Անկախության օրը հնչող պաշտոնական ուղերձը միայն հերթական կետը չէ նոթատետրում, որ եղավ-անցավ: Այն, թե երկրի նախագահի պարտականությունները ստանձնած անձը ինչ խոսքով է դիմում երկրի անկախության օրը, երբեմն ավելի խոսուն վկայություն է իրականացվող քաղաքականության համար, քան հետագայում այդ մասին գրվող բազմաթիվ հատորները: Ի՞նչ խոսք են կիսել իրենց երկրի հանրության հետ անկախության օրը մեզ բաժին հասած երեք նախագահները:
Իրոք, տարբերություններն ակնհայտ են: Եթե առաջին երկու նախագահների պարագայում խոսքը կոնկրետ է իր բովանդակությամբ, բարձրացված հարցերի և հնչեցված մտահոգությունների առումով (թեև էականորեն տարբեր՝ հնչեցված հարցերի կազմի տեսանկյունից), ապա երրորդ նախագահի տեքստերն այս առումով միանգամայն այլ են. դրանք առասպելաբանությանը հղող, հետևաբար և հավերժության ու շարադրության ոգով գրված խոսք են:
Բոլորն էլ, համենայն դեպս, սկսում են նրանից, որ համեմատում են մեր չնչին տևած անկախությունը հազարամյա պատմության հետ, սակայն միաժամանակ արդարացնում տևողության այդ կարճությունն ապրումների՝ բովանդակալից լինելով, որոնք կհերիքեին ոչ մեկ հազարամյակի համար: Այդ խոստումնալից սկիզբն այնուհետև սովորաբար թվարկում է ապրումների առիթները, մեր կրած ու կրելիք զրկանքները և անցնում այդ շրջանում կարևորվող հարցերի բարձրաձայնմանը:
1993 թվականի սեպտեմբերի 21-ին՝ խոսելով բնականաբար Ղարաբաղյան հակամարտության և առկա ծանր իրավիճակի մասին, առաջին նախագահը խոսում է մի բանի մասին, որին նման ուղիղ տեքստով այլևս որևէ անդրադարձ չի արվել հետագա համանման տեքստերում թե առաջին, թե հաջորդ նախագահների կողմից.
«Ոչ ոք չի կարող ժխտել անկախության տարիներին Հայաստանում տիրող համեմատական կայունությունը, իրավիճակի կառավարելիությունը, ժողովրդավարական ազատությունների ու շուկայական հարաբերությունների լուրջ նախադրյալների գոյությունը, որով նա շահեկանորեն տարբերվում է նախկին խորհրդային մի ամբողջ շարք հանրապետություններից։ Ետկոմունիստական Հայաստանում չի արգելվել ոչ մի ցույց կամ միտինգ, չի փակվել ոչ մի թերթ, չի կասեցվել ոչ մի կուսակցության գործունեություն, չի արձանագրվել ոչ մի քաղբանտարկյալ։ Օրենսդիր եւ գործադիր իշխանությունները, երբեմն սրվող հակասություններով հանդերձ, առայժմ խուսափել են միմյանց գործունեությունը վիժեցնելու վտանգից։ Խորհրդարանը դեռեւս չեղյալ չի հայտարարել Հանրապետության Նախագահի որեւէ հրամանագիր, Հանրապետության Նախագահն իր հերթին գործնականում չի օգտագործել վետոյի իր իրավունքը խորհրդարանի ընդունած որեւէ օրինագծի նկատմամբ»[1]։
Արդեն հաջորդ տարվա ուղերձում քաղաքական պայքարը ներսի թշնամիների դեմ սկսված է՝ դեռևս կոմունիստների տեսքով.
«Կարծում եմ, սակայն, որ Եվրոպայում շրջող հայտնի ուրվականով այլեւս հնարավոր չէ գայթակղեցնել հայ ժողովրդին, քանի որ, ի տարբերություն այլ երկրների, այդ ուրվականը Հայաստանում ունի ոչ թե սոցիալական, այլ բացառապես հակազգային բովանդակություն, այսինքն՝ այն ուղղված է նախ եւ առաջ Հայաստանի անկախության դեմ։ Կարծում եմ նաեւ, որ ժամանակն է՝ այդ ուրվականի վտանգից խուսափելու համար համապատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության «Հանրաքվեի մասին» օրենքում՝ բացառելով այդ միջոցով Խորհրդային Միության վերականգնման, հետեւաբար՝ անկախության կորստի հնարավորությունը։ Վստահ եմ, որ ազգային բոլոր առողջ ուժերը՝ վերանալով ներքին տարաձայնություններից ու քաղաքական պայքարի հոգեբանական պայմանականություններից, կպաշտպանեն օրենսդրական իմ այս նախաձեռնությունը՝ հանուն անկախության պահպանման, հանուն Հայոց պետականության ամրապնդման, որից ավելի վեհ խնդիր այսօր գոյություն չունի համայն հայության համար[2]»։
Այս իր խոսքում Տեր-Պետրոսյանը խոսում է նաև միջազգային ֆինանսական աջակցության կարևորության մասին՝ հայտարարելով այդ ոլորտի կառույցների հետ բանակցությունների և վարկային միջոցներ ներգրավելու կարևորության մասին: Ընտրությունն արված է. սեփական ներուժը գնահատված է անբավարար և ընդունված է պարտքեր կուտակելու որոշումը:
Առաջին հոբելյանական տարեդարձի՝ հնգամյա անկախության առթիվ, Տեր-Պետրոսյանի խոսքը շունչ քաշելու հնարավորության ամրագրումն է, որով նա փաստում է, որ գոյության ապահովման հարցերը լուծվել են, հետագան լինելու է ավելի հեշտ.
«Ութ տարի շարունակ, սկսած ազգային-ազատագրական զարթոնքից մինչեւ այսօր, մեր ժողովուրդն, ըստ էության, որեւէ ճակատագրական սխալ թույլ չի տվել»[3]։ Դուք սրբանալու եք․մխիթարում է նա զրկանքներ տեսած հանրությանը. «Անցնելու են տասնամյակներ ու դարեր, եւ դուք արժանանալու եք մեր սերունդների հավիտենական օրհնանքին»։
Մինչև այժմ, սա առաջին խոսքն է, որ հնչում է անկախության տարեդարձի առթիվ իբրև տոնական: Նախորդ տեքստերը շատ ավելի հիշեցնում էին պատեհ առիթով ներկայացված հաշվետվություն-տեղեկանք կամ տեքստեր-մտահոգություններ։ Վերջինս արդեն տեքստ-հույս է և տեքստ-փառաբանում:
Եթե Տեր-Պետրոսյանի՝ անկախության առիթով տեքստերում քաղաքական արժեքների մասին խոսքը ուներ իր կայուն, թեկուզև նվազող դերը, ապա քոչարյանական տեքստերը կառուցվում են առավելապես տնտեսական հարցերի և դրանց շուրջ ստեղծվող իրականության շեշտադրման միջոցով:
«Երկիրը ենթարկվում է բազմաթիվ փորձությունների, բայց հաղթահարում է դրանք` հետեւողականորեն իրականացնելով քաղաքական ու տնտեսական բարեփոխումները: Այսօր ուշադրության կենտրոնում պետք է լինի երկրի տնտեսությունը»[4]։
Քոչարյանի տեքստերում կայուն թեմա է նաև Հայաստանի միջազգային ինտեգրումը տարբեր կառույցներին: Հոբելյանական հաջորդ՝ տասներորդ տարեդարձի առիթով, Քոչարյանը հայտարարում է.
«Տնտեսական դժվարություններն ու աղքատությունը, որոնց դիմագրավում է այսօր Հայաստանը, կարող են խարխլել հավատը անկախության եւ պետականության հանդեպ: Հայաստանը տասնամյակներ շարունակ մաս էր կազմում խորհրդային պլանային տնտեսության, որն այսօր գոյություն չունի: Բնական է, որ նախկինի փլուզման եւ նոր տնտեսություն ստեղծելու անցման շրջանում ժողովրդի բարեկեցությունը պետք է անկում ապրեր: Արտադրության անկում պետք է լիներ, բայց, համոզված եմ, ոչ այն ծավալներով, որ ունեցանք: Սուբյեկտիվիզմ, ոչ կոմպետենտություն, անփորձություն եւ վերջապես տնտեսական ռոմանտիզմ. ահա սրանք են տնտեսության ոչ համարժեք անկման պատճառները: Այս ամենը չէր կարող չազդել մեր բնակչության տրամադրությունների վրա: Ազգի ամուր ոգին պետք է ձեւավորվի ոչ միայն թշնամու դեմ պայքարում, այլեւ ընտանեկան օջախի երջանկությամբ, աճող սերնդի լիարժեք կյանքի ուրախությամբ: Այս գործոնները պակաս կարևոր չեն անկախ պետականության նկատմամբ հավատն ամրապնդելու գործում…Մեր հասարակության մեջ կայունության հիմքը պետք է դառնան տնտեսության մասնավոր հատվածը եւ կայացած միջին դասը: Այսինքն, անհրաժեշտ է միջին եւ փոքր բիզնեսի նպատակամղված զարգացում: Մասնավոր տնտեսական շահերի կուտակումը, դրանց ազդեցությունը քաղաքական ուժերի մեջ կձեւավորի պատասխանատվություն, ինչն իր հերթին կհանգեցնի հասարակական տեւական կայունության: Սա ագրեսիվ հեղափոխականության չեզոքացման ամենաճիշտ ուղին է»[5]:
Չնայած տասներորդ տարեդարձը համընկել էր քրիստոնեության 1700-ամյակի նշանավորման հետ՝ տեքստը հպանցիկ է անդրադառնում այս թեմային, իսկ հիմնական հաղորդագրությունը մնում է վերոնշյալ մեջբերումը, ինչպես նաև հղումը կոռուպցիայի դեմ պայքարին, աշխատատեղերի ստեղծման խնդրին, որոնք, ըստ էության, միջին և փոքր բիզնեսի զարգացման նպատակից ածանցվող թեմաներ են:
Ուշագրավ է հոբելյանական հաջորդ՝ 2006 թ․-ին անկախության 15-րդ տարեդարձի կապակցությամբ զինված ուժերի հատուկ շեշտադրումը Քոչարյանի խոսքում: Ընդ որում, զինված ուժերին հղումը արված է նաև խոսքի ամենասկզբում՝ իբրև խոսքի հասցեատերեր.
«Վեհափառ Տեր, Զինվորներ, սպաներ, գեներալներ, Հարգելի հայրենակիցներ եւ հյուրեր»[6]։
Խոսքն ավարտվում է զինված ուժերի փառաբանությամբ: Այս տեքստում Հայաստանը հռչակվում է արդեն իբրև կայուն զարգացող երկիր, որը գրանցում է տնտեսական աճի բարձր տեմպեր:
Որքան կտրուկ փոխվեց իրավիճակը հռչակվող տնտեսական ցուցանիշների առումով, այդքան կտրուկ էլ փոխվեց անկախության օրը հնչող տեքստերի կառուցվածքը՝ ուղերձների և տրամաբանության տեսանկյունից: Ներկայումս ամենաթարմ ուղերձը, որ հնչել է անկախության 24-ամյակի առթիվ, լի է հետևյալ արտահայտություններով.
«Հայ ժողովրդի հազարամյա ընթացքը մեր օրացույցի ամեն մի էջը լցրել է անթիվ-անհամար հիշողություններով։ Լցրել է ուրախության արցունքներով ու կորուստների ցավով։ Լցրել է պայքարի հաստատակամությամբ ու հերոսական մարտակոչերով։ Լցրել է ծանր գիշերը լուսացնողի հույսի աղոթքներով ու լույսի առաջին շողերը դիմավորողի հավատավոր հաղթանակով։ Լցրել է լուսանցքից լուսանցք…
Մենք ենք մեր ճակատագրի տերը, ու մերն է մեր նախնիների ժառանգությունը։ Մենք ենք մեր զավակների անամպ առավոտների երաշխավորն ու մեր ծնողների խաղաղ մայրամուտի գրավականը։ Մենք` և ոչ այլ ոք…Ձայնում ենք մեր հայերենով, որով աղոթել ենք քաղաքակրթության արշալույսին և որն այսօր հնչում է աշխարհի ամենաբարձր ամբիոններից։ Հնչում է նաև շնորհիվ քսանչորս տարի առաջ մեր ժողովրդի դրսևորած բացարձակ միասնականության…
…մեր «Այո»-ն հրաշք գործեց։ Ծնեց անկոտրում այն զինվորին, ում այսօր սառնասիրտ վարձկանից ու զոմբիացված հրոսակից բաժանում է ընդամենը հարյուր քայլ։ Այն զինվորին, ով գիտի, սակայն, որ իր եղբայրների ու քույրերի, հայրերի ու մայրերի անդորրն ու խաղաղ քունը, գոյությունն իսկ անէությունից բաժանում է հենց այդ հարյուր քայլը։ Այն զինվորին, ով արկածախնդիր հարևանին այդ հարյուր քայլը հաղթահարելու ամեն մի փորձի դիմաց ստիպում է վճարել, շատ թանկ վճարել»[7]։
Առավոտ էր, Արարատյան դաշտի լուսապայծառ մի առավոտ:
Այսպիսով, եթե նախկինում մենք ունեինք իրականության որոշ խնդիրներ չբարձրաձայնող, որոշները՝ յուրովի ցուցադրող, սակայն, այդուհանդերձ, այդ իրականությունից հղվող խոսք, ապա այս տեքստը խոսում է անհասկանալի մի իրականության մասին, որը կարող էր լինել Փայտակարանը, Վասպուրականը, Աղձնիքը կամ բոլորը միասին:
Ու այսպես, մեր աննկատ հոսող կյանքը՝ նույնքան աննկատ անկախության օրը, ցույցերը չարգելելու, օրենսդրի ու գործադիրի միջև խզում չգրանցելու, նախագահի հրամանագիր չմերժելու արձանագրումից հասնում է մինչև լուսանցքները լցնելը: Դժվար թե դա նկատի ուներ առաջին նախագահը քսան տարի առաջ, երբ ասում էր, որ հետագա սերունդները մեզ օրհնանքով են հիշելու:
Հեղինակ՝ Ժաննա Անդրեասյան
[1] https://hy.wikisource.org/wiki/%D4%BD%D5%B8%D5%BD%D6%84%D5%9D_%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB_%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D5%AD%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6_%D5%A5%D6%80%D5%AF%D6%80%D5%B8%D6%80%D5%A4_%D5%BF%D5%A1%D6%80%D5%A5%D5%A4%D5%A1%D6%80%D5%B1%D5%AB_%D5%A1%D5%BC%D5%A9%D5%AB%D5%BE_%D5%AF%D5%A1%D5%A6%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A5%D6%80%D5%BA%D5%BE%D5%A1%D5%AE_%D5%B0%D5%A1%D5%B6%D5%A4%D5%AB%D5%BD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D5%A8%D5%B6%D5%A4%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6_%D5%AA%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF
[2] https://hy.wikisource.org/wiki/%D4%BD%D5%B8%D5%BD%D6%84%D5%9D_%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB_%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D5%AD%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6_%D5%A5%D6%80%D6%80%D5%B8%D6%80%D5%A4_%D5%BF%D5%A1%D6%80%D5%A5%D5%A4%D5%A1%D6%80%D5%B1%D5%AB_%D5%A1%D5%BC%D5%A9%D5%AB%D5%BE_%D5%AF%D5%A1%D5%A6%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A5%D6%80%D5%BA%D5%BE%D5%A1%D5%AE_%D5%B0%D5%A1%D5%B6%D5%A4%D5%AB%D5%BD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D5%A8%D5%B6%D5%A4%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6_%D5%AA%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF
[3] https://hy.wikisource.org/wiki/%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB_%D5%80%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6_%D5%86%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A3%D5%A1%D5%B0%D5%AB_%D5%B7%D5%B6%D5%B8%D6%80%D5%B0%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%B8%D6%82%D5%B2%D5%A5%D6%80%D5%B1%D5%A8_%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D5%AD%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6_%D5%B0%D5%AB%D5%B6%D5%A3%D5%A5%D6%80%D5%B8%D6%80%D5%A4_%D5%BF%D5%A1%D6%80%D5%A5%D5%A4%D5%A1%D6%80%D5%B1%D5%AB_%D5%A1%D5%BC%D5%A9%D5%AB%D5%BE
[4] http://2rd.am/hy/21-09-2000-Kocharyani-shnorhavorakan-khosqy-ankakhutyan-toni-artiv
[5] http://2rd.am/hy/21-09-2001-Kocharyani-shnorhavorakan-khosqy-ankakhutyan-10amyaki-artiv
[6] http://2rd.am/hy/HH-Nakhagah-Robert-Kocharyani-eluyty-ankakhutyan-toni-artiv
[7] http://armtimes.com/hy/article/70558