Մարդու իրավունքներ. գործող սահմանադրության և առաջարկվող նախագծի համեմատական ակնարկ

Նախապատմություն

2015թ. հոկտեմբերի 5-ին ՀՀ Ազգային Ժողովը ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ որոշում ընդունեց։ Հանրաքվեն տեղի է ունենալու 2015թ․դեկտեմբերի 6-ին։

Այս հոդվածը հիմնվում է Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ «Սոցիոսկոպ» ՀԿ-ի կողմից նախաձեռնած ուսումնասիրության վրա: Հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել է Սահմանադրական փոփոխությունների նախագիծը՝ համեմատելով այն գործող Սահմանադրության հետ, ինչպես նաև իրականացվել են փորձագիտական հարցազրույցներ ոլորտի մասնագետների հետ՝ նպատակ ունենալով ձևակերպել և այնուհետև հանրությանը ցույց տալ նախագծի էական կողմերը, հնարավոր ռիսկերը:

Հարկ է նշել, որ փոփոխությունների փաթեթը ոչ բավարար կերպով է ներկայացվում հանրությանը, և այդ փաստը նաև հաստատում են փորձագետները։ Փոփոխությունների փաթեթը բազմակողմանի դիտարկել փորձող հանրային քննարկումները սակավաթիվ են, ԶԼՄ-ների կողմից տրամադրվող տեղեկությունները առաջարկվող նախագծում փոփոխվող բուն հոդվածների վերաբերյալ չեն պարունակում բավարար տեղեկատվություն: Այս իրավիճակում հայաստանյան հասարակության մեծամասնության համար ըստ տարբեր հետազոտությունների արդյունքների դեռևս ամենատարածված տեղեկատվության հաղորդումները ուշադրության կենտրոնում գերազանցապես պահում են կառավարման մոդելի փոփոխությունները: Բազմաթիվ այլ խնդրահարույց հոդվածներ դուրս են մնում այս քննարկումներից։ Հարկ է նաև նշել, որ հեռուստատեսային հաղորդաշարերի մեծ մասում ակնհայտ է բացահայտ կողմնակալ վերաբերմունքը։ Ցայտուն օրինակ է Հ1 հեռուստաալիքով հեռարձակվող «Եռանկյունի» հաղորդաշարը, որի հաղորդավարը իշխող կուսակցության կառավարության անդամ Արմեն Աշոտյանն էր (այս փաստն արդեն իսկ կարող ենք դիտարկել իբրև կողմնակալ վերաբերմունք), իսկ դրա ընթացքում Սահմանադրական փոփոխությունների քննարկումը վերածվեց ընդդիմության քննադատության:

Այսքան ազատ կյանքը մեր…

Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, գործող ՀՀ Սահմանադրության համեմատ, պարունակում է մարդու և քաղաքացու իրավունքները և ազատությունները սահմանափակող դրույթներ։ Հարկ է նշել, որ չնայած ձևակերպումներում փոփոխություններն ակնհայտ են, սակայն իրականացված են հմտորեն՝ կիսելով նաև փորձագետների կարծիքները այս հարցի շուրջ: Վերջիններիս մի մասը համարում է, որ հոդվածներում առաջարկվող փոփոխությունները վտանգ չեն պարունակում: Մյուս մասը հակված է համարել, որ նախագիծը անկասկած հետընթաց է, քան գործող սահմանադրությունը. մարդու իրավունքների գլխում (գլուխ 2) տեղ գտած փոփոխությունների մի մասը իր մեջ պոտենցիալ վտանգ է պարունակում, իսկ հոդվածների մյուս մասի մեջ որևէ առաջընթաց չի երևում։ Այս պարագայում «բարեփոխումների» մասին խոսելը առնվազն հիմնավորված չէ։ Օրինակ, Հոդվածներ 63 (Արդար դատաքննության իրավունքը), 65 (Ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու իրավունքը), 68 (Կրկին դատվելու արգելքը) խնդրահարույց են Հայաստանում բազմաթիվ հետազոտությունների և փորձագիտական գնահատականների շրջանակներում կոռումպացված և անարդար գնահատված դատական համակարգի խնդիրը էլ ավելի խորացնելու տեսանկյունից: Այսպես օրինակ, սահմանադրության փոփոխությունների նախագծի 63-րդ հոդվածի, 3-րդ կետի համաձայն «Հիմնական իրավունքների խախտմամբ ձեռք բերված կամ արդար դատաքննության իրավունքը խաթարող ապացույցի օգտագործումն արգելվում է»: Այս հոդվածը անկասկած հետընթաց է գործող սահմանադրության համեմատ, որում ասվում է. «Արգելվում է օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցի օգտագործումը» (ՀՀ սահմանադրություն 22(2) ): «Հիմնական իրավունքների խախտմամբ» եզրույթն ինքնին բավական վտանգավոր է, քանի որ որևէ ապացույցի անթույլատրելիությունը ցույց տալու համար, պետք է ապացուցել, որ այն խաթարում է արդար դատաքննության իրավունքը կամ դրա ձեռքբերման ժամանակ խախտվել է մի քանի հիմնական իրավունք «Հիմնական իրավունքների խախտմամբ ձեռք բերված» :

Նախագծի 68-րդ հոդվածի (Կրկին դատվելու արգելքը) համաձայն 1.Ոչ ոք չի կարող կրկին դատվել նույն արարքի համար: 2. Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայման օրենքին համապատասխան, եթե առկա են նոր կամ նոր երևան եկած հանգամանքներ կամ գործի քննության ժամանակ տեղ են գտել հիմնարար թերություններ, որոնք կարող էին ազդել գործի արդյունքի վրա:

Նախագծում տեղի ունեցած փոփոխության արդյունքում, գործող սահմանադրության հետ համեմատ հայտնվել է «կամ նախորդ քննության ժամանակ տեղ են գտել էական թերություններ, որոնք կարող էին ազդել գործի արդյունքի վրա» հատվածը: Այսինքն, կարելի է ենթադրել, որ անձը, մեղադրվելով որևէ հանցագործության մեջ և արդարացվելով, ուշ թե շուտ կարող է նորից կանգնել դատարանի առաջ նույն մեղադրանքով: Հաշվի առնելով ՀՀ դատաիրավական համակարգի և քննչական գործողություններ իրականացնող մարմինների ներկայիս վիճակը՝ մտավախությունները սույն հոդվածի շուրջ լուրջ են, քանզի այն կարող է օգտագործվել քաղաքական ճնշումների և վախի մթնոլորտի տարածման համար:

Ուշադրություն. Սահմանադրություն. Արդարություն

Հաջորդ կարևոր, սակայն քննարկումների լուսանցքում հայտնված թեման սոցիալական իրավունքներն են: Կարևոր է նշել, որ առաջարկվող նախագծում մի խումբ սոցիալական իրավունքներ այլևս չունեն սահմանադրական ամրագրում:

Գործող Սահմանադրության 37-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր ոք ունի ծերության, հաշմանդամության, հիվանդության, կերակրողին կորցնելու, գործազրկության և օրենքով նախատեսված այլ դեպքերում սոցիալական ապահովության իրավունք: Նախագծում բացակայում է սոցիալական ապահովության սահմանադրական իրավունքի վերաբերյալ հոդվածը և նրան փոխարինում է այս իրավունքը օրենքով սահմանելու վերաբերյալ դրույթը (նախագծի հոդված 83):

Գործող Սահմանադրության 38-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր ոք ունի անվճար հիմնական բժշկական ծառայություններ ստանալու իրավունք: Դրանց ցանկը և մատուցման կարգը սահմանվում են օրենքով: Սակայն նախագիծը անվճար հիմնական բժշկական ծառայություններ ստանալը այլևս չի ճանաչում որպես սահմանադրական իրավունք, այլ ամրագրում է իբրև միայն օրենքով սահմանվող դրույթ, որը կարող է կրել կամայական ձևակերպում և սահմանափակել քաղաքացիների անվճար հիմնական բժշկական ծառայություններ ստանալու իրավունքը:

Մտահոգիչ է նաև գործող Սահմանադրության 34-րդ հոդվածի առաջարկվող տարբերակը: Ներկա տարբերակում ասվում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր և իր ընտանիքի համար բավարար կենսամակարդակի, այդ թվում բնակարանի, ինչպես նաև կենսապայմանների բարելավման իրավունք: Պետությունն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների այս իրավունքի իրականացման համար: Նախագծում բավարար կենսամակարդակը կրկին բացակայում է որպես սահմանադրական իրավունք: Փոխարենը դրանում ասվում է, որ յուրաքանչյուր կարիքավոր և տարեց մարդ, օրենքին համապատասխան, ունի արժանապատիվ գոյության իրավունք(հոդված 84):

Ինչն առավել ուշագրավ է, հենց այն պատճառով, որ վերոնշյալ հոդվածները զրկվել են սահմանադրական կարգավիճակից, անձը այլևս չի կարողանա պաշտպանել դրանք՝ որպես իր սահմանադրական իրավունքները: Խնդրահարույց է նաև սահմանադրական փոփոխությունների նախագծով տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների պաշտպանության նպատակով ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու իրավունքի արգելքը (նախագծի 169-րդ հոդված. մաս 1-ին կետ 8-րդ):

Շրջակա միջավայր, թե շրջապատող չորեքշաբթի[1]

Սահմանադրական փոփոխությունների գործընթացի համատեքստում քիչ քննարկվող թեմաներից են նաև շրջակա միջավայրին վերաբերող հոդվածները: Oրինակ, սեփականության իրավունքին վերաբերող հոդվածում, գործող սահմանադրության համեմատ (Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը։ Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին) բացակայում է շրջակա միջավայրին վնաս չպատճառելուն վերաբերող դրույթը: Դա կարող է լուրջ խնդիրների հանգեցնել հատկապես, երբ գործող սահմանադրության պայմաններում արդեն իսկ անտեսվում է Սեփականության իրավունքը: Նախագծից հանվել է նաև գործող Սահմանադրության 10-րդ հոդվածը, ըստ որի պետությունն ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը: Նաև բացակայում է ներկայիս սահմանադրության հոդված 33.2-ը, ըստ որի յուրաքանչյուր ոք իրավունք ունի ապրելու իր առողջությանը և բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում և որ պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում բնապահպանական տեղեկատվությունը թաքցնելու կամ դրա տրամադրումը մերժելու համար:

Այսպիսով, առաջարկվող նախագծում թերությունները բազմազան են: Առանց դրանց լիարժեք վերլուծության և հանրությանը ներկայացման՝ փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեն կարող է վերածվել պարզ մի վիճակախաղի, երբ այո-ն ու ոչ-ը ոչ թե ընտրողի որոշումն են, այլ պատահական մի ընտրություն: Եվ չնայած պատահական ընտրությունը սոցիոլոգիայի հիմնական սկզբունքներից է, կենսական որոշումներ կայացնելիս այն դժվար թե արդյունավետ ճանապարհ լինի:

[1] Բառախաղ պաշտոնական գերատեսչության կողմից окружающая среда արտահայտության հայտնի՝ շրջապատող չորեքշաբթի թարգմանության համանմանությամբ:

Հեղինակ՝ Էդուարդ Դանիելյան
Իրավապաշտպան, Սոցիոսկոպ ՀԿ

Պիտակներ

Հանգանակություն

Գումարը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարներին` նպատակի դաշտում նշելով «նվիրատվություն»:

Ինեկոբանկ
2052822181271008 (AMD)
2052822181271022 (USD)
2052822181271042 (EUR)
SWIFT code INJSAM22