«Զբաղված աղքատության» հիմնախնդիրը Գեղարքունիքի և Շիրակի մարզերի օրինակով

Աշխարհում աղքատ բնակչության մեծ մասը զբաղված է, ինչը նշանակում է, որ նրանք աշխատում են իրենց կենսապայմաններն ապահովելու համար, սակայն չեն ստանում այնքան եկամուտ, որը կբավականացնի գոնե նվազագույն մակարդակում իրենց հիմնական կարիքները հոգալուն։ Սա հիմնախնդիր է, որը բնորոշ է ոչ միայն զարգացող, այլև զարգացած երկրներին։ «Զբաղված աղքատներ» եզրույթը նոր է, քիչ է կիրառվում, գրականության մեջ, փաստաթղթերում առավել հաճախ հանդիպում ենք «աղքատ» եզրույթին, քանի որ «զբաղված», «զբաղվածություն» հասկացություններն ընկալումների մակարդակում արդեն իսկ բարեկեցության բնութագրիչ են[1]։ Այնուհանդերձ, սա կարևոր հասկացութային տարանջատում է խնդիրն առավել խորքային հասկանալու և դրա հաղթահարման ուղղությամբ առաջարկություններ մշակելու համար։

«Զբաղված աղքատության» հիմնախնդիրն այսօր բավականին տարածված է և վերջին տարիներին նաև հետազոտողների ուշադրության կենտրոնում է։ Երևույթը սահմանելու համար ԱՄՆ-ում հաճախ կիրառվում է «աշխատող աղքատներ» (working poor) եզրույթը, եվրոպացի հետազոտողներն օգտագործում են «աշխատանքային աղքատություն» (in-work poverty) եզրույթը[2]։ «Աշխատող/զբաղված աղքատ» է այն մարդը, որն աշխատում է և աղքատ է[3]։

Գաղափարը, թե աշխատող աղքատները հիմնականում, այսպես կոչված, «լիբերալ» տնտեսություններում են ներգրավված, և դա հետևանք է հստակ կազմակերպված աշխատուժի և համապատասխան կարգավորումների բացակայության, վիճելի է։ Եվ քանի որ աշխատող աղքատների ֆենոմենը տարածված է ամբողջ աշխարհում, ընդ որում՝ զարգացած և հարուստ երկրներում[4], հետևաբար աշխատանքային աղքատությունը գլոբալ հիմնախնդիր է։ Բազմաթիվ եվրոպական երկրներ ընդունում և սահմանում են այս երևույթը որպես հիմնախնդիր, քայլեր են ձեռնարկում դրա հաղթահարման ուղղությամբ, ինչպես, օրինակ՝ ամրագրումը խելամիտ նվազագույն աշխատավարձի, որն աշխատողին հնարավորություն կտա հոգալու իր և իր ընտանիքի առաջնային կարիքները, դիմակայելու սոցիալական և տնտեսական ցնցումներին[5]։

Իհարկե կարևոր է, որ «աշխատանքային աղքատությունը» որպես հիմնախնդիր արդեն իսկ ձևակերպված է բազմաթիվ երկրների կառավարությունների կողմից, որոնք քայլեր են ձեռնարկում սրա հաղթահարման ուղղությամբ, սակայն, մյուս կողմից, մեծագույն խնդիր և խոչընդոտ են երևույթի էության վերաբերյալ սահմանափակ պատկերացումները։ Այդպիսի պատկերացում է այն, որ աղքատությունը հնարավոր կլինի կրճատել, եթե ցածր աշխատավարձերը բարձրացվեն, կամ ոչ համարժեք աշխատավարձերը կարգավորվեն։ Իհարկե, այս ձևակերպումները մասամբ ճիշտ են, սակայն ապակողմնորոշիչ են, և աշխատավարձը աղքատության սահմանման միակ չափորոշիչը չէ[6]։ Որպես օրինակ՝ ընտանիքում արժանապատիվ աշխատավարձ ստացողը կարող է դառնալ աշխատող աղքատ, եթե ընտանիքում միակ եկամուտ ստացողն է, և նրա խնամքի տակ կան երեխաներ։ Համաձայն նաև ԱՄԿ տվյալների՝ միայն աշխատանք ունենալու պայմանը տնային տնտեսություններին չի պաշտպանում աղքատության ռիսկից[7]։ Ավելին, նույն ԱՄԿ տվյալների համաձայն, զարգացող երկրներում աշխատողների/զբաղվածների երկու երրորդն ապրում է ծայրահեղ կամ միջին աղքատության պայմաններում[8]։ 2018 թվականի տվյալներով՝ աշխարհում աշխատանք ունեցող անձանց 8%-ն ապրում է ծայրահեղ աղքատության պայմաններում, իսկ աշխատանք ունենալու և աղքատության կրճատման հարաբերակցությունն ուղիղ չէ և դեռևս խնդրահարույց է[9]։ Հետարդի (պոստմոդեռնիստական) հասարակություններում աշխատաշուկայի բնորոշումներից է աշխատավարձերի անհավասարությունը, նվազագույն և առավելագույն աշխատավարձերի միջև հսկայական ճեղքվածքը, և նրանց համար, ում եկամուտը նվազագույն աշխատավարձի կամ դրան մոտ տիրույթում է, աշխատանք ունենալը դեռևս աղքատ չլինելու հոմանիշ չէ[10]։

Հայաստանում «զբաղված աղքատներ», «աշխատող աղքատներ», ինչպես նաև «աշխատանքային աղքատություն» երևույթները համակողմանի ուսումնասիրված չեն, հետազոտություններն ու վիճակագրական տվյալները թեմայի առնչությամբ սակավ են։ Այս հոդվածը, որն ավելի ծավալուն հետազոտության[11] մաս է, ի թիվս այլ խնդիրների, ամփոփ ձևով անդրադառնում է հայաստանյան երկու մարզերում՝ Շիրակում և Գեղարքունիքում, զբաղվածության և աղքատության, «զբաղված աղքատների» և «աշխատանքային աղքատության» հանրային ընկալումներին։

«Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրում»[12] ՀՀ Կառավարությունը որպես աղքատության հիմնական պատճառ նշում է գործազրկությունը, սակայն նաև արձանագրում է, որ ՀՀ-ում ծայրահեղ աղքատ է զբաղված բնակչության ավելի քան 1/5-ը, և աղքատ` զբաղված բնակչության 45-47%-ը[13]: Տարբեր կառավարություններ և հետազոտողներ, այդ թվում՝ հայաստանյան կառավարությունը, զբաղվածության խթանումն են տեսնում աղքատության և ծայրահեղ աղքատության հաղթահարման կարևոր նախապայմաններից մեկը. աղքատության վրա ազդող կարևորագույն գործոն է մասնակցությունն աշխատանքի շուկայում: Հատկապես աշխատանքի բացակայության պարագայում մեծանում է աղքատ կամ ծայրահեղ աղքատ լինելու հավանականությունը։ ՀՀ Կառավարությունը ծայրահեղ աղքատության հաղթահարման կարևորագույն սկզբունք է համարում զբաղվածության ռազմավարության իրականացումը, «որովհետև աշխատանքի միջոցով է հնարավոր մարդուն տալ տեսլական, ոչ թե անընդհատ սոցիալական աջակցություն տալ[14]»։ Հետազոտության մասնակիցներից ոմանք ևս ունեն այն համոզումը, որ «աշխատող մարդը չի կարող աղքատ լինել»։

«Աշխատող մարդը երբեք չի կարող աղքատ լինել։ Աշխատող մարդը միշտ նաև հոգով է հարուստ»։

30-44 տարեկան կին, Արթիկ, Շիրակի մարզ

Տարբեր հետազոտությունների արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ կան զբաղվածության այնպիսի ոլորտներ, որտեղ ներգրավվածությունը մեծացնում է զբաղվածների աղքատ լինելու հավանականությունը։ Մասնավորապես առանձնացնելով այն խմբերը, որոնք առավել հավանական է, որ կլինեն զբաղված և միաժամանակ աղքատ՝ հետազոտողները խոսում են թերի կամ հմտություններ չունեցող աշխատողների մասին, որոնք չունեն պայմանագրեր կամ աշխատում են ստանդարտ պայմանագրերով և ներգրավված են ցածր վարձատրվող ոլորտներում, ինքնազբաղվածներին, ճկուն գրաֆիկով աշխատողներին, ոչ կամավոր ընտրությամբ ոչ լիարժեք դրույքաչափով աշխատողներին, պատահական աշխատողներին, հավելվածներով աշխատողներին կամ ոչ ֆորմալ հավաքատեղիներից (օրինակ՝ ֆայլաբազար) ծառայություններ մատուցելու համար ներգրավվող աշխատողներին և այլն[15]։

Հետազոտության մասնակիցները ևս շեշտում են, որ աշխատանք ունենալը, կայուն զբաղվածությունը միշտ չէ, որ հաղթահարում է աղքատությունը, և թվարկում են այնպիսի պայմաններ, գործոններ, որոնց պարագայում հնարավոր է, որ մարդիկ ունենան զբաղվածություն, սակայն լինեն աղքատ։ Որպես «զբաղված աղքատության» հնարավոր պատճառներ են առանձնացնում.

  • աշխատավարձերի, նվազագույն աշխատավարձի ցածր լինելը,
  • համայնքների անհամաչափ զարգացումը,
  • ընտանիքում անչափահաս անդամների առկայությունը,
  • բազմազավակ ընտանիքները,
  • ընտանիքում հաշմանդամություն ունեցող անդամի առկայությունը,
  • չգրանցված աշխատող լինելը,
  • գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելը,
  • ֆինանսական անգրագիտությունը,
  • ալոկոհոլից, թմրանյութերից, խաղերից կախվածությունը
  • և այլն։

Հետազոտության մասնակիցներն առաջին հերթին առանձնացնում և շեշտադրում են այն հանգամանքը, որ Հայաստանում աշխատավարձերը շատ ցածր են, և ցածր աշխատավարձով աշխատանք ունենալը դեռևս մարդուն չի հանում աղքատությունից։

«Երկու բարձրագույն դիպլոմով գնում ես, 80 հազար դրամ աշխատավարձ ես ստանում»։

30-44 տարեկան կին, Ճամբարակ, Գեղարքունիքի մարզ

«Աշխատում է, աշխատավարձը ցածր է, տան միակ աշխատողն է, չի հասցնում։ Կամ ունի երեք անչափահաս երեխա»։

30-44 տարեկան կին, Արթիկ, Շիրակի մարզ

Արդյո՞ք նվազագույն աշխատավարձը կարող է կրճատել աղքատությունը։ Առաջին հայացքից պատասխանը միանշանակ «այո» է, քանի որ նվազագույն աշխատավարձի սահմանման հիմնական նպատակը աշխատողների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությունն է։ Սակայն վերջին տարիներին նվազագույն աշխատավարձի՝ որպես աղքատության մակարդակի նվազեցման վրա ազդեցություն ունեցող գործոնի արդյունավետությունը հարցադրվում է։ Տարբեր հետազոտողներ առաջ են քաշում այն տեսանկյունը, որ պետություններն առավել ապահովված քաղաքացիներ ունենալու և աղքատության իրական կրճատման համար իրենց ռեսուրսները և ջանքերը պետք է ուղղեն աղքատ և ծայրահեղ աղքատ մարդկանց, ստվերում մնացած աշխատողների իրավունքների պաշտպանությանը, իսկ նվազագույն աշխատավարձի սահմանումը չի աջակցում ոչ ֆորմալ տնտեսություններում ներգրավված աղքատ և ծայրահեղ աղքատ մարդկանց, այլ հիմնականում վերաբերում է ֆորմալ աշխատանք ունեցողներին, որոնք արդեն իսկ ունեն թեկուզ նվազագույն, բայց ինչ-որ աստիճանի պաշտպանվածություն[16]։ Միևնույն ժամանակ կոլեկտիվ պայմանագրերը, կոլեկտիվ բանակցությունները աշխատավարձերի և այս պարագայում նվազագույն աշխատավարձի սահմանման շուրջ կարող են էական ազդեցություն ունենալ աղքատության դեմ պայքարի վրա։ Տարբեր հետազոտությունների արդյունքում վերհանված տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ չկան հստակ փաստեր առ այն, որ նվազագույն աշխատավարձի սահմանումը հնարավորություն է տվել պայքարելու ծայրահեղ աղքատության դեմ, սակայն միևնույն ժամանակ անհրաժեշտ է նշել, որ դա էական ազդեցություն ունի աղքատության դեմ պայքարում։ Նվազագույն աշխատավարձի սահմանումը նպաստել է որոշ աղքատ երկրներում աղքատության որոշակի մակարդակի կրճատմանը և ինչ-որ առումով դրական ադեցություն է ունեցել որոշակի՝ ֆորմալ ոլորտներում ներգրավված աշխատողների վրա[17]։

Հետաքրքիր է նկատել, որ մեր հետազոտության մասնակիցները, հատկապես գյուղական համայնքներում, կարևորություն տալիս են «պետական աշխատանք» ունենալուն, որն ապահովում է մշտական եկամուտ, կայունություն և կարող է մարդկանց փրկել աղքատության ճիրաններից։ Ընդ որում՝ պետական աշխատանք ասելիս հիմնականում հետազոտության մասնակցիները նկատի ունեն գրանցված աշխատանքը՝ անկախ ոլորտից, և կարող են ստանալ կայուն, թեկուզ նվազագույն աշխատավարձ։ Օրինակ՝ խանութում աշխատելը և գրանցված աշխատող լինելը հետազոտության մասնակիցներից ոմանք դիտարկում են որպես պետական աշխատանք։

«Մեր հարևանի աղջիկը 4 տարի առաջ էր ավարտել, հիմա նոր Գավառից հրավիրել են կրպակում աշխատելու՝ պետական»։

30-44 տարեկան կին, Նորատուս, Գեղարքունիքի մարզ

Եվ հակառակը, ինքնազբաղված լինելը, որոշակի տնտեսական գործունեություն իրականացնելը, որը եկամուտ է բերում, չեն համարվում աշխատանք, և հետազոտության մասնակիցները դրանք չեն համարում զբաղվածություն։

Այս համատեքստում կարևորվում է նաև համայնքային տնտեսության դիվերսիֆիկացումը, որպեսզի աշխատավայրը չլինի միայն խանութը կամ ինչ-որ մասնավոր բիզնես։

«Գործարանների կարիք կա։ Ամբողջ Արթիկում մենակ խանութներ են, որտեղ 50 հազար դրամ են վճարում։ Մարդիկ ո՞նց ապրեն։ Աշխատատեղ չկա։ Էդ դպրոց-մանկապարտեզներն էլ շատ քիչ են, որ բոլորը աշխատեն»։

30-44 տարեկան կին, Արթիկ, Շիրակի մարզ

Անչափահաս անդամի առկայության, բազմազավակության պայմաններում ավելի մեծանում է ընտանիքների խոցելիությունը աղքատության նկատմամբ։ Այս պայմանն ուղիղ համեմատական է նաև ընտանիքում զբաղված անդամների թվին, ուստի հետազոտության մասնակիցները կարծում են, որ բազմազավակ, անչափահաս անդամներ ունեցող ընտանիքներում մեկ զբաղված չափահասի առկայությունը աղքատությունը պայմանավորող էական գործոն կարող է լինել։

Աղքատությունը պայմանավորող գործոններից մեկն էլ, ըստ հետազոտության մասնակիցների, գյուղատնտեսական գործունեությունն է, գյուղատնտեսությունը որպես հիմնական եկամտի աղբյուր ունենալը։ Այսպես՝ գյուղատնտեսական ապրանքների գինն էժան է՝ համեմատած ներդրած ջանքի հետ։ Ճիշտ է, մի կողմից՝ հետազոտության մասնակիցները նշում են, որ գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ զբաղվելը, եթե ապրում ես գյուղական համայնքում, կարող է էական լինել աղքատության կրճատման համար, որովհետև դրա միջոցով կարող ես հոգալ առաջնային՝ կենսական կարիքները, սակայն մյուս կողմից՝ արձանագրում են, որ սրանք թեև կարևոր, սակայն աղքատությունից խուսափելու ոչ բավարար պայմաններ են։ Ավելին՝ հետազոտության գյուղական համայնքների մասնակիցները նաև շեշտադրում են, որ գյուղատնտեսական գործունեությունը, անասնապահությունը թեև հնարավորություն են տալիս «ունենալու օրվա հաց», սակայն սեզոնային են. ամռանը մի քիչ ավելի լավ է մարդկանց դրությունը, քան ձմռանը։ Ձմռանը ծախսերի մեջ ավելանում են նաև կոմունալ վճարները, ինչն առավել խոցելի է դարձնում մարդկանց, որովհետև դրանք շատ թանկ են, և շատերը չեն կարողանում վճարել անգամ հոսանքի ու գազի համար։

Ավելին՝ գյուղատնտեսությունը նպաստում է աղքատության վերարտադրմանը տարեցների շրջանում, քանի որ գյուղատնտեսությամբ զբաղվելը աշխատանքային ստաժ չի համարվում, ինչը հետագայում ուղղակի ազդեցություն կարող է ունենալ կենսաթոշակի չափի վրա։

«Մի բան էլ կա։ Հիմա ժողովուրդը թոշակ է ստանում առաջվա կոլխոզի ժամանակների աշխատածի հիման վրա։ Էդ սերունդը որ էլ չլինի, հիմա չաշխատող ժողովուրդը մի 10 տարի հետո թոշակ որտեղի՞ց պիտի ստանա։ Մենք ի՞նչ պիտի անենք։ Աշխատանք չունենք։ Էն ժամանակ որ դաշտերում աշխատել են, ստաժ են տվել ժողովրդին։ Էսօր դաշտում աշխատողը գյուղացին է, ստաժ չունի։ Ամբողջ կյանքում դաշտում տանջվում է, ստաժ չի ունենում»։

30-44 տարեկան տղամարդ, Մարմաշեն, Շիրակի մարզ

Որպեսզի զբաղվածությունը իրական դեր ունենա մարդկանց աղքատությունից դուրս բերելու գործում, այն պետք է լինի որակյալ: Միայն արժանապատիվ աշխատատեղերը, որոնք աշխատողներին ապահովում են համապատասխան աշխատավարձով, բավարար (բայց ոչ հավելյալ) աշխատաժամանակով, սոցիալական պաշտպանության ծածկույթով, անվտանգ և ապահով աշխատանքային միջավայրով, կարող են նպաստել կայուն զարգացմանը և, մասնավորապես, աղքատության վերացմանը: Անհրաժեշտ է ունենալ աշխատաշուկայի, զբաղվածության կարգավորման առողջ, արդյունավետ քաղաքականություն՝ զբաղվածության և աղքատության կրճատման կապի դրական բնույթն ամրագրելու և այդտեղ ներդրումներ անելու համար: Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել նաև երիտասարդների զբաղվածության հարցերին, քանի որ ամբողջ աշխարհում, բոլոր տարածաշրջաններում՝ առանց բացառության, գործազրկության մակարդակը բավականին բարձր է հենց երիտասարդների շրջանում, և հավանականանությունը, որ զբաղված երիտասարդները կարող են լինել ավելի աղքատ, մեծ է: Այստեղ խոսում ենք երիտասարդ աշխատուժ ունեցող աշխատատեղերում առկա բացերի մասին, որոնք վերաբերում են ինչպես աշխատանքի բնույթին, որակին, այնպես էլ աշխատավարձերին, ինչը պետք է քաղաքականություն մշակողների անմիջական ուշադրության կենտրոնում լինի։ Աշխատաշուկայում երիտասարդների ծանր վիճակը կարող է երկարատև բացասական ազդեցություն ունենալ նրանց, բայց նաև ամբողջ համայնքի, պետության վրա, քանի որ այն երկարաժամկետ կտրվածքով կարող է առաջացնել սոցիալական տարբեր խնդիրներ[18]:

Աշխատանքային աղքատության շարունակականությունը նախազգուշացում է այն մասին, որ աշխատաշուկան ամբողջությամբ չի իրացնում իր ներուժը: Աշխատանքային աղքատության գոյությունն արդեն իսկ պետք է դրդի քաղաքականություն մշակողներին և որոշում կայացնողներին մշակելու և ընդունելու այնպիսի ռազմավարություններ, որոնք նպաստում են արժանապատիվ աշխատանքին և որակյալ զբաղվածությանը բոլորի համար։ Մասնավորապես առաջարկվում է.

  • Բարելավել զբաղվածության, աղքատության և հարակից ոլորտներում մշակվող և իրականացվող քաղաքականությունները՝ հասցեագրելու զբաղված աղքատների հիմնախնդիրները։

Քանի որ աշխատանքային աղքատությունը բավականին համալիր խնդիր է, ապա դրա հաղթահարման մոտեցումները ևս պետք է լինեն համընդգրկուն։ Այս քաղաքականությունների հիմքում պետք է ընկած լինեն համակողմանի ուսումնասիրություններ, որոնք կսահմանեն, թե որոնք են աղքատության տեսանկյունից զբաղվածության ամենախոցելի ոլորտները, ո՛ր աշխատողներն են առավել խոցելի աղքատության տեսանկյունից, աղքատության զբաղվածության գենդերային, տարիքային, տարածաշրջանային և այլ բաղադրիչները։

  • Բարելավել աշխատանքային աղքատության գնահատումը։

Խնդիրն առավել թիրախային և արդյունավետ հասցեագրելու համար անհրաժեշտ է մշակել համապատասխան հետազոտական գործիքներ՝ բարելավելու ոչ ստանդարտ զբաղվածության ըմբռնումն ու չափումը, հատկապես անկայուն զբաղվածության և, այսպես կոչված, զբաղվածության նոր ձևերի առնչությամբ, և համակողմանի վերլուծելու ստացված տեղեկությունը, իսկ քաղաքականությունները հիմնելու հետազոտական տվյալների վրա։

  • Ապահովել շարունակական կրթություն և վերապատրաստումներ աշխատողների, զբաղված աղքատների համար՝ հիմնված նրանց կարիքների և հնարավորությունների վրա։
  • Բարելավել խոցելի աշխատողների սոցիալական պաշտպանվածությունը և սոցիալական աջակցության ծրագրերը դարձնել առավել հասցեական։
  • Աշխատանքի, զբաղվածության, աղքատության և սոցիալական պաշտպանության քննարկումներում որպես խաչվող խնդիր ներդնել զբաղված աղքատության կամ աշխատանքային աղքատության հարցերը, կազմակերպել դրանց շուրջ հանրային քննարկումներ։

[1] Lohmann, H․ & Marx, I. (2018). Handbook on In-Work Poverty. Retrieved from https://www.elgaronline.com/edcollbook/edcoll/9781784715625/9781784715625.xml

[2]Նույն տեղում:

[3] Նույն տեղում։

[4] Hick, R., Marx I., (2022). Poor Workers in Rich Democracies: On the Nature of In-Work Poverty and Its Relationship to Labour Market Policies. Retrieved from https://docs.iza.org/dp15163.pdf

[5] Նույն տեղում։

[6] Թեև նաև ճիշտ է այն հանգամանքը, որ աշխատավարձը աղքատության սահմանման հիմնական չափորոշիչներից է։

[7] Սահակյան, Մ., Կարապետյան, Լ. (2021). Զբաղված աղքատների ֆենոմենը Հայաստանում. Աշխատանք և սոցիալական արդարություն, Երևան։

[8] ILO. (2017). World Employment Social Outlook: trends 2017.  Retrieved from: https://shorturl.at/jMO78

[9] ILO. (2019). The working poor or how a job is no guarantee of decent living conditions. Retrieved from: https://shorturl.at/mrAFH

[10] Banoli, G. (2007). “Time Matters: Postindustrialization, New Social Risks and Welfare State Adaptation in Advanced Industrial Democracies,” Comparative Political Studies 40 (5): 495-520.

[11] Հետազոտությունն իրականացրել է «Սոցիոսկոպ» ՀԿ-ն։ Ուսումնասիրության շրջանակում ֆոկուսխմբային քննարկումների փուլն անցկացվել է 2023 թվականի օգոստոսին։ Քննարկումներին մասնակցել է 30-44 տարիքային խմբի 40 ներկայացուցիչ։

[12] Ընդունվել է 2003 թվականին։

[13] Սահակյան, Մ., Կարապետյան, Լ. (2021). Զբաղված աղքատների ֆենոմենը Հայաստանում. Աշխատանք և սոցիալական արդարություն, Երևան։  

[14] Առավոտ (2023). Նարեկ Մկրտչյան․ «2026 թվականին Հայաստանում ծայրահեղ աղքատ քաղաքացի չպիտի լինի». վերցվել է՝ https://www.aravot.am/2023/03/20/1329943/

[15] An Horizon 2020 Research and Innovation Project (2023). Main Findings and Policy Proposals. Retreived from: https://workingyetpoor.eu/wp-content/uploads/2023/02/Main-findings-and-policy-proposals_brochure.pdf

[16] Saget, C. Minimum wage – does it cut poverty?  Retrieved from: https://library.fes.de/pdf-files/gurn/00118.pdf

[17] Նույն տեղում։

[18] ILO (2019) The working poor or how a job is no guarantee of decent living conditions. Retrieved from: https://ilo.org/wcmsp5/groups/public/—dgreports/—stat/documents/publication/wcms_696387.pdf

Գրականություն և հղումներ

  1. Սահակյան. Մ, Կարապետյան. Լ, (2021). Զբաղված աղքատների ֆենոմենը Հայաստանում. Աշխատանք և սոցիալական արդարություն, Երևան։
  2. An Horizon 2020. Research and Innovation Project. (2023). Main Findings and Policy Proposals. Retrieved from https://workingyetpoor.eu/wpcontent/uploads/2023/02/Main-findings-and-policy-proposals_brochure.pdf
  3. Banoli, G. (2007). Time Matters: Postindustrialization, New Social Risks and Welfare State Adaptation in Advanced Industrial Democracies. Comparative Political Studies 40 (5): 495-520
  4. Hick R., Marx I., (2022). Poor Workers in Rich Democracies: On the Nature of In-Work Poverty and Its Relationship to Labour Market Policies. Retrieved from https://docs.iza.org/dp15163.pdf
  5. ILO (2019) The working poor or how a job is no guarantee of decent living conditions. Retrieved from: https://ilo.org/wcmsp5/groups/public/—dgreports/—stat/documents/publication/wcms_696387.pdf
  6. ILO (2017), World Employment Social Outlook: trends 2017,  Retrieved from https://www.ilo.org/wcmsp5/groups/public/—dgreports/—dcomm/—publ/documents/publication/wcms_541211.pdf
  7. LohmannH․ & Marx I. (2018). Handbook on In-Work Poverty. Retrieved from https://www.elgaronline.com/edcollbook/edcoll/9781784715625/9781784715625.xml
  8. Saget, C. Minimum wage – does it cut poverty? Retrieved from https://library.fes.de/pdf-files/gurn/00118.pdf

Սույն հոդվածը գրվել է «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագրի շրջանակում: Ծրագիրն իրականացվում է «ՕքսԵՋեն» հիմնադրամի, «Սոցիոսկոպ» ՀԿ-ի, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի, «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ. Հայաստան»-ի, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի և «Եվրասիա» համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

Հոդվածի բովանդակության համար պատասխանատու է «Սոցիոսկոպ» ՀԿ-ն։ Հոդվածում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել Եվրոպական միության և ծրագրում ընդգրկված մյուս կառույցների դիրքորոշումներին:

Պիտակներ

Հանգանակություն

Գումարը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարներին` նպատակի դաշտում նշելով «նվիրատվություն»:

Ինեկոբանկ
2052822181271008 (AMD)
2052822181271022 (USD)
2052822181271042 (EUR)
SWIFT code INJSAM22