանի կինը տնտեսական կախում ունի տղամարդուց — անկախութեան մասին խօսք լինել չի կարող, և նա ձգտում է ուսում, գիտութիւն ձեռք բերել և այդ զէնքերով ճանապարհ հարթել… ու ցանկալի ազատութիւնը ստանալ… Նա բարոյապէս ճնշւում է այն դրութիւնից, որում դրուած է իբրև քաղաքացիապէս մի անչափահաս էակ. նա բողոքում է դրա դէմ, և իր բողոքը լսելի դարձնելու համար նա կազմակերպւում է, միութիւններ, համագումարներ է կազմում և կազմակերպուած ձևերով հաւասարութիւն է պահանջում իր մարդկային իրաւունքների.— հաւասարութիւն իրաւաբանական, քաղաքացիական և քաղաքական իրաւունքների:

Իսկ ուժեղ սեռի առաջադէմ մասը կանանց իրաւունքների հաւատարմութեան պաշտպան է հանդիսանում ու ճանապարհ բանում կանանց առաջ:

Դա կանանց հարցի ու շարժումի գաղափարական կողմն է:

Բայց կանանց հարց և կանանց շարժում առաջ բերող աւելի ևս զօրեղ ֆակտոր պէտք է համարել ժամանակակից սօցիալական պայմանները: Այստեղ ևս քանի աւելի է առաջ գնում կեանքը քաղաքակրթութեան շաւղով, ստեղծելով բարդ սօցիալական պայմաններ, այնքան աւելի սուր ձև է ստանում կանանց հարցը և աւելի լայն ծաւալ է ընդունում կանանց շարժումը:

Հին ժամանակներում — երբ տիրապետում էին դեռ նահապետական կարգերը — բոլոր կանայք վաղ պատանեկութեան հասակում մարդու էին գնում և ընտանեկան շրջանում մի աշխատաւոր տարր կազմում: Այդ ժամանակներում կինը ընտանիքի մի ցանկալի անդամ էր համարւում — իբրև մի օգտակար բանուոր ոյժ:

Առաջ երբ դեռ մուտ չէր գործել արդի գործարանական արդիւնաբերութիւնը և լայն չափերով զարգացած էր արհեստագործական արդիւնաբերութիւնը և տնայնագործութիւնը, կնոջ դերը ընտանիքում, իբրև բանուոր ոյժի, շատ մեծ էր: Հում նիւթերից նա պատրաստում էր թէ ուտելու և թէ հագնելու բոլոր պիտոյքները, բաւարարութիւն էր տալիս ընտանիքի բոլոր պահանջներին, իսկ աւելորդը դեռ շուկայ ուղարկում: Կին թէ տղամարդ իրանց ոյժերին համապատասխան արհեստներ էին զարգացնում. կինը՝ ընտանիքում, իսկ տղամարդը՝ արհեստանոցում: Բայց մեքենայական արդիւնաբերութիւնը և գործարանական արդիւնաբերութիւնը եկան վերջ դնելու աշխատանքի նախկին ձևերին. արհեստագործութիւնը և տնայնագործութիւնը չէին կարող մրցել շարունակ կատարելագործուելով մեքենաների հետ, գործարանական արդիւնաբերութեան հետ: Մեքենայի արտադրած իրը աւելի արժան էր գնահատւում, որովհետև նրա վրայ աւելի քիչ աշխատանք էր գործադրուած: Գործարանական արդիւնաբերութիւնը արտաքսելով բանուոր ոյժեր աշխատանքի նախկին վայրերից, միևնոյն ժամանակ անգործ թողեց և շատ բանուոր ձեռներ, որոնց փոխարինեց մեքենան: Այն ինչ կարող էին արտադրել որոշ ժամանակի ընթացքում տասնեակ արհեստաւորներ, մեքենան աւելի կարճ ժամանակամիջոցում արտադրում էր նոյնը — միայն մի բանուորի ղեկավարութեամբ: Դրա հետևանքը եղաւ այն որ ազատ մնացած բանուոր ձեռներ ստիպուած էին առաջարկել իրանց բանուոր ոյժը ամենաչնչին վարձատրութեամբ: Այսպէս ընկաւ բանուորի աշխատանքի վարձը, և այսպէս ահա գործարանական ինդուստրիան յեղաշրջեց աշխատաւոր դասի նահապետական կենցաղավարութիւնը: Յեղաշրջուեց և միւս դասակարգերի կեանքը: Հարստութիւնները սկսեցին ամբարուել գործարանատէրերի մօտ: Ստեղծուեց բանուոր պրօլետարիատ: Կեանքը թանգացաւ, բանուոր տղամարդի աշխատանքի արդիւնքը բաւարարութիւն չէր տալիս ընտանիքի պահանջներին և կինը տղամարդուն նեցուկ լինելու և ընտանիքի նիւթական պակասորդը լրացնելու համար ստիպուած էր ընտանիքից դուրս աշխատանք որոնել: Նա մտնում է գործարանական բանուորների շարքը և տղամարդու հետ հաւասար չափով սպառելով իր ոյժերը, ստանում է վարձատրութեան փոքրագոյն չափը:

Եւ քանի աւելի է ընկնում բանուոր տղամարդու վաստակը, այնքան աւելի մեծ թուով են կանայք լցւում գործարանները, իսկ այդ հանգամանքը աւելի ևս պակասեցնում էր տղամարդու աշխատանքի վարձը:

Միջին դասակարգի կանայք ևս, որ առաջ ընտանիքի համար ամեն բան իրանք էին պատրաստում — մնացին անգործ, կապիտալիստական արդիւնաբերութեան զարգանալու պատճառով:

Քաղաքակրթութեան զարգացման հետ հասարակութեան բոլոր խաւերի համար ստեղծուեցին նոր սօցիալական պայմաններ. գոյութեան կռիւը դժուարին դարձաւ, աւելի պատրաստականութիւն պահանջուեց այդ կռւում չընկճուելու համար:

Արդի սօցիալական և տնտեսական պայմանները արգելք դարձան վաղ ամուսնութիւններին: Ամուսնութիւնների թիւը օրէց օր սկսեց պակասիլ, իսկ ամուսնացողների հասակը աւելի և աւելի բարձրանալ: Այդ պայմանների վրայ աւելացրէք և այն հանգամանքը, որ շատ երկրներում կանանց թիւը տղամարդկանց թուից գերազանց է, և դուք կը տեսնէք, որ կանանց մի ահագին բանակ զրկուած է մարդու գնալու հնարաւորութիւնից և ուրեմն ստիպուած է ինքնուրոյն աշխատանքով ապրել:

Եւրոպայի շատ երկրներում կանանց թիւը տղամարդկանց թուից աւելի բարձր է: Այսպէս օրինակ 1000 տղամարդու վրայ ընկնում են կանանց հետևեալ թուերը.

Ֆրանսիայում                1000     տղամարդու    վրայ    1014     կին:

Գերմանիայում100տղ.վրայ1039«
Բելգիայում«««1005«
Անգլիայում«««1062«
Շօտլանդիայում«««1071«
Նորվեգիայում «««1091«
Ռուսաստանում«««1009«
Լեհաստանում«««1076«

Թէև Եւրոպայի հարաւային երկրներում կանայք աւելի սակաւաթիւ են:

Այսպէս.

Իտալիայում1000տղամարդուվրայ995կին:
Սերբիայում «««947«
Բօլգարիայում«««962«
Րումինիայում«««944«
Յունաստանում«««929«

Բայց ընդհանուր առմամբ կանանց թիւը Եւրոպայում տղամարդկանց թուից աւելի բարձր է: Թէև տղամարդիկ թուով աւելի են ծնւում, բայց մահացութիւնը տղամարդկանց մէջ աւելի մեծ է, և գլխաւորապէս մանկական հասակում:

Արևմտեան Եւրոպայում իգական սեռի ամեն մի 1000 ծնունդների վրայ գալիս է 1040—1060 արական սեռի ծնունդ. բայց մանկական հասակում և գլխաւորապէս մինչև երկու տարեկան հասակը մեռնող տղաների թիւը մեռնող աղջկերանց թուից շատ բարձր է լինում: Իսկ հասակաւոր տղամարդիկ թէև ոչ այն չափով ինչպէս մանկական հասակում, բայց դարձեալ աւելի շատ են մեռնում քան թէ կանայք: Վերջի հանգամանքը պէտք է բացատրել մասամբ նրանով, որ տղամարդիկ ընտանիքից դուրս աւելի են ենթարկւում զանազան պատահարների և վերջապէս պատերազմների գործած աւերումները զգալի չափով նոսրացնում են տղամարդկանց շարքերը: Այդ հանգամանքների պատճառով այրի կանանց թիւը այրի տղամարդկանց թուից շատ մեծ է:

Եւ այսպէս ուրեմն, եթէ հաշուի առնենք բոլոր այն կանանց, որոնք սօցիալական պայմանների շնորհիւ շատ ուշ են մարդու գնում, և նրանց որոնք նոյն պայմանների և տղամարդկանց թուի պակաս լինելու պատճառով բոլորովին զրկուած են մարդու գնալու հնարաւորութիւններից, և այն ամուսնացած կանանց, որոնց ամուսինների վաստակը բաւարարութիւն չի տալիս ընտանիքի կարիքների ու ստիպում է կանանց ևս ընտանիքից դուրս աշխատանք որոնել և, վերջապէս, այն այրի կանանց, որոնք յաճախ ոչ միայն իրանց, այլ և իրանց երեխաների գոյութիւնը պէտք է պահպանեն սեփական աշխատանքով, մենք կը տեսնենք, որ ինքնուրոյն աշխատանքով ապրելու կարիք ունեցող կանանց թիւը շատ և շատ մեծ է:

Այդտեղ գոյութեան հարց է: Հասարակութեան զանազան խաւերին պատկանող կանանց մի ահագին բազմութիւն ստիպուած է աշխատանք որոնել. բայց… աշխատանքի դռները փակ են նրանց առաջ… փակ են և կրթական ճանապարհները…

Ահա որտեղ է սկսւում կանանց հարցը և նրա հետևանքը — կանանց շարժումը:

______________

Այսպէս ուրեմն, ինչպէս տեսնում էք, «կանանց հարցը» մօդայի կամ կանանց քմահաճոյքի արդիւնք չէ, այլ կենսական մի հարց: Կանայք աշխատելու իրաւունք են պահանջում. նրանք պահանջում են բանալ իրանց համար կրթութեան և աշխատանքի վայրերը. իսկ մենք տեսանք վերև թէ որպիսի դժուարութեամբ և որպիսի դանդաղութեամբ են բացւում կանանց առաջ թէ համալսարանները և թէ աւելի ևս՝ գործունէութեան ասպարէզները: Մենք տեսանք որ մեզանից շատ քաղաքակիրթ երկրներում կանանց համար փակ են դեռ շատ ասպարէզներ, իսկ այնտեղ ուր նրանք ընդունւում են, կանանց աշխատանքը մեծաւ մասամբ աւելի վատ է վարձատրւում, քան տղամարդու նոյնանման աշխատանքը:

Պէտք է ասել որ աշխատանքի ստորին աստիճաններում — գործարանական բանուորուհու, տնային ծառայի և միւս համանման դիրքերում — կանանց հեշտութեամբ տեղ տուին. ամեն ոք շտապեց շահագործել կնոջ էժանագին բանուորական ոյժը, իսկ աւելի բարձր դիրքեր գրաւելու համար երկար ժամանակ և մեծ ջանքեր հարկաւոր եղան… աշխատանքի աւելի բարձր վայրերում, աւելի լաւ վարձատրուող աստիճաններում տղամարդը ձեռնտու չէր համարում աւելորդ մրցակից ունենալ… և ահա առաջ էին բերւում հազար ու մի առաջարկութիւններ…

Միւս կողմից աշխատանքի աւելի բարձր ասպարէզներում մուտք գործելու համար հարկաւոր էր գիտութիւն ունենալ. իսկ ինքը գիտութիւնից զուրկ էր: Նրա համար աւելորդ էին համարում լուրջ ուսումը. բայց կեանքը իր անողորմ պահանջներով ստիպեց զիջել և կանանց համար քիչ քիչ սկսեցին բացուել բարձրագոյն դպրոցները, համալսարանները. թէև մեծ զգուշութեամբ:

Կնոջ ազատագրութեան, կնոջ էմանսիպացիայի հակառակորդները բազմաթիւ էին, ինչպէս են և այժմ իհարկէ:

Տղամարդու հոգեբանութիւնը, կնոջ վրայ իշխել սովորած տղամարդու հոգեբանութիւնը հասկանալի էր. նա սովոր էր կնոջ մէջ տեսնել մի անդէմ էակ, տղամարդու կամքը, տղամարդու ցանկութիւնները կատարող մի հլու հպատակ. իսկ կրթուած, իրաւատէր կինը այդ շրջանակներում ապրել չէր կարող…

Շատ են կանանց էմանսիպացիայի և համոզուած հակառակորդները, այսպէս ասած համոզուած պահպանողականները. և ահա կանանց ազատագրութեան անհաշտ թշնամիները միաբերան բողոքում են.

Կինը կը կորցնի իր կանացիական հմայքը, նա կը նմանուի տղամարդուն — ասում էին ոմանք:

Կնոջ տեղը ընտանեկան շրջանն է և նրա կոչումը մայր լինելն է — ասում էին միւսները:

Եթէ կինը հասարակական պաշտօններ վարի, տղամարդը ստիպուած կը լինի ընտանիքում տնտեսուհու դեր կատարել կամ կը խուսափի ամուսնութիւնից — ասում էին երրորդները:

Կնոջ բնածին ընդունակութիւնները սահմանափակ են, նրա տեղը չէ հասարակական ասպարէզը, նա կը տապալի ամեն մի ձեռնարկութիւն — ասում էին չորրորդները:

Եւ այսպէս անվերջ:

Բայց տեսնենք թէ որքան իրաւացի են կանանց էմանսիպացիայի հակառակորդները:

Ասում են. «Կինը կը կորցնի իր կանացիական հմայքը, նա կը նմանուի տղամարդուն»: Ճիշտ է, կար ժամանակ, օր. Ռուսաստանում, երբ ազատութեան դեռ նոր հոտն առած կանայք ձգտում էին նմանուել տղամարդկանց իրանց շարժուածքի ձևերով, հագուստով, ամբողջ արտաքինով. նկատելի էր դիտաւորեալ անհոգութիւն արտաքինի վերաբերեալ և այլն: Բայց դա անցողական երևոյթ էր. այժմ այդպիսիները բացառութիւն են կազմում: Ազատութեան ընտելացած և իսկապէս կրթուած, զարգացած կինը հեռու է անցեալի այդ մի բուռը կանանց նմանուելու տենչից, բայց միևնոյն ժամանակ նա անձնատուր էլ չի լինում զարդարանքներին և պաճուճանքներին:

«Կնոջ տեղը ընտանեկան շրջանն է և նրա կոչումը մայր լինելը» — ահա ուշադրութեան արժանի մի առարկութիւն. բայց հազիւ թէ գտնուին շատ կանայք, որոնք չը համաձայնուեն որ կնոջ առաջի և վսեմ կոչումը մայր լինելն է. և հազիւ թէ լինեն այնպիսի կանայք, որոնք չգերադասեն ընտանեկան շրջանը մի կանցելեարիայի, կամ մի առևտրական տան խեղդուկ մթնոլորտից:

Շատ իրաւացի կը լինէր վերոյիշեալ առարկութիւնը կնոջ կոչումի մասին, եթէ կինը քմահաճոյքից դրդուած անտես անէր մայրութեան կոչումը և բաղդ որոնէր նոր ասպարէզներում. բայց չէ որ կնոջը ընտանիքից դուրս տանողը կարիքն է — տնտեսական կարիքը, որ նրան ընտանեկան օջախից զրկողը սօցիալական պայմաններն են: Չէ որ մենք տեսանք, որ այնտեղ ուր կարիքը չէ ստիպում, ինչպէս օր. Աւստրալիայի միացեալ նահանգներում, այնտեղ կինը առանձին հակում չի արտայայտում ընտանիքից դուրս աշխատելու, զանազան հասարակական պաշտօններ վարելու:

Ցոյց տանք այժմ թէ որքան սխալ է կանանց էմանսիպացիայի հակառակորդների այն կարծիքը, թէ «եթէ կինը հասարակական պաշտօններ վարի, այն ժամանակ տղամարդը ստիպուած կը լինի ընտանիքում տնտեսուհու դեր կատարել, կամ կը խուսափի ամուսնութիւնից;

Մենք գիտենք, որ բոլոր քաղաքակիրթ երկրներում, շնորհիւ սոցիալական և տնտեսական պայմանների, շնորհիւ այն հանգամանքի որ կեանքը օրէցօր թանգանում է, իսկ մարդկանց պահանջները լայնանում և ուրեմն ընտանիք պահելը աւելի դժուարանում է, ևս առաւել որ շնորհիւ արդի սոցիալական պայմանների կինը ընտանիքում այլևս աշխատաւոր տարր չի ներկայացնում, այլ միայն վատնող, ծախսող,— ահա այդ պայմանների հետևանքը այն է, որ բոլոր քաղաքակիրթ երկրներում ամուսնութիւնների թիւը տարէց տարրի զգալի չափով պակասում է: Մենք գիտենք և այն որ այժմեան ամուսնութիւնների մեծագոյն մասը բնական ընտրութեան արգասիք չէ, այլ դրամական հաշուի արդիւնք: Ամուսնանում են ոչ թէ աւելի արժանաւոր, ֆիզիքապէս և հոգեպէս աւելի գեղեցիկ աղջկերանց հետ, այլ նրանց հետ, որոնք լաւ օժիտ ունեն, հետևապէս՝ կարող են ապահովեցնել ընտանիքի գոյութիւնը: Դա թէ բարոյական և թէ ցեղի լաւացնելու տեսակէտից բացասական երևոյթ է,— բայց արդի սօցիալական պայմանների հետևանք:

Մինչ դեռ երբ որ կանանց առաջ բաց կըլինեն գործելու բոլոր ասպարէզները և ամեն մի կին նոյնպէս մի աշխատաւոր կը լինի, ինչպէս և ամեն մի տղամարդ, այն ժամանակ ամուսնութիւնների թիւը պէտք է որ բարձրանայ, որովհետև կինը այլևս մի բեռը չի լինիլ տղամարդու համար, այլ նրա ընկերը, նեցուկը: Ամուսնութեան հարցում դրամական հաշիւներով ղեկավարուողների թիւը կընկնի: Կնոջ մէջ ամենից առաջ կը գնահատեն նրա անհատական արժանաւորութիւնները: Առաջ կը գայ բնական ընտրութիւն.— տղամարդը կնութեան կառնի այն աղջկան որը աւելի գեղեցիկ ու առողջ է, աւելի բարոյական ու խելօք:

Ինչ վերաբերում է առարկութեան այն կէտին, որ կնոջ ընտանիքից դուրս գործելը՝ թողնում է ընտանիքի գործերը երեսի վրայ, պէտք է ասել, որ մենք գիտենք արդէն, որ ժամանակակից պայմաններում ընտանիքի տնտեսութիւնը շատ էլ բարդ չէ, ուրեմն մնում է գլխաւորապէս երեխաների դաստիարակութեան հարցը, որը և արժանի է առանձին ուշադրութեան:

Առաջուայ ժամանակներում, երբ կինը առնուազն 6—8 երեխաներ էր ծնում, իսկ յաճախ և 10–12 և էլ աւելի, կնոջ գրեթէ ամբողջ կեանքը, գոնէ նրա երիտասարդական և միջին հասակը անցնում էր մայրական ֆունկցիաներ կատարելում: Այսպէս չէ արդի հասարակութիւններում: Մենք տեսնում ենք որ քաղաքակրթութեան զարգացման հետ զուգընթացաբար պակասում է որդէծնութիւնը: Վիճակագրական տեղեկութիւնները ցոյց են տալիս որ բոլոր եւրոպական պետութիւններում ծնունդների թիւը նկատելի կերպով պակասում է և առանձնապէս դա զգալի է Ֆրանսիայում:

Մենք տեսնում ենք և այն, որ աւելի բարձր՝ մտաւորապէս աւելի զարգացած դասակարգերում աւելի քիչ երեխաներ են ծնւում, քան թէ ստորին — դիցուկ բանուորական դասակարգում:

Անզաւակ ամուսնութիւնների թիւը օրէց օր աւելանում է, իսկ երեխայ ունեցողներն էլ 1–2–ից աւելի սակաւ են ունենում: Ֆրանսիայում, օրինակ, երկու որդուց աւելի գրեթէ չեն ունենում և այնտեղ դա մի տեսակ սիստեմ է դարձել — արուեստական իհարկէ: Մինչև անգամ գիւղացիական դասակարգը, որը բոլոր երկրներում աչքի է ընկնում իր բեղմնաւորութեամբ — բազմածնութեամբ, Ֆրանսիայում գիւղացիութիւնը անգամ երկորդիական սիստեմի կողմնակից է — նրանք ևս երկու երեխաներից աւելի չեն ունենում:

Այժմ Ֆրանսիայի կառավարութեան լուրջ հոգացողութիւն է պատճառում ազգաբնակութեան նուազումը, որի դէմ միջոցներ են ձեռք առնւում. արուեստական միջոցներով խրախուսում են ամուսնութիւնները և բազմածնութիւնը:

Որդէծնութեան անկումը ունի իհարկէ բազմաթիւ պատճառներ: Ի թիւս այլոց մէկ, որ ամուսնութիւնները այլ ևս այնպէս վաղ չեն կատարւում ինչպէս առաջ, որ ամուսնացողների թարմ երիտասարդութիւնը անցած է լինում յաճախ, երկրորդ, մեծ տեղ են բռնում որդէծնութեան դէմ առնող արուեստական միջոցները — ինչպէս որ այդ ակներև տեղի ունի Ֆրանսիայում: Արուեստական միջոցների են դիմում գլխաւորապէս տնտեսական հանգամանքներից դրդուած, մասամբ էլ անձնական ազատութեան… նեղ էգօիզմից:

Բայց ինչ որ առանձնապէս աչքի է ընկնում բոլոր երկրներում դա այն է, որ մտաւոր աշխատանքով ապրող դասում, հասարակութեան մտաւորապէս զարգացած մասում, որդէծնութիւնը զգալի չափով պակասում է:

Յայտնի է որ ամենազարգացած և ուժեղ կենդանիները — ինչպէս են — առիւծ, փիղ, ձի, կով և այլն, մեծ սերունդ չեն տալիս, մինչդեռ ստորին կազմակերպութեան, ստորին կազմուածքի կենդանիները — միջատները, ձկները և այլն — աւելի մեծ չափով են բազմանում: Բացի այդ, Դարվին ասում է, որ յայտնի կենդանիներ վայրենի դրութիւնից անցնելով տնային դրութեան և ձեռնասուն դառնալուց յետոյ կորցնում են իրանց բեղմնաւորութիւնը.— օրինակ փիղը:

Այդ անալոգիայով պէտք է ենթադրել, որ նոյն երևոյթը տեղի ունի և մարդկային հասարակութիւններում: Այսպէս ուրեմն, ի նկատի առնելով որ ժամանակակից մայրերը (ինտելիգենտ դասի) բեռնաւորուած չեն բազմաթիւ երեխաներով և որ երեխան շատ ժամանակ է խլում մօրից ու առանձին խնամքի է կարօտ մինչև դպրոցական հասակը միայն, ուստի այդպիսի մայրերը այնուհետև, այսինքն երեխան դպրոցական հասակին հասնելուց յետոյ, ազատ կարող են գործադրել իրանց ոյժերը հասարակական ասպարէզներում:

Սակայն հարցի էութիւնը այդ տեղ չէ, այլ այն տեղ թէ ինչպէս միացնել մօր և ինքնուրոյն աշխատաւորի պարտականութիւնները. ահա կանանց հարցի այն կէտը, այն պրոբլեմը, որի առաջ կանգ են առնում շատերը…

Եւ սօցիալիզմը գալիս է լուծելու այդ պրօբլեմը:

Նա ասում է:— Պարտադիր, ընդհանուր ուսում պէտք է լայնացնել մինչև ընդհանուր, պարտադիր դաստիարակութիւն: Մեր խօսքը այն սխալ հասկացուած սօցիալիզմի մասին չէ ի հարկէ, որի թերուս, տաքարիւն հետևողները քարոզում են բարքերի սանձարձակ ազատութիւն, քարոզում են կենցաղավարութեան յեղաշրջում — առանց ի նկատի առնելու ժամանակի պահանջները և միջավայրի համապատասխան զարգացումը. ոչ, մենք խօսում ենք գիտնական սօցիալիզմի վարդապետութեան մասին — որի նպատակն էվօլիւցիայի ճանապարհով հասնել գերագոյն բարոյականութեան յաղթանակին:

Եւ այսպէս սօցիալիզմը ելք է գտնում՝ մօրը տանը չկապելու — նա առաջարկում է ընդհանուր, պարտադիր դաստիարակութիւն:

Առաջի հայեացքից դա շատ խորթ է թւում. ի՞նչպէս, երեխային տալ տանից դո՞ւրս. թւում է թէ դա մի անբարոյական ելք է, բայց այդպէս է թւում կրկնում ենք միայն առաջի հայեացքից: Երևակայեցէք որ մայրը — մի հասարակ բանուորուհի, ստիպուած է օրուայ ապրուստը հայթայթելու համար տանից դուրս աշխատանքի գնալ: Նա թողնում է երեխաներին տանը անխնամ, մատնում նրանց փողոցի վնասակար ազդեցութեանը: Յայտնի է, որ գործարանական կենդրոններում, ուր կինը աշխատում է գործարաններում, իսկ երեխաները մնում են անխնամ տանը — երեխաների մահացութիւնը հասնում է սարսափելի բարձր աստիճանների:

Երևակայեցէք այժմ միջին դասակարգի մօրը, որը ստիպուած է ընտանիքի դրութիւնը թեթևացնելու նպատակով կողմնակի աշխատանք ունենալ — լինի դա մի իւսուցչուհի, կամ մի բժշկուի, որը ստիպուած է թողնել երեխաներին անկիրթ դայեակի, կամ աղախնու հսկողութեան ներքոյ: Միթէ դրանց համար հասարակական դաստիարակութիւնը մի բարեպատեհ, մի ցանկալի ելք չէ: Չէ՞ որ այնտեղ երեխայի ֆիզիկական և բարոյական դաստիարակութիւնը կը լինի հմուտ, պատրաստուած մասնագէտների ձեռքում, մինչդեռ յաճախ նոյն իսկ միջին դասակարգին պատկանող մայրը չի կարող տալ զաւակին այն դաստիարակութիւնը, չի կարող այնպէս ղեկավարել երեխայի միտքն ու հոգին, ինչպէս այդ կանեն պատրաստուած մասնագէտներ: Նոյնը և ֆիզիկական դաստիարակութեան հարցում:

Անցնենք այժմ այն առարկութեանը թէ «կնոջ բնածին ընդունակութիւնները սահմանափակ են, նրա տեղը չէ հասարակական ասպարէզը, նա կը տապալի ամեն մի ձեռնարկութիւն և այլն». և տեսնենք թէ որքան տեղի է այդ նկատողութիւնը իր եզրակացութիւններով:

Վերև մենք տեսանք, որ այն երկրներում ուր կինը քաղաքական և քաղաքացիական իրաւունքներ է վայելում ու գործում է հասարակական ասպարէզներում — նա պատուով ու ամենայն յաջողութեամբ կատարում է իր դերը նոր դիրքերում: Այդ հարցի գործնական կողմը:

Ինչ վերաբերում է կնոջ բնածին ընդունակութիւնների հարցին, որին ապացոյց էին բերում այն բանը, որ կնոջ ուղեղը տղամարդու ուղեղից փոքր է, ահա թէ ինչ են ասում այդ մասին վերջի գիտական տեղեկութիւնները:

Տղամարդու ուղեղը բացարձակապէս (абсолютно) աւելի շատ է, բայց կնոջ ուղեղը համեմատաբար է (относительно) աւելի շատ: Տղամարդու մարմինը կնոջ մարմնից մեծ է, հետևապէս ուղեղն էլ աւելի մեծ է: Տղամարդու մարմնի մեծութիւնը վերաբերւում է կնոջ մարմնին միջին չափով ինչպէս 100–ը 93,2–ի:

Տղամարդու ուղեղի կշիռը 1019–ից մինչև 1925 գրամմ է, կնոջ ուղեղը 820–ից մինչև 1565 գրամմ: Ուրեմն տղամարդու ուղեղի կշիռը վերաբերւում է կնոջ ուղեղի կշռին ինչպէս 100–ը 99,3: Այսպէս ուրեմն կնոջ ուղեղը համեմատաբար աւելի շատ է:

«Անկասկած, նշանակութիւն ունի ոչ թէ ուղեղի քանակութիւնը, այլ նրա կազմակերպութիւնը և նրա ոյժի գործադրութիւնը և վարժութիւնը», ասում է Բեբել իր «Կինը և սոցիալիզմ» գրքում:

Հին, նախնական ժամանակներում, ինչպէս և այժմ վայրենի ժողովուրդների մէջ կնոջ ու տղամարդի թէ ֆիզիկական և թէ մտաւոր զարգացման տարբերութիւնը աւելի աննշան է, քան թէ արդի, քաղաքակիրթ հասարակութիւններում:

Վայրենի կնոջ ու տղամարդու ուղեղի քանակութեան մէջ աւելի քիչ տարբերութիւն կայ, քան թէ քաղաքակիրթ ժողովուրդների կանանց ու տղամարդկանց մէջ — ասում է նոյն հեղինակը:

Ուրեմն քաղաքակիրթ հասարակութիւններում կինը տղամարդուց աւելի է տարբերւում, քան թէ վայրենիների ու սկզբնական հասարակութիւններում: Պատճառը հասկանալի է: Այնտեղ ուր կինը և տղամարդը միատեսակ ազատութիւն են վայելում ու միատեսակ զարգանում, նրանց միջի տարբերութիւնը՝ թէ ֆիզիկական և թէ մտաւոր զարգացման տարբերութիւնը՝ աննշան է, իսկ մեր հասարակութիւններում, ուր կնոջ պարտաւորութիւնները ու աշխարհահայեացքը ընտանեկան շրջանից դէնը չի գնում, մինչ տղամարդու գործունէութեան ասպարէզը այնքան լայն, այնքան բարդ ու այնքան բազմատեսակ է, շատ հասկանալի է, որ մեր հասարակութեան կնոջ ու տղամարդու զարգացման մէջ տարբերութիւնը մեծ է:

Յայտնի է, որ մարմնի ամեն մի գործարան, որ երկար ժամանակի ընթացքում չի գործադրւում, գործ չի ածւում, նա ոչ միայն չի զարգանում, այլ նոյնիսկ ծիւրանում է, ենթարկւում է ատրոֆիի: Կինը ամբողջ դարեր ապրել է տղամարդու սահմանած նեղ շրջանակներում: Այդ շրջանակներում ճնշուած, սահմանափակուած է եղել նրա թէ ֆիզիկական և թէ մտաւոր աշխարհը: Ազատ զարգացման մասին խօսք լինել չէր կարող: Նրա մէջ զարգացել են միայն հպատակուելու, յարմարուելու բնազդները և յայտնի լաւ ու վատ զգացմունքները. և այսքանը միայն: Դրսի աշխարհը նրա համար Terra incognita է եղել. զուրկ է եղել կինը և կրթութիւնից. և եթէ չնայած այդ բոլոր աննպաստ պայմաններին կնոջ խելքը դարձեալ ենթարկուել է էվօլիւցիայի, դա պէտք է բացատրել ժառանգականութեան օրէնքով միւս կնոջ ուղեղը ժառանգել է մարդկութեան. կէսի մտաւոր առաջադիմութիւնը:

Եթէ չլինէր մի սեռի յատկութիւնները միւս սեռին անցնելու ժառանգականութեան կանոնը, այն ժամանակ, ինչպէս ասում է Դարվին այդ առիթով, «Երևի տղամարդը կնոջից մտաւորապէս այնքան բարձր կլինէր որքան որ որձ սիրամարգը գերազանցում է էգին իր փետուրների գեղեցկութեամբ»: («Մարդու ծագումը: Սեռային ընտրութիւն»): Բայց պէտք է նկատել և հետևեալը. «Նշանները յաճախ կամ թէ միշտ հակում են արտայայտում զարգանալու նոյն սեռում և նոյն հասակում, որում նրանք սկզբից երևան են եկել ծնողների մէջ» (Դարվին Մարդու ծագումը: Գլուխ VIII): Այդ հիման վրայ պէտք է կարծել որ կինը աւելի է ժառանգում մօրից, քան թէ հօրից, ուստի տղամարդու այսպէս ասած ցեղը ազնուացնող (մտաւորապէս և ֆիզիկապէս) նշանակութիւնը, աւելի թոյլ է եղել: Այդ բոլոր հանգամանքների հետևանքը նա է, որ ժամանակակից հասարակութիւններում կինը թէ ֆիզիկապէս և թէ մտաւորապէս տղամարդուց աւելի թոյլ է:

Մենք կը փորձենք այստեղ կարճառօտ կերպով պարզել այն հանգամանքները, որոնք դարձրին տղամարդուն ուժեղ և իշխող, իսկ կնոջը — թոյլ և իրաւազուրկ:

Յայտնի է, որ ինչպէս ամբողջ կենդանական աշխարհում — արական սեռում, նոյնպէս և մարդկային ցեղում — տղամարդու մէջ, ցեղի շարունակութեան բնազդը աւելի ուժեղ է և աւելի տևողական քան թէ կնոջ մէջ: Այդ հանգամանքով պէտք է բացատրել, որ սկզբնական ժամանակների վայրենի տղամարդիկ կռիւներ էին մղում միմեանց դէմ կանանց տիրանալու համար: Այդ կռւում զարգանում էր տղամարդու մէջ ռազմական ոգի, քաջութիւն, ֆիզիկական ոյժ, հաստատակամութիւն և եռանդ: Նոյն այդ յատկութիւնները հարկաւոր էին նրան և կնոջ ուշադրութիւնը գրաւելու համար: Սեռային ընտրութեան այդ ձևը գոյութիւն ունէր երկար դարերի ընթացքում: Այդ ժամանակներում չկար ընտանիք այժմեան հասկացողութեամբ: Սկզբից բոլոր կանայք պատկանում էին բոլոր տղամարդկանց, և բոլոր տղամարդիկ — բոլոր կանանց այնպէս, ինչպէս որ այդ տեղի ունի կենդանական աշխարհում: Այնուհետև քանի աւելի է զարգանում մարդկութեան գիտակցութիւնը, այնքան սեռային կենակցութեան շրջանը սահմանափակւում է: Ստեղծւում է արիւնակցական հասկացողութիւն մօր և որդոց, քրոջ և եղբօր ու քոյրերի որդոց միջի յարաբերութիւնների սրբութիւն: Բայց որովհետև դարձեալ տեղի ունէր բազմամուսնութիւն և երեխաների հայրը անյայտ էր — ուստի տիրում էր մայրական իրաւունքը: Մայրը ընտանիքի պետն էր. երեխաները ճանաչում էին միայն մօրը, հետևապէս արիւնակցական կապը ճանաչւում էր մայրական գծով: Բոլոր ընտանեկան և ժառանգական յարաբերութիւնները տեղի ունէին մայրական տոհմի արիւնակցական շրջանում: Տղամարդիկ — կնոջ ամուսինները չէին պատկանում իրանց կանանց արիւնակցական տոհմին, այլ պատկանում էին իրանց մօր, իրանց քոյրերի տոհմին. և նրանց ժառանգներն էին համարւում քրոջ սերունդը. իսկ այդ տղամարդկանց որդիքը — պատկանում էին իրանց մօր ազգակցական շրջանին: Այդ պատճառով թէև քոյրերը պատկանում էին արիւնակցական մի տոհմի, բայց նրանց ամուսինները — օտար և ընդհանուր էին. մի քրոջ ամուսինը միւս քրոջ ամուսինն էլ էր:

Ահա այսպէս տիրապետում էր «մայրական իրաւունքը»: Մայրը ընտանիքի և տոհմի պետն էր. նրա համարումը շատ մեծ էր: Այդ ժամանակներում կինը բոլորովին ազատ էր, ի հարկէ: Բայց տղամարդը կնոջը ձեռքից չը տալու համար ստիպուած էր պաշտպանել նրան, ինչպէս և նրա երեխաներին թշնամիներից — թէ վայրենի գազաններից և թէ իր հակառակորդներից: Բացի այդ նա որսորդութիւններով, իսկ յետոյ և հողագործութեամբ, օգնում էր նրանց կերակրուել: Այդ դերը յաջող կատարելու համար բաւական չէր միայն ֆիզիկական ոյժը. հարկաւ զարգանում էին նրա և մտաւոր ընդունակութիւնները:

Ժամանակը առաջ էր գնում. մարդկութիւնը առաջադիմում էր: Փոխւում էր կամաց կամաց կենցաղավարութեան ձևը: Սկսում են զարգանալ արհեստներ, առևտուր:

Տղամարդու աշխատանքի ամբարուած արդիւնքը մայրական իրաւունքի հիման վրայ ժառանգում է կամ նրա քրոջ սերունդը և ոչ թէ իր որդիքը, կամ օգտւում են հօրը չճանաչող իր կնոջ որդիքը: Տղամարդու աշխատանքի արդիւնքը դառնում է ընդհանրութեան սեփականութիւն: Մայրական իրաւունքի տիրապետութիւնը պահպանում էր կոմունիստական կազմը: Բայց տղամարդուն ձեռնտու չէր ընտանեկան այդ կարգը. նա սկսեց պահանջել որ կինը իրանից բացի ոչ ոքի չճանաչի. և նա նուաճեց այդ իրաւունքը: Կինը սկսեց պատկանել միայն մէկին: Այդ կենակցութիւնից ծնուած երեխաները ինչպէս որ մօրն էին պատկանում, նոյնպէս՝ և հօրը: Կնոջ իշխանութիւնը ընկճուեց. առաջ եկաւ հայրական իրաւունքը: Կօմունիզմը տեղի տուեց մասնաւոր սեփականութեան տիրապետութեանը: Սկսւում է տղամարդու իշխանութիւնը և կնոջ ստրկացումը. կնոջ ազատութիւնը և նրա իրաւունքները հասցնւում են minimum–ի: Կնոջ հաւատարմութիւնը ապահովացրած լինելու համար տղամարդը զրկում է նրան դրսի աշխարհի հետ շփուելու կարողութիւնից: Կինը դառնում է մի անբան արարած, տղամարդու սեփականութիւնը — այդ բառի բուն մտքով: Այսպէս է եղել կնոջ դրութիւնը մինչև մեր ժամանակները:

Ահա այն հանգամանքները որ դարձրել են կնոջը իրաւազուրկ և մտաւորապէս աւելի թոյլ: Ի հարկէ կան վերին աստիճանի խելօք կանայք, ինչպէս և կան շատ յիմար տղամարդիկ, բայց չի կարելի հերքել, որ տղամարդու մտաւոր մակերևոյթը ընդհանուր առմամբ աւելի բարձր է, որ միջին տղամարդը միջին կնոջից մտաւորապէս աւելի բարձր է:

Բայց այն պայմանները որոնք զրկել եր կնոջը զարգանալու հնարաւորութիւնից, նոյն պայմանները նպաստել են տղամարդու մտաւոր առաջադիմութեանը: Սահմանափակելով կնոջ աշխարհը ընտանեկան նեղ շրջանում, տղամարդը դրսի բոլոր հոգսը իր վրայ առնելով՝ բնականաբար լարում էր իր մտաւոր ամբողջ կարողութիւնը գոյութեան կռուի ասպարիզում և քանի աւելի էր առաջադիմում մարդկութիւնը, այնքան տղամարդու մտաւոր գործունէութեան շրջանը լայնանում էր: Նա իշխում էր ընտանիքում, իշխում էր և ընտանիքից դուրս և ազատ մրցակցութեան միջոցով զարգացնում իր մտաւոր և հոգեկան ընդունակութիւննրը: Զուգընթացաբար դրա հետ նրա ուղեղը ճոխանում, հարստանում էր այն գիտութիւններով որ ձեռք էր բերում նա կրթական ճանապարհով:

Ահա այն հանգամանքները որ դարձրել են տղամարդուն ուժեղ և իշխող:

Սակայն պէտք է նկատել և այն, որ զրկելով կնոջը զարգանալու հնարաւորութիւնից, տղամարդը ի դէմս կանանց ստեղծել էր մի յետադիմական ոյժ, որը դանդաղեցնում էր մարդկութեան առաջադիմութիւնը:

Նոյն ժառանգականութեան օրէնքի համաձայն, տղամարդու ուղեղի ազատ զարգացմանը յայտնի չափով արգելք էր հանդիսանում մօրից ժառանգած մտաւոր յետամնացութիւնը:

Այսպէս ուրեմն, կինը իբրև մի յետամնաց տարր դանդաղեցնում է մարդկութեան էվօլիւցիան:

Կնոջ առաջադիմութեան համար անհրաժեշտ է նրա ազատ զարգացմանը նպաստող պայմաններ, ուստի ամբողջ մարդկութեան շահերը պահանջում են կնոջ դրութեան, կնոջ իրաւունքների կատարեալ հաւասարութիւն տղամարդկանց հետ:

Նոյնն է պահանջում և արդարութիւնը:

Բացէք կնոջ առաջ բոլոր ճանապարհները, տուէք նրան նոյն ազատութիւնը և այն իրաւունքները ինչ որ տղամարդիկ են վայելում. տուէք նրան հաւասար կրթութիւն, հաւասար քաղաքացիական և քաղաքական իրաւունքներ:

Թող նա ազատ զարգացնի իր ընդունակութիւնները.— դրա մէջ է ընդհանուրի բարօրութեան գրաւականը:

Սօֆիա Դանիէլբէգեան


[1] Չերգեշտյան, Լ․ (2017, ապրիլ 28)․ «Հայ կնոջ ձայնը» Մուրճի հարթակից․ վերցվել է՝ https://socioscope.am/archives/829։

[2] Դանիէլբէգեան, Ս. Կանանց հարցը և նրա ծագելու պատճառները. Մուրճ․ 1906(6), Թիֆլիս:

[3]Օգտուել ենք հետևեալ աղբիւրներից. А. Бебель: ,,Женщина и соцiализмъ“, И. Хвостовъ: «Современное женское движенiе», Вильямъ Ривсъ: «Женское избирательное право» и друг.

[4] Брандтъ: «Современная женщина»

[5] Պրոհիբիցիօնիստներ — քաղաքական կուսակցութիւն, որ ձգտում է սահմանափակել արբեցողութիւնը օրէնսդրական ճանապարհով: Prohibition — արգելք:

Պիտակներ

Հանգանակություն

Գումարը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարներին` նպատակի դաշտում նշելով «նվիրատվություն»:

Ինեկոբանկ
2052822181271008 (AMD)
2052822181271022 (USD)
2052822181271042 (EUR)
SWIFT code INJSAM22