Արձագանքելով «Իմ կինն իմ ընկերն է» շարադրությունների մրցույթին

Նոյեմբերի 25-ին Մեդիամաքս մեդիա ընկերությունը հայտարարեց «Իմ կինն իմ ընկերն է» շարադրությունների մրցույթ՝ կոչ անելով տղամարդկանց բարձրաձայնել իրենց՝ ընտանիք կազմելու պատմությունը, կնոջ հետ համատեղ անցած ճանապարհը և կյանքի տարբեր իրավիճակներում միմյանց հետ փոխհարաբերությունները: Եվ սա արեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ՝ ընդդեմ գենդերային բռնության 16-օրյա քարոզարշավի շրջանակներում:

Նման մրցույթի հայտարարումը, հայտարարության բովանդակությունը, ինչպես նաև դրանց հետևած ֆեյսբուքյան արձագանքներն ու քննարկումները, առիթ դարձան վերստին մտածելու սեռականության, կին-տղամարդ հարաբերություններում սահմանված դերերի, դրանցում կնոջ տեղի, թույլատրելիի և անթույլատրելիի փոխառնչությունների հարցերը:

Նշված հարցերի դիտարկումն անխուսափելիորեն տեղի կունենա մեդիայի համատեքստում և դրա անկյան տակ՝ գալով դրանց արծարծման և հոդավորման մեդիա քաղաքականությանը և նպատակադրմանը: Մեդիա քաղաքականության շեշտադրումը կարևոր է դառնում հատկապես այն պատճառով, որ գենդերային բռնության մասին խոսելու հարթակը տրամադրված է ոչ թե բռնության ենթականերին՝ կանանց, այլ տղամարդկանց: Կնոջ՝ իբրև բռնության ենթարկված սուբյեկտի ձայնը մեդիայում չի հնչում. այն խեղդված է տղամարդկանց կողմից պատմվող սիրո և ընկերության պատմություններում:

Մրցույթի հայտարարության առանցքային բովանդակությունը բացվում է ներքոնշյալ տեքստի աներկբա պնդման մեջ.

«Ընտանիք կազմելը յուրաքանչյուր հայ տղամարդու համար կյանքի կարևոր, եթե ոչ կարևորագույն հարցն է: Ընտանիք կազմելիս հաճախ ենք ասում, որ փնտրում ենք մի մարդու, որը «կյանքի ընկեր» կդառնա: Բայց երբեմն պատահում է, որ տարիների ընթացքում տղամարդիկ սկսում են մոռանալ այն մասին, որ կինը ոչ միայն իրենց երեխաների մայրն է և օջախի պահապանը, այլև իրենց ընկերը և անհատականություն, որն իրավասու է լիարժեք մասնակցել հասարակական կյանքին»[1]:

Այս հատվածը բացահայտում է դիրքը, որը նախանշել է մրցույթի գաղափարը. ընտանիք կազմելը հռչակված է իբրև հայ տղամարդու կյանքին վերաբերող ամենակարևոր հարց: Տղամարդու կյանքի կարևորագույն նպատակից է, որ բխեցված է կնոջ դերը, կինը ենթակա  է տղամարդու կյանքի նպատակի իրագործմանը: Կնոջ առաքելությունն այս հարաբերություններում նախևառաջ մայրությունն է և օջախի պահպանությունը. այս իմաստով այն զուտ ֆունկցիոնալ է և սիմվոլիկ, որն, ըստ էության, չի նշում կնոջ՝ իբրև սուբյեկտի լինելն առհասարակ և մասնավորապես՝ տղամարդու հետ հարաբերություններում: Մրցույթի հեղինակները, սակայն, շարունակում են՝ կարծես իրենք իրենց և հանրությանը հիշեցնելով, որ սրանք կնոջ միակ գործառութային դերերը չեն. կինը նաև տղամարդու ընկերն է:

Մրցույթը վերնագրում է՝ «Իմ կինն իմ ընկերն է»: Իմ (սեռ. հոլ. ես-ի). իբրև հատկացուցիչ անփոփոխ դրվելով գոյականի առաջ՝ որոշում է նրան և ցույց է տալիս, որ այդ գոյականը պատկանում է խոսողին:

Վերնագիրը հղում է կնոջ՝ տղամարդու սեփականության և պատկանելության  հարթություններին՝ միաժամանակ ձևակերպելով ընկերության գաղափարը կին-տղամարդ ամուսնական հարաբերությունների համատեքստում:

Իհարկե, ամուսնության մեջ ընկերային հարաբերությունների հարցը նոր չէ աշխարհում և տեղական մտքում: Դեռևս 19-րդ դարում Օսմանյան կայսրության գերիշխանության ներքո ստեղծագործող [հայ] կին ֆեմինիստ գրողները անդրադառնում էին ռոմանտիկ սիրո վրա հիմնված ընկերային ամուսնությանը[3]: Սակայն ի՞նչ դիրքից և ինչպե՞ս: Նրանք ձևակերպում էին ընկերության վրա հիմնված ամուսնությունն իբրև ազատագրություն, ազատագրություն կրոնականացված, պայմանագրային, բռնի ամուսնություններից[4]: Դեռևս ընտանիքի ինստիտուտի շրջանակներում, սակայն արդեն կրթված, ուժեղ և իրավահավասար կնոջ կերպարն էր այս շրջանի ֆեմինիստ կին գրողների իդեալը: Այս իմաստով ռոմանտիզացված ընկերային ամուսնությունը ժամանակաշրջանի առաջադեմ կանանց համար ազատագրության հիմնական ուղիներից էր:

Ժամանակակից Հայաստանում, սակայն, մեդիան նախաձեռնում է «Իմ կինն իմ ընկերն է» մրցույթը, որտեղ տղամարդկանց փորձն է, որով նախ կասկածի տակ է առնվում կին-տղամարդ հարաբերություններում ընկերության հնարավորության չարչրկված հարցը, իսկ հետո հաստատվում է դրա հնարավորությունը՝ իբրև ապացույց առաջադրելով ընկերության վրա հիմնված երջանիկ ամուսնության պատումը: Այստեղ տղամարդուն ընկեր լինելը սահմանվում է իբրև հավելյալ արժեք. լավ կինը նա է, ով նաև ընկեր է:

Նշված տեքստի վերջում հեղինակները կարծես իրենք իրենց և այլ տղամարդկանց հիշեցնում են, որ կինը ոչ միայն տղամարդու հետ հարաբերությունների համատեքստում է, որ դիտարկելի է, այլև ինքնին անհատականություն է, ավելին՝ հասարակության լիարժեք անդամ է: Ընդ որում, կնոջ՝ հասարակության լիարժեք, իրավասու անդամ լինելը ձևակերպված է իբրև գնահատական, գնահատական, որ հնչում է իշխանություն բանեցնողի բերանից: Իշխանական այս լեզուն նախ սահմանագծում է կնոջ հնարավորությունները, կարողությունները և առաքելությունը, վճռորոշում է տղամարդու և ընտանիքի հետ փոխառնչություններում նրա տեղը, իսկ այնուհետ իր վրա է վերցնում նաև այդ սահմաններն ու տեղերը ընդլայնելու իշխանությունը: Ամենաթափանց այս իշխանությունը հաշվի չի նստում կնոջ սուբյեկտության հետ, խոսում է կնոջ անունից և կնոջ փոխարեն:

Գործը ծնում է համապատասխան հետևանքներ, որոնց գիտակից լինելը կարևոր է:  Եվ այսպես, շարադրությունները և դրանցում ներամփոփված պատմությունները երևան են հանում հոդվածի համար առիթ դարձած հարցերը: Բացառությամբ մի քանիսի, շարադրություններում որքան տարբեր են «սյուժեները», այնքան էլ նման են այն առանցքային կետերը, որոնց շուրջ կառուցված են սիրո և ընկերության պատումները: Դրանցում տղամարդիկ մշտապես ակտիվ գործորդներ են, որոնց կյանքի տարբեր շրջադարձային փուլերում կանայք անխոնջ և ինքնազոհ ապավեն են: Կանայք տեքստերում հիմնականում ներկայանում են տղամարդու կամ ընտանիքի հետ առնչությունների համատեքստում. «իմ կինը, որ զավակիս մայրն է», «կինս, որ իմ ընկերն է», «ընկերս, որ դարձավ կինս», «կինս, որ հոգեբան ընկերս է» և այլն: Այս հարաբերությունների մեջ է, որ իմաստավորվում է կինը՝ մշտապես տղամարդու և երեխաների կողքին և կենցաղում՝ կատարելով ընտանիքի պահպանման և տղամարդու՝ սուբյեկտ լինելու հնարավորության ստեղծման գործառույթը: Կնոջ ձայնը ոչ միայն ուղղակիորեն չի հնչում մեդիայում, այլև տղամարդկանց շարադրություններում կնոջ լռությունը (կամ լուռ կինը) կյանքի տարբեր դրվագներում գովերգվում և գնահատվում է իբրև նրա կարևորագույն բնութագրիչ: Սիրո և ընկերության պատմություններում կան «պարզապես կանայք» և «ընկեր կանայք»: «Պարզապես կինը» կենցաղում է, զուտ ֆունկցիոնալ է, և ըստ էության, հարաբերություններ չունի տղամարդու հետ, տղամարդու բազմաթիվ կանանցից մեկն է: «Ընկեր կինը» ավելին է. այս համատեքստում ևս «ընկեր կինը»գնահատվում է տղամարդու անկյան տակ. նա անպայմանորեն կապված է տղամարդու/ամուսնու համար նշանակալի գործունեությանը՝ լինելով ապավեն ևստորադասելով սեփական ցանկություններն ու կարիքները: Ընկերության վրա հիմնված սերը և «ընկեր կինը» հանգեցնում են ամուսնական հարաբերություններում սուբյեկտների տարալուծմանը մեկ ընդհանուր «մենք»-ի մեջ: Ուրեմն, ընտանիքում հարաբերությունները երկու սուբյեկտների միջև չեն, միաձուլված և անորոշ «մենքն» է հարաբերությունների առարկան, որն առավելապես ներամփոփում է տղամարդու անհատականության տարրերը: Անգամ իրավահավասարություն ջատագովող տեքստերը մեծամասամբ տղամարդուն են դնում իբրև հավասարության չափանիշ:

Մրցույթին հաջորդած ֆեյսբուքյան հեգնական-ծաղրական արձագանքները մի իմաստով նպաստեցին արդեն իսկ լրջությունը թոթափած մրցույթի դիսկուրսի շարունակականությանը, իսկ սակավ քննադատական կարծիքները, ինչպես և կանայք այս մրցույթի շրջանակներում, մնացին չլսված:

Հարցն այն չէ, որ մրցույթով ոգևորվել են բազմաթիվ տղամարդիկ, նրանց կանայք, գուցե և շարադրությունների հեղինակների հետ առնչություն չունեցող կանայք: Բանն այն է, որ շարադրությունների ձևի մեջ դնելով կին-տղամարդ [ընկերային] ամուսնական հարաբերությունները՝ մեդիան նախորոշում է դրանից բխող բովանդակությունը՝ տղամարդկանց «աշխարհի» հայացքի ներքո սոցիալական և բարոյական կաղապարներ ու պրակտիկաներ վերարտադրող, դրանց շրջանակներում կնոջը դատող ու գնահատող:

Թերևս հաղթական գնահատված շարադրությունը լավագույնս կարտացոլի մրցույթի հեղինակների նպատակադրումն, ու կին-տղամարդ [ընկերային] ամուսնական հարաբերությունների  իդեալը, որ ունի մրցույթը նախաձեռնած մեդիա ընկերությունը:

[1]Իմ կինն իմ ընկերն է: (2016, նոյեմբեր 25): Վերցված՝ http://www.mediamax.am/am/news/husbands_wives/20707/

[2]Մալխասյանց, Ս. (1944)Հայերէն բացատրական բառարան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն, Երևան: Վերցված՝ http://nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=6&dt=HY_HY&query=%D5%AB%D5%B4

[3]Խալափյան, Հ. (2016) Օսմանյան հայերի շրջանում ամուսնության մշակույթն ու օրենքը (1860-1914 թթ.), էջ 76 // Գենդերային խտրականություն. մեդիա, բանակ, կրթություն, ամուսնություն, քաղաքականություն, «ԿՌԿ» ՀԿ, Երևան

[4]Նույն տեղում

Լուսանկարը՝ Tert.am-ից։ Վերցված՝ http://www.tert.am/am/author/15/1908240

Հեղինակ՝ Արփի Մանուսյան

Պիտակներ

Հանգանակություն

Գումարը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարներին` նպատակի դաշտում նշելով «նվիրատվություն»:

Ինեկոբանկ
2052822181271008 (AMD)
2052822181271022 (USD)
2052822181271042 (EUR)
SWIFT code INJSAM22